Երիտասարդները հարցնում են...
Ե՞րբ կարող եմ սկսել ժամադրությունների գնալ
«Դպրոցում քեզ թվում է, թե դու նորմալ մարդ չես, եթե ինչ–որ մեկի հետ չես հանդիպում» (Բրիտնի)։
«Զգում ես, որ քեզ վրա մեծ ճնշում է գործադրվում, որ սկսես ժամադրվել։ Մանավանդ երբ գեղեցիկ տղաների պակաս չկա» (Ուիթնի)։
◼ Դու տեսնում ես, որ դպրոցի միջանցքում դասամիջոցներին մի տղա և աղջիկ իրար ձեռք բռնած դանդաղ քայլում են։ Ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը։
□ Անտարբեր եմ
□ Մի փոքր նախանձում եմ
□ Շատ եմ նախանձում
◼ Դու ընկերներիդ հետ կինոթատրոնում ես և նկատում ես, որ բոլորը զույգ ունեն, բացի քեզանից։ Ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը։
□ Անտարբեր եմ
□ Մի փոքր նախանձում եմ
□ Շատ եմ նախանձում
◼ Լավագույն ընկերդ վերջերս սկսել է հետաքրքրվել հակառակ սեռի անհատով և այժմ ժամադրվում է։ Ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը։
□ Անտարբեր եմ
□ Մի փոքր նախանձում եմ
□ Շատ եմ նախանձում
ԵԹԵ դու վերոհիշյալ հարցերից որևէ մեկին պատասխանել ես «մի քիչ նախանձում եմ» կամ «շատ եմ նախանձում», մի՛ անհանգստացիր. դու միակը չես, ով այդպես է պատասխանում։ Այն երկրներում, որտեղ ընդունված է ժամադրվել, շատ պատանիներ հենց այդպես էլ կպատասխանեին։ «Երբեմն քեզ թվում է, թե ինչ–որ բանի պակաս ունես, որովհետև բոլոր հասակակիցներդ ընկեր ունեն, իսկ դու՝ ոչ»,— ասում է 14–ամյա Իվետը։
Շատ ուժգին կարող է լինել այն բանի ցանկությունը, որ կողքիդ ունենաս մեկին, որի համար դու ես «հատուկ», և որը «հատուկ» է քեզ համար։ Մի տղա ասում է. «Օրեցօր ավելի ու ավելի ես ուզում ընկերուհի ունենալ։ Անչափ դժվար է պայքարել այդ զգացման դեմ»։ Ոմանք սկսում են ժամադրվել շատ վաղ հասակում։ «Թայմ» հանդեսի անցկացրած մի հարցման համաձայն՝ 13–ամյա երեխաների 25 տոկոսն արդեն ժամադրվում է։ Ի՞նչ ես կարծում, նրանք պատրաստ են այդ քայլին։ Իսկ դո՞ւ։ Պատրա՞ստ ես ժամադրվելու։ Այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է պարզենք մի հարց։
Ի՞նչ է ժամադրվելը
◼ Դու կանոնավորաբար հանդիպում ես հակառակ սեռի անհատի հետ։
Դա ժամադրությո՞ւն է □ Այո □ Ոչ
◼ Օրը մի քանի անգամ բջջային հեռախոսով հաղորդագրություն ես ուղարկում հակառակ սեռի միևնույն անհատին կամ հեռախոսով զրուցում ես նրա հետ։
Դա ժամադրությո՞ւն է □ Այո □ Ոչ
◼ Դու և հակառակ սեռի մի անհատ գաղտնի ընկերություն եք անում։ Ծնողներդ այդ մասին չգիտեն։ Նրանց չես ասել, քանի որ գիտես՝ դա նրանց դուր չի գա։
Դա ժամադրությո՞ւն է □ Այո □ Ոչ
◼ Ամեն անգամ ընկերական հավաքույթներին շփվում ես հակառակ սեռի միևնույն անհատի հետ։
Դա ժամադրությո՞ւն է □ Այո □ Ոչ
Շատ հավանական է, որ իսկույն պատասխանեցիր առաջին հարցին, այնինչ մյուս հարցերին դժվարացար պատասխանել։ Ինչպե՞ս է ճշգրտորեն սահմանվում «ժամադրությունը»։ Այս հոդվածում մենք այն կսահմանենք հետևյալ կերպ. դու ռոմանտիկ հետաքրքրություն ունես որևէ մեկի հանդեպ, իսկ նա էլ քո հանդեպ։ Եթե դու և հակառակ սեռի անհատը ռոմանտիկ զգացումներ եք տածում միմյանց նկատմամբ, ապա ձեր հաղորդակցությունը ժամադրություն է՝ անկախ նրանից՝ հանդիպում եք մարդկանց ներկայությամբ թե առանձին, զրուցում եք հեռախոսով թե դեմ առ դեմ, բացահայտ թե գաղտնի։
