Աստվածաշնչի տեսակետը
Արդյո՞ք մտահոգվելը թույլ հավատի նշան է
«ՄՏԱՀՈԳՎԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ»։ Այսպես վերնագրեց իր խոսքերը 20–րդ դարի սկզբում ապրած մի հոգևոր գործիչ՝ գրելով այն մասին, որ նյութականի համար մտահոգվելը ոչ միայն սխալ է, այլև «լուրջ մեղք»։ Իսկ ավելի մոտ անցյալում մի մեկնաբան, գրելով հոգսերն ու մտահոգությունները հաղթահարելու մասին, նշեց. «Մտահոգվածությունը այն բանի արտահայտումն է, որ մենք չենք ապավինում Աստծուն»։
Երկու դեպքում էլ հեղինակներն իրենց եզրակացությունը հիմնավորում են Լեռան քարոզում Հիսուսի ասած հետևյալ խոսքերով. «Հոգս մի՛ անէք» (Մատթէոս 6։25)։ Քանի որ այսօր շատ մարդիկ են ծանրաբեռնված հոգսերով, մեր մեջ կարող է հարց առաջանալ. «Քրիստոնյան պե՞տք է իրեն մեղավոր զգա, եթե մտահոգվում է ինչ–որ բանի համար։ Արդյո՞ք մտահոգություն ունենալը թույլ հավատի նշան է»։
Աստված հասկանում է, որ անկատար ենք
Աստվածաշունչը չի ուսուցանում, թե բոլոր դեպքերում թույլ հավատն է մտահոգությունների մեջ գցում մարդուն։ Քանի որ մենք ապրում ենք ‘չար ժամանակներում’, գրեթե անհնար է ընդհանրապես խուսափել մտահոգություններից (Բ Տիմոթէոս 3։1)։ Հավատարիմ քրիստոնյաները ամեն օր տարբեր հոգսեր են հաղթահարում, որ առաջ են գալիս վատ առողջության, ծերության, տնտեսական դժվարությունների, ընտանեկան վեճերի, հանցագործության և ուրիշ խնդիրների պատճառով։ Հին ժամանակներում նույնպես Աստծո ծառաները ունեցել են մտավախություններ ու հոգսեր։
Որպես օրինակ՝ քննարկենք Ղովտի մասին պատմող աստվածաշնչյան արձանագրությունը։ Աստված խորհուրդ տվեց նրան փախչել սարերը՝ Սոդոմ և Գոմոր քաղաքների հետ բնաջինջ չլինելու համար։ Սակայն Ղովտը սկսեց մտահոգվել։ Նա առարկեց. «Ոչ՝ Տէր, աղաչում եմ»։ Տարակուսանքի մեջ՝ Ղովտն ասաց. «Ես չեմ կարող սարը փախչիլ, որպէս զի չարիք չ’հասնէ ինձ եւ ես մեռնիմ»։ Ինչո՞ւ էր նրան այդքան անհանգստացնում սարերը փախչելու միտքը։ Աստվածաշունչը չի հայտնում։ Սակայն ինչ էլ որ լիներ պատճառը, Ղովտը շատ վախեցած էր։ Ինչպե՞ս արձագանքեց Աստված։ Արդյո՞ք Ղովտը պատժվեց թույլ հավատ ունենալու կամ Աստծուն չապավինելու համար։ Ոչ։ Եհովան հաշվի առավ նրա խնդրանքը՝ թույլատրելով Ղովտին փախչել մոտակայքում գտնվող քաղաքներից մեկը (Ծննդոց 19։18–22)։
Գրությունները պատմում են Աստծուն հավատարմորեն երկրպագող ուրիշ մարդկանց մասին ևս, ովքեր երբեմն խիստ մտահոգված են եղել։ Եղիա մարգարեն, օրինակ, վախեցած դիմեց փախուստի, երբ իմացավ, որ իրեն մահապատժի ենթարկվելու վտանգ է սպառնում (Գ Թագաւորաց 19։1–4)։ Մովսեսը, Աննան, Դավիթը, Ամբակումը, Պողոսը և ամուր հավատ ցուցաբերած ուրիշ տղամարդիկ ու կանայք նույնպես ունեցել են մտահոգություններ (Ելից 4։10; Ա Թագաւորաց 1։6; Սաղմոս 55։5; Ամբակում 1։2, 3; Բ Կորնթացիս 11։28)։ Բայց Աստված կարեկցանքով է վերաբերվել նրանց՝ թույլ տալով, որ շարունակեն ծառայել իրեն։ Այդպես նա ցույց է տվել, որ իսկապես հասկանում է անկատար մարդկանց։
«Մեզ դիւրաւ պաշարող մեղքը»
