Ընդօրինակիր Քրիստոսին քո ծառայության մեջ
1 Հիսուս Քրիստոսը օրինակ է թողել մեզ համար, որին պետք է հետևենք մեր ծառայության մեջ։ Նա մեծ սեր էր դրսևորում Աստծու և մարդկանց հանդեպ բազմաթիվ առիթներով և շատ ու շատ կերպերով։ Նա հեզ անհատներին սովորեցնում էր ճշմարտությունը, ինչպես նաև սիրառատ բարություն էր դրսևորում վհատված ու ճնշված մարդկանց հանդեպ (Մատթ. 9:35)։
2 Հիսուսի օրինակը և ուսուցումները։ Հիսուսը չէր միջամտում քաղաքական գործերին և չէր զբաղվում զուտ հումանիտար օգնություն ցույց տալու գործով՝ հասարակությանը օգուտներ բերելու նպատակով։ Նա նաև թույլ չէր տալիս, որ բարի մղումներով արվող գործերը շեղեին իր ուշադրությունը կամ ետին պլան մղեին իր գլխավոր գործը (Ղուկ. 8:1)։ Հիսուսն իր ուշադրությունը կենտրոնացնում էր Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելու վրա. Թագավորություն, որի միջոցով մեկընդմիշտ վերջ կդրվի մարդկության բոլոր խնդիրներին։ Հիսուսը շատ կարևոր գործ ուներ անելու, և այն կատարելու համար նա սահմանափակ ժամանակ ուներ։ Երբ Կափառնայումի բնակիչները խնդրեցին նրան մնալ իրենց մոտ, նա իր աշակերտներին ասաց. «Գնանք այն գիւղաքաղաքներն էլ, որ այնտեղ քարոզեմ. որովհետեւ սորա համար եմ եկած» (Մարկ. 1:38)։
3 Իր աշակերտներին նախապատրաստելուց հետո Հիսուսը նրանց ուղարկեց քարոզելու՝ տալով հետևյալ հրահանգները. «Քարոզեցէք եւ ասեցէք, թէ երկնքի արքայութիւնը մօտեցել է» (Մատթ. 10:7)։ Նա իր աշակերտներին սովորեցրեց, որ Թագավորությունը նրանց կյանքում պետք է առաջնային տեղում լինի (Մատթ. 6:33)։ Երկինք համբարձվելուց առաջ աշակերտներին ասված վերջին խոսքերից հստակ երևում է, թե ինչ էր ակնկալվում նրանցից։ Նա ասաց. «Գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք» (Մատթ. 28:19)։
4 Թագավորության կարևորությունը։ Հիսուսը հիմնականում խոսում էր Աստծու Թագավորության մասին, և նա հորդորեց իր աշակերտներին հետևել իր օրինակին։ Մարդկանց ջանքերով հնարավոր չէ լուծել մարդկության խնդիրները (Երեմ. 10:23)։ Միայն Աստծու Թագավորությունը կսրբացնի Եհովայի անունը և հարատև մխիթարություն կբերի մարդկանց (Մատթ. 6:9, 10)։ Երբ մենք Թագավորության ճշմարտությունները սովորեցնում ենք այն մարդկանց, ովքեր «հառաչում եւ ողբում են .... բոլոր պղծութիւնների» պատճառով, ապա նրանք արդեն հիմա ապրում են երջանիկ և գոհունակ կյանքով, ինչպես նաև ապագայի հաստատուն հույս են ձեռք բերում (Եզեկ. 9:4)։
5 Հիսուս Քրիստոսը այսօր էլ շարունակում է ակտիվորեն մասնակցել Աստծու Թագավորության բարի լուրի քարոզչության գործին և հավաստիացնում է, որ կաջակցի մեզ (Մատթ. 28:20)։ Իսկ ի՞նչ չափով ենք մենք ընդօրինակում Հիսուսին մեր ծառայության մեջ (Ա Պետ. 2:21)։ Եկեք այս նշանակալից վերջին օրերում մեր ձեռքից եկած ամեն բան անենք, որ սերտորեն հետևենք Հիսուսի թողած օրինակին։