Գլուխ 6
Փորձության ժամանակաշրջան (1914–1918)
«Չմոռանանք, որ հիմա փորձության ժամանակաշրջան է.... Եթե կա պատճառ, որը դրդում է որևէ մեկին հեռանալու Տիրոջից ու նրա ճշմարտությունից և այլևս անձնուրացաբար չծառայելու ի նպաստ Տիրոջ գործին, ապա Աստծու հանդեպ սերը չէ, որ մղել է նրան գալու դեպի Տերը, այլ եղել է մեկ ուրիշ բան. հավանաբար, այն բանի հույսը, որ ժամանակը կարճ է։ Եվ նրա նվիրումը միայն ժամանակավոր է եղել։ Եթե այդպես է, ապա հիմա ճիշտ ժամանակն է հեռանալու»։
ԱՅՍ խոսքերը, որ տպագրվեցին «Դիտարանի» 1914թ. նոյեմբերի 1-ի համարում, շատ տեղին էին։ 1914–1918 թվականները իրոք որ «փորձության ժամանակաշրջան էր» Աստվածաշունչ ուսումնասիրողների համար։ Որոշ փորձություններ գալիս էին ներսից, մի քանիսն էլ դրսից։ Դրանք բացահայտում էին, թե արդյոք նրանց սրտում իսկապես «Աստծու հանդեպ սեր» կար, թե արդյոք հավատարիմ կմնան Տիրոջը և նրա ճշմարտությանը։
Մեծ ակնկալիքներ
1914թ. հունիսի 28-ին սպանվեց Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը։ Մարդասպանի արձակած գնդակը սկիզբ դրեց Առաջին համաշխարհային պատերազմին։ Հակամարտությունը սկսվեց 1914-ի օգոստոսին, երբ գերմանական զորքը ներխուժեց Բելգիա և Ֆրանսիա։ Այդ տարվա աշնանն արդեն արյունահեղ պատերազմը մեծ թափ էր առել։
«Հեթանոսների ժամանակներն ավարտվեցին։ Վե՛րջ նրանց թագավորների օրերին»,— հայտարարեց եղբայր Ռասելը 1914-ի հոկտեմբերի 2-ին՝ ուրբաթ առավոտյան, երբ մտավ «Դիտարան ընկերության» գլխավոր վարչության ճաշարան (Բրուքլին)։ Բոլորը հուզված էին։ Ներկաներից շատերը տարիներ շարունակ սպասում էին 1914 թվականին։ Իսկ ի՞նչ էր լինելու հիմա՝ հեթանոսների ժամանակներն ավարտվելուց հետո։
Առաջին համաշխարհային պատերազմը թեժանում էր։ Շատերը կարծում էին, թե պատերազմի հետևանքով ամբողջ աշխարհում քաոս է տիրելու, ինչն էլ հանգեցնելու է այս համակարգի վախճանին։ 1914-ի հետ կապված՝ այլ ակնկալիքներ էլ կային։ Ալեքսանդր Հ. Մակմիլանը, որը մկրտվել էր 1900 թվականի սեպտեմբերին, պատմում է. «Մեզանից ոմանք համոզված էին, որ մենք երկինք ենք գնալու հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում»a։ Հիշելով այն առավոտը, երբ Ռասելը հայտարարեց հեթանոսների ժամանակների ավարտի մասին՝ Մակմիլանն ասում է. «Մենք շատ ոգևորված էինք, և ես չէի զարմանա, եթե հենց այդ պահին սկսեինք երկինք բարձրանալ։ Նրա այս խոսքերը, ասես, ազդանշան էին, որ սկսում ենք համբարձվել. բայց, ինչ խոսք, ոչ մի բան տեղի չունեցավ»։
Տեր Հիսուսի վերադարձի հետ կապված ակնկալիքները, որոնք չիրականացան, պատճառ եղան, որ 19-րդ դարում Վիլյամ Միլլերի հետևորդները և ադվենտիստական տարբեր խմբեր կորցնեն իրենց հավատը։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել Աստվածաշունչ ուսումնասիրողների՝ Ռասելի ընկերակիցների մասին։ Գուցե ոմանց գրավել էր վերահաս փրկության հո՞ւյսը, թե՞ նրանք անկեղծորեն սիրում էին Աստծուն և նրա կամքը կատարելու ուժգին ցանկություն ունեին։
«Եղբա՛յր Ռասել, արդյոք չե՞ք հիասթափվել»
Եղբայր Ռասելը հորդորում էր Աստվածաշունչ ուսումնասիրողներին արթուն մնալ և վճռականորեն շարունակել Տիրոջ գործը, նույնիսկ եթե իրենց ակնկալիքները չեն իրականանում իրենց սպասած ժամանակին։
1914-ի հոկտեմբերն անցավ, իսկ Չ. Թ. Ռասելը և իր ընկերակիցները դեռ երկրի վրա էին։ Անցավ նաև 1915-ի հոկտեմբերը։ Արդյոք Ռասելը հիասթափվե՞ց։ «Դիտարանի» 1916թ. փետրվարի 1-ի համարում նա գրեց. «Գուցե ոմանք հարցնեն. «Եղբա՛յր Ռասել, ի՞նչ եք մտածում մեր վերափոխման ժամանակի մասին, արդյոք չե՞ք հիասթափվել, որ դա չի եղել այն ժամանակ, երբ մենք սպասում էինք»։ Մենք պատասխանում ենք՝ ո՛չ, չե՛նք հիասթափվել.... Եղբայրնե՛ր, նա, ում սիրտը ուղիղ է Տիրոջ հետ, չի հիասթափվում նրա մտադրություններից։ Մենք չենք ցանկանում, որ մեր կամքը լինի, ուստի երբ հասկացանք, որ 1914-ի հոկտեմբերի վերաբերյալ մեր ակնկալիքները սխալ են եղել, ուրախացանք, որ Տերը չի փոխել իր ծրագիրը՝ այն մեզ հարմարեցնելով։ Մենք նման ցանկություն չենք ունեցել։ Մենք ընդամենը ցանկանում ենք հասկանալ նրա ծրագրերը և նպատակները»։
