Երիտասարդները հարցնում են
Ինչպե՞ս դիմադրեմ գայթակղությանը
◼ Քերընը հրավիրված է խնջույքի։ Առաջին իսկ րոպեներին նա նկատում է, որ երկու տղա՝ մի քանի մեծ թղթե տոպրակներ ձեռքներին, մտնում են ներս։ Թե ինչ կա դրանց մեջ, բոլորովին էլ գաղտնիք չէ։ Մինչ այդ նա պատահմամբ լսել էր, թե ինչպես են նրանք ծրագրում մեծ քանակությամբ գարեջուր բերել խնջույքի վայր։ Սակայն Քերընը հարկ չէր համարել այդ մասին ծնողներին ասելու, քանի որ մտածել էր, թե տղաները կատակում են, և ի վերջո, պետք է որ մեծեր էլ տանը լինեն։
Հանկարծ Քերընը իր հետևից մի ծանոթ ձայն լսեց. «Ի՞նչ ես շշմածի պես կանգնել, ա՜յ քեֆը հարամ անող»։ Ջեսիկան էր՝ ընկերուհին, որը կանգնել էր նրա հետևում՝ ձեռքին հենց նոր բացած գարեջրի երկու շիշ։ Վերջինս շշերից մեկը պահել էր Քերընի քթի առաջ. «Մենակ չասես, թե չես կարող քեզ թույլ տալ մի քիչ զվարճանալ»։
Քերընը ուզում էր հրաժարվել, բայց առաջարկն ընդունելու ցանկությունն ավելի ուժգին էր, քան կարող էր պատկերացնել։ Սակայն խնդիրը ալկոհոլը չէր։ Խնդիրն այն էր, որ Ջեսիկան իր ընկերուհին է, և նա չէր ուզում, որ վերջինս մտածեր, թե ինքն իսկապես «քեֆը հարամ անող է»։ Բացի դրանից, Ջեսիկան լավ աղջիկներից է։ Եվ եթե նա խմում է, ապա ինքն ինչու չպիտի խմի. «Եղածն ընդամենը գարեջուր է. ո՛չ թմրանյութ եմ օգտագործում, ո՛չ էլ անբարոյություն եմ անում»։
ԿՀԱՄԱՁԱՅՆՎԵՔ, թերևս, որ երիտասարդ տարիքում գայթակղություններն ավելի շատ են։ Հաճախ դրանք կապված են հակառակ սեռի հետ։ 17–ամյա Ռամոննa ասում է. «Դպրոցում աղջիկները շատ ագրեսիվ են։ Նրանք սիրում են ձեռք տալ քեզ և տեսնել, թե էլ ինչեր թույլ կտաս, որ քեզ հետ անեն։ Նույնիսկ մերժումը նրանց չի կանգնեցնում»։ Իսկ Դիանը, որը նույնպես 17 տարեկան է, նմանատիպ իրավիճակում էր հայտնվել. «Մի տղա մոտեցավ ինձ և ձեռքը ուսիս գցեց, ես խփեցի նրա ձեռքին ու ասացի. «Ի՞նչ ես անում։ Ես քեզ չեմ էլ ճանաչում»»։
Թերևս դու էլ ես գայթակղությունների բախվում, և թվում է, թե դրանք վերջ չունեն։ Ինչպես ասաց մի քրիստոնյա, «գայթակղությունը ասես նման է մի մարդու, որն անընդմեջ թակում է քո դուռը, մինչդեռ դռան վրա փակցված է՝ «մի՛ անհանգստացրեք»»։ Ավելի հաճա՞խ ես փորձություններ ունենում, քան ակնկալում էիր։ Իսկ երբևէ բախվե՞լ ես ստորև բերված գայթակղություններից որևէ մեկին.
❑ ծխախոտ
❑ ոգելից խմիչքներ
❑ թմրանյութեր
❑ պոռնկագրություն
❑ անբարոյություն
❑ և այլն ․․․․․
Եթե նշել ես վերոհիշյալ բաներից մեկը, մի եզրակացրու, թե չես կարող լավ քրիստոնյա լինել։ Դու կարող ես սովորել ճնշել սխալ ցանկությունները և դիմադրել գայթակղությանը։ Ինչպե՞ս։ Եթե հասկանաս, թե ինչ է թաքնված գայթակղության հետևում։ Քննենք երեք գործոններ։
1. Անկատարություն։ Բոլոր անկատար մարդիկ հակված են սխալներ անելու։ Նույնիսկ Պողոս առաքյալը, որը հասուն քրիստոնյա էր, անկեղծությամբ խոստովանեց. «Երբ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է, չարն ինձ մոտ է» (Հռոմեացիներ 7։21)։ Ուրեմն նույնիսկ ամենահասուն քրիստոնյան ժամանակ առ ժամանակ կարող է զգալ, թե ինչ է «մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը» (1 Հովհաննես 2։16)։ Սակայն եթե շարունակաբար մտածում ենք գայթակղիչ բաների մասին, ավելի ենք բարդացնում իրավիճակը, քանի որ Աստվածաշունչը զգուշացնում է. «Երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում» (Հակոբոս 1։15)։
2. Արտաքին ազդակներ։ Գայթակղություններն ամենուր են։ Ահա թե ինչ է ասում Թրուդին այս մասին. «Թե՛ դպրոցում, թե՛ աշխատավայրում մարդիկ անընդհատ խոսում են սեքսի մասին։ Հեռուստացույցով և ֆիլմերում դա շատ գրավիչ կերպով է ներկայացվում։ Դու չես էլ մտածում վատ հետևանքների մասին»։ Թրուդին անձնական փորձով է համոզվել, թե ինչքան ուժգին կարող է լինել այդպիսի ազդեցությունը։ Նա շարունակում է. «Երբ 16 տարեկան էի, ինձ թվում էր, թե սիրահարված եմ։ Մայրս անկեղծ խոսեց ինձ հետ ու ասաց, որ եթե այսպես շարունակեմ, օրերից մի օր կհղիանամ։ Ես ցնցվել էի, որ մայրս կարող է նման բան մտածել։ Երկու ամիս անց հղի էի»։
3. «Երիտասարդական ցանկություններ» (2 Տիմոթեոս 2։22)։ Խոսքը այն ցանկության մասին է, որը բնորոշ է երիտասարդներին։ Նրանք, օրինակ, ուզում են ուրիշների կողմից ընդունված լինել կամ որ իրենց կարծիքի հետ հաշվի նստեն։ Այսպիսի ցանկություններ ունենալը սխալ չէ, սակայն եթե չղեկավարենք դրանք, ապա ավելի դժվար կլինի դիմադրել գայթակղությանը։ Եթե անընդհատ միայն քո ես–ը առաջ տանես, կմերժես այն լավ արժեքները, որոնք քեզ սովորեցրել են տանը։ Ահա թե ինչ պատահեց Սթիվի հետ, երբ նա 17 տարեկան էր։ Նա պատմում է. «Ես ըմբոստացել էի ծնողներիս դեմ և միշտ նրանց ասածի հակառակն էի անում։ Եվ այս ամենը հենց իմ մկրտությունից հետո»։
Համաձայնվիր, որ վերոնշյալ գործոնները բավականին ազդեցիկ են։ Այնուհանդերձ, դու կարող ես դիմադրել գայթակղությանը։ Ինչպե՞ս։
◼ Նախ՝ փորձիր պարզել, թե քեզ համար որ գայթակղությանն է ամենից շատ դժվար դիմադրել։ (Հավանաբար արդեն վերևում նշել ես)։
◼ Ապա՝ հարցրու ինքդ քեզ. «Ո՞ր դեպքերում է մեծ հավանականությունը, որ կբախվեմ փորձության»։ Նշիր հետևյալ տարբերակներից մեկը.
