Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 10/15 էջ 7–11
  • «Խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ»
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Արեք այն, ինչը բարի է»
  • «Այրվող ածուխներով» հալեցրու թշնամանքը
  • Խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ
  • Վրեժխնդրությունը Եհովայինն է
  • Բարիով հաղթիր չարին
  • Հույսով ուրախացեք
  • «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք»
    2007 Դիտարան
  • ‘Խաղաղություն որոնեցեք և նրան հետևեք’
    2001 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 45. Հռոմեացիներ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ինչպես բարին կհաղթի չարին
    2006 Դիտարան
Ավելին
2009 Դիտարան
w09 10/15 էջ 7–11

«Խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ»

«Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (ՀՌՈՄ. 12։18)։

1, 2. ա) Ի՞նչ նախազգուշացում տվեց Հիսուսն իր հետևորդներին։ բ) Որտե՞ղ կարող ենք խորհուրդներ գտնել այն մասին, թե ինչպես արձագանքել հակառակությանը։

ՀԻՍՈՒՍՆ իր հետևորդներին նախազգուշացրել էր, որ նրանք հակառակության են բախվելու աշխարհի կողմից, և իր մահվանը նախորդող գիշերը բացատրեց, թե ինչու։ Նա առաքյալներին ասաց. «Եթե դուք աշխարհի մի մասը լինեիք, աշխարհը կսիրեր իրենը։ Բայց քանի որ դուք աշխարհի մի մասը չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար էլ աշխարհը ատում է ձեզ» (Հովհ. 15։19)։

2 Պողոս առաքյալը անձամբ համոզվեց Հիսուսի խոսքերի ճշմարտացիության մեջ։ Երիտասարդ Տիմոթեոսին գրած իր երկրորդ նամակում Պողոսը նշեց. «Դու ճշգրտորեն հետևել ես իմ տված ուսուցմանը, իմ ապրելակերպին, իմ նպատակին, իմ հավատին, իմ երկայնամտությանը, իմ ունեցած սիրուն, իմ տոկունությանը, իմ հալածանքներին, իմ չարչարանքներին»։ Այնուհետև ավելացրեց. «Իրականում, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Աստծու հանդեպ նվիրվածությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, նույնպես պիտի հալածվեն» (2 Տիմոթ. 3։10–12)։ «Հռոմեացիներ» նամակի 12–րդ գլխում Պողոսը իմաստուն խորհուրդներ է տալիս, թե ինչպես արձագանքել հակառակությանը։ Նրա խոսքերն անչափ կարևոր են հատկապես մեզ համար։

«Արեք այն, ինչը բարի է»

3, 4. Հռոմեացիներ 12–րդ գլխում տրված խորհուրդը ինչպե՞ս կարելի է կիրառել՝ ա) ընտանիքում, բ) մերձավորների նկատմամբ։

3 Կարդա՛ Հռոմեացիներ 12։17։ Պողոսը բացատրեց, որ թշնամանքի բախվելիս մենք չպետք է նույն ձևով պատասխանենք։ Այս խորհուրդը հատկապես կիրառելի է կրոնապես բաժանված ընտանիքներում։ Քրիստոնյա կողակիցը անբարյացակամ խոսքին և արարքին նույն ձևով չի պատասխանի, չնայած որ գուցե դժվար լինի։ Չարին չարով հատուցելը ոչ մի օգուտ չի բերում։ Ընդհակառակը՝ այդպիսի վերաբերմունքը կարող է միայն լարել իրավիճակը։

