ԲԱՑԱՐՁԱԿ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Այս արտահայտությունը նշանակում է, որ Եհովան չի հանդուրժում իր հետ որևէ մրցակցություն, այսինքն՝ չի ընդունում ուրիշ աստվածներին պաշտելը։ Եբրայերեն կաննա բառը գործածվում է միայն Աստծու առնչությամբ և նշանակում է «բացարձակ նվիրվածություն պահանջող», «խանդոտ» (Ելք 20։5, ծնթ., Rbi8-E; տես ԽԱՆԴ, ԽԱՆԴՈՏ)։
Աստված իրեն պատկանող փառքը ուրիշ ոչ ոքի չի տալիս (Ես 42։8)։ Նա, ով բացարձակ նվիրվածություն չունի Աստծու հանդեպ, բորբոքում է նրա բարկությունը (2Օր 4։24; 5։9; 6։15)։ Եհովայի և Իսրայելի հարաբերությունները համեմատվում են ամուսնու և կնոջ փոխհարաբերության հետ։ Համարվելով Իսրայելի ամուսինը՝ Եհովան նրանից պահանջում էր բացարձակ նվիրվածություն և հավատարմություն։ Իր հերթին նա մեծ եռանդով ու նախանձախնդրությամբ գործում էր Իսրայելի օգտին և պաշտպանում նրան (Եզկ 36։5)։ Սակայն եթե իսրայելացիները անհնազանդ լինեին և ուրիշ աստվածների հետևից գնային, դա հավասարազոր կլիներ ամուսնական դավաճանություն գործելուն. այդպիսով նրանք կշարժեին Եհովայի արդարացի ցասումը և իր անվան հանդեպ խանդը (2Օր 32։16, 21; Եզկ 16։38, 42)։
Ի՞նչ է բացարձակ նվիրվածությունը, որ Եհովան պահանջում է իր ծառաներից
«Բացարձակ» բառը նշանակում է «լիակատար», «լրիվ», «կատարյալ»։ «Նվիրվածություն» բառը փոխանցում է «ուժեղ կապվածություն», «ջերմ սեր» իմաստները։ Հետևաբար բացարձակ նվիրվածություն դրսևորել նշանակում է թույլ չտալ, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան մեր սրտում կամ կյանքում զբաղեցնի այն բացառիկ տեղը, որ միմիայն Աստծուն է պատկանում։
Եհովա Աստված չի հանդուրժում իր հետ մրցակցություն։ Եհովայի մատով գրված «Տասը խոսքերից», կամ՝ Տասը պատվիրաններից երկրորդը բացարձակ նվիրվածություն դրսևորելու վերաբերյալ պահանջ էր։ Աստված ասել էր. «Ես Եհովան եմ՝ քո Աստվածը.... Ինձնից բացի [կամ՝ «Ինձ մարտահրավեր նետելով»]՝ երբեք ուրիշ աստվածներ չունենաս.... որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված եմ» (2Օր 5։6-9, ծնթ.)։ Դրիոյի ֆրանսերեն թարգմանության մեջ Ելք 34։14-ը հետևյալ կերպ է թարգմանվել. «Աստված ուզում է, որ իրեն սիրեն առանձնահատուկ կերպով» (Drioux Version, 1884)։ Այսինքն՝ Աստված ուզում է, որ իրեն սիրեն յուրահատուկ ձևով, ոչ ինչպես ուրիշներին։ Հիսուսը թիկունք կանգնեց այս մտքին, երբ խոսում էր մի հրեայի հետ, ով ուզում էր փորձել իրեն (Մթ 22։37)։ Եհովան թե՛ Իսրայելի Աստվածն էր, թե՛ Թագավորը՝ կրոնական և կառավարական համակարգի Գլուխը։ Հետևաբար եթե որևէ իսրայելացի խախտեր առաջին և երկրորդ պատվիրանները՝ ծառայելով ուրիշ աստվածների, դա կհամարվեր պետական դավաճանություն՝ ամենածանր հանցանքը, որի համար ամենախիստ պատիժն էր սահմանված։ Մի անգամ, երբ իսրայելացիները սկսեցին կեղծ աստծու պաշտել ու մխրճվեցին անբարոյականության մեջ, Եհովան, լինելով բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված, ուր որ է բնաջնջելու էր նրանց։ Սակայն Ահարոնի թոռ Փենեհեսը արագ ու վճռական քայլեր ձեռնարկեց և Եհովայի հետ «ոչ մի մրցակցություն չհանդուրժեց», ինչի շնորհիվ Իսրայելը փրկվեց (Թվ 25։11, ծնթ.)։
Իր անվան հանդեպ նախանձախնդրությունից դրդված էր, որ Եհովան նպատակադրեց բաբելոնյան գերությունից վերադարձնել իր ժողովրդին (Եզկ 39։25-28)։ Ֆենտոնի թարգմանության մեջ Ելք 34։14-ում գրված է. «ՀԱՎԻՏՅԱՆ ԱՊՐՈՂԸ խանդ է դրսևորում ԻՐ ԱՆՎԱՆ հանդեպ»։ Քանի որ Աստված խանդ է դրսևորում, կամ՝ բացարձակապես նվիրված է իր անվան հանդեպ, նա չէր կարող հանդուրժել իր հետ որևէ մրցակցություն և թույլ տալ, որ Իսրայելը մեկ ուրիշ աստծու անուն մեծարի։
Տեր և ծառա հարաբերություններ։ Բացարձակ նվիրվածությունը հիշեցնում է նաև տիրոջ և ծառայի հարաբերությունները։ Լինելով Արարիչ՝ Եհովան Տեր է։ Քանի որ նա է արարել ամեն բան, իրավունք ունի Աստված կոչվելու և բացարձակ նվիրվածություն պահանջելու իր ստեղծածներից, իսկ նրանք պետք է կատարեն իր կամքը։ Խելամիտ անհատը, ճանաչելով Եհովային և գիտակցելով, թե որքան թանկ է նրա հետ մտերմությունը, հոժարակամորեն և սրտանց բացարձակ նվիրվածություն է դրսևորում նրա հանդեպ։ Հենց դա է ցանկանում Եհովան։ Նա ատում է ձևական նվիրվածությունն ու պաշտամունքը (Մթ 15։8, 9)։ Տիրոջ և ծառայի այդպիսի հարաբերությունը և տիրոջ հանդեպ հոժարակամ նվիրվածությունը, որը հաճելի է Եհովային, արտացոլված են Մովսիսական օրենքում։ Եբրայեցի ծառան իր ծառայության յոթերորդ տարում պետք է ազատ արձակվեր։ Աստծու Խոսքում գրված է. «Բայց եթե ծառան հաստատակամորեն ասի՝ «Ես սիրում եմ իմ տիրոջը, իմ կնոջն ու զավակներին և չեմ ուզում ազատ արձակվել», նրա տերը ճշմարիտ Աստծու առաջ պետք է նրան բերի կանգնեցնի դռան կամ դրա կողափայտի դիմաց ու բզով ծակի նրա ականջը, և նա ողջ կյանքում նրա ծառան կլինի» (Ելք 21։2, 5, 6)։ Պողոսը Թեսաղոնիկեի ժողովի ոչ հրեա անդամներին ասաց, որ նրանք, քրիստոնյա դառնալով, հոժարակամորեն նվիրվել էին Աստծուն։ Նրանք դադարել էին կուռքերի ծառան լինելուց և սկսել էին «կենդանի ու ճշմարիտ Աստծուն ծառայել» (1Թղ 1։9)։
Հիսուսի բացարձակ նվիրվածությունը Աստծու հանդեպ։ Ինչպես երևում է Փիլիպպեցիներ 2։5-8 համարներից, և՛ երկնքում, և՛ երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը գիտակցում էր, թե ինչ բացառիկ դիրք ունի իր Հայրը, և բացարձակ նվիրվածություն էր դրսևորում նրա հանդեպ։ Նա բացատրեց, որ Օրենքի կարևորագույն պատվիրանը Աստծուն սրտանց սիրելն է (Մթ 22։37)։ Բացի այդ՝ Հիսուսը բացարձակ նվիրվածություն դրսևորեց Եհովայի անվան հանդեպ և ընդգծեց, որ իր աշակերտները նույնը պետք է անեն։ Այն աղոթքը, որ նա սովորեցրեց աշակերտներին, այս խոսքերով էր սկսվում. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը» (Մթ 6։9)։ Հիսուսը ոչ միայն նվիրված էր, այլև շատ նախանձախնդիր էր, ինչը երևում է այն բանից, որ նա մաքրեց տաճարը, և այդպիսով կատարեց հետևյալ մարգարեությունը. «Քո տան հանդեպ նախանձախնդրությունը կբոցավառվի իմ մեջ» (Հվ 2։17; Սղ 69։9)։ Հոր հանդեպ Հիսուսի բացարձակ նվիրվածության ամենավառ դրսևորման մասին խոսվում է 1 Կորնթացիներ 15։24-28-ում։ Այնտեղ ասվում է, որ երբ նրա երկնային թագավորությունը ոչնչացնի բոլոր իշխանությունները և բոլոր թշնամիներին, նա թագավորությունը կհանձնի իր Հորը և կհպատակվի նրան, որպեսզի «Աստված ամեն ինչ լինի ամենքի համար»։