Աստվածաշնչի գիրք համար 8. Հռութ
Գրողը՝ Սամուել
Գրվելու վայրը՝ Իսրայել
Գրության ավարտը՝ մ.թ.ա. մոտ 1090թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ դատավորների ժամանակաշրջանի 11 տարի
1. ա) Ինչո՞ւ «Հռութ» գիրքը պարզապես սիրո պատմություն չէ։ բ) Ի՞նչ պատվի է արժանացել Հռութը։
«ՀՌՈՒԹ» գիրքը հիասքանչ պատմություն է, որում կարևոր տեղ է հատկացվում Բոոսի ու Հռութի սիրո մասին արձանագրությանը։ Բայց այն միայն ռոմանտիկ պատմություն չէ, որի նպատակը ընթերցողներին զվարճացնելն է։ Այդ գիրքը լույս է սփռում Թագավորության համար ժառանգ առաջ բերելու Եհովայի նպատակի վրա և մեծարում է նրա սիրառատ բարությունը (Հռութ 1։8; 2։20; 3։10)։ Նրանում ցույց է տրված Եհովայի անսահման սերը։ Չէ՞ որ նա մովաբացի կնոջ ընտրեց լինելու Հիսուս Քրիստոսի նախամայրը, մի կնոջ, որը նախկինում Քամոս հեթանոսական աստծու երկրպագու էր եղել, բայց հետո դարձել էր դեպի ճշմարիտ Աստված։ Հռութը այն չորս կանանցից մեկն է, որոնք անունով նշված են Աբրահամից Հիսուս տոհմաբանության մեջ (Մատթ. 1։3, 5, 16)։ Կանանցից միայն Հռութն ու Եսթերն են արժանացել այն բանին, որ իրենց անունով կոչվեն աստվածաշնչյան գրքերը։
2. ա) Ե՞րբ են տեղի ունեցել «Հռութ» գրքում նկարագրված իրադարձությունները։ բ) Ե՞րբ և ո՞վ է գրի առել այդ գիրքը։
2 «Այն օրերին, երբ դատավորներն էին կառավարում...»։ Այսպես է սկսվում «Հռութ» գրքի հուզիչ պատմությունը։ Այս խոսքերից կարելի է ենթադրել, որ գիրքը գրվել է ավելի ուշ՝ Իսրայելի թագավորների օրոք։ Սակայն նրանում արձանագրված իրադարձություններն ընդգրկում են դատավորների ժամանակաշրջանի մոտ 11 տարի։ Թեև չի նշվում գիրքը գրողի անունը, ամենայն հավանականությամբ, դա եղել է այն անձնավորությունը, որը գրել է «Դատավորներ» գիրքը, իսկ այդ գրքի գրությունը վերագրվում է Սամուելին։ Թագավորների դարաշրջանի սկզբում հենց նա էր աչքի ընկնում Աստծու հանդեպ իր հավատարմությամբ։ Դատելով վերջին խոսքերից՝ կարելի է եզրակացնել, որ երբ գրվում էր գիրքը, Դավիթն արդեն որոշ չափով հայտնի էր։ Ուստի գրքի գրությունը կարելի է վերագրել մ.թ.ա. մոտ 1090թ.-ին։ Ինչ խոսք, Սամուելը մեծապես հետաքրքրված էր Դավթի տոհմաբանությունը գրի առնելով, քանի որ լավատեղյակ էր Եհովայի խոստմանը, որի համաձայն՝ Հուդայի ցեղից «առյուծ» պետք է առաջ գար, և հենց նա էր, որ Աստծու հրահանգով Դավթին թագավոր օծեց, որն այդ ցեղից էր (Ծննդ. 49։9, 10; 1 Սամ. 16։1, 13; Հռութ 1։1, 4; 4։13, 18–22)։
3. Ո՞ր փաստերն են հաստատում «Հռութ» գրքի կանոնականությունը։
3 «Հռութ» գրքի կանոնականությունը երբեք կասկածի չի ենթարկվել։ Միայն այն փաստը, որ Հիսուսի տոհմաբանության մեջ նշվում է Հռութի անունը, ինչը գրի է առնվել Եհովայի ներշնչմամբ, խոսում է հօգուտ այդ գրքի վավերականության (Մատթ. 1։5)։ Հրեաները միշտ «Հռութ» գիրքը համարել են եբրայերեն կանոնի մի մասը։ Ուստի զարմանալի չէ, որ Մեռյալ ծովի ձեռագրերում (որոնցից առաջինները գտնվել են 1947թ.-ին) «Հռութ» գրքի ֆրագմենտները այլ կանոնական գրքերի թվում էին։ Ավելին, այդ գիրքը ամբողջությամբ ներդաշնակ է Թագավորության հետ կապված Եհովայի նպատակներին, ինչպես նաև Մովսեսի օրենքին։ Թեև իսրայելացիներին արգելվում էր ամուսնանալ քանանացիների ու մովաբացիների հետ, որոնք կռապաշտ էին, այդ արգելքը չէր վերաբերում այն օտարերկրացիներին, ովքեր Հռութի նման՝ Եհովայի երկրպագու էին դարձել։ «Հռութ» գրքում կարելի է տեսնել, թե ինչպես են ամենայն մանրամասնությամբ կատարվել փրկագնելու իրավունքի ու տեգրի պարտավորության մասին օրենքները (2 Օրենք 7։1–4; 23։3, 4; 25։5–10)։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
4. Ի՞նչ որոշման առաջ է կանգնում Հռութը, և ինչպե՞ս է նրա կատարած ընտրությունը ցույց տալիս, թե ում է ցանկանում ծառայել։
4 Հռութը որոշում է Նոեմիի հետ մնալ (1։1–22)։ Պատմությունը սկսվում է նրանով, որ Իսրայելում սով է։ Բեթլեհեմից Ելիմելեք անունով մի մարդ իր կնոջ՝ Նոեմիի ու երկու որդիների՝ Մաալոնի ու Քելլոնի հետ անցնում է Հորդանանը, որպեսզի որոշ ժամանակով բնակվի Մովաբի երկրում։ Այնտեղ նրանց որդիները մովաբացի կանայք են առնում։ Մեկի անունը Օրփա է, իսկ մյուսինը՝ Հռութ։ Ընտանիքում դժբախտություն է լինում. սկզբում մահանում է հայրը, հետո՝ երկու որդիները։ Քանի որ երեք այրիացած կանայք զավակ չունեն, Ելիմելեքը առանց սերնդի է մնում։ Լսելով, որ Եհովան կրկին ուշադրություն է դարձրել իր ժողովրդին ու նրանց հաց է տվել՝ Նոեմին որոշում է ճանապարհ ընկնել, որ վերադառնա Հուդայի երկիր։ Հարսները նրա հետ են գնում։ Նոեմին խնդրում է նրանց, որ վերադառնան Մովաբ, և մաղթում է, որ Եհովան սիրառատ բարություն ցուցաբերի նրանց հանդեպ և ամուսին տա իրենց ժողովրդի միջից։ Օրփան «հետ է դառնում իր ժողովրդի ու իր աստվածների մոտ», իսկ Հռութը մնում է Նոեմիի հետ։ Նա հաստատ վճռել է ծառայել Եհովային։ Նրա որոշումը արտահայտված է հետևյալ գեղեցիկ խոսքերում. «Ուր էլ որ գնաս, ես էլ կգամ, որտեղ էլ որ գիշերն անցկացնես, ես էլ այնտեղ կանցկացնեմ։ Քո ժողովուրդը իմ ժողովուրդը կլինի, և քո Աստվածը իմ Աստվածը կլինի։ Որտեղ էլ որ դու մեռնես, ես էլ այնտեղ կմեռնեմ ու կթաղվեմ։ Թող Եհովան այսպես և սրանից ավելին անի ինձ, թե որ մահից բացի մեկ ուրիշ բան բաժանի ինձ քեզանից» (1։15–17)։ Այրի և անզավակ Նոեմին, որի անունը նշանակում է «հաճելի», իր անունը Մարա է դնում, որը նշանակում է «դառը»։
5. Ի՞նչ հիանալի հատկություններ է դրսևորում Հռութը, և ինչպե՞ս է Բոոսը քաջալերում նրան։
5 Հռութը Բոոսի արտում հավաքում է մնացորդները (2։1–23)։ Բեթլեհեմ հասնելով՝ Հռութը Նոեմիից թույլտվություն է վերցնում գնալ ու հնձվորների հետևից հավաքել գարու մնացած հասկերը։ Արտի տերը՝ Բոոսը, նկատում է նրան։ Այդ տղամարդը, որն արդեն երիտասարդ չէ, Հռութի սկեսրայր Ելիմելեքի մոտ ազգականն է։ Թեև Աստծու օրենքը Հռութին իրավունք է տալիս հավաքելու բերքի մնացորդները, նա խոնարհություն է դրսևորում՝ թույլտվություն խնդրելով, որ աշխատի արտում (Ղևտ. 19։9, 10)։ Նրան թույլ են տալիս, և Բոոսը ասում է, որ հավաքելու համար ուրիշ արտ չգնա, այլ մնա իրեն ծառայող աղջիկների հետ։ Բոոսը Հռութին ասում է, որ լսել է Նոեմիի հանդեպ նրա հավատարմության մասին, և քաջալերում է նրան. «Թող Եհովան վարձատրի քեզ քո արածի համար, և թող քո վարձատրությունը լիակատար լինի Իսրայելի Աստծու՝ Եհովայի կողմից, որի թևերի տակ դու եկել ես ապաստան փնտրելու» (Հռութ 2։12)։ Այդ երեկո Հռութը առատաձեռնորեն Նոեմիի հետ կիսում է իր հավաքածը՝ պատմելով, որ այդ ամենով պարտական է Բոոսի բարությանը։ Եհովայի ձեռքը տեսնելով՝ Նոեմին բացականչում է. «Օրհնյալ լինի նա Եհովայից, որ իր սիրառատ բարությունը չպակասեցրեց ողջերից ու մեռածներից»։ Ապա ավելացնում է. «Այդ մարդը մեր ազգականն է։ Նա մեկն է այն մարդկանցից, ով փրկագին տալու իրավունք ունի» (2։20)։ Քանի որ Բոոսը մոտ ազգական է, նա իրավունք ունի սերունդ առաջ բերել Նոեմիի համար, «որպեսզի մահացածի [Ելիմելեքի] անունը վերականգնվի նրա ժառանգության վրա» (4։5, 10)։ Հռութը շարունակում է հավաքել մնացած հասկերը Բոոսի արտերում մինչև գարու և ցորենի հնձի ավարտը։
6. Ինչպե՞ս է Հռութը հայտնում փրկագնվելու իր իրավունքի մասին, և ինչպիսի՞ն է Բոոսի արձագանքը։
6 Բոոսը՝ որպես փրկագնող, ամուսնանում է Հռութի հետ (3։1–4։22)։ Քանի որ Նոեմին հասակն առել է և չի կարող երեխա ունենալ, ասում է Հռութին, որ իր փոխարեն ամուսնանա իր ամուսնու ամենամոտ ազգականի հետ, որ իր համար ժառանգ ունենա։ Բերքահավաքի զբաղված սեզոնին հողատերերը սովորաբար մնում են արտերում և անձամբ են հետևում հացահատիկի քամհարելուն։ Այդ աշխատանքը երեկոյան են անում, երբ շոգ օրից հետո փչում է զեփյուռը։ Այսպիսով՝ Բոոսը գնում է կալը՝ քնելու, և այնտեղ Հռութը գտնում է նրան։ Նա կամաց մոտենում է, բացում է ծածկոցը նրա ոտքերի կողմից ու պառկում։ Կեսգիշերին Բոոսը վեր է կենում և իր ոտքերի մոտ տեսնում է Հռութին։ Այդ ժամանակ ընդունված սովորույթի համաձայն՝ նա խնդրում է տղամարդուն, որ փեշը տարածի իր վրա՝ հայտնելով փրկագնվելու իր իրավունքի մասինa։ Բոոսը ասում է նրան. «Թող Եհովան օրհնի քեզ, աղջի՛կս»։ Հետո գովում է Հռութին, որ հանուն հարստության կամ կրքի՝ երիտասարդների հետևից չի գնացել։ Հռութը անբարո նպատակներ չունի, նա «առաքինի կնոջ» համբավ ունի (3։10, 11)։ Սակայն Բոոսը ասում է նրան, որ իրենից ավելի մոտ մեկ ուրիշ ազգական էլ կա, որը փրկագնելու իրավունք ունի, և որ առավոտյան կխոսի նրա հետ։ Հռութը մինչև առավոտ նրա ոտքերի մոտ պառկած է մնում։ Առավոտ կանուխ Բոոսը գարի է տալիս Հռութին, ու վերջինս վերադառնում է Նոեմիի մոտ։ Սկեսուրը ամեն ինչի մասին հարցուփորձ է անում նրան։
7. Ինչպե՞ս է Բոոսը ստանձնում տեգրի պարտավորությունը, ու Եհովան ինչպե՞ս է օրհնում Բոոսի և Հռութի ամուսնությունը։
7 Առանց հապաղելու՝ Բոոսը գնում է քաղաքի դարպասի մոտ, որ հանդիպի փրկագնելու իրավունք ունեցող ազգականին։ Քաղաքի երեցներից տասը մարդ որպես վկա վերցնելով՝ նա առաջարկում է այդ մարդուն փրկագնել Ելիմելեքի ունեցվածքը։ Արդյոք նա համաձայնվո՞ւմ է։ Դրա մեջ շահ տեսնելով՝ նա իսկույն համաձայնվում է։ Սակայն երբ իմանում է, որ Հռութի հանդեպ պետք է կատարի տեգրի պարտավորությունը, վախով է լցվում իր ժառանգության համար և այդ ժամանակների սովորույթի համաձայն՝ հանում է իր սանդալը՝ հաստատելով իր մերժումը։ Աստվածաշունչը չի նշում անգամ նրա անունը և կոչում է նրան «այսինչ մարդ»։ Նույն վկաների առաջ Բոոսը Հռութին իրեն որպես կին է գնում։ Արդյոք նա եսասիրակա՞ն նկրտումներ ունի։ Ո՛չ, նա դա անում է, «որպեսզի մահացածի անունը.... չվերանա» (4։1, 10)։ Այդ ժամանակ դարպասի մոտ գտնվող բոլոր մարդիկ խնդրում են Եհովային, որ օրհնի այդ ամուսնությունը։ Եվ որքա՜ն առատ են լինում այդ օրհնությունները։ Հռութը Բոոսի համար մի որդի է ծնում, ու Նոեմին դառնում է նրա դայակը։ Երեխային Նոեմիի որդի են կոչում և նրա անունը Օբեդ են դնում (4։17)։
8. Ուրիշ ի՞նչ ապացույց կա, որ խոստացյալ Սերունդը Եհովայի շնորհիվ է առաջ եկել։
