Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 11/1 էջ 22–27
  • «Օ՜, այն հավատը, որ չի սասանվի»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Օ՜, այն հավատը, որ չի սասանվի»
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ծնողներիս օրինակը
  • Հեռանում եմ տնից
  • Փոթորկալից սկիզբը
  • Ծառայությանս սկիզբը Նիդերլանդներում
  • Հավատարիմ ընկերս
  • Հորիզոնում՝ պատերազմի սև ամպեր
  • Արգելքի տակ ու հետապնդումների մեջ
  • Ինչպես էր ընտանիքս հաղթահարում դժվարությունները
  • Ուս–ուսի տված աշխատում ենք խիզախ եղբայրների հետ
  • Տխրություն և ուրախություն
  • Ես վստահել եմ Եհովայի սիրառատ հոգատարությանը
    2004 Դիտարան
  • Ինչո՞վ կարող եմ հատուցել Եհովային
    2009 Դիտարան
  • Մութ զնդաններից դեպի Շվեյցարիայի Ալպերը
    2004 Դիտարան
2000 Դիտարան
w00 11/1 էջ 22–27

Կենսագրություն

«Օ՜, այն հավատը, որ չի սասանվի»

Պատմում է Հերբերտ Մյուլլերը

Մի քանի ամիս էր անցել, ինչ Հիտլերի զորքերը ներխուժել էին Նիդերլանդներ, երբ Եհովայի վկաների գործունեությունն արգելվեց։ Շուտով իմ անունը հայտնվեց նացիստների հետախուզական մատյանում. ինձ սկսեցին հետապնդել՝ ինչպես մի որսի կենդանու։

ՀԻՇՈՒՄ եմ՝ սարսափելի հետապնդումներից ու վազվզոցներից հոգնած՝ մի անգամ կնոջս ասացի, թե ձերբակալվելն ինձ համար ազատագրություն կլիներ։ Բայց իսկույն միտս եկան մի երգի խոսքերը՝ «օ՜, այն հավատը, որ չի սասանվի, ինչ թշնամի էլ, որ դեմը ելնի»։a Մտաբերելով այդ երգն ու խորհելով դրա խոսքերի շուրջ՝ ասես վերստին ուժ ստացա. հիշողությանս մեջ արթնացան անցյալի պատկերներ՝ Գերմանիայում գտնվող ծնողներս, ընկերներս, որ ինձ հրաժեշտ տալիս երգել էին այդ երգը։ Այժմ կուզեի պատմել, թե ինչ հիշողություններ էին դրանք։

Ծնողներիս օրինակը

Երբ 1913 թ.–ին ծնվեցի, ծնողներս այդ ժամանակ ապրում էին Գերմանիայի Կոպից քաղաքում։ Նրանք Ավետարանչական եկեղեցու անդամ էին։b Յոթ տարի անց, սակայն, 1920–ին, հայրս դադարեց եկեղեցի հաճախել։ Նույն թվականի ապրիլի 6–ին նա եկեղեցուց հեռանալու դիմումի ձև խնդրեց («Kirchenaustrittsbescheinigung»)։ Դիմումը լրացրել էր քաղաքացիական գրանցման բաժնի աշխատողը։ Մեկ շաբաթ չանցած հայրս վերադարձավ՝ բացատրելով, որ դիմումի մեջ բաց է թողնվել իր դստեր անունը։ Աշխատողը նոր բլանկ լրացրեց՝ այս անգամ նշելով, որ եկեղեցուց հեռանալու այդ փաստաթուղթը վերաբերում է նաև Մարթա Մարգարիտա Մյուլլերին։ Այդ ժամանակ քույրս՝ Մարգարիտան, մեկուկես տարեկան էր։ Հորս համար չէին եղել չնչին կարևորության հարցեր, երբ խոսքը վերաբերել էր Եհովային մատուցվող ծառայությանը։

Նույն տարում ծնողներս մկրտվեցին՝ միանալով Աստվածաշունչն ուսումնասիրողներին (ինչպես այն ժամանակ կոչվում էին Եհովայի վկաները)։ Երեխաների դաստիարակության հարցում հայրս խիստ է եղել, սակայն Եհովայի հանդեպ նրա հավատարմությունը միշտ էլ օգնել է, որպեսզի մեզ համար հեշտ լինի ընդունել նրա գլխավորությունը։ Այդ հավատարմությունից մղված՝ ծնողներս պատրաստ էին փոփոխություններ մտցնել թե՛ իրենց և թե՛ մեր կյանքում։ Օրինակ՝ սկզբում նրանք մեզ չէին թույլատրում կիրակի օրերին խաղալ բակում։ Սակայն, 1925 թ.–ին մի կիրակի օր նրանք ասացին, որ գնում ենք զբոսնելու։ Մեզ հետ թեթև խորտիկներ վերցրինք ու այդ օրը միասին հաճելի ժամանակ անցկացրինք։ Պատկերացնո՞ւմ եք, թե ի՜նչ փոփոխություն էր դա մեզ՝ ամբողջ օրը տանը փակված երեխաներիս համար։ Հայրս մեզ ասաց, որ որոշ մտքեր է ընկալել վերջին համաժողովից և ճշտել է իր տեսակետը կիրակի օրվա գործերի վերաբերյալ։ Ուղղվելու նույնպիսի պատրաստակամություն նա դրսևորում էր նաև այլ դեպքերում։

Թեև ծնողներիս առողջական վիճակն այնքան էլ լավ չէր, նրանք ետ չէին մնում քարոզչական ծառայությունից։ Օրինակ՝ «Եկեղեցականներն ամբաստանված են» թերթիկը տարածելու համար մենք ամբողջ ժողովով մի օր երեկոյան գնացք նստեցինք և մեկնեցինք Դրեզդենից մոտավորապես 300 կմ հեռավորության վրա գտնվող Ռեգենսբուրգ քաղաքը, և հաջորդ օրը քաղաքով մեկ թերթիկներ բաժանելուց հետո միայն կրկին գնացքով ետ վերադարձանք. նախորդ օրը տնից դուրս գալուց գրեթե քսանչորս ժամ էր անցնել։

Հեռանում եմ տնից

Մեր ժողովի «Յուգենդգրուպի» (երիտասարդական խմբի) հետ ընկերակցությունս նույնպես իր դերն ունեցավ իմ հոգևոր հասունացման մեջ։ Ամեն շաբաթ տասնչորս տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաները հանդիպում էին ժողովի տարեց եղբայրների հետ։ Մենք խաղեր էինք խաղում, երաժշտություն լսում, Աստվածաշունչ ուսումնասիրում և զրուցում ստեղծագործության ու գիտության շուրջը։ Սակայն 1932 թ.–ին, երբ տասնինը տարեկան էի, ստիպված եղա բաժանվել այդ խմբից։

Ապրիլին հայրս նամակ էր ստացել «Դիտարանի» Մագդեբուրգի մասնաճյուղից, որում ասվում էր, որ Ընկերությանը հարկավոր է ավտոմեքենա վարել իմացող այնպիսի մեկը, որ կցանկանար նաև ռահվիրայություն անել։ Գիտեի, որ ծնողներիս մեծագույն ցանկությունն էր, որ ես ռահվիրա դառնամ, սակայն ինքս զգում էի, որ չեմ կարող։ Քանի որ ծնողներս քիչ էին վաստակում, ես տասնչորս տարեկանից սկսել էի զբաղվել իրերի վերանորոգմամբ (հեծանիվներ, կարի մեքենա, գրամեքենա ու գրասենյակային այլ սարքավորումներ)։ Ինչպե՞ս կարող էի թողնել ընտանիքս, երբ նրանք իմ օգնության կարիքն ունեին։ Բացի այդ, ես դեռ նույնիսկ մկրտված չէի։ Հայրս նստեց ինձ հետ, մի քանի հարցեր տվեց՝ տեսնելու, թե արդյոք հասկանում եմ՝ ի՛նչ է իր մեջ ընդգրկում մկրտությունը։ Համոզվելով, որ մկրտվելու համար բավականաչափ հոգևոր առաջադիմություն եմ կատարել՝ ասաց. «Պետք է ընդունես այս նշանակումը»։ Այդպես էլ արեցի։

Մեկ շաբաթ անց Մագդեբուրգից հրավեր ստացա։ Երբ այդ մասին հայտնեցի երիտասարդական խմբի իմ ընկերներին, նրանք ցանկություն հայտնեցին ինձ ճանապարհելու որևէ ուրախ երգով։ Երբ իմացան, թե ո՛ր երգն եմ ընտրել, մի փոքր զարմացան՝ ասելով, որ շատ տխուր երգ է։ Այնուհանդերձ, ջութակների, մանդոլինների և կիթառների նվագակցությամբ բոլորը երգեցին. «Օ՜, այն հավատը, որ չի սասանվի, ինչ թշնամի էլ, որ դեմը ելնի»։ Այդ օրը ես դեռ չէի էլ կարող պատկերացնել, թե որքան են այդ բառերը ապագայում զորացնելու ինձ։