4 Պողոսը մեկ այլ լուծում է առաջարկում. «Արեք այն, ինչը բարի է բոլոր մարդկանց առաջ»։ Ենթադրենք՝ ամուսինը անհարգալից կերպով է խոսում իր քրիստոնյա կնոջ կրոնական համոզմունքների մասին։ Եթե կինը, այնուամենայնիվ, շարունակի բարյացակամորեն վերաբերվել իր ամուսնուն, կկանխի հավանական բախումը (Առակ. 31։12)։ Կառլոսը, որն այժմ Բեթելի ընտանիքի անդամ է, պատմում է, թե ինչպես էր իր մայրը հաղթահարում ամուսնու ուժեղ հակառակությունը՝ շարունակաբար բարություն ցույց տալով և հոգ տանելով իրենց ընտանիքի մասին։ «Նա մեզ հորդորում էր միշտ հարգանքով վերաբերվել հայրիկին։ Հաճախ համոզում էր, որ հորս հետ բոուլինգ խաղամ, չնայած որ այդ խաղը չէի սիրում։ Այս ամենի շնորհիվ հայրս փոխեց իր վերաբերմունքը»,— ասում է Կառլոսը։ Նա սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը և մկրտվեց։ Եհովայի վկաները ցանկանում են «բարին անել բոլոր մարդկանց առաջ»։ Այդ պատճառով նրանք օգնում են մերձավորներին հաղթահարելու իրենց մասին ունեցած կանխակալ կարծիքները, օրինակ՝ օգնություն ցույց տալով աղետների ժամանակ։

«Այրվող ածուխներով» հալեցրու թշնամանքը

5, 6. ա) «Այրվող ածուխներն» ի՞նչ իմաստով են կուտակում թշնամու գլխին։ բ) Պատմիր մի դեպք, որը ցույց է տալիս, թե ինչ դրական արդյունքներ է բերել Հռոմեացիներ 12։20–ի խորհրդին հետևելը։

5 Կարդա՛ Հռոմեացիներ 12։20։ Ամենայն հավանականությամբ Պողոսն այս խոսքերը մեջբերեց Առակաց 25։21, 22 համարներից, որտեղ գրված է. «Եթէ թշնամիդ սոված է՝ հաց տուր նորան, եւ եթէ ծարաւ է՝ ջուր խմեցրու նորան. որովհետեւ այսպէս անելով նորա գլխի վերայ կրակի կայծեր կ’դիզես. եւ Տէրը քեզ կ’հատուցանէ»։ Առաքյալը չէր ուզում ասել, որ այլաբանական ածուխները հակառակորդին պատժելու կամ անարգելու համար են։ «Առակաց» և «Հռոմեացիներ» գրքերում նշված այս խոսքերը, ըստ ամենայնի, վերաբերում են հանքանյութը հալելու այն մեթոդին, որ ընդունված էր հնում։ 19–րդ դարի անգլիացի գիտնական Չարլզ Բրիջիսը գրել է. «Դժվար մշակվող մետաղը ոչ միայն պարզապես պետք է դնել կրակին, այլև հարկավոր է ածուխներ կուտակել նրա վրա։ Ինչքա՜ն կարծր պետք է լինի մարդու սիրտը, որ չհալվի համբերատար, անձնազոհ և այրող սիրուց։ Նման սրտեր շատ քիչ կան»։

6 «Այրվող ածուխների» նման՝ բարի գործերը կարող են ջերմացնել հակառակորդների սրտերը և հալեցնել թշնամանքը։ Այդպիսի գործերը մղում են նրանց ճիշտ տեսակետ ունենալու Աստծու ժողովրդի և բարի լուրի հանդեպ։ Պետրոս առաքյալը գրեց. «Լավ վարք ունեցեք ազգերի մեջ, որ ինչ բանում որ ձեր դեմ խոսում են որպես չարագործների, ականատես լինելով ձեր բարի գործերին՝ փառավորեն Աստծուն այն օրը, երբ նա ստուգելու գա» (1 Պետ. 2։12)։

Խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ

7. Ինչպիսի՞ խաղաղություն թողեց Հիսուսն իր աշակերտներին, և ինչի՞ է այն նրանց մղում։

7 Կարդա՛ Հռոմեացիներ 12։18։ Առաքյալների հետ անցկացրած իր վերջին գիշերը Հիսուսն ասաց. «Ես խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ ձեզ տալիս» (Հովհ. 14։27)։ Խոսքը ներքին հանդարտության մասին է, որն առաջանում է մարդու մեջ այն բանի գիտակցումից, որ Եհովա Աստված և նրա սիրելի Որդին սիրում ու հավանում են նրան։ Այս ներքին հանդարտությունը մղում է մեզ խաղաղ փոխհարաբերություններ ունենալու ուրիշների հետ։ Իսկական քրիստոնյաները խաղաղասեր և խաղաղարար են (Մատթ. 5։9)։

