Երկրորդ Օրենք
17 «Արատ կամ վնասվածք ունեցող ոչ մի ցուլ կամ ոչխար չմատուցեք ձեր Աստված Եհովային, քանի որ դա գարշելի է Եհովայի՝ ձեր Աստծու համար:+
2 Գուցե այնպես պատահի, որ ձեր Աստված Եհովայի տված քաղաքներից մեկում որևէ տղամարդ կամ կին, Եհովայի ուխտը խախտելով, նրա աչքին չար բաներ անի+ 3 և ճանապարհից շեղվելով՝ ուրիշ աստվածների պաշտի, խոնարհվի դրանց առաջ կամ էլ արեգակի, լուսնի ու երկնքի բոլոր աստղերի* առաջ,+ ինչը ես չեմ պատվիրել:+ 4 Երբ ձեզ տեղեկացնեն այդ մասին, կամ ձեր ականջն ընկնի, մանրակրկիտ ստուգեք ամեն բան: Եթե հաստատվի, որ դա ճիշտ է,+ և իսկապես այդպիսի գարշելի բան է կատարվել Իսրայելում, 5 ապա այդ չարիքը գործած տղամարդուն կամ կնոջը բերեք քաղաքի դարպասների մոտ ու քարկոծելով սպանեք:+ 6 Մարդը պետք է մահվան մատնվի միայն երկու կամ երեք վկայի ցուցմունքով.*+ մեկ վկայի ցուցմունքով չպետք է մահվան մատնվի:+ 7 Առաջինը վկանե՛րը պետք է քար գցեն նրան սպանելու համար, իսկ հետո՝ ամբողջ ժողովուրդը: Վերացրեք չարիքը ձեր միջից:+
8 Եթե ձեր քաղաքներից մեկում դժվարանաք դատավճիռ կայացնել որևէ գործի վերաբերյալ՝ լինի դա արյուն թափելու,+ բողոքի, բռնարարքի կամ որևէ վիճելի հարցի հետ կապված, ապա գնացեք այն վայրը, որը ձեր Աստված Եհովան կընտրի:+ 9 Գնացեք ղևտացի քահանաների ու այդ ժամանակվա դատավորի մոտ,+ հարցը ներկայացրեք նրանց, ու նրանք ձեզ կհայտնեն դատավճիռը:+ 10 Այնուհետև վարվեք այդ դատավճռի համաձայն, որը նրանք կայացրել են Եհովայի ընտրած վայրում: Բարեխղճորեն ամեն բան արեք այնպես, ինչպես նրանք կասեն: 11 Դուք պետք է վարվեք համաձայն այն օրենքի, որ նրանք ցույց կտան ձեզ, ու այն դատավճռի, որ կհայտնեն ձեզ:+ Նրանց հայտնած դատավճռից աջ կամ ձախ չշեղվեք:+ 12 Նա, ով հանդգնորեն վարվի ու չլսի ձեր Աստված Եհովայի առաջ ծառայող քահանային կամ դատավորին, պետք է մեռնի:+ Դուք պետք է վերացնեք չարիքը Իսրայելից:+ 13 Դա լսելով՝ ամբողջ ժողովուրդը կվախենա ու այլևս հանդգնորեն չի վարվի:+
14 Երբ մտնեք այն երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես սեփականություն, ու այնտեղ բնակություն հաստատելուց հետո ասեք՝ «Մեր շրջապատի մյուս բոլոր ազգերի պես մենք էլ թագավոր դնենք մեզ վրա»,+ 15 այդ դեպքում թագավոր դրեք այն մարդուն, ում կընտրի ձեր Աստված Եհովան:+ Թագավորը պետք է ձեր եղբայրներից լինի: Չեք կարող նշանակել օտարականի, ով ձեր եղբայրը չէ: 16 Սակայն թագավորը չպետք է շատ ձիեր ձեռք բերի,+ ոչ էլ ժողովրդին ուղարկի Եգիպտոս՝ այնտեղից ձիեր բերելու,+ քանի որ Եհովան ասել է ձեզ. «Այս ճանապարհով այլևս երբեք հետ չգնաք»: 17 Թագավորը նաև չպետք է ամուսնանա շատ կանանց հետ, որ իր սիրտը չշեղվի ճիշտ ուղուց,+ և ոչ էլ պետք է շատ մեծ քանակությամբ արծաթ ու ոսկի կուտակի իր համար:+ 18 Երբ նա գահ բարձրանա, թող իր համար արտագրի այս Օրենքը ղևտացի քահանաների մոտ պահվող գրքից:*+
19 Օրենքի այդ պատճենը պետք է նրա մոտ մնա, և նա պետք է կարդա այն իր կյանքի բոլոր օրերում,+ որ սովորի վախենալ իր Աստված Եհովայից և կատարի այս Օրենքի բոլոր խոսքերն ու կանոնները:+ 20 Այդ դեպքում նա իր եղբայրներից բարձր չի դասի իրեն, այս պատվիրաններից աջ կամ ձախ չի շեղվի և երկար կիշխի Իսրայելի վրա՝ թե՛ նա, թե՛ իր որդիները»: