Քաղաք լեռան վրա
«ԴՈ՛ՒՔ ԷՔ աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել»,— ասաց Հիսուսն իր աշակերտներին իր հայտնի Լեռան քարոզում (Մատթէոս 5։14)։
Հուդայի և Գալիլեայի գյուղաքաղաքներից շատերը, հովիտներում կառուցվելու փոխարեն, կառուցված էին լեռների վրա։ Այդպիսի բարձրությունների վրա բնակություն հաստատելու հիմնական պատճառը ապահովություն ունենալն էր։ Օտարերկրյա զավթիչների հարձակումներից բացի՝ իսրայելացիների բնակավայրերը ավիրվում էին նաև ավազակախմբերի կողմից (Բ Թագաւորաց 5։2; 24։2)։ Խիզախ բնակիչների համար շատ ավելի հեշտ էր պաշտպանել լեռնագագաթների վրա միմյանց մոտ խմբված տները, քան հարթավայրային քաղաքները, որոնք պաշտպանելու համար ավելի մեծ պարիսպներ էին հարկավոր։
Քանի որ հրեական տները հիմնականում պատված էին կրով, լեռնագագաթների վրա խմբված սպիտակ հագած այս շինությունները ամեն կողմից հեշտությամբ կարելի էր տեսնել մեծ հեռավորության վրա (Գործք 23։3)։ Պաղեստինյան պայծառ արևի շողերի ներքո լեռնային այդ քաղաքները փայլում էին փարոսի նման, ինչպես որ այսօր՝ Միջերկրական ծովի շրջակայքում գտնվող գյուղաքաղաքները։
Հիսուսը Գալիլեայի և Հուդայի գյուղաքաղաքների գեղեցիկ տեսքը որպես օրինակ բերեց իր հետևորդներին՝ ցույց տալու համար ճշմարիտ քրիստոնյայի դերը։ «Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ,— ասաց նա նրանց,— որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է» (Մատթէոս 5։16)։ Թեև քրիստոնյաները բարի գործեր են կատարում ոչ թե մարդկանցից փառաբանվելու նպատակով, այնուամենայնիվ նրանց բարի վարքը աննկատ չի մնում (Մատթէոս 6։1)։
Նման վարք սովորաբար դրսևորվում է հատկապես Եհովայի վկաների մարզային համաժողովների ժամանակ։ Իսպանիայում լույս տեսնող մի լրագիր, նկատի ունենալով վերջին մարզային համաժողովներից մեկը, գրեց. «Կրոնական թեմաների նկատմամբ հետաքրքրությունը կրոնական մյուս ուղղությունների մեջ գնալով նվազում է, մինչդեռ պարագան այլ է Եհովայի վկաների համար։ Նրանք չեն ցանկանում, որ Աստվածաշունչը կորցնի իր ուժը, ուստի կիրառում են Աստծո Խոսքը»։
Իսպանիայի ստադիոններից մեկի (որից հաճախ օգտվում են Եհովայի վկաները) պահակ Թոմասի համար հաճելի էր գտնվել այնպիսի մարդկանց միջավայրում, որոնք կիրառում են Աստծո Խոսքը։ Նա մի քանի շաբաթով հետաձգել էր իր՝ թոշակի անցնելու ժամկետը, այնպես որ կարող էր ներկա գտնվել ստադիոնում անցկացվող մարզային համաժողովներից մեկին։ Երբ շատ պատվիրակներ, այդ թվում նաև երիտասարդներ, ծրագրի ավարտից հետո մոտեցան նրան, շնորհակալություն հայտնեցին անցած տարիների համագործակցության համար և մաղթեցին նրան խաղաղ տարիներ թոշակի անցնելուց հետո, նա արտասվեց։ «Ձեզ՝ Վկաներիդ ճանաչելը իմ կյանքի ամենալավ իրադարձություններից մեկն է»,— ասաց նա։
Լեռան վրա գտնվող քաղաքը գրավում էր տեսնողների ուշադրությունը, քանի որ այն աչքի էր ընկնում հորիզոնում, ու քանի որ բոլոր սպիտակ տները փայլում էին արևի շողերի տակ։ Նմանապես, ճշմարիտ քրիստոնյաները տարբերվում են մյուսներից, քանի որ ջանում են հետևել ազնվության, բարոյականության և կարեկցանքի վերաբերյալ սուրբգրային վեհ սկզբունքներին։
Բացի այդ, քրիստոնյաները ճշմարտության լույսը փայլեցնում են նաև իրենց քարոզչական գործունեությամբ։ Առաջին դարի քրիստոնյաների մասին Պողոս առաքյալը հետևյալն ասաց. «Սորա համար այս պաշտօնն ունենալով, ինչպէս որ ողորմութիւն գտանք, չենք ձանձրանում, ....այլ ճշմարտութեան յայտնութիւնովը մեր անձերն ընդունելի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին՝ Աստծո առաջին» (Բ Կորնթացիս 4։1, 2, ԱԹ)։ Չնայած որ նրանք քարոզելիս ամենուրեք հակառակության էին հանդիպում, Եհովան օրհնում էր նրանց ծառայությունը, ուստիև մ.թ. մոտավորապես 60 թ.–ին Պողոսը գրեց, թե բարի լուրը քարոզվել է «երկնքի տակ գտնուող բոլոր արարածներին» (Կողոսացիս 1։23)։
Այսօր Եհովայի վկաները նույնպես լուրջ են վերաբերվում իրենց պատասխանատվությանը՝ ‘իրենց լույսը փայլեցնում են մարդկանց առջև’, ինչպես պատվիրել է Հիսուսը։ Նրանք աշխարհի 235 երկրներում բերանացի, ինչպես նաև հրատարակված գրականության միջոցով տարածում են Թագավորության բարի լուրը։ Որպեսզի Աստվածաշնչի ճշմարտության լույսը հասնի հնարավորին չափ շատ մարդկանց, նրանք աստվածաշնչյան իրենց գրականությունը մատչելի են դարձրել մոտավորապես 370 լեզուներով (Մատթէոս 24։14; Յայտնութիւն 14։6, 7)։
Շատ վայրերում Վկաները ստանձնել են լեզու սովորեցնելու խրթին աշխատանքը՝ օգնելով այն անհատներին, ովքեր եկել են այնպիսի երկրներից, որտեղ քարոզչական գործունեությունը այժմ սահմանափակումների տակ է կամ էլ մի ժամանակ եղել է։ Օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի մի շարք խոշոր քաղաքներում մարդկանց մեծ ներհոս է նկատվում Չինաստանից և Ռուսաստանից։ Տեղի Վկաները չինարեն, ռուսերեն կամ մեկ այլ լեզու են սովորում, որպեսզի կարողանան բարի լուրը քարոզել այդ նոր բնակիչներին։ Մի շարք լեզուների տիրապետելու համար արագացված դասընթացներ են անցկացվում, որպեսզի բարի լուրը հնարավոր լինի քարոզել ուրիշներին էլ, քանի դեռ ’արտերը սպիտակ են հնձելու համար’ (Յովհաննէս 4։35)։
Եսայիա մարգարեն նախագուշակեց. «Կ’լինի օրերի վերջին, որ հաստատ կ’լինի Տիրոջ տան սարը՝ սարերի գլխին, եւ կ’բարձրանայ բլուրներիցը. եւ յորդելով նորա մօտ կ’գնան բոլոր ազգերը»։ Եհովայի վկաները թե՛ իրենց վարքի և թե՛ իրենց ծառայության միջոցով ամենուրեք օգնում են մարդկանց բարձրանալ «Տիրոջ տան սարը»՝ սովորելու Աստծո ճանապարհների, նաև նրա շավիղներով գնալու մասին (Եսայիա 2։2, 3)։ Եվ արդյունքում, ինչպես նշեց Հիսուսը, նրանք միասին ‘փառավորում են իրենց երկնային Հորը’՝ Եհովա Աստծուն (Մատթէոս 5։16; Ա Պետրոս 2։12)։