8. Ինչպե՞ս կարող ենք խաղաղարար լինել տանը և ժողովում։

8 Իսկ ինչպե՞ս կարող ենք նպաստել ընտանիքի խաղաղությանը։ Օրինակ՝ տարաձայնությունները հնարավորինս արագ հարթելով (Առակ. 15։18; Եփես. 4։26)։ Նույն ձևով պետք է վարվենք և ժողովում։ Պետրոս առաքյալը խաղաղություն պահպանելը կապեց լեզուն զսպելու հետ (1 Պետ. 3։10, 11)։ Հակոբոսը նույնպես հստակ խորհուրդներ տվեց լեզուն զսպելու, ինչպես նաև նախանձից ու կռվասիրությունից խուսափելու մասին։ Ապա գրեց. «Վերին իմաստությունը նախևառաջ մաքուր է, ապա՝ խաղաղարար, խոհեմ, հնազանդվելու պատրաստ, ողորմությամբ և բարի պտուղներով լի, կողմնապահություն չանող, առանց կեղծավորության։ Եվ արդարության պտղի սերմը խաղաղ պայմաններում է ցանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակ. 3։17, 18)։

9. Ի՞նչ պիտի հիշենք, երբ ձգտում ենք «խաղաղություն ունենալ բոլոր մարդկանց հետ»։

9 Հռոմեացիներ 12։18 համարից հասկանում ենք, որ միայն ընտանիքում և ժողովում չէ, որ պետք է խաղաղարար լինենք։ Պողոսն ասում է. «Խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (Հռոմ. 12։18)։ «Բոլոր մարդկանց» թվում են հարևանները, աշխատակիցները, համադասարանցիները և ծառայության ժամանակ հանդիպող մարդիկ։ Սակայն առաքյալը նաև ասաց. «Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված»։ Դա նշանակում է ողջամտության սահմաններում անել հնարավոր ամեն բան՝ «խաղաղություն ունենալու բոլորի հետ»։ Իհարկե, դա չի նշանակում զիջումների գնալ Աստծու արդար սկզբունքների հարցում։

Վրեժխնդրությունը Եհովայինն է

10, 11. Ինչո՞ւ մենք չպետք է վրեժխնդիր լինենք։

10 Կարդա՛ Հռոմեացիներ 12։19։ Մենք պետք է «մեզ զուսպ պահենք» ու «մեղմություն» դրսևորենք այն մարդկանց հանդեպ, ովքեր «անբարյացակամորեն են տրամադրված» մեր գործի և հայտնած լուրի նկատմամբ կամ նույնիսկ բացահայտորեն հակառակվում են (2 Տիմոթ. 2։23–25)։ Պողոսը պատվիրեց քրիստոնյաներին վրեժխնդիր չլինել, այլ «տեղ թողնել [Աստծու] ցասմանը»։ Ինչո՞ւ։ Որովհետև միայն Աստված իրավունք ունի վրեժխնդիր լինելու։ Սաղմոսերգուն խորհուրդ տվեց. «Դադարիր բարկութիւնից, եւ թող տուր սրտմտութիւնը. մի բարկանար՝ որ չար գործես» (Սաղ. 37։8)։ Իսկ Սողոմոնը գրեց. «Մի ասիր. Չարութեան փոխարէնը հատուցանեմ. Տիրոջը յուսացիր, եւ նա քեզ կ’ազատէ» (Առակ. 20։22)։

11 Երբ հակառակորդները վնասում են մեզ, իմաստուն կլինի ապավինել Եհովային։ Նա ինքը կորոշի՝ պատժե՞լ նրանց, թե ոչ, և եթե այո, ապա երբ։ Պողոսը ավելացնում է. «Գրված է. «Վրեժխնդրությունը ի՛մն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան»» (համեմատի՛ր Բ Օրինաց 32։35)։ Եթե վրեժ լուծենք, ապա ինքնավստահություն դրսևորած կլինենք՝ մեզ վերապահելով այն իրավունքը, որն ունի միմիայն Եհովան։ Ավելին՝ դրանով մենք ցույց կտանք, որ չենք վստահում Աստծու հետևյալ խոստմանը. «Ե՛ս կհատուցեմ»։

