ԳԼՈՒԽ 7
Հանդիպումներ, որ մղում են «սիրո և բարի գործերի»
ԴԱՐԵՐԻ ընթացքում Եհովայի ժողովուրդը կազմակերպված ձևով հավաքվել է միասին։ Օրինակ՝ հին Իսրայելում տարին երեք անգամ բոլոր տղամարդիկ ճանապարհորդում էին Երուսաղեմ՝ մեծ տոներին մասնակցելու համար (2 Օրենք 16։16)։ Առաջին դարում քրիստոնյաները կանոնավորաբար հավաքվում էին հաճախ ինչ-որ մեկի տանը (Փիլիմ. 1, 2)։ Այսօր մենք մեծ օգուտներ ենք ստանում ժողովի հանդիպումներից և համաժողովներից։ Ինչո՞ւ են Աստծու ծառաները հավաքվում։ Գլխավորապես այն պատճառով, որ դա մեր երկրպագության կարևոր մասն է (Սաղ. 95։6; Կող. 3։16)։
2 Ժողովի հանդիպումները մեծ օգուտներ են տալիս ներկաներին։ Յուրաքանչյուր յոթերորդ Տաղավարների տոնի վերաբերյալ իսրայելացիներին պատվեր էր տրվել. «Ժողովիր ժողովրդին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին, քո քաղաքում գտնվող պանդուխտներին, որպեսզի լսեն ու սովորեն, քանի որ նրանք պետք է վախենան ձեր Աստված Եհովայից և զգուշորեն կատարեն այս օրենքի բոլոր խոսքերը» (2 Օրենք 31։12)։ Հստակ է, որ ինչպես հնում, այնպես էլ այսօր միասին հավաքվելու նպատակը «Եհովայից ուսուցանված» լինելն է (Ես. 54։13)։ Ժողովի հանդիպումները հնարավորություն են տալիս նաև ճանաչելու միմյանց, քաջալերվելու և ուժ ստանալու քրիստոնեական ընկերակցությունից։
ԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
3 Աշակերտները, ովքեր ընդունեցին ճշմարտությունը 33 թ. Պենտեկոստեի ժամանակ, շարունակում էին սովորել առաքյալներից և «ամեն օր միաբան տաճարում էին լինում» (Գործ. 2։42, 46)։ Ավելի ուշ, երբ քրիստոնյաները երկրպագության համար միասին հավաքվում էին, կարդում էին ներշնչված գրքերը, այդ թվում առաքյալների և մյուս աշակերտների գրած նամակները (1 Կորնթ. 1։1, 2; Կող. 4։16; 1 Թեսաղ. 1։1; Հակ. 1։1)։ Ժողովում նաև աղոթում էին (Գործ. 4։24–29; 20։36)։ Ժամանակ առ ժամանակ միսիոներական ծառայությունից դեպքեր էին պատմում (Գործ. 11։5–18; 14։27, 28)։ Քննարկվում էին Աստվածաշնչի ուսմունքները և ներշնչված մարգարեությունների կատարումները։ Քրիստոնեական վարքի և աստվածահաճո նվիրվածության վերաբերյալ հրահանգներ էին տրվում։ Բոլորին քաջալերվում էր եռանդորեն քարոզել բարի լուրը (Հռոմ. 10։9, 10; 1 Կորնթ. 11։23–26; 15։58; Եփես. 5։1–33)։
Այս վերջին օրերում մենք քաջալերության կարիք ունենք, որը կարող ենք ստանալ՝ կանոնավորաբար միասին հավաքվելով
4 Մեր օրերում քրիստոնեական հանդիպումները շատ առումներով նման են առաջին դարում անցկացվող ժողովի հանդիպումներին։ Մենք հետևում ենք Եբրայեցիներ 10։24, 25-ում գրված հորդորին. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ.... և բաց չթողնենք մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է»։ Այս չափազանց դժվար վերջին օրերում մենք կարիք ունենք լրացուցիչ քաջալերանքի, որը ստանում ենք՝ կանոնավորաբար հաճախելով ժողովի հանդիպումներին։ Այդ հանդիպումներն օգնում են հոգևորապես զորանալու և պահելու մեր քրիստոնեական անարատությունը (Հռոմ. 1։11, 12)։ Այսօր քրիստոնյաները ապրում են ծռված ու ապականված սերնդի մեջ։ Մենք մերժել ենք այս աշխարհի անաստված ընթացքը և աշխարհային ցանկությունները (Փիլիպ. 2։15, 16; Տիտոս 2։12–14)։ Եվ իրոք, ուրիշ ո՞ւմ հետ պետք է ընկերակցենք, եթե ոչ Եհովայի ժողովրդի (Սաղ. 84։10)։ Իսկ ի՞նչը կարող է Աստծու Խոսքը լսելուց ավելի օգտակար լինել։ Նկատի առնենք, թե ինչ հանդիպումներ են կազմակերպվել։
ՇԱԲԱԹԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
5 Շաբաթավերջի հանդիպման առաջին մասը բաղկացած է Աստվածաշնչի վրա հիմնված ելույթից, որը նախատեսված է հատկապես հանրության համար։ Գուցե լինեն մարդիկ, ովքեր առաջին անգամ են ներկա լինում ժողովի հանդիպման։ Հանրային ելույթը կարևոր դեր ունի թե՛ նորեկների, թե՛ քարոզիչների հոգևոր կարիքները բավարարելու հարցում (Գործ. 18։4; 19։9, 10)։
6 Հիսուս Քրիստոսը, նրա առաքյալները և նրանց ընկերակիցները հանրային հանդիպումներ էին անցկացնում, որոնք նման են Եհովայի վկաների ժողովներում անցկացվող հանրային հանդիպումներին։ Հիսուսը երկրի վրա երբևիցե ապրած մեծագույն հռետորն է։ Նրա մասին ասվել է. «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը» (Հովհ. 7։46)։ Հիսուսը հեղինակությամբ էր սովորեցնում, և դա մեծապես տպավորում էր նրա ունկնդիրներին (Մատթ. 7։28, 29)։ Նրանք, ովքեր սրտանց ընդունում էին նրա սովորեցրածը, մեծ օգուտներ էին ստանում (Մատթ. 13։16, 17)։ Առաքյալները ընդօրինակում էին Հիսուսին։ Օրինակ՝ Գործեր 2։14–36-ում կարդում ենք այն մասին, թե ինչպես 33 թ. Պենտեկոստեի օրը Պետրոսը մի ազդեցիկ ելույթ ներկայացրեց։ Հազարավոր մարդկանց այդ ելույթը մղեց գործելու իրենց լսածի համաձայն։ Իսկ ավելի ուշ բազմաթիվ մարդիկ օգուտներ քաղեցին Աթենքում ներկայացրած Պողոսի ելույթից (Գործ. 17։22–34)։
7 Նմանապես այսօր միլիոնավոր մարդիկ մեծ օգուտներ են քաղում ամեն շաբաթ ժողովներում ներկայացվող, ինչպես նաև համաժողովների ժամանակ ներկայացվող հանրային ելույթներից։ Այդպիսի ելույթները օգնում են մեզ մտքում վառ պահելու քրիստոնեական ուսմունքները և քաջալերում են հաստատուն լինել Թագավորության գործում։ Ուսումնասիրողները և հյուրերը այս ելույթները լսելով՝ շատ բան են իմանում աստվածաշնչյան հիմնական ուսմունքների մասին։
8 Հանրային ելույթները տարբեր թեմաներ են շոշափում։ Ելույթներում քննարկվում են աստվածաշնչյան ուսմունքներ, մարգարեություններ, սուրբգրային սկզբունքներ, խորհուրդներ ընտանեկան կյանքի և ամուսնության վերաբերյալ, բարոյականությանը վերաբերող քրիստոնեական չափանիշներ, ինչպես նաև այն խնդիրները, որոնց բախվում են երիտասարդները։ Որոշ ելույթներում էլ խոսվում է Եհովայի հրաշալի ստեղծագործությունների մասին։ Կան ելույթներ, որ ընդգծում են Աստվածաշնչում հիշատակված մարդկանց օրինակելի հավատը, քաջությունը, անարատությունը, և նշվում է, թե ինչ կարող ենք սովորել նրանցից։
9 Հանրային ելույթներից լիարժեք օգուտներ քաղելու համար հարկավոր է ուշադրությամբ լսել, բաց անել այն սուրբգրային համարները, որ նշում է հռետորը, և հետևել, մինչ նա կարդում և բացատրում է դրանք (Ղուկ. 8։18)։ Համոզվելով քննարկվող նյութի ճշմարտացիության մեջ՝ մենք վճռում ենք հավատարիմ մնալ մեր սովորածին և անձամբ կիրառել այն (1 Թեսաղ. 5։21)։
10 Եթե բավականաչափ հռետորներ կան, ապա ժողովում ամեն շաբաթ հանրային ելույթ կներկայացվի։ Հաճախ դա կարելի է անել՝ մոտակա ժողովներից հռետորներ հրավիրելով։ Եթե այդ շրջանում բավականաչափ հռետորներ չկան, ապա հանրային ելույթներ կներկայացվեն, երբ դա հնարավոր լինի։
11 Շաբաթավերջի հանդիպման երկրորդ մասը «Դիտարանի» ուսումնասիրությունն է, որը հարց ու պատասխանով քննարկում է՝ հիմնված «Դիտարանի» ուսումնասիրության թողարկման հոդվածների վրա։ «Դիտարանի» միջոցով Եհովան ճիշտ ժամանակին հոգևոր կերակուր է տալիս մեզ։
12 Ուսումնասիրության հոդվածները հաճախ այնպիսի թեմաներ են, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող ենք առօրյա կյանքում կիրառել աստվածաշնչյան սկզբունքները։ Դրանք զորացնում են քրիստոնյաներին, որպեսզի նրանք դեմ կանգնեն «աշխարհի ոգուն» և անմաքուր վարք չորդեգրեն (1 Կորնթ. 2։12)։ «Դիտարանը» լույս է սփռում Աստվածաշնչի ուսմունքների և մարգարեությունների կատարման վրա, ինչի շնորհիվ բոլորը աստվածաշնչյան նոր հասկացություններին համաքայլ են ընթանում և մնում են արդարների ճանապարհին (Սաղ. 97։11; Առակ. 4։18)։ «Դիտարանի» ուսումնասիրությանը ներկա գտնվելը և մասնակցություն ունենալը օգնում են մեզ ուրախանալու Եհովայի արդար նոր աշխարհի հույսով (Հռոմ. 12։12; 2 Պետ. 3։13)։ Այս հանդիպումը նաև օգնում է սուրբ ոգու պտուղը դրսևորելու մեր կյանքում և ամուր պահելու Եհովային նախանձախնդրորեն ծառայելու մեր ցանկությունը (Գաղ. 5։22, 23)։ Բացի այդ, այն զորացնում է մեր հավատը, որ տոկանք փորձությունների ժամանակ և ապագայի համար լավ հիմք դնենք, որպեսզի «ամուր կառչենք իսկական կյանքից» (1 Տիմոթ. 6։19; 1 Պետ. 1։6, 7)։
13 Ի՞նչ կարող ենք անել այս հոգևոր սննդից լիարժեք օգուտներ ստանալու համար։ Հարկավոր է ընտանիքով կամ մենակ նախօրոք պատրաստել նյութը՝ կարդալով բոլոր աստվածաշնչյան համարները, և հանդիպման ընթացքում մեկնաբանություններ տալ։ Մասնակցելն օգնում է, որ քննարկված մտքերը տպավորվեն մեր մեջ, և ճշմարտությունը արմատավորվի մեր սրտում։ Լսելով հավատ և հույս արտահայտող մեր խոսքերը՝ շատերը քաջալերվում են և զորանում։ Իսկ երբ մենք ենք լսում ուրիշների մեկնաբանությունները, մեր հավատն է ամրանում։
ՄԻՋՇԱԲԱԹՅԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ
14 Այս հանդիպումը ամեն շաբաթ անցկացվում է Թագավորության սրահում և բաղկացած է երեք բաժիններից։ Այն օգնում է մեզ «որակյալ դառնալու» որպես Աստծու ծառաներ (2 Կորնթ. 3։5, 6)։ Ծրագիրը և նյութերը ամեն ամիս հրատարակվում են «Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» ձեռնարկում։ Այս ձեռնարկում կան նաև ծառայության մեջ կիրառելու համար նախատեսված զրույցների օրինակներ։
15 Հանդիպման առաջին բաժինը, որը կոչվում է «Գանձեր Աստծու Խոսքից», օգնում է մեզ տեղեկություն ձեռք բերելու աստվածաշնչյան արձանագրությունների համատեքստի, ինչպես նաև տվյալ ժամանակահատվածի վերաբերյալ և ցույց է տալիս, թե ինչպես այդ տեղեկությունը կիրառել կյանքում։ Բաժնի մեջ ընդգրկված են ելույթ, ընթերցանություն և քննարկում՝ հիմնված Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության վրա։ Ձեռնարկում կան նկարներ, սխեմաներ, քարտեզներ և այլն, նաև վարժություններ, որոնք կօգնեն մեզ ուրիշներին սովորեցնելու հարցում։ Աստվածաշնչի այսպիսի խոր ուսումնասիրությունը մեծապես կօգնի մեզ ստացած գիտելիքները կիրառելու մեր կյանքում, ինչպես նաև սովորեցնելու ուրիշներին։ Այդպիսով մենք «լիովին իրազեկ կլինենք, ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (2 Տիմոթ. 3։16, 17)։
16 Հանդիպման երկրորդ բաժինը, որը կոչվում է «Հմտանանք քարոզչական ծառայության մեջ», նախատեսված է ներկաներին ծառայությանը հնարավորինս նախապատրաստելու, ինչպես նաև քարոզելու և ուսուցանելու նրանց հմտությունները բարելավելու համար։ Ուսումնական առաջադրանքներ անելուց բացի՝ քարոզիչները նաև քննարկում են զրույցների օրինակների տեսանյութերը։ Հանդիպման այս բաժինը օգնում է մեզ «ուսուցանվողների լեզու» ունենալու, որպեսզի «իմանանք՝ ինչպես խոսքով մխիթարել հոգնածին» (Ես. 50։4)։
17 Երրորդ բաժինը՝ «Ապրենք որպես քրիստոնյա», ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք աստվածաշնչյան սկզբունքները կիրառել մեր ամենօրյա կյանքում (Սաղ. 119։105)։ Այս բաժնի հիմնական մասը Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրությունն է։ Այն անցկացվում է այնպես, ինչպես «Դիտարանի» ուսումնասիրությունը՝ հարց ու պատասխանով։
18 Ամեն ամիս «Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» ձեռնարկի նոր հրատարակությունը ստանալիս երեցների խորհրդի կոորդինատորը կամ նրան օգնող երեցը մանրամասնորեն ուսումնասիրում է այն և ծրագիր կազմում։ Ամեն շաբաթ այն երեցը, որը հմուտ ուսուցիչ է և հավանություն է ստացել երեցների խորհրդի կողմից, կլինի այդ հանդիպման նախագահողը։ Նրա պարտականությունն է նաև հետևել, որ հանդիպումը սկսվի և ավարտվի ժամանակին, գովել ու խորհուրդ տալ նրանց, ովքեր ունեն առաջադրանքներ։
19 Այս հանդիպմանը կանոնավորաբար նախապատրաստվելով, ներկա գտնվելով և մասնակցություն ունենալով՝ ձեռք կբերենք աստվածաշնչյան գիտելիքներ, քրիստոնեական սկզբունքների վերաբերյալ հասկացողություն, բարի լուրը համոզվածությամբ քարոզելու և աշակերտներ պատրաստելու հմտություն։ Նրանք, ովքեր Վկաներ չեն, նույնպես մեծ օգուտներ կարող են քաղել այս հանդիպումից՝ վայելելով ջերմ քրիստոնեական ընկերակցություն և ունկնդրելով բեմից ներկայացվող քաջալերական քննարկումները։ Այս և մյուս հանդիպումներին նախապատրաստվելու համար կարող ենք օգտվել ««Դիտարանի» գրադարանից», JW Library® հավելվածից, «Դիտարանի օնլայն գրադարանից» և Թագավորության սրահի գրադարանից։ Թագավորության սրահի գրադարանում կան Եհովայի վկաների հրատարակությունները, այդ թվում ««Դիտարանի» հրատարակությունների ցանկը» կամ «Փնտրտուքների ուղեցույցը», ինչպես նաև Աստվածաշնչի մի շարք թարգմանություններ, համաբարբառ, տարբեր բառարաններ և այլ արժեքավոր աշխատություններ։ Ցանկացած անհատ կարող է օգտվել այս գրադարանից ժողովի հանդիպումներից առաջ և հետո։
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
20 Շաբաթվա ընթացքում տարբեր ժամերի քարոզիչներ խումբ-խումբ հավաքվում են քարոզչական ծառայության գնալու համար։ Այս հանդիպումները սովորաբար անցկացվում են տներում կամ մեկ ուրիշ հարմար վայրում։ Այն կարելի է անցկացնել նաև Թագավորության սրահում։ Երբ միևնույն տարածքում փոքր խմբերով հավաքվում են տարբեր տեղերում, քարոզիչների համար հեշտ է լինում արագ, առանց հետաձգելու, գնալ քարոզչական տարածք։ Իսկ խմբի վերակացուների համար հեշտ է լինում կազմակերպել քարոզիչներին և հոգ տանել խմբում ծառայող անհատներին։ Թեև առանձին խմբով հանդիպումներ անցկացնելը ունի իր առավելությունները, սակայն հանգամանքների բերումով մի քանի խումբ կարող է քարոզչական հանդիպումը միասին անցկացնել։ Օրինակ՝ եթե շաբաթվա ընթացքում մի քանի քարոզիչ են գնում ծառայության, գուցե հարմար լինի միացնել խմբերը կամ ամբողջ ժողովի համար քարոզչական հանդիպումն անցկացնել Թագավորության սրահում կամ մեկ ուրիշ հարմար վայրում։ Դա հնարավորություն կտա քարոզիչներին ծառայության մեջ համագործակից ունենալու։ Ժողովը կարող է նաև քարոզչական հանդիպումներ անցկացնել Թագավորության սրահում աշխարհային տոների ժամանակ, եթե հարմար է։ Կարելի է նաև այս հանդիպումն անցկացնել «Դիտարանի» ուսումնասիրությունից հետո։
21 Երբ քարոզչական ծառայության խմբերը առանձին են հավաքվում, հանդիպումն անցկացնում է խմբի վերակացուն։ Ժամանակ առ ժամանակ խմբի վերակացուն կարող է նշանակել իր օգնականին կամ մեկ ուրիշ համապատասխան եղբոր՝ անցկացնելու այդ հանդիպումը։ Եղբայրը պետք է պատրաստված լինի, որ քննարկի ծառայության համար որևէ գործնական կամ օգտակար միտք։ Այն բանից հետո, երբ նա քարոզիչներին նշանակի ծառայության, եղբայրներից մեկը աղոթք կմատուցի։ Այնուհետև խումբը անմիջապես պետք է գնա տարածք։ Այս հանդիպումների տևողությունը 5–7 րոպե է, սակայն եթե այն հաջորդում է ժողովի հանդիպմանը, ապա պետք է ավելի կարճ տևի։ Հանդիպման ժամանակ քաջալերանք, գործնական հրահանգներ և առաջնորդություն է տրվում նրանց, ովքեր գնալու են քարոզելու, քայլեր են ձեռնարկվում օգնելու նորերին կամ այն քարոզիչներին, ովքեր ծառայության մեջ աջակցության կարիք ունեն։
ԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՈՐԱՍՏԵՂԾ ԿԱՄ ՓՈՔՐ ԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ
22 Ներկայումս շատերն են աշակերտ դառնում, հետևաբար ժողովների թիվը գնալով մեծանում է։ Սովորաբար նոր ժողովի կազմավորման համար շրջանային վերակացուն դիմում է ներկայացնում, սակայն որոշ դեպքերում փոքր խմբերը գուցե հարմար գտնեն լինել մոտակա ժողովի մի մասը։
23 Երբեմն փոքր ժողովներում միայն քույրեր են լինում։ Այդ դեպքում քույրը, որ աղոթում է ժողովի հանդիպումների ժամանակ կամ անցկացնում է հանդիպումները, պետք է ծածկի գլուխը՝ սուրբգրային առաջնորդության համաձայն (1 Կորնթ. 11։3–16)։ Մեծ մասամբ քույրերը նստած են անցկացնում ժողովը՝ դեմքով դեպի մարդիկ։ Ոչ մի քույր ելույթներ չի ներկայացնում հանդիպումների ժամանակ։ Նրանք կարդում են կազմակերպության կողմից տրամադրած նյութը և մեկնաբանություններ տալիս կամ զանազանության համար նյութը ներկայացնում են զրույցի կամ ցուցադրման ձևով։ Մասնաճյուղը քույրերից մեկին կնշանակի՝ նամակագրական կապ պահպանելու մասնաճյուղի հետ և անցկացնելու հանդիպումները։ Ժամանակի ընթացքում, երբ ժողովում եղբայրներ լինեն, ովքեր կկարողանան անցկացնել հանդիպումները, այդ պատասխանատվությունները նրանք կստանձնեն։
ՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ
24 Ամեն տարի հոգ է տարվում, որ միևնույն շրջանի ժողովները երկու անգամ մասնակցեն մեկօրյա շրջանային համաժողովի։ Այս ուրախալի առիթները բոլորին հնարավորություն են տալիս «ընդլայնել.... սրտերը» քրիստոնեական ընկերակցության մեջ (2 Կորնթ. 6։11–13)։ Եհովայի կազմակերպությունը պատրաստում է այդ ծրագրի տարբեր մասերը և սուրբգրային թեմաները՝ հաշվի առնելով առանձնահատուկ կարիքները։ Նյութը ներկայացվում է տարբեր ձևերով՝ որպես ելույթ, ցուցադրում, բեմականացում, մենախոսություն և հարցազրույց։ Այդպիսի ժամանակահարմար կրթությունը զորացնում է բոլոր ներկաներին։ Այս համաժողովների ժամանակ նոր աշակերտները հնարավորություն են ունենում մկրտվելու՝ խորհրդանշելով իրենց նվիրումը Եհովային։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
25 Տարին մեկ անգամ Եհովայի վկաները ունենում են ավելի մեծ հավաքույթ։ Դա եռօրյա տարածաշրջանային համաժողովն է, որին հրավիրվում են մի քանի շրջանների ժողովներ։ Փոքր մասնաճյուղերը գուցե ավելի գործնական համարեն, որ իրենց հսկողության տակ գտնվող բոլոր ժողովները հավաքվեն մի տեղում։ Այս հավաքույթները տարբեր երկրներում կարող են տարբեր ձևով կազմակերպվել՝ կախված հանգամանքներից կամ կազմակերպության տված հրահանգներից։ Ժամանակ առ ժամանակ որոշ երկրներում միջազգային կամ հատուկ համաժողովներ են կազմակերպվում, որոնց կարող են ներկա լինել տարբեր երկրներից ժամանած տասնյակ հազարավոր Վկաներ։ Եհովայի վկաների այս մեծ հավաքույթների շնորհիվ տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ լսել են բարի լուրը։
26 Եհովայի նվիրված ժողովրդի համար համաժողովները Աստծուն միասնականորեն երկրպագելու ուրախալի առիթներ են։ Այդպիսի համաժողովների ժամանակ բացահայտված ճշմարտությունների մասին լույսը ավելի է պայծառանում։ Հայտարարություններ են արվում նոր հրատարակությունների մասին, որոնք նախատեսված են անձնական ուսումնասիրության, ժողովի հանդիպումների ժամանակ ուսումնասիրելու կամ քարոզչական ծառայության մեջ գործածելու համար։ Տեղի է ունենում նաև մկրտություն։ Համաժողովները շատ կարևոր են հոգևոր աճը խթանելու համար։ Մեծ համաժողովները ապացույցն են այն բանի, որ Եհովայի ժողովուրդը նվիրված քրիստոնյաների միջազգային եղբայրություն է, որն ունի Հիսուս Քրիստոսի աշակերտներին բնորոշող նշանը (Հովհ. 13։35)։
27 Հաճախելով ժողովի հանդիպումներին, ինչպես նաև Եհովայի ժողովրդի ավելի մեծ հավաքույթներին՝ մենք զորանում ենք և մղվում ենք շարունակելու կատարել Եհովայի կամքը։ Ավելին, մենք պաշտպանվում ենք այս աշխարհի ազդեցությունից, որը կարող է կործանել մեր քրիստոնեական հավատը։ Այս հանդիպումները փառք են բերում Եհովային (Սաղ. 35։18; Առակ. 14։28)։ Բոլորս կարող ենք շնորհակալ լինել Եհովային, որ այս վերջին ժամանակներում հոգևորապես թարմանալու նման առիթներ է տալիս իր ժողովրդին։
ՏԻՐՈՋ ԸՆԹՐԻՔԸ
28 Տարին մեկ անգամ՝ Հիսուս Քրիստոսի մահվան տարեդարձին, Եհովայի վկաների բոլոր ժողովներում նշվում է Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն, կամ՝ Տիրոջ ընթրիքը (1 Կորնթ. 11։20, 23, 24)։ Եհովայի ժողովրդի համար դա տարվա կարևորագույն հանդիպումն է։ Մեզ առանձնահատուկ պատվեր է տրված նշել Հիշատակի երեկոն (Ղուկ. 22։19)։
29 Հիշատակի երեկոյի օրը համապատասխանում է Պասեքի օրվան, որի մասին հստակ նշված է Աստվածաշնչում (Ելք 12։2, 6; Մատթ. 26։17, 20, 26)։ Պասեքը իսրայելացիների՝ մ. թ. ա. 1513 թ.-ին Եգիպտոսից դուրս գալու առիթով նշվող տարեկան տոնակատարությունն էր։ Եհովան նրանց համար առաջին լուսնային ամսվա 14-րդ օրը հաստատեց որպես Պասեքի գառն ուտելու և Եգիպտոսի գերությունից դուրս գալու օր (Ելք 12։1–51)։ Այդ օրը որոշելու համար գարնանային գիշերահավասարին ամենամոտ գտնվող նորալուսնից, երբ այն տեսանելի է դառնում Երուսաղեմում, հաշվում են 13 օր։ Հիշատակի երեկոյի արարողությունը հիմնականում համընկնում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի օրվան։
30 Մատթեոս 26։26–28-ում գրված են Հիսուսի խոսքերն այն մասին, թե ինչպես պետք է նշել Հիշատակի երեկոն։ Այն ոչ թե խորհրդավոր ծիսակատարություն է, այլ խորհրդանշական ընթրիք, որից օգտվում են նրանք, ովքեր կանչված են, որպեսզի լինեն Հիսուս Քրիստոսի ժառանգակիցները երկնային Թագավորության մեջ (Ղուկ. 22։28–30)։ Մյուս մկրտված անհատները և հետաքրքրվողները ներկա են գտնվում Տիրոջ ընթրիքին որպես դիտորդներ։ Իրենց ներկայությամբ նրանք ցույց են տալիս իրենց խորին գնահատանքը Եհովա Աստծու հանդեպ, որն իր Որդու միջոցով օրհնություններ է բերելու բոլոր մարդկանց։ Նախքան Հիշատակի երեկոն հատուկ հանրային ելույթ է ներկայացվում, որի նպատակն է ունկնդիրներին մղել ոգևորությամբ սպասելու այդ իրադարձությանը և հետաքրքրվողներին խրախուսել շարունակել սովորել աստվածաշնչյան ճշմարտությունները։
31 Եհովայի վկաները ուրախությամբ սպասում են այն առիթներին, երբ կհավաքվեն միասին և կհորդորեն միմյանց «սիրո ու բարի գործերի» (Եբր. 10։24)։ Հավատարիմ և իմաստուն ծառան միշտ զգոն է և նման հանդիպումներ է կազմակերպում՝ հաշվի առնելով մեր հոգևոր կարիքները։ Եհովայի բոլոր ծառաներին, ինչպես նաև հետաքրքրություն ցույց տված անհատներին հորդոր է տրվում օգտվել կանոնավորաբար միասին հավաքվելու այս հնարավորություններից։ Խոր գնահատանք ցույց տալով այն միջոցառումների հանդեպ, որ Եհովան տրամադրում է իր կազմակերպության միջոցով՝ Աստծու ծառաները միասնական են լինում։ Բայց ամենակարևորը, այս հանդիպումների միջոցով մենք փառք ենք բերում Եհովային (Սաղ. 111։1)։