Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 7/1 էջ 22–27
  • Լուսակիրը՝ ժողովուրդներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Լուսակիրը՝ ժողովուրդներին
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Վաղ տարիները
  • Դեպի արտասահմանյան երկրներ
  • Դեպի Եվրոպա
  • Քարոզչությունը Խորհրդային Միությունում
  • Ամուսնությունը և երկրորդ շրջագայությունը
  • Կարճ ընտանեկան կյանք
  • Մաս 2. Վկաներ կլինեն մինչեվ աշխարհի ծայրերը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Հռչակե՛ք Թագավորին ու Թագավորությունը (1919–1941)
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Մաս 1. Վկաներ կլինեն մինչեվ աշխարհի ծայրերը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Եհովային համարո՞ւմ ես քո Հայրը
    2010 Դիտարան
Ավելին
2000 Դիտարան
w00 7/1 էջ 22–27

Կենսագրություն

Լուսակիրը՝ ժողովուրդներին

ՋՈՐՋ ՅԱՆԳԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄԵՑ ՌՈՒԹ ՅԱՆԳ ՆԻՔՈԼՍՈՆԸ

«Ինչո՞ւ են մեր ամբիոնները լռում... Ինչպիսի՞ անձնավորություններ կլինենք, եթե, իմանալով այս ճշմարտությունները, որոնց մասին գրում եմ, շարունակենք լռել։ Եկեք մարդկանց տգիտության մեջ չպահենք, այլ ճշմարտությունը ազդարարենք առանց ներողություն խնդրելու, առանց ծածուկ պահելու»։

ԱՅՍ խոսքերը բերվում են հայրիկիս 33 էջանոց նամակից, որով նա խնդրում էր իր անունը հանել եկեղեցու մատյանից։ Դա 1913 թ.–ին էր։ Այդ ժամանակից ի վեր նա ապրեց իրադարձություններով հարուստ մի կյանք՝ դառնալով լուսակիր շատ ժողովուրդների համար (Փիլիպպեցիս 2։15)։ Դեռ վաղ հասակից, երբ փոքր աղջիկ էի, սկսեցի նյութեր հավաքել հորս կյանքի ու գործունեության վերաբերյալ, որոնց մեջ ընդգրկեցի բարեկամների միջոցով ստացված տեղեկություններն ու պատմական փաստերը։ Ընկերներիս օգնությամբ հաջողվեց դրանք ի մի բերել։ Հորս կյանքն ինձ հիշեցնում է «հեթանոսների առաքեալ» Պողոսի կյանքը։ Ինչպես Պողոսը, հայրիկը նույնպես միշտ պատրաստ է եղել Եհովայի ազդարարությունները հասցնել ամեն մի երկրի ու կղզու բնակչի (Հռովմայեցիս 11։13; Սաղմոս 107։1–3)։ Թույլ տվեք պատմել իմ հոր՝ Ջորջ Յանգի մասին։

Վաղ տարիները

Հայրս պրեսբիտերական եկեղեցուն հարող շոտլանդացիներ Ջոն և Մարգարետ Յանգերի ամենակրտսեր որդին էր։ Նա ծնվել է 1886 թ. սեպտեմբերի 8–ին, երբ ընտանիքը նոր էր տեղափոխվել Էդինբուրգից (Շոտլանդիա) Բրիտանական Կոլումբիա (նահանգ Կանադայի արևմուտքում)։ Նրա երեք ավագ եղբայրները՝ Ալեքսանդրը, Ջոնը և Մալքոմը, ծնվել էին Շոտլանդիայում, իրենից մի քանի տարի առաջ։ Իսկ իրենից երկու տարի հետո ծնվեց նաև Մարիոնը՝ տղաների կրտսեր քույրը, որին նրանք փաղաքշաբար կոչում էին Նելլի։

