Զարմանահրաշ կարմիր գնդիկները
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Արյան կարմիր գույնը պայմանավորված է նրա բաղադրության մեջ զգալի թիվ կազմող հատուկ բջիջներով, որոնք իրենց այդ հատկության պատճառով կոչվում են կարմիր գնդիկներ (էրիթրոցիտներ)։ Արյան ընդամենը մեկ կաթիլում կան հարյուր միլիոնավոր այդպիսի բջիջներ։ Մանրադիտակի տակ կարելի է տեսնել, որ դրանք նման են փոսիկավոր բլիթի։ Էրիթրոցիտներից յուրաքանչյուրը պարունակում է հեմոգլոբինի հարյուր միլիոնավոր մոլեկուլներ։ Այդ մոլեկուլները նույնպես գեղեցիկ, գնդաձև կառույցներ են՝ կազմված ջրածնի, ածխածնի, ազոտի, թթվածնի և ծծմբի 10 000 ատոմներից, ինչպես նաև երկաթի՝ ավելի ծանր 4 ատոմներից, որոնց շնորհիվ արյունը թթվածին տեղափոխելու հատկություն է ստանում։ Հեմոգլոբինի օգնությամբ կարմիր գնդիկները մեր թոքերից հեռացնում են ածխաթթու գազը և օրգանիզմը համալրում թթվածնով։
Էրիթրոցիտների կազմության մեջ մտնող մեկ այլ կարևոր մաս է թաղանթը՝ մեմբրանը։ Այս հրաշալի ծածկի օգնությամբ կարմիր գնդիկները կարողանում են բարակել և հետևաբար անցնել նույնիսկ ամենանուրբ մազանոթներով՝ սնուցանելով մեր օրգանիզմի յուրաքանչյուր հատվածը։
Կարմիր գնդիկները արտադրվում են մեր ոսկրածուծում։ Արյան շրջանառության համակարգ մտնելուց հետո նորաստեղծ էրիթրոցիտը ավելի քան 100 000 պտույտ է գործում մեր սրտի և ողջ օրգանիզմի միջով։ Ի տարբերություն մյուս բջիջների՝ կարմիր գնդիկները զուրկ են կորիզից։ Դրա շնորհիվ նրանք ավելի շատ տեղ ունեն թթվածնի համար և ավելի թեթև են, այնպես որ սիրտը հեշտությամբ է մղում միլիարդավոր էրիթրոցիտները մեր օրգանիզմով մեկ։ Մյուս կողմից՝ կորիզի բացակայության պատճառով կարմիր գնդիկները ի վիճակի չեն նորոգվելու։ Ուստի իրենց ստեղծումից մոտ 120 օր անց էրիթրոցիտները սկսում են քայքայվել ու կորցնել իրենց առաձգականությունը։ Քայքայված էրիթրոցիտները կլանվում են «ֆագոցիտ» կոչվող մեծ սպիտակ բջիջների կողմից։ Արդյունքում արտազատվում են երկաթի ատոմները, որոնց թիվը մեր օրգանիզմում համեմատաբար քիչ է։ Այս ատոմները միանում են նյութերի տեղափոխման ֆունկցիա կատարող մոլեկուլներին և դրանց միջոցով հասնում ոսկրածուծին, որտեղ նորից մասնակցում են կարմիր գնդիկների ստեղծմանը։ Յուրաքանչյուր վայրկյան ոսկրածուծը արտադրում է 2–3 միլիոն նոր էրիթրոցիտ։
Եթե մեր միլիարդավոր կարմիր գնդիկները հանկարծակի դադարեն գործել, մենք կմահանանք հաշված րոպեների ընթացքում։ Որքա՜ն ուրեմն շնորհակալ պետք է լինենք Եհովա Աստծուց այդ փոքրիկ բջիջներն արարելու համար, որոնց շնորհիվ կարողանում ենք ապրել և վայելել կյանքը։ Անկասկած, դուք կհամաձայնվեք սաղմոսերգուի հետ, որն ասել է. «Տէր, դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։ Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է [դա]» (Սաղմոս 139։1, 14)։
[Սխեմա/նկար 16–րդ էջի վրա]
(ամբողջությամբ տե՛ս պարբերագրում)
Արյան կարմիր գնդիկ
մեմբրան
հեմոգլոբին (մեծացված)
թթվածին