ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ
Ինչպե՞ս վարել տնտեսությունը
1. Ինչո՞ւ տնտեսություն վարելը կարող է այսօր այդքան դժվար լինել։
«ԱՅՍ աշխարհի կերպարանքն անցնում է [«փոխվում է», ՆԱ]» (Ա Կորնթացիս 7։31)։ Թեև վերոհիշյալ խոսքերը գրի են առնվել ավելի քան 1 900 տարի առաջ, դրանք այսօր էլ ճշմարիտ են։ Իրոք որ ամեն ինչ փոխվում է, հատկապես այն, ինչ վերաբերում է ընտանեկան կյանքին։ Դեռ 40–50 տարի առաջ բնական ու ավանդական համարվող բաներն այսօր հաճախ անընդունելի են։ Այնպես որ, տնտեսությունը հաջողությամբ վարելը կարող է բավականին դժվար լինել։ Սակայն այս հարցում ևս կարելի է հաջողության հասնել, եթե հետևենք աստվածաշնչյան խորհուրդներին։
ԱՊՐԵՔ ՁԵՐ ՈՒՆԵՑԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
2. Ո՞ր տնտեսական խնդիրներն են դժվարություններ ստեղծում ընտանիքներում։
2 Այսօր շատերին արդեն չի բավարարում պարզ, ավանդական ընտանեկան կյանքով ապրելը։ Առևտրական աշխարհի բազմատեսակ արտադրանքներն ու դրանց գովազդները այն աստիճան են գայթակղեցնում մարդկանց, որ միլիոնավոր հայրեր ու մայրեր ստիպված են երկար ժամեր տրամադրել աշխատանքին, որպեսզի կարողանան ձեռք բերել այդ ապրանքները։ Միլիոնավոր մարդիկ էլ ստիպված են ամեն օր պայքարել մի կտոր հացի համար։ Նրանք ստիպված են ավելի շատ աշխատել, քան նախկինում, երբեմն էլ միաժամանակ երկու տեղ, որպեսզի հոգան միայն ամենաանհրաժեշտ ծախսերը։ Մարդիկ էլ կան, որ ուրախ կլինեին առհասարակ որևիցե աշխատանք ունենալ, քանի որ գործազրկությունն այսօր ամենատարածված խնդիրներից մեկն է աշխարհում։ Այո, միշտ չէ, որ կյանքը հեշտ է ժամանակակից ընտանիքների համար, սակայն Աստվածաշնչի սկզբունքները կարող են օգնել նրանց հաջողությամբ դուրս գալու այդ իրավիճակից։
3. Ի՞նչ սկզբունքի մասին է գրել Պողոս առաքյալը, և ինչպե՞ս կարող է այն օգնել տնտեսությունը հաջողությամբ վարել։
3 Պողոս առաքյալը իր կյանքի ընթացքում բազում տնտեսական խնդիրներ էր ունեցել։ Դրանք հաղթահարելիս նա մի արժեքավոր դաս էր քաղել, որի մասին էլ մեկնաբանություն է տվել իր բարեկամ Տիմոթեոսին ուղղված նամակում։ «Ոչինչ չենք բերել աշխարհքս,— գրել է նա,— եւ յայտնի է որ ոչինչ էլ չենք կարող դուրս տանիլ։ Բայց եթէ կերակուր եւ հագուստ ունինք, նորանցով բաւականանանք» (Ա Տիմոթէոս 6։7, 8)։ Ճիշտ է, ընտանիքին շատ ավելին է պետք, քան միայն հագուստն ու կերակուրը։ Հարկավոր է նաև գլխավերևում ծածկ ունենալ, երեխաներին կրթության տալ, ինչպես նաև հոգալ բժշկական և այլ ծախսերը։ Չնայած այս ամենին՝ Պողոսի խոսքերում ամփոփված սկզբունքը կիրառելի է։ Եթե սահմանափակվենք միայն մեր կարիքները բավարարելով և անձնատուր չլինենք մեր ցանկություններին, ապա կյանքը շատ ավելի հեշտ կլինի։
4, 5. Հեռատեսությունն ու նախօրոք պլանավորելու ունակությունը ինչպե՞ս կարող են օգնել տնտեսությունը հաջողությամբ վարել։
4 Մեկ այլ օգտակար սկզբունք կարելի է գտնել Հիսուսի պատմած առակներից մեկում։ «Ձեզանից ո՞վ է, որ կամենայ աշտարակ շինել, եւ առաջ չը նստի եւ ծախսը հաշուէ թէ աւարտելու համար բաւական բան ունի՞»,— ասել է նա (Ղուկաս 14։28)։ Հիսուսն այստեղ խոսում է հեռատեսության, գործերը նախօրոք պլանավորելու մասին։ Նախորդ գլխում խոսվեց այն մասին, թե ինչպես է այս սկզբունքն օգնում ամուսնության մտադրություն ունեցող երիտասարդներին։ Իսկ ամուսնությունից հետո այս սկզբունքը օգնում է նաև տնտեսությունը վարելու գործում։ Այս ոլորտում հեռատեսություն դրսևորելու համար ընտանիքը պետք է որոշակի բյուջե ունենա և նախօրոք պլանավորի, թե ինչպես կարելի է լավագույն կերպով օգտագործել եղած միջոցները։ Վերջինիս շնորհիվ ընտանիքը կարող է կարգավորել ծախսերը՝ նախապես որոշելով, թե մոտավորապես որքան գումար կարող է ամեն օր կամ ամեն շաբաթ ծախսել առաջին անհրաժեշտության իրեր ձեռք բերելու համար՝ միաժամանակ չանցնելով այդ գումարի սահմանները։
5 Որոշ երկրներում այդպիսի պլանավորման հետևելը նշանակում է ոչ անհրաժեշտ բաներ գնելու համար բարձր տոկոսով դրամ փոխ վերցնելու ցանկության դեմ պայքարել։ Ուրիշ երկրներում էլ թերևս հարկ լինի խստորեն հետևել վարկաքարտերի օգտագործմանը (Առակաց 22։7)։ Այլ դեպքերում էլ գուցե պետք լինի դեմ գնալ «ըստ տրամադրության» գնումներ կատարելու ցանկությանը, այսինքն՝ երբ որևէ իր ես գնում պահի տակ՝ առանց ծանրութեթև անելու, թե որքանով է դա անհրաժեշտ ու ինչ հետևանքներ կբերի իր հետ։ Բացի այդ, ընտանեկան բյուջեն հստակորեն ցույց կտա, որ մոլեխաղերի, ծխախոտի և մեծ քանակությամբ ոգելից խմիչքների վրա եսասիրաբար դրամ վատնելը ոչ միայն ոտնահարում է աստվածաշնչյան սկզբունքները, այլև տնտեսական առումով զգալի վնաս է հասցնում ընտանիքին (Առակաց 23։20, 21, 29–35; Հռովմայեցիս 6։19; Եփեսացիս 5։3–5)։
6. Աստվածաշնչյան ո՞ր ճշմարտություններն են ամրապնդում նրանց, ովքեր ստիպված են չքավորության մեջ ապրել։
6 Սակայն ի՞նչ կարող են անել նրանք, ովքեր ստիպված են ապրել ծայրահեղ աղքատության մեջ։ Ամենից առաջ, նրանց կարող է մխիթարել այն միտքը, որ համատարած չքավորության խնդիրը ժամանակավոր է։ Մոտալուտ նոր աշխարհում Եհովան վերջ է դնելու ոչ միայն չքավորությանը, այլև մարդկությանը տառապանք պատճառող մյուս խնդիրներին ևս (Սաղմոս 72։1, 12–16)։ Ճշմարիտ քրիստոնյաները չեն ընկնում հուսահատության գիրկը, նույնիսկ եթե նրանք ծայրահեղ աղքատության մեջ են, քանի որ վստահում են Եհովայի խոստումին՝ «քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ»։ Ուստի հավատ ունեցող մարդը առանց տատանվելու կարող է ասել. «Տէ՛րն է իմ օգնականը, և ես չպիտի երկնչեմ» (Եբրայեցիս 13։5, 6, ԷԹ)։ Այս ծանր ժամանակներում Եհովան տարբեր միջոցներով աջակցում է իր այն երկրպագուներին, ովքեր ապրում են իր սկզբունքներով և Թագավորության շահերն իրենց կյանքում առաջին տեղն են դնում (Մատթէոս 6։33)։ Դա կարող են հաստատել Եհովայի բազմաթիվ ծառաները՝ կրկնելով Պողոս առաքյալի խոսքերը. «Ամէն ինչում, բոլոր պայմանների տակ, սովորել եմ թէ՛ կուշտ լինել, թէ՛ քաղցած մնալ, թէ առատութեան մէջ լինել, թէ զրկանք կրել։ Ամէն ինչի կարող եմ նրա՛ շնորհիւ, ով ինձ զօրացրեց» (Փիլիպպեցիս 4։12, 13, ԷԹ)։
ԻՆՉՊԵՍ ԲԱԺԱՆԵԼ ՏՆԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տնային գործերով պետք է զբաղվեն բոլորը
7. Հիսուսի ո՞ր խոսքերի կիրառումը կօգնի տնտեսությունը հաջողությամբ վարել։
7 Իր երկրային ծառայության վերջում Հիսուսն ասաց. «Սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթէոս 22։39)։ Անչափ օգտակար է այս խորհուրդը կիրառել ընտանիքում, քանի որ այն շատ է օգնում տնտեսությունը հաջողությամբ վարելուն։ Ովքե՞ր են, ի վերջո, մեր ամենամոտ ու ամենասիրելի «ընկերները», եթե ոչ նրանք, ում հետ ապրում ենք մի ծածկի տակ՝ մեր ամուսիններն ու կանայք, ծնողներն ու երեխաները։ Իսկ ինչպե՞ս կարող են ընտանիքի անդամները սեր ցույց տալ մեկը մյուսի հանդեպ։
8. Ինչպե՞ս կարելի է ընտանիքում սեր ցուցաբերել։
8 Սեր ցույց տալու միջոցներից մեկն այն է, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ տան մեջ կատարի իր բաժին գործը։ Իսկ դրա համար հարկավոր է երեխաներին սովորեցնել իրերն օգտագործելուց հետո իրենց տեղը դնել՝ լինի դա հագուստ, թե՝ խաղալիք։ Ճիշտ է, գուցե ամեն առավոտ անկողինը հարդարելու համար ժամանակ ու ջանքեր են պահանջվում, սակայն դա մեծ օգնություն կարող է լինել տնային գործերում։ Ինչ խոսք, հնարավոր չէ խուսափել ժամանակավոր թեթևակի անկարգությունից, սակայն ընտանիքում բոլորն էլ կարող են ջանք թափել, որ տունը միշտ հավաք լինի, իսկ սեղանը ուտելուց հետո թափված չմնա։ Ծուլությունը, սեփական ցանկություններով շարժվելը, դժկամությունն ու ոչինչ չանելու տրամադրվածությունը բացասական ազդեցություն կարող են թողնել ընտանիքի յուրաքանչյուր անդամի վրա (Առակաց 26։14–16)։ Մինչդեռ եթե բոլորն էլ ուրախ լինեն ու պատրաստակամության ոգի դրսևորեն, դա կնպաստի ընտանեկան երջանկությանը։ «Աստուած սիրում է ուրախ տուողին» (Բ Կորնթացիս 9։7)։
9, 10. ա) Ի՞նչ ծանրություն է սովորաբար ընտանիքում դրված լինում կնոջ ուսերին, և ինչպե՞ս կարելի է այն թեթևացնել։ բ) Ի՞նչ հավասարակշռված տեսակետ կարելի է ունենալ տնային գործերի վերաբերյալ։
9 Ուշադրությունն ու սերը կօգնեն խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք լուրջ խնդիրներ են առաջ բերում որոշ ընտանիքներում։ Ավանդաբար՝ մայրը համարվում է տան սյունը։ Նա է խնամում երեխաներին, մաքրում տունը, լվացք անում, գնումներ կատարում, եփում–թափում... Որոշ երկրներում կանայք աշխատում են նաև դաշտում, վաճառում են բերքը կամ որևէ այլ ձևով իրենց լուման ներդնում ընտանեկան բյուջեում։ Կարիքը ստիպում է միլիոնավոր ամուսնացած կանանց աշխատանք փնտրել տանից դուրս։ Այս երևույթը տեղի է ունենում նույնիսկ այն երկրներում, որտեղ մի ժամանակ ընդունված չէր, որ կինն աշխատի։ Այն կինը, որը նաև մայր է, և որը այսքան տարբեր աշխատանքներ է կատարում, գովասանքի է արժանի։ Աստվածաշնչում նկարագրված «առաքինի կնոջ» պես նրա օրը լի է զանազան գործերով։ Նա «ծուլութեան հացը» չի ուտում (Առակաց 31։10, 27, ԱԱ)։ Սակայն դա չի նշանակում, որ տնային գործերով միայն կինը պետք է զբաղվի։ Մի՞թե արդարացի է, երբ ամբողջ օրը երկուսով դրսում անցկացնելուց հետո նա է միայն կատարում տնային գործերը, իսկ ամուսինն ու ընտանիքի մյուս անդամները հանգստանում են։ Իհարկե ոչ (համեմատի՛ր Բ Կորնթացիս 8։13, 14)։ Այնպես որ, երբ մայրը սկսում է ճաշ պատրաստել, ապա անշուշտ շնորհակալ կլինի, եթե մյուսները օգնեն նրան սեղանը գցելով, խանութ գնալով կամ էլ տունը մի փոքր կարգի բերելով։ Այո՛, բոլորն էլ կարող են տնային պարտականությունները կատարելու մեջ իրենց մասնակցությունը բերել (համեմատի՛ր Գաղատացիս 6։2)։
10 Ոմանք թերևս առարկեն՝ ասելով. «Իմ շրջապատում ընդունված չէ, որ տղամարդը նման գործեր անի»։ Գուցեև դա այդպես է, բայց երևի թե արժե մի փոքր մտածել այդ հարցի շուրջ։ Եհովա Աստված, ստեղծելով առաջին ընտանիքը, չասաց, թե տան մեջ միայն կինը պետք է որոշակի աշխատանք կատարի։ Մի առիթով, երբ նրա հավատարիմ ծառա Աբրահամին հատուկ սուրհանդակներ էին այցի եկել, Աբրահամը անձամբ մասնակցեց կերակուրի պատրաստմանը ու հյուրերին ի՛նքը սպասարկեց (Ծննդոց 18։1–8)։ «Այսպէս պէտք է մարդիկ սիրեն իրանց կանանցը, ինչպէս իրանց մարմինները»,— ասում է Աստվածաշունչը (Եփեսացիս 5։28)։ Եթե օրվա վերջում ամուսինը հոգնած է և ուզում է հանգստանալ, դժվար չէ կռահել, որ կինն էլ է հոգնած, և գուցե ավելի, քան ամուսինը (Ա Պետրոս 3։7)։ Այսպիսի դեպքերում մի՞թե տեղին չի լինի, որ ամուսինը օգնի նրան տան գործերում՝ դրանով ցույց տալով իր սերը (Փիլիպպեցիս 2։3, 4)։
11. Ի՞նչ սքանչելի օրինակ է թողել Հիսուսը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։
11 Աստծուն հաճեցնելու և իր մտերիմներին երջանկացնելու գերազանց օրինակ է Հիսուսը։ Չնայած նա երբեք ամուսնացած չի եղել, սակայն հրաշալի օրինակ է թողել ամուսիններին, կանանց ու երեխաներին։ Իր մասին նա ասաց. «Մարդի Որդին չ’եկաւ որ իրան ծառայեն, այլ որ ինքը ծառայէ» (Մատթէոս 20։28)։ Եվ իրոք, անզուգական են այն ընտանիքները, որտեղ բոլորը հավասարապես նման ոգի են դրսևորում։
ԻՆՉՈ՞Ւ Է ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՔԱՆ ԿԱՐևՈՐ
12. Ի՞նչ է Եհովան պահանջում իր երկրպագուներից։
12 Աստվածաշնչյան մեկ այլ սկզբունք էլ, որը կարող է օգնել տնտեսությունը վարելու գործում, պարփակված է Բ Կորնթացիս 7։1–ում։ «Մեր անձերը սրբենք հոգու եւ մարմնի ամեն պղծութիւնից»,— կարդում ենք այդ համարում։ Այն անհատներն, ովքեր հնազանդվում են այս ներշնչված խոսքերին, ընդունելի են Եհովային, որը «սուրբ եւ անարատ կրօնասիրութիւն» է պահանջում իր երկրպագուներից (Յակոբոս 1։27)։ Այս սկզբունքը կիրառելով՝ ընտանիքի բոլոր անդամները կարող են օգուտներ քաղել։
13. Ինչո՞ւ է կարևոր մաքրություն պահպանել ընտանիքում։
13 Աստվածաշունչը վստահեցնում է, որ կգա ժամանակ, երբ այլևս ոչ մի հիվանդություն չի լինի։ Այդ ժամանակ ոչ մի «բնակիչ չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24; Յայտնութիւն 21։4, 5)։ Սակայն մինչ այդ՝ բոլոր ընտանիքներում ժամանակ առ ժամանակ որևէ մեկը կարող է հիվանդանալ։ Աստվածաշնչից իմանում ենք, որ առողջական խնդիրներ են ունեցել նույնիսկ Պողոսը և Տիմոթեոսը (Գաղատացիս 4։13; Ա Տիմոթէոս 5։23)։ Այնուամենայնիվ, բժիշկ–փորձագետներն այն կարծիքին են, որ հիվանդությունների մեծ մասը հնարավոր է կանխել։ Շատ ընտանիքներ կարող են խուսափել առողջական որոշ խնդիրներից, եթե աշխատեն ֆիզիկապես և հոգևորապես մաքուր լինել։ Տեսնենք, թե ինչպես (համեմատի՛ր Առակաց 22։3)։
14. Ինչպե՞ս կարող է բարոյական մաքրությունը պաշտպանել ընտանիքը հիվանդություններից։
14 Հոգևորապես մաքուր լինելն իր մեջ ներառում է նաև բարոյական մաքրություն պահպանելը։ Քաջ հայտնի է, որ Աստվածաշունչը թիկունք է կանգնում բարոյական բարձր չափանիշներին և դատապարտում է ամուսնությունից դուրս ցանկացած սեռական կապ։ «Ոչ պոռնիկները.... ոչ շնացողները, ոչ իգացողները, ոչ արուագետները.... Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ» (Ա Կորնթացիս 6։9, 10)։ Աստվածաշնչի այս բարձր նորմերին կառչած մնալը հույժ կարևոր է քրիստոնյաների համար, որոնք ապրում են այս այլասերված աշխարհում։ Այդպիսի վարքն Աստծո հավանությանը կարժանանա և կօգնի ընտանիքը պաշտպանել սեռական ուղիներով փոխանցվող այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են ՁԻԱՀ–ը, սիֆիլիսը, սուսանակը, խլամիդան և այլն (Առակաց 7։10–23)։
15. Բերեք օրինակ, երբ ֆիզիկական անմաքրությունը հիվանդության պատճառ է դառնում, ինչից կարելի էր խուսափել։
15 «Մարմնի ամեն պղծութիւնից» մաքրվելը օգնում է ընտանիքը պաշտպանել նաև այլ հիվանդություններից։ Շատ հիվանդությունների պատճառը ֆիզիկական մաքրության բացակայությունն է։ Դրա վառ օրինակն է ծխելը։ Այն ոչ միայն աղտոտում է թոքերը, հագուստը և օդը, այլև հիվանդությունների պատճառ է դառնում։ Ամեն տարի ծխելու հետևանքով միլիոնավոր մարդիկ են մահանում։ Մի պահ մտածեք. տարեկան այդքան մարդ չէր հիվանդանա և վաղաժամ չէր հեռանա կյանքից, եթե հեռու մնար մարմինը պղծող այդ սովորությունից։
16, 17. ա) Եհովայի տված ո՞ր օրենքն էր պաշտպանում Իսրայել ազգին որոշակի հիվանդություններից։ բ) Ինչպե՞ս կարելի է Բ Օրինաց 23։12, 13 խոսքերում ամփոփված սկզբունքը կիրառել բոլոր ընտանիքներում։
16 Ահա մեկ ուրիշ օրինակ։ Շուրջ 3 500 տարի առաջ Աստված Իսրայել ազգին տվեց իր Օրենքը, որը պետք է կարգավորեր նրանց երկրպագությունն ու զգալի չափով կանոնավորեր նրանց առօրյա կյանքը։ Օրենքը որոշակի կանոններ էր սահմանել հիգիենայի վերաբերյալ, ինչը օգնում էր ժողովրդին զերծ մնալ հիվանդություններից։ Այդպիսի կանոններից մեկը, օրինակ, պահանջում էր, որ արտաթորանքը թաղվի բանակատեղից դուրս՝ հողի մեջ, որպեսզի շրջապատը, որտեղ ապրում էր ժողովուրդը, չաղտոտվեր (Բ Օրինաց 23։12, 13)։ Հնուց եկած այս օրենքը մինչև օրս ուժի մեջ է։ Նույնիսկ մեր ժամանակներում այդ խորհրդին չհետևելու պատճառով շատերն են հիվանդանում ու մահանում։a
17 Իսրայելացիներին տրված այդ օրենքի հիմքում ընկած է հետևյալ սկզբունքը՝ լողասենյակն ու զուգարանը, անկախ այն բանից՝ դրանք գտնվում են տանը թե դրսում, պետք է պահել մաքուր վիճակում և ժամանակ առ ժամանակ ախտահանել։ Եթե զուգարանի տարածքը մաքուր չի պահվում և չի ծածկվում, ապա այնտեղ ճանճեր կհավաքվեն, որոնք էլ իրենց հերթին մանրէները կտարածեն տնով մեկ՝ թողնելով դրանք նաև սննդի վրա, որից մենք օգտվում ենք։ Բացի այդ, տան բոլոր անդամները՝ թե՛ մեծ և թե՛ փոքր, պետք է զուգարան մտնելուց հետո իրենց ձեռքերը լվանան։ Հակառակ դեպքում՝ մանրէներն իրենց հետ կբերեն տուն։ Ֆրանսիայի մի բժշկուհի նշում է, որ «մինչև օրս՝ մարսողական, շնչառական ուղիների, ինչպես նաև մաշկային վարակներից խուսափելու լավագույն երաշխիքներից մեկը ձեռքերը լվանալն է»։
Մաքրություն պահպանելն ավելի էժան է նստում, քան դեղամիջոցներ գնելը
18, 19. Ի՞նչ խորհուրդներ են առաջարկվում նույնիսկ աղքատ թաղամասերում տունը մաքուր պահելու համար։
18 Ճիշտ է, աղքատ թաղամասերում մաքրություն պահպանելն այնքան էլ հեշտ չէ։ Մի մարդ, որին ծանոթ է նման միջավայրը, բացատրում է. «Անտանելի շոգ կլիման մաքրության համար կրկնակի դժվարություններ է ստեղծում։ Փոշեխառն փոթորիկները տան ամեն մի անկյունում շագանակագույն փոշու շերտ են դնում։ .... Քաղաքների և որոշ շրջանների բնակչությունը կտրուկ աճում է. այս հանգամանքը ևս որոշ առումով սպառնում է մարդկանց առողջությանը։ Արդեն ոչ ոքի չեն զարմացնում բաց կոյուղիները, չհավաքված աղբակույտերը, կեղտոտ հասարակական զուգարանները, վարակներ փոխանցող առնետները, ուտիճներն ու ճանճերը»։
19 Նման պայմաններում մաքրություն պահպանելն, ինչ խոսք, դժվար է։ Սակայն արժե՛ ջանք թափել։ Օճառը, ջուրը և մի փոքր լրացուցիչ ջանքերը շատ ավելի էժան կարող են նստել ձեզ վրա, քան դեղորայքն ու հիվանդանոցային ծախսերը։ Եթե ձեր պայմանները քիչ են տարբերվում վերը նկարագրվածից, ապա հնարավորության սահմաններում աշխատեք տունը և բակը միշտ մաքուր վիճակում պահել և կենդանիների արտաթորանքները ժամանակին հավաքել։ Եթե անձրևոտ եղանակին դեպի ձեր տուն բերող ճանապարհները ցեխոտվում են, հնարավոր չէ՞ արդյոք դրանք մանրախճով կամ քարերով ծածկել, որպեսզի կեղտը տուն չմտնի։ Չի՞ կարելի արդյոք տուն մտնելիս կոշիկները հանել։ Անհրաժեշտ է մաքուր պահել նաև տան ջրի պաշարը։ Ըստ հաշվարկների՝ տարեկան ամենաքիչը երկու միլիոն մարդ է մահանում ջրի աղտոտման և առողջապահական խղճուկ պայմանների հետ կապված հիվանդություններից։
20. Տան մաքրության հարցում ո՞վ պետք է պատասխանատվությունն իր վրա վերցնի։
20 Տան մաքրությունը կախված է ընտանիքի յուրաքանչյուր անդամից՝ մորից, հորից, երեխաներից և հյուրերից։ Քենիայում բնակվող մի կին, որ ութ երեխաների մայր է, ասում է. «Բոլորն էլ սովորել են իրենց բաժինը ներդնել այս գործում»։ Կոկիկ, մաքուր տունը բարերար ազդեցություն է թողնում ողջ ընտանիքի վրա։ Իսպանական մի առածում ասվում է. «Լինել աղքատ՝ չի նշանակում լինել փնթի»։ Անկախ այն բանից, թե որտեղ եք ապրում՝ շքեղ առանձնատանը, բնակարանում, համեստ տան մեջ թե հյուղակում, մաքրությունը ընտանիքի առողջության գրավականն է։
ԳՈՎԵՍՏԻ ԽՈՍՔԵՐԸ ՈԳԵՎՈՐՈՒՄ ԵՆ
21. Ըստ Առակաց 31։28–ի՝ ի՞նչը կօգնի երջանկություն գտնել ընտանեկան կյանքում։
21 Առաքինի կնոջ նկարագրությունը տալիս «Առակաց» գիրքն ասում է. «Նորա որդիքը կանգնում են եւ նորան երանի տալիս, նորա մարդը կանգնում է եւ գովասանում նորան» (Առակաց 31։28)։ Ե՞րբ եք վերջին անգամ գովել ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկին։ Իրոք որ, մարդիկ նման են գարնանային բույսերի. բավական է միայն արևի ջերմությունն ու փոքր–ինչ խոնավություն, և նրանք պատրաստ են ծաղկելու։ Մենք նույնպես գովասանքի խոսքերի ջերմությունը զգալու կարիքն ունենք։ Դա օգնում է կնոջը տեսնել, որ ամուսինը գնահատում է իր քրտնաջան աշխատանքն ու սիրալիր հոգատարությունը և չի մտածում, որ իր կինը պարտավոր է այդ ամենն անելու (Առակաց 15։23; 25։11)։ Նաև որքա՜ն հաճելի է, երբ կինը գովում է իր ամուսնուն՝ տանը ու դրսում նրա կատարած գործերի համար։ Երեխաները նույնպես փթթում են ասես, երբ ծնողները նրանց գովեստի խոսքեր են ասում տանը, դպրոցում կամ էլ քրիստոնեական ժողովում իրենց ներդրած ջանքերի համար։ Ի՜նչ զորություն ունի երախտագիտության մեկ–երկու խոսքը։ Մի՞թե դժվար է արտասանել «շնորհակալություն» բառը։ Իհարկե ոչ, բայց որքա՜ն է այն բարոյապես ամրացնում ընտանիքին։
22. Ի՞նչ է անհրաժեշտ տունը «հաստատելու» համար, և ինչպե՞ս կարելի է դրան հասել։
22 Իրոք, քիչ չեն պատճառները, որոնք ծանրացնում են տնտեսությունը վարելու գործը։ Բայց, չնայած դրան, այն կարելի է հաջողությամբ գլուխ բերել։ Աստվածաշնչյան մի առակ ասում է. «Տունը կ’շինուի իմաստութիւնով, եւ հանճարով՝ [«խորաթափանցությամբ», ՆԱ] կ’հաստատուի» (Առակաց 24։3)։ Իմաստություն և խորաթափանցություն կարող եք ձեռք բերել, եթե ողջ ընտանիքով ձգտեք իմանալ Աստծո կամքը և կատարեք այն։ Ընտանեկան երջանկության հասնելու համար արժե՛ այս հարցում ջանք թափել։
a Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի տեղեկագրում, որտեղ խոսվում է այն մասին, թե ինչպես խուսափել փորլուծությունից՝ բազմաթիվ նորածինների մահվան պատճառ դարձած հիվանդությունից, նշվում է. «Եթե զուգարան չկա, կղկղել կարելի է տանից և երեխաների խաղադաշտից հեռու, ջրի աղբյուրներից առնվազն տասը մետր հեռավորության վրա. արտաթորանքները ծածկել հողով»։