Թեև Աստվածաշունչ ուսումնասիրողները չբարձրացան երկինք՝ «իրենց տուն», 1914-ի հոկտեմբերին, սակայն այդ տարի հեթանոսների ժամանակներն ավարտվեցին։ Հստակ է, որ նրանք դեռ շատ բան պետք է հասկանային 1914-ի նշանակության մասին։ Իսկ ի՞նչ էին անելու նրանք։ Պետք է շարունակեին իրենց գործը։ «Դիտարանի» 1916թ. սեպտեմբերի 1-ի համարում ասվում էր. «Մենք մտածում էինք, որ Եկեղեցու անդամների [օծյալ քրիստոնյաների] հավաքը՝ հնձի գործը, պետք է վերջանար նախքան հեթանոսների ժամանակների ավարտը, թեև Աստվածաշունչը նման բան չէր ասում.... Արդյոք մենք հուսախա՞բ ենք եղել, որ հունձը շարունակվում է։ Ամենևի՛ն.... Թանկագի՛ն եղբայրներ, մենք պետք է խոր երախտագիտություն ունենանք Աստծու հանդեպ և ավելի շատ գնահատենք այն գեղեցիկ ճշմարտությունը, որը նա առանձնաշնորհում է տվել մեզ տեսնելու և դրանով ճանաչվելու, և պետք է ավելի մեծ եռանդով օգնենք ուրիշներին, որ իմանան ճշմարտությունը»։
Իսկ հնձի գործում դեռ շա՞տ բան կար անելու։ Եղբայր Ռասելը, ակներևաբար, մտածում էր, որ այդպես է։ Այդ մասին է վկայում եղբայր Մակմիլանի հետ նրա զրույցը, որը տեղի ունեցավ 1916-ի աշնանը։ Ռասելը կանչեց Մակմիլանին Բրուքլինի Բեթելի իր աշխատասենյակ և ասաց նրան. «Գործն արագորեն մեծանում է և դեռ շարունակելու է մեծանալ, քանի որ «Թագավորության ավետարանը» ամբողջ աշխարհում քարոզելու համար աշխարհածավալ աշխատանք պետք է կատարվի»։ Ռասելը երեք ու կես ժամ շարունակ խոսում էր Մակմիլանի հետ՝ նշելով, թե Աստվածաշնչի խոսքերի համաձայն՝ ինչպես է պատկերացնում այն հսկայական գործը, որ սպասվում է առջևում։
Աստվածաշունչ ուսումնասիրողները, ինչ խոսք, դժվար փորձություն անցան, բայց «Դիտարանի» օգնությամբ նրանք ամրապնդվեցին և կարողացան հաղթահարել հուսախաբությունը։ Սակայն փորձության ժամանակաշրջանը դեռ չէր ավարտվել։
«Ի՞նչ է լինելու հիմա»
1916-ի հոկտեմբերի 16-ին եղբայր Ռասելն ու իր քարտուղար Մենտա Սթարջենը մեկնեցին նախապես պլանավորած ճամփորդության Միացյալ Նահանգների արևմտյան և հարավարևմտյան նահանգներ՝ ելույթներ ներկայացնելու համար։ Ռասելը, սակայն, այդ ժամանակ լուրջ հիվանդ էր։ Նրանք սկզբում գնացին Դետրոյտ քաղաքը (Միչիգան)՝ անցնելով Կանադայով։ Այնուհետև Իլինոյս, Կանզաս և Տեխաս նահանգներում լինելուց հետո նրանք ժամանեցին Կալիֆորնիա՝ Լոս Անջելես, որտեղ հոկտեմբերի 29-ին՝ կիրակի օրը, Ռասելը ներկայացրեց իր վերջին ելույթը։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 31-ին՝ երեքշաբթի վաղ առավոտյան, 64-ամյա Չարլզ Թեյզ Ռասելը մահացավ գնացքի մեջ՝ Տեխասի Պամպա քաղաքում։ Նրա մահվան մասին հայտարարվեց «Դիտարանի» 1916-ի նոյեմբերի 15-ի համարում։
Ինչպե՞ս արձագանքեց Բեթելի ընտանիքը մահվան բոթին։ Ա. Հ. Մակմիլանը, որը գրասենյակում փոխարինում էր Ռասելին նրա բացակայության ժամանակ, հետագայում պատմում է այն առավոտվա մասին, երբ ճաշարանում կարդաց հեռագիրը Բեթելի ընտանիքի առաջ. «Ընտանիքը ցավից հառաչեց, լսվեցին լացի ձայներ։ Այդ առավոտ ոչ ոք ոչինչ չկերավ։ Բոլորը խոր վիշտ էին ապրում։ Երբ նախաճաշից հետո բոլորը խումբ-խումբ հավաքվեցին, սկսեցին շշուկով խոսել. նրանց հետաքրքրում էր, թե ինչ է լինելու հիմա։ Այդ օրը գրեթե չաշխատեցինք։ Չգիտեինք, թե ինչ անենք։ Ռասելի մահը շատ անսպասելի էր, թեև նա փորձել էր նախապատրաստել մեզ դրան։ Ի՞նչ էինք անելու։ Նրա մահը ամենածանր հարվածն էր մեզ համար։ Առաջին մի քանի օրը մեր ապագան խիստ անորոշ էր։ Իր ողջ կյանքի ընթացքում Ռասելը «Ընկերությունն» է եղել։ Աստծու կամքը կատարված տեսնելու նրա մեծ ցանկությունը գործը խթանող ուժն է եղել»։
Նյու Յորքում գտնվող «Թեմփլ» շենքում և Պիտսբուրգի Կարնեգիի անվան համերգասրահում եղբայր Ռասելի թաղման արարողությունից հետո նրան թաղեցին Ալեգեյնիում՝ Բեթելի ընտանիքին պատկանող հողատարածքում, ինչպես որ նա խնդրել էր։ Ռասելի համառոտ կենսագրությունը, նրա վերջին կամքն ու կտակը տպագրվեց «Դիտարանի» 1916-ի դեկտեմբերի 1-ի համարում, ինչպես նաև «Գրությունների ուսումնասիրություն» ժողովածուի առաջին հատորի հետագա հրատարակություններում։
Ի՞նչ էր լինելու հիմա։ Աստվածաշունչ ուսումնասիրողների համար դժվար էր պատկերացնել որևէ մեկին, ով կզբաղեցներ Ռասելի տեղը։ Արդյոք Սուրբ Գրքի նրանց ունեցած հասկացողությունը կշարունակե՞ր խորանալ։ Նրանք կդառնային աղանդավորնե՞ր՝ Ռասելի հետևորդներ։ Ռասելը հստակ ցույց էր տվել, որ գործը պետք է շարունակվեր։ Ուստի նրա մահից շատ չանցած՝ որոշ տրամաբանական հարցեր ծագեցին. «Ո՞վ էր վերահսկելու այն գործը, թե ինչ է տպագրվելու «Դիտարանում» և մյուս հրատարակություններում։ Ո՞վ էր լինելու նախագահը՝ Ռասելի փոխարեն»։
Վարչական փոփոխություն
Իր վերջին կամքի փաստաթղթի մեջ եղբայր Ռասելը նշել էր, որ պետք է ստեղծվեր հինգ հոգուց բաղկացած խմբագրական կոմիտե, որը որոշելու էր, թե ինչ նյութեր են տպագրվելու «Դիտարանում»b։ Դրանից բացի, «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» տնօրենների խորհրդի կողմից կազմվեց երեք հոգուց բաղկացած գործադիր կոմիտե, որի անդամներն էին Ա. Ի. Ռիչին, Ու. Է. վան Ամբուրգը և Ջ. Ֆ. Ռադերֆորդը։ Այս կոմիտեն վերահսկելու էր Ընկերության բոլոր աշխատանքները և գործելու էր տնօրենների խորհրդի ենթակայության ներքոc։ Իսկ ո՞վ էր լինելու նոր նախագահը։ Որոշումը կայացվելու էր Ընկերության հաջորդ հանդիպման ժամանակ՝ մոտ երկու ամիս անց՝ 1917-ի հունվարի 6-ին։
Սկզբում գործադիր կոմիտեն ամեն ջանք թափում էր իրավիճակը կարգավորելու համար՝ հորդորելով Աստվածաշունչ ուսումնասիրողներին մնալ ակտիվ և քաջ։ «Դիտարանը» շարունակում էր լույս տեսնել։ Տպագրվում էին Ռասելի այն հոդվածները, որոնք նա գրել էր մահից առաջ։ Սակայն մինչ մոտենում էր տարեկան հանդիպումը, լարվածությունը մեծանում էր։ Ոմանք նույնիսկ փոքր ընտրարշավ կազմակերպեցին, որպեսզի նախագահ ընտրվի իրենց «թեկնածուն»։ Մյուսներն էլ, եղբայր Ռասելի հանդեպ խոր հարգանքից մղված, ասես ավելի կենտրոնացած էին նրա հատկությունները կրկնօրինակելու և նրան պաշտամունքի առարկա դարձնելու վրա։ Աստվածաշունչ ուսումնասիրողներից շատերը, սակայն, հիմնականում զբաղված էին այն գործով, որին Ռասելը նվիրել էր իր կյանքը։
Մոտենում էր նախագահ ընտրելու օրը, և դեռևս պարզ չէր, թե ով է ընտրվելու՝ Ռասելի փոխարեն։ «Դիտարանի» 1917-ի հունվարի 15-ի համարում հրատարակվեցին տարեկան հանդիպման արդյունքները։ Այնտեղ գրված էր. «Եղբայր Փիրսոնը Չ. Թ. Ռասելի մասին սիրո և գնահատանքի տեղին խոսքեր ասելուց հետո նշեց, որ երկրի տարբեր մասերում ապրող հավատակիցները լիազորել են իրեն, որ ինքը նրանց ձայները տա եղբայր Ջ. Ֆ. Ռադերֆորդի օգտին։ Ապա ավելացրեց, որ լիովին համաձայն է նրանց հետ»։ Երբ առաջադրվեց Ռադերֆորդի թեկնածությունը և հետո այն հաստատվեց, ուրիշ ոչ մի թեկնածություն այլևս չառաջադրվեց։ Ուստի «քարտուղարը համապատասխան քվեարկություն անցկացրեց և հայտարարեց, որ եղբայր Ռադերֆորդը միաձայն ընտրվել է որպես Ընկերության նախագահ»։
Նոր նախագահը ընտրվեց, բայց ինչպե՞ս ընդունեցին նրան։ «Դիտարանի» վերոհիշյալ համարում ասվում է. «Երկրի տարբեր մասերում ապրող հավատակիցները ջերմեռանդորեն աղոթել էին Տիրոջը և նրանից առաջնորդություն խնդրել ընտրության համար։ Եվ երբ ընտրություններն ավարտվեցին, բոլորը գոհ էին և ուրախ, քանի որ համոզված էին, որ Տերը առաջնորդել է այս գործը և պատասխանել է իրենց աղոթքներին։ Ներկաների միջև կատարյալ համաձայնություն էր տիրում»։
Այս «կատարյալ համաձայնությունը», սակայն, երկար չտևեց։ Նոր նախագահը ջերմորեն ընդունվեց շատերի կողմից, բայց ոչ բոլորի։
Նոր նախագահը գործի է անցնում
Եղբայր Ռադերֆորդը նպատակ չուներ փոխելու կազմակերպության գործելակերպը, այլ շարունակում էր առաջ տանել գործը, ինչպես որ եղբայր Ռասելն էր անում։ Ընկերության շրջագայող ներկայացուցիչների թիվը (հայտնի էին որպես պիլիգրիմներ) 69-ից հասավ 93-ի։ Աստվածաշունչ ուսումնասիրողները սկսեցին կանոնավորաբար ավելի մեծ քանակությամբ անվճար թերթիկներ տարածել տնետուն ծառայության ժամանակ, երբեմն էլ կիրակի օրերին՝ եկեղեցիների առաջ։
«Հովվական աշխատանքը», որն արդեն իրականացվում էր նախքան Ռասելի մահը, ավելի մեծ թափ առավ։ Դա մարդկանց հավատը ամրացնելու նպատակով կատարվող աշխատանք էր, ինչպես որ արվում է այսօր Եհովայի վկաների կողմից վերայցելությունների ժամանակ։ Քարոզչական գործին նոր զարկ տալու համար կազմակերպության նախագահը ընդլայնեց գրքեր տարածելու գործը։ Գրքեր տարածողների թիվը (այն ժամանակ այդպես էին կոչվում ռահվիրաները) 372-ից հասավ 461-ի։
«1917 թվականը սկսվեց ոչ այնքան խոստումնալից հեռանկարով»,— նշվում էր «Դիտարանի» 1917-ի դեկտեմբերի 15-ի համարում։ Այո՛, Ռասելի մահից հետո որոշ մտահոգություններ, կասկածներ և վախեր կային։ Սակայն տարեվերջի հաշվետվությունը քաջալերական էր. քարոզչական գործի մեջ մեծ աճ էր տեղի ունեցել։ Պարզ էր, որ գործը առաջ է գնում։ Կարո՞ղ ենք ասել, որ Աստվածաշունչ ուսումնասիրողները հաղթահարեցին այս փորձությունը՝ Չ. Թ. Ռասելի մահը։
Իշխանությունը խլելու փորձեր
Ոչ բոլորն էին պատրաստ աջակցելու նոր նախագահին։ Չ. Թ. Ռասելը և Ջ. Ֆ. Ռադերֆորդը շատ տարբեր էին։ Նրանք տարբեր էության տեր մարդիկ էին և տարբեր անցյալ էին ունեցել։ Եվ ոմանց համար այդ տարբերության հետ դժվար էր համակերպվել։ Նրանց կարծիքով՝ ոչ ոք չէր կարող փոխարինել եղբայր Ռասելին։
Մի քանիսը, հատկապես գլխավոր վարչությունից որոշ անհատներ, ակնհայտ հակակրանք էին տածում եղբայր Ռադերֆորդի հանդեպ։ Այն փաստը, որ աշխատանքը առաջ էր գնում և եղբայր Ռադերֆորդը ամեն ջանք թափում էր՝ հետևելու Ռասելի հաստատած կարգին, չէր գոհացնում նրանց։ Շուտով ընդդիմություն առաջ եկավ։ Ընկերության տնօրենների խորհրդի չորս անդամներ նույնիսկ հանդգնորեն փորձեցին Ռադերֆորդի ձեռքից ճանկել վարչական իշխանությունը։ Այս լարված իրավիճակը իր գագաթնակետին հասավ 1917-ի ամռանը, երբ լույս տեսավ «Գրությունների ուսումնասիրություն» ժողովածուի յոթերորդ հատորը՝ «Գաղտնիքը բացահայտված է» վերնագրով։
Թեև եղբայր Ռասելը շատ էր ցանկանում, բայց չկարողացավ հրատարակել այս հատորը իր կենդանության օրոք։ Նրա մահից հետո Ընկերության գործադիր կոմիտեն նշանակեց երկու եղբայրների՝ Քլեյթոն Ջ. Վուդվորդին և Ջորջ Հ. Ֆիշերին, որ տպագրության պատրաստեն այս գիրքը, որում ամփոփված էին մեկնաբանություններ «Հայտնություն», «Երգերի երգ» և «Եզեկիել» գրքերի վերաբերյալ։ Մասամբ այն հիմնված էր աստվածաշնչյան այդ գրքերի վերաբերյալ Ռասելի գրածների վրա։ Սակայն կային նաև հավելյալ մեկնաբանություններ և բացատրություններ։ Պատրաստի ձեռագիրը հավանություն ստացավ Ընկերության ղեկավարների կողմից և հանձնվեց տպագրության։ 1917-ի հուլիսի 17-ին՝ երեքշաբթի, այս նոր հրատարակության առաջին օրինակները դրվեցին Բեթելի ճաշարանի սեղաններին։ Հենց նույն առավոտյան հնչեց մի հայտարարություն, որը ցնցեց ներկաներին. չորս ընդդիմախոս տնօրենները զրկվել են իրենց պատասխանատվությունից, և եղբայր Ռադերֆորդը, նրանց փոխարեն, ուրիշներին է նշանակել։ Ինչպիսի՞ն եղավ արձագանքը։
Ասես ռումբ պայթեց։ Հեռացված չորս տնօրենները, առիթից օգտվելով, Ընկերության ղեկավարության գործելակերպի շուրջ հենց Բեթելի ընտանիքի առաջ թեժ վիճաբանություն բարձրացրին, որը տևեց հինգ ժամ։ Մի շարք բեթելցիներ համակարծիք էին ընդդիմախոսներին։ Բանավեճը շարունակվեց մի քանի շաբաթ։ Ըմբոստները սպառնում էին, իրենց խոսքերով ասած, «իշխող բռնատիրությունը տապալել»։ Սակայն եղբայր Ռադերֆորդը լուրջ հիմքեր ուներ այդպիսի քայլի դիմելու համար։ Ի՞նչ հիմքերի մասին է խոսքը։
Պարզվեց, որ թեև այդ չորս տնօրենները նշանակվել էին եղբայր Ռասելի կողմից, սակայն այդ նշանակումները երբեք քվեարկության միջոցով չէին հաստատվել Ընկերության հիմնադիրների տարեկան հանդիպման ժամանակ։ Ուստի նրանք, իրավական տեսանկյունից, բոլորովին էլ տնօրենների խորհրդի անդամ չէին։ Ռադերֆորդը, ինչ խոսք, գիտեր այդ մասին, սակայն սկզբում լռում էր։ Ինչո՞ւ։ Նա չէր ուզում այնպիսի տպավորություն ստեղծել, թե դեմ է գնում եղբայր Ռասելի կամքին։ Սակայն երբ հստակ դարձավ, որ նրանք շարունակելու են իրենց ըմբոստությունը, Ռադերֆորդը՝ որպես նախագահ, գործեց իր իրավունքների ու պարտականությունների սահմաններում և այդ չորսի փոխարեն՝ ընտրեց ուրիշների, որոնց նշանակումը կհաստատվեր հաջորդ տարեկան հանդիպման ժամանակ, որը կայանալու էր 1918-ի հունվարին։
Վրդովված նախկին տնօրեններին և նրանց աջակիցներին խնդրեցին հեռանալ Բեթելից, քանի որ խաթարում էին ընտանիքի անդորրը։ Օգոստոսի 8-ին նրանք հեռացան և շուտով սկսեցին իրենց ընդդիմախոսական գաղափարները հանրային ելույթների և նամակների միջոցով տարածել ողջ Միացյալ Նահանգներում, Կանադայում և Եվրոպայում։ Հետևանքը եղավ այն, որ 1917թ. ամռանից հետո Աստվածաշունչ ուսումնասիրողների մի շարք ժողովներ բաժանվեցին երկու խմբի. մի մասը հավատարիմ մնաց Ընկերությանը, իսկ մյուս մասը հակառակորդների ճարտար լեզվի զոհը դարձավ։
Իսկ հնարավո՞ր էր արդյոք, որ հեռացված տնօրենները, ձգտելով կազմակերպության մեջ իշխանությունն իրենց ձեռքը վերցնել, փորձեին ազդեցություն բանեցնել նրանց վրա, ովքեր պետք է մասնակցեին տարեկան հանդիպմանը։ Կանխատեսելով, որ նման բան կարող է պատահել՝ Ռադերֆորդը հարկ համարեց հարցում անցկացնել բոլոր ժողովներում։ Ինչպիսի՞ն եղան արդյունքները։ «Դիտարանի» 1917թ. դեկտեմբերի 15-ի համարում ներկայացված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ շատերը լիովին աջակցում էին Ջ. Ֆ. Ռադերֆորդին և նրա հետ համագործակցող տնօրեններին, և դա հաստատվեց տարեկան հանդիպման ժամանակd։ Իշխանությունը խլելու հակառակորդների փորձերը ձախողվեցին։
Ի՞նչ եղավ հակառակորդներին և նրանց աջակիցներին։ 1918-ի հունվարի տարեկան հանդիպումից հետո հակառակորդները առանձնացան և նույնիսկ որոշեցին ինքնուրույն նշել Հիշատակի երեկոն, որը անցկացվելու էր 1918-ի մարտի 26-ին։ Այն միասնությունը, որ կար նրանց միջև, երկար կյանք չունեցավ։ Շուտով նրանք պառակտվեցին և տարբեր խմբավորումներ կազմեցին։ Դրանցից շատերի անդամների թիվը աստիճանաբար կրճատվեց, և նրանց գործունեությունը զգալիորեն նվազեց կամ ընդհանրապես դադարեց։
Ինչ խոսք, եղբայր Ռասելի մահից հետո Աստվածաշունչ ուսումնասիրողները հավատարմության լուրջ փորձության ենթարկվեցին։ Թարիսա Պ. Գոտը, որը մկրտվել էր 1915-ին, պատմում է. «Այն հավատակիցներից շատերը, ովքեր կարծես շատ հասուն էին և Տիրոջը նվիրված, սկսեցին հեռանալ.... Թվում էր, թե այդպես չպետք է լինի, բայց դա տեղի էր ունենում և տխրեցնում էր մեզ։ Սակայն ես ինքս ինձ հարցրի. «Մի՞թե սա այն կազմակերպությունը չէ, որի միջոցով Եհովան ազատել է մեզ կեղծ կրոնի կապանքներից։ Մի՞թե մենք չենք ճաշակել նրա բարությունը։ Եթե հիմա հեռանանք, ապա ո՞ւր կգնանք։ Մի՞թե այդպես վարվելով՝ չենք դառնա մարդկանց հետևորդները»։ Մենք պատճառ չունեինք հավատուրացներին հետևելու, ուստի որոշեցինք մնալ» (Հովհ. 6։66–69; Եբր. 6։4–6)։
Ոմանք, ովքեր հեռացան կազմակերպությունից, հետագայում զղջացին և կրկին միացան Աստվածաշունչ ուսումնասիրողներին երկրպագության մեջ։ Սակայն Աստվածաշունչ ուսումնասիրողների մեծ մասը, քույր Գոտի նման, շարունակեց հավատարմորեն համագործակցել «Դիտարան ընկերության» և եղբայր Ռադերֆորդի հետ։ Այն սերը, որը միավորում էր նրանց, տարիների ընթացքում ժողովների և համաժողովների ժամանակ տիրող ջերմ ընկերակցության շնորհիվ ավելի մեծացավ ու զորացավ։ Նրանք թույլ չէին տա, որ որևէ բան խաթարի իրենց միասնությունը (Կող. 3։14)։
Մինչև 1918-ը Աստվածաշունչ ուսումնասիրողներն անցան կազմակերպության ներսից եկող փորձությունների միջով։ Իսկ կհաղթահարեի՞ն արդյոք դրսից եկող ճնշումները։
Հարձակումների թիրախ
1917-ի վերջերին և 1918-ի սկզբներին Աստվածաշունչ ուսումնասիրողները մեծ խանդավառությամբ տարածեցին «Գաղտնիքը բացահայտված է» նոր գիրքը։ Մինչև 1917-ի վերջերը հրատարակիչները արդեն թողարկել էին գրքի 850000 օրինակ։ «Դիտարանի» 1917-ի դեկտեմբերի 15-ի համարում ասվում էր. «Բացի Աստվածաշնչից, ոչ մի ուրիշ գիրք այդպիսի ժամանակահատվածում այդքան շատ չի վաճառվել, որքան յոթերորդ հատորը»։
Բայց բոլորին չէ, որ ուրախացնում էր «Գաղտնիքը բացահայտված է» գրքի հաջողությունը։ Գրքում կային որոշ սուր խոսքեր՝ ուղղված քրիստոնեական աշխարհի դեմ։ Դա այնքան բարկացրեց հոգևորականներին, որ նրանք դրդեցին իշխանություններին արգելք դնել Աստվածաշունչ ուսումնասիրողների հրատարակությունների վրա։ Հոգևորականների հրահրած հակառակության հետևանքով 1918-ի սկզբին «Գաղտնիքը բացահայտված է» գիրքն արգելվեց Կանադայում։ Շուտով հակառակության ալիք բարձրացավ նաև Միացյալ Նահանգներում ապրող Աստվածաշունչ ուսումնասիրողների դեմ։
Հոգևորականների հրահրած այս հակառակությունը մերկացնելու համար 1918թ. մարտի 15-ին «Դիտարան ընկերությունը» հրատարակեց «Թագավորության լուրը» No. 1 թերթիկը։ Ինչի՞ մասին էր այն։ Տեքստը գրված էր վեց սյունակներով և վերևում գրված էր հետևյալ վերնագիրը՝ «Կրոնական անհանդուրժողականություն. Հովիվ Ռասելի հետևորդները հալածվում են ճշմարտությունը մարդկանց հայտնելու համար»։ Թերթիկում կար մի ենթավերնագիր՝ «Աստվածաշունչ ուսումնասիրողներին ուղղված սպառնալիքները հիշեցնում են խավար միջնադարը»։ Այնտեղ ներկայացվում էին փաստեր հալածանքի և արգելքի վերաբերյալ, որոնք սկիզբ էին առել Կանադայում։ Ովքե՞ր էին սադրիչները։ Թերթիկը ոչինչ չէր թաքցնում և բացահայտորեն նշում էր այդ հակառակության հետևում կանգնած էին հոգևորականները, որոնք բնութագրվում էին որպես «խիստ անհանդուրժողական մարդկանց մի դաս, որը պարբերաբար ջանացել է խանգարել մարդկանց հասկանալու Աստվածաշունչը և թույլ չի տվել, որ բացի իրենցից, ուրիշ որևէ մեկը Աստվածաշունչ ուսուցանի»e։ Ինչպիսի՜ հարված։
Ինչպե՞ս արձագանքեցին հոգևորականները այս քողազերծմանը։ Նրանք արդեն սկսել էին դավեր նյութել «Դիտարան ընկերության» դեմ։ Սակայն հիմա ավելի մոլեգնեցին։ 1918-ի գարնանը Աստվածաշունչ ուսումնասիրողների դեմ ուղղված հալածանքների մեծ ալիքը ողողեց Հյուսիսային Ամերիկան ու Եվրոպան։ 1918-ի մայիսի 7-ին հոգևորականների հրահրած հակառակությունը հասավ իր գագաթնակետին. ԱՄՆ-ի դաշնային իշխանության կարգադրագրերի համաձայն՝ ձերբակալվեցին Ջ. Ֆ. Ռադերֆորդը և նրա մի քանի ընկերակիցները։ 1918-ի ամռանն արդեն նրանք Ատլանտայի պետական բանտում էին (Ջորջիա)։
Ինչպե՞ս էր գործելու գլխավոր վարչությունը, եթե դատավոր Ռադերֆորդը և նրա ընկերակիցները բանտում էին։
«Տան ճրագը» չմարեց
Բրուքլինում գործադիր կոմիտե նշանակվեց Ընկերության աշխատանքը վերահսկելու համար։ Նշանակված եղբայրների գլխավոր նպատակն էր՝ շարունակել «Դիտարանի» թողարկումը, քանի որ բոլոր Աստվածաշունչ ուսումնասիրողները հոգևոր քաջալերանքի կարիք ունեին։ Իրականում, «փորձության ժամանակաշրջանի» ողջ ընթացքում «Դիտարանի» և ոչ մի թողարկում բաց չթողնվեցf։
Ի՞նչ ոգի էր տիրում գլխավոր վարչությունում։ Թոմաս (Բադ) Սալիվանը, որը հետագայում դարձավ Կառավարիչ մարմնի անդամ, պատմում է. «Ես առանձնաշնորհում ունեցա այցելելու Բրուքլինի Բեթել 1918-ի ամռան վերջին, երբ եղբայրները բանտարկված էին։ Նրանք, ովքեր նշանակված էին հոգ տանելու Բեթելում կատարվող աշխատանքի մասին, ո՛չ վախեցած էին և ո՛չ էլ սրտաբեկ։ Իրականում, ճիշտ հակառակն էր։ Նրանք լավատեսորեն էին տրամադրված և վստահ էին, որ Եհովան ի վերջո հաղթանակ կշնորհի իր ժողովրդին։ Ինձ համար մեծ պատիվ էր Բեթելի ընտանիքի հետ մասնակցել երկուշաբթի օրվա նախաճաշին և լսել այն եղբայրների հաշվետվությունները, որոնք նշանակվել էին նախորդ շաբաթ-կիրակի օրերին այցելելու ժողովներ։ Հստակ երևաց, թե ինչպիսին էր իրավիճակը։ Ամենուրեք եղբայրները վստահությամբ լի սպասում էին, որ Եհովան կշարունակի առաջնորդել իրենց գործունեությունը»։
Սակայն եղբայրները որոշ դժվարությունների առաջ կանգնեցին։ Առաջին համաշխարհային պատերազմը դեռ մոլեգնում էր։ Թղթի և ածխի պակաս կար։ Դրանք շատ կարևոր էին գլխավոր վարչությունում կատարվող աշխատանքի համար։ Հայրենասիրության տենդը վարակել էր բոլորին, հասարակությունը թշնամական վերաբերմունք էր դրսևորում Ընկերության հանդեպ, և Աստվածաշունչ ուսումնասիրողները համարվում էին դավաճաններ։ Այս ծայրահեղ իրավիճակում թվում էր՝ անհնար է շարունակել աշխատանքները Բրուքլինում։ Ուստի գործադիր կոմիտեն մյուս եղբայրների հետ խորհրդակցելուց հետո վաճառեց «Բրուքլինի խորանը» և փակեց Բրուքլինի Բեթելը։ 1918-ի օգոստոսի 26-ին վարչությունը կրկին տեղափոխվեց Պիտսբուրգ՝ Ֆեդերալ Սթրիթում և Ռիլայենս Սթրիթում գտնվող գրասենյակային շենք։
Այդուհանդերձ, եղբայրները դրական էին տրամադրված։ Մարթա Մերեդիթը պատմում է. «Պիտսբուրգում մենք հավաքվեցինք և վճռեցինք «տան ճրագը» վառ պահել, մինչև որ եղբայրները ազատ արձակվեին բանտից։ Այդ ընթացքում Բրուքլինի գրասենյակը տեղափոխվեց Պիտսբուրգ։ Եղբայրները զբաղված էին «Դիտարանի» համար հոդվածներ գրելով և այն թողարկելով։ Երբ «Դիտարանները» պատրաստ էին լինում, մենք՝ քույրերս, փաթեթավորում էինք դրանք և ուղարկում մարդկանց»։
Աստվածաշունչ ուսումնասիրողները լուրջ փորձությունների միջով անցան՝ սկսած 1914-ի աշնանից, երբ ավարտվեցին հեթանոսների ժամանակները։ Կշարունակեի՞ն արդյոք նրանք իրենց գործունեությունը։ Նրանց սրտում իսկապես «Աստծու հանդեպ սեր» կա՞ր, արդյոք հավատարիմ կմնայի՞ն «Տիրոջը և նրա ճշմարտությանը», ինչպես հորդորում էր Ռասելը, թե՞ կհեռանային։
[ծանոթագրություններ]
a Այս գլխում մեջբերված՝ Մակմիլանի խոսքերը վերցված են նրա՝ «Հավատի երթը» գրքից, որը թողարկվել է 1957-ին «Փրենտիս-Հոլ» հրատարակչության կողմից։
b Խմբագրական կոմիտեի անդամների համար Ռասելը նշել էր հետևյալ հինգ անունները՝ Ուիլյամ Է. Փեյջ, Ուիլյամ Է. վան Ամբուրգ, Հենրի Քլեյ Ռոքվել, Է. Ու. Բրենեսեն և Ֆ. Հ. Ռոբիսոն։ Բացի այս անուններից, նա նշել էր նաև, թե ով կարող է փոխարինել նրանց հարկ եղած դեպքում՝ Ա. Է. Բուրգեսը, Ռոբերտ Հիրշը, Իսահակ Հոսկինսը, Ջ. Հ. Ֆիշերը, Ջ. Ֆ. Ռադերֆորդը և Ջոն Էդգարը։ Փեյջն ու Բրենեսենը անմիջապես հրաժարվեցին։ Փեյջը հրաժարվեց, քանի որ չէր կարող բնակվել Բրուքլինում, իսկ Բրենեսենը (հետագայում անվան գրելաձևը փոխվեց Բրենիսեն) ստիպված էր աշխատել իր ընտանիքին հոգ տանելու համար։ Ռադերֆորդը և Հիրշը, որոնց անունները նշված էին «Դիտարանի» 1916-ի դեկտեմբերի 1-ի համարում, փոխարինեցին նրանց։
c «Դիտարան ընկերության» կանոնադրության համաձայն՝ տնօրենների խորհուրդը պետք է կազմված լիներ յոթ հոգուց։ Այնտեղ նշվում էր, որ անդամներից մեկի մահից հետո մյուսները պետք է, նրա փոխարեն, մեկ ուրիշին նշանակեին։ Այդ իսկ պատճառով Ռասելի մահից երկու օր անց տնօրենների խորհուրդը հավաքվեց և Ա. Ն. Փիրսոնին ընտրեց նրա փոխարեն։ Այդ ժամանակ տնօրենների խորհրդի անդամներն էին՝ Ա. Ի. Ռիչին, Ու. Է. վան Ամբուրգը, Հ. Ք. Ռոքվելը, Ջ. Դ. Ռայթը, Ի. Ֆ. Հոսկինսը, Ա. Ն. Փիրսոնը և Ջ. Ֆ. Ռադերֆորդը։ Դրանից հետո յոթ անդամներից բաղկացած այս խորհուրդը ընտրեց գործադիր կոմիտեի անդամներին։
d 1918-ի հունվարի 5-ի տարեկան հանդիպմանը քվեարկության ժամանակ յոթ անհատներ հավաքեցին ամենաշատ ձայները։ Նրանք էին Ջ. Ֆ. Ռադերֆորդը, Չ. Հ. Անդերսոնը, Ու. Է. վան Ամբուրգը, Ա. Հ. Մակմիլանը, Ու. Է. Սփիլը, Ջ. Ա. Բոունետը և Ջ. Հ. Ֆիշերը։ Խորհրդի այս յոթ անդամներից Ջ. Ֆ. Ռադերֆորդը ընտրվեց որպես նախագահ, Չ. Հ. Անդերսոնը՝ որպես փոխնախագահ, և Ու. Է. վան Ամբուրգը՝ որպես քարտուղար-գանձապահ։