Փոթորկալից սկիզբը

Մագդեբուրգում իմ վարորդական ընդունակությունները ստուգելուց հետո եղբայրներն ինձ և չորս այլ ռահվիրաների տվեցին մի մեքենա, որից հետո մենք ուղևորվեցինք Շնայֆել՝ Բելգիայի մոտակայքում գտնվող շրջան։ Շուտով հասկացանք, որ ավտոմեքենան մեզ ուղղակի անհրաժեշտ էր։ Շրջանի կաթոլիկ եկեղեցուն մեծ զայրույթ էր պատճառել մեր գալուստը, և գյուղացիները, քահանաների կարգադրությամբ, հաճախ դարանակալում էին մեր ճանապարհներին։ Մի քանի անգամ մեքենայի շնորհիվ մի կերպ դուրս ենք պրծել նրանց եղանների ու բրիչների տակից։

1933 թ.–ի Հիշատակի երեկոյից հետո տարածաշրջանային վերակացու Փոլ Գրոսմենը հայտնեց, որ Ընկերության գործունեությունը Գերմանիայում արգելվել է։ Շատ չանցած մասնաճյուղից խնդրեցին մեքենայով մեկնել Մագդեբուրգ և այնտեղից գրականություն տանել Սաքսոնիա, որը Մագդեբուրգից մոտավորապես 100 կմ հեռավորության վրա էր գտնվում։ Նախքան իմ Մագդեբուրգ հասնելը գեստապոն (նացիստական գաղտնի ոստիկանությունը) կողպել էր Ընկերության մասնաճյուղը։ Թողնելով մեքենան Լայպցիգում մի եղբոր մոտ՝ ես վերադարձա տուն, սակայն ոչ երկար ժամանակով։

Շվեյցարիայի մասնաճյուղը հրավիրեց ինձ ռահվիրայություն անելու Նիդերլանդներում։ Մտադիր էի մեկնել մեկ կամ երկու շաբաթից, սակայն հայրս խորհուրդ տվեց անմիջապես ճանապարհ ընկնել։ Հետևեցի նրա խորհրդին և մի քանի ժամից մեկնեցի։ Հաջորդ օրը ոստիկանությունը եկել էր մեր տուն՝ ձերբակալելու ինձ՝ «դասալիքիս»։ Սակայն նրանք շատ էին ուշացել։

Ծառայությանս սկիզբը Նիդերլանդներում

1933 թ.–ի օգոստոսի 15–ին մտա Հեմստեդե՝ Ամստերդամից 25 կմ հեռավորության վրա գտնվող մի քաղաք։ Հաջորդ օրն իսկ դուրս եկա քարոզի, թեև հոլանդերեն մի բառ անգամ չգիտեի։ Ձեռքիս վկայության թերթիկ կար, որը մի քանի տող քարոզ էր պարունակում։ Իմ լավ օգնականն էր։ Որքա՜ն էի ոգևորվել, երբ մի կաթոլիկ կին վերցրեց «Հաշտություն» գիրքը։ Այդ օրը տարածեցի նաև 27 գրքույկ։ Օրվա վերջում ինձ համակել էր ցնծության զգացումը, որ կարող էի կրկին ազատ քարոզել։

Այդ օրերին ռահվիրաները ուրիշ եկամուտ չունեին, բացի այն նվիրատվություններից, որոնք ստանում էին գրականություն տարածելիս։ Հավաքված գումարը ծախսվում էր կերակուր և այլ անհրաժեշտ իրեր գնելու համար։ Եթե ամսվա վերջում չնչին գումար էր մնում, այն բաժանվում էր ռահվիրաների միջև՝ անձնական կարիքները հոգալու նպատակով։ Մենք նյութապես հարուստ չէինք, սակայն Եհովան այնքան լավ էր հոգ տանում մեր մասին, որ 1934 թ.–ին ես ի վիճակի էի ներկա գտնվել Շվեյցարիայում կայացած համաժողովին։

Հավատարիմ ընկերս

Համաժողովին հանդիպեցի տասնութամյա Էրիկա Ֆայնքին։ Մենք ծանոթ էինք դեռ մանկությունից. Էրիկան քրոջս՝ Մարգարիտայի ընկերուհին էր։ Ես միշտ հիացած էի ճշմարտության մեջ Էրիկայի բռնած ամուր դիրքով։ 1932–ին իր մկրտությունից շատ չանցած գեստապոյին տեղեկացվել էր, որ Էրիկան հրաժարվել է «Հա՛յլ Հիտլեր» ասելուց։ Գեստապոն անմիջապես գտել էր նրան ու բացատրություն պահանջել։ Էրիկան կարդացել էր Գործք 17։3 խոսքը և ասել, որ Աստված միայն մեկ մարդու է որպես փրկիչ նշանակել՝ Հիսուս Քրիստոսին։ «Կա՞ն էլի ոմանք, որ նույն կարծիքի են»,— հարցրել էր ոստիկանը։ Էրիկան ոչ մեկի անունը չէր տվել։ Իսկ երբ նրան սպառնացել էին, ասել էր, որ ավելի շուտ կմեռնի, քան որևէ մեկի անունը կտա։ Ոստիկանը սևեռուն հայացքով նրան չափչփելուց հետո բղավել էր. «Դո՛ւրս կորիր այստեղից, տո՛ւն գնա։ Հա՛յլ Հիտլեր»։

Համաժողովից հետո ես վերադարձա Նիդերլանդներ, իսկ Էրիկան մնաց Շվեյցարիայում։ Սակայն երկուսս էլ զգում էինք, որ մեր մտերմությունը հասունացել է։ Տեղեկանալով, որ գեստապոն սկսել է փնտրել իրեն՝ Էրիկան վճռեց տուն չվերադառնալ, այլ մնալ ու ռահվիրայություն անել Շվեյցարիայում։ Մի քանի ամիս անց Ընկերությունը խնդրեց նրան մեկնել Իսպանիա։ Էրիկան ռահվիրայությունը շարունակեց Մադրիդում, ապա Բիլբաոյում և Սան Սեբաստիանում։ Այստեղ, հոգևորականության հրահրած հետապնդումների հետևանքով, նրան իր գործընկերուհու հետ միասին բանտ նետեցին։ 1935 թ.–ին նրանց հրամայեցին հեռանալ Իսպանիայից։ Էրիկան եկավ Նիդերլանդներ, և նույն տարում մենք ամուսնացանք։

Հորիզոնում՝ պատերազմի սև ամպեր

Ամուսնանալուց հետո ռահվիրայությունը շարունակեցինք Հեմստեդեում, իսկ ավելի ուշ տեղափոխվեցինք Ռոտերդամ։ Այստեղ 1937 թ.–ին ծնվեց մեր որդին՝ Վոլֆգանգը։ Մեկ տարի անց տեղափոխվեցինք Գրոնինգեն՝ Նիդերլանդների հյուսիս, որտեղ մեկ տան մեջ ապրեցինք գերմանացի ռահվիրաների՝ Ֆերդինանդ և Հիլգա Հոլթորֆների ու նրանց աղջկա հետ։ 1938–ի հուլիսին Ընկերությունը մեզ զգուշացրեց հոլանդական կառավարության արձակած հրամանի մասին, ըստ որի, ազգությամբ գերմանացի Վկաները այլևս իրավունք չունեին քարոզել։ Այդ ժամանակ ես զոնալային ծառա (շրջանային վերակացու) էի նշանակվել, և մենք ընտանիքով տեղափոխվել էինք «Լիխդրաքեր» («Լուսակիր») անունով նավի վրա, որը օթեվան էր հանդիսանում Նիդերլանդների հյուսիսում ծառայող ռահվիրաների համար։ Այդ ժամանակ ես մեծամասամբ հեռու էի լինում իմ ընտանիքից՝ շրջագայելով մի ժողովից մյուսը՝ քաջալերելու եղբայրներին շարունակել իրենց ծառայությունը։ Իսկ եղբայրները այդպես էլ անում էին։ Ոմանք նույնիսկ լայնացրել էին իրենց գործունեության սահմանները։ Հիանալի օրինակ էր Վիմ Քետելարին։

Պատանի Վիմը թեև ընդունում էր ճշմարտությունը, սակայն գյուղատնտեսությամբ խիստ զբաղված լինելը նրան թույլ չէր տալիս հետագա քայլեր կատարել։ Երբ առաջին անգամ հանդիպեցինք, ասացի, որ եթե ուզում է Եհովային ծառայելու համար ժամանակ գտնել, հարկ կլինի մեկ ուրիշ աշխատանք փնտրել։ Այդպես էլ արեց։ Հաջորդ անգամ, երբ կրկին հանդիպեցինք, խրախուսեցի նրան ռահվիրայություն սկսել։ «Բայց չէ՞ որ մի կտոր հացի համար աշխատել է պետք»,— ասաց նա։ «Կունենաս այդ հացը,— պատասխանեցի ես,— Եհովան հոգ կտանի քո մասին»։ Վիմը ռահվիրայություն սկսեց։ Ավելի ուշ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, նա շրջագայող վերակացու էր ծառայում։ Այսօր Վիմն արդեն ութսուն տարեկան է, սակայն հիմա էլ ակտիվ է ծառայության մեջ։ Այն ժամանակ Եհովան իրոք որ հոգ էր տարել նրա մասին։

Արգելքի տակ ու հետապնդումների մեջ

1940 թ.–ի մայիսին, երբ մեր երկրորդ երեխայի՝ Ռայնայի ծնունդից գրեթե մեկ տարի էր անցել, հոլանդական բանակը հանձնվեց, և նացիստները գրավեցին Նիդերլանդները։ Հուլիսին գեստապոն զավթեց Ընկերության մասնաճյուղը տպարանի հետ միասին։ Հաջորդ տարվա ընթացքում իրար ետևից ձերբակալում էին Վկաներին. բռնվեցի և ես։ Լինելով Վկա և զորակոչային տարիքում գտնվող գերմանացի՝ դժվար չէր պատկերացնել, թե գեստապոն ինչ կանի ինձ հետ։ Ամեն կերպ ջանում էի հաշտվել այն մտքի հետ, որ այլևս չեմ տեսնելու կնոջս ու երեխաներիս։

1941–ի մայիսին գեստապոն ինձ ազատ արձակեց՝ պատվիրելով գնալ ու զինվորական ծառայության դիմում տալ։ Ականջներիս չէի կարող հավատալ։ Նույն օրը ընդհատակ անցա ու սկսեցի շարունակել շրջագայության աշխատանքս։ Անունս հայտնվեց գեստապոյի հետախուզական մատյանում։

Ինչպես էր ընտանիքս հաղթահարում դժվարությունները

Կինս ու երեխաներս տեղափոխվել էին Նիդերլանդների արևելքում գտնվող Վորդեն գյուղը։ Սակայն նրանց սպառնացող վտանգը նվազեցնելու համար կտրականապես պետք է սահմանափակեի իմ այցելությունները (Մատթէոս 10։16)։ Ապահովության համար եղբայրներն անունս դրել էին Դից Յան (Գերմանացի Ջոն)։ Նույնիսկ չորսամյա որդիս՝ Վոլֆգանգը չպետք է խոսեր «հայրիկի» մասին, այլ՝ «օմ Յանի» (քեռի Ջոն)։ Նրա համար էմոցիոնալ առումով դա շատ ծանր էր։

Մինչ ես փախուստների մեջ էի, Էրիկան հոգ էր տանում երեխաների մասին և քարոզում էր։ Երբ Ռեյնան երկու տարեկան էր, Էրիկան նրան նստեցնում էր հեծանիվի վրա հարմարեցված զամբյուղի մեջ և նրա հետ միասին մեկնում էր գյուղերը քարոզելու։ Թեև ուտելիքի պակասություն կար, սակայն ընտանիքս երբեք սոված չէր մնում (Մատթէոս 6։33)։ Կաթոլիկ գյուղացիներից մեկը, որի կարի մեքենան մի անգամ վերանորոգել էի, կարտոֆիլ էր տալիս Էրիկային ու ինձնից լուրեր էր փոխանցում։ Մի անգամ դեղատանը ինչ–​որ բան գնելիս Էրիկան մեկ գուլդեն էր մեկնել վաճառողին։ Վերջինս, իմանալով, որ Էրիկան փախուստի մեջ է և սննդամթերքի կտրոններ ձեռք բերել չի կարող, Էրիկայի ուզածի հետ միասին երկու գուլդեն էր վերադարձրել։ Կարեկցանքի նման արտահայտումներն օգնում էին Էրիկային հաղթահարել դժվարությունները (Եբրայեցիս 13։5)։

Ուս–ուսի տված աշխատում ենք խիզախ եղբայրների հետ

Այդ ընթացքում ես շարունակում էի այցելել ժողովները, թեև հանդիպում էի միայն ժողովների պատասխանատու եղբայրների հետ։ Իրավունք չունեի նույն տեղում մի քանի ժամից ավել մնալ, քանի որ գեստապոն աչք չէր կտրում ինձանից։ Եղբայրների ու քույրերի մեծամասնությանը թույլ չէր տրվում հանդիպել ինձ։ Նրանք ծանոթ էին միայն այն Վկաների հետ, որոնք պատկանում էին Աստվածաշնչի ուսումնասիրության իրենց փոքրիկ խմբին։ Օրինակ՝ քաղաքի տարբեր մասերում ապրող երկու հարազատ քույրեր միայն պատերազմից հետո էին իմացել, որ երկուսն էլ այդ ընթացքում Վկաներ են դարձել։

Ընկերության գրականության համար պահեստ փնտրելը իմ հաջորդ առաջադրանքներից մեկն էր։ Մենք թաքցնում էինք նաև անհրաժեշտության դեպքում «Դիտարանի» պատճենահանման համար նախատեսված թուղթը, ռոտատորները և գրամեքենաները։ Երբեմն հարկ էր լինում Ընկերության հրատարակած գրքերը մի թաքստոցից մյուսը տեղափոխել։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ երեսուն տուփ գրականություն տեղափոխեցի, միաժամանակ ջանալով մնալ աննկատ. ի՜նչ նյարդային աշխատանք էր դա։

Այդ ամենից բացի, Նիդերլանդների արևելյան ֆերմաներից սննդամթերք էինք տեղափոխում արևմուտքում գտնվող քաղաքները, չնայած դա արգելված էր։ Սննդամթերքը բեռնում էինք ձիով լծված սայլակին և ուղևորվում դեպի արևմուտք։ Գետի հասնելիս՝ կամրջով անցնել չէինք կարող, քանի որ բոլոր կամուրջները զինվորների հսկողության տակ էին. ստիպված էինք բեռը բարձել նավակների վրա, տեղափոխել մյուս ափ և ապա այնտեղ նորից բարձել մեկ ուրիշ սայլակի վրա։ Նշանակված վայրը հասնելուն պես՝ սպասում էինք մինչև մութն ընկնելը, ապա ձիու ոտքերին գուլպաներ էինք հագցնում և կամացուկ շարժվում դեպի ժողովի գաղտնի պահեստը։ Այնտեղից սննդամթերքը բաժանվում էր կարիքավոր եղբայրներին։

Եթե գերմանական բանակը հայտնաբերեր այդ պահեստներից որևէ մեկը, եղբայրները հեշտությամբ չէին ազատվի. մահվան սպառնալիք կար։ Այնուամենայնիվ, որոշ եղբայրներ օգնելու պատրաստակամություն էին հայտնում։ Ամերսֆորտ քաղաքում Բլյումինքների ընտանիքը իրենց հյուրասենյակը տրամադրել էր պահեստի համար, թեև գերմանական բանակի կայազորը նրանց քթի տակ էր։ Այսպիսի քաջ Վկաներն իրենց կյանքը վտանգի էին ենթարկում՝ հանուն եղբայրների։

Արգելքի այդ բոլոր տարիների ընթացքում Եհովան ինձ ու կնոջս օգնեց իրեն հավատարիմ մնալ։ 1945 թ.–ի մայիսին գերմանական բանակը պարտություն կրեց, և իմ փախստական ապրելակերպին վերջ դրվեց։ Ընկերությունը խնդրեց ինձ որոշ ժամանակ ևս շարունակել շրջագայական աշխատանքը, մինչև մեկ այլ եղբայր կնշանակվեր։ 1947 թ.–ից իմ գործը շարունակեց Բերտուզ Վան դեր Բելը։c Այդ ընթացքում ծնվել էր մեր երրորդ երեխան, և մենք տեղափոխվեցինք արևելք։

Տխրություն և ուրախություն

Պատերազմից հետո իմացա, որ տնից հեռանալուցս մեկ տարի անց հորս բանտարկել էին։ Նրան վատառողջության պատճառով երկու անգամ ազատ էին արձակել, սակայն կրկին ձերբակալել էին։ 1938–ի փետրվարին ուղարկել էին Բուխենվալդ, այնուհետև՝ Դախաու համակենտրոնացման ճամբար։ Այստեղ 1942–ի մայիսի 14–ին հայրս վախճանվել էր։ Մինչև մահ նա մնացել էր հավատարիմ։

Մայրս նույնպես ուղարկվել էր Դախաու։ Այնտեղ մնացել էր մինչև 1945–ին ազատագրվելը։ Ծնողներիս հավատարմության օրինակը մեծապես նպաստել է իմ ստացած հոգևոր օրհնություններին։ Մեզ համար մեծ պատիվ էր, երբ 1954–ին մայրս եկավ՝ մեզ հետ ապրելու։ Քույրս՝ Մարգարիտան, որը 1945–ից ի վեր ռահվիրայություն էր անում Արևելյան կոմունիստական Գերմանիայում, նույնպես միացավ մեզ։ Թեև մայրս հիվանդ էր, իսկ հոլանդերեն չէր խոսում, սակայն, մինչև 1957–ի հոկտեմբերին իր երկրային ընթացքն ավարտելը, շարունակում էր մասնակցել ծառայությանը։

Մեզ համար նշանակալի իրադարձություն եղավ նաև 1955 թ.–ին Նյուրնբերգի համաժողովը։ Երբ տեղ հասանք, Դրեզդենից եկած եղբայրները Էրիկային ասացին, որ նրա մայրը նույնպես ներկա է համաժողովին։ Դրեզդենը Արևելյան Գերմանիայի իշխանության տակ էր գտնվում, և արդեն քսանմեկ տարի էր, որ Էրիկան չէր տեսել մորը։ Վերջապես նրանք հանդիպեցին։ Ի՜նչ երջանիկ օր էր դա։

Ժամանակի ընթացքում մեր ընտանիքը աճեց. ունեինք արդեն ութ երեխա։ Դժբախտաբար, ավտովթարի ժամանակ մեր որդիներից մեկը զոհվեց։ Այնուհանդերձ, երջանիկ ենք՝ տեսնելու, որ մնացած մեր բոլոր երեխաները ծառայում են Եհովային։ Երջանիկ ենք, որ մեր ավագ որդի Վոլֆգանգն ու նրա կինը շրջագայական աշխատանքի մեջ են, իսկ նրանց որդին նույնպես շրջանային վերակացու է։

Շնորհակալ եմ Եհովային այն բանի համար, որ ականատես եմ եղել Նիդերլանդներում նրա գործի բարգավաճմանը։ Երբ 1933–ին ռահվիրայություն էի անում այստեղ, մոտավորապես հարյուր Վկա կար։ Այսօր նրանց թիվը հասել է ավելի քան 30 000–ի։ Թեև ֆիզիկապես արդեն նախկինը չենք, սակայն ես ու Էրիկան այժմ էլ ունենք նույն վճռականությունը՝ ապրելու անցած–​գնացած օրերի այն երգի բառերի հետ ներդաշնակ. «Օ՜, այն հավատը, որ չի սասանվի»։

[ծանոթագրություններ]

a «Եհովային փառաբանության երգեր» (1928 թ.), երգ 194։

b Կոպիցը (այժմ՝ Պիռնա) գտնվում է Էլբա գետի ափին, Դրեզդեն քաղաքից 18 կմ հեռավորության վրա։

c Եղբայր Վան դեր Բելի պատմությունը տեսեք 1998 թ. հունվարի 1–ի «Դիտարանում»՝ «Ճշմարտությունից լավ բան չկա» խորագրով (ռուս.)։

[նկար 23–րդ էջի վրա]

«Յուգենդգրուպը» դաշտի ծառայությունից հետո ընդմիջման ժամանակ

[նկար 24–րդ էջի վրա]

Ռահվիրա ընկերներիս հետ միասին ծառայում ենք Շնայֆելում. ես այստեղ քսան տարեկան եմ

[նկար 25–րդ էջի վրա]

Էրիկայի ու Վոլֆգանգի հետ 1940–ին

[նկար 26–րդ էջի վրա]

Ձախից աջ. Թոռս՝ Յոնաթանը, կնոջ՝ Միրիամի հետ, Էրիկան, ես, մեր որդի Վոլֆգանգը և նրա կինը՝ Յուլիան

Բանտում հորս հետ նստած մի եղբայր 1941 թ.–ին նկարել է հորս այս նկարը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը