Եթե մեկն ասում է. «Դա ձեր Աստվածաշունչն է»
Կարող ես պատասխանել. «Իսկ Աստվածաշնչի ո՞ր թարգմանությունից եք դուք օգտվում»։ Գուցե... [Թվարկիր ձեր լեզվով թողարկված թարգմանություններից մի քանիսը։] Ինչպես գիտեք, շատ թարգմանություններ կան»։ Այնուհետև կարող ես ավելացնել. «Ես ուրախությամբ կօգտվեմ ձեր առաջարկած ցանկացած թարգմանությունից։ Սակայն ձեզ գուցե հետաքրքիր լինի իմանալ, թե ինչու է ինձ հատկապես դուր գալիս օգտվել «Նոր աշխարհ թարգմանությունից»։ Բանն այն է, որ այն գրված է ժամանակակից և հասկանալի լեզվով, իսկ թարգմանիչների համար հիմք են ծառայել այն լեզուները, որոնցով գրվել է Աստվածաշնչի բնօրինակը»։
Կամ էլ կարող ես ասել. «Ձեր խոսքերից կարող եմ հետևություն անել, որ ձեր տանը Աստվածաշունչ կա։ Ո՞ր թարգմանությունից եք դուք օգտվում։ [Թույլ տուր պատասխանել։] Չէի՞ք կարող բերել այն»։ Այնուհետև կարող ես ավելացնել. «Որ թարգմանությունից էլ օգտվելու լինենք, Յովհաննէս 17։3–ում Հիսուս Քրիստոսը շատ կարևոր միտք ընդգծեց բոլորիս համար։ Կարդացեք, խնդրեմ, այս աստվածաշնչյան խոսքը ձեր Աստվածաշնչում...»։
Այլ հնարավոր պատասխան. «Աստվածաշնչի շատ թարգմանություններ կան։ Մեր կազմակերպությունը խրախուսում է մարդկանց օգտվել տարբեր թարգմանություններից և համեմատություններ կատարել Սուրբ գրությունների ճշգրիտ իմաստն ըմբռնելու համար։ Ինչպես դուք հավանաբար գիտեք, սկզբից Աստվածաշունչը գրվել է եբրայերեն, արամերեն և հունարեն լեզուներով։ Մենք, ինչ խոսք, երախտապարտ ենք այն թարգմանիչներին, ովքեր Աստվածաշունչը թարգմանել են մեր լեզվով։ Իսկ Աստվածաշնչի ո՞ր թարգմանությունից եք դուք օգտվում»։
Եվս մեկ տարբերակ. «Դուք հավանաբար սիրում եք Աստծո Խոսքը։ Այդ պատճառով ես վստահ եմ, որ ձեզ համար հետաքրքիր կլինի իմանալ, թե որն է «Նոր աշխարհ թարգմանության» գլխավոր տարբերություններից մեկը՝ համեմատած մյուս թարգմանությունների հետ։ Այն ընդգրկում է Սուրբ գրություններում հիշատակված ամենակարևոր անձնավորության անունը։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այդ անունը»։ Այնուհետև կարող ես ավելացնել. 1) «Գիտեի՞ք արդյոք, որ այդ անունը Աստվածաշնչի եբրայերեն լեզվով գրված բնօրինակում հանդիպում է մոտ 7 000 անգամ. ավելի հաճախակի, քան որևէ այլ անուն»։ 2) Ունի՞ նշանակություն՝ օգտագործում ենք Աստծո անձնական անունը, թե՝ ոչ։ Օրինակ՝ ունե՞ք մտերիմ ընկերներ, որոնց անունները չգիտեք։ [Թույլ տուր պատասխանել։] Եթե ուզում ենք մտերիմ փոխհարաբերություններ ունենալ Աստծո հետ, շատ կարևոր է իմանալ նրա անունը։ Տեսեք, թե ինչ ասաց Հիսուսը Յովհաննէս 17։3, 6–ում (Ելից 15։3)»։