Աստվածաշնչի տեսակետը
Երեխաներին ցույց տվեք հարկ եղած ուշադրությունը
ԱՐԴՅՈ՞Ք Աստծու Որդին ժամանակ ուներ՝ երեխաներին տրամադրելու։ Նրա աշակերտներից ոմանք այդպես չէին կարծում։ Մի անգամ նրանք փորձեցին արգելել փոքրիկներին մոտենալ Հիսուսին։ Բայց նա ասաց. «Թոյլ տուէք երեխաներին ինձ մօտ գան, եւ մի արգիլէք դորանց»։ Այնուհետև Հիսուսը սիրով իր մոտ կանչեց մի խումբ մանուկների և զրուցեց նրանց հետ (Մարկոս 10։13–16)։ Այդպիսով նա ցույց տվեց, որ ցանկանում էր ուշադրության արժանացնել երեխաներին։ Ինչպե՞ս կարող են ծնողները այսօր հետևել Հիսուսի օրինակին. ճիշտ դաստիարակելով իրենց զավակներին և նրանց հետ ժամանակ անցկացնելով։
Իհարկե, պատասխանատվության զգացում ունեցող ծնողները մեծապես հոգ են տանում իրենց երեխաների բարօրության մասին և աշխատում են վատ չվերաբերվել նրանց։ Կարելի է ասել, որ ծնողների համար նույնիսկ բնական է հարգանք և նրբանկատություն դրսևորել իրենց երեխաների հանդեպ։ Սակայն Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ մեր օրերում շատերը կլինեն անգութ, այսինքն՝ ‘բնական կապվածությունից’ (ՆԱ) զուրկ (Բ Տիմոթէոս 3։1–3)։ Իսկ նրանք, ովքեր սիրով հետաքրքրություն են ցույց տալիս իրենց երեխաների հանդեպ, միշտ էլ կարող են որևէ նոր բան սովորել լավ ծնող լինելու վերաբերյալ։ Աստվածաշնչյան հետևյալ սկզբունքները հաճելի հիշեցումներ կլինեն այն ծնողների համար, ովքեր մտածում են իրենց երեխաների բարօրության մասին։
Դաստիարակեք՝ առանց բարկացնելու
Ճանաչված ուսուցիչ և սոցիոլոգ–հոգեբան դոկտոր Ռոբերտ Քոլսը մի անգամ ասել է. «Երեխայի մեջ բարոյականության զգացում կա, որն աստիճանաբար զարգանում է։ Ես կարծում եմ, որ այն Աստծուց է տրված, և որ [երեխաները] բնական ձգտում ունեն բարոյական հարցերում առաջնորդություն ստանալու»։ Իսկ ո՞վ պետք է բավարարի նրանց այս պահանջը։
Եփեսացիս 6։4–ում Գրությունները հորդորում են. «Հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը»։ Նկատեցի՞ք, որ ըստ այս խոսքի՝ գլխավորապես հայրն է պատասխանատու երեխաների մեջ Աստծու հանդեպ սեր և նրա չափանիշների հանդեպ խորը գնահատանք սերմանելու համար։ Մյուս կողմից՝ Եփեսացիս 6–րդ գլխի 1–ին համարում, որտեղ Պողոսը երեխաներին խորհուրդ էր տալիս «հնազանդ [լինել իրենց] ծնողներին», նա նկատի ուներ և՛ հորը, և՛ մորը։a
Ինչ խոսք, եթե ընտանիքում հայր չկա, ապա այս պարտականությունը պետք է ստանձնի մայրը։ Բազմաթիվ միայնակ մայրեր հաջողությամբ մեծացրել են իրենց երեխաներին Եհովա Աստծու ‘խրատով և ուսմունքով’։ Սակայն եթե միայնակ մայրն ամուսնանում է, ապա քրիստոնյա ամուսինը պետք է առաջնորդություն վերցնի երեխաներին դաստիարակելու և խրատելու հարցում, իսկ մայրը պետք է պատրաստակամորեն հետևի այդ առաջնորդությանը։
