Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 1/15 էջ 16–20
  • Շարունակենք բարություն դրսևորել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Շարունակենք բարություն դրսևորել
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Լույսի պտուղ
  • Ոգու պտուղ
  • «Բարի՛ն գործիր»
  • «Ուշադրությո՛ւն դարձրեք»
  • Բարի գործերը լավ արդյունքներ են բերում
  • Շարունակենք «բարին գործել»
  • Եհովան բարության մեծագույն օրինակն է
    2002 Դիտարան
  • «Որքա՜ն մեծ է նրա բարությունը»
    Մոտեցիր Եհովային
  • Առաքինություն. ինչպե՞ս զարգացնել
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Բարեսիրություն
    Աստվածաշնչի ըմբռնում
Ավելին
2002 Դիտարան
w02 1/15 էջ 16–20

Շարունակենք բարություն դրսևորել

«Լուսոյ պտուղներն են բարութիւնը, արդարութիւնը եւ ճշմարտութիւնը» (ԵՓԵՍԱՑԻՍ 5։9)։

1. Ինչպե՞ս են այսօր միլիոնավոր մարդիկ ցույց տալիս, որ համաձայն են Սաղմոս 31։19 խոսքի հետ։

ՄԵԾԱԳՈՒՅՆ բարիքը, որ մարդ կարող է գործել, Եհովային փառք բերելն է։ Այսօր այդպես են վարվում միլիոնավոր մարդիկ՝ գովաբանելով նրան իր բարության համար։ Որպես Եհովայի հավատարիմ վկաներ՝ մենք լիովին համաձայն ենք սաղմոսերգուի հետ, որ երգեց. «Քանի՜ մեծ է քո բարութիւնը, որ պահեցիր քեզանից վախեցողների համար» (Սաղմոս 31։19)։

2, 3. Ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե թերանանք բարի վարք ցուցաբերել՝ աշակերտ պատրաստելու գործին զուգընթաց։

2 Աստծո հանդեպ խոր պատկառանքից մղված՝ կամենում ենք գովերգել նրա բարությունը։ Պատկառանքը մղում է նաև գոհանալ Եհովայից, օրհնել նրան և «իմացնե[լ].... նորա թագաւորութեան փառաւոր մեծութիւնը» (Սաղմոս 145։10–13)։ Ահա թե ինչու ենք եռանդով մասնակցում Թագավորությունն ավետելու և աշակերտներ պատրաստելու գործին (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Իհարկե, մեր քարոզչական գործունեությունը պետք է նաև ուղեկցվի բարի վարքով, հակառակ դեպքում անարգած կլինենք Եհովայի սուրբ անունը։

3 Կան մարդիկ, որ պնդում են, թե երկրպագում են Աստծուն, բայց իրենց վարքը չի համապատասխանում Նրա ներշնչյալ Խոսքում սահմանված չափանիշներին։ Դիմելով այդպիսիներին, ում խոսքն ու գործը չէին համապատասխանում իրար՝ Պողոս առաքյալն ասաց. «Արդ դու՝ որ ուրիշին սովորեցնում ես, քո անձին չե՞ս սովորեցնում. դու որ քարոզում ես չ’գողանալ, գողանու՞մ ես։ Որ ասում ես շնութիւն չ’գործել՝ շնութիւ՞ն ես գործում.... Աստուծոյ անունը ձեր պատճառովը հայհոյվում է հեթանոսների մէջ, ինչպէս եւ գրուած է» (Հռովմայեցիս 2։21, 22, 24, ԱԹ)։

4. Ի՞նչ ազդեցություն է գործում մեր բարի վարքը։

4 Մենք չենք կամենում անարգել Եհովայի անունը, ընդհակառակը, ջանում ենք բարի վարքով փառավորել այն։ Դա լավ ազդեցություն է գործում շրջապատի մարդկանց վրա։ Նախևառաջ՝ այդպիսով կարողանում ենք լռեցնել մեր հակառակորդներին (Ա Պետրոս 2։15)։ Իսկ որ ավելի կարևոր է՝ մեր բարի վարքը ձգում է մարդկանց դեպի Եհովայի կազմակերպությունը՝ ճանապարհ բացելով նրանց առջև, որպեսզի փառք բերեն Աստծուն ու հավիտենական կյանք ստանան (Գործք 13։48)։

5. Ի՞նչ հարցեր են քննարկման արժանի։

5 Անկատար լինելով հանդերձ՝ ինչպե՞ս կարող ենք խուսափել այնպիսի վարքից, որը կանարգեր Եհովային և գայթակղություն կհանդիսանար ճշմարտությունը փնտրողների ճանապարհին։ Եվ իրոք, ինչպե՞ս հաջողության հասնել բարություն դրսևորելու մեջ։

Լույսի պտուղ

6. Որո՞նք են «խաւարի անպտուղ գործերից» մի քանիսը, սակայն քրիստոնյաները ի՞նչ պտուղներով պետք է աչքի ընկնեն։

6 Կա մի բան, որի շնորհիվ մենք՝ նվիրված քրիստոնյաներս, խուսափում ենք Աստծուն անարգանք բերող «խաւարի անպտուղ գործերից», որոնցից են՝ ստախոսությունը, գողությունը, հայհոյությունը, սեռի թեմայով անվայել խոսակցությունը, ամոթալի վարքը (ՆԱ), խեղկատակությունն ու հարբեցողությունը (Եփեսացիս 4։25, 28, 31; 5։3, 4, 11, 12, 18)։ Այսպիսի գործերին մասնակից լինելու փոխարեն մենք ընթանում ենք «ինչպէս լուսոյ որդիներ»։ Պողոս առաքյալն ասում է, որ «լուսոյ պտուղներն են բարութիւնը, արդարութիւնը եւ ճշմարտութիւնը» (Եփեսացիս 5։8, 9)։ Ուստի՝ լույսի մեջ քայլելու շնորհիվ է, որ կարողանում ենք շարունակել բարություն դրսևորել։ Իսկ ի՞նչ լույս է դա։

7. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի շարունակենք բարություն դրսևորել։

7 Չնայած անկատարությանը՝ մենք կարող ենք բարություն դրսևորել, եթե ընթանանք հոգևոր լույսի մեջ։ «Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար»,— երգեց սաղմոսերգուն (Սաղմոս 119։105)։ Եթե կամենում ենք «լույսի պտուղները» դրսևորել, հատկապես բարությունը, ապա մշտապես պետք է լուսավորվենք հոգևոր այն լույսով, որ ճառագում է Աստվածաշնչի էջերից, մանրամասնորեն քննարկվում է քրիստոնեական հրատարակություններում և կանոնավորաբար ուսումնասիրվում երկրպագության մեր հանդիպումներին (Ղուկաս 12։42; Հռովմայեցիս 15։4; Եբրայեցիս 10։24, 25)։ Նաև պետք է հատուկ ուշադրություն նվիրենք Հիսուսի օրինակին և ուսուցումներին, քանի որ նա «աշխարհի լույսն» է, ինչպես նաև՝ ‘Եհովայի փառքի լույսը’ (Յովհաննէս 8։12; Եբրայեցիս 1։1–3)։

Ոգու պտուղ

8. Ինչո՞ւ ենք կարողանում բարություն դրսևորել։

8 Ինչ խոսք, հոգևոր լույսն օգնում է բարություն դրսևորել։ Մենք կարողանում ենք դա անել նաև այն բանի շնորհիվ, որ մեզ առաջնորդում է Աստծո սուրբ ոգին՝ նրա գործող ուժը։ Բարությունը ոգու պտղի բաղկացուցիչ մասերից է (Գաղատացիս 5։22, 23)։ Եթե ենթարկվենք Եհովայի սուրբ ոգու առաջնորդությանը, այն մեր մեջ կհասունացնի այդ հիանալի պտուղը՝ բարությունը։

