Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 12/15 էջ 5–8
  • Ով էր Հիսուսն իրականում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ով էր Հիսուսն իրականում
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հիմնավոր կասկածնե՞ր
  • Հիսուսի հետքերով
  • Հիսուսն իրականում
  • Հիսուսն ու ձեր ապագան
  • Հիսուս Քրիստոս. ձեր հարցերի պատասխանները
    2012 Դիտարան
  • Պարականոն ավետարաններ. Հիսուսի մասին նոր ճշմարտություննե՞ր
    2012 Դիտարան
  • Որքանո՞վ են արժանահավատ Ավետարանները
    2008 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 40. Մատթեոս
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
2001 Դիտարան
w01 12/15 էջ 5–8

Ով էր Հիսուսն իրականում

Առաքյալներից տեղեկանալով, թե մարդիկ ինչ են մտածում իր մասին՝ Հիսուսը հարցրեց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»։ Ըստ Մատթէոսի ավետարանի՝ Պետրոս առաքյալը տվեց հետևյալ պատասխանը. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթէոս 16։15, 16)։ Մյուս աշակերտները համաձայն էին նրա հետ։ Նաթանայելը, որը հետագայում դարձավ նրա առաքյալներից մեկը, ասել էր. «Ռաբբի՛, դո՛ւ ես Աստծու Որդին, դո՛ւ ես Իսրայէլի թագաւորը» (Յովհաննէս 1։49)։ Հիսուսն ինքն էլ էր խոսել իր կարևոր դերի մասին՝ ասելով. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը։ Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով» (Յովհաննէս 14։6)։ Տարբեր առիթներով նա իրեն անվանել էր «Աստծու Որդի» և ապացուցել դա՝ հրաշքներ գործելով, մինչև իսկ՝ մահացածներին վերակենդանացնելով (Յովհաննէս 5։24, 25; 11։4)։

Հիմնավոր կասկածնե՞ր

Իսկ, արժե՞ արդյոք վստահել այն բանին, թե ինչպես է Ավետարաններում ներկայացված Հիսուսը։ Արդյո՞ք այնտեղ տրվում է նրա իսկական բնութագիրը։ Հանգուցյալ Ֆրեդերիկ Բրուսը՝ Մանչեստրի համալսարանի (Անգլիա)՝ Աստվածաշնչի քննադատության և վերլուծության բնագավառի պրոֆեսոր, ասել է. «Սովորաբար հնարավոր չէ հին արձանագրությունների (աստվածաշնչյան են, թե՝ ոչ) յուրաքանչյուր մանրամասնության ճշմարտացիությունն ապացուցելու համար պատմական փաստարկներ բերել։ Բավական է հիմնավոր ապացույցներ ունենալ այն բանի վերաբերյալ, որ գրողին, ընդհանուր առմամբ, կարելի է վստահել. եթե դրանք կան, ապա նրա հաղորդած մանրամասնությունները պետք է որ ճիշտ լինեն.... Եթե քրիստոնյաները Նոր Կտակարանը համարում են «սուրբ» գրականություն, դա դեռ չի նշանակում, որ պատմական տեսանկյունից այն վստահելի չէ»։

Ուսումնասիրելով Ավետարաններում ներկայացված Հիսուսի վերաբերյալ եղող կասկածները՝ Ջեյմսթաունի քոլեջի (Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ) կրոնագիտության պրոֆեսոր Ջեյմս Էդվարդսը գրեց. «Մենք ամենայն վստահությամբ կարող ենք ասել, որ Ավետարանները Հիսուսի մասին բազմազան փաստեր են պարունակում.... Իսկ ինչո՞ւ է Հիսուսն այդ կերպով ներկայացվում այնտեղ։ Հարցի ամենատրամաբանական պատասխանն այն է, որ տվյալ նկարագրության նպատակն է՝ ցույց տալ, թե ով էր Հիսուսն իրականում։ Ավետարաններում ամենայն ճշգրտությամբ պահպանվել են Հիսուսի հետևորդների տպավորությունները նրա մասին. օրինակ՝ որ նա իրոք Աստծո կողմից էր ուղարկված և առանձնաշնորհում ուներ նրա որդին և ծառան լինելու»։a