Բայց արդյո՞ք պատրաստ ես ժամադրությունների գնալու։ Քննարկենք երեք հարց, որոնք կօգնեն քեզ ճիշտ կողմնորոշվել։
Ի՞նչ մտադրություններ ունես
Շատ մշակույթներում ընդունված է, որ երկու անձինք կանոնավորաբար հանդիպեն՝ իրար ավելի լավ ճանաչելու նպատակով։ Սակայն ժամադրությունը պետք է ծառայի վեհ նպատակի. դրա միջոցով երիտասարդ տղամարդն ու կինը կարող են որոշել, թե արդյոք իրենք համապատասխան ամուսիններ կլինեն։ Սակայն ինչո՞ւ ժամադրությունը միայն այդ նպատակին պետք է ծառայի։
Աստվածաշնչում օգտագործվում է «երիտասարդության ծաղկուն շրջան» արտահայտությունը՝ նկարագրելու համար կյանքի այն շրջանը, երբ սեռական ցանկությունները և ռոմանտիկ զգացումները առանձնապես ուժեղ են (1 Կորնթացիներ 7:36)։ Այդ շրջանում հակառակ սեռի ներկայացուցչի հետ սերտորեն շփվելը կարող է քո մեջ կրքեր բորբոքել և ստիպել քեզ դառը փորձով համոզվելու Գաղատացիներ 6:7–ի խոսքերի ճշմարտացիության մեջ. «Մարդ ինչ որ ցանում է, այն էլ կհնձի»։
Ինչ խոսք, քո հասակակիցներից ոմանք գուցե ժամադրվում են՝ չունենալով ամուսնանալու մտադրություն։ Նրանց համար հակառակ սեռի ընկերը գուցե մի յուրօրինակ նվաճում է կամ զարդարանք, որի միջոցով կարող են իրենց երևակայել ուրիշների առաջ և իրենց ինքնահարգանքի զգացումը բարձրացնել։ Ուրիշի զգացմունքների հետ նման կերպով խաղալը դաժանություն է, ուստի զարմանալի չէ, որ նման փոխհարաբերությունները հաճախ արագորեն ավարտվում են։ «Շատ պատանիներ, որոնք ժամադրվում են, մեկ կամ երկու շաբաթից դադարեցնում են իրենց մտերմությունը,—ասում է Հեթեր անունով մի աղջիկ։— Նրանց համար այդ փոխհարաբերությունը ժամանակավոր բնույթ է կրում և ինչ–որ իմաստով նախապատրաստում է ավելի շուտ բաժանվելու, քան թե ամուսնանալու»։
Պարզապես զվարճանալու կամ էլ զուտ կողքիդ մեկին ունենալու նպատակով հակառակ սեռի հետ ընկերություն անելը կարող է շատ ցավալի ավարտ ունենալ. անհատի զգացմունքները գուցե խորապես վիրավորվեն։ Օրինակ՝ Էրիկը, երբ 18 տարեկան էր, ընկերություն էր անում մի աղջկա հետ՝ կարծելով, թե դա ընդամենը անմեղ մտերմություն է։ Հետո նա հասկացավ, որ այդ մտերմությունն աղջկա համար ավելին էր նշանակում։ «Այնպես զարմացա, որ նա սիրահարվեց ինձ,—ասում է Էրիկը։— Ես կարծում էի, թե մենք պարզապես ընկերներ ենք և վերջ»։
Իհարկե, սխալ չէ հակառակ սեռի անհատների հետ շփվել պատշաճորեն վերահսկվող ընկերախմբում։ Իսկ ինչ վերաբերում է ժամադրությանը, լավ կլինի սպասել, մինչև որ «երիտասարդության ծաղկուն շրջանն» անցնի, և պատրաստ լինես լրջորեն խորհելու ամուսնության շուրջ։ Հենց այսպիսի եզրակացության եկավ Չելսի անունով մի աղջիկ։ «Երբեմն մտածում եմ, որ ժամադրությունը պետք է պարզապես զվարճության համար լինի,— խոստովանում է նա։— Սակայն ամենևին էլ զվարճալի չէ, երբ մեկի համար այն լուրջ է, իսկ մյուսի համար՝ ոչ»։
Քանի՞ տարեկան ես
◼ Ի՞նչ ես կարծում, ո՞ր տարիքում կարող է անհատը սկսել ժամադրությունների գնալ։ ______
◼ Իսկ այժմ այս հարցը տուր ծնողներիդ և գրիր նրանց պատասխանը։ ______