❑ երբ դպրոցում եմ
❑ աշխատավայրում
❑ երբ մենակ եմ
❑ և այլն ․․․․․
Երբ ակնկալում ես, որ փորձություններ կլինեն, դու նույնիսկ կարող ես խուսափել դրանցից։ Օրինակ՝ մտածիր հոդվածի սկզբում նկարագրված տեսարանի մասին։ Ի՞նչ գիտեր Քերընը, որը կարող էր նախազգուշացում լիներ հավաքույթի ժամանակ գայթակղության մեջ չընկնելու համար։ Ինչպե՞ս նա կարող էր ընդհանրապես խուսափել փորձության մեջ ընկնելուց։
◼ Այժմ, երբ արդեն պարզել ես, թե (1) ինչ գայթակղության կարող ես բախվել, և հավանաբար այն (2) երբ կլինի, դու պատրաստ ես գործնական քայլեր անելու։ Առաջին՝ պետք է մտածես, թե ինչպես կարող ես նվազագույնի հասցնել գայթակղության մեջ ընկնելու հավանականությունը կամ բացառել որևէ փորձության բախվելու վտանգը։ Ներքևում նշիր, թե ինչ կանես։
․․․․․
․․․․․
(Օրինակներ՝ եթե դասերից հետո համադասարանցիներդ միշտ առաջարկում են ծխել, ապա կարող ես փոխել ճանապարհդ, որպեսզի նրանց չհանդիպես։ Եթե հաճախ է քո համակարգչի էկրանին պատահմամբ հայտնվում պոռնկագրական պատկեր, գուցե այնպիսի ծրագրեր ներմուծես համակարգիչ, որոնք թույլ չեն տա, որ նման և այլ աղբյուրներից ինֆորմացիա ստանաս։ Նաև թերևս կոնկրետ բառեր գրես «փնտրել» սյունակում։)
Ինչ խոսք, չես կարող խուսափել բոլոր գայթակղություններից։ Վաղ թե ուշ կընկնես փորձության մեջ, հատկապես այն ժամանակ, երբ ամենաքիչն ես ակնկալում։ Նման դեպքերում ինչպե՞ս վարվել։
Պատրաստված եղիր։ Հիսուսը անմիջապես մերժեց Սատանայի առաջարկները, երբ նրա կողմից «փորձության ենթարկվեց» (Մարկոս 1։13)։ Ինչո՞ւ։ Քանի որ արդեն գիտեր, թե ինչ պիտի անի։ Խորհի՛ր։ Քանի որ Հիսուսն էլ մարդ էր, ռոբոտ չէր, կարող էր տրվել գայթակղությանը։ Բայց նա այդպես չվարվեց, որովհետև վճռել էր միշտ հնազանդվել իր Հորը (Հովհաննես 8։28, 29)։ Հիսուսը հենց դա նկատի ուներ, երբ ասաց. «Ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ նրա կամքը, ով ուղարկեց ինձ» (Հովհաննես 6։38)։
Ներքևում նշիր երկու պատճառ, թե ինչու պետք է դիմադրես գայթակղությանը և երկու միջոց, որոնցով վճռել ես դիմադրել։
1.․․․․․
2.․․․․․
Հիշի՛ր, երբ տրվում ես գայթակղությանը, դառնում ես քո ցանկությունների գերին (Տիտոս 3։3)։ Արժե՞ արդյոք թույլ տալ, որ ուժգին ցանկություններդ ղեկավարեն քեզ։ Հասունություն դրսևորիր և ինքդ իշխիր քո ցանկությունների վրա (Կողոսացիներ 3։5)։
«Երիտասարդները հարցնում են...» խորագրից ավելի շատ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org/ype վեբ կայքում
[Ծանոթագրություն]
a Անունները փոխված են։
ՄՏԱԾԻՐ
◼ Կարո՞ղ են կատարյալ մարդիկ գայթակղվել (Ծննդոց 6։1–3; Հովհաննես 8։44)։
◼ Փորձության ժամանակ քո հավատարմությունը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել ուրիշների վրա (Առակաց 27։11; 1 Տիմոթեոս 4։12)։
[Շրջանակներ 13–րդ էջի վրա]
ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ
Վերցրու կողմնացույցը և այնպիսի դիրքով դիր, որ սլաքը ուղղված լինի դեպի հյուսիս։ Այնուհետև կողմնացույցի կողքը մագնիս դիր։ Ի՞նչ տեղի կունենա։ Սլաքն այլևս ցույց չի տա ճիշտ ուղղությունը և կթեքվի մագնիսի կողմը։
Քո խիղճը կարելի է նմանեցնել այս կողմնացույցին։ Եթե այն ճիշտ կրթես, ապա ցույց կտա «հյուսիսը» և կօգնի քեզ իմաստուն որոշումներ կայացնել։ Իսկ վատ ընկերակցությունը, մագնիսի նման, կարող է ապականել քո բարոյական արժեքները։ Ի՞նչ կարող ես սովորել։ Փորձիր հեռու մնալ այն մարդկանցից և իրավիճակներից, որոնք կարող են ազդել քո բարոյական չափանիշների վրա (Առակաց 13։20)։
[Շրջանակ 13–րդ էջի վրա]
ԱՌԱՋԱՐԿ
Մտածիր, թե ինչպես կպատասխանես, երբ որևէ մեկը քեզ ներքաշի սխալ գործերի մեջ։ Մի՛ անհանգստացիր։ Դու չես թողնի ինքնավստահ, մեծամիտ մարդու տպավորություն։ Հաճախ միայն պետք է հաստատակամորեն հրաժարվել։ Օրինակ՝ եթե ընկերդ ծխախոտ է առաջարկում, կարող ես ասել. «Ի զուր մի փորձիր, ես չեմ ծխում»։
[Նկար 14–րդ էջի վրա]
Երբ տրվում ես գայթակղությանը, դառնում ես քո ցանկությունների գերին