ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Նա «սովորեց հնազանդ լինել»
1, 2. Ինչո՞ւ է սիրող հայրն ուրախանում, երբ տեսնում է, որ իր որդին հնազանդվում է իրեն, և մեր երկնային Հայրը ի՞նչ առումով նույն զգացումներն ունի։
ՀԱՅՐԸ պատուհանից նայում է, թե ինչպես է իր տղան բակում խաղում ընկերների հետ։ Հանկարծ գնդակը գլորվում է փողոց։ Տղան տխուր նայում է գնդակի հետևից։ Ընկերներից մեկն ասում է, որ փողոց վազի և բռնի գնդակը, բայց նա օրորում է գլուխը և ասում. «Պապաս չի թողնում»։ Հայրը ժպտում է։
2 Ինչո՞ւ է հայրն այդքան ուրախ։ Նա պատվիրել էր որդուն մենակ փողոց դուրս չգալ։ Ու երբ նույնիսկ չիմանալով, որ հայրը նայում է իրեն՝ տղան հնազանդվում է, հայրը հասկանում է, որ որդին սովորել է հնազանդություն և իրեն վտանգի չի ենթարկի։ Մեր երկնային Հայրը նույն զգացումներն ունի։ Աստված գիտի, որ մենք կկարողանանք հավատարիմ մնալ ու տեսնել այն հրաշալի կյանքը, որ նա պատրաստել է մեզ համար, եթե սովորենք վստահել ու հնազանդվել իրեն (Առակներ 3։5, 6)։ Այս նպատակին հասնելու համար նա ուղարկեց իր Որդուն՝ երկրի վրա ապրած լավագույն ուսուցչին։
3, 4. Հիսուսն ինչպե՞ս «սովորեց հնազանդ լինել» և ինչպե՞ս «կատարելագործվեց»։ Բեր օրինակ։
3 Աստվածաշունչը Հիսուսի մասին զարմանալի մի բան է ասում. «Թեև Աստծու որդի էր, բայց սովորեց հնազանդ լինել չարչարանքների ներքո, և երբ կատարելագործվեց, բոլոր իրեն հնազանդվողների համար հավիտենական փրկության միջոց դարձավ» (Եբրայեցիներ 5։8, 9)։ Այս Որդին անհամար տարիներ ապրել էր երկնքում։ Նա տեսել էր, թե ինչպես ըմբոստացան Սատանան և ուրիշ հրեշտակներ։ Սակայն անդրանիկ Որդին չմիացավ նրանց։ Աստվածաշնչյան մարգարեությունը հետևյալ խոսքերը վերագրում է նրան. «Ես չեմ ընդդիմացել» (Եսայիա 50։5)։ Բայց «սովորեց հնազանդ լինել» խոսքերը ինչպե՞ս կարող են վերաբերել կատարելապես հնազանդ Որդուն։ Ինչպե՞ս կարող էր կատարյալ արարածը «կատարելագործվել»։
4 Քննենք մի օրինակ։ Զինվորը երկաթյա սուր ունի։ Թեև այն երբեք չի օգտագործվել պատերազմում, բայց երևում է, որ կատարյալ գործ է։ Այնուամենայնիվ, դրա արժեքն ու որակը կերևան միայն օգտագործելուց՝ «փորձվելուց» հետո։ Նմանապես հնազանդությունը, որ Հիսուսը դրսևորեց մինչև երկիր գալը, կատարյալ էր։ Սակայն երկրի վրա այն ձեռք բերեց ավելի մեծ արժեք և ավելի որակյալ դարձավ։ Այն փորձվեց, ասես կարծրացավ այնպիսի փորձությունների ժամանակ, որոնց Հիսուսը չէր բախվի երկնքում։
5. Ինչո՞ւ էր Հիսուսի հնազանդությունն այդքան կարևոր, և ի՞նչ ենք քննելու այս գլխում։
5 Երկիր գալու Հիսուսի առաքելության մեջ ամենակարևորը հնազանդությունն էր։ Որպես «վերջին Ադամ»՝ նա եկավ երկիր, որ անի այն, ինչ չարեցին մեր նախածնողները՝ հնազանդվել Եհովա Աստծուն նույնիսկ փորձության ժամանակ (1 Կորնթացիներ 15։45)։ Այդուհանդերձ, Հիսուսը մեխանիկորեն չէր հնազանդվում։ Նա հնազանդ էր ամբողջ մտքով, սրտով ու հոգով։ Եվ այդպես վարվելուց ուրախություն էր ստանում։ Հոր կամքը կատարելը նրա համար կերակուրից էլ կարևոր էր (Հովհաննես 4։34)։ Ի՞նչը կօգնի մեզ ընդօրինակել Հիսուսին։ Նախ կքննենք նրա մղումները։ Եթե մենք էլ ունենանք այդպիսի մղումներ, կկարողանանք մերժել գայթակղությունները և հավատարմորեն կկատարենք Աստծու կամքը։ Այնուհետև կտեսնենք, թե ինչ օրհնություններ է բերում քրիստոնեական հնազանդությունը։
Ինչի՞ց մղված էր Հիսուսը հնազանդ
6, 7. Որո՞նք էին Հիսուսի հնազանդության պատճառներից մի քանիսը։
6 Հիսուսի հնազանդությունը սրտից էր բխում։ Ինչպես տեսանք 3-րդ գլխում, Քրիստոսը սրտով խոնարհ էր։ Գոռոզությունն ու հպարտությունը դրդում են մարդկանց արհամարհելու հնազանդությունը, մինչդեռ խոնարհությունը մղում է սիրահոժար կերպով հնազանդվելու Եհովային (Ելք 5։1, 2; 1 Պետրոս 5։5, 6)։ Ավելին՝ Հիսուսի հնազանդությունը բխում էր նրանից, թե ինչ էր նա սիրում և ինչ էր ատում։
7 Ամեն ինչից առավել Հիսուսը սիրում էր իր երկնային Հորը՝ Եհովային։ Այդ մասին ավելի հանգամանորեն կխոսենք 13-րդ գլխում։ Այդ սիրո շնորհիվ նրա մեջ աստվածավախություն զարգացավ։ Հոր հանդեպ սերն ու ակնածանքը այնքա՜ն ուժգին էին, որ նա վախենում էր նրան տհաճեցնելուց։ Պատճառներից մեկը, թե Եհովան ինչու էր լսում Հիսուսի աղոթքները, աստվածավախությունն էր (Եբրայեցիներ 5։7)։ Եհովայի հանդեպ վախը Հիսուսի՝ Մեսիական Թագավորի ղեկավարմանը բնորոշ գծերից մեկն է (Եսայիա 11։3)։
Քո ընտրած զվարճություններից երևո՞ւմ է, որ ատում ես այն, ինչ չար է
8, 9. Մարգարեության համաձայն՝ ի՞նչ էր զգում Հիսուսը արդարության և անօրենության հանդեպ և ինչպե՞ս դրսևորեց իր զգացմունքները։
8 Սիրել Եհովային նշանակում է նաև ատել այն, ինչ նա է ատում։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ է ասվում Մեսիական Թագավորի մասին մարգարեության մեջ. «Դու սիրում ես արդարությունը և ատում անօրենությունը։ Դրա համար էլ Աստված՝ քո Աստվածը, քեզ յուղով օծել է և ավելի մեծ ուրախություն է պարգևել, քան մյուս թագավորներին» (Սաղմոս 45։7)։ «Մյուս թագավորները» Դավթի ցեղի թագավորներն էին։ Ցնծությունն ու ուրախությունը Հիսուսի օծման ժամանակ ավելի մեծ էին, քան նրանց դեպքում։ Ինչո՞ւ։ Նրան ավելի մեծ վարձատրություն էր սպասում, իսկ նրա կառավարումը ավելի մեծ հաջողությունների էր հասնելու և ավելի շատ օգուտներ էր բերելու։ Հիսուսը վարձատրվեց, քանի որ իր սերն արդարության հանդեպ և ատելությունը անօրենության հանդեպ մղեցին նրան ամեն ինչում հնազանդվելու Աստծուն։
9 Արդարության և անօրենության հանդեպ Հիսուսի ունեցած վերաբերմունքն ինչպե՞ս երևաց։ Օրինակ՝ ինչպե՞ս նա արձագանքեց, երբ իր հետևորդները հնազանդվեցին քարոզչական գործի վերաբերյալ իր տված առաջնորդությանը և օրհնություններ ստացան. նա ցնծաց (Ղուկաս 10։1, 17, 21)։ Իսկ ի՞նչ զգաց, երբ Երուսաղեմի բնակիչները շարունակաբար անհնազանդության ոգի դրսևորեցին՝ մերժելով օգնություն ցույց տալու իր ջանքերը. նա լաց եղավ այդ քաղաքի ըմբոստության պատճառով (Ղուկաս 19։41, 42)։ Ե՛վ լավ, և՛ վատ վարքը խոր ազդեցություն էր թողնում նրա վրա։
10. Ի՞նչ զգացմունքներ պետք է զարգացնենք ճիշտ ու սխալ արարքների հանդեպ, և ի՞նչը կօգնի մեզ այդպես վարվել։
10 Հիսուսի օրինակի շուրջ խորհրդածելը կօգնի մեզ քննել, թե ինչն է մեզ մղում հնազանդվել Եհովային։ Չնայած որ անկատար ենք, կարող ենք ուժգին սեր զարգացնել բարի արարքների հանդեպ և ատելություն՝ չար գործերի հանդեպ։ Պետք է աղոթենք Եհովային, որ մենք էլ ունենանք այնպիսի զգացմունքներ, ինչպիսին որ նա ու իր Որդին ունեն (Սաղմոս 51։10)։ Սակայն միևնույն ժամանակ պետք է խուսափենք այն ամենից, ինչը կարող է ապականել այդ զգացմունքները։ Ուստի շատ կարևոր է լուրջ վերաբերվել զվարճությունների և ընկերակցության ընտրությանը (Առակներ 13։20; Փիլիպպեցիներ 4։8)։ Եթե մենք էլ այնպիսի մղումներ ունենանք, ինչպիսին Քրիստոսը, ապա չենք հնազանդվի զուտ պարտավորվածությունից ելնելով։ Մենք ճիշտը կանենք, քանի որ սիրում ենք այդպես վարվել։ Իսկ վատ գործերից կխուսափենք ոչ թե այն պատճառով, որ վախենում ենք, թե մեր արարքը կբացահայտվի, այլ որ ատում ենք այն։
«Նա ոչ մի մեղք չգործեց»
11, 12. ա) Ի՞նչ տեղի ունեցավ Հիսուսի հետ իր երկրային ծառայության սկզբում։ բ) Ո՞րն էր Հիսուսի առաջին փորձությունը, և ի՞նչ նենգ քայլի դիմեց Սատանան։
11 Մեղքի հանդեպ Հիսուսի ատելությունը փորձության ենթարկվեց նրա երկրային ծառայության սկզբում։ Մկրտությունից հետո նա 40 օր ու գիշեր անապատում անցկացրեց՝ առանց սննդի։ Վերջում Սատանան նրան փորձեց։ Ուշադրություն դարձրու, թե նա ինչ նենգ քայլերի դիմեց (Մատթեոս 4։1-11)։
12 Նախ Սատանան ասաց. «Եթե Աստծու որդի ես, ասա, որ այս քարերը հաց դառնան» (Մատթեոս 4։3)։ Ի՞նչ էր զգում Հիսուսը երկար ծոմապահությունից հետո։ Աստվածաշունչը պարզ նշում է. «Քաղցած էր» (Մատթեոս 4։2)։ Փաստորեն Սատանան օգտագործեց այդ բնական ցանկությունը և, անկասկած, սպասեց այնքան, որ նա ֆիզիկապես թուլանա։ Նաև ուշադրություն դարձրու, թե Բանսարկուն ինչպես հեգնեց. «Եթե Աստծու որդի ես»։ Սատանան գիտեր, որ Հիսուսը «բոլոր ստեղծվածների մեջ առաջնեկն» է (Կողոսացիներ 1։15)։ Այդուհանդերձ, Հիսուսը թույլ չտվեց, որ նա դրդի իրեն անհնազանդության։ Հիսուսը գիտեր, որ եթե իր զորությունն օգտագործի եսասիրական նպատակներով, ապա հակառակ կգնա Աստծու կամքին։ Նա հրաժարվեց այդպիսի բան անելուց՝ ցույց տալով, որ խոնարհաբար ապավինում է Եհովայի աջակցությանն ու առաջնորդությանը (Մատթեոս 4։4)։
13-15. ա) Որո՞նք էին Հիսուսի երկրորդ և երրորդ փորձությունները, և ինչպե՞ս նա արձագանքեց։ բ) Հիսուսն ինչո՞ւ պետք է միշտ զգոն լիներ Սատանայի դեմ պայքարում։
13 Երկրորդ փորձության ժամանակ Սատանան Հիսուսին կանգնեցրեց տաճարի պարսպի վրա։ Խորամանկորեն աղավաղելով Աստծու Խոսքը՝ նա դրդում էր Հիսուսին ցուցադրաբար ցած նետվել բարձունքից, որ հրեշտակները փրկեն իրեն։ Եթե տաճարում հավաքված մարդիկ տեսնեին այդ հրաշքը, մի՞թե չէին հավատա, որ Հիսուսը խոստացված Մեսիան է։ Ու եթե մարդիկ այս հրաշքի շնորհիվ ընդունեին նրան որպես խոստացված Մեսիայի, մի՞թե Հիսուսը փորձությունների ու դժվարությունների կբախվեր։ Հիսուսը գիտեր, որ Աստծու կամքն էր, որ Մեսիան խոնարհաբար կատարի իր ծառայությունը և ոչ թե տպավորիչ ցուցադրումներով գրավի մարդկանց (Եսայիա 42։1, 2)։ Հիսուսը այս անգամ էլ հնազանդություն դրսևորեց։ Նա չէր ձգտում մարդկանց կողմից փառքի արժանանալ։
14 Իսկ կարելի՞ է ասել, որ Հիսուսը իշխանատենչ էր։ Երրորդ փորձության ժամանակ Սատանան առաջարկեց նրան աշխարհի բոլոր թագավորությունները այն պայմանով, որ երկրպագություն անի իրեն։ Հիսուսին հետաքրքրե՞ց այդ առաջարկը։ «Հեռացի՛ր, Սատանա՛»,– պատասխանեց նա։ Այնուհետև ավելացրեց. «Գրված է. «Եհովայի՛ն՝ ձեր Աստծո՛ւն պետք է երկրպագեք և միմիայն նրան ծառայեք»» (Մատթեոս 4։10)։ Ոչինչ՝ ո՛չ իշխանություն ստանալու հնարավորությունը, ո՛չ այս աշխարհի ազդեցությունը չէր կարող ստիպել Հիսուսին երկրպագելու ուրիշ աստծու։ Նրա համար Աստծուն հնազանդվելն ամեն բանից վեր էր։
15 Հանձնվե՞ց Սատանան։ Նա հեռացավ, ինչպես հրամայեց Հիսուսը։ Սակայն Ղուկասի Ավետարանում կարդում ենք, որ Բանսարկուն «հեռացավ նրանից՝ սպասելով մեկ ուրիշ հարմար առիթի» (Ղուկաս 4։13)։ Անշուշտ, Սատանան մինչև վերջ առիթներ էր փնտրելու նրան փորձելու համար։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը «փորձվել է բոլոր առումներով» (Եբրայեցիներ 4։15)։ Փաստորեն Աստծու Որդին միշտ պետք է զգոն լիներ։ Մենք էլ պետք է այդպես վարվենք։
16. Սատանան ինչպե՞ս է Աստծու ծառաներին այսօր փորձում ծուղակը գցել, և ինչպե՞ս կարող ենք չհայտնվել այդ թակարդում։
16 Այսօր էլ Սատանան շարունակում է գայթակղել Աստծու ծառաներին։ Ցավոք, մեր անկատարության պատճառով հաճախ հեշտությամբ ենք ընկնում նրա ծուղակը։ Սատանան խորամանկորեն օգտագործում է անկատարության դրսևորումները՝ եսասիրությունը, հպարտությունն ու իշխանության հանդեպ տենչը։ Նա երբեմն էլ նյութապաշտության միջոցով միանգամից հարվածում է մեր այս երեք թույլ կողմերին։ Ուստի կարևոր է անկեղծ ինքնաքննություն կատարել։ Տեղին է խորհրդածել 1 Հովհաննես 2։15-17 համարների շուրջ։ Հարցրու ինքդ քեզ. «Մարմնական ցանկությունները, իրեր կուտակելու ձգտումը և ուրիշներին տպավորելու փափագը ինչ-որ ձևով ազդո՞ւմ են, որ իմ երկնային Հոր հանդեպ ունեցած սերս սառչի»։ Պետք է հիշենք, որ այս աշխարհը և դրա իշխանը՝ Սատանան, անցնելու են։ Ուրեմն մերժե՛նք նրա խորամանկ առաջարկները, որոնք մեզ մեղքի են տանում, ու հետևե՛նք մեր Տիրոջը, որը «ոչ մի մեղք չգործեց» (1 Պետրոս 2։22)։
«Ես միշտ անում եմ այն, ինչ հաճելի է նրան»
17. Ի՞նչ տրամադրվածությամբ էր Հիսուսը հնազանդվում իր Հորը, և ոմանք ի՞նչ առարկություն գուցե անեն։
17 Հնազանդվել չի նշանակում պարզապես խուսափել մեղքից։ Քրիստոսը կատարում էր իր Հոր յուրաքանչյուր հրահանգը։ Նա ասաց. «Ես միշտ անում եմ այն, ինչ հաճելի է նրան» (Հովհաննես 8։29)։ Այսպիսի հնազանդությունը մեծ ուրախություն էր պատճառում Հիսուսին։ Սակայն գուցե ոմանք առարկեն՝ ասելով, թե նրա համար այդքան էլ դժվար չէր հնազանդ լինել։ Նրանք մտածում են, որ Հիսուսը հաշվետու էր միայն Եհովային, որը կատարյալ է, մինչդեռ մենք հաճախ ստիպված ենք հաշվետու լինել անկատար մարդկանց, որոնք իշխանություն ունեն։ Սակայն ճշմարտությունն այն է, որ Հիսուսը նույնպես հնազանդվում էր իշխանություն ունեցող անկատար մարդկանց։
18. Որպես պատանի՝ հնազանդության ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը։
18 Հիսուսը մեծանում էր իր անկատար ծնողների՝ Հովսեփի ու Մարիամի իշխանության ներքո։ Հավանաբար նա մյուս երեխաներից ավելի շատ էր տեսնում իր ծնողների թերությունները։ Արդյոք նա ըմբոստանո՞ւմ էր՝ դուրս գալով իր դերի շրջանակներից և թելադրելով նրանց, թե ինչպես ղեկավարեն ընտանիքը։ Նկատի առ, թե Ղուկաս 2։51 համարն ինչ է ասում 12-ամյա Հիսուսի մասին. «Շարունակում էր հնազանդվել նրանց»։ Նա հնազանդության հրաշալի օրինակ է քրիստոնյա պատանիների համար, ովքեր ձգտում են հնազանդվել իրենց ծնողներին և հարգանք դրսևորել նրանց հանդեպ (Եփեսացիներ 6։1, 2)։
19, 20. ա) Ի՞նչ դժվարությունների էր բախվում Հիսուսը անկատար մարդկանց հնազանդվելիս։ բ) Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաներն այսօր պետք է հնազանդվեն նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ժողովում։
19 Անկատար մարդկանց հնազանդվելիս Հիսուսը այնպիսի դժվարությունների էր բախվում, որոնց ժամանակակից ճշմարիտ քրիստոնյաները երբեք չեն բախվում։ Քննենք, թե ինչ յուրահատուկ ժամանակներում էր նա ապրում։ Հրեաների կրոնական համակարգը, որի մեջ մտնում էին Երուսաղեմի տաճարն ու քահանայությունը, և որը երկար ժամանակ ունեցել էր Եհովայի հավանությունը, պետք է փոխարինվեր քրիստոնեական ժողովով (Մատթեոս 23։33-38)։ Շատ կրոնական առաջնորդներ, լինելով հունական փիլիսոփայության ազդեցության տակ, կեղծ ուսմունքներ էին սովորեցնում։ Տաճարում անօրենությունն այնքան շատ էր տարածվել, որ Հիսուսը այն կոչեց «ավազակների որջ» (Մարկոս 11։17)։ Սակայն մի՞թե Հիսուսը խուսափում էր տաճար կամ ժողովարաններ գնալուց։ Եհովան դեռ օգտագործում էր այդ համակարգը և քանի դեռ չէր միջամտել ու փոփոխություններ չէր արել, Հիսուսը բոլոր տոներին հնազանդորեն գնում էր տաճար և ժողովարան (Ղուկաս 4։16; Հովհաննես 5։1)։
20 Եթե Հիսուսը հնազանդվում էր այդ իրավիճակներում, ապա որքան ավելի ճշմարիտ քրիստոնյաները պետք է հնազանդ լինեն այսօր։ Այժմ ապրում ենք բոլորովին այլ ժամանակներում, այնպիսի ժամանակներում, երբ պետք է վերականգնվեր ճշմարիտ երկրպագությունը, ինչի մասին վաղուց մարգարեացվել էր։ Աստված վստահեցնում է մեզ, որ երբեք թույլ չի տա Սատանային ապականել իր ժողովրդին (Եսայիա 2։1, 2; 54։17)։ Ինչ խոսք, քրիստոնեական ժողովում նույնպես մարդիկ անկատար են ու մեղքեր են գործում։ Բայց արժե՞ ուրիշների սխալների պատճառով արդարացնել Եհովայի նկատմամբ մեր անհնազանդությունը, օրինակ՝ չգնալ ժողովի հանդիպումներին կամ քննադատել երեցներին։ Ամենևի՛ն։ Հակառակը՝ ամբողջ սրտով պետք է թիկունք կանգնենք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ժողովում։ Մենք հնազանդորեն հաճախում ենք ժողովի հանդիպումներին, համաժողովներին և կիրառում ենք աստվածաշնչյան այն խորհուրդները, որ ստանում ենք (Եբրայեցիներ 10։24, 25; 13։17)։
Մենք հնազանդորեն կիրառում ենք այն, ինչ սովորում ենք հանդիպումների ժամանակ
21. Ինչպե՞ս էր արձագանքում Հիսուսը, երբ մարդիկ ճնշում էին նրան, որ չհնազանդվի Աստծուն, և ի՞նչ օրինակ է նա թողել մեզ։
21 Հիսուսը երբեք թույլ չէր տալիս, որ մարդիկ, նույնիսկ լավ մղումներ ունեցող ընկերները խանգարեն իրեն հնազանդվել Եհովային։ Պետրոս առաքյալը, օրինակ, փորձեց համոզել իր Ուսուցչին, որ անտեղի չտառապի ու չմահանա։ Բայց Հիսուսը հաստատակամորեն մերժեց Պետրոսի՝ լավ մղումներից տրված, բայց մոլորեցնող խորհուրդը, թե պետք է բարի լինի իր հանդեպ (Մատթեոս 16։21-23)։ Այսօր հաճախ լավ մղումներից ելնելով՝ Հիսուսի հետևորդների հարազատներն են փորձում տարհամոզել նրանց, որ չհնազանդվեն Աստծու օրենքներին և սկզբունքներին։ Սակայն Հիսուսի՝ առաջին դարի հետևորդների նման՝ մենք պետք է «Աստծո՛ւն հնազանդվենք, ոչ թե մարդկանց» (Գործեր 5։29)։
Քրիստոնեական հնազանդության օրհնությունները
22. Հիսուսը ո՞ր հարցին պատասխան տվեց և ինչպե՞ս։
22 Երբ Հիսուսը կանգնեց մահվան դեմ հանդիման, նրա հնազանդությունը դաժանորեն փորձվեց։ Այդ ծանր օրը նա լիարժեք կերպով «սովորեց հնազանդ լինել»։ Հիսուսը կատարեց ոչ թե իր, այլ Հոր կամքը (Ղուկաս 22։42)։ Դրանով նա անարատության կատարյալ օրինակ թողեց (1 Տիմոթեոս 3։16)։ Նա պատասխան տվեց մի հարցի, որը երկար ժամանակ անպատասխան էր մնում. կարո՞ղ է կատարյալ մարդը հնազանդվել Եհովային նույնիսկ փորձության ժամանակ։ Ադամը չհնազանդվեց, Եվան նույնպես։ Հետագայում Հիսուսը եկավ երկիր, ապրեց, մահացավ և ամեն բան շտկեց։ Եհովայի ստեղծած էակներից մեծագույնը սպառիչ պատասխան տվեց։ Նա հնազանդություն դրսևորեց անգամ կյանքի գնով։
23-25. ա) Ի՞նչ կապ կա հնազանդության և անարատության միջև։ Բեր օրինակ։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ գլխում։
23 Անարատությունը, կամ՝ Եհովայի հանդեպ ամբողջ սրտով նվիրվածությունը, դրսևորվում է հնազանդությամբ։ Քանի որ Հիսուսը հնազանդվեց, նա պահեց իր անարատությունը և օգուտներ բերեց ողջ մարդկությանը (Հռոմեացիներ 5։19)։ Եհովան առատորեն օրհնեց Հիսուսին։ Եթե հնազանդվենք մեր Տիրոջը՝ Քրիստոսին, Աստված կօրհնի նաև մեզ։ Քրիստոսի հանդեպ հնազանդությունը «հավիտենական փրկության» է տանում (Եբրայեցիներ 5։9)։
24 Սակայն անարատությունը ինքնին օրհնություն է։ Առակներ 10։9-ում ասվում է. «Անարատ վարք ունեցողը ապահով կքայլի»։ Եթե անարատությունը համեմատենք մի մեծ շինության հետ, որը պատրաստված է աղյուսներից, ապա հնազանդության յուրաքանչյուր արարքը կարելի է համեմատել առանձին աղյուսների հետ։ Գուցե թվա, թե մեկ աղյուսը ոչ մի դեր չի խաղում, բայց յուրաքանչյուրն իր տեղն ու կարևորությունն ունի։ Երբ բոլոր աղյուսները շարվում են, ամուր շինություն է կառուցվում։ Երբ օրեցօր, տարեցտարի հնազանդության արարքներն են «շարվում», կառուցվում է մեր անարատության «գեղեցիկ տունը»։
25 Սակայն երկար տարիներ հնազանդություն դրսևորելու համար մեզ դիմացկունություն է անհրաժեշտ։ Իսկ թե ինչպես դիմացկունություն դրսևորեց Հիսուսը, կքննենք հաջորդ գլխում։