9. Ինչպե՞ս կարող ենք գործել Ղուկաս 11։9–13-ում արձանագրված Հիսուսի խոսքերին ներդաշնակ։

9 Եթե կամենում ենք բարության պտուղը դրսևորելով հաճեցնել Եհովային, ապա պետք է գործենք Հիսուսի հետևյալ խոսքերին ներդաշնակ. «Խնդրեցէք՝ եւ կ’տրուի ձեզ, որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք՝ եւ կ’բացուի ձեզ։ Որովհետեւ ամեն ով որ խնդրում է՝ առնում է, եւ ով որ որոնում է՝ գտնում է, եւ ով որ դուռը թակում է՝ բացվում է նորան։ Եւ ձեզանից ո՞ր հօրիցն իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կ’տայ նորան. կամ եթէ ձուկ՝ մի՞թէ ձկան տեղ օձ կ’տայ նորան։ Եւ կամ ձու ուզէ, մի՞թէ կարիճ կ’տայ նորան։ Արդ եթէ դուք, որ [անկատար և համեմատաբար] չար էք՝ գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից» (Ղուկաս 11։9–13, ԱԹ)։ Եկեք հետևենք Հիսուսի խորհրդին և աղոթքով խնդրենք Եհովայից իր ոգին, որպեսզի շարունակ կարողանանք բարություն՝ նրա ոգու պտուղը դրսևորել։

«Բարի՛ն գործիր»

10. Եհովայի բարության ո՞ր առանձնահատուկ կողմերն են նշված Ելից 34։6, 7 խոսքերում։

10 Աստծո Խոսքից եկող հոգևոր լույսի և Աստծո սուրբ ոգու օգնությամբ կարող ենք ‘բարին գործել’ (Հռովմայեցիս 13։3)։ Աստվածաշունչը կանոնավորաբար ուսումնասիրելով՝ ավելին ու ավելին ենք սովորում, թե ինչպես կարող ենք ընդօրինակել Եհովայի բարությունը։ Նախորդ հոդվածում քննարկեցինք Աստծո բարությանը բնորոշ տարբեր առանձնահատկություններ, որոնք նշվում են Ելից 34։6, 7 խոսքերում՝ Մովսեսին տրված հայտարարության մեջ. Այնտեղ կարդում ենք. «Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով, որ հազարների ողորմութիւն [է] անում, որ անօրէնութիւն՝ յանցանք եւ մեղք [է] ներում, բայց յանցաւորին բնաւ անպարտ [չի] թողում»։ Եհովայի բարության այս դրսևորումների ուշադիր քննումը կօգնի մեզ «բարին գործել»։

11. Ինչպե՞ս պետք է մեր վրա անդրադառնա այն բանի գիտակցումը, որ Եհովան ողորմած է և գթած։

11 Աստվածային այս հայտարարությունը կարդալիս մենք հասկանում ենք Եհովային ընդօրինակելու՝ ողորմած և գթած լինելու անհրաժեշտությունը։ «Երանի՜ ողորմածներին,— ասաց Հիսուսը,— որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն» (Մատթէոս 5։7; Ղուկաս 6։36)։ Գիտակցելով, որ Եհովան գթած է, մենք մղվում ենք լինել գթառատ ու բարեհամբույր ուրիշների նկատմամբ, այդ թվում նաև նրանց, ում քարոզում ենք։ Սա համապատասխանում է Պողոսի խրատին. «Ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէ՛ս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին» (Կողոսացիս 4։6)։

12. ա) Քանի որ Աստված երկայնամիտ է, ապա մենք ինչպե՞ս պետք է վարվենք ուրիշների հետ։ բ) Եհովայի ողորմությունը մղում է մեզ ի՞նչ անել։

