Այլևս ալկոհոլի գերին չեմ
Ոգելից խմիչքը՝ ճաշի սեղանին, կարող է հաճելի լինել և նպաստել հավաքույթի ուրախությանը, եթե, իհարկե, չափավոր գործածվի։ Սակայն ոմանք լուրջ խնդիրների են բախվում ալկոհոլի օգտագործման հետ կապված։ Ստորև բերվում է մի մարդու պատմություն, որը կարողացել է ազատվել ալկոհոլի շղթաներից։
ՆՈՒՅՆԻՍԿ այսօր ինձ համար դժվար է խոսել այն լարված մթնոլորտի մասին, որ տիրում էր մեր տանը։ Հայրս ու մայրս սկսում էին խմել, հետո հայրս ծեծում էր մորս։ Հաճախ ինձ էլ էր բաժին հասնում նրա հարվածներից։ Ես չորս տարեկան էի, երբ նրանք որոշեցին առանձին ապրել։ Հիշում եմ՝ ինձ տարան տատիս տուն, որ այնտեղ ապրեմ։
Ինձ թվում էր՝ ես ոչ ոքի պետք չեմ։ Յոթ տարեկանում գաղտագողի իջնում էի նկուղ՝ տնական գինի խմելու։ Այն կարծես փարատում էր տխրությունս։ Երբ 12 տարեկան էի, մայրս ու տատս թեժ վեճի բռնվեցին ինձ հետ կապված։ Մայրս ափերից դուրս եկավ և եղանը շպրտեց ինձ վրա։ Ես հազիվ խուսափեցի հարվածից։ Սա միակ դեպքը չէր, երբ իմ կյանքին վտանգ էր սպառնում։ Այնուամենայնիվ, մարմնիս վրա մնացած սպիներն այնքան խորը չէին, որքան էմոցիոնալ սպիները։
14 տարեկանում արդեն կանոնավորաբար խմում էի, իսկ 17 տարեկանում տնից փախա։ Ալկոհոլն ինձ անկախության զգացում էր տալիս. ես դարձա չափազանց ագրեսիվ և անախորժություններ էի առաջացնում տեղի սրճարաններում։ Կյանքիս միակ հաճույքը խմիչքն էր։ Ընդամենը մեկ օրում ես խմում էի հինգ լիտր գինի, մի քանի շիշ գարեջուր, ինչպես նաև թունդ ալկոհոլային խմիչքներ։
Ամուսնացա։ Հարբեցողությունը մեծ խնդիրներ էր ստեղծում իմ ու կնոջս միջև։ Վրդովմունքն ու դառնությունը մեր ընտանիքում շատանում էր։ Ես ծեծում էի կնոջս և երեխաներիս. մեր ընտանիքում տիրում էր այն նույն կործանարար մթնոլորտը, որի մեջ մեծացել էի։ Իմ վաստակած գրեթե ողջ գումարը տալիս էի ալկոհոլին։ Տանը կահույք չունեինք, ուստի ես ու կինս քնում էինք հատակին։ Կյանքս անիմաստ էր, և ես ոչ մի ջանք չէի անում մեր իրավիճակը բարելավելու համար։
Մի օր հանդիպեցի մի Եհովայի վկայի։ Նրան հարցրի, թե ինչու այդքան շատ տառապանք կա։ Վկան Աստվածաշնչով բացատրեց, որ Աստված խնդիրներից զերծ աշխարհ է խոստանում։ Այս միտքը մղեց ինձ ուսումնասիրելու Աստվածաշունչը Եհովայի վկաների օգնությամբ։ Ես սկսեցի կիրառել սովորածս, աստիճանաբար քչացրի ալկոհոլի գործածությունը, և մեր ընտանեկան կյանքը մեծապես բարելավվեց։ Այնուամենայնիվ, գիտակցում էի, որ եթե ցանկանում եմ ընդունելի կերպով ծառայել Եհովա Աստծուն, պետք է հաղթահարեմ ալկոհոլի հետ կապված խնդիրս։ Երեքամսյա պայքարից հետո ազատվեցի ալկոհոլի շղթաներից։ Վեց ամիս անց կյանքս նվիրեցի Աստծուն և դա խորհրդանշեցի մկրտությամբ։
Ազատվելով ալկոհոլի գերությունից՝ կարողացա վճարել բոլոր պարտքերս։ Ժամանակի ընթացքում գնեցի տուն և ավտոմեքենա, որով գնում էինք քրիստոնեական հանդիպումների և մասնակցում տնետուն ծառայությանը։ Ի վերջո, իմ մեջ առաջացավ ինքնահարգանք։
Երբեմն ընկերական հավաքույթների ժամանակ ինձ ոգելից խմիչք են առաջարկում։ Շատերը չգիտեն, թե ինչ մեծ պայքար եմ մղել, և որ ընդամենը մեկ բաժակը բավական է հին սովորությանը վերադառնալու համար։ Չէի ասի, թե ալկոհոլն այլևս ինձ չի ձգում։ Սակայն ջերմեռանդ աղոթքների և վճռականության շնորհիվ կարողանում եմ հրաժարվել խմելուց։ Ծարավս հագեցնելու համար ոչ ալկոհոլային ըմպելիքներ եմ օգտագործում։ Արդեն տասը տարի է, որ անգամ մեկ բաժակ չեմ խմել։
Եհովան կարող է անել այն, ինչ մարդը չի կարող։ Նա օգնել է ինձ վայելել այնպիսի ազատություն, որն իմ աչքին անհնարին է թվացել։ Մինչև օրս տառապում եմ մանկությանս էմոցիոնալ հարվածներից և շարունակում եմ պայքարել բացասական մտքերի դեմ։ Բայցևայնպես, երջանիկ եմ, որ ունեմ լավ փոխհարաբերություններ Աստծու հետ, անկեղծ ընկերներ ժողովում և հիանալի ընտանիք, որը կիսում է իմ հավատը։ Կինս և երեխաներս մեծ աջակցություն են ցույց տալիս ալկոհոլի դեմ պայքարում։ Նա ասում է. «Նախկինում կյանքս կյանք չէր, տանջանք էր։ Այնքա՜ն երախտապարտ եմ Եհովային, որ այսօր կարող եմ վայելել երջանիկ ընտանեկան կյանք ամուսնուս և երկու զավակներիս հետ»։ (Ուղարկված է)։
[Մեջբերում 13–րդ էջի վրա]
14 տարեկանում կանոնավորաբար խմում էի
[Մեջբերում 14–րդ էջի վրա]
Եհովան կարող է անել այն, ինչ մարդը չի կարող
[Շրջանակ 14–րդ էջի վրա]
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԸ
◼ Աստվածաշունչը չի դատապարտում ալկոհոլի գործածությունը։ Այն ասում է, որ գինին Աստծուց տրված պարգև է և «ուրախացնում է մարդու սիրտը» (Սաղմոս 104։14, 15)։ Սուրբ Գրություններում խաղողի որթատունկը խորհրդանշում է առատություն և անվտանգություն (Միքիա 4։4)։ Հետաքրքիր է, որ Հիսուսի կատարած առաջին հրաշքը ջուրը գինի դարձնելն էր հարսանեկան խնջույքի ժամանակ (Հովհաննես 2։7–9)։ Իսկ երբ Պողոս առաքյալը լսեց Տիմոթեոսի «հաճախակի հիվանդանալու» մասին, խորհուրդ տվեց նրան «մի քիչ գինի օգտագործել» (1 Տիմոթեոս 5։23)։
◼ Աստվածաշունչը դատապարտում է ալկոհոլի չարաշահո՛ւմը.
«Հարբեցողները.... Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթացիներ 6։9–11)։
«Մի՛ հարբեք գինով, որի մեջ սանձարձակություն կա» (Եփեսացիներ 5։18)։
«Ո՞ւմն է վա՜յը, ո՞ւմն է վո՜ւյը, ո՞ւմն են կռիւները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են ի զուր ստացուած վէրքերը, ո՞ւմն են կարմրոտած աչքերը։ Նորանցը, որ ուշանում են գինիի մօտ, նորանցը, որ գնում են խառնած գինին քննելու։ Մի նայիր գինիին, որ կարմրի է տալիս, որ բաժակի մէջ աչքով է անում, որ ուղիղ ուղիղ ինքն իրան գնում է. Նա վերջը օձի պէս կ’կծէ, եւ իժի պէս կ’ծակէ։ Աչքերդ օտար կնիկների կ’նայեն եւ սիրտդ ծուռումուռ բաներ կ’խօսէ» (Առակաց 23։29–33)։
Ինչպես նշվեց կից հոդվածում, ոմանք, ովքեր խնդիրներ են ունեցել ալկոհոլի հետ կապված, իմաստություն հանդես բերելով, ընդհանրապես ալկոհոլ չեն օգտագործում (Մատթեոս 5։29)։