Մխիթարություն գտեք Եհովայի զորության մեջ
«Իմ հոգերն իմ սրտումը շատանալիս՝ քո մխիթարութիւններն ուրախացնում են ինձ» (ՍԱՂՄՈՍ 94։19)։
ՑԱՎԻՑ ամոքում փնտրող բոլոր մարդկանց համար Աստվածաշունչը մխիթարության խոսքեր ունի պահած։ Ուստի, պետք չէ զարմանալ «Համաշխարհային հանրագիտարանում» գրված հետևյալ խոսքերի վրա. «Անթիվ–անհամար մարդիկ իրենց կյանքի ծանր ու անորոշ պահերին մխիթարության, հույսի և առաջնորդության համար Աստվածաշնչին են դիմել» (The World Book Encyclopedia)։ Բայց ինչո՞ւ։
Նախ՝ Աստվածաշունչը գրի է առնվել մեր սիրասուն Արարչի՝ ‘ամեն մխիթարության Աստծո’ առաջնորդության ներքո, այն Մեկի, ով «մխիթարում է մեզ մեր բոլոր նեղութիւնների մէջ» (Բ Կորնթացիս 1։3, 4; Հռովմայեցիս 15։5)։ Եհովան բոլորիս համար մարդկանց օգնելու օրինակ է թողել՝ երկիր ուղարկելով իր միածին Որդուն՝ մարդկությանը հույս ու սփոփանք բերող Հիսուս Քրիստոսին։ Նաև Հիսուսն ասաց. «Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը» (Յովհաննէս 3։16)։ Աստվածաշունչն ասում է, որ Եհովան՝ մեր փրկության Աստվածը, «օրեցօր կրում է մեր բեռը» (Սաղմոս 68։19, ՆԱ)։ Աստվածավախ մարդիկ վստահությամբ կարող են ասել. «Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ. որովհետեւ նա իմ աջ կողմն է. ես չեմ սասանուիլ» (Սաղմոս 16։8)։
Աստվածաշնչի այս հատվածներից պարզ երևում է, թե որքա՜ն խորն է Եհովա Աստծո սերը մարդկանց հանդեպ։ Այս համարներից կարող ենք եզրակացնել, որ նա սրտանց կամենում է և, ինչ խոսք, նաև ի վիճակի է առատապես մխիթարել մեզ ու կյանքի ծանր պահերին թեթևացնել մեր տառապանքը։ «Նա է յոգնածին ոյժ տուողը. եւ նա կարողութիւն չ’ունեցողին զօրութիւն է շատացնում» (Եսայիա 40։29)։ Իսկ ինչպե՞ս մխիթարություն գտնենք Եհովայի զորության մեջ։
Եհովայի հոգատարությունը մխիթարում է
Սաղմոսերգուներից մեկը գրել է. «Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը» (Սաղմոս 55։22)։ Այո՛, Եհովա Աստված անտարբեր չէ մարդկանց հանդեպ։ Իր ժամանակին Պետրոս առաքյալը առաջին դարի քրիստոնյաներին գրել է. «Նա է [Աստված], որ հոգում է ձեր մասին» (Ա Պետրոս 5։7)։ Ցույց տալու համար, թե Աստված որքան թանկ է գնահատում մարդկանց՝ Հիսուսն ասաց. «Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացուած չէ։ Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները» (Ղուկաս 12։6, 7)։ Մենք այնքան թանկ ենք Աստծո համար, որ նրա աչքից չեն վրիպում նույնիսկ մեր կյանքի ամենաաննշան մանրամասնությունները։ Մեր Արարիչը խորապես հետաքրքրվում է մեզանից յուրաքանչյուրով անհատապես, հետևաբար, գիտի մեր մասին ավելին, ինչը նույնիսկ ինքներս չգիտենք։
Նախորդ հոդվածում հիշատակված երիտասարդուհին՝ Սվետլանան, որը ժամանակին պոռնկությամբ էր զբաղվել, անչափ մխիթարվել է՝ զգալով, թե որքան հոգատար է իր հանդեպ Եհովան։ Նա արդեն մտադրվել էր ինքնասպան լինել, երբ պատահաբար հանդիպում է Եհովայի վկաներին։ Սվետլանան համաձայնվում է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել, ինչի շնորհիվ էլ ծանոթանում է Եհովայի ու նրա անձնավորության հետ, ինչպես նաև նրա համար պարզ է դառնում, որ Աստված իրեն երջանկություն է ցանկանում։ Այդ տեղեկությունից խորապես հուզված՝ նա իր ապրելակերպը փոխելու և ապա Աստծուն նվիրվելու քայլեր է ձեռնարկում։ Ի վերջո, Սվետլանային հաջողվում է նաև զորացնել իր արժանապատվության զգացումը, որպեսզի կյանքի դժվար պահերին թևաթափ չլինի և չհանձնվի, ինչպես նաև մշտապես դրական մտածելակերպ պահպանի։ «Ես համոզվել եմ,— պատմում է նա,— որ Եհովան երբեք ինձ չի թողնի։ Համոզվել եմ Ա Պետրոս 5։7–ում արձանագրված խոսքերի ճշմարտացիության մեջ. «Ձեր բոլոր հոգսերը [Եհովայի] վրայ գցեցէք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին»։
Աստվածաշնչի վրա հիմնված հույսը մխիթարում է
Աստված առանձնահատուկ մխիթարություն է տալիս իր գրավոր Խոսքի միջոցով, որը ապագայի համար հրաշք–հույս է բովանդակում։ Պողոս առաքյալը գրեց. «Ինչ որ գրուեց, գրուեց, որ մենք սովորենք, որպէսզի համբերութեամբ եւ գրքերի պարգեւած մխիթարութեամբ յոյսը ընդունենք» (Հռովմայեցիս 15։4)։ Պողոսը ցույց տվեց հույսի ու մխիթարության միջև եղած կապը՝ գրելով. «Մեր Հայրը՝ Աստուած, որ սիրեց մեզ եւ մեզ տուեց յաւիտենական մխիթարութիւն եւ բարի յոյս, իբրեւ շնորհ, թող մխիթարի եւ հաստատ պահի ձեր սրտերը ամէն բարի խօսքի եւ գործի մէջ» (Բ Թեսաղոնիկեցիս 2։15, 16)։ Այս «բարի յոյսի» մեջ է մտնում նաև դրախտային երկրի վրա կատարյալ, ուրախ ու հավիտենական կյանքի հեռանկարը (Բ Պետրոս 3։13)։
Եվ հենց այս հաստատ ու վառ հույսն է, որ քաջալերանքի աղբյուր է եղել Լայմանիսի՝ նախորդ հոդվածում հիշատակված անդամալույծ ու հարբեցող երիտասարդի համար։ Եհովայի վկաների կողմից հրատարակվող աստվածաշնչյան գրականությունից նա տեղեկանում է Աստծո Թագավորության ներքո հաստատվելիք նոր աշխարհի մասին, քանզի միայն այդ նոր աշխարհում նա հնարավորություն կստանա իր առողջությունը լիովին վերականգնելու։ Աստվածաշնչում նա կարդում է հրաշքով բժշկվելու հետևյալ խոստումը. «Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։ Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. եւ համրի լեզուն օրհներգելու է» (Եսայիա 35։5, 6)։ Դրախտային կյանքին արժանանալու համար Լայմանիսը արմատապես փոխում է իր ապրելակերպը. թողնում է խմելը։ Այդ փոփոխությունն աննկատ չի մնում հարևանների ու ծանոթների աչքից։ Այժմ նա Աստվածաշնչի մի քանի ուսումնասիրություն է անցկացնում և մարդկանց պատմում է Աստվածաշնչով հիմնավորված հույսից բխող մխիթարության մասին։
Աղոթքի դերը
Երբ ինչ–ինչ պատճառներով սրտնեղած ենք լինում, մեզ կարող է մխիթարել Եհովային ուղղված աղոթքը, քանի որ այն թեթևացնում է սրտի բեռը։ Դիմելով Աստծուն՝ կարող ենք նաև մխիթարվել՝ նրա Խոսքից որոշ մտքեր հիշելով։ Աստվածաշնչի ամենաերկար սաղմոսը իրականում մի սքանչելի աղոթք է։ «Տէր, յիշում եմ քո իրաւունքները յաւիտենից, եւ մխիթարվում եմ»,— գովերգում էր երգահանը (Սաղմոս 119։52)։ Կրիտիկական պահերին, հատկապես, երբ վտանգի տակ է մարդու առողջությունը, երբեմն դժվար է լինում կողմնորոշվել, թե ի՞նչ անել։ Երբ մեր հույսը դնում ենք սեփական ուժերի վրա, հաճախ չենք իմանում ո՛ւր դիմել։ Շատերն են համոզվել, որ մարդկային տեսակետից հնարավոր ամեն բան անելուց հետո Աստծուն աղոթքով դիմելը մեծապես մխիթարել է իրենց, և նույնիսկ պատահել է, որ անսպասելիորեն ստացել են իրենց հարցի լուծումը (Ա Կորնթացիս 10։13)։
Աղոթքի մխիթարիչ ազդեցությունը անձամբ զգացել է նաև Փեթը, որին անմիջապես տարել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժին։ Ապաքինվելուց հետո Փեթը պատմում է. «Աղոթում էի Եհովային ու հասկացա, որ պետք է կյանքս հանձնեմ նրա ձեռքը ու վստահեմ նրան։ Հիվանդությանս ողջ ընթացքում ես ինձ հանգիստ էի զգում։ Ներքուստ զգում էի նաև Փիլիպպեցիս 4։6, 7 խոսքերում հիշատակված Աստծո խաղաղությունը»։ Պողոսի այդ խոսքերը որքա՜ն մխիթարական են բոլորիս համար էլ։ Նա հորդորում է. «Հոգ մի արէ՛ք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն։ Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով»։
