Գլուխ 34
Ընտրում է իր առաքյալներին
ԱՅՆ ժամանակվանից ի վեր, երբ Հովհաննես Մկրտիչը Հիսուսին որպես Աստծու Գառը ներկայացրեց, և Հիսուսը սկսեց իր քարոզչական ծառայությունը, անցել է գրեթե մեկուկես տարի։ Այդ ժամանակ Անդրեասը, Սիմոն Պետրոսը, Հովհաննեսը ու թերևս Հակոբոսը (Հովհաննեսի եղբայրը), ինչպես նաև Փիլիպպոսն ու Նաթանայելը, որին նաև Բարթողոմեոս են կոչում, արդեն դարձել էին նրա առաջին աշակերտները։ Ժամանակի ընթացքում ուրիշներն էլ էին սկսել հետևել Քրիստոսին։
Այժմ Հիսուսը պատրաստ է ընտրելու իր առաքյալներին։ Նրանք լինելու են իր մտերիմ ընկերները և հատուկ ուսուցում են ստանալու։ Բայց դա անելուց առաջ Հիսուսը բարձրանում է մի լեռ և ամբողջ գիշեր աղոթելով անցկացնում։ Հավանաբար, նա Աստծուց իմաստություն և օրհնություն է խնդրում։ Երբ օրը լուսանում է, կանչում է իր աշակերտներին և նրանց միջից ընտրում 12 հոգու։ Բայց քանի որ նրանք շարունակում են Հիսուսի կողմից ուսուցանվել, դեռևս կոչվում են նաև աշակերտներ։
Տասներկուսից վեցը, որոնց Հիսուսն ընտրում է, իր առաջին աշակերտներն են։ Ընտրվում է նաև Մատթեոսը, որին Հիսուսը կանչել էր մաքսատնից։ Մնացած հինգն են՝ Հուդան (որ կոչվում է նաև Թադեոս), Հուդա Իսկարիովտացին, Սիմոն Կանանացին, Թովմասը և Հակոբոսը (Ալփեոսի որդին)։ Վերջինիս անվանում են նաև Փոքր Հակոբոս հավանաբար այն պատճառով, որ կամ փոքր կազմվածք ունի, կամ էլ տարիքով ավելի փոքր է, քան մյուս Հակոբոս առաքյալը։
Այս 12 առաքյալները արդեն որոշ ժամանակ է, ինչ Հիսուսի հետ են, ուստի Հիսուսը նրանց լավ է ճանաչում։ Նրանցից մի քանիսը նույնիսկ Հիսուսի ազգականներն են։ Հակոբոսը և նրա եղբայր Հովհաննեսը ակներևաբար նրա առաջին զարմիկներն են։ Հնարավոր է նաև, որ Ալփեոսը Հովսեփի՝ Հիսուսի հոգեհոր եղբայրն է։ Այդ դեպքում Ալփեոսի որդին՝ Հակոբոս առաքյալը, նույնպես Հիսուսի զարմիկն է։
Իհարկե, Հիսուսի համար դժվար չէ հիշել իր առաքյալների անունները։ Իսկ դու կարո՞ղ ես հիշել։ Փորձիր մտապահել. երկուսի անունը Սիմոն է, երկուսինը՝ Հակոբոս և երկուսինը՝ Հուդա. Սիմոնի եղբոր անունը Անդրեաս է, և Հակոբոսի եղբոր անունը՝ Հովհաննես։ Այսպես կարող ես հիշել ութ առաքյալներին։ Մյուս չորսն են՝ մաքսահավաք Մատթեոսը, հետագայում կասկածող Թովմասը, ծառի տակից կանչվող Նաթանայելը և նրա ընկեր Փիլիպպոսը։
Առաքյալներից 11–ը Գալիլեայից են, որտեղ մեծացել է նաև Հիսուսը։ Նաթանայելը Կանայից է։ Փիլիպպոսը, Պետրոսն ու Անդրեասը ծնունդով Բեթսայիդայից են, սակայն հետագայում Պետրոսն ու Անդրեասը տեղափոխվել էին Կափառնայում, որտեղ, ակներևաբար, ապրում էր Մատթեոսը։ Հակոբոսն ու Հովհաննեսը ձկնորսներ էին և հավանաբար նույնպես բնակվում էին Կափառնայումում կամ նրա մոտակայքում։ Ինչպես երևում է, Հուդա Իսկարիովտացին, որը հետագայում մատնեց Հիսուսին, առաքյալներից միակն է, որ Հրեաստանից է։ Մարկոս 3։13–19; Ղուկաս 6։12–16։
▪ Ըստ ամենայնի՝ առաքյալներից որո՞նք են Հիսուսի ազգականները։
▪ Ովքե՞ր են Հիսուսի առաքյալները, և ինչպե՞ս կարող ես հիշել նրանց անունները։
▪ Ծնունդով որտեղի՞ց են առաքյալները։