Ո՞վ է Աստված
ԻՆՉՊԵՍ ասվում է մի հանրագիտարանում, «սովորաբար Աստված են անվանում նրան, ով համարվում է տիեզերքի սկզբնապատճառն ու մեծագույն ուժը, ինչպես նաև՝ ում հանդեպ կրոնական նվիրվածություն է ցուցաբերվում»(«The Encyclopedia Americana»)։ Մի բառարանում էլ Աստված բնորոշվում է որպես «գերագույն էակ»։ Սակայն ինչպիսի՞ բնույթ ունի ակնածանք ներշնչող այս էակը։
Անդեմ ո՞ւժ է նա, թե՞ իրական անձնավորություն։ Անուն ունի՞ արդյոք։ Գուցե Աստված եռանձնյա էություն է՝ Երրորդություն, ինչպես հավատում են շատերը։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ճանաչել նրան։ Այս հարցերին ճշմարիտ ու սպառիչ պատասխաններ է տալիս Աստվածաշունչը։ Այն նաև Աստծուն փնտրելու հորդոր է տալիս՝ ասելով. «Նա մեզնից իւրաքանչիւրիցս հեռու չէ» (Գործք 17։27)։
Անդեմ ո՞ւժ, թե՞ իրական անձ
Աստծուն հավատացող շատ մարդկանց կարծիքով՝ նա ուժ է, ոչ թե անձ։ Որոշ մշակույթներում աստվածներ են համարվել բնության ուժերը։ Ոմանք էլ, ովքեր ուսումնասիրել են տիեզերքի կառուցվածքի և երկրագնդի վրա կյանքի առանձնահատկությունների վերաբերյալ գիտական փաստերը, եկել են այն եզրակացության, որ պետք է լինի ինչ–որ Սկզբնապատճառ, սակայն նրանք վարանում են այդ Պատճառը անձնավորություն անվանել։
Մի՞ թե այդքան բարդ կառուցվածք ունեցող ստեղծագործությունները ցույց չեն տալիս, որ Սկզբնապատճառը պետք է հսկայական ինտելեկտ ունենա։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ նա պետք է նաև ուղեղ ունենա։ Մեծագույն ուղեղը՝ այս բոլոր բաները ծրագրավորած, պատկանում է Աստծուն, որն անձնավորություն է։ Այո՛, Աստված մարմին ունի, սակայն ոչ թե ֆիզիկական, այլ ոգեղեն. «Կայ շնչաւոր մարմին, կայ եւ՝ հոգեւոր» (Ա Կորնթացիս 15։44)։ Խոսելով Աստծո բնույթի մասին՝ Աստվածաշունչը շատ պարզ ասում է. «Հոգի է Աստուած» (Յովհաննէս 4։24)։ Ոգեղենը կյանքի այնպիսի տեսակ է, որը մեծապես տարբերվում է մերինից և անտեսանելի է մեզ համար (Յովհաննէս 1։18)։ Գոյություն ունեն նաև ուրիշ անտեսանելի ոգեղեն արարածներ։ Դրանք հրեշտակներն են՝ ‘Աստծո որդիները’ (Յոբ 1։6; 2։1)։
Տրամաբանական է, որ ոգեղեն մարմին ունեցող անսկիզբ Աստվածը պետք է ինչ–որ մի տեղ բնակվի։ Ոգեղեն ոլորտի մասին խոսելիս Աստվածաշունչն ասում է, որ Աստծո «բնակուելու տեղ[ը]» երկինքն է (Գ Թագավորաց 8։43)։ Բացի այդ, Աստվածաշունչը գրի առնողներից մեկի՝ Պողոսի խոսքերով՝ ‘Քրիստոսը մտավ բուն երկինքը, որպեսզի մեզ համար Աստծո առջև ներկայանա’ (Եբրայեցիս 9։24)։
«Ոգի» բառը Աստվածաշնչում մեկ ուրիշ իմաստով էլ է օգտագործվում։ Աստծուն աղոթքով դիմելիս սաղմոսերգուն ասում է. «Հոգիդ [ոգիդ] ուղարկում ես՝ ստեղծվում են» (Սաղմոս 104։30)։ Այդ ոգին ոչ թե ինքը Աստված է, այլ մի ուժ, որը նա ուղարկում կամ օգտագործում է իրականացնելու համար այն, ինչ ցանկանա։ Այդ ոգու միջոցով է Աստված ստեղծել ֆիզիկական երկինքն ու երկիրը, ինչպես նաև բոլոր կենդանի արարածներին (Ծննդոց 1։2; Սաղմոս 33։6)։ Այն կոչվում է սուրբ ոգի։ Աստված իր սուրբ ոգին է օգտագործել ներշնչելու համար Ատվածաշնչի գրողներին (Բ Պետրոս 1։20, 21)։ Հետևաբար՝ սուրբ ոգին գործող անտեսանելի այն ուժն է, որն Աստված օգտագործում է իր նպատակներն իրականացնելու համար։
Աստված անզուգական անուն ունի
Ագուրը, որն Աստվածաշունչը գրի առնողներից մեկն է, հարցրել է. «Ո՞վ վեր ելաւ երկինքը եւ իջաւ, ո՞վ ժողովեց քամին իր բուռերի մէջ. ո՞վ ծրարեց ջուրը հանդերձումը, ո՞վ հաստատեց երկրիս բոլոր ծայրերը. ի՞նչ է նորա անունը, եւ ի՞նչ է նորա որդիի անունը» (Առակաց 30։4)։ Ըստ էության, Ագուրի հարցը հետևյալն էր. «Կարո՞ղ ես հիշատակել որևէ մեկի անունը կամ ազգատոհմը, որն արած լինի այս բաները»։ Միայն Աստված զորություն ունի՝ բնության ուժերը վերահսկելու։ Ինչ խոսք, ստեղծագործությունը զորեղ ապացույց է այն բանի, որ գոյություն ունի Աստված։ Սակայն այն չի կարող ասել մեզ, թե ինչ է Աստծո անունը։ Ի դեպ, մենք երբեք չէինք իմանա այդ անունը, եթե Աստված ինքը չհայտներ այն։ Եվ նա այդպես էլ արեց։ «Ես եմ Եհովան,— ասում է Արարիչը,— սա է իմ անունը» (Եսայիա 42։8)։
Աստծո անզուգական անունը՝ Եհովա, միայն Եբրայերեն գրություններում (բնագրում) հանդիպում է 7 000 անգամ։ Հիսուս Քրիստոսը հայտնում էր մարդկանց այդ անունը և փառաբանում այն նրանց առջև (Յովհաննէս 17։6, 26)։ Այդ անունը կարելի է գտնել նաև Աստվածաշնչի վերջին գրքում, որտեղ այն օգտագործվում է որպես «Ալէլուիա»՝ «փառաբանեք Յահին», արտահայտության մի մաս. «Յահը» Եհովա անվան կրճատ ձևն է (Յայտնություն 19։1–6)։ Այնուամենայնիվ, ժամանակակից Աստվածաշնչերից շատերում չի օգտագործվում այդ անունը։ Դրա փոխարեն՝ հաճախ օգտագործվում են «Տեր» կամ «Աստված» բառերը, որոնք գրվում են մեծատառով՝ սովորական «տեր» կամ «աստված» տիտղոսներից տարբերելու համար։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Աստծո անունն ըստ երևույթին եղել է Յահվե։
Սակայն, ինչո՞ւ այդքան տարբեր կարծիքներ կան տիեզերքի մեծագույն Անձնավորության անվան վերաբերյալ։ Խնդիրը ծագել է դարեր առաջ՝ այն ժամանակվանից ի վեր, երբ հրեաները, սնոտիապաշտությունից մղված, դադարեցին արտասանել Աստծո անունը։ Ամեն անգամ, երբ Աստվածաշունչ կարդալիս նրանք հանդիպում էին այդ անվանը, փոխարինում էին այն «Ամենակալ Տեր» նշանակությունը ունեցող եբրայերեն բառով։ Քանի որ աստվածաշնչյան ժամանակներում եբրայերենը գրվում էր առանց ձայնավորների, հնարավոր չէ ստույգ իմանալ, թե Մովսեսը, Դավիթը կամ հնում ապրած ուրիշ մարդիկ ինչպես էին արտասանում Աստծո անունը կազմող չորս տառերը։ Այնուամենայնիվ, հայերենում դարեր շարունակ գործածվել է «Եհովա» ձևը, որի տարատեսակները այսօր լայնորեն օգտագործվում են նաև շատ լեզուներում (Ելից 6։3; Եսայիա 26։4)։
Թեև այդքան էլ պարզ չէ, թե հին եբրայերենում ինչպես է արտասանվել Աստծո անունը, գաղտնիք չէ այդ անվան նշանակությունը։ Այն նշանակում է «Նա դարձնում է»։ Այսպիսով Եհովան ներկայացնում է իրեն որպես մեծ նպատակների Աստված, որը միշտ իրականացնում է իր նպատակներն ու խոստումները։ Միայն ճշմարիտ Աստված, որն այդպես վարվելու զորություն ունի, կարող է իրավամբ կրել այդ անունը (Եսայիա 55։11)։
Անկասկած, Եհովա անունը տարբերում է Ամենակարող Աստծուն մյուս բոլոր աստվածներից։ Ահա թե ինչու է այս անունն այդքան շատ հանդիպում Աստվածաշնչում։ Թեև շատ թարգմանիչներ չեն օգտագործում Աստծո անունը, Սաղմոս 83։18–ում (Արևմտ. Աստ.) պարզ ասվում է հետևյալը. «Դո՛ւն, որուն անունը Եհովայ է, Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ»։ Իր ծառայության ժամանակ Հիսուս Քրիստոսը սովորեցրեց իր հետևորդներին. «Արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք». «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը» (Մատթէոս 6։9)։ Ուստի՝ աղոթելիս մենք պետք է օգտագործենք Աստծո անունը, նաև պետք է խոսենք նրա մասին ու փառաբանենք նրան ուրիշների առջև։
Հիսուսը Աստվա՞ծ է
Եհովա Աստված շատ պարզ ցույց է տալիս, թե ով է իր Որդին։ Ըստ Մատթէոսի արձանագրության՝ Հիսուսի մկրտությունից հետո «երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի» (Մատթէոս 3։16, 17, ԱԹ)։ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է։
Չնայած դրան՝ հավատ ունեցող շատ մարդիկ պնդում են, որ Հիսուսը Աստված է։ Ոմանք էլ ասում են, թե Աստված Երրորդություն է։ Համաձայն այդ ուսմունքի՝ «Հայրը, Որդին և Սուրբ Հոգին՝ բոլորն էլ Աստված են, սակայն երեք Աստված չկա, կա մեկ Աստված»։ Համարվում է, որ երեքն էլ «հավասար են և հավերժ» («The Catholic Encyclopedia»)։ Ճի՞շտ են արդյոք նման տեսակետները։
Ներշնչյալ Գրություններում Եհովայի վերաբերյալ ասվում է. «Յաւիտենից մինչեւ յաւիտեան դու ես Աստուած» (Սաղմոս 90։2)։ Ուստի նա «յաւիտենական թագաւոր» է՝ անսկիզբ ու անվախճան (Ա Տիմոթէոս 1։17)։ Իսկ Հիսուսը «բոլոր ստեղծուածներուն անդրանիկ[ն]» է, «Աստուծոյ արարածներուն Սկիզբը» (Կողոսացիս 1։13–15; Յայտնություն 3։14)։ Դիմելով Աստծուն որպես իր Հորը՝ նա ասել էր. «Իմ Հայրը մեծ է, քան ես» (Յովհաննէս 14։28)։ Նաև, Հիսուսի խոսքերի համաձայն, կային բաներ, որոնք հայտնի չէին ո՛չ իրեն և ո՛չ հրեշտակներին, այլ միայն իր Հորը (Մարկոս 13։32)։ Դեռ ավելին, իր Հորն աղոթելիս Հիսուսն ասել էր՝ «Ոչ թէ իմ կամքը, այլ քոնը թող լինի» (Ղուկաս 22։42)։ Ո՞ւմ էր նա աղոթում, եթե ոչ իրենից ավելի բարձր Անհատի։ Եվ, բացի այդ, Աստվա՛ծ Հիսուսին հարություն տվեց, և ոչ թե Հիսուսն՝ իրեն (Գործք 2։32)։
Ուրեմն, համաձայն Գրությունների՝ Եհովան Ամենակարող Աստված է, իսկ Հիսուսը՝ իր Որդին։ Նրանք հավասար չեն եղել ո՛չ Հիսուսի՝ երկիր գալուց առաջ և ո՛չ էլ նրա՝ երկրի վրա եղած ժամանակ։ Նմանապես՝ հարություն առնելուց և երկինք գնալուց հետո Հիսուսը չհավասարվեց իր Հորը (Ա Կորնթացիս 11։3; 15։28)։ Ինչպես մինչ այդ տեսանք, Երրորդության երրորդ «անձը»՝ սուրբ ոգին, անձնավորություն չէ, այլ ուժ է, որն Աստված օգտագործում է իրականացնելու համար այն, ինչ կցանկանա։ Հետևաբար՝ Երրորդության ուսմունքը հիմնված չէ Աստվածաշնչի վրա։a «Մեր Եհովայ Աստուածը՝ Եհովան մէկ է»,— ասում է Աստվածաշունչը (Բ Օրինաց 6։4)։
Ավելի լավ ճանաչել Աստծուն
Որպեսզի Աստծուն կարողանանք տալ այն սերն ու անմնացորդ նվիրվածությունը, որին նա արժանի է, հարկավոր է, որ իմանանք, թե իրականում ով է նա։ Իսկ ինչպե՞ս կարող ենք Աստծուն ավելի լավ ճանաչել։ «Նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը» (Հռովմայեցիս 1։20, ԱԹ)։ Աստծուն ավելի լավ ճանաչելու ձևերից մեկը նրա ստեղծագործությունները երախտագիտության զգացումով, ուշադրությամբ զննելն է։
Սակայն, ստեղծագործությունը չի կարող տալ մեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ է Աստծուն ճանաչելու համար։ Օրինակ՝ որպեսզի կարողանանք իմանալ, որ նա իրական ոգեղեն Անձ է և ունի անզուգական անուն, պետք է դիմենք Աստվածաշնչին։ Աստվածաշունչն ուսումնասիրելը Աստծուն ավելի լավ ճանաչելու լավագույն ձևն է։ Գրություններում Եհովան շատ ավելին է պատմում այն մասին, թե ինչպիսի Աստված է նա։ Նա նաև հայտնում է իր նպատակներն ու սովորեցնում քայլել իր ճանապարհներով (Ամովս 3։7; Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Որքա՜ն ուրախ կարող ենք լինել այն բանի համար, որ Աստված ցանկանում է, որ «հասնեն[ք] ճշմարտութեան գիտութեանը», որպեսզի կարողանանք օգուտներ քաղել այն ամենից, ինչ նա սիրով տալիս է մեզ (Ա Տիմոթէոս 2։4)։ Եկեք, ուրեմն, ջանք չխնայենք և որքան հնարավոր է շատ գիտելիքներ ձեռք բերենք Եհովայի մասին։
[ծանոթագրություն]
a Այս հարցը ավելի մանրամասն քննելու համար տե՛ս Եհովայի վկաների կողմից հրատարակված «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» գրքույկը։
[նկարներ 5–րդ էջի վրա]
Երկրագունդը ստեղծելու, ինչպես նաև Աստվածաշունչը գրի առնողներին ներշնչելու համար Աստված օգտագործել է իր սուրբ ոգին
[նկար 5–րդ էջի վրա]
Երկնքից մի ձայն լսվեց, որն ասում էր. «Դա է իմ սիրելի որդին»
[նկար 7–րդ էջի վրա]
Հիսուսը աղոթում էր Աստծուն՝ այն Անձնավորությանը, որն իրենից բարձր է
[նկար 7–րդ էջի վրա]
Հիսուսը մարդկանց հայտնում էր Աստծո անունը
[նկարներ 7–րդ էջի վրա]
Մենք կարող ենք Աստծուն ավելի լավ ճանաչել