Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ
1 «Երանի այն ժողովրդին, որ նորա Աստուածը Եհովան է» (Սաղ. 144։15)։ Այս խոսքերով նկարագրվում են Եհովայի վկաները՝ որպես աշխարհի ամենաերջանիկ մարդիկ։ Միակ կենդանի և ճշմարիտ Աստծուն՝ Եհովային ծառայելուց ավելի մեծ ուրախություն չկա։ Քանի որ նա «երանելի Աստված» է, նրա երկրպագուներն արտացոլում են իր ուրախությունը (Ա Տիմոթ. 1։11)։ Երկրպագության ո՞ր գործոններն են նպաստում մեր ուրախությանը։
2 Երջանիկ լինելու պատճառները։ Հիսուսը վստահեցրեց, որ երջանկությունը կախված է ‘մեր հոգևոր կարիքները գիտակցելուց’ (Մատթ. 5։3, ՆԱ)։ Այդ կարիքները բավարարվում են Աստվածաշունչը շարունակաբար ուսումնասիրելու և քրիստոնեական բոլոր հանդիպումներին հաճախելու շնորհիվ։ Աստվածաշնչյան ճշմարտությունն ազատել է մեզ կրոնական կեղծիքից ու մոլորություններից (Յովհ. 8։32)։ Սուրբ գրությունները նաև սովորեցրել են մեզ ապրել ամենաճիշտ կյանքով (Ես. 48։17)։ Այդ պատճառով էլ վայելում ենք մեր երջանիկ եղբայրության մեջ տիրող առողջ ընկերակցությունը (Ա Թեսաղ. 2։19, 20; Ա Պետ. 2։17)։
3 Մեզ մեծ բավականություն է պատճառում նաև Աստծո սահմանած բարոյական բարձր չափանիշներին հնազանդվելը, քանզի հասկանում ենք, որ այն պաշտպանում է մեզ և ուրախացնում Եհովային (Առակ. 27։11)։ Մի լրագրի թղթակից հետևյալը նշեց. «Չնայած իրենց խիստ չափանիշներին՝ Եհովայի վկաները տխուր չեն երևում, այլ ընդհակառակը, թե՛ երիտասարդները և թե՛ տարեցները սովորականից ավելի ուրախ են ու հավասարակշռված»։ Ինչպե՞ս կարող ենք ուրիշներին մասնակից դարձնել մեր ուրախությանը։
4 Օգնենք ուրիշներին երջանկություն գտնել։ Աշխարհը լեցուն է ապերջանկությամբ, և մարդիկ, ընդհանուր առմամբ, ապագային մռայլ աչքերով են նայում։ Սակայն մենք, ի տարբերություն նրանց, պայծառ հեռանկար ունենք, քանի որ գիտենք. մի գեղեցիկ օր այս բոլոր տխրություններն անցյալի գիրկն են անցնելու (Յայտն. 21։3, 4)։ Հենց այդ պատճառով էլ նախանձախնդրաբար ծառայում ենք ու փնտրում անկեղծ սիրտ ունեցողներին, որպեսզի նրանց հետ խոսենք Եհովայի մասին ունեցած մեր հավատի և հույսի մասին (Եզեկ. 9։4)։
5 Մի ռահվիրա քույր ասաց. «Մարդկանց Եհովային և իր ճշմարտությանը ծանոթացնելուց ավելի շատ բավականություն պատճառող գործ գոյություն չունի»։ Ուրեմն եկեք մեր լավագույնն անենք ու խրախուսենք շատ–շատերին ընդունելու մեր՝ Աստվածաշունչն ուսումնասիրելու առաջարկը։ Այո՛, մեծ երջանկություն է՝ Եհովային ծառայել ու մեր անձերը հոժարակամ տրամադրել՝ օգնելու ուրիշներին, որպեսզի Աստծուն ծառայեն (Գործք 20։35)։