12. Ե՞րբ և ինչպե՞ս կհայտնվի Եհովայի ցասումը։

12 Հռոմեացիներ 1։18–ում Պողոսը գրեց. «Աստծու ցասումը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության և անարդարության դեմ, նրանց, ովքեր անարդար կերպով ճնշում են ճշմարտությունը»։ Դա կլինի «մեծ նեղության» ժամանակ (Հայտն. 7։14)։ Պողոսն ասում է, որ դա «Աստծու արդար դատաստանի ապացույցն է» լինելու։ Ապա ավելացնում է. «Աստծու կողմից արդարություն է, որ ձեզ նեղություն պատճառողներին նեղությամբ հատուցի, իսկ ձեզ, որ նեղություններ եք կրում, թեթևացում տա մեզ հետ միասին Տեր Հիսուսի հայտնության ժամանակ, երբ նա հայտնվի երկնքից իր զորավոր հրեշտակների հետ բոցավառ կրակով՝ վրեժ առնելու նրանցից, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին» (2 Թեսաղ. 1։5–8)։

Բարիով հաղթիր չարին

13, 14. ա) Ինչո՞ւ չենք զարմանում, երբ հակառակության ենք բախվում։ բ) Ինչպե՞ս կարող ենք օրհնել մեզ հալածողներին։

13 Կարդա՛ Հռոմեացիներ 12։14, 21։ Մենք ամբողջովին վստահ ենք, որ Եհովան կիրականացնի իր նպատակները։ Ուստի կարող ենք անվախորեն կատարել նրա առաջադրանքը՝ քարոզել «թագավորության բարի լուրը» (Մատթ. 24։14)։ Սակայն գիտենք, որ այս գործունեությունը կզայրացնի թշնամիներին։ Չէ՞ որ Հիսուսը զգուշացրել էր. «Իմ անվան պատճառով բոլոր ազգերից ատված կլինեք» (Մատթ. 24։9)։ Հետևապես հակառակության հանդիպելիս մենք չենք զարմանում և չենք հուսալքվում։ Պետրոս առաքյալը գրեց. «Սիրելինե՛ր, ձեր մեջ այրվող կրակից տարակուսանքի մեջ մի՛ ընկեք, որը փորձության համար է լինում ձեզ, ասես թե մի տարօրինակ բան է ձեզ պատահում։ Ընդհակառակը՝ ուրախացեք, քանի որ մասնակից եք Քրիստոսի չարչարանքներին» (1 Պետ. 4։12, 13)։

14 Ոմանք հալածում են մեզ, քանի որ սխալ տեղեկություն ունեն մեր մասին։ Ուստի թշնամանքով լցվելու փոխարեն՝ մենք ձգտում ենք օգնել նրանց փոխելու իրենց կարծիքը (2 Կորնթ. 4։4)։ Մենք ջանում ենք հետևել Պողոսի խորհրդին. «Շարունակե՛ք օրհնել հալածողներին. օրհնե՛ք և մի՛ անիծեք» (Հռոմ. 12։14)։ Հակառակորդներին օրհնելու ձևերից մեկը նրանց համար աղոթելն է։ Հիսուսը Լեռան քարոզում ասաց. «Շարունակե՛ք սիրել ձեր թշնամիներին, բարիք անել ձեզ ատողներին, օրհնել ձեզ անիծողներին և աղոթել ձեզ վիրավորողների համար» (Ղուկ. 6։27, 28)։ Պողոսն իր անձնական փորձից գիտեր, որ հալածողը կարող է դառնալ Քրիստոսի հավատարիմ հետևորդ և Եհովայի եռանդուն ծառա (Գաղ. 1։13–16, 23)։ Մեկ այլ նամակում առաքյալը նշեց. «Երբ մեզ չարախոսում են, օրհնում ենք, երբ հալածում են, դիմանում ենք, երբ վարկաբեկում են, աղերսում ենք» (1 Կորնթ. 4։12, 1)։

