Գլուխ 18
Հովհաննեսը «նվազում» է, Հիսուսը՝ «աճում»
ՊԱՍԵՔԻՑ հետո՝ մ. թ. 30 թ. գարնանը, Հիսուսն ու իր աշակերտները հեռանում են Երուսաղեմից։ Սակայն նրանք չեն վերադառնում տուն՝ Գալիլեա, այլ գնում են Հրեաստան, որտեղ սկսում են մկրտություն անել։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ Հովհաննես Մկրտիչը այդ նույն գործն է անում, և նա դեռ իրեն ընկերակցող աշակերտներ ունի։
Իրականում, անձամբ Հիսուսը ոչ մեկի չի մկրտում, իր առաջնորդությամբ նրա աշակերտներն են դա անում։ Այս մկրտությունը նույն նշանակությունն ունի, ինչ որ Հովհաննեսի կատարած մկրտությունը. այն խորհրդանշում է հրեաների՝ Աստծու Օրենքի ուխտի դեմ գործած մեղքերի զղջում։ Սակայն հարություն առնելուց հետո Հիսուսն իր աշակերտներին պատվիրում է կատարել մի մկրտություն, որը բոլորովին այլ նշանակություն ունի։ Քրիստոնյաների մկրտությունն այսօր խորհրդանշում է անհատի նվիրումը Եհովա Աստծուն՝ նրան ծառայելու համար։
Հիսուսի ծառայության այս սկզբնական շրջանում և՛ նա, և՛ Հովհաննեսը իրարից անկախ ուսուցանում և մկրտում են զղջացող անհատներին։ Բայց Հովհաննեսի աշակերտները սկսում են նախանձել և գալով նրա մոտ՝ գանգատվում են Հիսուսից. «Ռաբբի՛, նայի՛ր, այն մարդը.... մկրտություն է անում, և բոլորը նրա մոտ են գնում»։
Նախանձելու փոխարեն՝ Հովհաննեսն ուրախանում է Հիսուսի հաջողություններով և ցանկանում է, որ իր աշակերտներն էլ ուրախանան։ Նա հիշեցնում է նրանց. «Դուք ինքներդ եք վկայում ինձ, որ ասացի, թե ես Քրիստոսը չեմ, այլ նրանից առաջ եմ ուղարկվել»։ Ապա մի գեղեցիկ օրինակ բերելով՝ բացատրում է. «Ով հարսն ունի, նա՛ է փեսան։ Սակայն փեսայի ընկերը, երբ կանգնում և լսում է նրան, մեծապես ուրախանում է փեսայի ձայնի համար։ Ուստի իմ ունեցած այս ուրախությունը լիակատար է»։
Հովհաննեսը՝ իբրև փեսայի ընկեր, դեռ վեց ամիս առաջ ուրախացել էր, երբ իր աշակերտներին ծանոթացրել էր Հիսուսի հետ։ Նրա աշակերտներից ոմանք Քրիստոսի երկնային հարս դասակարգի ապագա անդամները դարձան, որը պետք է բաղկացած լիներ սուրբ ոգով օծված քրիստոնյաներից։ Հովհաննեսն ուզում է, որ իր մյուս աշակերտներն էլ հետևեն Հիսուսին, քանի որ իր նպատակն է ճանապարհ պատրաստել, որպեսզի Քրիստոսի ծառայությունը հաջողություն ունենա։ Հովհաննես Մկրտիչը դա բացատրում է հետևյալ կերպ. «Նա պետք է աճի, իսկ ես պետք է նվազեմ»։
Հիսուսի նոր աշակերտը՝ Հովհաննեսը, որը նախկինում Հովհաննես Մկրտչի աշակերտն էր, Հիսուսի ծագման և մարդկանց փրկության մեջ նրա ունեցած կարևոր դերի մասին գրում է. «Նա, ով վերևից է գալիս, վեր է ամենքից։ .... Հայրը սիրում է Որդուն և ամեն բան նրա ձեռքն է տվել։ Ով հավատ է դրսևորում Որդու հանդեպ, հավիտենական կյանք ունի. ով չի հնազանդվում Որդուն, կյանքը չի տեսնի, այլ Աստծու զայրույթը մնում է նրա վրա»։
Երբ Հովհաննես Մկրտիչը խոսում է իր գործունեության նվազելու մասին, դրանից կարճ ժամանակ անց Հերովդես թագավորը բանտարկում է նրան։ Հերովդեսը իրեն կին էր առել իր եղբայր Փիլիպպոսի կնոջը՝ Հերովդիային, և երբ Հովհաննեսը հրապարակորեն բացահայտում է նրա այդ անվայել արարքը, Հերովդեսը հրամայում է նրան բանտ նետել։ Երբ Հիսուսը լսում է Հովհաննեսի բանտարկության լուրը, իր աշակերտների հետ հեռանում է Հրեաստանից և գնում Գալիլեա։ Հովհաննես 3։22–4։3; Գործեր 19։4; Մատթեոս 28։19; 2 Կորնթացիներ 11։2; Մարկոս 1։14; 6։17–20։
▪ Ի՞նչ են խորհրդանշում Հիսուսի առաջնորդությամբ կատարվող մկրտությունները մինչև նրա հարություն առնելը և հարությունից հետո։
▪ Հովհաննեսն ինչպե՞ս է ցույց տալիս, որ իր աշակերտների գանգատն անհիմն է։
▪ Ինչո՞ւ է Հովհաննեսը բանտարկվում։