ԵՐԵՑ
Եբրայերեն զակեն և հունարեն պրեսբիտերոս բառերը, որոնք հաճախ թարգմանվում են «երեց», «ավագանի», «ավագ [կոչումով բարձր մարդ]», կարող են նաև մատնանշել ծեր, մեծահասակ, տարեց մարդու (Ծն 18։11; 2Օր 28։50; 1Սմ 2։22; 1Տմ 5։1, 2) կամ երկու մարդկանցից նրան, ով ավագ է՝ տարիքով ավելի մեծ (Ղկ 15։25)։ Սակայն հատուկ իմաստով այդ բառերը կիրառվում են այն մարդկանց առնչությամբ, ովքեր իշխանությամբ են օժտված և պատասխանատու դիրք են զբաղեցնում համայնքում կամ ժողովրդի մեջ։ Նշված բառերը Եբրայերեն և Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում ավելի հաճախ հենց այս իմաստով են գործածվում։
Հին ժամանակներից ի վեր տարեց մարդկանցից պատկառել են, նրանց հարգել են իրենց փորձի ու գիտելիքների, ինչպես նաև առողջ դատողության և տարիների ընթացքում ձեռք բերած իմաստության համար։ Շատ ազգերում մարդիկ ենթարկվում էին մեծերին՝ կա՛մ իրենց տոհմից տարիքով ավելի մեծ մարդկանց, կա՛մ նրանց, ովքեր աչքի էին ընկնում իրենց գիտելիքներով ու իմաստությամբ։ Այդ պատճառով զակեն բառը կիրառվում էր երկու իմաստով. ցույց էր տալիս կա՛մ անհատի տարիքով մեծ լինելը, կա՛մ նրա զբաղեցրած դիրքը։ Ուստի Աստվածաշնչում հանդիպող «արքունիքի ավագանի ու Եգիպտոսի բոլոր ավագներ» և «Մովաբի ու Մադիանի երեցներ» արտահայտությունները վերաբերում են ոչ թե այդ ազգերի բոլոր տարեց տղամարդկանց, այլ ինչ-որ խորհրդի, որը հրահանգներ էր տալիս, ուղղորդում էր ազգին և լուծում էր համազգային հարցերը։ Այդ տղամարդիկ այդ ազգերի «իշխաններն [եբր.՝ սարիմ]» էին (Ծն 50։7; Թվ 22։4, 7, 8, 13-15; Սղ 105։17, 21, 22)։
«Իսրայելի երեցներ», «ժողովրդի երեցներ», «իմ ժողովրդի երեցներ», «երկրի.... երեցներ» արտահայտություններում «երեց» թարգմանված եբրայերեն բառը նույնպես այդ հատուկ իմաստն է կրում և չի վերաբերում Իսրայելի ազգի բոլոր մեծահասակ տղամարդկանց (Թվ 16։25; Ղև 4։15; 1Սմ 15։30; 1Թգ 20։7, 8)։ Զեկենիմ բառը (զակեն բառի հոգն.) համեմատաբար քիչ դեպքերում է հանդիպում առանց որոշիչ բառերի։ Այդ դեպքերում համատեքստն է օգնում որոշելու՝ խոսքը տարեց տղամարդկանց մասին է, թե ժողովրդի գլուխների՝ առաջնորդների։
Իսրայելի երեցները։ Դեռ նախքան Եգիպտոսից դուրս գալը իսրայելացիները երեցներ ունեին, որոնք ժողովրդին տեղեկացնում էին տարբեր հարցերի մասին, հանդես էին գալիս որպես նրա ներկայացուցիչներ և որոշումներ էին կայացնում։ Վերադառնալով Եգիպտոս՝ Մովսեսը իր հանձնարարության մասին պետք է պատմեր երեցներին, և նրանք կամ առնվազն նրանց գլխավորները պետք է ուղեկցեին նրան փարավոնի մոտ (Ելք 3։16, 18)։
Երբ Մովսեսը՝ Աստծու ներկայացուցիչը, Իսրայելի ազգին հայտնեց Օրենքի ուխտի պայմանները, երեցները՝ որպես ժողովրդի ներկայացուցիչներ, նրանց անունից համաձայնեցին Եհովայի հետ ուխտի մեջ մտնել (Ելք 19։3-8)։ Ավելի ուշ, երբ անապատում իսրայելացիները սկսեցին տրտնջալ պայմանների պատճառով, Մովսեսը, զգալով, որ ի վիճակի չէ կրելու ամբողջ ժողովրդին առաջնորդելու բեռը, Եհովային հայտնեց իր մտահոգության մասին։ Այդ ժամանակ Աստված պատվիրեց նրան. «Իսրայելի երեցներից ընտրիր 70 հոգու, ում ճանաչում ես որպես իրենց գործում հմուտ երեցների ու գլխավորների.... Քեզ վրա եղող ոգուց կվերցնեմ, կտամ նրանց. նրանք կօգնեն քեզ կրելու ժողովրդի բեռը, որ մենակ չկրես այն» (Թվ 11։16, 17)։ Այդ երեցները աստվածապետական կարգով նշանակվեցին, որ անեն այդ ծառայությունը (Թվ 11։24, 25)։ Եհովան հանձնարարեց նրանց Մովսեսի հետ կատարել ժողովրդին ուղղորդելու և ղեկավարելու պարտականությունը։
Ժամանակի ընթացքում անապատում դեգերող իսրայելացիները նվաճեցին Խոստացված երկիրը և բնակություն հաստատեցին քաղաքներում ու ավաններում, ինչպես արել էին Եգիպտոսում։ Այդ երեցները այժմ պատասխանատու դարձան առանձին համայնքների գործունեության համար։ Յուրաքանչյուր համայնքում գործում էր իշխանություն ունեցող տղամարդկանց խորհուրդ, որը դատավորներ էր նշանակում և նպատակ ուներ արդարություն գործադրելու, նպաստելու խաղաղությանը, կարգուկանոնին և բնակիչների հոգևոր առողջությանը (2Օր 16։18-20; 25։7-9; Հս 20։4; Հռթ 4։1-12)։
Աստվածաշնչում ամբողջ Իսրայելի «երեցների, առաջնորդների, դատավորների ու գլխավորների» (Հս 23։2; 24։1), «Իսրայելի երեցների՝ Իսրայելի ցեղերի բոլոր գլուխների ու գերդաստանների գլուխների» (2Տգ 5։2) մասին հիշատակումները ոչ թե նշանակում են, որ «առաջնորդները», «դատավորները», «գլխավորներն» ու «գլուխները» «երեցներ» չէին, այլ որ նրանք բոլորը, լինելով երեցների խորհրդի մեջ, տարբեր պարտականություններ էին կատարում (հմմտ. 2Թգ 19։2; Մկ 15։1)։
Նրանք, ովքեր ողջ ազգի համար էին երեց ծառայում, բնութագրվում էին հետևյալ արտահայտություններով՝ «Իսրայելի երեցներ» (1Սմ 4։3; 8։4), «երկրի.... երեցներ» (1Թգ 20։7), «ժողովրդի երեցներ» (Դտ 21։16), իսկ թագավորությունը կիսվելուց հետո՝ «Հուդայի ու Երուսաղեմի.... երեցներ» (հարավային թագավորությունում) (2Թգ 23։1)։
Իսրայելի թագավորներից ու քահանաներից շատերի նման՝ «երեցների» մեծ մասը Աստծու և ժողովրդի առաջ իր պարտականությունները կատարելու հարցում անհավատարիմ եղավ (1Թգ 21։8-14; Եզկ 7։26; 14։1-3)։ Իսրայելացիները կորցրին Աստծու աջակցությունը, ինչի պատճառով «պատանիները նրանց իշխանները դարձան», և «աննշան մարդը հարգարժան մարդուն արհամարհեց» (Ես 3։1-5)։ Այսպիսով՝ Եբրայերեն Գրվածքներն ընդգծում են, որ միայն տարիքը բավական չէ երեց լինելու համար, և որ «ալևորությունը գեղեցիկ պսակ է» միայն այն դեպքում, եթե այն կրողը «արդարության ճանապարհով» է քայլում (Առ 16։31)։ «Տարիքն ինքնին մարդուն իմաստուն չի դարձնում, և միայն տարեցները չէ, որ հասկանում են, թե ինչն է ճիշտ»։ Իսկապես իմաստուն են նրանք, ովքեր, բացի կյանքի փորձից, առաջնորդվում են Աստծու ոգով և հասկացողություն ունեն նրա Խոսքի վերաբերյալ (Հոբ 32։8, 9; Սղ 119։100; Առ 3։5-7; Ժղ 4։13)։
Երեցները ուղղորդել են Իսրայելի ազգին նրա ողջ պատմության ընթացքում, անգամ երբ ժողովուրդը գերության մեջ էր Բաբելոնում և երբ վերադարձավ Հուդա (Եր 29։1; Եզր 6։7; 10։7, 8, 14)։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, «երեցները» (հուն.՝ պրեսբիտերոյ) կարևոր դեր ունեին թե՛ առանձին համայնքների (Ղկ 7։3-5), թե՛ ընդհանուր ազգի հասարակական կյանքում։ Գլխավորապես Երուսաղեմում գտնվող «երեցների խորհուրդն» էր (հուն.՝ պրեսբիտերիոն) հակառակվում Հիսուսին ու նրա աշակերտներին (Ղկ 22։66; Գրծ 22։5)։
Քրիստոնեական ժողովի երեցները։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ պարզ է դառնում, թե ինչ դեր էին կատարում քրիստոնեական ժողովի «երեցները» (պրեսբիտերոյ)։ Ինչպես որ մարմնավոր Իսրայելում էր, այնպես էլ հոգևոր Իսրայելում երեցները ուղղորդում էին մարդկանց։
Պենտեկոստեին առաքյալները համախմբված գործեցին որպես մեկ խորհուրդ, և Պետրոսը, Աստծու ոգուց մղված, խոսեց այդ խորհրդի անունից (Գրծ 2։14, 37-42)։ Հաշվի առնելով, որ առաքյալները Հիսուսին ուրիշներից ավելի երկար ժամանակ ու ավելի մոտիկից էին ճանաչում և ուսուցանելու հանձնարարությունը անձամբ նրանից էին ստացել՝ այդ փորձառու քրիստոնյաները իրավամբ կարող էին կոչվել «երեցներ» (Մթ 28։18-20; Եփ 4։11, 12; հմմտ. Գրծ 2։42)։ Հավատացյալ դարձած անհատները իրենց վերաբերմունքով ցույց էին տալիս, որ ընդունում էին, որ առաքյալները իրավունք ունեն կառավարելու և ուղղորդելու Քրիստոսի ենթակայության տակ գտնվող նորակազմ ազգը (Գրծ 2։42; 4։32-37; 5։1-11)։ Նրանք նաև ընդունում էին, որ առաքյալները՝ որպես խումբ, կամ նրանց ներկայացուցիչները, որոնցից մեկը Պողոս առաքյալն էր, լիազորված են ծառայության հետ կապված նշանակումներ տալու (Գրծ 6։1-6; 14։19-23)։ Երբ թլփատության վերաբերյալ հարց ծագեց, առաքյալներն ու մյուս երեցները հավաքվեցին, որպեսզի քննեն այն։ Բոլոր ժողովները տեղեկացվեցին նրանց որոշման մասին և անվերապահորեն հնազանդվեցին դրան (Գրծ 15։1-31; 16։1-5)։ Այսպիսով՝ ինչպես որ Իսրայելում որոշ երեցներ ուղղորդում էին ողջ ազգը, այնպես էլ վերոնշյալ երեցները առաքյալների հետ գործում էին որպես երկրի վրա եղող ողջ քրիստոնեական ժողովի կառավարիչ մարմին։ Ավելի ուշ Պողոսը գնաց Երուսաղեմ, որտեղ հանդիպեց Հակոբոսի և «բոլոր երեցների» հետ։ Նա պատմեց նրանց իր ծառայության արդյունքների մասին և խորհուրդ ստացավ, թե ինչպես վարվել մի իրավիճակում, որում հայտնվել էր (Գրծ 21։15-26)։
Երբեմն պրեսբիտերոյ բառը հակադրվում է երիտասարդ տղամարդկանց մատնանշող բառերին կամ զուգահեռաբար է գործածվում մեծահասակ կանանց մատնանշող բառերի հետ։ Այդ դեպքերում այն չի փոխանցում ժողովում պատասխանատվություններ ունենալու իմաստ, այլ պարզապես վերաբերում է տարեց տղամարդկանց (Գրծ 2։17, 18; 1Տմ 5։1, 2)։ Այդ բառը գործածվում է նաև «հնում ապրած մարդկանց» առնչությամբ (Եբ 11։2)։ Սակայն Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում պրեսբիտերոյ բառը մեծ մասամբ վերաբերում է ժողովը առաջնորդող տղամարդկանց։ Որոշ դեպքերում երեցները կոչվում են «վերակացուներ» (հուն.՝ էպիսկոպոյ, «եպիսկոպոս», ԱԹ)։ Պողոսը այդ բառը գործածեց Եփեսոսի ժողովի երեցների հետ խոսելիս, ինչպես նաև Տիտոսին գրած իր նամակում երեցների մասին հիշատակելիս (Գրծ 20։17, 28; Տիտ 1։5, 7)։ Հետևաբար երկու բառերն էլ վերաբերում են միևնույն դերին, սակայն պրեսբիտերոս բառը մատնանշում է անհատի հոգևոր հասունությունը, իսկ էպիսկոպոս բառը՝ նրա վրա դրված պարտականությունները։
Մի աշխատության մեջ հունարեն պրեսբիտերոս բառի մասին ասվում է. «Տվյալ բառի [պրեսբիտերոս] ճշգրիտ թարգմանությունը մեզ հասած հելլենիստական տեքստերի մեծ մասում հետևյալն է՝ տարիքով մեծ տղամարդ (նույնն է, ինչ հասուն տղամարդ)։ Նախևառաջ այն ենթադրում է հասուն դատողություն և առաջնորդելու ունակություն.... Անկախ նրանից՝ [պրեսբիտերոս] բառը ունի հատուկ նշանակություն, թե ոչ, և՛ հելլենիստական, և՛ իսրայելական աշխարհում այն մատնացույց է անում ոչ թե զառամյալ ծերունու, այլ հասուն տղամարդու, ով բավականաչափ փորձ և իմաստություն ունի իր ընտանիքը կամ ժողովրդին ղեկավարելու համար» (Manuel Guerra y Gomez, Episcopos y Presbyteros, Burgos, Spain, 1962, էջ 117, 257)։
Հին Իսրայելում տարիքն, անկասկած, կարևոր գործոն էր երեց ծառայելու համար (1Թգ 12։6-13)։ Նմանապես՝ քրիստոնեական ժողովի երեցները՝ վերակացուները, շատ երիտասարդ չէին, քանի որ Պողոս առաքյալի խոսքերից երևում է, որ նրանք կին ու երեխաներ ունեին (Տիտ 1։5, 6; 1Տմ 3։2, 4, 5)։ Այդուհանդերձ, տարիքը միակ կամ գլխավոր գործոնը չէր, ինչը երևում է վերակացուների համար նշված մյուս պահանջներից (1Տմ 3։2-7; Տիտ 1։6-9)։ Բացի այդ՝ Աստվածաշնչում նրանց համար կոնկրետ տարիք սահմանված չէ։ Տիմոթեոսը, ով լիազորված էր երեցներ նշանակելու, անշուշտ, ինքն էլ էր երեց, թեև համեմատաբար երիտասարդ էր (1Տմ 4։12)։
Քրիստոնեական ժողովում երեց ծառայելու համար, ի թիվս այլ բաների, անհրաժեշտ էր համապատասխանել վարքի բարձր չափանիշներին ու լինել հոգևոր մարդ։ Կարևոր էր, որ երեցը կարողանա սովորեցնել, քաջալերել և ուղղել (1Տմ 3։2; Տիտ 1։9)։ Պողոսը Տիմոթեոսին ամենայն լրջությամբ պատվիրեց. «Խոսքը քարոզիր, արա դա հրատապության զգացումով թե՛ բարենպաստ ժամանակ և թե՛ դժվարին ժամանակ, ուղղիր, խիստ նախազգուշացում տուր և հորդորիր։ Այս ամենն անելիս գործի դիր մեծ համբերատարություն և սովորեցնելու վարպետություն» (2Տմ 4։2)։ Լինելով հովիվներ՝ երեցները պատասխանատու են հոտին կերակրելու, «գայլերից» պաշտպանելու համար և հոգևորապես հիվանդների մասին հոգ տանելու (Գրծ 20։28-35; Հկ 5։14, 15; 1Պտ 5։2-4)։ Պողոսը, ով նախանձախնդրորեն ուսուցանում էր «թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն», Տիմոթեոսին հիշեցրեց, որ նա էլ այդ պարտականությունն ունի՝ ասելով. «Շարունակիր քարոզել բարի լուրը և լիարժեքորեն կատարիր քո ծառայությունը» (Գրծ 20։20; 2Տմ 4։5)։
Յուրաքանչյուր քրիստոնեական ժողովում, օրինակ՝ Երուսաղեմի (Գրծ 11։30; 15։4, 6; 21։18), Եփեսոսի (Գրծ 20։17, 28), Փիլիպպեի (Փպ 1։1) ժողովներում, կար երեցների, կամ՝ վերակացուների խորհուրդ, և այդ ժողովների մասին հիշատակումներում «երեց» կամ «վերակացու» բառերը հանդիպում են հոգնակի թվով։ Պողոսը նշում է, որ «երեցների խորհուրդը [հուն.՝ պրեսբիտերիոն].... իր ձեռքերը դրեց» Տիմոթեոսի վրա (1Տմ 4։14)։ «Երեցները»՝ որպես ժողովի վերակացուներ, «առաջնորդում էին» իրենց եղբայրներին (Հռ 12։8; 1Թղ 5։12-15; 1Տմ 3։4, 5; 5։17)։
Պողոսն ու Պետրոսը, լինելով առաքյալ ու երեց, երբեմն գործում էին որպես այլ ժողովներում ծառայող երեցների վերակացուներ՝ ուղղորդելով նրանց (հմմտ. 1Կթ 4։18-21; 5։1-5, 9-13; Փպ 1։1; 2։12; 1Պտ 1։1; 5։1-5)։ Նույնը անում էին Հովհաննես առաքյալը և Հակոբոս ու Հուդա աշակերտները։ Հատկանշական է, որ այս բոլոր տղամարդիկ նամակներ են գրել ժողովներին։ Պողոսը Տիմոթեոսին և Տիտոսին հանձնարարեց իր ներկայացուցիչները լինել որոշ վայրերում (1Կթ 4։17; Փպ 2։19, 20; 1Տմ 1։3, 4; 5։1-21; Տիտ 1։5)։ Շատ դեպքերում այդ տղամարդիկ գործ ունեին նորակազմ ժողովների հետ։ Օրինակ՝ Տիտոսին ասվել էր, որ Կրետեի ժողովներում «ուղղի այն, ինչ թերի է»։
Աստվածաշնչյան արձանագրությունը ցույց է տալիս, որ Պողոսը, Բառնաբասը, Տիտոսը և ակներևաբար Տիմոթեոսը ժողովներում երեցներ էին նշանակում (Գրծ 14։21-23; 1Տմ 5։22; Տիտ 1։5)։ Սուրբ Գրքում ոչ մի տեղ նշված չէ, որ ժողովներն իրենց նախաձեռնությամբ էին այդպիսի նշանակումներ անում։ Երբ Պողոսն ու Բառնաբասը կրկին այցելեցին Լյուստրա, Իկոնիոն և Անտիոք, ինչպես ասվում է Գործեր 14։23-ում, «յուրաքանչյուր ժողովում երեցներ նշանակեցին [հուն.՝ խեյրոտոնեսանտես]» («նորանց ամեն մէկ եկեղեցիների համար երէցներ ձեռնադրեցին», ԱԹ, «նրանք նաև յուրաքանչյուր եկեղեցու համար երեցներ ձեռնադրեցին», ԱՆԹ)։ Հունարեն խեյրոտոնեո բայի վերաբերյալ Ֆ. Ֆ. Բրյուսի «Առաքյալների գործերը» գրքում ասվում է. «Թեև ծագումնաբանորեն [խեյրոտոնեո] նշանակում է «ընտրել (քվեարկել) ձեռքերը բարձրացնելու միջոցով», ժամանակի ընթացքում այդ բառը սկսեց գործածվել «նշանակել» իմաստով։ Հմմտ. նույն բառը նախդիրի հետ [պրո՝ «նախապես»] 10։41-ում» (The Acts of the Apostles, 1970, էջ 286)։ Լիդելի և Սկոտի «Հունարեն-անգլերեն բառարանը» խեյրոտոնեո բառի գլխավոր իմաստները թվարկելուց հետո նշում է. «.... ավելի ուշ հիմնականում [ուներ հետևյալ իմաստը]՝ նշանակել.... ծառայության նշանակել Եկեղեցում» (Greek-English Lexicon, խմբ.՝ H. Jones, Oxford, 1968, էջ 1986)։ Նույնը ասվում է Պարկերստի բառարանում. «Հայցական հոլովով դրված իրեն հաջորդող բառի հետ [իմաստն է]՝ նշանակում տալ կամ պաշտոնի նշանակել, թեև առանց քվեարկության» (Greek and English Lexicon to the New Testament, London, 1845, էջ 673)։ Այսպիսով՝ քրիստոնեական ժողովում երեցներին նշանակում էին առանց քվեարկության, առանց ձեռքերը բարձրացնելու։
Տիմոթեոսին գրելիս Պողոսն ասաց. «Երեցները թող կրկնակի պատվի արժանանան ժողովը լավ առաջնորդելու համար, հատկապես նրանք, ովքեր շատ ջանք են թափում Աստծու խոսքի մասին խոսելու և ուսուցանելու գործում» (1Տմ 5։17)։ Հաջորդ համարում (18), ինչպես նաև նախորդ համարներում (3-16) խոսվում է նյութապես աջակցելու միջոցով այրի կանանց պատվելու մասին, ուստի երեցներին «կրկնակի պատիվ» տալը ակներևաբար նյութական օգնություն էր ներառում։
Ովքե՞ր են երկնային գահերին նստած «24 երեցները»
«Հայտնություն» գրքում պրեսբիտերոյ բառը հանդիպում է 12 անգամ և վերաբերում է ոգեղեն էակներին։ Նրանց շրջակայքը, հագուստը և գործողությունները օգնում են հասկանալ, թե ովքեր են նրանք։
Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ Եհովայի երկնային գահը, որի շուրջբոլորը ավելի փոքր 24 գահեր կային, և դրանց վրա 24 երեցներ էին նստած՝ սպիտակ հագուստներ հագած, իրենց գլուխներին ոսկե թագեր (Հտն 4։1-4)։ Մինչ տեսիլքը շարունակվում էր, Հովհաննեսը տեսավ, որ 24 երեցները ոչ միայն ծնկի էին գալիս գահին նստածի՝ Եհովայի առաջ ու երկրպագում էին նրան, այլև մասնակցում էին տեղի ունեցող տարբեր իրադարձություններին (Հտն 4։9-11; 5։4-14; 7։9-17; 14։3; 19։4)։ Հատկապես ուշագրավ է, որ 24 երեցները նույնպես երկնքում հռչակում էին Թագավորության մասին՝ ասելով, որ Եհովան գործի դրեց իր մեծ զորությունը և սկսեց թագավորել (Հտն 11։15-18)։
Հին Իսրայելում «Իսրայելի երեցներն» էին ներկայացնում ողջ ժողովրդին ու խոսում նրա անունից (Ելք 3։16; 19։7)։ Նույն ձևով էլ «երեցները» կարող են ներկայացնել հոգևոր Իսրայելի ողջ ժողովը։ Հետևաբար 24 երեցները, որոնք նստած են Աստծու գահի շուրջբոլորը եղող գահերին, կարող են ներկայացնել բոլոր օծյալ քրիստոնյաներին, որոնք մինչև մահ հավատարիմ մնալով՝ ստանում են խոստացված վարձատրությունը. հարություն են առնում, որ ապրեն երկնքում, և նստում են Եհովայի գահի մոտ գտնվող գահերին (Հտն 3։21)։ Ուշագրավ է նաև 24 թիվը. Դավիթ թագավորը Երուսաղեմի տաճարում ծառայող քահանաներին հենց այսքան խմբերի բաժանեց։ Օծյալ քրիստոնյաները «թագավորական քահանայություն» են (1Պտ 2։9; 1Տգ 24։1-19; Ղկ 1։5-23, 57-66; Հտն 20։6; տես ՎԵՐԱԿԱՑՈՒ)։