Վեց քայլ դեպի հաջողություն
ԻՍԿԱԿԱՆ հաջողություն ունենալ նշանակում է ապրել Աստծու չափանիշների համաձայն և կյանքում այնպիսի նպատակ հետապնդել, որը ներդաշնակ է նրա կամքին։ Նա, ով ապրում է այսպիսի կյանքով, «ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան» (Սաղմոս 1։3)։
Ճիշտ է, մենք անկատար ենք և սխալներ ենք թույլ տալիս, սակայն կարո՛ղ ենք հաջողության հասնել։ Ուստի եկեք քննենք վեց քայլեր, որոնք կօգնեն ձեզ։ Դուք կտեսնեք, որ Աստվածաշնչի ճշմարտությունները իսկապես արտացոլում են Աստծու իմաստությունը (Հակոբոս 3։17)։
1 Ճիշտ տեսակետ փողի վերաբերյալ
«Բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք.... ամեն կողմից իրենց շատ ցավերով խոցեցին» (1 Տիմոթեոս 6։10)։ Ուշադրություն դարձրեք, որ խնդիրը փողի մեջ չէ (որի կարիքը բոլորս էլ ունենք), այլ սերն է փողի հանդեպ։ Ցավալի է, բայց այսօր փողը մարդկանց տերն է, կամ՝ աստվածը։
Ինչպես իմացանք առաջին հոդվածից, մարդիկ, ովքեր վազում են հարստության հետևից՝ մտածելով, թե դրանից է կախված իրենց հաջողությունը, իրականում խաբկանքի մեջ են։ Այդպիսի մարդիկ արդյունքում հիասթափվում են, ավելին, բախվում են շատ խնդիրների։ Օրինակ՝ կորցնում են իրենց ընտանիքը և ընկերներին։ Մյուսները մտահոգությունների պատճառով անքուն գիշերներ են անցկացնում։ Ժողովող 5։12–ում գրված է. «Քաղցր է գործաւորի քունը թէ քիչ ուտէ նա, թէկուզ շատ, բայց հարուստի կուշտութիւնը նորան թող չի տալ որ հանգիստ քնէ»։
Փողը ոչ միայն դաժան աստված է, այլև խաբեբա է։ Հիսուս Քրիստոսն ասաց, որ հարստությունը խաբելու զորություն ունի (Մարկոս 4։19)։ Այլ խոսքերով՝ հարստությունը երջանկություն է խոստանում, սակայն իրականում մեզ երջանիկ չի դարձնում, դեռ ավելին, մեր մեջ շատ փող ունենալու ցանկություն է առաջացնում։ Ժողովող 5։10–ում գրված է. «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ»։
Այսպիսով՝ փողասիրությունը տանում է հիասթափության, վհատության, ինքնակործանման, նույնիսկ կարող է դրդել անհատին հանցագործության (Առակաց 28։20)։ Իրականում երջանկությունը և հաջողությունը ավելի շատ կապված են առատաձեռնության, ներողամտության, բարոյական մաքրության, սիրո և Աստծու հետ լավ փոխհարաբերություն ունենալու հետ։
2 Եղեք առատաձեռն
«Ավելի շատ երջանկություն կա տալու, քան թե ստանալու մեջ» (Գործեր 20։35)։ Եթե տալը երջանկություն է պարգևում անհատին, ապա առատաձեռնությունը կարող է նպաստել հարատև երջանկության։ Ինչ խոսք, առատաձեռնությունը տարբեր կերպերով է արտահայտվում։ Սակայն լավագույն կերպերից մեկը մարդկանց հետ ժամանակ անցկացնելն ու նրանց համար բարի գործեր անելն է։
Անշահախնդիր այլասիրության, երջանկության և առողջության մասին որոշ ուսումնասիրություններ կատարելուց հետո հետազոտող Ստիվեն Փոստը եկել է այն եզրահանգման, որ մարդկանց սիրելը և օգնելը նպաստում է երկարակեցությանը, բարելավում է ինքնազգացողությունը, ֆիզիկական առողջությունը և հոգեկան վիճակը, այդ թվում նաև նվազեցնում է դեպրեսիայով տառապելու հավանականությունը։
Բացի այդ, նրանք, ովքեր առատաձեռն են, կարոտություն չեն քաշում։ Առակաց 11։25–ում ասվում է. «Առատաձեռն մարդը կպարարտանա, նա, ով թարմացնում է ուրիշներին, ինքն էլ կթարմանա» (New International Version)։ Իրոք, նրանք, ովքեր առատաձեռն են, այսինքն՝ չեն տալիս՝ փոխարենը ստանալու ակնկալիքով, գնահատվում են և սիրվում, հատկապես Աստծու կողմից (Եբրայեցիներ 13։16)։
3 Մեծահոգաբար ներեք
«Շարունակեք.... մեծահոգաբար ներել իրար, եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի։ Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, նույնն էլ դուք արեք» (Կողոսացիներ 3։13)։ Այսօր մարդիկ չեն ուզում ներողամիտ լինել, ընդհակառակը՝ նրանք գերադասում են վրեժխնդիր լինել։ Արդյո՞ւնքը. վիրավորանքից վիրավորանք է ծնվում, իսկ բռնությունից՝ բռնություն։
Բայց սա դեռ ամենը չէ։ Մոնրեալի թերթերից մեկում նշվում է. «Մի ուսումնասիրություն, որն անցկացվել է 18–30 տարեկան ավելի քան 4 600 հոգու հետ, ցույց է տվել, որ ինչքան ընկճված ու չար են մարդիկ և որքան թշնամաբար են տրամադրված», այնքան նրանց թոքերը վատառողջ են (The Gazette)։ Իրականում նրանք ավելի վատ վիճակում են հայտնվում, քան ծխողները։ Փաստորեն, ներողամիտ լինելու արդյունքում մարդը ոչ միայն լավ փոխհարաբերություններ է ունենում ուրիշների հետ, այլև առողջ է մնում։
Իսկ ինչպե՞ս կարող եք ներել ուրիշներին։ Առաջին քայլը անկեղծ ինքնաքննությունն է։ Հարցրեք ինքներդ ձեզ. «Երբեմն վիրավորո՞ւմ եմ ուրիշներին»։ Մի՞թե երախտապարտ չեք լինում, երբ նրանք ներում են ձեզ։ Ուրեմն դուք էլ ներեք մարդկանց (Մատթեոս 18։21–35)։ Հաջորդ քայլը ինքնատիրապետում ունենալն է։ «Հաշվեք մինչև տասը», կամ՝ մի որոշ ժամանակ սպասեք, մինչև որ հանդարտվեք։ Հիշե՛ք, ինքնատիրապետում դրսևորելու համար անհատը պետք է ուժեղ լինի։ Առակաց 16։32–ում ասվում է. «Երկայնամիտը [ինքնատիրապետում ունեցողը] զօրաւորիցը լաւ է»։ Իսկ եթե «զօրաւորիցը լաւ է», ուրեմն նա հաջողակ մարդ է։
4 Առաջնորդվեք Աստծու չափանիշներով
«Տիրոջ հրամանները մաքուր են, լուսաւորում են աչքերը» (Սաղմոս 19։8)։ Աստծու չափանիշները մեր բարօրության համար են և պաշտպանում են մեզ այնպիսի վնասակար սովորություններից, ինչպիսիք են՝ հարբեցողությունը, անբարոյությունը, թմրանյութեր օգտագործելը և պոռնկագրություն դիտելը (2 Կորնթացիներ 7։1; Կողոսացիներ 3։5)։ Դրանց հետևանքով մարդիկ մտավոր և էմոցիոնալ խնդիրներ են ունենում, դառնում են կասկածամիտ, աղքատանում են, կորցնում են ընտանիքը, լուրջ հիվանդություններ են ձեռք բերում և նույնիսկ վաղաժամ մահանում են։
Իսկ նրանք, ովքեր ապրում են Աստծու չափանիշներով, ուրիշների հետ լավ փոխհարաբերություններ, ինչպես նաև ինքնահարգանքի զգացում են ունենում և ներքին խաղաղություն են վայելում։ Աստված ասում է. «Քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը։ Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս» (Եսայիա 48։17, 18)։ Այո՛, մեր Արարիչը բարին է ցանկանում մեզ։ Նա ուզում է առաջնորդել մեզ այն ճանապարհով, որը տանում է իսկական հաջողության։
5 Դրսևորեք անշահախնդիր սեր
«Սերը կերտում է» (1 Կորնթացիներ 8։1)։ Կարո՞ղ եք պատկերացնել կյանքն առանց սիրո։ Որքան դատարկ ու անիմաստ կլիներ մեր գոյությունը։ Պողոս առաքյալը Աստծու ներշնչմամբ գրել է. «Եթե.... սեր չունենամ [ուրիշների հանդեպ], ես ոչինչ եմ» (1 Կորնթացիներ 13։2, 3)։
