Կյա՞նքդ, թե՝ քսակդ
Հավանաբար լսած կլինեք այն ավազակների մասին, որոնք, զենքը պահելով իրենց զոհի ճակատին, պահանջում էին՝ «կյանքդ կամ քսակդ»։ Այսօր մեզանից շատերը՝ հատկապես նրանք, ովքեր ապրում են հարուստ երկրներում, կանգնած են այս դժվարին երկընտրանքի առջև։ Այս անգամ, սակայն, պահանջ ներկայացնողը ավազակը չէ։ Ավելի ճիշտ, այդ դերում հանդես է գալիս հասարակությունը՝ մարդկանց հանրություն, որոնք ավելի մեծ նշանակություն են տալիս դրամին և նյութական բարգավաճմանը։
Նյութականին այդքան մեծ նշանակություն տալը հարցերի և մտահոգությունների մի ամբողջ նոր շարան է առաջ բերում։ Ի՞նչ գնով է հարկավոր դրամ և նյութական ստացվածք ձեռք բերելուն ձգտել։ Արդյոք կարո՞ղ ենք բավարարվել քչով։ Իրականում մարդիկ «ճշմարիտ կյանքը» չե՞ն զոհաբերում, արդյոք, նյութապաշտության զոհասեղանին։ Մի՞թե դրամը երջանիկ կյանքի տոմսակ է։
Մոլուցք՝ դրամի հանդեպ
Մարդկանց ցանկությունների և կրքերի մեջ, լինեն դրանք օրինական, թե՝ ոչ, սերը փողի հանդեպ գերազանցում է ամեն բանի։ Ի տարբերություն սեռական պահանջին և ուտելու ցանկությանը՝ փողի հանդեպ մոլուցքը կարող է անվերջանալի և անփոփոխ լինել։ Ծերությունն էլ չի մեղմացնում այդ տենչանքը։ Շատ դեպքերում մարդ որքան տարիքն առնում է, այնքան նրան ավելի է սկսում հետաքրքրել փողը և այն, թե նա ինչ կարող է դրանով գնել։
Թվում է՝ ագահության դրսևորումներն ավելի են շատանում։ Մի հանրաճանաչ ֆիլմի գլխավոր դերակատար այսպես արտահայտվեց. «Ագահությունը գործում է։ Ագահությունն օգտակար է»։ Թեև շատերը 1980–ական թվականները համարում են Ագահության ժամանակաշրջան, սակայն այն, ինչ տեղի էր ունեցել դրանից առաջ և ինչ տեղի ունեցավ հետո, ցույց է տալիս, որ տարիների ընթացքում փողի հանդեպ մարդկանց մոտեցումը քիչ է փոխվել։
Հավանաբար նորությունը միայն այն է, որ շատերը ավելին ունենալու իրենց ցանկությունը անհապաղ բավարարելու հնարավորություններ են տեսնում։ Թվում է, թե մարդկության մեծամասնությունը իր ժամանակի և ուժերի մեծ մասը վատնում է ավելի ու ավելի շատ ապրանքներ արտադրելու և ձեռք բերելու վրա։ Երևի թե համաձայնվեք, որ մեր օրերում մարդիկ ստեղծում են ամեն հնարավոր միջոց՝ միայն թե բավարարեն նյութական բարիքներ և ծախսելու փող ունենալու իրենց անզուսպ ցանկությունը։
Բայց արդյունքում մի՞թե մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում։ Պատասխանելով այդ հարցին՝ իմաստուն և մեծահարուստ Սողոմոն թագավորը դեռևս 3 000 տարի առաջ այսպիսի խոսքեր է գրել. «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ, եւ ոչ էլ հարստութիւն սիրողը՝ եկամուտից. սա էլ է ունայն» (Ժողովող 5։10)։ Ի դեպ, ժամանակակից հասարակագիտությունն էլ նման հետաքրքիր եզրակացության է հանգում։
Դրամը և երջանկությունը
Մարդկային վարքագծի վերաբերյալ ամենազարմանալի հայտնագործություններից մեկն այն է, որ դրամ և նյութական իրեր կուտակելը դեռևս չի նշանակում, որ դրան զուգահեռ ավելանում է մարդու բավարարվածության ու երջանկության զգացումը։ Այն, ինչին հանգել են շատ հետազոտողներ, կայանում է նրանում, որ երբ մարդը հարստության որոշակի մակարդակի է հասնում, տեսնում է, որ բավարարվածության ու երջանկության զգացումը կախված չէ իր ձեռք բերած հարստության քանակից։
Ուստի՝ նյութական բարիքներին և դրամին անզսպորեն հետամուտ լինելը շատերին ստիպում է, որ իրենք իրենց այսպիսի հարց տան. «Կարծես թե վայելում ենք նոր գնած ամեն մի իր, սակայն, վերջին հաշվով, ինչո՞ւ այս հաճույքները բավարարվածության ավելի մեծ զգացում մեզ չեն պատճառում»։
Ջոնաթան Ֆրիդմենն իր՝ «Երջանիկ մարդիկ» գրքում գրում է. «Հենց մի փոքր եկամուտ ես ստանում, տեսնում ես, թե որքան չնչին է փողի դերը երջանկություն բերելու հարցում։ Երբ մարդ անհրաժեշտ մինիմումից ավելին է ձեռք բերում, նկատում է, որ եկամտի և երջանկության միջև կապը չափազանց փոքր է» («Happy People»)։ Շատերը ի վերջո հասկացել են, որ հոգևոր հարստությունը, կյանքում իմաստալից զբաղմունքն ու բարոյական արժեքներն են, որ իրականում նպաստում են մարդու երջանկությանը։ Պակաս կարևոր չէ նաև մարդկանց հետ լավ փոխհարաբերություններ ունենալը և հեռու մնալը կոնֆլիկտներից ու քաշքշուկներից, որոնք կարող են խոչընդոտել մեր ունեցածը վայելելուն։
Շատերն են գտնում, որ ներկայիս սոցիալական գրեթե բոլոր դժվարությունների պատճառն այն է, որ մարդիկ իրենց ներքին խնդիրները փորձում են լուծել նյութականի միջոցով։ Որոշ սոցիոլոգներ մատնանշում են տիրող հոռետեսության և դժգոհության ոգու առկայությունը։ Նրանք նաև նշում են, որ ունևոր խավի մարդիկ հաճախ են օգնության համար դիմում հոգեբույժներին։ Ոմանք էլ կյանքի իմաստ և հոգեկան անդորր գտնելու հարցում դիմում են գուրուների, աղանդների և բուժումներով զբաղվող խմբերի օգնությանը։ Այս ամենը վկայում է այն մասին, որ նյութական բարիքները կյանքը ճշմարտապես չեն իմաստավորում։
Դրամի զորությունն ու անզորությունը
Ինչ խոսք, դրամը զորություն ունի։ Նրանով կարելի է գեղեցիկ տներ, ընտիր հագուստներ և շքեղ կահավորանք գնել։ Նաև կարելի է քծնանք, հաճոյակատարություն և շողոքորթություն «գնել», նույնիսկ՝ ժամանակավորապես սիրալիր ընկերներ գտնել։ Բայց այսքանով նրա զորությունը սահմանափակվում է։ Այն, ինչի կարիքն ավելի շատ ունենք, դրամով չենք կարող գնել. այն է՝ իսկական ընկերոջ կողմից դրսևորվող սեր, մտքի խաղաղություն, մահվան պահին՝ հույսի շող։ Եվ նրանք, ովքեր թանկ են գնահատում Արարչի հետ իրենց փոխհարաբերությունը, հասկանում են, որ փողով անհնար է գնել Աստծո հաճությունը։
Սողոմոն թագավորը, որը վայելքի համար ուներ ամեն բան, ինչը որ հնարավոր էր դրամով գնել իր օրերում, գիտակցում էր, որ նյութական ստացվածքի վրա հույս դնելով չեն հանում հարատև երջանկության (Ժողովող 5։12–15)։ Փողը կարող է արժեզրկվել կամ էլ կորչել բանկի սնանկանալու պատճառով։ Ուժգին փոթորիկը կարող է կործանել անշարժ գույքը։ Ապահովագրության վկայականները, որոնք թեև որոշ չափով վերադարձնում են նյութական վնասը, բայց ի վիճակի չեն վճարելու էմոցիոնալ կորստի դիմաց։ Բաժնետոմսերն ու պարտատոմսերը հանկարծակի՝ մի գիշերվա մեջ, կարող են արժեզրկվել։ Նույնիսկ լավ վարձատրվող աշխատանքը կարող է այսօր լինել, իսկ վաղը՝ ոչ։
Ուրեմն՝ ինչպե՞ս կարող ենք փողի հանդեպ հավասարակշռվածություն ունենալ։ Դրամն ու նյութական բարիքները ի՞նչ դեր պետք է խաղան մեր կյանքում։ Կարդացեք հաջորդ հոդվածը՝ տեսնելու համար, թե ինչպես կարելի է ունենալ մի բան, որն իրապես արժեքավոր է՝ «ճշմարիտ կյանք»։
[նկարներ 4–րդ էջի վրա]
Նյութական հարստությունը հարատև երջանկություն չի բերում