Գլուխ 11
Ինչպես կոչվեցինք Եհովայի վկաներ
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ իրենց ժամանակակից պատմության վաղ շրջանում հաճախ կոչվում էին պարզապես Աստվածաշունչ ուսումնասիրողներ։ Երբ մարդիկ հարցնում էին, թե ինչ է նրանց կազմակերպության անվանումը, եղբայրները հաճախ պատասխանում էին. «Մենք քրիստոնյաներ ենք»։ «Դիտարանի» համարներից մեկում եղբայր Ռասելը այդ հարցին այսպես պատասխանեց. «Մենք մեզ չենք առանձնացնում մյուս քրիստոնյաներից՝ կրելով ինչ-որ առանձնահատուկ անուն։ Մենք ուրախ ենք, որ կոչվում ենք քրիստոնյաներ, ինչպես որ հայտնի էին վաղեմի սրբերը» (1888, սեպտեմբեր)։
Այդ դեպքում ինչպե՞ս կոչվեցինք Եհովայի վկաներ։
Քրիստոնյա անվանումը
Հիսուս Քրիստոսի հետևորդները և՛ առաջին դարում, և՛ ներկայումս իրենց և իրենց հավատակիցներին կոչել են «եղբայրներ» և «Աստծու ժողով» (Գործ. 11։29; 3 Հովհ. 14; 1 Կորնթ. 1։2)։ Նաև նրանք Քրիստոսի մասին խոսել են որպես «Տիրոջ», իսկ իրենց մասին որպես «Քրիստոս Հիսուսի ծառաների» և «Աստծու ծառաների» (Կող. 3։24; Փիլիպ. 1։1; 1 Պետ. 2։16)։ Այդպիսի անվանումները ազատորեն օգտագործվել են ժողովում և բոլորի համար հասկանալի են եղել։
Առաջին դարում Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի շուրջ կենտրոնացած ապրելակերպը (իսկ ավելի լայն իմաստով՝ նաև ժողովը) կոչվել է «Ճանապարհ» (Գործ. 9։2; 19։9)։ Մի շարք թարգմանությունների մեջ Գործեր 18։25 համարում այն կոչվում է նաև «Եհովայի Ճանապարհ»a։ Իսկ շրջապատի մարդկանցից ոմանք այն ծաղրելով անվանում էին «նազովրեցիների աղանդ» (Գործ. 24։5)։
Մ.թ. մոտ 44-ին Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդները սկսեցին կոչվել քրիստոնյաներ։ Ոմանք պնդում են, որ շրջապատի մարդիկ են նրանց անվանել քրիստոնյաներ՝ փորձելով այդպիսով նսեմացնել նրանց։ Մինչդեռ Աստվածաշնչի որոշ բառարանագիրներ և մեկնաբաններ ասում են, որ Գործեր 11։26-ում օգտագործված բայն ունի աստվածային առաջնորդության կամ հայտնության իմաստ։ Հետևաբար, «Նոր աշխարհ թարգմանության» մեջ այդ համարն այսպես է ձևակերպված. «Առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտները աստվածային առաջնորդությամբ քրիստոնյաներ անվանվեցին» (այս համարը գրեթե նույն կերպով է թարգմանվել նաև Ռոբերտ Յանգի՝ «Աստվածաշնչի բառացի թարգմանության» (Literal Translation of the Holy Bible) 1898-ի վերանայված հրատարակության մեջ, 1981-ի «Պարզ անգլերենով Աստվածաշնչում» (The Simple English Bible) և Հյուգո Մակ-Քորդի 1988-ի «Նոր Կտակարանում» (New Testament))։ Մ.թ. մոտ 58-ին քրիստոնյա անվանումը քաջ հայտնի էր նույնիսկ հռոմեացի պաշտոնյաներին (Գործ. 26։28)։
Քանի դեռ Քրիստոսի առաքյալները կենդանի էին, քրիստոնյա անվանումը առանձնահատուկ էր և տարբերում էր նրանց մյուս մարդկանցից (1 Պետ. 4։16)։ Յուրաքանչյուր ոք, ով իրեն քրիստոնյա էր համարում, բայց իր հավատալիքներն ու վարքը հակասում էին այդ անվանը, հեռացվում էր քրիստոնեական ժողովից։ Սակայն, ինչպես Հիսուսն էր կանխագուշակել, առաքյալների մահից հետո Սատանան ցանեց սերմեր, որոնցից կեղծ քրիստոնյաներ առաջ եկան։ Նրանք նույնպես իրենց քրիստոնյա էին կոչում (Մատթ. 13։24, 25, 37–39)։ Երբ հավատուրաց քրիստոնեությունը դիմեց բռնի դավանափոխության, ոմանք սկսեցին իրենց քրիստոնյա անվանել զուտ հալածանքից խուսափելու նպատակով։ Ժամանակի ընթացքում ցանկացած եվրոպացի, որը հրեա, մահմեդական կամ աթեիստ չէր, շատ դեպքերում ինքնաբերաբար համարվում էր քրիստոնյա՝ անկախ իր վարքից ու հավատալիքներից։
Հեգնական մականուններ
Քանի որ քրիստոնյա անվանումն այդքան լայնորեն էր օգտագործվում, 16-րդ դարից սկսած՝ դա խնդիրներ ստեղծեց ռեֆորմատորների համար։ Ինչպե՞ս նրանք կարող էին տարբերվել իրենց քրիստոնյա անվանող մյուս մարդկանցից։
Հաճախ նրանք պարզապես ընդունում էին այն հեգնական մականունը, որ տալիս էին նրանց հակառակորդները։ Օրինակ՝ Գերմանիայում Մարտին Լյութերի կրոնական հակառակորդները առաջինն էին, որ նրա հետևորդներին անվանեցին լյութերականներ։ Իսկ Անգլիայում Ջոն Ուեսլիի ընկերակիցներին անվանում էին մեթոդիստներ, քանի որ նրանք հայտնի էին իրենց կրոնական պարտականությունները կատարելու հարցում չափազանց բծախնդրությամբ և հետևողականությամբ (մեթոդականությամբ)։ Բապտիստները սկզբում չէին ընդունում անաբապտիստ մականունը (նշանակում է՝ կրկին մկրտող), սակայն աստիճանաբար զիջումների գնալով՝ որդեգրեցին բապտիստ անվանումը։
Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստվածաշունչ ուսումնասիրողների մասին։ Հոգևորականները նրանց կոչում էին ռասելականներ կամ ռադերֆորդականներ։ Բայց նման անվանում որդեգրելով՝ նրանք կնպաստեին աղանդավորական ոգի զարգացնելուն։ Դա կհակասեր Պողոս առաքյալի կողմից վաղ քրիստոնյաներին տրված հետևյալ հանդիմանությանը. «Երբ մեկն ասում է՝ «ես Պողոսին եմ հետևում», իսկ մյուսը՝ «ես՝ Ապողոսին», ուրեմն մի՞թե դուք էլ մյուս մարդկանց նման չեք [այսինքն՝ ոչ թե հոգևոր մտածելակերպ ունեք, այլ մարմնավոր]» (1 Կորնթ. 3։4)։ Ոմանք նրանց անվանում էին «հազարամյակի արշալույսականներ», բայց չէ՞ որ Քրիստոսի Հազարամյա Իշխանությունը նրանց ուսմունքներից միայն մեկն էր։ Ոմանք էլ նրանց կոչում էին «Դիտարանի մարդիկ», բայց դա էլ տեղին չէր, քանի որ «Դիտարանը» պարզապես նրանց հրատարակություններից մեկն էր, որի միջոցով նրանք տարածում էին ճշմարտությունը։
Բնորոշիչ անուն ունենալու անհրաժեշտությունը
Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Եհովայի ծառաները, քրիստոնյա կոչվելուց բացի, իսկապես բնորոշիչ անվան կարիք ունեին։ Պատճառն այն էր, որ քրիստոնյա անվան նշանակությունը աղավաղվել էր, քանի որ շատերը, ովքեր իրենց քրիստոնյա էին համարում, շատ քիչ բան գիտեին կամ ընդհանրապես ոչինչ չգիտեին այն մասին, թե ով էր Հիսուս Քրիստոսը, ինչ էր սովորեցրել, և ինչ պետք է անեին նրա ճշմարիտ հետևորդները։ Նաև քանի որ մեր եղբայրները գնալով ավելի խորությամբ էին հասկանում Աստծու Խոսքը, նրանք հստակորեն տեսնում էին, որ անհրաժեշտ է առանձնացած լինել ու տարբերվել կեղծ կրոնական ուղղություններից, որոնք իրենց քրիստոնյա են անվանում։
Մեր եղբայրները հաճախ ներկայանում էին որպես Աստվածաշունչ ուսումնասիրողներ, իսկ 1910թ.-ից սկսած՝ իրենց հանդիպումների հետ կապված նրանք գործածում էին նաև «Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միություն» անվանումը։ Շփոթությունից խուսափելու համար 1914-ին նրանք սկսեցին օգտագործել «Աստվածաշնչի միավորված ուսումնասիրողներ» անվանումը, քանի որ նոր կազմավորված իրավաբանական միավորումը նույնպես կոչվում էր «Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միություն»։ Բայց նրանց երկրպագությունը չէր սահմանափակվում միայն Աստվածաշունչը ուսումնասիրելով։ Բացի այդ, ուրիշ անհատներ էլ կային, որ ուսումնասիրում էին Աստվածաշունչը, ոմանք անկեղծորեն, ոմանք քննադատորեն, շատերն էլ այն կարդում էին ուղղակի որպես գեղարվեստական գիրք։ Հետագայում եղբայր Ռասելի մահից հետո նրա ընկերակիցներից ոմանք հրաժարվեցին համագործակցել «Դիտարան ընկերության» և «Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միության» հետ ու նույնիսկ սկսեցին հակառակություն ցույց տալ դրանց։ Այդ խմբավորումները տարբեր անուններ էին գործածում, մի մասն էլ շարունակում էր օգտագործել «Աստվածաշնչի միավորված ուսումնասիրողներ» անվանումը։ Դա ավելի մեծ խառնաշփոթ առաջ բերեց։
Սակայն 1931-ին մենք ընդունեցինք բնորոշիչ մի անուն՝ Եհովայի վկաներ։ Գրող Չանլեր Ստերլինգը անվանեց դա «հանճարեղ մտահղացում» Ջ. Ֆ. Ռադերֆորդի կողմից, որն այդ ժամանակ «Դիտարան ընկերության» նախագահն էր։ Ըստ Ստերլինգի՝ դա խորամանկ քայլ էր, որի շնորհիվ խումբը ոչ միայն պաշտոնական անվանում ունեցավ, այլև Աստվածաշունչ ուսումնասիրողների համար ավելի հեշտ եղավ մեկնաբանել Աստվածաշնչում հանդիպող «վկա» և «վկայել» բառերի նշանակությունը՝ վերագրելով դրանք հատկապես իրենց՝ Եհովայի վկաներին։ Այդ տեսակետին հակառակ՝ Ա. Հ. Մակմիլանը, որը տարիներ շարունակ օգնել է «Դիտարան ընկերության» երեք նախագահներին վարչական հարցերում, այսպիսի խոսքեր ասաց նոր անվան վերաբերյալ եղբայր Ռադերֆորդի արած հայտարարության մասին. «Ես ոչ մի կասկած չեմ ունեցել ոչ նախկինում, ոչ էլ հիմա, որ Տերն է առաջնորդել նրան այդ հարցում։ Սա այն անունն է, որը Եհովան ցանկանում է, որ կրենք, և մենք երջանիկ ենք այն կրելու համար»։ Ո՞ր տեսակետին են թիկունք կանգնում փաստերը։ Արդյոք այդ անունն ընդունելը եղբայր Ռադերֆորդի «հանճարեղ մտահղացո՞ւմն» էր, թե՞ աստվածային առաջնորդության արդյունքը։
Իրադարձություններ, որոնք մատնացույց էին անում այդ անունը
Մ.թ.ա. 8-րդ դարում Եհովան մղեց Եսայիային գրելու. ««Դուք եք իմ վկաները,— ասում է Եհովան,— իմ ծառան, որին ես ընտրել եմ, որպեսզի իմանաք ու հավատաք ինձ և հասկանաք, որ ես նույնն եմ։ Ինձնից առաջ ոչ մի Աստված գոյություն չի ունեցել և ինձնից հետո էլ չի եղել.... Դուք իմ վկաներն եք,— ասում է Եհովան,— իսկ ես Աստված եմ»» (Ես. 43։10, 12)։ Ինչպես երևում է Քրիստոնեական Հունարեն Գրություններից, Եսայիայի կողմից արձանագրված շատ մարգարեություններ կատարվել են քրիստոնեական ժողովի առնչությամբ (համեմատի՛ր Եսայիա 8։18-ը Եբրայեցիներ 2։10–13-ի հետ; Եսայիա 66։22-ը Հայտնություն 21։1, 2-ի հետ)։ Մինչդեռ «Դիտարանի» թողարկման առաջին քառասուն տարիների ընթացքում Եսայիա 43։10, 12 համարները երբեք մանրամասնորեն չէին քննարկվել պարբերագրում։
Աստվածաշնչի հետագա ուսումնասիրության արդյունքում Եհովայի ծառաները ուշադրություն դարձրին նոր կարևոր իրադարձություններին։ 1914-ին երկնքում սկսել էր իշխել Աստծու Թագավորությունը Հիսուսի՝ Մեսիական Թագավորի գլխավորությամբ։ 1925-ին, երբ «Դիտարանում» հստակորեն գրվեց այդ մասին, պարբերագրի 11 տարբեր թողարկումներում հիշատակվեց «Եսայիա» 43-րդ գլխում արձանագրված՝ Եհովայի վկաները լինելու մասին մարգարեական պատվերը։
«Դիտարանի» 1926թ. հունվարի 1-ի թողարկման գլխավոր հոդվածում գրված էր մտածելու տեղիք տվող հետևյալ հարցը. «Ո՞վ կպատվի Եհովային»։ Հաջորդ հինգ տարիներին «Դիտարանի» 46 տարբեր թողարկումներում քննարկվել են Եսայիա 43։10–12-ից որոշ հատվածներ, և ամեն անգամ դրանք կիրառվել են ճշմարիտ քրիստոնյաների առնչությամբb։ 1929-ին ընդգծվեց, որ բոլոր բանական արարածների առաջ դրված կարևոր վիճաբանական հարցը կապ ունի Եհովայի անունը պատվելու հետ։ Եվ երբ քննարկվում էր այն, թե ինչ պատասխանատվություն ունեն Եհովայի ծառաները այդ հարցի առնչությամբ, հաճախ ուշադրություն էր դարձվում Եսայիա 43։10–12 համարներին։
Այսպիսով փաստերը ցույց են տալիս, որ Աստվածաշնչի ուսումնասիրության արդյունքում կրկին ու կրկին ուշադրություն էր դարձվում Եհովայի վկան լինելու պարտականությանը։ Եվ շեշտը դրվում էր ոչ թե կրոնական խմբի անվան վրա, այլ այն գործի, որը նրանք պետք է անեին։
Բայց ի՞նչ անունով էին հայտնի դառնալու նրանք։ Ինչպիսի՞ անուն համապատասխան կլիներ նրանց՝ հաշվի առնելով այն գործը, որ նրանք կատարում էին։ Ի՞նչ անուն էր մատնացույց անում Աստծու Խոսքը։ Այս թեման քննարկվեց մի համաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ 1931թ. հուլիսի 24–30-ը Կոլումբուսում (Օհայո, ԱՄՆ)։
Նոր անուն
Համաժողովի ծրագրի առաջին էջին մեծ տառերով գրված էր JW։ Ի՞նչ էին նշանակում այդ տառերը։ Դրանց նշանակությունը պարզ դարձավ միայն հուլիսի 26-ին՝ կիրակի օրը։ Այդ օրը եղբայր Ռադերֆորդը ներկայացրեց հանրային ելույթ՝ «Թագավորություն. աշխարհի հույսը» վերնագրով։ Ելույթում բնորոշելով նրանց, ովքեր այսօր հռչակում են Աստծու Թագավորությունը՝ նա հատուկ նշեց Եհովայի վկաներ (անգլերեն՝ Jehovah’s Witnesses) անունը։
Նույն օրը՝ ավելի ուշ, եղբայր Ռադերֆորդը այդ թեմայի քննարկումը շարունակեց մեկ այլ ելույթում, որի ժամանակ բերեց մի շարք պատճառներ, թե ինչու էր հարկավոր բնորոշիչ անուն ունենալc։ Իսկ ի՞նչ անուն է մատնանշում Աստվածաշունչը։ Եղբայր Ռադերֆորդը մեջբերեց Գործեր 15։14-ը, որում ուշադրություն է դարձվում Աստծու այն նպատակին, որ նա պետք է «ժողովուրդ հանի իր անվան համար»։ Ելույթում նա նաև ընդգծեց այն փաստը, որ, ինչպես ասվում է Հայտնություն 3։14-ում, Հիսուս Քրիստոսը «հավատարիմ և ճշմարիտ վկան» է։ Ապա անդրադարձավ Հովհաննես 18։37-ին, որում գրված էին Հիսուսի խոսքերը. «Եկել եմ աշխարհ, որ ճշմարտության մասին վկայեմ»։ Եղբայր Ռադերֆորդը մեջբերեց նաև 1 Պետրոս 2։9, 10 համարները, որտեղ Աստծու ծառաներին հետևյալ պատվերն է տրվում. «Ամենուրեք հռչակեք գերազանց հատկությունները նրա, ով խավարից կանչեց ձեզ իր սքանչելի լույսի մեջ»։ Նա տրամաբանեց «Եսայիա» գրքից մի շարք համարների շուրջ, որոնցից մի քանիսի մասին այն ժամանակ հստակ հասկացողություն չկար։ Սակայն նրա ելույթում հատկապես նշանակալից էին Եսայիա 43։8–12 համարները, որոնցում արձանագրված են Աստծու հետևյալ խոսքերը. «Դուք իմ վկաներն եք,— ասում է Եհովան,— իսկ ես Աստված եմ»։ Ուստի ի՞նչ անուն էր մատնացույց անում Աստծու Խոսքը։ Ո՞ր անունը ներդաշնակ կլիներ այն գործունեությանը, որն Աստված իրականացնում էր նրանց միջոցով։
Այդ հարցերի ակնհայտ պատասխանը ձևակերպված էր մի բանաձևում, որը խանդավառությամբ ընդունվեց համաժողովի ժամանակd։ Բանաձում ասվում էր.
«Ցանկանալով բոլորին հայտնի դարձնել մեր դիրքորոշումը և համոզված լինելով, որ դա ներդաշնակ է Աստծու կամքին, ինչը և արձանագրված է նրա Խոսքում՝ ՄԵՆՔ ԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ.
ԹԵԵՎ մենք շատ ենք սիրում եղբայր Չարլզ Թ. Ռասելին նրա կատարած աշխատանքի համար և ուրախությամբ ընդունում ենք, որ Տերը գործել է նրա միջոցով և մեծապես օրհնել է նրա աշխատանքը, սակայն վարվելով Աստծու Խոսքի համաձայն՝ մենք չենք կարող կոչվել «ռասելականներ»։ Մենք գիտենք, որ «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերությունը», «Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միությունը» և «Ազգերի քարոզիչների միությունը» պարզապես անվանումներն են այն միավորումների, որոնք կազմակերպությունը հիմնել է, վերահսկում է և օգտագործում, որպեսզի Աստծու հրահանգների համաձայն՝ գործն առաջ տանի, սակայն դրանցից և ոչ մեկը որպես անվանում չի կարող կիրառվել քրիստոնյաների այն խմբի առնչությամբ, որն ընթանում է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հետքերով։ Նաև գիտենք, որ մենք Աստվածաշունչ ուսումնասիրողներ ենք, սակայն որպես քրիստոնյաների խումբ՝ մենք այլևս չենք ուզում կոչվել «Աստվածաշունչ ուսումնասիրողներ» անունով կամ նման այլ անուններով, քանի որ դրանք ցույց չեն տալիս Տիրոջ առաջ ունեցած մեր ճիշտ դիրքը։ Մենք հրաժարվում ենք որևէ մարդու անունով կոչվելուց։
ՄԵՆՔ գիտակցում ենք, որ գնվել ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի թանկարժեք արյունով, արդարացվել ենք և ընդունվել Եհովա Աստծու կողմից ու կանչվել ենք նրա թագավորության մեջ, ուստի համոզվածությամբ հայտարարում ենք, որ ամբողջությամբ նվիրված ու հավատարիմ ենք Եհովա Աստծուն և նրա թագավորությանը։ Նաև հասկանում ենք, որ մենք Եհովա Աստծու ծառաներն ենք և մեզ հանձնարարված է կատարել մի գործ նրա անվան համար ու, հնազանդվելով նրա պատվերին՝ վկայություն տալ Հիսուս Քրիստոսի մասին և բոլոր մարդկանց հռչակել, որ Եհովան է ճշմարիտ և Ամենակարող Աստված։ Հետևաբար մենք ուրախությամբ ընդունում ենք այն անունը, որը մեր Տեր Աստված իր բերանով է հայտնել, ու ցանկանում ենք ճանաչվել և կոչվել հենց այդ անունով՝ Եհովայի վկաներ (Ես. 43։10–12)»e։
Երբ եղբայր Ռադերֆորդը ամբողջությամբ ներկայացրեց բանաձևը, ներկաները երկար ժամանակ ոգևորությամբ ծափահարում էին՝ ցույց տալով իրենց համաձայնությունը հնչած մտքերին։
Պատասխանատվություն են ստանձնում
Ի՜նչ մեծ պատիվ է կրել միակ ճշմարիտ Աստծու՝ տիեզերքի Գերիշխանի անունը։ Բայց այդ անունը կրելը իր հետ նաև պատասխանատվություն է բերում։ Դա մի պատասխանատվություն է, որը մյուս կրոնական խմբերը չեն ցանկանում ստանձնել։ Եղբայր Ռադերֆորդն իր ելույթում ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր կրում են այն անունը, որն աշխարհում ոչ ոք չի ցանկանում կրել, բացի նրանցից, ովքեր ամբողջությամբ ու անվերապահորեն նվիրված են Եհովային»։ Եվ որքան տեղին է, որ Եհովայի ծառաները կոչվում են Աստծու անունով և հայտնի են դարձնում այն։ Այդ անունը ակնհայտորեն կապ ունի նրա նպատակների մասին հռչակելու գործի հետ։
Ցանկացած խումբ կամ անհատ, որը խոսում է Եհովայի անունով, ստանձնում է նրա խոսքը ճիշտ մատուցելու պարտականությունը (Երեմ. 23։26–28)։ Նրանք պետք է հռչակեն ոչ միայն Եհովայի օրհնությունների մասին, որ նա տալու է արդարությունը սիրողներին, այլև նրա դատաստանների մասին, որ գալու են անարդարություն գործողների վրա։ Եհովան պատվիրել էր իր վաղեմի մարգարեներին, որ որևէ բան չպակասեցնեն իր խոսքից, այլ հայտնեն իր բոլոր ասածները (Երեմ. 1։17; 26։2; Եզեկ. 3։1–11)։ Այսօր էլ նրա վկաները պետք է հետևեն նույն պատվերին։ Նրանք պետք է հռչակեն «Եհովայի բարեհաճության տարին և մեր Աստծու վրեժխնդրության օրը» (Ես. 61։1, 2)։ Վերոհիշյալ բանաձևն ընդունողները հասկանում էին այդ պատասխանատվության նշանակությունը, քանի որ բանաձևի վերջին մասում ասվում էր հետևյալը.
«Որպես Եհովայի վկաներ՝ մենք միայն մեկ նպատակ ունենք՝ լիովին հնազանդվել Եհովայի պատվերներին ու հռչակել, որ նա է միակ ճշմարիտ և Ամենակարող Աստվածը, որ նրա Խոսքը ճշմարիտ է, որ նրա անվանը իրավացիորեն պետք է տրվի ողջ փառքն ու պատիվը, որ Քրիստոսը Աստծու Թագավորն է, որին նա նստեցրել է իշխանական գահին, և որ նրա թագավորությունը եկել է։ Հնազանդվելով Տիրոջ պատվերներին՝ մենք պետք է այսօր հռչակենք այս բարի լուրը՝ ի վկայություն բոլոր ազգերի, ինչպես նաև հայտնենք կառավարիչներին և մարդկանց Սատանայի դաժան ու բռնատիրական կազմակերպության մասին, հատկապես քրիստոնեական աշխարհի մասին, որը այդ անտեսանելի կազմակերպության ամենաչար մասն է։ Նաև պետք է հայտնենք, որ Աստված նպատակ ունի շուտով կործանելու Սատանայի կազմակերպությունը, և այդ կարևոր իրադարձությունից անմիջապես հետո Թագավոր Քրիստոսը երկրի վրա ապրող հնազանդ մարդկանց պարգևելու է խաղաղություն և բարեկեցություն, ազատություն և առողջություն, երջանկություն և հավիտենական կյանք։ Աստծու թագավորությունը աշխարհի միակ հույսն է, և այս լուրը պետք է հռչակեն նրանք, ովքեր կոչվում են Եհովայի վկաներ։
Մենք խոնարհաբար հրավիրում ենք բոլորին, ովքեր ամբողջ սրտով նվիրված են Եհովային և նրա թագավորությանը, միանալ մեզ ու հռչակել այս բարի լուրը, որ Տիրոջ արդար չափանիշները միշտ բարձր մնան, և որ աշխարհի ժողովուրդները իմանան, թե որտեղ կարող են գտնել ճշմարտությունն ու խնդիրներից ազատվելու հույսը, և ամենակարևորը, որ Եհովա Աստծու մեծ ու սուրբ անունը արդարացվի և փառաբանվի»։
Ոչ միայն Կոլումբուսում (Օհայո, ԱՄՆ), այլև հեռավոր Ավստրալիայում համաժողովի ներկաները բուռն ծափահարություններով ընդունեցին նոր անվան մասին հայտարարությունը։ Իսկ Ճապոնիայում մի քանի ժամ ջանք թափելուց հետո միայն կեսգիշերին եղբայրներին հաջողվեց կարճ ռադիոալիքով լսել համաժողովի ծրագրից մի փոքր հատված, որը միաժամանակ թարգմանվում էր իրենց լեզվով։ Այդպիսով այնտեղ գտնվող փոքր խումբը կարողացավ լսել բանաձևը և դրան հաջորդած բուռն ծափահարությունները։ Մացուե Իշի անունով մի քույր, որ նույնպես ներկա էր այդ օրը, հետագայում գրեց, որ նրանք «Ամերիկայի եղբայրների հետ ուրախությամբ բացականչեցին՝ այո՛»։ Կոլումբուսի համաժողովից հետո տարբեր երկրներում, որտեղ քարոզում էին Եհովայի վկաները, համաժողովներում և ժողովներում բոլորն իրենց համաձայնությունն արտահայտեցին այդ բանաձևի վերաբերյալ։ Օրինակ՝ Նորվեգիայից հետևյալ տեղեկությունը հաղորդվեց. «Օսլոյում մեր տարեկան համաժողովի ժամանակ, երբ հայտարարվեց այն մասին, որ ընդունել ենք Եհովայի վկաներ անունը, բոլորս ոտքի կանգնեցինք և խանդավառությամբ բացականչեցինք՝ այո՛»։
Զուտ անվանում չէ
Արդյոք աշխարհը կիմանա՞ր, որ մեր եղբայրները նոր անուն են ընդունել։ Իհա՛րկե։ Այն ելույթը, որի ընթացքում առաջին անգամ հնչեց նոր անվան մասին հայտարարությունը, հեռարձակվեց այն ժամանակվա ամենամեծ ռադիոցանցով։ Բացի այդ, նոր անվան մասին բանաձևը տպագրվեց «Թագավորություն. աշխարհի հույսը» վերնագրով գրքույկում։ Համաժողովից հետո Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում և տարբեր կղզիներում Եհովայի վկաները տարածեցին այդ գրքույկի միլիոնավոր օրինակներ շատ լեզուներով։ Գրքույկը տնետուն ծառայության ժամանակ առաջարկելուց բացի, նրանք հատուկ ջանքեր գործադրեցին, որպեսզի այն բաժանեն նաև բոլոր պաշտոնյա անձանց, խոշոր գործարարներին և հոգևորականներին։ Քարոզարշավին մասնակցած անհատներից ոմանք տասնամյակներ անց ջերմությամբ պատմում էին այդ կարևոր իրադարձության մասին։
Ոչ բոլորը գրքույկը սիրով ընդունեցին։ Միացյալ Նահանգներից Իվա Աբբոտ անունով մի քույր պատմում է, որ երբ դուրս եկավ մի հոգևորականի տնից, ինչ-որ մեկը գրքույկը նրա հետևից շպրտեց գետին։ Նա չէր ցանկանում գրքույկը թողնել գետին ընկած, ուստի մոտեցավ, որ վերցնի այն, բայց մի մեծ շուն գռմռալով մոտեցավ քրոջը, խլեց այն նրա ձեռքից և տարավ իր տիրոջը՝ քահանային։ Քույրը ասում է. «Այն, ինչ ես չկարողացա անել, շունն արեց»։
Մարտին Փետցինգերը, որ հետագայում ծառայեց որպես Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ, պատմում է. «Երբ յուրաքանչյուր դռան առջև ներկայանում էինք՝ ասելով, թե «ես այսօր ձեզ մոտ եմ եկել որպես Եհովայի վկա», մարդիկ մեզ նայում էին զարմացած հայացքով։ Նրանք շփոթված հարցնում էին. «Բայց մի՞թե դուք Աստվածաշունչ ուսումնասիրողներ չեք։ Թե՞ նոր աղանդի մեջ եք մտել»։ Աստիճանաբար իրավիճակը փոխվեց։ Նոր անունը ընդունելուց մի քանի տասնամյակ անց եղբայր Փետցինգերը գրեց. «Ինչպիսի՜ փոփոխություն։ Մինչ կհասցնեմ մի բառ արտասանել, մարդիկ անմիջապես ասում են. «Հավանաբար, դուք Եհովայի վկա եք»։ Այո, մարդիկ այժմ գիտեն այդ անունը։
Այն զուտ անվանում չէ։ Բոլոր Եհովայի վկաները՝ լինեն երիտասարդ թե ծեր, կին թե տղամարդ, մասնակցում են Եհովայի և նրա մեծ նպատակների մասին վկայություն տալու գործին։ Կրոնական պատմության պրոֆեսոր Չ. Ս. Բրեյդենը մի գրքում գրեց. «Եհովայի վկաները ամբողջ երկիրը բառացիորեն լցրել են իրենց վկայությամբ» (These Also Believe)։
Թեև մեր եղբայրները նախքան նոր անուն ընդունելը արդեն իսկ աշխարհածավալ վկայություն էին տալիս, սակայն հետադարձ հայացք նետելով մեր պատմությանը՝ հստակ տեսնում ենք, որ Եհովան նախապատրաստել է նրանց ավելի մեծ գործի, այն է՝ հավաքել մեծ բազմության անդամներին, որոնք կվերապրեն Արմագեդոնից՝ դրախտ-երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկարով։
[ծանոթագրություններ]
a «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանություն», Հերման Հայնֆեթերի՝ «Նոր Կտակարանի բառացի թարգմանություն.... Վատիկանյան ձեռագրից» և վեց եբրայերեն թարգմանություններ։ Տե՛ս նաև «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» անգլերեն հրատարակության Գործեր 19։23-ի ծանոթագրությունը։
b Այդ տարիներին «Դիտարանում» լույս տեսած գլխավոր հոդվածներից էին՝ «Եհովան և նրա գործերը», «Պատվիր նրա անունը», «Ժողովուրդ իր անվան համար», «Նրա անունը փառաբանվում է», «Ճշմարիտ և հավատարիմ վկա», «Փառաբանի՛ր Եհովային», «Ուրախացիր Եհովայով», «Եհովան Գերիշխան է», «Նրա անվան արդարացումը», «Նրա անունը» և «Գովերգենք Եհովային»։
c Տե՛ս «Նոր անուն» վերնագրով հոդվածը «Դիտարանի» 1931-ի հոկտեմբերի 1-ի համարում։
d «Դիտարան», 1931, սեպտեմբերի 15, էջ 278, 279։
e Թեև փաստերը համոզիչ կերպով ցույց են տալիս, որ Եհովայի վկաներ անունը ընտրվել է Եհովայի առաջնորդությամբ, «Դիտարան» պարբերագրում (1944, փետրվարի 1, էջ 42, 43; 1957, հոկտեմբերի 1, էջ 607) ու «Նոր երկինք և նոր երկիր» գրքում (էջ 231–237) հետագայում նշվեց, որ այդ անունը Եսայիա 62։2; 65։15 համարներում և Հայտնություն 2։17-ում նշված «նոր անունը» չէ, թեև այդ անունը ներդաշնակ է «Եսայիա» գրքի այդ երկու համարներում հիշատակվող նոր փոխհարաբերություններին։
[մեջբերում 149-րդ էջի վրա]
«Աշակերտները աստվածային առաջնորդությամբ քրիստոնյաներ անվանվեցին»
[մեջբերում 150-րդ էջի վրա]
Քրիստոնյա անվան նշանակությունը աղավաղվել էր
[մեջբերում 151-րդ էջի վրա]
Նրանք պարզապես Աստվածաշունչ ուսումնասիրողներ չէին
[մեջբերում 157-րդ էջի վրա]
«Դուք իմ վկաներն եք,— ասում է Եհովան,— իսկ ես Աստված եմ»
[շրջանակ 151-րդ էջի վրա]
Եհովայի վկաներ անունը Հյուսիսային և Հարավային Ամերիկայում
Արաբերեն يهوه شهود
Հայերեն Եհովայի Վկաներ
Չինարեն 耶和華見證人
Անգլերեն Jehovah’s Witnesses
Ֆրանսերեն Témoins de Jéhovah
Հունարեն Μάρτυρες του Ιεχωβά
Գրենլանդերեն Jehovap Nalunaajaasui
Իտալերեն Testimoni di Geova
Ճապոներեն エホバの証人
Կորեերեն 여호와의 증인
Պապիամենտո Testigonan di Jehova
Լեհերեն Świadkowie Jehowy
Պորտուգալերեն Testemunhas de Jeová
Սամոա Molimau a Ieova
Իսպաներեն Testigos de Jehová
Սրանանտոնգո Jehovah Kotoigi
Տագալոգ Mga Saksi ni Jehova
Վիետնամերեն Nhân-chứng Giê-hô-va
[շրջանակ 152-րդ էջի վրա]
Ուրիշները հասկացան դա
«Դիտարանը» միակ հրատարակությունը չէ, որ նշել է, թե ըստ Աստվածաշնչի՝ Եհովան երկրի վրա պետք է ունենար վկաներ։ Օրինակ՝ Հ. Ա. Այրոնսայդը «Դասախոսություններ Դանիել մարգարեի մասին» գրքում, խոսելով նրանց մասին, ում առնչությամբ իրականանալու էին «Եսայիա» գրքի 43-րդ գլխի մարգարեությունները, նշեց. «Այն ժամանակ, երբ հավատուրաց քրիստոնեական աշխարհը, խոր մոլորության մեջ լինելով, կհավատա հակաքրիստոսի ստին, կլինեն Եհովայի վկաներ, ովքեր կվկայեն միակ ճշմարիտ Աստծու զորության և փառքի մասին» (Lectures on Daniel the Prophet, առաջին հրատարակություն, 1911)։
[շրջանակ 153-րդ էջի վրա]
Եհովայի վկաներ անունը Արևելքի երկրներում և Խաղաղօվկիանոսյան կղզիներում
Բենգալերեն যিহোবার সাক্ষিরা
Բիկոլ, սեբուաներեն, հիլիգայնոն, Սամար-լեյտե, տագալոգ Mga Saksi ni Jehova
Բիսլամա Ol Wetnes blong Jeova
Չինարեն 耶和華見證人
Անգլերեն Jehovah’s Witnesses
Ֆիջի Vakadinadina i Jiova
Գուջարաթի યહોવાહના સાક્ષીઓ
Հինդի यहोवा के साक्षी
Հիրի մոթու Iehova ena Witness Taudia
Իլոկո Dagiti Saksi ni Jehova
Ինդոնեզերեն Saksi-Saksi Yehuwa
Ճապոներեն エホバの証人
Կաննադա ಯೆಹೋವನ ಸಾಕ್ಷಿಗಳು
Կորեերեն 여호와의 증인
Մալայալամ യഹോവയുടെ സാക്ഷികള്
Մարաթի यहोवाचे साक्षीदार
Մարշալերեն Dri Kennan ro an Jeova
Մյանմա ယေဟောဝါသက်သေမျာ
Նեպալերեն यहोवाका साक्षीहरू
Նոր գվիներեն պիջին Ol Witnes Bilong Jehova
Նիուե Tau Fakamoli a Iehova
Պալաու reSioning er a Jehovah
Պանգասինան Saray Tasi nen Jehova
Պոնապերեն Sounkadehde kan en Siohwa
Ռարոտոնգա Au Kite o Iehova
Ռուսերեն Свидетели Иеговы
Սամոա, թուվալուերեն Molimau a Ieova
Սինհալերեն යෙහෝවාගේ සාක්ෂිකරුවෝ
Սողոմոնի կղզիների պիջին all’gether Jehovah’s Witness
Թաիթերեն Ite no Iehova
Թամիլերեն யெகோவாவின் சாட்சிகள்
Տելուգու యెహోవాసాక్షులు
Թաի พยานพระยะโฮวา
Թոնգա Fakamo‘oni ‘a Sihova
Տրուկ Ekkewe Chon Pwarata Jiowa
Ուրդու
Վիետնամերեն Nhân-chứng Giê-hô-va
Յապ Pi Mich Rok Jehovah
[շրջանակ 154-րդ էջի վրա]
Եհովայի վկաներ անունը Աֆրիկայում
Աֆրիկաանս Jehovah se Getuies
Ամհարերեն የይሖዋ ምሥክሮች
Արաբերեն شهود يهوه
Չիչևա Mboni za Yehova
Բեմբա Inte sha kwa Yehova
Էֆիկ Mme Ntiense Jehovah
Անգլերեն Jehovah’s Witnesses
Էվե Yehowa Ðasefowo
Ֆրանսերեն Témoins de Jéhovah
Գա Yehowa Odasefoi
Գան Kunnudetọ Jehovah tọn lẹ
Հաուսա Shaidun Jehovah
Իգբո Ndịàmà Jehova
Կիլուբա Ba Tumoni twa Yehova
Կինյառուանդա Abahamya ba Yehova
Կիրունդի Ivyabona vya Yehova
Կիսի Seiyaa Jɛhowaa
Կվանյամա Eendombwedi daJehova
Լինգալա Batemwe ya Jéhovah
Լուգանդա Abajulirwa ba Yakuwa
Մալգաշերեն Vavolombelon’i Jehovah
Մուրե A Zeova Kaset rãmba
Նդոնգա Oonzapo dhaJehova
Պորտուգալերեն Testemunhas de Jeová
Սանգո A-Témoin ti Jéhovah
Սեպեդի Dihlatse tša Jehofa
Սեսոթո Lipaki tsa Jehova
Շոնա Zvapupu zvaJehovha
Սիլոզի Lipaki za Jehova
Սվահիլի Mashahidi wa Yehova
Տիգրինիա ናይ የሆዋ መሰኻኽር
Չիլուբա Bantemu ba Yehowa
Ցոնգա Timbhoni ta Yehova
Ցվանա Basupi ba ga Jehofa
Թվի Yehowa Adansefo
Վենդա Ṱhanzi dza Yehova
Կոսա amaNgqina kaYehova
Յորուբա Ẹlẹ́rìí Jehofa
Զուլու oFakazi BakaJehova
[շրջանակ 154-րդ էջի վրա]
Եհովայի վկաներ անունը Եվրոպայում և Մերձավոր Արևելքում
Ալբաներեն Dëshmitarët e Jehovait
Արաբերեն شهود يهوه
Հայերեն Եհովայի Վկաներ
Բուլղարերեն Свидетелите на Йехова
Խորվաթերեն Jehovini svjedoci
Չեխերեն svĕdkové Jehovovi
Դանիերեն Jehovas Vidner
Հոլանդերեն Jehovah’s Getuigen
Անգլերեն Jehovah’s Witnesses
Էստոներեն Jehoova tunnistajad
Ֆիններեն Jehovan todistajat
Ֆրանսերեն Témoins de Jéhovah
Գերմաներեն Jehovas Zeugen
Հունարեն Μάρτυρες του Ιεχωβά
Եբրայերեն עדי־יהוה
Հունգարերեն Jehova Tanúi
Իսլանդերեն Vottar Jehóva
Իտալերեն Testimoni di Geova
Մակեդոներեն, Սերբերեն Јеховини сведоци
Մալթայերեն Xhieda ta’ Jehovah
Նորվեգերեն Jehovas vitner
Լեհերեն Świadkowie Jehowy
Պորտուգալերեն Testemunhas de Jeová
Ռումիներեն Martorii lui Iehova
Ռուսերեն Свидетели Иеговы
Սլովակերեն Jehovovi svedkovia
Սլովեներեն Jehovove priče
Իսպաներեն Testigos de Jehová
Շվեդերեն Jehovas vittnen
Թուրքերեն Yehova’nın Şahitleri
Ուկրաիներեն Свідки Єгови
[նկարներ 155-րդ էջի վրա]
1931թ. համաժողովի ծրագրում մեծ տառերով գրված էր JW (առանց բացատրության)։ Դրանց նշանակությունը պարզ դարձավ նոր անվան վերաբերյալ տպավորիչ ելույթի ժամանակ
[նկարներ 156-րդ էջի վրա]
Նրանք հպարտությամբ մարդկանց հայտնում էին, որ Եհովայի վկա են