Ինչպե՞ս եք դուք խրատում կամ դաստիարակում ձեր երեխաներին՝ առանց նրանց «բարկացն[ելու]»։ Դրա համար հատուկ բանաձև չկա, հատկապես եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր երեխա անհատականություն է։ Այնուամենայնիվ, ծնողները պետք է խորհեն դաստիարակելու իրենց մեթոդների շուրջ ու միշտ սեր և հարգանք դրսևորեն իրենց զավակների հանդեպ։ Հետաքրքիր է, որ երեխաներին չբարկացնելու մասին ասվում է նաև Կողոսացիս 3։21–ում։ Այնտեղ հայրերին կրկին հորդոր է տրվում. «Մի զայրացնէք ձեր որդկանցը, որ չ’վհատին»։
Կան ծնողներ, որ բղավում ու գոռգոռում են իրենց երեխաների վրա։ Եվ սա, իհարկե, բարկացնում է նրանց։ Հակառակ դրան՝ Աստվածաշնչում ասվում է. «Ամեն դառնութիւն եւ բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ [«գոռգոռոց», ԱՆԹ] եւ հայհոյութիւն թող վեր առնուի ձեզանից» (Եփեսացիս 4։31)։ Գրությունները նաև նշում են, որ «Տիրոջ ծառային պէտք չէ կռիւ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել» (Բ Տիմոթէոս 2։24)։
Ժամանակ հատկացրեք
Երեխաներին հարկ եղած ուշադրությունը ցույց տալ նշանակում է նաև պատրաստակամորեն զոհել անձնական հաճույքներն ու շահերը՝ հանուն նրանց բարօրության։ Աստվածաշունչն ասում է. «Այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս» (Բ Օրինաց 6։6, 7)։
Այսօր ընտանիքի նյութական կարիքները բավարարելու համար շատ ժամանակ ու ջանքեր են պահանջվում, և հետևաբար քչերն են ի վիճակի առավոտից մինչև երեկո լինել իրենց երեխաների կողքին։ Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս «Երկորդ Օրինաց» գիրքը, ծնողները պետք է ժամանակ գտնեն՝ իրենց փոքրիկների հետ շփվելու։ Դա անելու համար անհրաժեշտ է լինել կազմակերպված և անձնազոհ։ Չէ՞ որ մեր երեխաները նման ուշադրության կարիք ունեն։
Տեսնենք, թե ինչ եզրակացության են հանգել մասնագետները 12 000 դեռահասների շրջանում անցկացված հարցման արդյունքում։ Նրանք ասում են. «Ծնողի ու երեխայի միջև էմոցիոնալ կապվածությունը դեռահասի առողջության ամենալավ գրավականն է, ինչպես նաև վատ վարքագիծ չորդեգրելու ամենահուսալի միջոցը»։ Այո՛, երեխաները ծնողական ուշադրության մեծ կարիք ունեն։ Մի մայր հարցրեց իր երեխաներին. «Եթե հնարավոր լիներ, որ ձեր բոլոր ցանկությունները կատարվեին, ի՞նչ կուզենայիք առաջին հերթին»։ Չորսն էլ պատասխանեցին. «Ավելի շատ լինել մայրիկի ու հայրիկի հետ»։
Այսպիսով՝ լինել պատասխանատու ծնող նշանակում է ջանք թափել բավարարելու երեխաների կարիքները, այդ թվում հոգևոր կրթություն ստանալու և ծնողների հետ մտերմանալու կարիքը։ Դա նաև նշանակում է օգնել երեխաներին դառնալու հասուն, քաղաքավարի և ազնիվ մարդիկ, որոնք բարությամբ են վերաբերվում իրենց դրացուն ու փառք են բերում իրենց Արարչին (Ա Թագաւորաց 2։26)։ Այո՛, եթե ծնողները երեխաներին խրատում և դաստիարակում են Աստծուն հաճելի ձևով, դրանով ցույց են տալիս, որ պատասխանատվության զգացում ունեն։
[Ծանոթագրություն]
a Այստեղ Պողոսն օգտագործել է հունարեն գոնե՛վսին բառը, որը ծագում է գոնեվս բառից և նշանակում է՝ ծնող։ Սակայն 4–րդ համարում նա օգտագործել է հունարեն պատե՛րես բառը, որը նշանակում է՝ հայրեր։
[Նկար 29–րդ էջի վրա]
Բղավելն ու գոռգոռալը կարող են ցավ պատճառել երեխային
[Նկար 29–րդ էջի վրա]
Երեխաներիդ հետ ժամանակ անցկացրու