Սուրբ ոգին որպես մխիթարիչ
Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսը հայտարարեց առաքյալներին, որ շուտով թողնելու է նրանց։ Այդ լուրը լսելով՝ նրանք խիստ վշտացան (Յովհաննէս 13։33, 36; 14։27—31)։ Հասկանալով, որ նրանք հետագայում ևս մխիթարության կարիքը կզգան՝ Հիսուսը խոստացավ. «Պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի» (Յովհաննէս 14։16)։ Հիսուսն այստեղ ի նկատի ուներ Աստծո սուրբ ոգին։ Մխիթարիչը՝ Աստծո ոգին նրանց տալու նպատակներից մեկը եղավ այն, որ փորձությունների ժամանակ այդ ոգին մխիթարեց նրանց ու զորացրեց, որպեսզի կարողանային շարունակել Աստծո կամքը կատարել (Գործք 4։31)։
Էնջին, որի ամուսնու կյանքը հազիվ փրկվեց վթարից, կարողացավ հաղթահարել իրեն բաժին հասած վիշտն ու հոգեկան տառապանքները։ Ի՞նչն օգնեց նրան։ «Միայն Եհովայի սուրբ ոգու օգնությամբ կարողացանք տանել այդ ամենը ու չթուլանալ»,— պատմում է նա։ «Եհովայի զորությունը իսկապես երևաց մեր տկարության պահերին և զորավիգ եղավ մեզ փորձության մեջ»։
Մխիթարություն պարգևող եղբայրությունը
Ինչպիսի իրավիճակներում էլ որ մարդ հայտնվի, և որքան էլ ծանր լինի նրան հասցված հարվածը, պետք է կարողանա մխիթարություն գտնել Եհովայի կազմակերպության մեջ համախմբված եղբայրության մեջ։ Եղբայրությունը հոգևոր աջակցություն և օգնություն է ցույց տալիս։ Այստեղ կարելի է գտնել սիրալիր, հոգատար ու կարեկից ընկերների, որոնք պատրաստ են դժվարին պահերին ոչ միայն օգնության հասնել, այլև սփոփել ու մխիթարել (Բ Կորնթացիս 7։5—7)։
Քրիստոնեական ժողովի անդամները սովորում են ‘բարի գործել ամենին, մանավանդ հավատքի ընտանիներին’ (Գաղատացիս 6։10, Արևմտ. Աստ.)։ Աստվածաշնչով կրթվելը մղում է նրանց եղբայրասիրության (Հռովմայեցիս 12։10; Ա Պետրոս 3։8)։ Հոգևոր եղբայրներն ու քույրերը ձգտում են դրսևորել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են բարությունը, կարեկցանքն ու պատրաստակամությունը (Եփեսացիս 4։32)։
Ջոուին ու Ռեբեկային, որոնց որդին զոհվել էր դժբախտ պատահարից, անչափ մխիթարել է քրիստոնեական ժողովի անդամների ցուցաբերած օգնությունը։ «Այդ ծանր օրերին մեզ թիկունք կանգնեցին Եհովան ու իր հոգատար կազմակերպությունը,— պատմում են նրանք։ «Հարյուրավոր բացիկներ, նամակներ ու հեռախոսազանգեր էինք ստանում։ Մենք ավելի շատ գնահատեցինք մեր անգին եղբայրությունը։ Երբ դեռ ծանր վշտի մեջ էինք, ժողովից շատերն օգնության էին հասնում, կերակուր պատրաստում, տունը մաքրում»։
Մխիթարությո՛ւն փնտրեցեք
Երբ սուլում են դժբախտության կատաղի քամիները, և փորձությունները հեղեղի ու կարկուտի պես ձեր գլխին են թափվում, Աստված միշտ պատրաստ է մխիթարել ձեզ։ Ահա թե ինչպես է դա գեղարվեստորեն նկարագրում սաղմոսներից մեկը. «Նա կ’ծածկէ քեզ իր փետուրներովը, նորա թեւերի տակ ապահով կ’լինիս» (Սաղմոս 91։4)։ Այս խոսքերում Եհովան կարծես արծիվ լինի, որը, զգալով վտանգը, թևերը պարզում է ձագերի վրա։ Եվ իրոք, Եհովան իսկական Ապաստան է իրեն ապավինողների համար (Սաղմոս 7։1)։
Եթե ցանկանում եք ավելին իմանալ Աստծո, նրա անձնավորության, նպատակների մասին և այն, թե ինչպե՛ս կարող է նա մխիթարել, հրավիրում ենք ձեզ ուսումնասիրել Աստծո Խոսքը։ Եհովայի վկաները հաճույքով կօգնեն այդ հարցում։ Անշուշտ, դուք նույնպես կարող եք մխիթարություն գտնել Եհովայի զորության մեջ։
[նկարներ 7–րդ էջի վրա]
Աստվածաշնչի վրա հիմնված, ապագային վերաբերող հույսը մխիթարում է մեզ։