Աստծո սկզբունքներով առաջնորդվեք
«[Եհովան] քեզ սովորեցնում [է] օգտակար եղողը» (ԵՍԱՅԻԱ 48։17)։
1. Ինչպե՞ս է Ստեղծիչն առաջնորդում մարդկանց։
Գիտնականները ապշում են, երբ բացահայտելով տիեզերքի գաղտնիքները՝ տեսնում են, թե ինչ ահռելի էներգիա է պարունակում տիեզերական տարածությունը։ Մեր արեգակը, որ միջին չափերի աստղ է, վայրկյանում արձակում է այնքան էներգիա, որքան որ կարձակվեր ամեն վայրկյան 100 մլրդ ջրածնային ռումբի պայթյունից։ Ստեղծիչն իր անսահմանափակ զորությամբ կարող է ղեկավարել նման վիթխարի երկնային մարմիններին (Յոբ 38։32; Եսայիա 40։26)։ Իսկ մե՞զ՝ մարդկանց, որ օժտված ենք ազատ կամքով, տրամաբանությամբ և բարոյական ու հոգևոր հարցերի հասկացողությամբ։ Ինչպե՞ս է մեր Արարիչը մտադիր մեզ առաջնորդություն ցույց տալ։ Նա սիրով առաջնորդում է մեզ իր կատարյալ օրենքներով ու բարձրակարգ սկզբունքներով, իհարկե, եթե մեր խիղճը լավ մարզված է (Բ Թագաւորաց 22։31; Հռովմայեցիս 2։14, 15)։
2, 3. Ո՞ր հնազանդությունն է սիրում Աստված։
2 Աստված հավանում է այն մարդկանց, ովքեր ցանկանում են հնազանդվել իրեն (Առակաց 27։11)։ Եհովան մեզ չի ստեղծել ինչպես ուղեղ չունեցող ռոբոտներ, որոնք կուրորեն իրեն կենթարկվեին. նա մեզ օժտել է ազատ կամքով, որպեսզի կարողանանք մտածված որոշումներ ընդունել ու ճիշտն անել (Եբրայեցիս 5։14)։
3 Հիսուսը, որ կատարելապես ընդօրինակում էր իր Հորը, աշակերտներին ասաց. «Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ։ Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում» (Յովհաննէս 15։14, 15)։ Հին ժամանակներում ծառան պարտավոր էր ենթարկվել իր տիրոջ կարգադրություններին։ Նման հարաբերությունը չի կարող կոչվել բարեկամություն, քանի որ բարեկամությունը հիմնվում է սրտից բխող զգացումների վրա։ Մենք կարող ենք Եհովայի բարեկամները դառնալ (Յակոբոս 2։23)։ Այս բարեկամությունը զորանում է փոխադարձ սիրով։ Հիսուսը Աստծո հանդեպ հնազանդություն ցուցաբերելը կապեց սիրո հետ, երբ ասաց. «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կը պահի, եւ իմ Հայրը նրան կը սիրի» (Յովհաննէս 14։23)։ Քանի որ Եհովան սիրում է մեզ ու ցանկանում է մեզ առաջնորդություն ցույց տալ, նա մեզ առաջարկում է ապրել իր սկզբունքներով։
Աստծո սկզբունքները
4. Ի՞նչ է սկզբունքը։
4 Ի՞նչ է սկզբունքը։ Այս հասկացությունը սահմանվում է որպես «ընդհանուր կամ հիմնարար ճշմարտություն. համապարփակ ու հիմնական օրենք, ուսմունք, ելակետ, որի վրա հիմնվում կամ որից ծագում են մյուս օրենքներն ու ուսմունքները» («Webster’s Third New International Dictionary»)։ Ուշադիր քննելով Աստվածաշունչը՝ տեսնում ենք, որ մեր երկնային Հայրը առաջնակարգ սկզբունքներ է տալիս կյանքի ամենատարբեր կողմերի մասին։ Եհովան սա անում է հանուն մեր հավիտենական բարօրության։ Նրա այս նպատակին համահունչ են իմաստուն թագավոր Սողոմոնի հետևյալ խոսքերը. «Լսիր, որդեակս, եւ ընդունիր իմ խօսքերը, եւ կ’շատանան քո կեանքի տարիները։ Իմաստութեան ճանապարհը քեզ սովորեցրի, քեզ առաջնորդեցի ուղղութեան շաւիղներումը» (Առակաց 4։10, 11)։ Առաջնորդվելով Եհովայի տված այդ խիստ կարևոր սկզբունքներով՝ մենք կբարելավենք մեր հարաբերությունները նրա հետ, հավատակիցների հետ, մեր երկրպագությունը և ամենօրյա կյանքը (Սաղմոս 1։1)։ Եկեք քննարկենք այդ սկզբունքներից մի քանիսը։
5. Բերեք հիմնական սկզբունքների մի քանի օրինակներ։
5 Եհովայի հետ մեր փոխհարաբերության վերաբերյալ Հիսուսն ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով» (Մատթէոս 22։37)։ Աստված նաև սկզբունքներ է տալիս, թե ինչպես վերաբերվել մերձավորներին։ Այդպիսի սկզբունք է, օրինակ, Ոսկե կանոնը. «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց» (Մատթէոս 7։12; Գաղատացիս 6։10; Տիտոս 3։2)։ Իսկ երկրպագության առնչությամբ մեզ հորդոր է տրվում. «Հոգ տանենք միմեանց՝ սիրոյ և բարի գործերի յորդորելով և զանց չառնենք մէկտեղ հաւաքուելը» (Եբրայեցիս 10։24, 25)։ Ինչ վերաբերում է առօրյա կյանքին, Պողոս առաքյալն ասում է. «Ուտէք թէ խմէք, կամ ինչ էլ անէք, ամէն ինչ արէ՛ք Աստծու փառքի համար» (Ա Կորնթացիս 10։31)։ Աստծո Խոսքում բազմաթիվ ուրիշ սկզբունքներ էլ կան։
6. Ինչո՞վ է սկզբունքը տարբերվում օրենքից։
6 Սկզբունքները միշտ գործող, հիմնարար ճշմարտություններ են, և իմաստուն քրիստոնյաները սովորում են, թե ինչպես սիրել դրանք։ Եհովան ներշնչեց Սողոմոնին՝ գրելու. «Ուշադիր եղիր իմ խօսքերին, եւ ականջդ տուր իմ ասածներին. թող նորանք չ’գնան քո աչքի առաջից, պահիր նորանց քո սրտի մէջ։ Որ նորանք կեանք են նորանց գտնողներին, եւ նորանց բոլոր մարմնին՝ բժշկութիւն» (Առակաց 4։20–22)։ Ինչո՞վ է սկզբունքը տարբերվում օրենքից։ Օրենքի հիմքում սկզբունքն է ընկած։ Օրենքը կոնկրետ լինելու «հակում» ունի. այն գործում է միայն որոշ ժամանակ կամ որոշակի պայմաններում, մինչդեռ սկզբունքները անանց են (Սաղմոս 119։111)։ Աստծո սկզբունքները չեն հնանում ու չեն անցնում։ Իրոք ճշմարիտ են Եսայիա մարգարեի ներշնչյալ խոսքերը. «Խոտը կ’չորանայ, ծաղիկը կ’թառամէ, բայց մեր Աստուծոյ խօսքը կ’մնայ յաւիտեան» (Եսայիա 40։8)։
Մտածեցեք ու գործեցեք սկզբունքների համաձայն
7. Ինչպե՞ս է Աստծո Խոսքը քաջալերում մեզ մտածել ու գործել սկզբունքների հիման վրա։
7 «Մեր Աստուծոյ խօսքը» բազմիցս քաջալերում է մեզ մտածել ու գործել սկզբունքների համաձայն։ Երբ Հիսուսին խնդրեցին ամփոփել, թե որն է Օրենքի էությունը, նա երկու համառոտ միտք արտահայտեց, որոնցից մեկը շեշտում էր Եհովային սիրելու կարևորությունը, իսկ մյուսը՝ մերձավորին (Մատթէոս 22։37–40)։ Հիսուսը մասամբ մեջբերեց Մովսիսական օրենքի հիմնական սկզբունքների ավելի վաղ արված ամփոփումից, որը գրված է Բ Օրինաց 6։4, 5–ում. «Մեր Եհովայ Աստուածը՝ Եհովան մէկ է։ Եւ սիրիր քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիւնովդ»։ Ամենայն հավանականությամբ, Հիսուսը նաև նկատի ուներ Աստծո այն սկզբունքը, որ գրված է Ղեւտացոց 19։18–ում։ Սողոմոն թագավորը «Ժողովող» գրքի հստակ, համառոտ և ազդու վերջաբանում Աստծո բազմաթիվ օրենքներ է խտացնում. «Բոլոր խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար։ Որովհետեւ Աստուած ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թէ բարի թէ չար» (Ժողովող 12։13, 14; Միքիա 6։8)։
8. Աստվածաշնչյան սկզբունքների խոր հասկացողություն ունենալն ինչո՞ւ մեզ համար պաշտպանություն կլինի։
8 Լիովին ըմբռնելով նման հիմնական սկզբունքների իմաստը՝ մենք կարող ենք հասկանալ ու գործի դնել օրենքները, որոնք շատ ավելի կոնկրետ են։ Իսկ եթե այդ սկզբունքներն ամբողջությամբ չհասկանանք ու չընդունենք, ապա գուցե չկարողանանք խոհեմ որոշումներ կայացնել, և մեր հավատը հեշտությամբ կսասանվի (Եփեսացիս 4։14)։ Եթե այդ սկզբունքները ամրացնենք մեր մտքում և սրտում, ապա կկարողանանք դրանց օգնությամբ խելացի որոշումներ կայացնել։ Խոհեմությամբ կիրառելով դրանք՝ մենք հաջողություններ կունենանք (Յեսու 1։8; Առակաց 4։1–9)։
9. Ինչո՞ւ միշտ չէ, որ հեշտ է հասկանալ ու կիրառել Աստվածաշնչի սկզբունքները։
9 Ի տարբերություն օրենքների՝ աստվածաշնչյան սկզբունքները հասկանալն ու կիրառելը այնքան էլ հեշտ չէ։ Անկատարության պատճառով մենք գուցե չցանկանանք ջանքեր գործադրել, որպեսզի տրամաբանենք սկզբունքների հիման վրա։ Երբ դժվարին կացության մեջ ենք հայտնվում կամ հարկավոր է որոշում կայացնել, մեզ կարող է թվալ, թե ավելի հարմար է կոնկրետ կանոնը։ Երբեմն գուցե ցանկանանք դիմել որևէ հասուն քրիստոնյայի, ասենք՝ ժողովի երեցի՝ նրանից խորհուրդ ակնկալելով կոնկրետ մեր իրավիճակի վերաբերյալ։ Սակայն նման հարցերի հետ կապված՝ Աստվածաշնչում կամ նրա հիման վրա հրատարակված գրականության մեջ գուցե չլինեն կոնկրետ խորհուրդներ, իսկ եթե լինեն էլ, ապա դրանք հնարավոր չէ կիրառել բոլոր դեպքերի համար։ Հավանաբար հիշում եք, թե ինչպես մի մարդ Հիսուսին խնդրեց. «Վարդապե՛տ, ասա եղբօրս, որ ժառանգութիւնը ինձ հետ բաժանի»։ Վեճը հարթելու նպատակով արագորեն ինչ–որ կոնկրետ խորհուրդ տալու փոխարեն՝ Հիսուսը նրան մի ավելի ընդհանուր սկզբունք տվեց. «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից»։ Հիսուսի ասածը կիրառելի էր այն ժամանակներում և կիրառելի է նաև մեր օրերում (Ղուկաս 12։13–15)։
10. Ինչպե՞ս են բացահայտվում սրտի մղումները, երբ սկզբունքների համաձայն ենք գործում։
10 Հավանաբար տեսել եք մարդկանց, ովքեր, թեև դժկամությամբ՝ ենթարկվում են օրենքին, քանի որ վախենում են պատժվելուց։ Սակայն սկզբունքների հանդեպ հարգանքը կանխում է նման տրամադրվածություն ունենալը։ Սկզբունքի էությունն այնպիսին է, որ իրենով առաջնորդվողներին մղում է սրտանց արձագանքել։ Սկզբունքները մեծամասամբ չեն ենթադրում անմիջական պատիժ նրանց համար, ովքեր չեն շարժվում դրանցով։ Սրանով մեզ համար հնարավորություն է ստեղծվում, որ պարզ երևա, թե ինչու ենք հնազանդվում Եհովային և թե ինչպիսի մղումներ կան մեր սրտում։ Այսպիսի մի օրինակ է Հովսեփի դեպքը, երբ նա մերժեց Պետափրեսի կնոջ անբարո առաջարկությունները։ Թեև այն ժամանակներում Եհովան դեռևս չէր տվել գրավոր օրենք շնություն գործելու դեմ ու չէր սահմանել համապատասխան պատիժ, Հովսեփը տեղյակ էր ամուսնական հավատարմության վերաբերյալ Աստծո սահմանած սկզբունքին (Ծննդոց 2։24; 12։18–20)։ Հովսեփի պատասխանից կարող ենք տեսնել, որ նա շատ մեծ կարևորություն էր տալիս այդ սկզբունքով ապրելուն. «Ի՞նչպէս գործեմ այս մեծ չարութիւնը, եւ Աստուծոյ դէմ մեղանչեմ» (Ծննդոց 39։9)։
11. Ո՞ր հարցերում են քրիստոնյաները ցանկանում առաջնորդվել Եհովայի սկզբունքներով։
11 Քրիստոնյաները ցանկանում են առաջնորդվել Եհովայի սկզբունքներով անձնական կյանքին վերաբերող հարցերում, ինչպես ասենք՝ ընկերակցությունների, ժամանցի, երաժշտության և ընթերցանության (Ա Կորնթացիս 15։33, ԱԹ; Փիլիպպեցիս 4։8)։ Ինչքան ավելացնում ենք Եհովայի ու նրա չափանիշների վերաբերյալ մեր գիտելիքները, հասկացողությունը և գնահատանքը, այնքան մեր խիղճը՝ բարոյականի զգացումը, օգնում է մեզ կիրառել Աստծո սկզբունքները ցանկացած՝ նույնիսկ նեղ անձնական հարցերում։ Աստծո սկզբունքներով առաջնորդվելով՝ մենք նրա օրենքներում սողանցքներ չենք փնտրի։ Ոչ էլ կնմանվենք նրանց, ովքեր փորձում են տեսնել, թե որքան հեռու կարող են գնալ՝ առանց խախտելու տվյալ օրենքը։ Մենք գիտակցում ենք, որ նման մտածելակերպը վնասակար է, որ դա ինքնախաբեություն է (Յակոբոս 1։22–25)։
12. Նախևառաջ ի՞նչ է պետք Աստծո սկզբունքներով առաջնորդվելու համար։
12 Հասուն քրիստոնյաները հասկանում են, որ Աստծո սկզբունքներին հետևելու համար նախևառաջ պետք է ցանկություն ունենան իմանալու Եհովայի տեսակետը այս կամ այն հարցի շուրջ։ «Ով Տիրոջը սիրողներ,— կոչ է անում սաղմոսերգուն,— ատեցէք չարը» (Սաղմոս 97։10)։ Առակաց 6։16–19-ում թվարկվում են մի քանի բաներ, որոնք Աստված չար է համարում. «Վեցը բան կա որ Տէրն ատում է, եւ եօթը՝ զզուելի են նորա հոգիի առաջին. ամբարտաւան աչքեր, ստախօս լեզու, եւ անմեղ արիւն թափող ձեռքեր. չար խորհուրդներ հնարող սիրտ, չարութեան համար վազելու շտապող ոտքեր. սուտեր փչող անիրաւ վկայ, եւ եղբայրների մէջ կռիւներ գցող»։ Եթե նման կարևոր հարցերի առնչությամբ մեր սրտում իշխում է Եհովայի տեսակետն ունենալու ցանկությունը, ապա սկզբունքներով ապրելը սովորություն է դառնում (Երեմիա 22։16)։
Հարկավոր է ճիշտ շարժառիթներ ունենալ
13. Լեռան քարոզում ո՞ր մտածելակերպի վրա շեշտ դրեց Հիսուսը։
13 Սկզբունքները հասկանալն ու կիրառելը մեզ պաշտպանում են նաև անիմաստ, ձևական երկրպագություն մատուցելու թակարդից։ Տարբերություն կա սկզբունքին ու օրենքի տառին հետևելու միջև։ Հիսուսը Լեռան քարոզում դա հստակորեն ցույց տվեց (Մատթէոս 5։17–48)։ Չմոռանանք, որ նրա ունկնդիրները հրեաներ էին, որոնք պետք է առաջնորդվեին Մովսիսական օրենքով։ Սակայն նրանք իրականում Օրենքն աղավաղված կերպով էին հասկանում։ Նրանք ընդգծում էին Օրենքի տառի կարևորությունը՝ փոխանակ տեսնելու, թե որն էր նրա ոգին։ Հրեաները նաև շեշտում էին իրենց ավանդությունների դերը՝ դրանք ավելի բարձր դասելով Աստծո ուսուցումներից (Մատթէոս 12։9–12; 15։1–9)։ Եվ որպես հետևանք, ժողովուրդն, ընդհանուր առմամբ, սովոր չէր սկզբունքներով առաջնորդվելու։
14. Ինչպե՞ս Հիսուսն օգնեց իր ունկնդիրներին մտածել սկզբունքների հիման վրա։
14 Հիսուսը Լեռան քարոզում բարոյականության վերաբերյալ հինգ սկզբունքի մասին խոսեց. դրանք են՝ բարկություն, ամուսնություն և ամուսնալուծություն, խոստումներ, վրեժխնդրություն, սեր և ատելություն։ Յուրաքանչյուր դեպքում Հիսուսը ցույց տվեց, թե ինչ օգուտ է բերում սկզբունքով առաջնորդվելը։ Սրանով Հիսուսը իր հետևորդների համար բարոյական չափանիշ սահմանեց։ Շնության վերաբերյալ, օրինակ, նա տվեց մի սկզբունք, որն օգնում է մեզ հետևել ոչ միայն մեր գործողություններին, այլև մտքերին ու ցանկություններին. «Ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում» (Մատթէոս 5։28)։
15. Ինչպե՞ս կարող ենք խուսափել օրենքի տառով առաջնորդվելու հակումից։
15 Այս օրինակից երևում է, որ մենք երբեք չպետք է մեր տեսադաշտից կորցնենք Եհովայի սկզբունքների իմաստն ու ոգին։ Մենք, անշուշտ, չպետք է փորձենք Աստծո բարեհաճությանն արժանանալ ձևական գործողություններով։ Հիսուսը, ընդգծելով Աստծո ողորմածությունն ու սերը, բացահայտեց նման վերաբերմունքի սխալ լինելը (Մատթէոս 12։7; Ղուկաս 6։1–11)։ Եթե Աստվածաշնչի սկզբունքներով ենք առաջնորդվում, ապա չենք ձգտի (կամ ուրիշներից չենք պահանջի) ապրել խիստ կանոնների մի ցուցակով, որտեղ գրված են բոլոր «կարելի»–ներն ու «չի կարելի»–ները. դա արդեն ավելին կլիներ Աստվածաշնչի սովորեցրածից։ Մեզ ոչ թե երկրպագության արտաքին կողմը պետք է հետաքրքրի, այլ այն սկզբունքները, որոնք վերաբերում են Աստծո հանդեպ սեր ու հնազանդություն ցուցաբերելուն (Ղուկաս 11։42)։
Դրական արդյունքներ
16. Բերեք մի քանի սկզբունքներ, որոնց վրա են հիմնված որոշ աստվածաշնչյան օրենքներ։
16 Ձգտելով հնազանդվել Եհովային՝ կարևոր է գիտակցել, որ նրա օրենքները հիմնված են սկզբունքների վրա։ Քրիստոնյաները, օրինակ, պետք է խուսափեն կռապաշտությունից, սեռական անբարոյությունից և արյան սխալ գործածումից (Գործք 15։28, 29)։ Սակայն ի՞նչ սկզբունքներ են ընկած քրիստոնեական այս տեսակետների հիմքում։ Այն, որ՝ Աստված արժանի է մեր բացարձակ նվիրվածությանը, մենք պետք է հավատարիմ լինենք մեր կողակցի հանդեպ, և Եհովան կյանքի Աղբյուրն է (Ծննդոց 2։24; Ելից 20։5; Սաղմոս 36։9)։ Ըմբռնելով այս կարևորագույն սկզբունքների իմաստը՝ մենք ավելի հեշտությամբ կընդունենք դրանց վրա հիմնված օրենքները ու կհետևենք դրանց։
17. Ի՞նչ օգուտներ է բերում աստվածաշնչյան սկզբունքները հասկանալն ու կիրառելը։
17 Երբ հասկանում ու կիրառում ենք հիմնարար սկզբունքները, ապա տեսնում ենք, թե որքան օգտակար են դրանք։ Աստծո ժողովուրդը բացի հոգևոր օրհնություններից նաև ֆիզիկական օգուտներ է քաղում։ Օրինակ՝ այն մարդիկ, որոնք չեն ծխում, բարոյական կյանքով են ապրում ու հարգում են արյան սուրբ լինելը, խուսափում են որոշ հիվանդություններից։ Նմանապես՝ Աստծո ճշմարտությամբ ապրելը բարելավում է ընտանեկան կյանքը, ինչպես նաև օգուտներ է բերում տնտեսական ու սոցիալական առումով։ Այդ օգուտներից յուրաքանչյուրը վկայում է Եհովայի չափանիշների արժեքավորության մասին, և որ դրանք իսկապես գործնական չափանիշներ են։ Բայց նման օգուտներ ստանալը չէ հիմնական պատճառը, որ մենք առաջնորդվում ենք Աստծո սկզբունքներով։ Ճշմարիտ քրիստոնյաները հնազանդվում են Եհովային այն պատճառով, որ սիրում են նրան, որ նա արժանի է իրենց մատուցած երկրպագությանը և որ այդպես վարվելն է ճիշտ (Յայտնութիւն 4։11)։
18. Եթե ցանկանում ենք հաջողություն ունենալ որպես քրիստոնյաներ, ինչո՞վ պետք է առաջնորդվենք։
18 Աստվածաշնչային սկզբունքներով ապրելը ավելի լավ կյանքի է տանում, որն ինքնին կարող է այլոց ուշադրությունը դարձնել դեպի Աստված։ Իսկ որ ամենակարևորն է՝ նման կյանքը պատիվ է բերում Եհովային։ Մենք գիտակցում ենք, որ Եհովան իսկապես սիրող Աստված է, որ նա մեր հանդեպ լավագույն մտադրությունները ունի։ Երբ որոշումներ ենք կայացնում աստվածաշնչյան սկզբունքների հիման վրա ու տեսնում ենք, թե ինչպես է Եհովան օրհնում մեզ, մենք մեզ ավելի մոտ ենք զգում նրան։ Այո՛, մենք ավելի ենք ջերմացնում մեր փոխհարաբերությունները մեր երկնային Հոր հետ։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ է սկզբունքը։
• Ինչպե՞ս է սկզբունքը տարբերվում օրենքից։
• Ինչո՞ւ է մեզ համար օգտակար մտածել ու գործել սկզբունքների հիման վրա։
[շրջանակ 20–րդ էջի վրա]
Գանայում ապրող Վիլսոն անունով մի քրիստոնյա ծանուցագիր ստացավ այն մասին, որ մի քանի օրից ազատվելու է աշխատանքից։ Իր վերջին աշխատանքային օրը նա պետի կողմից հանձնարարություն ստացավ լվանալու ընկերության գործադիր տնօրենի անձնական օգտագործման ավտոմեքենան։ Լվանալիս Վիլսոնը մեքենայում գումար գտավ։ Պետն ասաց, որ Աստված է այդ փողն ուղարկել, քանի որ նա այլևս չէր աշխատելու։ Բայց Վիլսոնը, հասկանալով ազնվության վերաբերյալ աստվածաշնչյան սկզբունքները, փողը տվեց տնօրենին։ Զարմացած ու տպավորված՝ տնօրենը ոչ միայն անմիջապես մշտական աշխատանք առաջարկեց նրան, այլև նշանակեց ընկերության աշխատակազմի ավագ անդամ (Եփեսացիս 4։28)։
[շրջանակ 21–րդ էջի վրա]
Ռուկիան վաթսունն անց ալբանուհի է։ Ընտանիքում տարաձայնություններ էին եղել, և նա 17 տարի էր արդեն, որ չէր խոսում իր եղբոր հետ։ Ռուկիան սկսեց Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրել ու իմացավ, որ ճշմարիտ քրիստոնյաները պետք է խաղաղության մեջ լինեն ուրիշների հետ ու իրարից նեղացած չմնան։ Ողջ գիշեր աղոթելուց հետո նա եղբոր տան ճանապարհը բռնեց։ Նրա սիրտն ուժգին բաբախում էր։ Դուռը բացեց եղբոր աղջիկը։ Վերջինս զարմացած հարցրեց Ռուկիային. «Ո՞վ է մեռել։ Ի՞նչ ես անում այստեղ»։ Ռուկիան խնդրեց թույլ տալ եղբորը տեսնել։ Նա հանդարտորեն բացատրեց, որ, իմանալով Եհովայի մասին ու թե ինչ սկզբունքներ են գրված Աստվածաշնչում, ուզում է հաշտվել եղբոր հետ։ Արցունքներից ու գրկախառնություններից հետո նրանք նշեցին այս յուրահատուկ վերամիավորումը (Հռովմայեցիս 12։17, 18)։
[նկար 23–րդ էջի վրա]
[նկար 23–րդ էջի վրա]
[նկար 23–րդ էջի վրա]
[նկար 23–րդ էջի վրա]
«Տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լերան վրայ։ Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. եւ նա սկսեց նրանց ուսուցանել» (ՄԱՏԹԷՈՍ 5։1, 2)