ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ
Զգացում, որն առաջանում է լավ բան ստանալուց կամ ակնկալելուց, երջանկություն, ցնծություն։ Եբրայերեն և հունարեն բառերը, որոնք Աստվածաշնչում գործածվել են ուրախության, ցնծության, բերկրանքի, հրճվանքի իմաստ հաղորդելու համար, արտահայտում են ուրախության տարբեր երանգներ և տարբեր աստիճաններ։ Ուրախության իմաստ արտահայտող բայերը մատնանշում են ոչ միայն այդ ներքին զգացումը, այլև դրա արտաքին դրսևորումը և թարգմանվել են «ուրախանալ», «ցնծալ», «ուրախությունից ողջ ձայնով բացականչություններ անել», «ցնծագին գոչյուններով աղաղակել», «ուրախությունից ցատկոտել» բառերով ու արտահայտություններով։
Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը։ Եհովան կոչվում է «երջանիկ Աստված» (1Տմ 1։11)։ Երբ նա արարում է կամ ինչ-որ բան է անում, դա ուրախություն է պատճառում թե՛ իրեն, թե՛ իր ստեղծածներին։ Եհովան ուրախանում է իր գործերով (Սղ 104։31)։ Նա նաև ուզում է, որ իր ստեղծածները նույնպես հաճույք ստանան իր գործերից, ինչպես նաև իրենց իսկ աշխատանքից (Ժղ 5։19)։ Քանի որ նա է բոլոր լավ բաների Աղբյուրը (Հկ 1։17), բանական էակների՝ թե՛ մարդկանց, թե՛ հրեշտակների մեծագույն ուրախությունը գալիս է նրան ճանաչելուց (Եր 9։23, 24)։ Դավիթ թագավորն ասաց. «Թող իմ մտքերը հաճելի լինեն նրան, ես Եհովայով կուրախանամ» (Սղ 104։34)։ Նա նաև երգեց. «Արդարը Եհովայով կուրախանա և կապավինի նրան։ Մաքուր սիրտ ունեցողները կցնծան» (Սղ 64։10)։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին հորդորեց, որ ամեն ժամանակ ուրախություն գտնեն Եհովայի մասին գիտելիքների և նրա հետ ունեցած փոխհարաբերությունների մեջ։ Նա գրեց. «Միշտ ուրախ եղեք՝ ծառայելով Տիրոջը [որոշ թարգմանություններում՝ «Եհովայով»]։ Նորից եմ ասում՝ ուրախ եղեք» (Փպ 4։4)։
Հիսուս Քրիստոսը, շատ մտերիմ լինելով Եհովայի հետ, բոլորից լավ է ճանաչում նրան (Մթ 11։27) և իր հետևորդներին շատ բան է պատմել նրա մասին (Հվ 1։18)։ Այդ ամենը ուրախություն է պատճառում Հիսուսին, ով կոչվում է «երջանիկ ու միակ Տիրակալը» (1Տմ 6։14, 15)։ Նա միշտ անում է այն, ինչ հաճելի է իր Հորը, քանի որ սիրում է նրան (Հվ 8։29)։ Ուստի երբ Հիսուսին հանձնարարվեց գալ երկիր, որպեսզի տառապանքներ կրի, մահանա ու Հոր անունը մաքրի նախատինքից, «իր առաջ դրված ուրախության համար նա ամոթն արհամարհեց ու մինչև վերջ դիմանալով՝ մահացավ տանջանքի սյան վրա» (Եբ 12։2)։ Նա նաև շատ է սիրում մարդկանց և ուրախանում է նրանցով։ Աստվածաշնչում Հիսուսը իր մինչմարդկային գոյության ժամանակ ներկայացվում է որպես անձնավորված իմաստություն, որն ասում է. «Այդ ժամանակ ես հմուտ վարպետ էի [Եհովայի] կողքին, նա ամեն օր ուրախանում էր ինձնով, և ես միշտ ուրախանում էի նրա առաջ։ Ես ուրախանում էի այն երկրով, որը նա ստեղծել էր բնակության համար, բայց հատկապես ուրախանում էի մարդկանցով» (Առ 8։30, 31)։
Հիսուսը ցանկանում էր, որ իր հետևորդները զգան այն նույն ուրախությունը, ինչն ինքն է զգում, այդ պատճառով ասաց. «Այս խոսքերն ասացի ձեզ, որ դուք էլ լիարժեքորեն զգաք այն ուրախությունը, որը ես ունեմ»։ Աստվածաշնչում գրված է, որ երբ ստեղծվում էր երկիրը, հրեշտակները ուրախանում էին (Հվ 15։11; 17։13; Հոբ 38։4-7)։ Աստծու ժողովրդի հավատարիմ ընթացքը նույնպես ուրախություն է պատճառում հրեշտակներին։ Նրանք հատկապես ուրախանում են, երբ մեղսագործը թողնում է իր սխալ ճանապարհը, մաքուր երկրպագության կողմն է բռնում ու ծառայում է Աստծուն (Ղկ 15։7, 10)։
Ինչն է ուրախացնում Աստծուն։ Եհովայի սիրտը ուրախանում է, երբ նա տեսնում է, որ իր ծառաները հավատարիմ ու նվիրված են իրեն։ Բանսարկու Սատանան անդադար կասկածի է ենթարկում Աստծու գերիշխանության օրինական լինելը և նրա բոլոր ծառաների անարատությունը (Հոբ 1։9-11; 2։4, 5; Հտն 12։10)։ Ուստի հետևյալ խոսքերը ուղղված են նրանցից յուրաքանչյուրին. «Որդի՛ս, իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու, որ կարողանամ պատասխան տալ նրան, ով վիրավորում է ինձ» (Առ 27։11)։ Եհովայի ժողովուրդն իր հավատարմությամբ ու նվիրվածությամբ կարող է ուրախացնել նրան (Ես 65։19; Սփ 3։17)։
Ոգու առաջ բերած պտղի հատկություններից մեկը։ Եհովան ուրախության Աղբյուրն է և ցանկանում է, որ իր ժողովուրդն ուրախ լինի, ահա թե ինչու է ուրախությունը իր սուրբ ոգու առաջ բերած պտղի հատկություններից։ Գաղատացիներ 5։22, 23-ում, որտեղ թվարկված են ոգու առաջ բերած պտղի հատկությունները, ուրախությունը նշված է սիրուց անմիջապես հետո։ Պողոս առաքյալը Թեսաղոնիկեի քրիստոնյաներին գրեց. «Դուք ընդունել եք խոսքը՝ սուրբ ոգու տված ուրախությամբ դիմանալով բազմաթիվ նեղությունների և այդպիսով ընդօրինակելով մեզ ու Տիրոջը» (1Թղ 1։6)։ Նա նաև Հռոմի քրիստոնյաներին ասաց, որ Աստծու թագավորություն մտնելու համար «մարդ պետք է սուրբ ոգու օգնությամբ անի այն, ինչ ճիշտ է, խաղաղության մեջ լինի ուրիշների հետ և ուրախություն ունենա» (Հռ 14։17)։
Իսկական ուրախությունը սրտի վիճակ է և կարող է լավ անդրադառնալ ֆիզիկական առողջության վրա։ Իմաստուն առակագիրն ասել է. «Սրտի ուրախությունից մարդու երեսը փայլում է»։ «Ուրախ սիրտը լավ դեղամիջոց է [կամ՝ «բուժիչ է», ծնթ.]» (Առ 15։13; 17։22)։
Աստծուն ծառայելու բերած ուրախությունը։ Այն, ինչ Եհովան պահանջում է իր ծառաներից, ծանրաբեռնող չէ (1Հվ 5։3)։ Նա ցանկանում է, որ նրանք ուրախություն ստանան իրեն ծառայելուց։ Եհովան ակնկալում էր, որ իսրայելացիները ուրախանային իր սահմանած տոներին և առհասարակ կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ երբ երկրպագում էին իրեն (Ղև 23։40; 2Օր 12։7, 12, 18)։ Նրանք պետք է ուրախությամբ խոսեին Աստծու մասին (Սղ 20։5; 51։14; 59։16)։ Եթե իսրայելացիները ուրախ սրտով չծառայեին Եհովային, դա կնշանակեր, որ նրանց սրտում ինչ-որ բան այն չէ, և որ նրանք կորցրել են իրենց գնահատանքը նրա հավատարիմ սիրո հանդեպ։ Աստված նախազգուշացրեց, թե ինչ կլինի, եթե նրանք անհնազանդ դառնան և ուրախությամբ չծառայեն իրեն։ Նա ասաց. «Այս բոլոր անեծքները կհետապնդեն ձեզ.... քանի որ չհնազանդվեցիք ձեր Աստված Եհովային և չպահեցիք նրա պատվիրաններն ու կանոնները.... Այդ անեծքները կշարունակեն գալ ձեզ ու ձեր սերնդի վրա.... Դա կլինի այն պատճառով, որ երբ ամեն ինչ առատությամբ ունեիք, չծառայեցիք ձեր Աստված Եհովային ուրախությամբ և սրտի բերկրանքով» (2Օր 28։45-47)։
Քրիստոնյաները նույնպես պետք է ուրախությամբ ծառայեն Աստծուն։ Եթե նրանք ուրախությամբ չծառայեն, դա կնշանակի, որ նրանց սրտում երախտագիտությունը պակասել է (Սղ 100։2)։ «Եհովայից եկող ուրախությունը զորացնում է ձեզ»,– ասել է Աստծու հավատարիմ ծառաներից մեկը (Նեմ 8։10)։ Հրեշտակն ասաց, որ քրիստոնյաների հայտնած «բարի լուրը.... մեծ ուրախություն կբերի բոլոր մարդկանց» (Ղկ 2։10)։ Եհովայի անունը կրելը և աստվածաշնչյան ճշմարտությունն իմանալը արդեն իսկ ուրախություն է Աստծու վկաների համար։ Երեմիա մարգարեն ասել է. «Քո խոսքն ինձ համար ցնծություն և սրտիս ուրախությունը դարձավ, քանի որ քո անունն եմ կրում, ո՛վ Եհովա Աստված՝ Զորքերի՛ տեր» (Եր 15։16)։
Ուրախության պատճառ է նաև այն, որ հատկապես մեր օրերում, երբ աշխարհում ոտնահարվում են արդարությունն ու արդարադատությունը, Եհովայի արդար դատավճիռները գործադրվում են թե՛ քրիստոնեական ժողովում, թե՛ յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում (Սղ 48։11)։ Ապագայի հրաշալի հույսը նույնպես ուրախ լինելու ամուր հիմք է տալիս։ Աստվածաշնչում ասվում է. «Ձեր ունեցած հույսով ուրախացեք» (Հռ 12։12; Առ 10։28)։ Քրիստոնյաների համար նաև ուրախության պատճառ է Եհովայի տված փրկությունը (Սղ 13։5)։ Բացի այդ՝ նրանք ուրախություն են ստանում, երբ ուրիշներին օգնում են ճանաչել ու ծառայել Աստծուն (Փպ 4։1; 1Թղ 2։19)։ Մեծ ուրախություն է նաև Եհովայի ժողովրդի հետ հավաքվելը և ուս ուսի համագործակցելը (Սղ 106։4, 5; 122։1)։
Հալածանքը՝ ուրախության պատճառ։ Քրիստոնյան, ով պահպանում է իր սիրտը, չի կորցնում ուրախությունը նույնիսկ հալածանքի ներքո (թեև այն ինքնին հաճելի չէ), քանի որ դիմանալով և անարատ մնալով՝ նա հաղթում է։ Աստված օգնում ու զորացնում է իր հավատարիմ ծառային, ինչի շնորհիվ նա ուրախ է մնում (Կղ 1։11)։ Ավելին՝ հալածանքը փաստում է, որ քրիստոնյան ունի Աստծու հավանությունը։ Հիսուսն ասաց, որ իր հետևորդները պետք է «ցնծան», երբ իրենց վիրավորում ու հալածում են (Մթ 5։11, 12; Հկ 1։2-4; 1Պտ 4։13, 14)։
Ուրախության այլ պատճառներ։ Եհովան մարդկանց շատ բաներ է տվել, որոնք ամեն օր ուրախացնում են նրանց։ Դրանցից են ամուսնությունը (2Օր 24։5; Առ 5։18), արդար և իմաստուն զավակի ծնող լինելը (Առ 23։24, 25), ուտելիքը (Ժղ 10։19; Գրծ 14։17), գինին (Սղ 104։14, 15; Ժղ 10։19) և Աստծու արարչագործությունների բազմազանությունը (Հկ 1։17; 1Տմ 6։17)։
Թվացյալ և ոչ հարատև ուրախություն։ Հիսուսը խոսեց նրանց մասին, ովքեր լսում են խոսքը և ուրախությամբ ընդունում են այն, բայց դրա իրական իմաստը չեն ըմբռնում։ Այդպիսի մարդիկ թույլ չեն տալիս, որ իրենց սրտում սերմանված խոսքը աճի, ու երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է սկսվում, նրանք կորցնում են ուրախությունը և անմիջապես հետ են կանգնում (Մթ 13։20, 21)։ Երբ ուրախության աղբյուրը նյութական բաներն են, այդ ուրախությունը թվացյալ է ու կարճատև։ Նա, ով ուրախանում է ուրիշի, նույնիսկ իրեն ատողի դժբախտության վրա, հաշիվ պետք է տա Եհովային իր մեղքի համար (Հոբ 31։25-30; Առ 17։5; 24։17, 18)։ Երիտասարդի կողմից անմտություն է կարծել, թե կյանքից հաճույք ստանալու համար պետք է բավարարի «երիտասարդական ցանկությունները» (2Տմ 2։22; Ժղ 11։9, 10)։ Զվարճություն սիրողը խնդիրների առաջ կկանգնի (Առ 21։17; Ժղ 7։4)։ Ճիշտ չի լինի, եթե քրիստոնյան ուրախություն ստանա իրեն ուրիշների հետ համեմատելուց։ Փոխարենը նա պետք է իր գործերը քննի, և այդ դեպքում ուրախություն կստանա իր իսկ արածներից (Գղ 6։4)։
Հարատև ուրախություն։ Եհովան իսրայելացիներին խոստացավ, որ նրանց կազատագրի Բաբելոնի գերությունից։ Մ.թ.ա. 537-ին նա իր ժողովրդին վերադարձրեց Երուսաղեմ, և նրանք մեծ ուրախություն ապրեցին, երբ գցվեց տաճարի հիմքը (Ես 35։10; 51։11; 65։17-19; Եզր 3։10-13)։ Սակայն Եսայիայի մարգարեությունը (65:17) ավելի մեծ կատարում ունի։ Երբ «Նոր Երուսաղեմի» իշխանության ներքո հաստատվեն «նոր երկինքը ու նոր երկիրը», ողջ մարդկությունը հարատև ուրախություն կունենա (Հտն 21։1-3)։
Անօրենության, հիվանդության և մահվան պատճառով այսօր մարդկանց ուրախությունը լիարժեք ու հարատև չէ։ Սակայն Հիսուս Քրիստոսը՝ իմաստուն Թագավորը, «մաղելով կառանձնացնի չարագործներին»՝ կոչնչացնի Աստծու և արդարության բոլոր թշնամիներին (Առ 20։26; 1Կթ 15։25, 26)։ Այդ ժամանակ ոչինչ չի խանգարի մարդկանց, որ լիակատար ուրախություն ունենան, քանի որ «այլևս ո՛չ մահ կլինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ էլ ցավ» (Հտն 21։4)։ Նրանք այլևս վիշտ չեն ապրի մահացածների համար, քանի որ վերջիններս հարություն կառնեն։ Այդ մասին իմանալը այսօր իսկ մխիթարում է քրիստոնյաներին, ուստի նրանք «վշտահար չեն հույս չունեցող մարդկանց նման» (1Թղ 4։13, 14; Հվ 5։28, 29)։