Այնուամենայնիվ, անընդհատ մտահոգվելով՝ կարող ենք թուլանալ և կորցնել մեր վստահությունը Աստծո հանդեպ։ Հավատի պակասը Պողոս առաքյալն անվանեց «մեզ դիւրաւ պաշարող» մեղք (Եբրայեցիս 12։1)։ Իրեն չբացառելով՝ Պողոսը ամենայն հավանականությամբ ցույց տվեց, որ երբեմն ինքն էլ է հակված հեշտությամբ ‘պաշարվելու այդ մեղքով’, և որ իր հավատն էլ կարող է մի պահ թուլանալ։
Հավանաբար, հենց նման բան տեղի ունեցավ Զաքարիայի հետ, երբ վերջինս չհավատաց հրեշտակի հայտնած այն լուրին, որ իր կինը հղիանալու է։ Իսկ Հիսուսի առաքյալներին մի առիթով չհաջողվեց բժշկել դիվահար մարդու իրենց «թերահաւատութեան» պատճառով։ Սակայն Աստված, միևնույն է, ընդունում էր այդ անհատներին (Մատթէոս 17։17–19; Ղուկաս 1։18, 20, 67; Յովհաննէս 17։26)։
Մյուս կողմից՝ Աստվածաշունչը պատմում է նաև այնպիսի մարդկանց մասին, ովքեր կորցրին իրենց վստահությունը Աստծո հանդեպ և դառը պտուղներ քաղեցին։ Օրինակ՝ Եգիպտոսից դուրս եկած իսրայելացիներից շատերը զրկվեցին Ավետյաց երկիր մտնելու հնարավորությունից իրենց անհավատության պատճառով։ Մի առիթով նրանք նույնիսկ բացահայտորեն խոսեցին Աստծո դեմ՝ ասելով. «Ի՞նչու մեզ Եգիպտոսից հանեցիք՝ որ անապատումը մեռնենք. որովհետեւ հաց չ’կայ, ջուր չ’կայ»։ Ցույց տալով իր անբարեհաճությունը նրանց նկատմամբ՝ Աստված թունավոր օձեր ուղարկեց իսրայելացիներին պատժելու համար (Թուոց 21։5, 6)։
Հիսուսը քիչ հրաշքներ գործեց իր հայրենի Նազարեթ քաղաքում, քանի որ տեղի բնակիչները հավատ չունեին։ Ավելին, այն օրերի չար սերունդը իր անհավատության համար խիստ դատապարտության արժանացավ Հիսուսի կողմից (Մատթէոս 13։58; 17։16; Եբրայեցիս 3։19)։ Ուստի Պողոս առաքյալը այսպիսի տեղին նախազգուշացում է տալիս. «Նայեցէք. եղբարք, մի գուցէ ձեզանից մէկումը անհաւատութեան չար սիրտ լինի որ ապստամբուի կենդանի Աստուածանից» (Եբրայեցիս 3։12)։
Այո, դժվար իրավիճակներում մարդը կարող է կորցնել իր հավատը չար սիրտ ունենալու պատճառով։ Սակայն նման բան տեղի չունեցավ Զաքարիայի և Հիսուսի առաքյալների հետ վերը հիշատակված դեպքերում։ Նրանց հավատի պակասը րոպեական թուլություն էր։ Բայց, ընդհանուր առմամբ, իրենց կյանքով նրանք ցույց տվեցին, որ «սրտով մաքուր» են (Մատթէոս 5։8)։
Աստված գիտի մեր կարիքները
Գրություններն օգնում են մեզ տարբերել սովորական մտահոգությունը հավատի պակաս ունենալու մեղքից։ Ամենօրյա մտահոգությունները և անգամ մարդկային թուլության պատճառով հավատի մեջ մի պահ թուլանալը չպետք է շփոթել Աստծուն ընդհանրապես չապավինելու հետ, որ գալիս է չար, անընկալունակ սրտից։ Հետևաբար հարկ չկա, որ քրիստոնյան տանջվի մեղավորության զգացումից լոկ այն պատճառով, որ ժամանակ առ ժամանակ մտահոգություններ է ունենում։
Այնուամենայնիվ, անհրաժեշտ է զգույշ լինել և այնքան չմտահոգվել, որ դա անդրադառնա մեր կյանքի վրա։ Հիսուսը իմաստուն խորհուրդ տվեց, երբ ասաց. «Հոգս մի անէք ասելով, թէ Ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք»։ Այնուհետև նա իր միտքը շարունակեց այսպիսի մխիթարական խոսքերով. «Որովհետեւ ձեր երկնաւոր Հայրը գիտէ որ այդ ամենը պէտք է ձեզ։ Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ» (Մատթէոս 6։25–33)։
[Նկար 30–րդ էջի վրա]
Պողոս առաքյալը ունեցել է մտահոգություններ