Ամենայն հավանականությամբ, պատասխաններից առաջինի թիվն ավելի փոքր է, քան երկրորդինը։ Կամ՝ գուցե ոչ։ Հնարավոր է՝ դու այն երիտասարդների թվում ես, ովքեր, իմաստություն դրսևորելով, ժամադրությունների չեն գնում, մինչև որ այնքան մեծանան, որ իրենք իրենց ավելի լավ ճանաչեն։ Հենց այդպես է վճռել վարվել Սոնդրա անունով մի երիտասարդ քրիստոնյա, թեև նա արդեն չափահաս է և կարող է ամուսնանալ։ Սոնդրան ասում է. «Երբ հանդիպում ես որևէ մեկի հետ, ուզում ես, որ նա ճանաչի քեզ։ Սակայն եթե դու ինքդ քեզ չես ճանաչում, ինչպե՞ս կարող ես ակնկալել, որ մեկ ուրիշ անհատ ճանաչի քեզ»։
17–ամյա Դանիելան նույն կարծիքին է։ Նա ասում է. «Երկու տարի առաջ ապագա կողակցի մասին ես բոլորովին այլ պատկերացումներ ունեի, քան այժմ։ Նույնիսկ հիմա վստահ չեմ, որ ճիշտ որոշում կկայացնեմ։ Երբ տեսնեմ, որ բնավորությունս մի քանի տարի կայուն է, այդ ժամանակ կմտածեմ ժամադրվելու մասին»։
Պատրա՞ստ ես ամուսնանալու
Քանի որ ժամադրությունը ամուսնության տանող առաջին քայլերից է, լավ կլինի՝ ինքդ քեզ հարցնես. «Պատրա՞ստ եմ արդյոք հանձն առնելու այն պատասխանատվությունը, որ իր հետ բերում է ամուսին կամ կին և նույնիսկ հայր կամ մայր դառնալը»։ Ինչպե՞ս կարող ես իմանալ, որ պատրաստ ես։ Ուշադրություն դարձրու հետևյալին։
◼ Փոխհարաբերություններ։ Ինչպե՞ս ես վերաբերվում ծնողներիդ, քույրերիդ ու եղբայրներիդ։ Հաճախ կորցնո՞ւմ ես ինքնատիրապետումդ և կոպիտ կամ ծաղրական լեզվով արտահայտվում։ Ի՞նչ են նրանք ասում այս առնչությամբ։ Այն, թե ինչպես ես վարվում ընտանիքիդ անդամների հետ, ցույց է տալիս, թե ինչպես կվարվես կողակցիդ հետ (Եփեսացիներ 4:31, 32)։
◼ Դրամը տնօրինելու կարողություն։ Ինչպե՞ս ես տնօրինում դրամդ։ Միշտ պարտքերի մե՞ջ ես։ Կարո՞ղ ես երկար ժամանակ չկորցնել աշխատանքդ։ Եթե ոչ, ինչո՞ւ։ Դա աշխատանքի՞ պատճառով է, թե՞ գործատիրոջ կամ քո բնավորության որևէ անցանկալի գծի։ Եթե չես կարող պատասխանատվությամբ տնօրինել քո դրամական միջոցները, ապա ինչպե՞ս կկարողանաս խելամտորեն տնօրինել ընտանիքիդ բյուջեն (1 Տիմոթեոս 5:8)։
◼ Քո հոգևոր վիճակը։ Եթե Եհովայի վկա ես, ի՞նչ հոգևոր հատկություններ ունես։ Առանց մեկի դրդման ընթերցո՞ւմ ես Աստծու Խոսքը, մասնակցո՞ւմ ես ծառայությանը և քրիստոնեական հանդիպումներին։ Եթե չես կարողանում հետևել քո հոգևոր վիճակին, ապա ինչպե՞ս կկարողանաս քաջալերել կողակցիդ այդպես վարվելու (2 Կորնթացիներ 13:5)։
Սրանք ընդամենը մի քանիսն են այն հարցերից, որոնք պետք է հաշվի առնես, եթե մտածում ես ժամադրվելու և ամուսնանալու մասին։ Իսկ մինչ այդ կարող ես շփվել հակառակ սեռի անհատների հետ պատշաճ ընկերախմբում։ Հետագայում, երբ որոշես ժամադրվել, ավելի լավ պատկերացում կունենաս ինքդ քո մասին և այն մասին, թե ինչ կցանկանայիր տեսնել ապագա կողակցիդ մեջ։
Ավելի շատ տեղեկություններ կարող ես գտնել այս գրքի 13–26-րդ էջերում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
«Երիտասարդները հարցնում են...» խորագրից ավելի շատ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org/ypa վեբ կայքում
ՄՏԱԾԻՐ
◼ Ինչպիսի՞ պատշաճ ընկերախմբում կարող ես շփվել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։
◼ Ո՞ր հատկության վրա պետք է աշխատես, որպեսզի լավ կողակից լինես։
[Շրջանակ 28–րդ էջի վրա]
Ինչ են ասում հասակակիցներդ
«Երբեմն նախանձում եմ ժամադրվող զույգերին և նույնիսկ ամուսնացածներին։ Սակայն ժամադրվելը լուրջ բան է։ Եթե դու զվարճանալու նպատակով ես ժամադրվում, ուրեմն խաղում ես ուրիշի զգացմունքների հետ։ Կարծում եմ, ժամադրությունը նրա համար է, որպեսզի պարզես, թե արդյոք ուզում ես ամուսնանալ տվյալ անհատի հետ» (Բլեյն, 17 տարեկան)։
«Չեմ կարծում, որ տղաների հետ պետք է ժամադրվել «փորձի» համար, մինչև հանդիպես մեկին, որին իսկապես կսիրես։ Դա միայն կվիրավորի մարդու զգացմունքները» (Չելսի, 17 տարեկան)։
«Ես համոզված եմ, որ ժամադրությունների կարելի է գնալ այն տարիքում, երբ բավականաչափ մեծ ես ու կարող ես ամուսնանալ։ Հակառակ դեպքում դա նման կլինի այն բանին, որ գնում ես հարցազրույցի՝ լիաժամ աշխատանքի ընդունվելու համար, սակայն դեռ սովորում ես դպրոցում և իրականում աշխատանքի տեղավորվելու մտադրություն չունես» (Սոնդրա, 21 տարեկան)։
[Շրջանակ 30–րդ էջի վրա]
ԽՈՍՔ՝ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Վաղ թե ուշ ձեր երեխային կառաջարկեն ժամադրվել։ Ֆիլիպն ասում է. «Նույնիսկ ինչ–որ բան անելու կարիք չկա. աղջիկներն իրենք են գալիս ու առաջարկություն անում ինձ, իսկ ես կանգնած մտածում եմ՝ ի՞նչ անեմ։ Դժվար է մերժել, քանի որ նրանցից ոմանք շատ գեղեցիկ են»։
Լավագույն բանը, որ կարող ես անել որպես ծնող, երեխայիդ հետ ժամադրության մասին զրուցելն է։ Դրա համար կարող ես օգտվել հենց այս հոդվածից։ Պարզիր, թե ինչ է մտածում որդիդ կամ աղջիկդ այն դժվարությունների մասին, որոնց բախվում է դպրոցում կամ նույնիսկ քրիստոնեական ժողովում։ Երբեմն այդ թեմայով կարելի է զրուցել սովորական իրավիճակներում, օրինակ, «քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ» (Բ Օրինաց 6:6, 7)։ Ամեն դեպքում, հիշիր, որ պետք է «արագ լինես լսելու մեջ և դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակոբոս 1:19)։
Եթե որդիդ կամ դուստրդ հետաքրքրվում է հակառակ սեռի անհատով, խուճապի մի մատնվիր։ Մի դեռահաս աղջիկ պատմում է. «Երբ հայրս իմացավ, որ ընկեր ունեմ, անչափ մտահոգվեց։ Նա փորձեց վախեցնել ինձ՝ տալով բազմաթիվ հարցեր, թե արդյոք պատրաստ եմ ամուսնանալու. բայց նման հարցերը պատանուն դրդում են, որ նա ցանկանա շարունակել մտերմությունը, որպեսզի ծնողներին ապացուցի իրենց սխալ լինելը»։
Եթե երեխադ գիտի, որ ժամադրության մասին չի կարելի խոսել, ապա կարող է անցանկալի բան տեղի ունենալ. նա գուցե սկսի գաղտնի հանդիպել իր ընկերոջը (ընկերուհուն)։ Մի աղջիկ ասում է. «Երբ ծնողները չափազանց սուր են արձագանքում, դա դրդում է երեխաներին ավելի հմտորեն քողարկել իրենց փոխհարաբերությունները։ Նրանք չեն դադարում հանդիպել. պարզապես ավելի խորամանկ են դառնում»։
Անկեղծորեն զրուցելով երեխաներիդ հետ՝ լավ արդյունքների կհասնես։ 20–ամյա մի աղջիկ ասում է. «Ծնողներս միշտ էլ անկեղծորեն զրուցել են ինձ հետ ժամադրվելու մասին։ Նրանց համար կարևոր է իմանալ, թե ով է ինձ հետաքրքրում, և կարծում եմ, դա լավ է։ Հայրս զրուցում է ինձ հետաքրքրող անհատի հետ։ Եթե խնդիր կա այդ երիտասարդի հետ կապված, նրանք ասում են ինձ։ Սովորաբար նախքան բանը ժամադրության կհասնի, ես գալիս եմ այն եզրակացության, որ իմաստ չունի հետաքրքրվել այդ անհատով»։
[Նկար 29–րդ էջի վրա]
Պատշաճ ընկերախմբում հակառակ սեռի անհատների հետ շփվելը կարող է կերտիչ և օգտակար լինել