8 «Հռութ» գրքի վերջում նշվում են Փարեսի սերունդները, որոնք Բոոսի միջոցով մեզ բերում են մինչև Դավիթ։ Որոշ քննադատներ ասում են, որ ոչ բոլոր սերունդներն են թվարկված, քանի որ նման մեծ ժամանակահատվածի համար շատ քիչ մարդիկ են նշվում։ Արդյոք նրանք ճի՞շտ են։ Մի՞թե հնարավոր չէ, որ նրանցից յուրաքանչյուրը օրհնված լիներ երկար կյանքով և որդի ունենար տարեց հասակում։ Հավանաբար, ամեն բան հենց այդպես էր եղել։ Դա ևս մեկ անգամ հաստատում է, որ խոստացյալ Սերունդը առաջ է եկել նախևառաջ Եհովայի անզուգական բարության և ոչ թե սերունդ առաջ բերելու մարդկանց բնական կարողության շնորհիվ։ Նման կերպ Եհովան իր զորությունը դրսևորեց Իսահակի, Սամուելի ու Հովհաննես Մկրտչի ծննդի հետ կապված (Ծննդ. 21։1–5; 1 Սամ. 1։1–20; Ղուկ. 1։5–24, 57–66)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
9. «Հռութ» գրքի գլխավոր հերոսները ինչո՞վ են լավ օրինակ մեզ համար։
9 Այս հիասքանչ պատմությունը, որը շատ արժեքավոր է, օգնում է արդարություն սիրողներին ամրացնելու իրենց հավատը։ Այս հուզիչ պատմության բոլոր հերոսները մեծ հավատ դրսևորեցին Եհովայի հանդեպ և «իրենց հավատի շնորհիվ վկայություն ստացան իրենց մասին» (Եբր. 11։39)։ Բոլորն էլ լավ օրինակ են մեզ համար։ Նոեմին խոր վստահություն դրսևորեց Եհովայի սիրառատ բարության հանդեպ (Հռութ 1։8; 2։20)։ Հռութը պատրաստակամորեն թողեց իր հայրենի երկիրը, որ ծառայի Եհովային։ Նա նվիրված, հեզ ու աշխատասեր կին էր։ Եհովայի օրենքի հանդեպ Բոոսի խոր հարգանքը, նրա կամքին հնազանդվելու պատրաստակամությունը, ինչպես նաև հավատարիմ Նոեմիի և աշխատասեր Հռութի հանդեպ նրա սերը մղեցին նրան կատարելու տեգրի պարտավորությունը։
10. «Հռութ» գիրքը ինչպե՞ս է ամրացնում մեր վստահությունը Թագավորության հետ կապված խոստումների վերաբերյալ։
10 Երբ Բոոսը կատարեց տեգրի պարտավորությունը, ամուսնանալով Հռութի հետ, փառք բերեց ամուսնության հիմնադրին՝ Եհովային։ Բոոսի և Հռութի ամուսնությունը տեղի ունեցավ հենց Եհովայի շնորհիվ, որը սիրառատ բարություն դրսևորեց նրանց հանդեպ ու առատապես օրհնեց։ Այդ միության միջոցով նա պահպանեց Հուդայի թագավորական շառավիղը, որից սերվեց Դավիթը և, ի վերջո, Մեծ Դավիթը՝ Հիսուս Քրիստոսը։ Այն, որ Եհովան հոգ տարավ, որ Թագավորության օրինական Ժառանգ առաջ գա, վստահեցնում է մեզ, որ Թագավորության հետ կապված նրա խոստումները կիրականանան։ Դա նաև մղում է մեզ զբաղված լինելու այսօր կատարվող հնձի գործով և կասկած չունենալու, որ մեր «վարձատրությունը լիակատար կլինի Իսրայելի Աստծու՝ Եհովայի կողմից, որի թևերի տակ մենք եկել ենք ապաստան փնտրելու», և որի նպատակները, կապված Թագավորության հետ, շուտով փառահեղ ու լիակատար կերպով կիրականանան (2։12)։ «Հռութ» գիրքը մեկ այլ կարևոր կապօղակ է Թագավորության մասին արձանագրության մեջ։
[ծանոթագրություն]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 829 (անգլ.)։