Մեծանալով ագարակում, որը գտնվում էր Վիկտորիա քաղաքից (Բրիտանական Կոլումբիա) ոչ հեռու գտնվող Սանիչ ավանում՝ երեխաներն ուրախ մանկություն էին վայելում։ Միևնույն ժամանակ նրանք սովորում էին իրենց վրա պատասխանատվություններ վերցնել։ Օրինակ՝ երբ ծնողները վերադառնում էին Վիկտորիա կատարած ուղևորությունից, երեխաներն արդեն ավարտած էին լինում բոլոր տնային գործերը, և տունը կոկիկ տեսք էր ունենում։

Ժամանակի ընթացքում հայրս ու իր եղբայրները սկսեցին հետաքրքրվել լեռնագործությամբ, ինչպես նաև անտառանյութի առևտրով։ Յանգ եղբայրները շուտով հայտնի դարձան որպես անտառափայտի սակադիրներ (նրանք, ովքեր զբաղվում են տվյալ տարածքում գտնվող անտառանյութի գնահատմամբ) ու դրա առևտրով զբաղվողներ։ Իսկ հայրիկը զբաղվում էր ֆինանսական գործերով։

Վերջիվերջո, հայրիկը դարձավ պրեսբիտերական քահանա, քանի որ հոգևոր բաների հանդեպ հակում ուներ։ Այդ տարիներին էր, որ Չարլզ Թեյզ Ռասելի՝ «Սիոնի դիտարանի և թերթիկի ընկերության» առաջին նախագահի լրագրային քարոզը շատ մեծ ազդեցություն գործեց նրա վրա։ Այն ամենը, ինչ որ հայրս իմացավ, մղեց նրան գրելու վերոհիշյալ հրաժարական նամակը։

Աստվածաշնչյան համարների օգնությամբ հայրիկը իր նամակում բարյացակամորեն, բայց հստակ կերպով հերքում էր այնպիսի եկեղեցական վարդապետություններ, ինչպիսիք են հոգու անմահությունը և Աստծո կողմից մարդկային հոգիների հավիտենական տանջանքը դժոխքի կրակներում։ Նա նաև մերկացնում էր երրորդության ուսմունքը՝ ցույց տալով, որ այն ունի ոչ քրիստոնեական ծագում և հիմնված չէ Աստվածաշնչի վրա։ Այդ ժամանակից ի վեր, ընդօրինակելով Հիսուս Քրիստոսին, հայրիկն իր քրիստոնեական ծառայության մեջ խոնարհաբար ներդնում էր բոլոր կարողություններն ու ուժերը՝ ի փառս Եհովայի։

1917 թ.–ին «Դիտարան» ընկերության առաջնորդությամբ նա սկսում է ծառայել որպես պիլիգրիմ, ինչպես այն ժամանակ կոչվում էին Եհովայի վկաների շրջագայող ներկայացուցիչները։ Ամենուրեք Կանադայի մեծ ու փոքր քաղաքներում նա ելույթներ էր ունենում ու ցուցադրում «Արարչության լուսադրաման», որն իրենից ներկայացնում էր համր կինոնկարի և դիապոզիտիվների (սլայդ) մի ծրագիր։ Հայրիկի ելույթներն անցնում էին լեփ– լեցուն դահլիճներում։ Մինչև 1921 թ.–ը նրա շրջագայությունների գրաֆիկը տպագրվում էր «Դիտարանում»։

Վինիպեգյան մի լրագրում ասվում էր այն մասին, որ Ավետարանիչ Յանգը ելույթ ունեցավ 2 500 մարդու առջև, իսկ շատերին էլ չհաջողվեց ներս մտնել, քանի որ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Օտտավայում նա ելույթ ունեցավ «Դեպի դժոխք և վերադարձ» թեմայով։ Այդ առիթով ահա թե ինչպես արտահայտվեց մի ծերունի. «Երբ ելույթը վերջացավ, Ջորջ Յանգը հրավիրեց մի շարք հոգևորականների՝ իր հետ քննարկելու այդ թեման, բայց նրանցից ոչ մեկը տեղից չշարժվեց։ Այսպես ես հասկացա, որ գտել եմ ճշմարտությունը»։

Այդ շրջագայությունների ընթացքում հայրիկը ձգտում էր որքան հնարավոր է խորամուխ լինել հոգևոր գործունեության մեջ։ Արդյունքում՝ նա հաջորդ ծրագրված տեղը գնալու համար հազիվ հասցնում էր ուղղակի նետվել գնացք, իսկ մեքենայով ճանապարհ ընկնելու դեպքում տանից դուրս էր գալիս նախաճաշից շատ առաջ։ Ի լրումն իր նախանձախնդրության, հայրիկը վայելում էր նաև նրբանկատ մարդու հեղինակություն և հայտնի էր իր քրիստոնեական գործերով ու մեծահոգությամբ։

Բազմաթիվ համաժողովներից, որ հայրիկն ավելի վաղ հաճախել էր, հատկապես հիշատակման է արժանի 1918 թ.–ին Էդմոնտոնում (Ալբերտա նահանգ) կայացած համաժողովը։ Ամբողջ ընտանիքն այնտեղ էր՝ Նելլիի մկրտությանը ներկա գտնվելու համար։ Վերջին անգամ էին եղբայրները միասին։ Երկու տարի անց Մալքոմը մահացավ թոքերի բորբոքումից։ Ինչպես իր երեք եղբայրներն ու հայրը, Մալքոմը նույնպես երկնային կյանքի հույս էր փայփայում։ Նրանք բոլորն էլ մինչև մահ հավատարիմ մնացին Աստծուն (Փիլիպպեցիս 3։14)։

Դեպի արտասահմանյան երկրներ

Երբ 1921 թ. սեպտեմբերին հայրիկը վերջացրեց իր քարոզչական շրջագայությունը Կանադայում, «Դիտարան» ընկերության այն ժամանակվա նախագահ Ջոզեֆ Ռադերֆորդը նրան առաջարկեց ուղղություն վերցնել դեպի Կարիբյան կղզիներ։ Հայրիկը ամենուրեք «Արարչության լուսադրաման» էր ցուցադրում, որը լավ ընդունելություն էր գտնում։ Տրինիդադից նա գրեց. «Դահլիճը լեփ– լեցուն էր, շատերն էլ մնացին դրսում։ Արդեն երկրորդ օրն է, ինչ շենքը լիքն է մարդկանցով»։

Ավելի ուշ՝ 1923 թ.–ին, նա նշանակվեց ծառայելու Բրազիլիայում։ Այնտեղ ելույթներ էր ունենում մեծ լսարանի առջև՝ երբեմն թարգմանիչներ վարձելով։ «Դիտարանի» 1923 թ. դեկտեմբերի 15–ի համարը տեղեկացնում է. «Հունիսի 1–ից մինչև սեպտեմբերի 30–ը եղբայր Յանգը անց է կացրել 21 հանրային հանդիպում, որին ներկա է եղել 3 600 մարդ, 48 ժողովի հանդիպում՝ 1 100 մարդ և տարածել է 5 000 օրինակ պորտուգալերեն լեզվով անվճար գրականություն»։ Շատերը հետաքրքրությամբ արձագանքեցին «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» ելույթին։

Երբ 1997 թ. մարտի 8–ին Բրազիլիայում տեղի ունեցավ մասնաճյուղի նոր շենքերի բացումը, դրա առթիվ լույս տեսավ մի գրքույկ, որում ասվում էր. «1923 թ.՝ Ջորջ Յանգը ժամանում է Բրազիլիա՝ կազմակերպելու մասնաճյուղի գրասենյակի բացումը Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում»։ Չնայած իսպաներեն լեզվով աստվածաշնչային գրականություն կար, սակայն անհրաժեշտ էր նաև ունենալ պորտուգալերենով, որը Բրազիլիայի հիմնական լեզուն է։ Այդպիսով, 1923 թ. հոկտեմբերի 1–ից «Դիտարանը» սկսեց լույս տեսնել պորտուգալերեն լեզվով։

Հայրիկը Բրազիլիայում շատ անմոռանալի ծանոթություններ հաստատեց։ Դրանցից մեկը մի պորտուգալացի ունևոր էր՝ Ջասինտու Պիմենթել Քաբրալը, որն իր տունը տրամադրեց հանդիպումների անցկացման համար։ Շատ չանցած նա ընդունեց Աստվածաշնչի ճշմարտությունը, իսկ ավելի ուշ դարձավ Բեթելի ընտանիքի անդամ։ Մյուսը Մանուել դա Սիլվա Ժորդաուն էր՝ մի երիտասարդ այգեգործ, որը հայրիկի հանրային ելույթը լսելուց հետո որոշեց վերադառնալ Պորտուգալիա ու ծառայել որպես աստվածաշնչյան գրականություն տարածող՝ ինչպես նախկինում կոչվում էին Եհովայի վկաների լիաժամ քարոզիչները։

Հայրս Բրազիլիայով մեկ շատ էր ճանապարհորդում գնացքով, ու նրան հաջողվում էր հետաքրքրվող անհատներ գտնել։ Մի անգամ նա հանդիպեց Բոնի և Կատարինա Գրիններին ու նրանց մոտ մնաց մոտ երկու շաբաթ. այդ ընթացքում նա բացատրում էր Աստվածաշունչը։ Նրանց բարեկամներից ամենաքիչը յոթ հոգի մկրտվեցին՝ նվիրվելով Եհովային։

Մեկ այլ ծանոթություն հայրս հաստատել էր Սառա Բելոնա Ֆերգիսոնի հետ 1923 թ.–ին։ Դեռևս 1867 թ.–ին, երբ վերջինս դեռատի աղջիկ էր, իր եղբայր Էրազմ Ֆուլտոն Սմիթի ու ընտանիքի մնացած անդամների հետ միասին Միացյալ Նահանգներից տեղափոխվել էր Բրազիլիա։ 1899 թ.–ից սկսած նա կանոնավորապես «Դիտարաններ» էր ստանում փոստով։ Հայրիկի այցը հնարավորություն ընձեռեց Սառային, իր չորս երեխաներին, ինչպես նաև մի կնոջ, որին նա կոչում էր մորաքույր Սալլի, մկրտվելու. իրադարձություն, որին նրանք շատ երկար էին սպասել։ Դա տեղի ունեցավ 1924 թ. մարտի 11–ին։

Շուտով հայրիկը քարոզում էր հարավ–ամերիկյան այլ երկրներում։ 1924 թ. նոյեմբերի 8–ին Պերուից նա գրեց. «Հենց նոր ավարտեցինք 17 000 թերթիկների տարածումը Լիմայում ու Կալյաոյում»։ Հաջորդ երկիրը, ուր նա մեկնեց թերթիկներ տարածելու, Բոլիվիան էր։ Այնտեղից նա գրեց. «Մեր Հայրը օրհնում է մեր ջանքերը։ Մի հնդկացի օգնեց ինձ։ Նրա տունը գտնվում է Ամազոնի ակունքներում, և նա իր հետ վերցրեց 1 000 թերթիկ ու մի քանի գրքեր»։

Հայրիկի ջանքերի շնորհիվ աստվածաշնչյան ճշմարտության սերմերը տարածվեցին Կենտրոնական և Հարավային Ամերիկայի շատ երկրներում։ «Դիտարանի» 1924 թ. դեկտեմբերի 1–ի համարում գրվեց. «Ջորջ Յանգը արդեն երկու տարուց ավելի է, ինչ Հարավային Ամերիկայում է գտնվում.... Այս սիրելի եղբայրը հաջողությամբ ճշմարտության լուրը հասցրեց մինչև Պունտա Արենաս, քաղաք՝ Մագելանի նեղուցում»։ Հայրս նաև գլխավորեց քարոզչական աշխատանքը Կոստա Ռիկայում, Պանամայում և Վենեսուելայում։ Եվ նույնիսկ մալարիայով հիվանդանալուց հետո՝ վատառողջ վիճակում նա շարունակում էր քարոզել։

Դեպի Եվրոպա

1925 թ. մարտին հայրիկը նավարկեց Եվրոպա՝ հուսալով այնտեղ տարածել իսպաներեն ու պորտուգալերեն 300 000 թերթիկներ և նախապատրաստություն տեսնել եղբայր Ռադերֆորդի հանրային ելույթների համար։ Սակայն, ժամանելով Իսպանիա և տեղի կրոնական անհանդուրժողականությունը տեսնելով՝ առարկեց, որ եղբայր Ռադերֆորդը ելույթներ ունենա։

Ի պատասխան՝ եղբայր Ռադերֆորդը գրեց՝ մեջբերելով Եսայիա 51։16–ը. «Իմ խօսքերը դրի քո բերանումը եւ իմ ձեռքի հովանովը ծածկեցի քեզ որ երկինքը դնեմ եւ երկիրը հիմնարկեմ, եւ ասեմ Սիօնին՝ Իմ ժողովուրդն ես դու»։ Կարդալով այս խոսքերը՝ հայրիկը եզրակացրեց. «Անկասկած Տիրոջ կամքն այն է, որ ես առաջ գնամ և ապավինեմ նրան»։

1925 թ. մայիսի 10–ին եղբայր Ռադերֆորդը թարգմանչի միջոցով ելույթով հանդես եկավ Բարսելոնայի «Նովեդադիս» թատրոնում։ Ներկա գտնվող ավելի քան 2 000 մարդկանց թվում էր նաև մեկ կառավարական պաշտոնյա ու մի հատուկ թիկնապահ, որը կանգնած էր բեմի վրա։ Նման բան տեղի ունեցավ նաև Մադրիդում, որտեղ ներկա էր 1 200 մարդ։ Այս ելույթները հետաքրքրություն առաջացրին, և արդյունքը եղավ այն, որ Իսպանիայում մասնաճյուղի գրասենյակ հիմնադրվեց, ինչպես «Եհովայի վկաների 1978 թ. տարեգրքում» է նշվում, «Ջորջ Յանգի գլխավորությամբ»։

1925 թ. մայիսի 13–ին եղբայր Ռադերֆորդը ելույթ ունեցավ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Նրա այս այցը նույնպես հաջողություն ունեցավ, չնայած հոգևորականները փորձում էին վիժեցնել հանդիպումը իրենց աղաղակներով ու աթոռներն ուժգին թխկթխկացնելով։ Իսպանիայում և Պորտուգալիայում եղբայր Ռադերֆորդի ելույթներից հետո հայրս շարունակեց ցուցադրել «Արարչության լուսադրաման». նա նաև միջոցներ էր ձեռնարկում այդ վայրերում սուրբգրային գրականություն տպագրելու ու տարածելու համար։ 1927 թ.–ին նա գրեց. «Իսպանիայի բոլոր մեծ ու փոքր քաղաքներում բարի լուրը քարոզվել է»։

Քարոզչությունը Խորհրդային Միությունում

Հայրիկի հաջորդ միսիոներական նշանակումը Խորհրդային Միությունն էր, ուր նա ժամանեց 1928 թ. օգոստոսի 28–ին։ 1928 թ. հոկտեմբերի 10–ի նրա գրած նամակում մասնավորապես ասվում է.

«Ռուսաստան գալուց հետո ամբողջ սրտով աղոթում եմ՝ գա քո արքայությունը։ Սովորում եմ լեզուն, բայց դա դանդաղ է առաջ գնում։ Իմ թարգմանիչը մի արտակարգ անձնավորություն է։ Նա հրեա է, բայց հավատում է Հիսուսին ու սիրում է Աստվածաշունչը։ Ինձ հետ մի քանի հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել, սակայն չգիտեմ, թե որքան կթույլատրեն այստեղ մնալ։ Անցած շաբաթ ծանուցում ստացա, որ 24 ժամվա ընթացքում հեռանամ, բայց հարցերը լուծվեցին. այնպես որ կարող եմ ավելի երկար մնալ»։

Ուկրաինայի ներկայումս խոշոր քաղաք Խարկովում ապրում էին Աստվածաշնչի մի քանի ուսումնասիրողներ։ Նրանց հետ այնքան ջերմ հանդիպում տեղի ունեցավ, որ բոլորի աչքերը լցվել էին ուրախության արցունքներով։ Փոքրիկ խումբը հավաքվում էր յուրաքանչյուր երեկո և մնում մինչև կեսգիշեր։ Ավելի ուշ, գրելով եղբայրների հետ ունեցած այս հանդիպումների մասին, հայրիկն ասում էր. «Խեղճ եղբայրներ։ Նրանց ունեցած–չունեցած մի քանի գրքերը առգրավվել են, իշխանությունները թշնամաբար են տրամադրված, բայց, այնուամենայնիվ, եղբայրները երջանիկ են»։

Խորհրդային Միությունում հայրիկի ծառայության մասին պատմվում է Սանկտ–Պետերբուրգում գտնվող նոր մասնաճյուղի բացմանը (1997 թ. հունիսի 21–ին) նվիրված գրքույկում։ Այնտեղ ասվում է, որ հայրիկը Մոսկվա ուղարկվեց և այնտեղ թույլտվություն ստացավ տպագրելու «Ազատություն ժողովուրդներին» և «Որտե՞ղ են գտնվում մահացածները» գրքույկներից 15 000 օրինակ Ռուսաստանում տարածելու համար։

Վերադառնալով Ռուսաստանից՝ հայրիկը նշանակվեց շրջագայող վերակացու Միացյալ Նահանգներում։ Հարավային Դակոտայում նա այցելեց Նելինա և Վերդա Փուլ քույրերին, որոնք հետագայում ծառայեցին որպես միսիոներ Պերուում։ Նրանք մեծ սիրով ու գնահատանքով էին վերաբերվում հայրիկի անխոնջ ծառայությանը. «Եղբայրներն այն ժամանակ իսկական ռահվիրայական ոգի էին դրսևորում՝ հեռավոր երկրներ մեկնելիս վերցնելով իրենց հետ քիչ իրեր, բայց և անսահման սեր՝ Եհովայի հանդեպ։ Ահա թե ինչն էր դրդում նրանց կատարելու իրենց գործը»,— գրում էին նրանք։

Ամուսնությունը և երկրորդ շրջագայությունը

Տարիների ընթացքում հայրիկը նամակագրական կապ էր պահպանում Կլարա Հուբերտի հետ, որը Մանիթուլին կղզուց էր (Օնտարիո նահանգ)։ Նրանք երկուսն էլ ներկա էին 1931 թ. հուլիսի 26–ին Կոլումբուս քաղաքում (Օհայո նահանգ) տեղի ունեցած համաժողովին, որտեղ Աստվածաշնչի ուսումնասիրողները ընդունեցին «Եհովայի վկաներ» անունը (Եսայիա 43։10–12)։ Մեկ շաբաթ անց նրանք ամուսնացան։ Շուտով հայրս կրկին ճանապարհին էր. երկրորդ միսիոներական շրջագայությունն էր դեպի Կարիբյան կղզիներ։ Այնտեղ նա օգնում էր ժողովի հանդիպումներ կազմակերպել և սովորեցնել տնետուն ծառայություն կատարել։

Մայրիկը նամակներ, լուսանկարներ և նամականիշեր էր ստանում Սուրինամից, Սենտ Քիտտսից և շատ այլ վայրերից։ Հայրս նամակներում գրում էր քարոզչական աշխատանքի առաջընթացի և երբեմն այդ երկրների թռչունների, կենդանիների ու բույսերի մասին։ 1932 թ. հունիսին նա ավարտեց իր ծառայությունը Կարիբյան ավազանում և, ինչպես միշտ, ամենաէժան կարգի տոմսով վերադարձավ Կանադա։ Դրանից հետո ծնողներս սկսեցին իրենց համատեղ լիաժամ ծառայությունը՝ 1932–33 թթ. ձմեռը անցկացնելով Օտտավայի շրջանում լիաժամ ծառայողների մի մեծ խմբի հետ։

Կարճ ընտանեկան կյանք

1934 թ.–ին ծնվեց եղբայրս՝ Դեյվիդը։ Դեռ երեխա՝ նա կանգնում էր մայրիկի գլխարկի արկղի վրա ու իր «հանրային ելույթները» ներկայացնում։ Հայրիկի նման նա ևս իր ամբողջ կյանքն անցկացրեց Եհովային նախանձախնդրորեն ծառայելով։ Ժողովներին այցելում էին երեքով՝ ճանապարհորդելով Կանադայի արևելյան ափերից մինչև արևմտյան ափերը մի մեքենայով, որի գլխին ձայնային սարքավորում էր տեղադրված։ Իսկ ես ծնվել եմ 1938 թ.–ին՝ մինչ հայրս ծառայում էր Բրիտանական Կոլումբիայում։ Դեյվիդը հիշում է, թե ինչպես էր հայրիկը ինձ դնում անկողնում, ու իրենք երեքով ծնկի էին գալիս անկողնուս շուրջը, և հայրս աղոթքով շնորհակալություն էր հայտնում Եհովային ինձ համար։

1939 թ. ձմռանը մենք ապրում էինք Վանկուվերում, իսկ հայրիկը այցելում էր այդ շրջանի ժողովները։ Տարիների ընթացքում մեր հավաքած բազմաթիվ նամակների մեջ կար մեկը, թվագրված՝ 1939 թ., հունվարի 14, որը նա գրել էր Վերնոնից (Բրիտանական Կոլումբիա)։ Հայրիկը այն հասցեագրել էր Կլարային, Դեյվիդին ու ինձ՝ գրելով. «Պարզապես համբույր ու պինդ գրկախառնություն»։ Նամակում նա յուրաքանչյուրիս ուղղված տողեր էր գրել։ Նա խոսում էր այն մասին, որ այնտեղ հունձքը շատ է, բայց մշակները՝ քիչ (Մատթէոս 9։37, 38)։

Մեկ շաբաթ անց, վերադառնալով վանկուվերյան շրջագայությունից, ժողովի հանդիպման ժամանակ հայրիկն անակնկալ վայր ընկավ։ Հետագա ախտորոշմամբ հայտնաբերվեց ուղեղի քաղցկեղածին ուռուցք։ 1939 թ. մայիսի 1–ին նա ավարտեց իր երկրային ընթացքը։ Այդ ժամանակ ես ինն ամսական էի, իսկ Դեյվիդը՝ մոտ հինգ տարեկան։ Մեր սիրելի մայրը, որը նույնպես երկնային հույս էր փայփայում, մինչև վերջ հավատարիմ մնաց Աստծուն։ Նա մահացավ 1963 թ. հունիսի 19–ին։

Թե հայրիկն ինչպես էր վերաբերվում բարի լուրը շատ երկրներում տարածելու իր առանձնաշնորհմանը, հիանալի կերպով երևում է մայրիկին ուղղված իր նամակներից մեկում, որտեղ մասնավորապես ասվում էր. «Եհովան ողորմածաբար թույլ տվեց ինձ գնալ այդ վայրերը որպես Թագավորության բարի լուրի լուսակիր։ Նրա սուրբ անունը օրհնյալ լինի։ Տկարության, անկարողության և թուլության միջոցով նրա փառքն է փայլատակում»։

Այժմ Ջորջ և Կլարա Յանգերի երեխաները, թոռները և ծոռները նույնպես ծառայում են մեր սիրառատ Աստծուն՝ Եհովային։ Ասում են, որ հայրս հաճախ էր սիրում մեջբերել Եբրայեցիս 6։10–ը (ԱԹ), որտեղ ասվում է. «Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սերի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք»։ Մենք նույնպես չենք մոռացել հայրիկի կատարած աշխատանքը։

[նկար 23–րդ էջի վրա]

Հայրս (աջից) իր երեք եղբայրների հետ։

[նկարներ 25–րդ էջի վրա]

Հայրիկը (կանգնած) եղբայրներ Վուդվորթի, Ռադերֆորդի և Մակմիլանի հետ։

Ներքևում. հայրիկը (ձախ կողմից առաջինը) եղբայր Ռասելի ու եղբայրների հետ։

[նկարներ 26–րդ էջի վրա]

Հայրս ու մայրս։

Ներքևում. հարսանիքի օրը։

[նկար 27–րդ էջի վրա]

Դեյվիդի ու մայրիկի հետ՝ հայրիկի մահվանից մի քանի տարի անց։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը