Խելամտորեն տնօրինեք ձեր փողը
«ՓՈՂԸ ամեն չարիքի արմատն է»։ Մարդիկ կարծում են, որ այս խոսքերը վերցված են Աստվածաշնչից։ Իրականում Աստծու Խոսքում գրված է. «Բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է» (1 Տիմոթեոս 6։10)։ Որոշ մարդիկ իսկապես փողասեր են և իրենց կյանքը նվիրել են հարստություն կուտակելուն։ Ուրիշներն էլ դառնում են փողի գերին և հետագայում քաղում են դրա դառը պտուղները։ Բայցևայնպես, Աստվածաշնչում գրված է. «Արծաթը պատասխան է տալիս ամենին» (Ժողովող 10։19)։ Այո՛, փողն արժեքավոր է, եթե խելամտորեն է օգտագործվում։
Թեև Աստվածաշունչը ֆինանսավարության ուղեցույց չէ, սակայն պարունակում է գործնական խորհուրդներ, որոնք օգնում են ճիշտ տնօրինելու փողը։ Խորհրդատուները սովորաբար առաջարկում են հետևել ներքոհիշյալ հինգ քայլերին, որոնք ներդաշնակ են նաև աստվածաշնչային սկզբունքներին։
Հաշվի առեք, թե ինչ եկամուտ եք ստանում, և ծախսեք ավելի քիչ, քան վաստակում եք
Խնայողություն արեք։ Աստվածաշնչից իմանում ենք, որ հնում իսրայելացիները խնայողություններ էին անում։ Նրանց պատվեր էր տրվել իրենց եկամտի տասը տոկոսը մի կողմ դնել, որպեսզի ներկա գտնվեն տարեկան տոնակատարություններին (Բ Օրինաց 14։22–27)։ Պողոս առաքյալը նույնպես հորդորեց առաջին դարի քրիստոնյաներին ամեն շաբաթ փող հավաքել կարիքավոր հավատակիցներին օգնելու համար (1 Կորնթացիներ 16։1, 2)։ Իսկ ի՞նչ են առաջարկում խորհրդատուները։ Օրինակ՝ երբ աշխատավարձ եք ստանում, որոշակի գումար դրեք բանկում կամ պահեք այլ ապահով վայրում։ Այդպես կկարողանաք դիմադրել չափից շատ փող ծախսելու գայթակղությանը։
Կազմեք ֆինանսական նախահաշիվ։ Սա միակ գործնական միջոցն է ձեր ծախսերը վերահսկելու և նվազեցնելու համար։ Այդպես դուք կիմանաք, թե ինչի վրա է ծախսվում փողը և հեշտությամբ կիրականացնեք ձեր ծրագրերը։ Հաշվի առեք, թե ինչ եկամուտ եք ստանում, և ծախսեք ավելի քիչ, քան վաստակում եք։ Կարիքների և ցանկությունների միջև հստակ սահման դրեք։ Հիսուսը խորհուրդ տվեց որևէ բան նախաձեռնելուց առաջ «հաշվել ծախսը» (Ղուկաս 14։28)։ Իսկ Առակաց 22։7–ում խորհուրդ է տրվում խուսափել անհարկի պարտքերից։
Ծրագրեք։ Մտածեք ձեր ապագայի մասին։ Օրինակ՝ գուցե որոշեք ողջամտության սահմաններում վարկ վերցնել բնակարան գնելու համար կամ ապահովագրել ձեր կյանքը, առողջությունը և այլ բաներ։ Ապագայի մասին մտածել նաև նշանակում է հաշվի առնել, որ հետագայում թոշակի եք անցնելու։ Առակաց 21։5–ում (ՆԱ) գրված է. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն»։
Կարիքների և ցանկությունների միջև հստակ սահման դրեք
Սովորեք։ Միշտ ձգտեք սովորել։ Գուցե հարկ լինի որոշակի գումար ծախսել ինչ–որ արհեստ սովորելու համար։ Նաև խելամիտ կլինի փող չխնայել առողջության համար։ Հետագայում երբեք չեք ափսոսա, որ այդպես եք վարվել։ Աստվածաշունչը բարձր է գնահատում «խոհեմութիւնն [«գործնական իմաստությունը», ՆԱ] ու խորհուրդը [«մտածելու ունակությունը», ՆԱ]» (Առակաց 3։21, 22; Ժողովող 10։10)։
Եղեք հավասարակշռված։ Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ նրանք, ովքեր մտածում են մարդկանց մասին և ոչ թե փողի, ավելի երջանիկ են։ Սակայն ոմանք կորցնում են իրենց հավասարակշռությունը և դառնում են փողասեր ու ագահ, քանի որ հիմնական կարիքները հոգալուց բացի, ձգտում են նաև հարստության։ Իսկ ինչի՞ կարիք ունի մարդն իրականում։ Պողոս առաքյալը պատասխանում է այս հարցին. «Ուտելիք, հագուստ և ծածկ ունենալով՝ դրանցով բավարարվենք» (1 Տիմոթեոս 6։8)։ Եթե բավարարվում ենք մեր ունեցածով, ապա չենք ընկնի փողասիրության ծուղակը և կխուսափենք բազում խնդիրներից։
Այո՛, փողասիրությունը ամեն չարիքի արմատն է։ Սակայն եթե խելամտորեն օգտագործեք փողը, դուք նրա ծառան չեք դառնա։ Բացի այդ, կկենտրոնանաք ավելի կարևոր բաների վրա՝ ձեր ընտանիքի, ընկերների ու Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունների։ Ինչ խոսք, հնարավոր չէ ընդհանրապես չանհանգստանալ փողի մասին։ Շուտով փողի հետ կապված անհանգստությունները կվերանան։ Ինչպե՞ս։ Հաջորդ հոդվածում կգտնեք այս հարցի պատասխանը։
«Ուտելիք, հագուստ և ծածկ ունենալով՝ դրանցով բավարարվենք»