15. Ո՞րն է չարին հաղթելու լավագույն միջոցը։

15 Ճշմարիտ քրիստոնյան հետևում է Հռոմեացիներ 12–րդ գլխի վերջին համարում նշված խորհրդին. «Թույլ մի՛ տուր, որ հաղթվես չարից, այլ շարունակիր բարիով հաղթել չարին»։ Չարության աղբյուրը Բանսարկու Սատանան է (Հովհ. 8։44; 1 Հովհ. 5։19)։ Հովհաննես առաքյալին տրված հայտնության մեջ Հիսուսը ցույց տվեց, որ իր օծյալ եղբայրները «հաղթեցին [Սատանային] Գառան արյունով և իրենց վկայության խոսքով» (Հայտն. 12։11)։ Այստեղից երևում է, որ Սատանային հաղթելու լավագույն միջոցը վկայության գործին մասնակցելն է։ Թագավորության բարի լուրի քարոզչությամբ զբաղված լինելով՝ կդիմակայենք Սատանայի աշխարհի չար ազդեցությանը։

Հույսով ուրախացեք

16, 17. Ի՞նչ ենք մենք սովորում Հռոմեացիներ 12–րդ գլխից այն մասին, թե՝ ա) ի՞նչ պետք է անեն Աստծու նվիրված ծառաները, բ) ինչպե՞ս պետք է վարվենք ժողովում, գ) ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեզ հակառակվողներին։

16 Հռոմեացիներ 12–րդ գլխի համառոտ քննարկումից շատ բաներ սովորեցինք։ Իմացանք, որ լինելով Եհովայի նվիրված ծառաները՝ պետք է պատրաստ լինենք զոհողություններ անելու։ Այդ հարցում մեզ մեծապես օգնում է Աստծու սուրբ ոգին։ Մենք համոզվել ենք, որ հոգևոր գործերով ամբողջությամբ զբաղված լինելը Եհովայի կամքն է։ Հորդոր ստացանք ոգով բոցավառվելու և մեր զանազան պարգևները եռանդորեն օգտագործելու վերաբերյալ։ Տեսանք նաև, որ պետք է ծառայենք խոնարհությամբ ու համեստությամբ և ջանանք պահպանել մեր քրիստոնեական միասնությունը։ Պետք է հյուրասեր լինենք և ձգտենք զգալ այն, ինչ ուրիշներն են զգում։

17 Բացի դրանից, Հռոմեացիներ 12–րդ գլխում բազմաթիվ խորհուրդներ են տրվում այն մասին, թե ինչպես արձագանքել հակառակությանը։ Օրինակ՝ պետք չէ չարին չարով պատասխանել։ Հակառակությունը պիտի հաղթահարենք՝ բարի գործեր կատարելով։ Որքան հնարավոր է ձգտենք խաղաղություն ունենալ բոլոր մարդկանց հետ, իհարկե, առանց Աստծու սկզբունքները խախտելու։ Այդ խորհուրդները կարող ենք կիրառել մեր ընտանիքում, ժողովում, դպրոցում, ծառայության ժամանակ և հարևանների հետ առնչվելիս։ Նաև ծանր հալածանքների բախվելիս պետք է ջանանք անել ամեն բան, որպեսզի բարիով հաղթենք չարին՝ հիշելով, որ վրեժխնդրությունը Եհովայինն է։

18. Ի՞նչ հորդորներ են տրվում Հռոմեացիներ 12։12 համարում։

18 Կարդա՛ Հռոմեացիներ 12։12։ Բացի այս իմաստուն, գործնական խորհուրդներից՝ Պողոսը տալիս է ևս երեք հորդոր։ Քանի որ այս ամենը չենք կարող անել առանց Եհովայի օգնության, պետք է «հարատևենք» աղոթքներում։ Դա կօգնի մեզ հետևելու նրա մյուս խորհրդին՝ «նեղությունների մեջ տոկացեք»։ Եվ վերջապես, մենք պետք է մտքում վառ պահենք Եհովայի ապագա օրհնությունները, և ուրախանանք հավիտենական կյանքի հույսով՝ լինի երկնային, թե երկրային։

Փորձենք վերհիշել

• Ինչպե՞ս պետք է արձագանքենք հակառակությանը։

• Որտե՞ղ պետք է ձգտենք խաղաղարար լինել և ինչպե՞ս։

• Ինչո՞ւ չպետք է վրեժխնդիր լինել։

[նկար 8–րդ էջի վրա]

Մեր բարի գործերը տեսնելով՝ մարդիկ գուցե ձերբազատվեն կանխակալ կարծիքից

[նկար 9–րդ էջի վրա]

Ձգտո՞ւմ ես խաղաղարար լինել ժողովում

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը