ԳԼՈՒԽ 28
Համասեռամոլություն. ինչպե՞ս զգուշանամ
«Պատանեկան տարիքում ինձ դուր էին գալիս տղաները, բայց սրտիս խորքում գիտեի, որ դա նորմալ չէ» (Ջոն)։
«Ես ու ընկերուհիս մի քանի անգամ համբուրվել ենք։ Բայց ինձ տղաներ էլ էին դուր գալիս, ու ես մտածեցի, որ երևի բիսեքսուալ եմ» (Սառա)։
ԲՈԼՈՐԸ կհամաձայնեն, որ այսօր համասեռամոլության մասին ավելի ազատ են խոսում, քան մի քանի տասնամյակ առաջ։ Միայն փորձիր դրա դեմ ինչ-որ բան ասել, ու անմիջապես քեզ կռմբակոծեն։ 16-ամյա Էմին ասում է . «Մի աղջիկ ինձ ասաց, որ եթե կանխակալ կարծիք ունեմ համասեռամոլների մասին, ուրեմն ռասիստ եմ։ Նրա կարծիքով՝ նման տեսակետը նախապաշարում է»։
Ներկայիս ամենաթող և ազատամիտ հայացքները խրախուսում են երիտասարդներին փորձել նույն սեռի անհատների հանդեպ ռոմանտիկ հետաքրքրություն զարգացնել։ 15-ամյա Բեկին ասում է. «Դպրոցում շատ աղջիկներ ասում են, որ լեսբուհի են, բիսեքսուալ կամ դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ օրիենտացիա ունեն»։ 18-ամյա Քրիստան նույն բանն է ասում. «Դասընկերուհիներիցս երկուսը ինձ առաջարկեցին սեքսով զբաղվել։ Նրանցից մեկը ինձ գրել էր, թե արդյոք չեմ ուզում փորձել աղջկա հետ լինել»։
Այսօր միասեռականներն այնքան շատ են, որ գուցե քո մեջ հարց առաջանա. «Իրո՞ք համասեռամոլությունն այդքան վատ բան է։ Եթե ինձ գրավում է նույն սեռի անհատը, արդյոք նշանակո՞ւմ է, որ ես համասեռամոլ եմ»։
Ո՞րն է Աստծու տեսակետը
Այսօր շատերը, նույնիսկ որոշ հոգևորականներ աչք են փակում այս հարցի վրա։ Սակայն Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, հստակ սկզբունքներ է պարունակում։ Այն տեղեկացնում է, որ Եհովա Աստված տղամարդ և կին ստեղծեց ու հստակ սահմանեց, որ սեռական ցանկությունները բավարարվեն միայն ամուսնու և կնոջ միջև (Ծննդոց 1։27, 28; 2։24)։ Ուստի զարմանալի չէ, որ Աստվածաշունչը դատապարտում է համասեռամոլությունը (Հռոմեացիներ 1։26, 27)։
Ինչ-որ մեկը գուցե ասի, որ Աստվածաշունչը հնացած գիրք է։ Իսկ ինչո՞ւ են ոմանք այդպես մտածում։ Գուցե պատճառն այն է, որ Սուրբ Գրքի տեսակետը հակասում է իրենց կարծիքին։ Շատերը մերժում են Աստվածաշունչը զուտ այն պատճառով, որ աստվածաշնչյան սկզբունքները իրենց սրտով չեն։ Ուստի չպետք է թույլ տանք, որ այդ մտածելակերպը ազդի մեզ վրա։
Իսկ ինչպե՞ս վարվել, եթե քեզ գրավում են քո սեռի անհատները։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ դու համասեռամոլ ես։ Ո՛չ։ Հիշիր, որ դու «երիտասարդության ծաղկուն» շրջանում ես և ակամայից կարող ես ունենալ սեռական ուժգին ցանկություններ (1 Կորնթացիներ 7։36)։ Եվ եթե արդեն որոշ ժամանակ է, ինչ քեզ գրավում են քո սեռի անհատները, դա ամենևին էլ չի նշանակում, որ դու համասեռամոլ ես։ Ժամանակի ընթացքում այդ ցանկությունները կանցնեն։ Իսկ մինչ այդ դու պետք է փորձես ղեկավարել դրանք։ Ինչպե՞ս։
Աղոթիր այդ մասին։ Ընդօրինակիր Դավթին, որն ասաց. «Քննի՛ր ինձ, ո՛վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը։ Փորձի՛ր ինձ և իմացի՛ր ինձ անհանգստացնող մտքերը։ Տե՛ս, չկա՞ արդյոք իմ մեջ մի բան, որ ինձ սխալ ճանապարհով տանի։ Հավիտենության ճանապարհով ինձ առաջնորդիր» (Սաղմոս 139։23, 24)։ Եհովան կզորացնի քեզ և խաղաղություն կտա, որը «գերազանցում է ամեն միտք»։ Այն կպաշտպանի քո սիրտն ու միտքը և կտա «սովորականին գերազանցող ուժը», որը կօգնի քեզ չտրվելու սխալ ցանկություններին (Փիլիպպեցիներ 4։6, 7; 2 Կորնթացիներ 4։7)։
Միտքդ լցրու կերտիչ բաներով (Փիլիպպեցիներ 4։8)։ Ամեն օր կարդա Աստվածաշունչը։ Այն քո մտքի և սրտի վրա ազդելու մեծ զորություն ունի (Եբրայեցիներ 4։12)։ Ջեյսոն անունով մի երիտասարդ ասում է. «Աստվածաշունչն ինձ շատ է օգնել։ Հատկապես 1 Կորնթացիներ 6։9, 10 և Եփեսացիներ 5։3 համարները մեծ ազդեցություն են թողել ինձ վրա։ Ամեն անգամ, երբ սխալ ցանկություններ էի ունենում, կարդում էի այդ համարները»։
Խուսափիր պոռնկագրությունից և ցանկացած բանից, որ համասեռամոլություն է խրախուսում (Կողոսացիներ 3։5)։ Խուսափիր ցանկացած բան դիտելուց, որ անբարո ցանկություններ է առաջացնում։ Օրինակ՝ պոռնկագրությունից, որոշ հեռուստահաղորդումներից, ֆիլմերից և նույնիսկ նորաձևության կամ բոդիբիլդինգի ամսագրերից, որոնք լի են կիսամերկ մոդելների նկարներով։ Սխալ մտքերդ փոխիր դրական մտքերով։ Մի պատանի ասում է. «Ամեն անգամ, երբ նույն սեռի հանդեպ որևէ զգացմունք է առաջանում, սկսում եմ խորհրդածել իմ սիրած աստվածաշնչային համարի շուրջ»։
Անշուշտ, որոշ մարդիկ կասեն, որ պետք չէ պայքարել դրա դեմ, պարզապես պետք է համակերպվես և ընդունես քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ Բայց Աստվածաշնչում ասվում է, որ դու կարող ես հաղթահարել սխալ հակումներդ։ Օրինակ՝ առաջին դարի քրիստոնյաներից ոմանք, ովքեր համասեռամոլ էին եղել, փոխվեցին (1 Կորնթացիներ 6։9–11)։ Դու նույնպես կարող ես հաղթել այս պայքարում, նույնիսկ եթե այդ պայքարը միայն քո սրտում է։
Իսկ ի՞նչ անել, եթե այդ ցանկությունները չեն անցնում։ Մի՛ հանձնվիր։ Եհովան դատապարտում է հոմոսեքսուալ գործողությունները։ Ուստի այն անհատը, ով պայքարում է նույն սեռի հանդեպ հակման դեմ, հասանելի նպատակ ունի՝ թույլ չտալ, որ այդ հակումը գործողության վերածվի։
Պատկերացրու մի մարդու, «ով հակված է զայրանալու» (Առակներ 29։22)։ Գուցե նախկինում նա հեշտությամբ էր զայրանում։ Իսկ Աստվածաշունչն ուսումնասիրելուց հետո հասկացավ, որ պետք է զսպի իրեն ու ինքնատիրապետում զարգացնի։ Նշանակո՞ւմ է արդյոք, որ էլ երբեք նա չի զայրանա։ Ո՛չ։ Սակայն իմանալով, որ Աստվածաշունչը դատապարտում է անկառավարելի զայրույթը, նա ջանք կթափի, որ ճնշի իր զգացմունքները։
Նույնն է պարագան նաև այն մարդկանց, ովքեր հակում են ունեցել նույն սեռի հանդեպ, բայց հետո իմացել են, թե ինչ է այդ մասին ասում Աստվածաշունչը։ Սխալ ցանկությունները կարող են ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնել։ Բայց եթե համասեռամոլության վերաբերյալ պահպանեն Եհովայի տեսակետը, ապա կկարողանան ուժ գտնել դիմադրելու այդ ցանկությանը։
Մի՛ հանձնվիր
Եթե պայքարում ես հակառակ սեռի հանդեպ հակման դեմ, ապա գուցե դու էլ ունես այն նույն զգացումները, որն ուներ մի երիտասարդ։ Նա ասում է. «Ես փորձում էի պայքարել զգացումներիս դեմ։ Աղոթում էի Եհովային, որ օգնի ինձ։ Աստվածաշունչ էի կարդում։ Այդ թեմայի վերաբերյալ ելույթներ էի լսում։ Չգիտեի, թե ուրիշ ինչ անեմ»։
Սա իրոք ծանր պայքար է, որի ժամանակ հեշտությամբ հաղթանակներ չես տանում։ Այդուհանդերձ, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հաճեցնել Աստծուն, պետք է համապատասխանեն նրա բարձր բարոյական չափանիշներին և հեռու մնան անբարոյությունից, նույնիսկ եթե այդպես վարվելը չափազանց դժվար է։ Երբեք մի՛ մոռացիր, որ Աստված հասկանում է, թե քո սրտում ինչ պայքար ես մղում։ Նա կարեկցում է նրանց, ովքեր ծառայում են իրենa (1 Հովհաննես 3։19, 20)։ Երբ հնազանդվում ես Աստծուն, օրհնություններ ստանալու ճանապարհին ես կանգնում։ Աստծուն հնազանդվելու մեջ «մեծ վարձատրություն կա» (Սաղմոս 19։11)։ Նույնիսկ այսօր դու կարող ես վայելես լավագույն կյանքը, չնայած որ ապրում ես այս ապականված աշխարհում։
Ապավինիր Աստծուն և դիմադրիր սխալ ցանկություններին (Գաղատացիներ 6։9)։ Աստվածաշունչն ասում է. «Զզվեք չարից, բարուն կառչեք» (Հռոմեացիներ 12։9)։ Ջանքեր թափիր, և ժամանակի ընթացքում մեղավոր ցանկությունները կանցնեն։ Եվ ամենակարևորը, այդպես կպահպանես Աստծու արդար նոր աշխարհում հավիտյան ապրելու հեռանկարը։
Ինչպե՞ս կարող ես վերահսկել հակառակ սեռի հանդեպ քո զգացմունքները։
[ծանոթագրություն]
a Եթե քրիստոնյան սեռական սխալ վարք է դրսևորել, օգնության համար պետք է դիմի ժողովի երեցներին (Հակոբոս 5։14, 15)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Փորձի՛ր ինձ և իմացի՛ր ինձ անհանգստացնող մտքերը։ Տե՛ս, չկա՞ արդյոք իմ մեջ մի բան, որ ինձ սխալ ճանապարհով տանի» (Սաղմոս 139։23, 24)։
ԱՌԱՋԱՐԿ
Եթե տղա ես ու քեզ գրավում են այն տղամարդիկ, որոնք դրևսորում են հատկություններ, որ ըստ քեզ՝ դու չունես, կամ եթե աղջիկ ես ու վախ ունես տղամարդկանց նկատմամբ, քննիր Հիսուսի օրինակը։ Դա կօգնի քեզ ճիշտ տեսակետ զարգացնելու, թե ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը (1 Պետրոս 2։21)։ Նա իսկական տղամարդ էր, որի մեջ մեղմություն ու քնքշություն կար։
ԳԻՏԵԻ՞Ր
Հնարավոր է՝ չկարողանաս լիովին հսկել ցանկություններդ, բայց արարքներդ կարող ես հսկել։ Ընտրությունը քոնն է։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Եթե որևէ մեկը հարցնի, թե ինչու է Աստվածաշունչը դատապարտում համասեռամոլությունը, ես կասեմ՝ ․․․․․
Եթե որևէ մեկը ասի, որ Աստվածաշնչի տեսակետը հնացած է, ես կտրամաբանեմ նրա հետ ու կասեմ՝ ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ինչո՞ւ է Աստված դատապարտում համասեռամոլությունը։
● Ի՞նչ քայլեր կարող ես ձեռնարկել համասեռամոլության ծուղակը չընկնելու համար։
● Արդյո՞ք Աստվածաշնչի տեսակետը ընդունել նշանակում է լինել հոմոֆոբ (նա, ով ատելություն կամ վախ է զգում համասեռամոլների հանդեպ)։
[մեջբերում 236-րդ էջի վրա]
«Այս աշխարհի ապականված մտածելակերպը շփոթության մեջ էր գցել ինձ։ Այժմ խուսափում եմ այն ամենից, ինչը իմ մեջ հետաքրքրություն է առաջացնում համասեռամոլության հանդեպ» (Աննա)։
[նկար 233-րդ էջի վրա]
Բոլոր երիտասարդները սեռական հարցերում կանգնում են որոշման առջև. ընդունել աշխարհի այլասերված տեսակե՞տը, թե՞ Աստվածաշնչի բարձր բարոյական չափանիշները