‘Ավելի ևս ուշադիր եղեք’
«Մենք պէտք է աւելի եւս ուշադիր լինենք ասուած խօսքերին, որպէսզի երբեք դրանցից չտարուենք դէպի կորուստ» (ԵԲՐԱՅԵՑԻՍ 2։1, ԷԹ)։
1. Ո՞ր օրինակից է երևում, որ ուշադրությունը շեղելը կարող է աղետալի հետևանքների բերել։
ՄԻԱՅՆ ԱՄՆ–ում ավտովթարի հետևանքով ամեն տարի մահանում է 37 000 հոգի։ Փորձագետներն ասում են, որ նման մահացու դեպքերից հիմնականում հնարավոր կլիներ խուսափել, եթե վարորդները ճանապարհին ավելի ուշադիր լինեին։ Որոշ վարորդների ուշադրությունը շեղվել էր ցուցանակների կամ իրենց բջջային հեռախոսի պատճառով։ Որոշ դեպքերում էլ մեքենան վարելու ժամանակ նրանք ինչ–որ բան ուտելիս էին եղել։ Բոլոր այս իրավիճակներում աղետալի հետևանքների հանգեցրել էր ուշադրությունը շեղելը։
2, 3. Ի՞նչ խորհուրդ էր տվել Պողոս առաքյալը եբրայեցի քրիստոնյաներին, և ինչո՞ւ էր այն տեղին։
2 Ավտոմեքենայի ստեղծումից մոտ 2 000 տարի առաջ Պողոս առաքյալը խոսել էր ուշադրությունը շեղելու մեկ ուրիշ ձևի մասին, որը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ եբրայեցի որոշ քրիստոնյաների համար։ Ընդգծելով, որ հարություն առած Հիսուս Քրիստոսը, Աստծո աջ կողմում նստած, բոլոր հրեշտակներից ավելի բարձր դիրք ունի՝ Պողոսն ասել էր. «Ահա թէ ինչու մենք պէտք է աւելի եւս ուշադիր լինենք ասուած խօսքերին, որպէսզի երբեք դրանցից չտարուենք դէպի կորուստ» (Եբրայեցիս 2։1, ԷԹ)։
3 Ինչո՞ւ պետք է եբրայեցի քրիստոնյաները ‘ավելի ևս ուշադիր լինեին [Հիսուսի վերաբերյալ] ասված խոսքերին’։ Բանն այն էր, որ արդեն մոտ 30 տարի էր անցել այն օրվանից, երբ Հիսուսը թողել էր երկիրը։ Իրենց Տիրոջ բացակայությունը դրդել էր եբրայեցի որոշ քրիստոնյաների, որ սկսեն հեռանալ ճշմարիտ հավատից։ Նրանց ուշադրությունը շեղել էր հուդայականությունը՝ իրենց նախկին հավատը։
Անհրաժեշտ էր ավելի ուշադիր լինել
4. Ի՞նչը կարող էր դրդել եբրայեցի քրիստոնյաներից ոմանց վերադառնալ հուդայականությանը։
4 Ինչո՞ւ պետք է քրիստոնյաներից որևէ մեկի մեջ ցանկություն առաջանար հուդայականությանը վերադառնալու։ Օրենքի ուխտով նախատեսված երկրպագության ձևը տեսանելի էր. մարդիկ տեսնում էին քահանաներին, զգում այրվող զոհերի հոտը։ Իսկ քրիստոնեությունը որոշ առումներով բավական տարբերվում էր դրանից։ Քրիստոնյաներն ունեին Քահանայապետ (դա Հիսուս Քրիստոսն էր), բայց նա արդեն երեք տասնամյակ էր, ինչ երկրի վրա չէր (Եբրայեցիս 4։14)։ Նրանք նաև ունեին տաճար, որի սրբատեղին, սակայն, երկնքում էր (Եբրայեցիս 9։24)։ Ֆիզիկապես թլպատվելու փոխարեն (մի բան, որ պահանջվում էր Օրենքի ուխտով)՝ քրիստոնյաներն ընդունում էին «սրտի թլփատութիւնը հոգով» (Հռովմայեցիս 2։29)։ Ուստի նրանց համար քրիստոնեությունը գուցե սկսեր ինչ–որ չափով վերացական թվալ։
5. Ինչպե՞ս Պողոսը ցույց տվեց, որ Հիսուսի կողմից հաստատված երկրպագության ձևը գերազանցում էր Օրենքի ուխտով հաստատվածին։
5 Եբրայեցի քրիստոնյաները պետք է մի շատ կարևոր բան հասկանային Քրիստոսի կողմից հաստատված երկրպագության ձևի վերաբերյալ։ Այն հիմնված էր ավելի շատ հավատի, քան թե տեսանելի բաների վրա։ Չնայած դրան՝ այն գերազանցում էր Մովսես մարգարեի միջոցով փոխանցված Օրենքի ուխտը։ «Եթէ ցուլերի եւ նոխազների արիւնը եւ երինջների մոխիրը սրսկելով սրբում էր պղծուածներին մարմնաւոր սրբութիւն ստանալու համար,— գրեց Պողոս առաքյալը,— էլ ո՞րքան աւելի Քրիստոսի արիւնը, որ յաւիտենական հոգով իր անձն անարատ պատարագ մատուցրեց Աստուծուն, ձեր խղճմտանքը կ’սրբէ այն մեռած գործերից որ կենդանի Աստուծուն պաշտէք» (Եբրայեցիս 9։13, 14)։ Այո՛, Հիսուսի քավիչ զոհաբերության հանդեպ հավատ ցուցաբերելով՝ կարելի էր ներում ստանալ։ Եվ այդ առումով Քրիստոսի զոհաբերությունը շատ ավելի գերազանցում էր այն զոհաբերությունները, որ արվում էին Օրենքի ուխտով։ (Եբրայեցիս 7։26–28)։
6, 7. ա) Ինչո՞ւ էր շատ կարևոր, որ եբրայեցի քրիստոնյաները «աւելի եւս ուշադիր լինե[ին] ասուած խօսքերին»։ բ) Ե՞րբ էր Պողոսը գրել եբրայեցիներին ուղղված իր նամակը, և որքա՞ն էր մնացել Երուսաղեմի կործանմանը (տե՛ս տողատակի ծանոթագրությունը)։
6 Եբրայեցի քրիստոնյաները Հիսուսի մասին լսած բաներից ուշադրությունը չշեղելու մեկ ուրիշ պատճառ էլ ունեին։ Քրիստոսը կանխագուշակել էր, որ Երուսաղեմը կործանվելու է։ Նա ասել էր. «Օրեր կ’գան քեզ վերայ, եւ քո թշնամիները չորս կողմովդ պատնէշ կ’պատեն, եւ կ’պաշարեն քեզ եւ ամեն կողմից քեզ կ’նեղացնեն. եւ յիմնահատակ կ’անեն քեզ եւ քո որդիքն էլ քո միջումը. եւ չեն թողիլ քո միջումը քար քարի վերայ. փոխանակ որ չ’ճանաչեցիր քեզ այցելելու ժամանակը» (Ղուկաս 19։43, 44)։
7 Ե՞րբ էր դա լինելու։ Հիսուսը չէր հայտնել օրն ու ժամը։ Փոխարենը՝ նա տվել էր հետևյալ հրահանգը. «Երբոր կ’տեսնէք Երուսաղէմը զօրքերով շրջապատուած, այն ժամանակ գիտացէք, թէ նորա աւերումը մօտ է։ Այն ժամանակ նորանք, որ Հրէաստանումն են, թող սարերը փախչեն. եւ նորանք, որ նորա միջումն են, թող հեռանան. եւ նորանք, որ նորա գաւառներումն են, թող չ’մտնեն նորա մէջ» (Ղուկաս 21։20, 21)։ Անցել էր 30 տարի, և այդ ընթացքում