ԳԼՈՒԽ 8
Բարի լուրի քարոզիչներ
ԵՀՈՎԱՆ իր Որդուն երկիր ուղարկեց, որպեսզի նա մեզ համար կատարյալ օրինակ թողնի (1 Պետ. 2։21)։ Երբ որևէ մեկը դառնում է Հիսուսի հետևորդ, որպես Աստծու ծառա նա սկսում է քարոզել բարի լուրը։ Նշելով, որ դա հոգևոր թարմություն էր բերելու՝ Հիսուսն ասաց. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես կթարմացնեմ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորեք ինձանից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար» (Մատթ. 11։28, 29)։ Նրանք, ովքեր արձագանքել են այս հրավերին, երբեք չեն հիասթափվել։
2 Հիսուսը որոշ անհատների հրավիրեց դառնալ իր հետևորդը (Մատթ. 9։9; Հովհ. 1։43)։ Նա սովորեցրեց նրանց քարոզել և ուղարկեց կատարելու այն նույն գործը, որն ինքն էր անում (Մատթ. 10։1–11։1; 20։28; Ղուկ. 4։43)։ Ավելի ուշ նա 70 աշակերտների ուղարկեց հռչակելու Աստծու Թագավորության բարի լուրը (Ղուկ. 10։1, 8–11)։ Հիսուսն ասաց. «Ձեզ լսողը ինձ է լսում։ Ձեզ արհամարհողը ինձ է արհամարհում։ Իսկ ինձ արհամարհողը նաև ինձ ուղարկողին է արհամարհում» (Ղուկ. 10։16)։ Այս խոսքերով Հիսուսը շեշտեց, թե ինչ լուրջ պատասխանատվություն էր դրված աշակերտների վրա։ Նրանք պետք է ներկայացնեին Հիսուսին և Բարձրյալ Աստծուն։ Նույն բանն էին անելու բոլոր նրանք, ովքեր հետագայում արձագանքելու էին Հիսուսի հրավերին՝ «եկ ու իմ հետևորդը դարձիր» (Ղուկ. 18։22; 2 Կորնթ. 2։17)։ Այդ հրավերն ընդունող մարդիկ Աստծուց հանձնարարություն են ստանում քարոզել Թագավորության բարի լուրը և աշակերտներ պատրաստել (Մատթ. 24։14; 28։19, 20)։
3 Հիսուսի հետևորդը դառնալու հրավերին արձագանքելու շնորհիվ մենք Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքներ ենք ձեռք բերել և սովորել Եհովայի ճանապարհների մասին (Հովհ. 17։3)։ Նրա օգնությամբ կարողացել ենք փոխել մեր մտածելակերպը, բնավորությունը և համապատասխանեցնել մեր վարքը նրա արդար չափանիշներին (Հռոմ. 12։1, 2; Եփես. 4։22–24; Կող. 3։9, 10)։ Խոր երախտագիտությունը մղեց մեզ նվիրելու մեր անձը Եհովային և խորհրդանշելու այդ նվիրումը ջրի մկրտությամբ, ինչն էլ հաստատեց, որ մենք պաշտոնապես դարձանք Եհովայի ծառա։
4 Միշտ հիշիր, որ Աստծուն պետք է ծառայել անարատ ձեռքերով և մաքուր սրտով (Սաղ. 24։3, 4; Ես. 52։11; 2 Կորնթ. 6։14–7։1)։ Հիսուս Քրիստոսին հավատ ընծայելու շնորհիվ մենք ձեռք ենք բերել մաքուր խիղճ (Եբր. 10։19–23, 35, 36; Հայտն. 7։9, 10, 14)։ Պողոս առաքյալը հորդորեց քրիստոնյաներին ամեն բան անել Աստծու փառքի համար, որպեսզի ուրիշներին գայթակղության առիթ չտանք։ Պետրոս առաքյալը նույնպես նշեց, թե որքան կարևոր է օրինակելի վարք ունենալ՝ մարդկանց դեպի ճշմարտությունը բերելու համար (1 Կորնթ. 10։31, 33; 1 Պետ. 3։1)։ Ինչպե՞ս կարող ես օգնել անհատին դառնալու բարի լուրի քարոզիչ։
ՆՈՐ ՔԱՐՈԶԻՉՆԵՐ
5 Երբ սկսում ես անհատի հետ Աստվածաշունչ ուսումնասիրել, քաջալերիր նրան խոսել այն ամենի մասին, ինչ նա սովորում է Աստվածաշնչից։ Կարելի է հորդորել նրան, որ սկզբում վկայություն տա իր հարազատներին, ընկերներին, գործընկերներին և այլ մարդկանց։ Սա կարևոր քայլ է, որը կօգնի անհատին դառնալու բարի լուրի քարոզիչ, ուստիև Հիսուս Քրիստոսի հետևորդ (Մատթ. 9։9; Ղուկ. 6։40)։ Երբ անհատը հոգևորապես աճում է և հմտանում ոչ պաշտոնական վկայություն տալու մեջ, նա ցանկանում է մասնակցել քարոզչական ծառայությանը ժողովի հետ։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
6 Նախքան որևէ մեկին առաջին անգամ տնետուն ծառայության հրավիրելը դու պետք է վստահ լինես, որ նա համապատասխանում է որոշ պահանջների։ Երբ անհատը մեզ հետ գնում է քարոզչական ծառայության, հայտնապես ցույց է տալիս, որ Եհովայի ժողովրդի մի մասն է։ Ուստի պարզ է, որ նա իր կյանքը արդեն համապատասխանեցրել է Եհովայի արդար չափանիշներին և կարող է համարվել չմկրտված քարոզիչ։
7 Ուսումնասիրության ընթացքում, երբ քննարկել եք Աստվածաշնչի սկզբունքները, որոշ չափով ծանոթացել ես նրա հանգամանքներին։ Թերևս նկատել ես, որ նա ապրում է Աստվածաշնչից ստացած իր գիտելիքների համաձայն։ Սակայն ուսումնասիրողի կյանքի որոշ բնագավառներին վերաբերող հարցեր երեցները կցանկանան քննարկել նրա և քեզ հետ։
8 Երեցների խորհրդի կոորդինատորը կկազմակերպի, որ երկու երեցներ (մեկը ժողովի ծառայողական կոմիտեից) Աստվածաշունչն ուսումնասիրողի և քեզ հետ քննարկեն ներքոհիշյալ սկզբունքները։ Այն ժողովներում, որտեղ երեցները քիչ են, դա կարող են անել երեցն ու հմուտ ծառայող օգնականը։ Լավ կլինի, որ եղբայրները չհետաձգեն այս հանդիպումը։ Անգամ երբ երեցները անհատի այդ ցանկության մասին իմանում են ժողովի հանդիպումը սկսելուց առաջ, գուցե հնարավոր լինի կազմակերպել այդ հանդիպումը ժողովից հետո։ Մթնոլորտը պետք է լինի անկաշկանդ։ Նախքան անհատին չմկրտված քարոզիչ համարելը հարկավոր է հավաստիանալ, որ նա ապրում է աստվածաշնչյան հետևյալ սկզբունքների համաձայն։
- 1) Նա հավատում է, որ Աստվածաշունչը Աստծու ներշնչված Խոսքն է (2 Տիմոթ. 3։16)։ 
- 2) Գիտի Աստվածաշնչի հիմնական ուսմունքները և հավատում է դրանց։ Սա կարևոր է, քանի որ երբ ծառայության ժամանակ նրան հարցեր տան, նա պետք է կարողանա իր պատասխանները հիմնել Աստվածաշնչի և ոչ թե կրոնական կեղծ ուսմունքների կամ իր գաղափարների վրա (Մատթ. 7։21–23; 2 Տիմոթ. 2։15)։ 
- 3) Հնազանդվում է Եհովայի ժողովրդի հետ ժողովի հանդիպումներին ներկա լինելու աստվածաշնչյան պատվերին, եթե ի վիճակի է (Սաղ. 122։1; Եբր. 10։24, 25)։ 
- 4) Գիտի, թե ինչ է ասում Աստվածաշունչը սեռական անբարոյության, այդ թվում պոռնկության, շնության, բազմակնության և համասեռամոլության մասին և ապրում է այդ սկզբունքների համաձայն։ Եթե ապրում է հակառակ սեռի անհատի հետ, ով իր ազգականը չէ, ապա պետք է ամուսնացած լինի՝ ըստ օրենքի (Մատթ. 19։9; 1 Կորնթ. 6։9, 10; 1 Տիմոթ. 3։2, 12; Եբր. 13։4)։ 
- 5) Հետևում է չհարբելու վերաբերյալ Աստվածաշնչի պահանջին։ Հեռու է մնում ոչ բժշկական նպատակներով բնական կամ արհեստական նյութեր օգտագործելուց, որոնք կախվածություն են առաջացնում (2 Կորնթ. 7։1; Եփես. 5։18; 1 Պետ. 4։3, 4)։ 
- 6) Հասկանում է վատ ընկերակցությունից խուսափելու կարևորությունը (1 Կորնթ. 15։33)։ 
- 7) Խզել է իր բոլոր կապերը կեղծ կրոնական կազմակերպությունների հետ, որոնց գուցե անդամակցել է, և դադարել է նրանց հանդիպումներին հաճախելուց ու նրանց գործունեությանը աջակցելուց կամ մասնակցելուց (2 Կորնթ. 6։14–18; Հայտն. 18։4)։ 
- 8) Ամբողջովին հեռու է մնում աշխարհի քաղաքական գործերից (Հովհ. 6։15; 15։19; Հակ. 1։27)։ 
- 9) Համամիտ է Եսայիա 2։4 համարում գրվածին և ազգամիջյան բախումների ժամանակ չեզոք դիրք է բռնում։ 
- 10) Ցանկանում է դառնալ Եհովայի վկա (Սաղ. 110։3)։ 
9 Եթե երեցները վստահ չեն, որ ուսումնասիրողը հասկանում է վերոհիշյալ սկզբունքներից որևէ մեկը, կարող են խնդրել նրան բաց անել նշված աստվածաշնչյան համարները և միասին քննարկել դրանք։ Շատ կարևոր է, որ անհատը գիտակցի, որ Եհովայի վկաների հետ քարոզչական գործունեությանը մասնակցողները պետք է ապրեն այնպիսի կյանքով, որը համապատասխանում է Աստվածաշնչի վերոհիշյալ պահանջներին։ Այդ քննարկումը կօգնի երեցներին կողմնորոշվելու, թե արդյոք նա գիտի՝ ինչ է ակնկալվում իրենից և ողջամտության սահմաններում համապատասխանում է աստվածաշնչյան չափանիշներին՝ քարոզչական ծառայությանը մասնակցելու համար։
10 Հանդիպման վերջում երեցները պետք է հստակ ասեն, թե արդյոք նա համապատասխանում է չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին։ Եթե այո, ապա երեցները կարող են ջերմորեն ողջունել նրան որպես քարոզչի (Հռոմ. 15։7)։ Նրանք պետք է քաջալերեն, որ նա հնարավորինս շուտ մասնակցի ծառայությանը և ամսվա վերջում «Քարոզչական ծառայության հաշվետվություն» թերթիկը լրացնի ու հանձնի։ Երեցները կարող են բացատրել նրան, որ երբ անհատը համապատասխանում է չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին և առաջին անգամ ծառայության հաշվետվություն է հանձնում, նրա անունով «Ժողովի քարոզչի հաշվետվություն» է բացվում և պահվում ժողովի փաստաթղթերի մեջ։ Նրանք գրանցում են քարոզչի անձնական տվյալները, որպեսզի կազմակերպությունը կարողանա հոգ տանել ողջ աշխարհում եղող Եհովայի վկաների ժողովներին, և որպեսզի տվյալ քարոզիչը կարողանա մասնակցել հոգևոր գործունեությանը և հոգևոր աջակցություն ստանալ։ Բացի այդ, երեցները նոր քարոզիչներին կարող են հիշեցնել, որ անձնական տվյալների հետ կապված՝ գործում է Եհովայի վկաների կրոնական կազմակերպության տվյալների պաշտպանության համաշխարհային քաղաքականությունը, որը կարելի է գտնել jw.org կայքում։
11 Նոր քարոզչի հետ ավելի լավ ծանոթանալն ու նրա առաջադիմությամբ հետաքրքրվելը կարող է լավ ազդեցություն թողնել նրա վրա։ Դա կարող է մղել նրան ամեն ամիս քարոզչական ծառայության հաշվետվություն հանձնելու և ավելի մեծ ջանքեր գործադրելու Եհովային ծառայելու համար (Փիլիպ. 2։4; Եբր. 13։2)։
12 Երբ երեցները որոշեն, որ Աստվածաշունչ ուսումնասիրողը կարող է մասնակցել ծառայությանը, նա կստանա «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի իր օրինակը։ Երբ նա առաջին անգամ քարոզչական ծառայության հաշվետվություն հանձնի, ժողովում կարճ հայտարարություն կարվի այն մասին, որ նա չմկրտված քարոզիչ է։
ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
13 Երեխաները նույնպես կարող են դառնալ բարի լուրի քարոզիչներ։ Հիսուսը իր մոտ կանչեց փոքրիկ երեխաներին և օրհնեց նրանց (Մատթ. 19։13–15; 21։15, 16)։ Թեև առաջին հերթին ծնողներն են պատասխանատու իրենց երեխաների համար, սակայն ժողովում ծառայող մյուս անհատները նույնպես կարող են օգնել այն երեխաներին, որոնք սրտանց ցանկանում են մասնակցել քարոզչությանը։ Եթե ծնող ես, ապա քարոզչական ծառայության մեջ քո լավ օրինակը կքաջալերի երեխաներիդ մեծ եռանդով ծառայել Աստծուն։ Ինչպե՞ս կարելի է օգնել երեխային, եթե նա օրինակելի վարք ունի և սրտանց ցանկանում է իր հավատի մասին խոսել։
14 Տեղին կլինի, որ ծնողը մոտենա ժողովի ծառայողական կոմիտեի երեցներից մեկին՝ պայմանավորվելու, թե երբ կարող են հանդիպել երեխայի հետ և քննարկել այն հարցը, թե արդյոք երեխան կարող է դառնալ քարոզիչ։ Երեցների խորհրդի կոորդինատորը միջոցներ կձեռնարկի, որ երկու երեցներ (մեկը ժողովի ծառայողական կոմիտեից) հանդիպեն երեխայի, նրա ծնողի(ների) կամ խնամակալի հետ։ Եթե երեխան ունի հիմնական գիտելիքներ Աստվածաշնչի ճշմարտության մասին և ցանկանում է մասնակցել բարի լուրի քարոզչության գործին, ապա դա ցույց է տալիս, որ նա հոգևորապես առաջադիմում է։ Այս և այլ հարցեր քննարկելուց հետո, որոնք սովորաբար տրվում են նաև չափահասներին, երեցները կորոշեն, թե արդյոք երեխան կարող է համարվել չմկրտված քարոզիչ (Ղուկ. 6։45; Հռոմ. 10։10)։ Կարիք չկա, որ երեխայի հետ այս հանդիպումն անցկացնելիս երեցները քննարկեն երեխաներին չվերաբերող հարցեր։
15 Հանդիպման ժամանակ երեցները պետք է գովեն երեխային հոգևոր առաջադիմության համար և քաջալերեն նրան մկրտվելու նպատակ դնել։ Ծնողները նույնպես արժանի են գովասանքի, քանի որ իրենց երեխաներին սովորեցրել են ճշմարտությունը։ Որպեսզի ծնողները կարողանան հետագայում նույնպես աջակցել իրենց երեխաներին, երեցները կարող են նրանց ուշադրությունը հրավիրել «Խոսք՝ քրիստոնյա ծնողներին» հավելվածի վրա (էջ 179–181)։
ՆՎԻՐՈՒՄ ԵՎ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
16 Եթե ցույց ես տվել քո սերը Աստծու հանդեպ՝ կյանքդ ներդաշնակեցնելով նրա պահանջներին և մասնակցելով ծառայությանը, ապա անհրաժեշտ է, որ է՛լ ավելի ամրացնես Եհովայի հետ քո անձնական փոխհարաբերությունները։ Ինչպե՞ս։ Աղոթքի միջոցով նվիրվելով նրան և այնուհետև նվիրումդ խորհրդանշելով ջրի մկրտությամբ (Մատթ. 28։19, 20)։
17 Նվիրվել նշանակում է առանձնացվել սրբազան նպատակով։ Դու կարող ես նվիրվել Աստծուն՝ աղոթքով հայտնելով նրան քո նվիրման մասին և խոստանալով, որ կյանքդ օգտագործելու ես նրան ծառայելու և նրա ճանապարհներով հավատարմորեն քայլելու համար։ Դա նշանակում է բացարձակ նվիրվածություն դրսևորել նրա հանդեպ հավիտյան (2 Օրենք 5։9)։ Այս որոշումը ինքդ պետք է կայացնես։ Ոչ ոք չի կարող դա անել քո փոխարեն։
18 Սակայն դու պետք է ավելին անես և ոչ թե պարզապես աղոթքում հայտնես Եհովային, որ ցանկանում ես պատկանել նրան։ Անհրաժեշտ է ուրիշներին ցույց տալ, որ քո անձը նվիրել ես Աստծուն։ Եվ դա կարող ես անել՝ մկրտվելով ջրում, ինչպես արեց Հիսուսը (1 Պետ. 2։21; 3։21)։ Եթե վճռել ես ծառայել Եհովային և ցանկանում ես մկրտվել, ի՞նչ պետք է անես։ Հայտնիր քո ցանկության մասին ժողովի երեցների խորհրդի կոորդինատորին։ Նա քայլեր կձեռնարկի, որ մի քանի երեցներ զրուցեն քեզ հետ՝ համոզվելու համար, որ համապատասխանում ես մկրտության համար Աստծու սահմանած չափանիշներին։ Հավելյալ տեղեկությունների համար կարող ես ընթերցել «Խոսք՝ չմկրտված քարոզչին» (էջ 182–184), ինչպես նաև «Հարցեր մկրտվել ցանկացողների համար» հավելվածները (էջ 185–207)։
ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19 Ճշմարիտ երկրպագության տարածման մասին հաշվետվությունները տարիներ շարունակ քաջալերանքի մեծ աղբյուր են եղել Եհովայի ժողովրդի համար։ Սկսած այն ժամանակներից, երբ Հիսուսն ասաց իր աշակերտներին, որ բարի լուրը պետք է քարոզվի ողջ աշխարհում՝ ճշմարիտ քրիստոնյաներին հետաքրքրել է, թե ինչպես է այդ գործն իրականացվելու (Մատթ. 28։19, 20; Մարկ. 13։10; Գործ. 1։8)։
20 Հիսուս Քրիստոսի առաջին դարի հետևորդները հետաքրքրվում էին քարոզչական գործի առաջխաղացման հաշվետվություններով (Մարկ. 6։30)։ Աստվածաշնչի «Գործեր» գիրքը պատմում է, որ մ. թ. 33 թ. Պենտեկոստեին սուրբ ոգին թափվեց մոտ 120 աշակերտների վրա։ Շուտով նրանց թիվը հասավ 3 000-ի, ապա՝ 5 000-ի։ Քաջալերական էր, երբ աշակերտներն իմացան, որ «Եհովան օրեցօր ավելացնում էր փրկվողների թիվը», և «քահանաների մի մեծ բազմություն ընդունեց հավատը» (Գործ. 1։15; 2։5–11, 41, 47; 4։4; 6։7)։ Որքա՜ն են քաջալերվել աշակերտները՝ լսելով այդ աճի մասին։ Այս հուզիչ դեպքերը մղեցին նրանց կատարելու Աստծուց ստացած իրենց հանձնարարությունը՝ չնայած հրեա կրոնական առաջնորդների հրահրած կատաղի հակառակությանը։
21 Մ. թ. մոտ 60–61 թթ. Պողոսը կողոսացիներին ուղղած իր նամակում հայտնեց, որ բարի լուրը «ամբողջ աշխարհում.... պտուղ է բերում» և «քարոզվեց երկնքի տակ գտնվող բոլոր ստեղծվածներին» (Կող. 1։5, 6, 23)։ Առաջին դարի քրիստոնյաները հնազանդվեցին Աստծու խոսքին, և սուրբ ոգին զորացրեց նրանց կատարելու մի հսկայածավալ քարոզչական գործ նախքան մ. թ. 70 թ. հրեական համակարգի վախճանը։ Որքա՜ն քաջալերական է եղել հավատարիմ քրիստոնյաների համար լսել ծառայության մեջ եղած հաջողությունների մասին։
Նախքան վերջը կգա, մենք պետք է անենք այն, ինչ կարող ենք
22 Նմանապես, Եհովայի ներկայիս կազմակերպությունը ձգտում է արձանագրություններ պահել այն գործի մասին, որն իրականացվում է Մատթեոս 24։14-ի համաձայն։ Այնտեղ ասվում է. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը»։ Որպես Աստծուն նվիրված ծառաներ՝ մենք հրատապ գործ ունենք անելու։ Մենք պետք է անենք այն, ինչ կարող ենք, որ մինչև այս աշխարհի վախճանը քարոզչական գործը հիմնովին կատարվի։ Եհովան հոգ կտանի, որ այս գործն իր ավարտին հասնի, և եթե մենք մեր բաժինն անենք այս գործում, ապա կարժանանանք նրա հավանությանը (Եզեկ. 3։18–21)։
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՔՈ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
23 Իսկ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնենք։ Կազմակերպության «Քարոզչական ծառայության հաշվետվություն» թերթիկում նշվում է, թե ինչ տվյալներ պետք է ընդգրկել։ Սակայն օգտակար կլինի իմանալ հետևյալ ընդհանուր տեղեկությունները։
24 «Տարածված հրատարակություններ (տպագրված կամ էլեկտրոնային)» սյունակում նշվում է այն հրատարակությունների ընդհանուր քանակը, որ տվել ես նրանց, ովքեր մկրտված Վկաներ չեն։ «Ցուցադրված տեսանյութեր» սյունակում նշվում է ցուցադրված տեսանյութերի քանակը։
25 «Վերայցելություններ» սյունակում նշվում է այցելությունների ընդհանուր թիվը, որ կատարել ես զարգացնելու անհատի հետաքրքրությունը, որը մկրտված Վկա չէ։ Վերայցելություն կարելի է կատարել՝ անհատին այցելելով, նրան նամակ գրելով, զանգահարելով, հաղորդագրություն կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով կամ գրականություն տալով։ Ամեն անգամ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնելիս կարելի է դա գրանցել որպես վերայցելություն։ Երբ ծնողը ընտանեկան երկրպագություն է անցկացնում, որին ներկա է չմկրտված երեխան, ապա ամեն շաբաթ կարող է մեկ վերայցելություն գրել։
26 Աստվածաշնչի ուսումնասիրությունը, որը սովորաբար անցկացվում է ամեն շաբաթ (այն անհատի հետ, ով մկրտված չէ), նշվում է որպես մեկ ուսումնասիրություն։ Քարոզիչները պետք է նշեն այդ ամսվա մեջ անցկացված առանձին ուսումնասիրությունների քանակը։ Աստվածաշնչի ուսումնասիրություն է համարվում նաև ոչ ակտիվ եղբոր կամ քրոջ հետ անցկացվող ուսումնասիրությունը, ինչը տեղի է ունենում ժողովի ծառայողական կոմիտեի համաձայնությամբ, ինչպես նաև նոր մկրտված անհատի հետ անցկացվող ուսումնասիրությունը, ով դեռ չի վերջացրել «Վայելիր կյանքը հավիտյան» գիրքը։
27 Շատ կարևոր է «Ժամեր» սյունակում ճշգրիտ հաշվետվություն հանձնել։ Հիմնականում դա այն ժամանակն է, որ դու անցկացրել ես՝ ծառայելով տնետուն, կատարելով վերայցելություններ, անցկացնելով Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ, պաշտոնական կամ ոչ պաշտոնական վկայություն տալով ոչ Վկաներին։ Եթե երկու քարոզիչ միասին ծառայում են, ապա երկուսն էլ հաշվում են ժամանակը, բայց միայն մեկը կարող է գրել վերայցելություն և Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Երկու ծնողներն էլ կարող են գրանցել շաբաթը մեկ անգամ անցկացվող ընտանեկան երկրպագության ժամը։ Եղբայրները կարող են գրանցել հանրային ելույթ ներկայացնելու ժամանակը։ Հանրային ելույթի թարգմանիչը նույնպես կարող է այդ ժամը գրանցել հաշվետվության մեջ։ Հաշվետվության մեջ չենք գրանցում այն ժամերը, երբ պատրաստվել ենք քարոզչական ծառայության, ներկա ենք եղել քարոզչական ծառայության հանդիպմանը կամ այլ կարևոր գործեր ու հանձնարարություններ ենք կատարել։
28 Յուրաքանչյուր քարոզիչ պետք է հետևի Աստվածաշնչով դաստիարակված իր խղճին, երբ որոշում է, թե որքան ժամանակ է տրամադրել ծառայությանը։ Որոշ քարոզիչներ քարոզում են խիտ բնակեցված տարածքներում, սակայն ոմանք էլ քարոզում են հեռավոր տարածքներում, որտեղ քիչ մարդիկ են ապրում, և որտեղ հասնելու համար բավական ժամանակ է պահանջվում։ Տարածքները տարբեր են, ուստի քարոզիչների վերաբերմունքը ծառայության հանդեպ նույնպես տարբեր է։ Կառավարիչ մարմինը չի պարտադրում ամբողջ աշխարհում սփռված ժողովներին իր խղճի թելադրանքով առաջնորդվել քարոզչական ծառայության ժամերը հաշվելիս և ոչ էլ որևէ մեկին նշանակել է դատել ուրիշներին այս հարցում (Մատթ. 6։1; 7։1; 1 Տիմոթ. 1։5)։
29 Հաշվետվության մեջ ծառայությանը հատկացված ժամանակը պետք է գրանցել լրիվ ժամերով։ Բացառություն է արվում, երբ քարոզիչը շատ սահմանափակ կարողություններ ունի տարիքի, անկողնուն գամված լինելու, ծերանոցում գտնվելու կամ այլ պատճառներով։ Այդպիսի իրավիճակում գտնվող քարոզիչը կարող է հաշվետվության մեջ նշել 15, 30 կամ 45 րոպե, եթե ամսվա ընթացքում այդքան է ծառայել։ Նա հաշվետվության մեջ պետք է նշի այդ ժամանակը, որպեսզի շարունակի համարվել Թագավորության կանոնավոր քարոզիչ։ Նույն սկզբունքը գործում է նաև այն դեպքում, երբ քարոզիչը ժամանակավորապես սահմանափակ կարողություններ ունի, օրինակ՝ մեկ ամսվա ընթացքում կամ դրանից ավելի ի վիճակի չի եղել տնից դուրս գալու լուրջ հիվանդության կամ վնասվածքի պատճառով։ Սակայն այս կարգը գործում է միայն շատ սահմանափակ կարողություններ ունեցող անհատների պարագայում։ Ժողովի ծառայողական կոմիտեն է որոշում՝ արդյոք քարոզչի հանգամանքը համապատասխանում է այս կարգին։
«ԺՈՂՈՎԻ ՔԱՐՈԶՉԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ»
30 Ամեն ամսվա քո ծառայության հաշվետվությունը գրանցվում է «Ժողովի քարոզչի հաշվետվության» մեջ։ Այս քարտերը պատկանում են տեղի ժողովին։ Եթե դու մեկ ուրիշ ժողով ես տեղափոխվում, տեղեկացրու այդ մասին երեցներին։ Քարտուղարը հոգ կտանի, որ քո քարտը ուղարկվի քո նոր ժողով։ Այդ ամենի շնորհիվ երեցների համար հեշտ կլինի ծանոթանալ քեզ հետ, և նրանք կկարողանան անհրաժեշտ հոգևոր օգնությունը ցույց տալ քեզ։ Եթե ժողովից բացակայելու ես երեք ամսից ոչ ավելի, ծառայության հաշվետվությունը կանոնավորաբար ուղարկիր քո ժողով։
ԻՆՉՈՒ ԵՆՔ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՈՒՄ
31 Երբեմն մոռանո՞ւմ ես հանձնել ծառայության հաշվետվությունը։ Բոլորս էլ պարբերաբար հիշեցման կարիք ունենք։ Սակայն եթե ճիշտ տեսակետ ունենք ծառայության հաշվետվությունը հանձնելու վերաբերյալ և հասկանում ենք, թե ինչու է դա այդքան կարևոր, ժամանակին կհանձնենք ծառայության հաշվետվությունը։
32 Ոմանք հարցնում են. «Եթե Եհովան գիտի, թե ինչ եմ անում ծառայության մեջ, ինչո՞ւ պետք է հաշվետվություն հանձնեմ»։ Ճիշտ է, Եհովան գիտի, թե ինչ ենք մենք անում, և նա կարող է տեսնել՝ արդյոք ամբողջ սրտով ենք ծառայում, թե բավարարվում ենք միայն նվազագույնն անելով։ Հիշիր, սակայն, որ Եհովան արձանագրեց այն օրերի թիվը, որ Նոյը անցկացրեց տապանում, ինչպես նաև անապատում իսրայելացիների անցկացրած տարիների թիվը։ Աստված նաև արձանագրեց, թե քանի հոգի են իրեն հավատարիմ և քանիսը՝ անհնազանդ։ Նա արձանագրեց Քանանի երկրի աստիճանական նվաճումը և Իսրայելի հավատարիմ դատավորների կատարած գործերը։ Փաստորեն, նա իր ծառաների կատարած գործերի մասին շատ մանրամասներ գրի առնել տվեց։ Եհովան ներշնչել է, որ տեղի ունեցածը արձանագրվի, որպեսզի իմանանք, թե ինչ տեսակետ ունի նա ճշգրիտ գրառումների վերաբերյալ։
33 Աստվածաշնչում արձանագրված պատմական դեպքերը արժանահավատ են և ցույց են տալիս, որ Եհովայի ծառաները ճշգրիտ հաշվետվություններ ու գրառումներ են պահել։ Շատ դեպքերում աստվածաշնչյան արձանագրության ողջ նշանակությունը հնարավոր չէ փոխանցել առանց կոնկրետ թվեր նշելու։ Ուշադրություն դարձրու, օրինակ, հետևյալ համարներին՝ Ծննդոց 46։27; Ելք 12։37; Դատավորներ 7։7; 2 Թագավորներ 19։35; 2 Տարեգրություն 14։9–13; Հովհաննես 6։10; 21։11; Գործեր 2։41; 19։19։
34 Թեև մեր հաշվետվություններում չի նշվում ամեն բան, որ անում ենք Եհովային ծառայելիս, սակայն դրանք Եհովայի կազմակերպության մեջ որևէ նպատակի են ծառայում։ Օրինակ՝ առաջին դարում, երբ առաքյալները վերադարձան քարոզչական ծառայությունից, Հիսուսին պատմեցին «այն ամենը, ինչ որ արել էին և ինչ որ սովորեցրել էին» (Մարկ. 6։30)։ Երբեմն հաշվետվություններից կարելի է տեսնել, թե ծառայության որ ոլորտներին է հարկավոր ավելի շատ ուշադրություն դարձնել։ Թվերը կարող են ցույց տալ, որ թեև որոշ ոլորտներում աճ է եղել, սակայն, օրինակ, քարոզիչների թիվը չի աճել կամ աճը դանդաղել է։ Գուցե անհրաժեշտ է քաջալերել որևէ քարոզչի կամ օգնել որևէ հարցում։ Երեցները ուշադրություն կդարձնեն հաշվետվություններին և կձգտեն շտկել ցանկացած իրավիճակ, որը խոչընդոտում է քարոզիչների հոգևոր առաջադիմությանը կամ ընդհանուր ժողովի աճին։
35 Հաշվետվությունների միջոցով կազմակերպությունը նաև որոշում է, թե որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա, որ տարածքներն են ավելի արդյունավետ, որտեղ է քիչ առաջընթաց եղել, ինչ հրատարակություններ են անհրաժեշտ՝ ճշմարտությունը մարդկանց հայտնելու համար։ Հաշվետվությունները նաև հնարավորություն են տալիս կազմակերպությանը տեսնելու, թե որքան գրականություն է անհրաժեշտ աշխարհի տարբեր վայրերում, և հոգ տանել, որ քարոզչական գործի համար բավականաչափ հրատարակություններ լինեն։
36 Նման հաշվետվությունները քաջալերանքի աղբյուր են բոլորի համար։ Մի՞թե չենք ոգևորվում, երբ լսում ենք, թե ինչ ջանքեր են թափում մեր եղբայրները բարի լուրը աշխարհով մեկ տարածելու գործում։ Քարոզիչների թվի աճի մասին հաշվետվությունները օգնում են մեզ ընդհանուր պատկերացում կազմելու Եհովայի կազմակերպության ընդարձակման մասին։ Ծառայության դեպքերը ջերմացնում են մեր սիրտը և լցնում մեզ եռանդով՝ մղելով լիարժեք մասնակցություն ունենալու քարոզչական գործում (Գործ. 15։3)։ Ուստի այս հարցում մեր համագործակցությունը անչափ կարևոր է և ցույց է տալիս, որ հետաքրքրվում ենք մեր համաշխարհային եղբայրությամբ։ Նաև ցույց ենք տալիս, որ հնազանդվում ենք Եհովայի կազմակերպության մեջ ընդունված կարգին (Ղուկ. 16։10; Եբր. 13։17)։
ԴՆԵՆՔ ՀԱՍԱՆԵԼԻ ՆՊԱՏԱԿՆԵՐ
37 Կարիք չկա մեր քարոզչական ծառայությունը համեմատել մեկ ուրիշի ծառայության հետ (Գաղ. 5։26; 6։4)։ Բոլորի հանգամանքները տարբեր են։ Սակայն մեծ օգուտներ կստանանք, եթե մեր առջև դնենք հասանելի նպատակներ։ Դրանք կարող են օգնել մեզ տեսնելու, թե ինչ արդյունքների ենք հասել ծառայության մեջ։ Այդ նպատակներին հասնելը մեծ բավականություն կպարգևի մեզ. զգացում, որ ունենում ենք ինչ-որ բան իրականացնելու արդյունքում։
38 Ակնհայտ է, որ այժմ Եհովան արագացնում է այն մարդկանց համախմբելու գործը, որոնց նա կպաշտպանի «մեծ նեղության» ժամանակ։ Մենք ապրում ենք այնպիսի օրերում, երբ կատարվում է Եսայիայի մարգարեությունը. «Քիչը հազար կդառնա, ու ամենափոքրը՝ հզոր ազգ։ Ես՝ Եհովաս, կարագացնեմ դա իր ժամանակին» (Հայտն. 7։9, 14; Ես. 60։22)։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է լինել բարի լուրի քարոզիչ վերջին օրերի այս նշանակալից ժամանակահատվածում (Մատթ. 24։14)։