Հիսուսի հետքերով

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն ոչ աստվածաշնչյան աղբյուրների մասին, որոնցում հիշատակվում է Հիսուսը։ Ի՞նչ գնահատականի են դրանք արժանացել։ Նրա մասին բազմաթիվ հիշատակումներ կան Տակիտոսի, Սվետոնիոսի, Հովսեպոսի, Պլինիոս Կրտսերի և ուրիշ մի քանի դասական գրողների գործերում։ Այդ կապակցությամբ «Նոր բրիտանական հանրագիտարանում» («The New Encyclopædia Britannica», 1995) ասվում է. «Այս՝ իրարից անկախ արձանագրություններն ապացուցում են, որ հնում նույնիսկ քրիստոնեության հակառակորդները երբեք չեն կասկածել, որ Հիսուսն իրական անձնավորություն է եղել. մի բան, որ առաջին անգամ անհիմն կասկածի է ենթարկվել 18–րդ դարի վերջում, 19–րդ դարում և 20–րդի սկզբում»։

Ցավոք, «իրական», կամ «պատմական» Հիսուսին որոնելիս ժամանակակից գիտնականներն իրենց անհիմն ենթադրություններով, անտեղի կասկածներով և չապացուցված թեորիաներով աղավաղել են նրա իսկական էությունը։ Որոշ չափով նրանք են պատասխանատու այն բանի համար, որ Ավետարանների գրողներին անիրավացիորեն դասում են առասպելագիրների շարքը։ Ոմանք այնքան են տարված իրենց հեղինակությունը ուրիշների աչքերում բարձրացնելու և նոր թեորիայի հեղինակի անուն վաստակելու ցանկությամբ, որ թերանում են Հիսուսի մասին եղող փաստերը ազնվորեն քննելուց։ Որպես հետևանք՝ ստեղծվել է մի այնպիսի «Հիսուս», որը գիտնականների երևակայության արդյունքն է։

Նրանք, ովքեր ցանկանում են իմանալ, թե ով էր Հիսուսն իրականում, պետք է դիմեն Աստվածաշնչին։ Ըստ Լյուկ Ջոնսոնի (Էմորի համալսարանին կից Քանդլերի աստվածաբանական դպրոցի՝ Նոր Կտակարանի և քրիստոնեության սկզբնաղբյուրների բնագավառի պրոֆեսոր)՝ Հիսուսի պատմական կերպարը հետազոտելիս մեծամասամբ անտեսվում է Աստվածաշնչի նպատակը։ Նա գտնում է, որ հետաքրքիր կլինի ուսումնասիրել Աստվածաշնչի այն հատվածները, որոնք վերաբերում են Հիսուսի ապրած ժամանակաշրջանի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքին, ինչպես նաև մարդաբանությանը։ Նաև ավելացնում է, որ գիտնականների կողմից «Հիսուսի պատմական կերպարի» վերլուծությունը «հեռու է Աստվածաշնչի նպատակը լինելուց»։ Աստվածաշունչը «ավելի շուտ կենտրոնանում է Հիսուսի բնավորության գծերի նկարագրության», ինչպես նաև նրա հաղորդած լուրի և որպես Փրկիչ նրա դերի վրա։ Եվ այսպես, իրականում ի՞նչ բնավորություն ուներ Հիսուսը և ո՞րն էր նրա հաղորդած լուրը։

Հիսուսն իրականում

Ավետարանները՝ Հիսուսի կյանքը նկարագրող աստվածաշնչյան չորս հաղորդագրությունները, ներկայացնում են նրան որպես ուրիշներին մեծապես կարեկցող մի անձնավորության։ Խղճահարությունն ու գութը մղեցին Հիսուսին օգնել այն մարդկանց, որոնք տառապում էին հիվանդությունից, կուրությունից և ուրիշ ցավերից (Մատթէոս 9։36; 14։14; 20։34)։ Իր ընկեր Ղազարոսի մահը և նրա քույրերի վիշտը տեսնելով՝ Հիսուսը ‘խռովվեց հոգում և արտասվեց’ (Յովհաննէս 11։32–36)։ Ի դեպ, Ավետարաններում մանրամասնորեն նկարագրվում են Հիսուսի զգացմունքները՝ կարեկցանք բորոտությամբ տառապող մարդու հանդեպ, զայրույթ սառնասիրտ օրենսգետների նկատմամբ, ուրախություն իր աշակերտների հաջողությունների համար և տխրություն՝ որ Երուսաղեմը մերժում է Մեսիային։

Հրաշք գործելիս Հիսուսը հաճախ ցույց էր տալիս, որ օգնություն ստացած անհատը ևս իր լուման է ունեցել դրանում՝ նշելով. «Քո հաւա՛տը քեզ փրկեց» (Մատթէոս 9։22)։ Նաթանայելին գովեց՝ անվանելով «իսկական մի իսրայէլացի» ու ասելով. «[Նրա] մէջ նենգութիւն չկայ» (Յովհաննէս 1։47)։ Իսկ երբ մի կին իր երախտագիտությունն արտահայտելու համար նվեր մատուցեց նրան՝ արժանանալով, սակայն, ոմանց քննադատությանը, Հիսուսը պաշտպանեց նրան՝ ասելով, որ իր մեծահոգության մասին դեռ երկար կհիշվի (Մատթէոս 26։6–13)։ Լինելով իր աշակերտների մտերիմ բարեկամն ու հոգատար գործընկերը՝ Հիսուսն ‘ի սպառ սիրեց նրանց’ (Յովհաննէս 13։1; 15։11–15)։

Ավետարաններից նաև երևում է, որ Հիսուսն անմիջապես հասկանում էր, թե ինչ կա մարդու սրտում։ Եվ անկախ այն բանից, թե ում հետ էր նա խոսում՝ կնոջ հետ ջրհորի մոտ, կրոնական ուսուցչի հետ այգում, թե ձկնորսի հետ լճի ափին, միանգամից կարողանում էր հասնել նրանց սրտերին։ Հենց որ Հիսուսը սկսում էր խոսել, մարդկանցից շատերն իրենց ամենածածուկ գաղտնիքներն էին հայտնում նրան։ Նրա խոսքը արձագանք էր գտնում մարդկանց սրտում։ Մարդիկ, որ ցանկանում էին հեռու մնալ իշխանություն ունեցողներից, միշտ էլ խմբված էին լինում Հիսուսի շուրջ։ Մարդկանց դուր էր գալիս շփվել նրա հետ. նրանք իրենց հանգիստ էին զգում։ Հիսուսի հետ անկաշկանդ էին նույնիսկ երեխաները։ Իսկ առաքյալների համար օրինակ բերելիս նա մի երեխայի ոչ թե պարզապես կանգնեցրեց նրանց առջև, այլ «իր գիրկն առավ» (Մարկոս 9։35; 10։13–16)։ Ինչպես երևում է Ավետարաններից՝ Հիսուսն այնքան հաճելի անձնավորություն էր, որ մարդիկ պատրաստ էին երեք օր նրա հետ մնալ՝ միայն թե լսեին նրան (Մատթէոս 15։32)։

Հիսուսի կատարելությունը նրան չդարձրեց չափազանց բծախնդիր, գոռոզ կամ իշխանատենչ իրեն շրջապատող անկատար և մեղքի լծի տակ գտնվող մարդկանց նկատմամբ, ում նա քարոզում էր (Մատթէոս 9։10–13; 21։31, 32; Ղուկաս 7։36–48; 15։1–32; 18։9–14)։ Հիսուսը պահանջկոտ չէր և մարդկանց վրա «բեռ» չէր ավելացնում։ Ընդհակառակը՝ նա ասաց. «Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ.... եւ ես ձեզ կը հանգստացնեմ [«թարմություն կտամ», ՆԱ]»։ Հիսուսի աշակերտները գտնում էին, որ նա «հեզ է եւ սրտով խոնարհ». իր լուծը քաղցր էր, իսկ բեռը՝ թեթև (Մատթէոս 11։28–30)։

Ակներևաբար, Ավետարանները ճշգրիտ կերպով են ներկայացնում Հիսուսին։ Բանն այն է, որ եթե այդ անձնավորությունը երբեք գոյություն ունեցած չլիներ, ապա չորս տարբեր մարդկանց համար գրեթե անհնար կլիներ մի այդպիսի ոչ սովորական կերպար ստեղծել, իսկ հետո հետևողականորեն ներկայացնել այն չորս տարբեր պատմությունների միջոցով՝ ընդ որում տալով նույն նկարագրությունը։

Մտածելու տեղիք է տալիս Պատմաբան Մայքլ Գրանտի հարցը. «Ինչպե՞ս է հնարավոր, որ առանց որևէ բացառության բոլոր Ավետարաններում զարմանալի պարզությամբ նկարագրվի մի հաճելի երիտասարդ, որն ազատորեն շփվում էր ամեն տեսակի, այդ թվում նաև վատ համբավ ունեցող կանանց հետ՝ չցուցաբերելով սենտիմենտալության, արհեստականության կամ սեթևեթանքի նշույլ անգամ, և նույնիսկ մանրուքներում պահպանվի բնավորության ընդհանուր բնութագիրը»։ Խելքին մոտ պատասխանն այն է, որ այդ մարդն իրականում եղել է և գործել այնպես, ինչպես նկարագրված է Աստվածաշնչում։

Հիսուսն ու ձեր ապագան

Հիսուսի երկրային կյանքը ճշգրտորեն նկարագրելուց բացի, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ նա մինչմարդկային գոյություն է ունեցել՝ լինելով Աստծո միածին Որդի, «անդրանիկը բոլոր արարածների» (Կողոսացիս 1։15)։ Քսան դար առաջ Աստված իր երկնային Որդու կյանքը տեղափոխեց մի հրեա կույսի արգանդը, որպեսզի նա ծնվի իբրև մարդ (Մատթէոս 1։18)։ Իր երկրային ծառայության ժամանակ Հիսուսը քարոզել է այն մասին, որ տառապող մարդկության միակ հույսը Աստծո Թագավորությունն է, և իր աշակերտներին նախապատրաստել այդ քարոզչական գործը շարունակելու (Մատթէոս 4։17; 10։5–7; 28։19, 20)։

Մ.թ. 33 թ. նիսանի 14–ին (մոտավորապես ապրիլի 1–ին) Հիսուսին ձերբակալեցին, տանջեցին, դատապարտեցին և մահապատժի ենթարկեցին՝ ամբաստանելով ապստամբություն հրահրելու մեջ (Մատթէոս 26։18–20, Մթ 26։48–27։50)։ Հիսուսի մահը ծառայեց որպես փրկագին, ինչը բոլոր իրեն հավատացող մարդկանց համար մեղավոր վիճակից ազատվելու և, այդպիսով, հավիտենական կյանք ստանալու հնարավորություն ստեղծեց։ (Հռովմայեցիս 3։23, 24; Ա Յովհաննէս 2։2)։ Նիսանի 16–ին Հիսուսը հարություն առավ և կարճ ժամանակ հետո նորից բարձրացավ երկինք (Մարկոս 16։1–8; Ղուկաս 24։50–53; Գործք 1։6–9)։ Որպես Եհովայի կողմից նշանակված Թագավոր՝ հարություն առած Հիսուսը լիազորություն է ստացել մարդկության նկատմամբ Աստծո սկզբնական նպատակը իրականացնելու (Եսայիա 9։6, 7; Ղուկաս 1։32, 33)։ Այո՛, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստծո նպատակների իրականացման մեջ Հիսուսը գլխավոր դեր է խաղում։

Առաջին դարում ապրող բազմաթիվ մարդիկ ընդունում էին Հիսուսին որպես խոստացած Մեսիա, կամ Քրիստոս, որը երկիր է ուղարկվել Եհովայի գերիշխանությունը արդարացնելու և մարդկության համար իր կյանքը փրկագին տալու նպատակով (Մատթէոս 20։28; Ղուկաս 2։25–32; Յովհաննէս 17։25, 26; 18։37)։ Դժվար թե Հիսուսի աշակերտ լինելու համար մարդիկ պատրաստ լինեին դիմանալ դաժան հալածանքների, եթե վստահ չլինեին այն բանում, որ նա իրոք եղել է։ Ընդհակառակը՝ համարձակությամբ և նախանձախնդրորեն նրանք ձեռնամուխ եղան Հիսուսի հանձնարարության կատարմանը. «Աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին» (Մատթէոս 28։19)։

Այսօր միլիոնավոր անկեղծ քրիստոնյաներ գիտեն, որ Հիսուսը առասպելական կերպար չէ, և ընդունում են նրան որպես Աստծո հաստատված Թագավորության գահակալող Թագավոր, որը շուտով ամբողջ երկիրը իր վերահսկողության տակ է վերցնելու. և նրանց այդ վստահությունը անհիմն չէ։ Աստծո կողմից հաստատված այս կառավարության մասին լուրը իրոք որ բարի է, քանի որ այդ ճանապարհով կլուծվեն աշխարհի բոլոր պրոբլեմները։ Քարոզելով «արքայութեան այս Աւետարանը»՝ ճշմարիտ քրիստոնյաները ցույց են տալիս իրենց հավատարմությունը Եհովայի կողմից նշանակված Թագավորի նկատմամբ (Մատթէոս 24։14)։

Նրանք, ովքեր աջակցում են կենդանի Աստծո Որդու՝ Քրիստոսի կողմից կառավարվող Թագավորությանը, հավիտյան օրհնություններ կվայելեն։ Այդ օրհնությունները կարող են նաև ձերը դառնալ։ Այս պարբերագրի հրատարակիչները մեծ ուրախությամբ կօգնեն ձեզ ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել Հիսուսի մասին։

[ծանոթագրություն]

a Ավետարանների հաղորդագրությունը մանրամասն ուսումնասիրելու համար տես Եհովայի վկաների կողմից հրատարակված «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խոսքն է, թէ Մարդոց» գրքի 5–7 գլուխները։

[շրջանակ/նկար 6–րդ էջի վրա]

Մի քանի ուրիշ կարծիքներ

«Ես կարծում եմ, որ Նազովրեցի Հիսուսը աշխարհի մեծագույն ուսուցիչներից մեկն է.... Հնդիկներին կասեի, թե՝ դուք լիարժեք կյանքով ապրած չեք լինի, եթե չուսումնասիրեք և ակնածալից վերաբերմունք չցուցաբերեք Հիսուսի ուսմունքների նկատմամբ» (Մոհանդաս Գանդի, «Հիսուս Քրիստոսի լուրը», անգլ.)

«Դա մի այնպիսի յուրահատուկ կերպար է, այնքան անթերի, իր սկզբունքներին այնքան հավատարիմ, այնքան կատարյալ, այնքան մարդկային և այնքան բարձր, որ մարդկությունն իր ամբողջ մեծությամբ նույնիսկ չի համեմատվի նրա հետ. նա պարզապես չի կարող հորինված լինել.... Հիսուսի կերպարը կկարողանար ստեղծել միայն նրանից ավելի վեհ անձնավորությունը» (Ֆիլիպ Շաֆ, «Քրիստոնեական եկեղեցու պատմությունը», անգլ.)

«Եթե մի քանի հասարակ մարդիկ, ընդ որում միևնույն սերնդի ներկայացուցիչներ, կարողանային ստեղծել այդքան հզոր ու գրավիչ մի կերպար և այդքան բարձր բարոյականություն, կարողանային այդքան ոգևորիչ կերպով պատկերել մարդկային եղբայրությունը, դա մի այնպիսի հրաշք կլիներ, որը կգերազանցեր Ավետարաններում նկարագրված բոլոր հրաշքները» (Ուիլ Դյուրանտ, «Կայսրը և Քրիստոսը», անգլ.)

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ իրականում ապրած մարդիկ, որոնց գոյությունն անհերքելի է, ապարդյուն ջանքեր են գործադրել կրոններ հիմնադրելու՝ անհավանական է թվում, որ աշխարհում լայն ճանաչում գտած կրոնի տարածմանը նպաստած լինի այնպիսի անձնավորություն, որը երբևիցե չի ապրել, այլ հորինվել է որպես գովազդի հնագույն միջոց» (Գրեգ Իսթերբրուկ, «Խաղաղ ջրերի մոտ», անգլ.)

‘Որպես գրականության պատմության մասնագետ հաստատ համոզված եմ, որ Ավետարանները, ինչ էլ որ լինեն, համենայնդեպս, առասպելներ չեն։ Նրանք նման չեն առասպելներին, որոնք լի են խաբեությամբ։ Հիսուսի կյանքի մեծ մասը հայտնի չէ, իսկ առասպել հորինող ոչ մի մարդ նման բան չէր անի’ (Ք. Լյուիս, «Աստված՝ մեղադրյալի աթոռին», անգլ.)

[նկարներ 7–րդ էջի վրա]

Ավետարաններում մանրամասնորեն նկարագրվում են Հիսուսի զգացմունքները

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը