ԳՆԱՃ. ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՐԵԼ
Առատաձեռն եղեք
Թանկացումները դժվարացնում են կյանքը, ուստի գուցե մտածեք, որ առատաձեռնության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Բայց իրականում առատաձեռնություն դրսևորելը կարող է օգտակար լինել տնտեսական դժվարությունները հաղթահարելու հարցում։ Հնարավո՛ր է լինել և՛ տնտեսող, և՛ առատաձեռն։
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ
Առատաձեռնությունը, թեկուզ փոքր հարցերում, երջանկացնում է մարդուն և բարձրացնում նրա ինքնահարգանքը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տալու պատրաստակամությունը դրական է անդրադառնում մեր ֆիզիկական և մտային առողջության վրա. նվազեցնում է տագնապի զգացումը, մտային լարվածությունը, արյան ճնշումը և այլ ցավ ու տկարություն։ Նաև նպաստում է լավ քնելուն։
Երբ ֆինանսապես կամ այլ կերպերով օգնում ենք ուրիշներին, հետո ավելի հեշտ ենք օգնություն ընդունում, երբ մենք ենք ունենում դրա կարիքը։ Հովարդը, ով ապրում է Անգլիայում, ասում է. «Ես ու կինս ձգտում ենք առատաձեռն լինել ուրիշների հանդեպ և նրանց օգնելու կերպեր ենք փնտրում, դրա համար էլ հետո, երբ ինքներս ենք օգնության կարիք ունենում, այդքան վատ չենք զգում մեզ ցույց տրված աջակցությունից»։ Իհարկե, սրտանց առատաձեռնություն դրսևորող մարդիկ ի պատասխան ոչինչ չեն ակնկալում։ Բայց նման վերաբերմունքի շնորհիվ ձեռք են բերում իսկական ընկերներ, ովքեր պատրաստ են նեղ պահին ձեռք մեկնել։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
Ձեր ունեցածից բաժին հանեք ուրիշներին։ Նույնիսկ եթե ձեր ունեցածը քիչ է, միևնույն է, կարող եք ինչ-որ բան տալ ուրիշին, թեկուզ որևէ հասարակ կերակուր հյուրասիրել։ Դունկանն ու նրա ընտանիքը, ովքեր Ուգանդայում են ապրում, շատ աղքատիկ միջոցներ ունեն, բայց դա չի խանգարում, որ առատաձեռն լինեն։ Դունկանն ասում է. «Կիրակի օրերին ես ու կինս հյուր ենք կանչում ու համեստ սեղան գցում։ Այդպես հաճելի ընկերակցություն ենք վայելում»։
Իհարկե, առատաձեռն լինելիս հարկավոր է նաև ողջամիտ լինել։ Պետք է այնպես անեք, որ ձեր ընտանիքի համար անհարկի ֆինանսական դժվարություններ չստեղծեք (Հոբ 17։5)։
Փորձեք հետևյալը։ Կարելի է ինչ-որ պարզ կերակուր կամ նույնիսկ խմելու մի բան հյուրասիրել։ Եթե ունեք իրեր, որոնց կարիքն այլևս չունեք, գուցե որոշեք դրանք տալ ձեր ընկերներին կամ հարևաններին, ում դրանք պետք են, և ովքեր ուրախությամբ կվերցնեն դրանք։
Առատաձեռն եղեք այլ կերպերով։ Կան նվերներ, որոնց համար գումար պետք չէ, բայց դրանք անգին են։ Օրինակ՝ կարող եք նվիրել ձեր ժամանակը և ուշադրությունը կամ օգտակար բաներ անել ուրիշների համար։ Լավ նվեր կարող են լինել նույնիսկ բարի խոսքերը։ Ուստի հաճախ ասեք մարդկանց, որ սիրում ու գնահատում եք նրանց։
Փորձեք հետևյալը։ Օգնեք ուրիշներին կենցաղային և այլ անհրաժեշտ գործերում կամ ինչ-որ բան վերանորոգելու հարցում։ Կարող եք նաև մի անկեղծ բացիկ գրել ձեր ընկերոջը կամ հաղորդագրություն ուղարկել՝ թեկուզ ուղղակի ասելու, որ մտածում եք նրա մասին։
Երբ առատաձեռն լինելու առիթներ ենք փնտրում, երջանկության դուռ ենք բացում մեր առջև։