e Դրանից հետո լույս տեսան երկու ցնցող թերթիկներ ևս։ 1918-ի ապրիլի 15-ին թողարկվեց «Թագավորության լուրը» No. 2 թերթիկը, որի վերնագիրն էր՝ ««Գաղտնիքը բացահայտված է». ինչո՞ւ է արգելված»։ Այն ավելի խիստ խոսքեր էր բովանդակում։ «Թագավորության լուրը» No. 3 թերթիկը լույս տեսավ 1918-ի մայիսին։ Այդ թերթիկի վերնագիրն էր՝ «Մոլեգնում են երկու ճակատամարտեր. ինքնիշխանության վերջը եկել է»։
f Նախկինում եղել էին դեպքեր, երբ «Դիտարանի» մի քանի համարներ լույս են տեսել մեկ համարի մեջ։ Սակայն 1914–1918թթ. ընթացքում երբեք այդպես չի եղել։
[մեջբերում 68-րդ էջի վրա]
Ռադերֆորդը խնդրեց ընդդիմախոսներին հեռանալ Բեթելից
[շրջանակ 62-րդ էջի վրա]
«Մեզնից ոմանք մի փոքր շտապել են»
Մինչ մոտենում էր 1914թ. հոկտեմբերը, Աստվածաշունչ ուսումնասիրողներից ոմանք ակնկալում էին, որ հեթանոսների ժամանակների ավարտից հետո իրենք՝ որպես ոգով օծված քրիստոնյաներ, կստանային իրենց երկնային պարգևը։ Դա է ցույց տալիս այն, ինչ տեղի ունեցավ 1914թ. սեպտեմբերի 27–30-ին Աստվածաշունչ ուսումնասիրողների համաժողովին, որն անցկացվեց Սարատոգա Սփրինգսում (Նյու Յորք)։ Ա. Հ. Մակմիլանը, որը դրանից 14 տարի առաջ էր մկրտվել, մի ելույթ ներկայացրեց սեպտեմբերի 30-ին՝ չորեքշաբթի օրը, որի ժամանակ ասաց. «Հավանաբար սա իմ վերջին ելույթն է, քանի որ շուտով տուն [երկինք] ենք գնալու»։
Երկու օր անց՝ հոկտեմբերի 2-ին՝ ուրբաթ օրը, երբ համաժողովի ներկաներից շատերը հավաքվել էին Բրուքլինում, հիշեցին Մակմիլանի խոսքերը և սկսեցին կատակել։ Եղբայր Ռասելը, նախաճաշի ժամանակ սեղանի գլխին նստած, հայտարարեց. «Մենք փոփոխություն ենք մտցնելու կիրակի օրվա [հոկտեմբերի 4] ծրագրում։ Առավոտյան 10։30-ին մենք կրկին կլսենք եղբայր Մակմիլանի ելույթը»։ Հավաքվածների արձագանքի մասին Մակմիլանը հետագայում գրեց. «Բոլորը մի լավ ծիծաղեցին՝ հիշելով, որ Սարատոգա Սփրինգսում չորեքշաբթի օրը ասել էի, թե դա իմ վերջին ելույթն է»։
«Դե՛,— շարունակում է Մակմիլանը,— ես պետք է մի բան գտնեի ասելու։ Վերջապես գտա Սաղմոս 74։9 համարը, որտեղ գրված էր. «Մեր նշանները մենք չենք տեսնում, այլևս մարգարե չկա, մեր մեջ չկա մեկը, որն իմանա, թե սա մինչև երբ է տևելու»։ Այժմ բոլորովին այլ բան էի ասում։ Այդ ելույթում ես փորձեցի օգնել եղբայրներին տեսնելու, որ մեզնից ոմանք թերևս մի փոքր շտապել են՝ մտածելով, որ հեթանոսների ժամանակները լրանալուն պես՝ մենք գնալու ենք երկինք, և միակ բանը, որ ակնկալվում է մեզնից, Տիրոջ ծառայության մեջ զբաղված լինելն է, մինչև որ նա կորոշի, թե իր հավանությանն արժանացած ծառաներից յուրաքանչյուրը երբ պետք է գնա տուն՝ երկինք»։
[շրջանակ 67-րդ էջի վրա]
Ջ. Ֆ. Ռադերֆորդի կենսագրությունը
Ջոզեֆ Ֆրանկլին Ռադերֆորդը ծնվել է 1869թ. նոյեմբերի 8-ին Մորգան Քաունթիում գտնվող մի ֆերմայում (Միսուրի, ԱՄՆ)։ Նրա ծնողները բապտիստներ էին։ Երբ Ջոզեֆը 16 տարեկան էր, նրա հայրը համաձայնվեց, որ նա սովորի քոլեջում մի պայմանով, որ ինքը կհոգա իր ծախսերը և աշխատող կվարձի, որն իրեն կփոխարինի ֆերմայում։ Երիտասարդ ու վճռական Ջոզեֆը պարտքով գումար վերցրեց իր ընկերոջից և սովորեց քոլեջում։ Այդ ընթացքում նա նաև իրավագիտություն էր ուսումնասիրում։
Ուսումն ավարտելուց հետո Ռադերֆորդը երկու տարի մասնավոր սովորեց դատավոր Է. Լ. Էդվարդսի մոտ։ Երբ արդեն 20 տարեկան էր, դարձավ Միսուրի նահանգի տասնչորսերորդ դատական շրջանի ատյանների քարտուղար։ Իսկ 1892թ. մայիսի 5-ին Միսուրիում իրավաբանի աշխատանք կատարելու արտոնագիր ստացավ։ Հետագայում Ռադերֆորդը չորս տարի աշխատեց որպես դատախազ Բունվիլում (Միսուրի)։ Իսկ ավելի ուշ նա երբեմն աշխատում էր որպես փոխարինող դատավոր Միսուրիի ութերորդ դատական շրջանի ատյանում, ինչի շնորհիվ էլ հայտնի դարձավ որպես «դատավոր» Ռադերֆորդ։
Ուսման ընթացքում իր կարիքները հոգալու համար Ռադերֆորդը հանրագիտարաններ էր վաճառում՝ գնալով տնից տուն։ Դա հեշտ գործ չէր. շատերը կոպտորեն մերժում էին նրան։ Մի անգամ ֆերմայից ֆերմա գնալիս նա ընկավ գետը, որի ջուրը չափազանց սառն էր։ Երիտասարդը հազիվ փրկվեց մահից։ Այդ դեպքից հետո ինքն իրեն խոստացավ, որ երբ նա իրավաբան դառնա, եթե որևէ գիրք վաճառող գա իր գրասենյակ, նա անպայման կգնի նրա գրքերը։ Հավատարիմ մնալով իր որոշմանը՝ նա գնեց «Հազարամյակի արշալույս» ժողովածուի երեք հատորները, որոնք իր գրասենյակ էին բերել երկու գրքեր տարածողներ 1894թ.-ին։ Մի քանի շաբաթ անց նա կարդաց այդ գրքերը և անմիջապես նամակ գրեց «Դիտարան ընկերությանը», որում ասվում էր. «Ես ու իմ սիրելի կինը մեծ հետաքրքրությամբ կարդացինք այս գրքերը։ Կարծում ենք, որ Աստծու առաջնորդությունն ու օրհնությունն էր, որ ձեռք բերեցինք ու կարդացինք դրանք»։ 1906թ.-ին Ջոզեֆ Ֆ. Ռադերֆորդը մկրտվեց և մեկ տարի անց դարձավ «Դիտարան ընկերության» իրավաբանական խորհրդատուն։
[շրջանակ/նկար 69-րդ էջի վրա]
«Չկան ավելի մեծ առանձնաշնորհում ունեցողներ»
1918թ. հունիսի 21-ին Ջ. Ֆ. Ռադերֆորդը և իր ընկերակիցներից մի քանիսը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման՝ անարդարացիորեն հանցավոր ճանաչվելով դավադրություն կազմակերպելու մեջ։ Ի՞նչ զգացումներ ունեին նրանք։ Հունիսի 22–23-ով թվագրված մի երկտողում (ներքևում), որն ուղարկվել էր Բրուքլինի (Նյու Յորք) Ռեյմոնդ Սթրիթում գտնվող բանտից, եղբայր Ռադերֆորդը գրում է. «Այսօր երկրի վրա թերևս չկան ավելի մեծ առանձնաշնորհում ունեցող և ավելի երջանիկ մարդիկ, քան այս յոթ եղբայրները, որ հիմա բանտում են։ Նրանք հասկանում են, որ ոչ մի հանցանք չեն գործել ու լիովին անմեղ են, և ուրախ են, որ Քրիստոսի հետ չարչարվում են նրան հավատարմորեն ծառայելու համար»։
[շրջանակ 70-րդ էջի վրա]
Հոգևորականների հրահրած հալածանքի զոհերը
1918թ. ամռանը Ջ. Ֆ. Ռադերֆորդը և իր յոթ ընկերակիցները գտնվում էին բանտում։ Նրանք դարձել էին հոգևորականների հրահրած հալածանքի զոհը։ Սակայն այս ութ հոգին այդ թշնամանքի միակ թիրախը չէին։ Տարիներ առաջ հոգևորականների և մամուլի հարձակումներն ուղղված էին գլխավորապես Չ. Թ. Ռասելի դեմ։ Իսկ այժմ Աստվածաշունչ ուսումնասիրողներն էին զոհերը։ «Ոսկե դար» (այժմ՝ «Արթնացե՛ք») պարբերագրի 1920թ. սեպտեմբերի 29-ի համարը մանրամասնորեն նկարագրում է այն վայրագ վերաբերմունքը, որին ենթարկվում էին Աստվածաշունչ ուսումնասիրողները Միացյալ Նահանգներում։ Թվում էր, թե դրանք դրվագներ էին ինկվիզիցիայի ժամանակաշրջանիցg։ Ահա դրանցից մի քանիսը.
«1918թ. ապրիլի 22-ին Ուինեվուդ քաղաքում (Օկլահոմա) Կլաուդ Ուաթսոնին նախ ձերբակալեցին, իսկ հետո դիտավորյալ ազատ արձակեցին՝ հանձնելով նրան դրսում սպասող քահանաներից, առևտրականներից և ուրիշ մարդկանցից բաղկացած ամբոխին։ Այդ մարդիկ Կլաուդին տապալեցին գետին։ Հետո նրանց դրդմամբ մի սևամորթ սկսեց մտրակել նրան այնքան, որ ուշաթափ լինի, իսկ երբ փոքր-ինչ ուշքի էր գալիս, կրկին մտրակում էր։ Այնուհետև ձյութ լցրին նրա վրա՝ տրորելով մազերի մեջ ու գլխի մաշկին, և փետուրներ շաղ տվին նրա վրա»։
«1918թ. ապրիլի 29-ին Ուոլնաթ Ռիդջում (Արկանզաս) 61-ամյա Ու. Բ. Դունկանը, Էդուարդ Ֆրենչը, Չարլզ Ֆրանկեն, Գրիֆին անունով մի պարոն և տիկին Դ. վան Հոզենը բանտարկվեցին։ Մի ամբոխ, անամոթ հայհոյանքների տարափ տեղալով, ներխուժեց բանտ, մտրակեց նրանց, ձյութ լցրեց ու փետուրներ շաղ տվեց նրանց վրա և դուրս հանեց քաղաքից։ Դունկանը ստիպված էր ոտքով գնալ տուն, որը 42 կիլոմետր հեռու էր։ Նրա առողջությունը դժվարությամբ վերականգնվեց։ Իսկ Գրիֆինը ստացած հարվածներից կուրացավ և մի քանի ամիս անց մահացավ»։
«1918թ. ապրիլի 30-ին.... Միներվայում (Օհայո) Ս. Հ. Գրիֆինը սկզբում բանտարկվեց, հետո ազատ արձակվեց ու հանձնվեց ամբոխին։ Քահանան տասնհինգ րոպե նրան ուղղված քարոզ կարդաց, այնուհետև նրան սկսեցին անընդհատ ծեծել, հայհոյել, քացիներով հարվածել ու ոտնակոխ անել՝ սպառնալով կախել կամ ջրում խեղդել։ Հետո նրան քաղաքից դուրս հանեցին՝ վրան թքելով, անձրևանոցի կոթով բոթելով և անընդհատ ոտք դնելով նրա առաջ, որ ընկնի։ Գրիֆինին արգելեցին որևէ փոխադրամիջոց նստել և մինչև Մալվերն (Օհայո) ութ կիլոմետր հետապնդեցին նրան։ Այնտեղ նրան կրկին ձերբակալեցին և իր իսկ անվտանգության համար բանտ նստեցրին Քարլտոնում։ Ի վերջո Գրիֆինին տուն տարան մի քանի խիզախ ու բարեխիղճ պաշտոնյաներ, որոնք քննեցին նրա գրականությունը և մոտավորապես այսպիսի խոսքեր ասացին. «Մենք այս մարդու մեջ ոչ մի հանցանք չգտանք»»։
[ծանոթագրություն]
g Էջ 712–717։
[նկարներ 64-րդ էջի վրա]
1916թ. հոկտեմբերի 31-ին Չարլզ Թեյզ Ռասելը մահացավ 64 տարեկանում գնացքի մեջ՝ Տեխասի Պամպա քաղաքում։ Նրա թաղման մասին գրվեց շատ թերթերում
[նկար 66-րդ էջի վրա]
Ջ. Ֆ. Ռադերֆորդը պատկառելի տեսք ուներ. նրա հասակը 188 սանտիմետր էր, իսկ քաշը՝ 102 կիլոգրամ
[նկար 69-րդ էջի վրա]
Ռեյմոնդ Սթրիթում գտնվող բանտը (Բրուքլին, Նյու Յորք), որտեղ եղբայր Ռադերֆորդը և նրա մի քանի ընկերակիցները անցկացրին յոթ օր իրենց դատավճռից անմիջապես հետո
[նկար 71-րդ էջի վրա]
Թոմաս Սալիվանը 1918-ի ամռան վերջին այցելեց Բրուքլինի Բեթել, իսկ հետագայում ծառայեց որպես Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