12 Քանի որ Աստված երկայնամիտ է, «բարին գործելու» ցանկությունը մղում է մեզ համբերատար լինել մեր հավատակիցների թերացումների հանդեպ և ուշադրությունը բևեռել նրանց լավ հատկությունների վրա (Մատթէոս 7։5; Յակոբոս 1։19)։ Եհովայի ողորմությունը՝ նրա հավատարիմ սերը, մղում է մեզ հավատարմորեն սիրել՝ նույնիսկ ամենադժվար հանգամանքներում։ Ինչ խոսք, որ սա ցանկալի հատկություն է (Առակաց 19։22)։

13. Ինչպե՞ս պետք է մեր վրա անդրադառնա այն հանգամանքը, որ Եհովան ‘առատ է ճշմարտությունով’։

13 Մենք ջանում ենք ‘մեզ ներկայացնել իբրև Աստծո պաշտոնյաներ՝ ճշմարտության խոսքով’, որովհետև մեր երկնային Հայրը «առատ [է].... ճշմարտութիւնով» (Բ Կորնթացիս 6։3–7)։ Աստվածաշնչում թվարկված են յոթ բաներ, որոնք զզվելի են Եհովայի համար, և դրանց մեջ են մտնում «ստախօս լեզուն» և «սուտեր փչող անիրաւ վկան» (Առակաց 6։16–19)։ Ուստի Աստծուն հաճեցնելու մեր փափագը մղում է մեզ ‘դեն գցել ստախոսությունը և ճշմարտությունը ասել’ (Եփեսացիս 4։25)։ Եկեք բարիք գործելու մեր պատրաստակամությունը դրսևորել նաև այս կարևոր հարցում։

14. Ինչո՞ւ պետք է ներողամիտ լինենք։

14 Աստծո հայտարարությունը՝ ուղղված Մովսեսին, թելադրում է մեզ լինել ներողամիտ, քանի որ Եհովան ինքն էլ պատրաստ է ներելու (Մատթէոս 6։14, 15)։ Իհարկե, Եհովան անպատիժ չի թողնում չզղջացող մեղավորներին։ Հետևաբար, մենք նույնպես պետք է պահենք բարության նրա չափանիշները՝ և այդպիսով էլ՝ ժողովի հոգևոր մաքրությունը (Ղեւտացոց 5։1; Ա Կորնթացիս 5։11, 12; Ա Տիմոթէոս 5։22)։

«Ուշադրությո՛ւն դարձրեք»

15, 16. Ինչպե՞ս Պողոսի խրատը՝ գրված Եփեսացիս 5։15–19-ում, կօգնի մեզ շարունակել բարին գործել։

15 Որպեսզի անկախ մեզ շրջապատող չարությունից շարունակենք բարություն դրսևորել՝ անհրաժեշտ է լցվել Աստծո ոգով և ուշադրություն դարձնել, թե ինչպես ենք ընթանում։ Պողոսը զգուշացրեց Եփեսոսի քրիստոնյաներին. «Տեսէք [«ուշադրությո՛ւն դարձրեք», ԱՆԹ], թէ ինչպիսի զգուշութեամբ պէտք է ընթանաք. ոչ թէ ինչպէս անմիտներ, այլ՝ ինչպէս իմաստուններ. ժամանակն օգտագործեցէ՛ք, քանզի օրերը չար են. դրա համար անմիտ մի՛ եղէք, այլ իմացէ՛ք, թէ ի՛նչ է Տիրոջ կամքը։ Եւ մի՛ հարբէք գինով. դրա մէջ զեխութիւն կայ. այլ մանաւանդ լցուեցէք Հոգո՛վ, որպէսզի խօսէք միմեանց հետ սաղմոսներով, օրհներգութիւններով եւ հոգեւոր երգերով, որպէսզի երգէք եւ ձեր սրտերում սաղմոս ասէք Տիրոջը» (Եփեսացիս 5։15–19)։ Այս զգուշացումն, անշուշտ, մեզ համար ևս տեղին է այս վերջին չար ժամանակներում (Բ Տիմոթէոս 3։1)։

16 Եթե ցանկանում ենք շարունակել բարություն դրսևորել, մենք պետք է ուշադիր հետևենք, որ աստվածային իմաստությամբ ընթանանք (Յակոբոս 3։17)։ Պետք է հեռու մնանք ծանր մեղքերից և լցվենք սուրբ ոգով՝ թույլ տալով, որ այն առաջնորդի մեզ (Գաղատացիս 5։19–25)։ Քրիստոնեական հանդիպումներին ու համաժողովներին տրվող հոգևոր կրթությունը կիրառելով՝ կկարողանանք շարունակ բարին գործել։ Պողոսի խոսքերը՝ ուղղված Եփեսացիներին, հիշեցնում են մեզ նաև այն օգուտների մասին, որ կարելի է քաղել մեր ժողովքային հանդիպումներն ուղեկցող հոգևոր երգերից, որոնցում գովերգվող արժեքներից է բարությունը։

17. Եթե առողջական վիճակը թույլ չի տալիս, որ քրիստոնյան կանոնավորաբար ներկա գտնվի հանդիպումներին, ինչո՞ւմ պետք է նա վստահ լինի։

17 Ի՞նչ կարելի է ասել մեր այն հավատակիցների մասին, ովքեր ծանր հիվանդության պատճառով ի վիճակի չեն կանոնավորաբար հաճախել քրիստոնեական հանդիպումներին։ Նրանք գուցե ընկճվեն, որ չեն կարողանում Եհովային երկրպագել իրենց հոգևոր քույրերի և եղբայրների հետ միասին։ Սակայն նրանք պետք է վստահ լինեն, որ Եհովան հասկանում է իրենց վիճակը և կպահի նրանց լույսի մեջ, կտա իր սուրբ ոգին ու կօգնի՝ շարունակելու բարին գործել (Եսայիա 57։15)։

18. Ի՞նչը կօգնի մեզ բարության ճանապարհով ընթանալ։

18 Բարության ճանապարհով ընթանալու համար հարկավոր է հետևել, թե ում հետ ենք ընկերակցում, և հեռու մնալ «անբարեսեր» մարդկանցից (Բ Տիմոթէոս 3։2–5; Ա Կորնթացիս 15։33, ԱԹ)։ Այս խորհուրդը կիրառելով՝ կխուսափենք ‘Աստծո սուրբ ոգին տրտմեցնելուց’՝ նրա առաջնորդությանը հակառակ գործելուց (Եփեսացիս 4։30)։ Դեռ ավելին, մտերմությունը այնպիսի անհատների հետ, որոնց ապրելակերպը վկայում է, որ նրանք սիրում են բարին և առաջնորդվում են Եհովայի սուրբ ոգով, կօգնի մեզ շարունակել բարին գործել (Ամովս 5։15; Հռովմայեցիս 8։14; Գաղատացիս 5։18)։

Բարի գործերը լավ արդյունքներ են բերում

19–21. Պատմեք դեպքեր, որոնք ցույց են տալիս բարության դրսևորման արդյունքները։

19 Հոգևոր լույսի մեջ քայլելով, Աստծո ոգու առաջնորդությանը ենթարկվելով և հետևելով, թե ինչպես ենք ընթանում՝ կխուսափենք չարն անելուց և կկարողանանք «բարին գործել», որն էլ, իր հերթին, լավ արդյունքներ կբերի։ Տեսնենք, թե ինչ պատահեց Հարավային Աֆրիկայից Զոնգեզիլե անունով մի Վկայի հետ։ Առավոտյան դպրոց գնալիս Զոնգեզիլեն որոշեց ստուգել, թե բանկում իր խնայողության հաշվում որքան գումար ունի։ Ստուգելիս՝ ավտոմատ սարքը սխալմամբ 42 000 ռանդի (6 000 ամերիկյան դոլար) կտրոն տվեց։ Բանկի անվտանգության պահակը և այլոք նրան խորհուրդ տվեցին հանել այդ գումարը և մեկ ուրիշ բանկում ավանդադրել։ Միայն իր հետ միևնույն տան մեջ ապրող ամուսնական զույգը, որ Եհովայի վկաներ էին, գովեցին նրան, որ այդ գումարին ձեռք չի տվել։

20 Հաջորդ օրը Զոնգեզիլեն սխալմունքի մասին հայտնեց բանկին։ Հայտնաբերվեց, որ նրա հաշվի համարը նման է եղել մի հարուստ գործարարի հաշվի համարին, որը և սխալմամբ իր դրամն ավանդադրել էր այդ համարում։ Զարմանալով, որ Զոնգեզիլեն այդ գումարից չէր ծախսել և ոչ մի գրոշ՝ գործարարը հարցրեց նրան. «Ո՞րն է քո կրոնը»։ Զոնգեզիլեն պատասխանեց, որ ինքը Եհովայի վկա է։ Բանկի պաշտոնյաները գովեցին նրան և ասացին. «Երանի թե բոլոր մարդիկ այնպես ազնիվ լինեին, ինչպես որ Եհովայի վկաներն են»։ Իրոք որ, ազնիվ ու բարի գործեր տեսնելով՝ մարդիկ մղվում են փառաբանել Եհովային (Եբրայեցիս 13։18)։

21 Միայն աչքի զարնող բարի գործերը չէ, որ լավ արդյունք են բերում։ Եվս մի օրինակ. Սամոայի կղզիներից մեկում ապրող մի երիտասարդ Վկա, որը լիաժամ քարոզիչ է, հարկադրված եղավ գնալ հիվանդանոց։ Բժշկի մոտ մտնելու համար հերթ էր։ Եվ մինչ իր հերթը կհասներ, Վկան նկատեց, որ կողքին նստած կինը ծեր էր ու վատառողջ, և առաջարկեց նրան իրենից առաջ մտնել բժշկի մոտ։ Այդ դեպքից հետո մի օր նա պատահաբար այդ կնոջը հանդիպեց շուկայում։ Կինը հիշեց Վկային ու հիվանդանոցում նրա արած լավությունը։ «Հիմա ես գիտեմ, որ Եհովայի վկաները իրոք սիրում են իրենց մերձավորին»,— ասաց նա։ Վկայի դրսևորած բարությունը լավ արդյունք բերեց. թեև նախկինում այս կինը չէր արձագանքել Թագավորության լուրին, այժմ ընդունեց Աստվածաշունչն ուսումնասիրելու առաջարկը և սկսեց Աստծո Խոսքի գիտությունը ստանալ։

22. Ի՞նչ առանձնահատուկ եղանակով կարող ենք մշտապես «բարին գործել»։

22 Ամենայն հավանականությամբ դուք էլ ծանոթ եք դեպքերի, որոնք ցույց են տալիս բարության արժեքը։ Մշտապես «բարին գործելու» մի առնանձնահատուկ եղանակ է Աստծո Թագավորության բարի լուրը կանոնավորաբար հռչակելը (Մատթէոս 24։14)։ Եկեք շարունակենք եռանդագին մասնակցել այս առանձնաշնորհյալ գործունեությանը՝ գիտակցելով, որ այն բարիք գործելու հնարավորություն է ընձեռում՝ հատկապես նրանց հանդեպ, ովքեր դրականորեն են արձագանքում։ Եվ որ ամենակարևորն է՝ մեր ծառայությունը և բարի վարքը փառք են բերում Եհովային՝ բարության հենց սկզբնաղբյուրին (Մատթէոս 19։16, 17)։

Շարունակենք «բարին գործել»

23. Ինչո՞ւ է քրիստոնեական ծառայությունը բարի գործ։

23 Մեր ծառայությունն, անկասկած, բարի գործ է։ Այն կարող է փրկություն բերել ինչպես մեզ, այնպես էլ նրանց, ովքեր լսում են Աստվածաշնչի լուրը և այսպիսով կանգնում հավիտենական կյանքի տանող ճանապարհի վրա (Մատթէոս 7։13, 14; Ա Տիմոթէոս 4։16)։ Որևէ վճիռ կայացնելիս լավ կլինի, որ բարիք գործելու մղումից դրդված՝ հարցնենք ինքներս մեզ. Որոշումս ինչպե՞ս կանդրադառնա Թագավորության հռչակման իմ գործունեության վրա։ Ճի՞շտ եմ մտածում։ Այն ինձ կօգնի՞ աջակցել ուրիշներին, որպեսզի նրանք ընդունեն «յաւիտենական աւետիսը» և մտերիմ հարաբերություն զարգացնեն Եհովա Աստծո հետ (Յայտնութիւն 14։6)։ Մեծ երջանկություն կբերի այն որոշումը, որը կնպաստի Թագավորության շահերի առաջխաղացմանը (Մատթէոս 6։33; Գործք 20։35)։

24, 25. Բարիք գործելու ի՞նչ հնարավորություններ ունենք ժողովում, և շարունակելով բարություն դրսևորել՝ ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։

24 Եկեք երբեք չթերագնահատենք այն օգուտները, որ բերում է բարությունը։ Մենք կկարողանանք շարունակել այս հատկությունը դրսևորել՝ աջակցելով քրիստոնեական ժողովին և մեր ուժերի ներածին չափ հոգալով նրա բարօրության մասին։ Եվ իրոք, քրիստոնեական հանդիպումներին կանոնավորաբար հաճախելն ու մասնակցելը բարի գործեր են. մեր ներկայությունը քաջալերում է հավատակիցներին, իսկ լավ պատրաստած մեկնաբանությունները՝ ամրապնդում են նրանց հոգևորապես։ Բարի գործեր են նաև Թագավորության սրահը պահպանելու համար միջոցներ տրամադրելը և անհրաժեշտ խնամք տանելու մեջ մասնակցություն ունենալը (Դ Թագաւորաց 22։3–7; Բ Կորնթացիս 9։6, 7)։ Ինչ խոսք, «քանի դեռ ժամանակ կայ, բարին գործենք բոլորի հանդէպ, մանաւանդ հաւատի մէջ մեր հարազատների» (Գաղատացիս 6։10)։

25 Անհնար է քննել ամեն իրավիճակ, երբ հարկավոր կլինի բարություն դրսևորել։ Քանի որ մեզ նորանոր փորձություններ են սպասում, եկեք Գրություններից լույս փնտրենք, աղոթքով Եհովայից սուրբ ոգին խնդրենք և մեր ձեռքից եկած ամեն ինչ անենք՝ կատարելու նրա բարի և կատարյալ կամքը (Հռովմայեցիս 2։9, 10; 12։2)։ Եթե շարունակում ենք բարություն դրսևորել, կարող ենք համոզված լինել, որ Եհովան առատորեն կօրհնի մեզ։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Ո՞րն է մեծագույն բարիքը, որ կարող ենք գործել։

• Ինչո՞ւ է բարությունը կոչվում «լուսոյ պտուղ»։

• Ինչո՞ւ է բարությունը կոչվում «ոգու պտուղ»։

• Ի՞նչ ազդեցություն է գործում մեր բարի վարքը ուրիշների վրա։

[նկար 17–րդ էջի վրա]

Աստծո Խոսքը և նրա սուրբ ոգին օգնում են մեզ բարիք գործել

[նկարներ 18–րդ էջի վրա]

Բարության դրսևորումը լավ արդյունքներ է բերում

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը