«Արթո՛ւն կացէք»
«Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը» (ՄԱՏԹԷՈՍ 24։42)։
1. Ինչպե՞ս են Եհովայի վաղեմի ծառաները ետ նայում այն տարիներին, որոնք անց են կացրել՝ նվիրված մնալով Եհովային։ Բերե՛ք օրինակ։
ԵՀՈՎԱՅԻ վաղեմի ծառաներից շատերը ճշմարտությունն ընդունել են երիտասարդ տարիքում։ Հիսուսի առակի վաճառականի նման, որը, թանկարժեք մարգարիտ գտնելով, իր ողջ ունեցվածքը վաճառեց այն գնելու համար, Աստվածաշնչի այս անկեղծ ուսումնասիրողներն էլ իրենց անձն ուրացել և նվիրվել են Եհովային (Մատթէոս 13։45, 46; Մարկոս 8։34)։ Ինչպե՞ս են նրանք վերաբերվում այն բանին, որ իրենց ակնկալածից ավելի երկար են սպասում երկրի նկատմամբ Աստծո ունեցած նպատակների իրագործմանը։ Նրանք չեն ափսոսում, այլ ողջ սրտով համամիտ են եղբայր Ա. Մակմիլանի խոսքերի հետ, որը Աստծուն գրեթե վաթսուն տարի ծառայելուց հետո ասել էր. «Ավելի քան երբևէ վճռականորեն տրամադրված եմ հավատիս մեջ ընթանալու։ Հավատն իմաստ է տվել կյանքիս։ Այն այժմ էլ օգնում է ինձ առանց երկյուղելու նայել ապագային»։
2. ա) Ի՞նչ պատեհ խորհուրդ տվեց Հիսուսն իր հետևորդներին։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։
2 Իսկ դո՞ւ։ Անկախ նրանից, թե կյանքիդ որերորդ տարին ես բոլորել, ուշադրություն դարձրու Հիսուսի խոսքերին՝ «արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը» (Մատթէոս 24։42)։ Այս պարզ զգուշացումը մի խորիմաստ ճշմարտություն է պարունակում. մենք չգիտենք, թե ե՛րբ կգա Տերը՝ դատելու այս չար աշխարհը, և դրա կարիքը բոլորովին էլ չկա, սակայն հարկավոր է այնպես ապրել, որ երբ նա գա, զղջալու ոչ մի պատճառ մենք չունենանք։ Այս առումով ի՞նչ օրինակներ կան Աստվածաշնչում, որոնք կօգնեն մեզ շարունակ արթուն մնալ։ Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց արթուն մնալու անհրաժեշտությունը։ Եվ, վերջապես, ի՞նչ ապացույցներ կան այսօր, որոնք ցույց են տալիս, որ մենք իրոք ապրում ենք այս անաստված աշխարհի վերջին օրերում։
Զգուշացնող օրինակ
3. Շատերն այսօր ինչո՞վ են նման Նոյի օրերում ապրած մարդկանց։
3 Մարդիկ այսօր շատ հարցերում նման են Նոյի օրերում ապրած մարդկանց։ Այդ ժամանակ երկիրը լի էր բռնությամբ, և մարդկանց սրտի խորհուրդները «չար էին ամեն օր» (Ծննդոց 6։5)։ Նրանց մեծ մասը զբաղված էր կյանքի առօրյա գործերով։ Սակայն աշխարհակործան ջրհեղեղը բերելուց առաջ Եհովան զղջալու հնարավորություն տվեց մարդկանց։ Նա հանձնարարեց Նոյին քարոզել, և Նոյը հնազանդվեց՝ թերևս քառասուն–հիսուն տարի ծառայելով որպես «արդարութեան քարոզիչ» (Բ Պետրոս 2։5)։ Բայց մարդիկ արհամարհեցին Նոյի զգուշացումները։ Նրանք արթուն չգտնվեցին, և դա էր պատճառը, որ միայն Նոյն ու իր ընտանիքը փրկվեցին Եհովայի դատաստանից (Մատթէոս 24։37—39)։
4. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Նոյի ծառայությունը հաջողություն ունեցավ, և ինչպե՞ս կարելի է նույնն ասել քո քարոզչության մասին։
4 Բայց արդյո՞ք Նոյի ծառայությունը հաջողություն ունեցավ։ Եզրակացություն անելիս պետք չէ հիմնվել արձագանքողների փոքր թվի վրա։ Փաստն այն է, որ Նոյի քարոզչությունը, անկախ արձագանքներից, հասել էր իր նպատակին։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ քարոզչության շնորհիվ մարդիկ լայն հնարավորություն էին ստացել ընտրություն կատարելու՝ ծառայել Եհովային, թե՝ ոչ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո քարոզչական տարածքի մասին։ Նույնիսկ եթե հաղորդածդ լուրին քչերն են արձագանքում, միևնույն է, քարոզչությունդ մեծ հաջողությամբ է ընթանում։ Ինչո՞ւ. քանի որ դրա շնորհիվ մարդկանց հայտնում ես Աստծո նախազգուշացումները և այդպիսով կատարում իր հետևորդներին տված Հիսուսի հանձնարարությունը (Մատթէոս 24։14; 28։19, 20)։
Արհամարհում են Աստծո մարգարեներին
5. ա) Ամբակումի օրերին ի՞նչ իրավիճակ էր տիրում Հուդայում, և ինչպե՞ս էին մարդիկ արձագանքում նրա մարգարեական լուրին։ բ) Հուդայի ժողովուրդն իր թշնամությունն ինչպե՞ս դրսևորեց Եհովայի մարգարեների հանդեպ։
5 Ջրհեղեղից հետո դարեր անց Հուդայի թագավորությունը լուրջ կացության մեջ էր հայտնվել։ Կռապաշտությունը, անարդարությունը, կեղեքումը և նույնիսկ սպանությունները սովորական երևույթ էին դարձել։ Ժողովրդին զգուշացնելու համար Եհովան ընտրեց Ամբակումին, որպեսզի վերջինս հայտներ նրանց, որ, եթե չզղջան իրենց արածների համար, ապա քաղդեացիների, այսինքն՝ բաբելոնացիների ձեռքով աղետներ ու փորձանքներ կբերի նրանց վրա (Ամբակում 1։5—7)։ Սակայն ժողովուրդը չլսեց նրան։ Թերևս նրանք այսպես էին պատճառաբանում. «Հարյուր տարուց ավելի է, ինչ Եսայիա մարգարեն միևնույն բանն է ասել, բայց մինչև հիմա ոչինչ էլ չի փոխվել» (Եսայիա 39։6, 7)։ Հուդայի պաշտոնյաներից շատերը ոչ միայն անտարբեր էին այդ լուրին, այլև նույնիսկ թշնամաբար էին տրամադրված այն հաղորդողների հանդեպ։ Մի առիթով նրանք փորձեցին սպանել Երեմիա մարգարեին, և դա նրանց, գուցե, հաջողվեր, եթե չլիներ Աքիկամի միջամտությունը։ Իսկ Հովակիմ թագավորը, մարգարեական մի ուրիշ լուրից զայրացած, սրի մատնեց Ուրիա մարգարեին (Երեմիա 26։21—24)։
6. Եհովան ինչպե՞ս զորացրեց Ամբակումին։
6 Ամբակումի բերած լուրը պակաս համարձակը չէր և նույնքան հակակրանք էր վայելում, որքան Երեմիայինը, որը, Աստծուց ներշնչված, կանխագուշակել էր Հուդայի յոթանասունամյա ամայացումը (Երեմիա 25։8—11)։ Ուստի, կարելի է հասկանալ, թե ինչու էր մտահոգված Ամբակումը, երբ աղաղակեց. «Մինչեւ ե՞րբ, ով Տէր, աղաղակեմ ես, եւ դու չ’լսես, աղաղակեմ դէպի քեզ զրկա՜նք, եւ դու չ’ազատես» (Ամբակում 1։2)։ Եհովան ողորմածորեն պատասխանեց Ամբակումին հետևյալ հուսադրող խոսքերով. «Տեսիլքը տակաւին որոշուած ժամանակի համար է, եւ շտապում է վախճանին, եւ չի ստիլ. եթէ ուշանայ էլ, սպասիր նորան, որովհետեւ անպատճառ պիտի գայ եւ ետ չի մնալ» (Ամբակում 2։3)։ Այսպիսով, անարդարությանն ու ճնշմանը վերջ դնելու համար Եհովան «որոշուած ժամանակ» ուներ։ Եթե անգամ Ամբակումին թվար, թե վերջը ուշանում է, նա չպետք է հուսահատվեր կամ էլ դանդաղեցներ իր ընթացքը։ Դրա փոխարեն, նա պետք է ‘սպասեր’՝ հրատապության զգացումով ապրելով ամեն մի օրը։ Եհովայի օրը չէ՛ր ուշանալու։
7. Ինչո՞ւ մ.թ. առաջին դարում Երուսաղեմը կրկին անգամ կործանման դատապարտվեց։
7 Ամբակումի հետ Եհովայի խոսելուց մոտ քսան տարի հետո Հուդայի մայրաքաղաքը՝ Երուսաղեմը, կործանվեց։ Ավելի ուշ այն վերականգնվեց, և Ամբակումին վիշտ պատճառած շատ սխալներ շտկվեցին։ Մ.թ. առաջին դարում, սակայն, բնակիչների անհավատարմության պատճառով քաղաքը կրկին կործանման դատապարտվեց։ Եհովան ողորմածորեն հոգ տարավ արդարների փրկության մասին։ Այս անգամ, պատգամ հաղորդելու համար, նա ընտրեց բոլոր մարգարեներից վեր կանգնած Հիսուս Քրիստոսին։ Վերջինս մ.թ. 33 թ.–ին իր հետևորդներին ասաց. «Երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է։ Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները» (Ղուկաս 21։20, 21)։
8. ա) Հիսուսի մահից հետո՝ ժամանակի ընթացքում, ի՞նչ կարող էր պատահած լինել որոշ քրիստոնյաների հետ։ բ) Երուսաղեմի վերաբերյալ Հիսուսի տված մարգարեությունն ինչպե՞ս կատարվեց։
8 Տարիներն անցնում էին, և Երուսաղեմի քրիստոնյաներից ոմանք կարող էին իրենք իրենց հարց տալ՝ ե՞րբ է կատարվելու Հիսուսի մարգարեությունը։ Վերջիվերջո, մտածենք այն զոհողությունների մասին, որոնք, անկասկած, արել էին նրանցից ոմանք։ Գուցե, հանուն արթուն մնալու իրենց ընդունած որոշման, հրաժարվել էին գործարքային շահավետ առաջարկություններից։ Արդյո՞ք հոգնեցին սպասելուց, արդյո՞ք եկան այն եզրակացության, թե սպասելը սոսկ ժամանակի կորուստ է, և Հիսուսի խոսքերը ոչ թե իրենց սերնդին են վերաբերում, այլ՝ ապագա։ Մ.թ. 66 թ.–ին, երբ հռոմեական զորքերը շրջապատեցին Երուսաղեմը, սկսեց կատարվել Հիսուսի մարգարեությունը։ Նրանք, ովքեր այդ ժամանակ արթուն էին, ճանաչեցին նշանը և թողեցին քաղաքը՝ խուսափելով Երուսաղեմի ամայացման ականատեսները դառնալուց։
Առակ՝ արթուն լինելու անհրաժեշտության մասին
9, 10. ա) Ինչպե՞ս կամփոփեք հարսանիքից իրենց տիրոջ վերադարձին սպասող ծառաների մասին Հիսուսի պատմած առակը։ բ) Տիրոջ վերադարձին սպասելը ինչո՞ւ կարող էր դժվար լինել ծառաների համար։ գ) Ինչո՞ւ էր ծառաների համբերությունն իրենց օգտին։
9 Արթուն լինելու անհրաժեշտությունը շեշտելիս՝ Հիսուսն իր աշակերտներին համեմատեց ծառաների հետ, որոնք սպասում էին տիրոջ հարսանիքից հետո նրա վերադարձին։ Նրանք գիտեին, թե ո՛ր օրվա վերջում է վերադառնալու տերը, սակայն հարց էր առաջանում՝ ո՞ր ժամին. երեկոյա՞ն, կեսգիշերի՞ն, թե՞ ավելի ուշ։ Նրանք չգիտեին։ Հիսուսն ասաց. «Եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ ու գտնի նրանց այդպէս [արթուն], երանելի են այդ ծառաները» (Ղուկաս 12։35—38)։ Միայն պատկերացրեք, թե ինչ սպասումների մեջ էին այդ ծառաները։ Ամեն մի շրշյուն, ամեն մի շարժվող ստվեր նրանց ավելի լարված, սպասողական դրության մեջ էր գցելու. «Արդյոք տե՞րն է...»։
10 Իսկ ի՞նչ էր պատահելու, եթե նա գար մինչև կեսգիշեր։ Պատրաստ կլինեի՞ն բոլոր ծառաները դիմավորելու նրան, նույնիսկ նրանք, ովքեր վաղ առավոտից աշխատել էին, թե՞ ոմանց նա քնած կգտներ։ Իսկ եթե վերադառնար կեսգիշերից հետո մի որևէ ժամի՞... ծառաներից ոմանք կհուսահատվեի՞ն կամ նույնիսկ կզայրանայի՞ն, երբ նրանց թվար, որ տերն ուշանում է։a Միայն նրա՛նք երանելի պիտի համարվեին, որոնց տերը արթուն գտներ։ Այս պարագայում տեղին են Առակաց 13։12–ի խոսքերը. «Ուշացած յոյսը սիրտը կ’հիւանդացնէ, բայց կատարուած փափաքը կենաց ծառ է»։
11. Ինչպե՞ս կարող է աղոթքն օգնել, որ արթուն մնանք։
11 Ի՞նչը կօգներ Հիսուսի հետևորդներին շարունակել արթուն մնալ, երբ նրանց սկսեր թվալ, թե Տերն ուշանում է։ Իր ձերբակալությունից մի փոքր առաջ՝ Գեթսեմանի պարտեզում, Հիսուսը դիմել էր առաքյալներից երեքին. «Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք» (Մատթէոս 26։41)։ Տարիներ անց Պետրոս առաքյալը, որը նույնպես այդ գիշեր ներկա էր եղել, իր հավատակիցներին գրեց. «Ամէն ինչի վախճանը մօտեցել է։ Զգաստացէ՛ք ուրեմն եւ արթո՛ւն եղէք աղօթքի համար» (Ա Պետրոս 4։7)։ Կարելի է հետևություն անել, որ ջերմեռանդ աղոթքները պետք է մեր քրիստոնեական ապրելակերպի մասը կազմեն։ Իսկապես, մենք անընդմեջ պետք է խնդրենք Եհովային օգնել մեզ, որ արթուն մնանք (Հռովմայեցիս 12։12; Ա Թեսաղոնիկեցիս 5։17)։
12. Ի՞նչ տարբերություն գոյություն ունի ենթադրություններ անելու և սպասելու միջև։
12 Ուշադրություն դարձրեք. Պետրոսն ասաց, որ «ամէն ինչի վախճանը մօտեցել է»։ Որքա՞ն է մոտեցել։ Մարդիկ չեն կարող որոշել դրա ճիշտ օրն ու ժամը (Մատթէոս 24։36)։ Սակայն, գոյություն ունի տարբերություն ենթադրություններ անելու, ինչը Աստվածաշունչը չի խրախուսում, և վախճանին սպասելու միջև, ինչին Աստծո Խոսքն ուղղակի կոչ է անում (համեմատեք Բ Տիմոթէոս 4։3, 4; Տիտոս 3։9)։ Ինչպե՞ս կարող ենք շարունակել սպասել վախճանին. եթե ուշադրությամբ հետևենք վախճանը մատնացույց անող ապացույցին։ Ուստի, եկեք քննարկենք այդ ապացույցի վեց առանձնահատկությունները, որոնք փաստում են, որ մենք ապրում ենք այս անաստված աշխարհի վերջին օրերում։
Ապացույցի վեց առանձնահատկությունները
13. Ինչպե՞ս են Բ Տիմոթէոս 3–րդ գլխում արձանագրված Պողոսի խոսքերը մեզ վստահեցնում, որ ապրում ենք «վերջին օրերում»։
13 Առաջին հերթին, մենք հստակորեն տեսնում ենք «վերջին օրերի» վերաբերյալ Պողոս առաքյալի մարգարեության կատարումը. «Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը։ Նաեւ խորշի՛ր նրանցից։ Իսկ չար եւ խաբեբայ մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորուած՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին» (Բ Տիմոթէոս 3։1—5, 13)։ Մի՞թե այսօր սեփական աչքերով չենք տեսնում այս մարգարեական խոսքերի կատարումը, ինչը կարող են ժխտել միայն նրանք, ովքեր անտեսում են այս փաստը։b
14. Յայտնութիւն 12։9–ում Սատանայի վերաբերյալ արձանագրված խոսքերը ինչպե՞ս են կատարվում այսօր, և ի՞նչ է շուտով պատահելու նրան։
14 Երկրորդ՝ տեսնում ենք երկնքից Սատանայի ու նրա դևերի դուրս նետվելու հետևանքները, ուստի կարող ենք ասել, որ կատարվում են Յայտնութիւն 12։9–ում արձանագրված խոսքերը։ Ահա թե ինչ է այնտեղ ասվում. «Ընկաւ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչւում է Բէեղզեբուղ եւ Սատանայ եւ որ մոլորեցրեց ամբողջ աշխարհը. եւ նրա հետ ընկան նաեւ նրա հրեշտակները»։ Այս իրադարձությունը մեծ դժբախտություններ բերեց երկրին։ Եվ իրոք, մարդկության վրա մեծ արհավիրքներ են տեղացել հատկապես 1914 թ.–ից ի վեր։ Սակայն, «Յայտնութիւն» գիրքը տեղեկացնում է նաև, որ երկիր նետվելուց հետո Բանսարկուն գիտի, որ «քիչ ժամանակ ունի» (Յայտնութիւն 12։12)։ Այդ ժամանակի ընթացքում Սատանան պատերազմում է Քրիստոսի օծյալ հետևորդների դեմ (Յայտնութիւն 12։17)։ Իսկ մենք, ինչ խոսք, նրա հարձակումների ականատեսներն ենք մեր օրերում։c Շուտով, սակայն, Սատանան նետվելու է անդունդը, «որպէսզի այլեւս երբեք չմոլորեցնի ազգերին» (Յայտնութիւն 20։1—3)։
15. Ինչպե՞ս են Յայտնութիւն 17։9—11 խոսքերը փաստում, որ այսօր ապրում ենք վերջին ժամանակներում։
15 Երրորդ՝ մենք ապրում ենք Յայտնութիւն 17։9—11–ի մարգարեության մեջ հիշատակված ութերորդ և վերջին «թագաւորի» օրերում։ Այս մարգարեության մեջ Հովհաննես առաքյալը նշում է յոթ թագավորների մասին, որոնք ներկայացնում են համաշխարհային յոթ տերություններ՝ Եգիպտոս, Ասորեստան, Բաբելոն, Մարա–Պարսկաստան, Հունաստան, Հռոմ և անգլո–ամերիկյան երկակի համաշխարհային տերությունը։ Նա տեսնում է նաև «ութերորդ թագաւորին», որ «այն եօթից մէկն է»։ Հովհաննեսի տեսած այս ութերորդ՝ վերջին թագավորին, ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպությունը։ Հովհաննեսը գրում է, որ այս ութերորդ թագավորը «դէպի կորուստ է գնալու», որից հետո այլևս թագավորներ չեն հիշատակվում։d
16. Նաբուգոդոնոսորի տեսած երազում արձանի հետ կապված իրողություններն ինչպե՞ս են ցույց տալիս, որ մենք ապրում ենք վերջին օրերում։
16 Չորրորդ՝ ապրում ենք այն ժամանակահատվածում, որը պատկերված է Նաբուգոդոնոսորի տեսած երազի արձանի ոտքերով։ Մարդու տեսքով հսկայական արձանի մասին այդ խորհրդավոր երազի մեկնությունը տվել է Դանիել մարգարեն (Դանիէլ 2։36—43)։ Արձանի մետաղյա չորս մասերը ներկայացնում են համաշխարհային տարբեր տերություններ՝ սկսած գլխից (Բաբելոնյան կայսրությունը) և վերջացրած ոտքերով ու ոտքի մատներով (ներկայիս կառավարությունները)։ Այդ արձանով ներկայացված աշխարհակալ բոլոր ուժերն արդեն հանդես են եկել։ Մենք այժմ ապրում ենք արձանի ոտքերով խորհրդանշականորեն պատկերված ժամանակահատվածում։ Այլ տերությունների մասին ոչ մի ուրիշ հիշատակում չկա։e
17. Թագավորության քարոզչության գործունեությունն ինչպե՞ս է փաստում, որ ապրում ենք վերջին ժամանակներում։
17 Հինգերորդ. մենք ականատես ենք դառնում հսկայական քարոզչական գործունեության վերջնական փուլին, որի մասին Հիսուսն ասել է, որ այն տեղի պիտի ունենար իրերի ներկա համակարգի վախճանից անմիջապես առաջ։ Ահա նրա խոսքերը. «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը» (Մատթէոս 24։14)։ Այսօր այդ մարգարեությունը կատարվում է աննախադեպ մասշտաբներով։ Ճիշտ է, դեռ «չմշակված տարածքներ» կան, և, կարող է պատահել, որ Եհովայի սահմանած ժամանակին ավելի ծավալուն գործունեության դռներ բացվեն (Ա Կորնթացիս 16։9)։ Բայց և այնպես, Աստվածաշունչը չի ասում, թե Եհովան պետք է սպասի, մինչև երկրի վրա ամեն ոք անհատական վկայություն ստանա, այլ բարի լուրը պետք է քարոզվի այնքան, որքան հարկ է համարում Եհովան. ապա կգա վախճանը (համեմատեք Մատթէոս 10։23)։
18. Հավանաբար որտե՞ղ կգտնվեն օծյալներից ոմանք, երբ սկսվի մեծ նեղությունը, և ինչպե՞ս է հիմնավորվում այդ պատասխանը։
18 Վեցերորդ առանձնահատկությունն այն է, որ, թեպետ մեծ նեղությունը սկսվելիս Քրիստոսի ճշմարիտ օծյալ աշակերտներից ոմանք գուցե դեռ երկրի վրա լինեն, այնուհանդերձ, նրանց թիվն այժմ գնալով նվազում է։ Օծյալների մեծամասնությունն արդեն բավականին տարիքով են, և տարիների ընթացքում նկատվում է ճշմարիտ օծյալների թվի աստիճանական նվազում։ Սակայն, մեծ նեղության մասին խոսելիս, Հիսուսն ասաց. «Եթէ այդ օրերը չկարճեցուէին, ոչ մի մարմին չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցուեն» (Մատթէոս 24։21, 22)։ Ուստի, կարող ենք հետևություն անել, որ մեծ նեղությունը սկսվելիս Քրիստոսի «ընտրեալներից» ոմանք, հավանաբար, դեռևս երկրի վրա կլինեն։f
Ի՞նչ կա առջևում
19, 20. Ինչո՞ւ է մեզ համար ավելի, քան երբևէ հրատապ արթուն մնալու կարևորությունը։
19 Ի՞նչ է սպասվում ապագայում։ Փառահեղ ժամանակները դեռ առջևում են։ Պողոսը նախազգուշացրեց, որ «Տիրոջ օրը այնպէս է հասնում, ինչպէս գողը՝ գիշերով»։ Այս աշխարհի իմաստությունն ունեցող մարդկանց մասին նա գրում է. «Երբ ասեն, թէ՝ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կը հասնի նրանց կործանումը»։ Ուստի, Պողոսն իր ընթերցողներին հորդորում է. «Ուրեմն չքնենք մնանք, ինչպէս՝ ուրիշները, այլ արթուն եւ զգաստ լինենք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։2, 3, 6)։ Եվ իրոք, նրանք, ովքեր խաղաղության և ապահովության հարցում իրենց հույսը դնում են մարդկային կազմակերպությունների վրա, աչք են փակում իրականության հանդեպ։ Այդպիսիները խորը քնի մեջ են։
20 Իրերի ներկա համակարգի կործանումը վրա կհասնի ապշեցուցիչ արագությամբ։ Եկեք, ուրեմն, սպասե՛նք Եհովայի օրվան։ Աստված ի՛նքն ասաց Ամբակումին, թե՝ «ետ չի մնա» («չի ուշանայ», ԷԹ)։ Երբե՛ք այսքան հրատապ չի եղել արթուն մնալու կարևորությունը։
[ծանոթագրություններ]
a Տերը ոչ մի պայմանավորվածություն չուներ իր ծառաների հետ. ուստի, նա պարտավոր չէր հաշիվ տալու իր գնալ–գալու մասին, ոչ էլ լրացուցիչ բացատրություններ տալու իր թվացյալ ուշացման համար։
b Այս մարգարեության մանրամասն քննարկումը տեսեք «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքի 11–րդ գլխում։ Հրատարակված է «Դիտարան» ընկերության կողմից։
c Հավելյալ տեղեկության համար տեսեք «Հայտնության փառահեղ գագաթնակետը մոտ է» գիրքը, էջ 180—186 (անգլ.)։ Հրատարակված է «Դիտարան» ընկերության կողմից։
d Տեսե՛ք «Հայտնության փառահեղ գագաթնակետը մոտ է» գիրքը, էջ 251—254 (անգլ.)։
e Տեսե՛ք «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գրքի 4–րդ գլուխը (ռուս.)։ Հրատարակված է «Դիտարան» ընկերության կողմից։
f Այծերի ու ոչխարների մասին առակում մարդի Որդին մեծ նեղության ժամանակ իր փառքով գալիս է դատաստան անելու։ Նա մարդկանց դատում է՝ ելնելով այն բանից՝ արդյոք նրանք թիկունք կանգնե՞լ են Քրիստոսի եղբայրներին, թե՝ ոչ։ Դատաստան տեսնելու այս չափանիշը կկորցնի իր նշանակությունը, եթե այդ ժամանակ Քրիստոսի բոլոր եղբայրներն արդեն վաղուց ի վեր թողած լինեն երկիրը (Մատթէոս 25։31—46)։
Հիշո՞ւմ եք
• Գրությունների ո՞ր օրինակները կարող են օգնել մեզ արթուն մնալ։
• Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց արթուն մնալու կարևորությունը։
• Որո՞նք են այն վեց առանձնահատկությունները, որոնք փաստում են, որ այժմ ապրում ենք վերջին օրերում։
[նկարներ 4–րդ էջի վրա]
Ա. Մակմիլանը գրեթե վաթսուն տարի հավատարմորեն ծառայեց Եհովային։
[նկար 7–րդ էջի վրա]
Հիսուսն իր աշակերտներին համեմատեց արթուն սպասող ծառաների հետ։