Պողոսը չխոսեց ռոմանտիկ սիրո մասին, նա նկատի ուներ այն սերը, որը հիմնված է Աստծու սահմանած սկզբունքների վրաa (Մատթեոս 22։37–39)։ Այդ սերը միայն զգացմունք չէ, այն դրսևորվում է գործերով։ Պողոսն ասաց, որ սերը նաև համբերատար է, բարի, այն նախանձոտ, սնապարծ ու հպարտ չէ։ Սկզբունքային սերը փնտրում է ուրիշների շահը, վիրավորանքները չի հաշվում ու ներում է։ Այն կերտում է, և դրա շնորհիվ մենք մարդկանց, հատկապես մեր ընտանիքի անդամների հետ լավ փոխհարաբերություններ ենք ունենում (1 Կորնթացիներ 13։4–8)։
Ծնողների համար սիրել նշանակում է ջերմորեն կապված լինել իրենց երեխաների հետ, ինչպես նաև Աստվածաշնչի վրա հիմնված վարքագծի հստակ կանոններ սահմանել նրանց համար։ Այսպիսի մթնոլորտում մեծացած երեխաները ապահովության զգացում են ունենում, կայուն կյանքով են ապրում և իրենց սիրված ու գնահատված են զգում (Եփեսացիներ 5։33–6։4; Կողոսացիներ 3։20)։
Միացյալ Նահանգներում ապրող Ջեք անունով մի երիտասարդ դաստիարակվել էր Աստվածաշնչի սկզբունքներով։ Երբ նա սկսեց ծնողներից առանձին ապրել, նրանց մի նամակ գրեց. «Միշտ փորձել եմ հետևել [Աստվածաշնչի] հետևյալ պատվիրանին՝ պատվիր քո հորը և քո մորը.... և քեզ համար բարիք կլինի (Բ Օրինաց 5։16)։ Այդ պատճառով էլ կյանքս ճիշտ հունով է ընթացել։ Դա ձեր սիրո և հոգատարության շնորհիվ է եղել։ Երախտապարտ եմ ձեր ջանքերի ու աջակցության համար»։ Ի՞նչ կզգայիք, եթե ձեր երեխան այսպիսի նամակ գրեր։ Մի՞թե ձեր սիրտը չէր լցվի անսահման ուրախությամբ։
Սկզբունքային սերը «ուրախանում է ճշմարտության հետ» (1 Կորնթացիներ 13։6; Հովհաննես 17։17)։ Բերենք օրինակ. մի ամուսնական զույգ խնդիրներ ունի։ Նրանք որոշում են միասին կարդալ Հիսուսի խոսքերը՝ գրված Մարկոս 10։9–ում. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ [ամուսնության մեջ], թող մարդը չբաժանի»։ Այնուհետև նրանք սկսում են խորհրդածել այս համարի շուրջ. «Արդյոք ուրախանո՞ւմ ենք Աստվածաշնչի «ճշմարտության հետ», ամուսնությունը համարո՞ւմ ենք սուրբ, ինչպես որ Աստված է սուրբ համարում։ Ցանկանո՞ւմ ենք ջանքեր թափել, որպեսզի սիրով լուծենք մեր խնդիրները»։ Եթե այդպես վարվեն, ապա նրանց ամուսնությունը հաջողված կլինի, իսկ նրանք երջանիկ ամուսիններ կլինեն։
6 Բավարարեք ձեր հոգևոր կարիքները
«Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։ Ի տարբերություն կենդանիների՝ մարդիկ օժտված են հոգևոր բաները գնահատելու ընդունակությամբ։ Ուստի կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Ո՞րն է կյանքի նպատակը։ Գոյություն ունի՞ արդյոք Ստեղծիչ։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդ մահանում է։ Ի՞նչ է սպասում ապագայում»։
Ամբողջ աշխարհում միլիոնավոր ազնվասիրտ մարդիկ գտել են այդ հարցերի պատասխանները Աստծու Խոսքում։ Օրինակ՝ վերջին հարցը առնչվում է Աստծու՝ մարդկության նկատմամբ ունեցած նպատակի հետ։ Ո՞րն է այդ նպատակը։ Երկիրը վերածվելու է դրախտի, որտեղ բնակվելու են մարդիկ, ովքեր սիրում են Աստծուն և ապրում են նրա չափանիշներով։ Սաղմոս 37։29–ում ասվում է. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում»։
Հստակ է՝ մեր Ստեղծիչը չի ուզում, որ մենք միայն 70 կամ 80 տարի ապրենք հաջողակ կյանքով։ Նա ցանկանում է, որ մենք հավիտյան հաջողակ լինենք։ Ուստի ժամանակն է, որ սկսեք ճանաչել Ստեղծչին։ Հիսուսն ասաց. «Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Եթե գիտելիքներ ձեռք բերեք և կիրառեք դրանք կյանքում, կտեսնեք, որ «Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ» (Առակաց 10։22)։
[Ծանոթագրություն]
a Քրիստոնեական Հունարեն Գրություններում՝ Նոր Կտակարանում, գործածված «սեր» բառը գրեթե մեծ մասամբ հունարեն ագա՛պե բառի թարգմանությունն է։ Ագա՛պեն սիրո մի տեսակ է, որը մղում է քեզ գիտակցաբար սիրելու դիմացինին՝ անկախ քո կամքից, քանի որ դա առնչվում է սկզբունքի, պարտականության և ճիշտ վարք դրսևորելու հետ։ Սակայն ագա՛պեն նաև խոր և ջերմ զգացում է (1 Պետրոս 1։22)։
[Շրջանակ 7–րդ էջի վրա]
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
◼ Առողջ վախ ունեցիր Աստծու հանդեպ։ «Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է» (Առակաց 9։10)։
◼ Իմաստնորեն ընտրիր ընկերներիդ։ «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ» (Առակաց 13։20)։
◼ Ինքնատիրապետում ունեցիր։ «Գինեմոլն ու որկրամոլը պիտի աղքատանան» (Առակաց 23։21)։
◼ Վրեժխնդիր մի՛ եղիր։ «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք» (Հռոմեացիներ 12։17)։
◼ Եղիր աշխատասեր։ «Եթե որևէ մեկը չի ուզում աշխատել, ուրեմն թող ոչ էլ ուտի» (2 Թեսաղոնիկեցիներ 3։10)։
◼ Կիրառիր Ոսկե կանոնը։ «Ամեն ինչում, ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դո՛ւք արեք նրանց» (Մատթեոս 7։12)։
◼ Զսպիր լեզուդ։ «Նա, ով ցանկանում է սիրել կյանքը և լավ օրեր տեսնել, թող իր լեզուն պահի չարիքից» (1 Պետրոս 3։10)։
[Շրջանակ 8–րդ էջի վրա]
ԱՄԵՆԱԼԱՎ ԴԵՂԸ ՍԵՐՆ Է
Բժիշկ Դեն Օրնիշը գրում է. «Սերը և մտերիմ փոխհարաբերությունները մեծ ազդեցություն են թողնում այն բանի վրա, ինչը կարող է կա՛մ հիվանդացնել, կա՛մ լավացնել, կա՛մ տխրեցնել, կա՛մ ուրախացնել, կա՛մ տառապանք պատճառել, կա՛մ երջանկացնել։ Եթե մի այդպիսի դեղ լիներ, ապա գրեթե բոլոր բժիշկները հենց դա կառաջարկեին իրենց հիվանդներին։ Եվ եթե չգրվեր այդպիսի դեղատոմս, կարծում եմ՝ դա առնվազն հանցագործություն կլիներ»։
[Շրջանակ 9–րդ էջի վրա]
ՀՈՒՍԱՀԱՏ ՄԱՐԴԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՋՈՂԱԿ
Երբ Բալկանյան թերակղզում պատերազմ սկսվեց, Միլանկոն զորակոչվեց բանակ։ Իր սխրանքների համար մարդիկ նրան կոչում էին «Ռեմբո»։ Սակայն ժամանակի ընթացքում Միլանկոն հիասթափություն ապրեց՝ տեսնելով զինվորականների այլասերվածությունն ու կեղծավորությունը։ Նա պատմում է. «Ես սկսեցի անբարո կյանքով ապրել, ծխել, ալկոհոլ և թմրանյութ օգտագործել, դարձա խաղամոլ։ Կյանքս դժոխք էր դարձել, ոչ մի ելք չէի տեսնում»։
Այդ անհույս վիճակում Միլանկոն սկսեց Աստվածաշունչ կարդալ։ Մի օր իր բարեկամներից մեկի տանը նա տեսավ «Դիտարան» պարբերագիրը, որը հրատարակվում է Եհովայի վկաների կողմից։ Նրան դուր եկավ այն, ինչ կարդաց։ Շուտով սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Աստծու Խոսքի ճշմարտությունը նրան օգնեց երջանկություն գտնել և հասնել իսկական հաջողության։ Նա պատմում է. «Ասես նոր ուժ ստացա։ Թողեցի բոլոր վատ սովորություններս, ուրիշ անձնավորություն դարձա և կյանքս նվիրեցի Եհովային։ Իմ ծանոթները ինձ այլևս «Ռեմբո» չեն կոչում, քանի որ ես մեղմ մարդ եմ դարձել»։