Երուսաղեմի քրիստոնյաներից ոմանք կորցրել էին հրատապության իրենց զգացումը ու շեղել էին իրենց ուշադրությունը։ Նրանք, ասես, առանց ճանապարհին նայելու՝ մեքենա վարելիս լինեին, ու եթե չփոխեին իրենց մտածելակերպը, կկործանվեին։ Անկախ այն բանից, թե ինչպես էին նրանք մտածում՝ Երուսաղեմի կործանումն անխուսափելի էր։a Բարեբախտաբար, Պողոսի հորդորը ծառայեց որպես նախազգուշացնող մի ազդանշան Երուսաղեմի՝ հոգևոր քուն մտնող քրիստոնյաների համար։
«Աւելի եւս ուշադիր» լինել այսօր
8. Ինչո՞ւ պետք է «աւելի եւս ուշադիր լինենք» Աստծո Խոսքում գրված ճշմարտությունների նկատմամբ։
8 Առաջին դարի քրիստոնյաների նման մենք նույնպես պետք է «աւելի եւս ուշադիր լինենք» Աստծո Խոսքում գրված ճշմարտությունների նկատմամբ։ Ինչո՞ւ։ Որովհետև այսօր նույնպես կործանում է սպասվում, բայց ոչ թե ընդամենը մի ազգի, այլ ողջ իրերի դրության (Յայտնութիւն 11։18; 16։14, 16)։ Մենք, իհարկե, չգիտենք ճշգրիտ օրն ու ժամը (Մատթէոս 24։36)։ Սակայն աստվածաշնչյան մարգարեությունների իրականացումը պարզ ցույց է տալիս, որ ապրում ենք ‘վերջին օրերում’ (Բ Տիմոթէոս 3։1 ԷԹ, 2–5)։ Հետևաբար պետք է զգույշ լինենք և թույլ չտանք, որ ինչ–որ բան շեղի մեզ։ Հարկավոր է ուշադրությունը կենտրոնացնել Աստծո Խոսքի վրա և պահպանել հրատապության զգացումը։ Միայն այդպես վարվելով՝ «արժանի [կլինենք] ազատուիլ այն բոլոր բաներիցը, որ պիտի լինին» (Ղուկաս 21։36)։
9, 10. ա) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ուշադիր ենք հոգևոր բաների հանդեպ։ բ) Ինչպե՞ս է Աստծո Խոսքը նման ‘ճրագի՝ ոտքերի համար’, և ‘լույսի՝ ճանապարհի համար’։
9 Ապրելով այս նշանակալից ժամանակաշրջանում՝ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ «աւելի եւս ուշադիր» ենք հոգևոր բաների հանդեպ։ Ձևերից մեկը ժողովներին և համաժողովներին կանոնավորապես մասնակցելն է։ Նաև հարկավոր է ջանասիրաբար ուսումնասիրել Աստվածաշունչը՝ այդ գրքի Հեղինակի՝ Եհովայի հետ մտերմանալու նպատակով (Յակոբոս 4։8)։ Անձնական ուսումնասիրության և ժողովների շնորհիվ Եհովայի գիտությունը ստանալով՝ նույն մտածելակերպը ձեռք կբերենք, ինչ սաղմոսերգուն, որն ասել է. «Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119։105)։
10 Աստվածաշունչը «լույս [է մեր] ճանապարհի համար», քանի որ հայտնում է մեզ Եհովայի նպատակները։ Այդ գիրքը նաև «ճրագ է [մեր] ոտների համար»։ Այլ կերպ ասած՝ այն կարող է օգնել, որ իմանանք, թե ինչ քայլ պետք է կատարենք վհատություն պատճառող խնդիրների հետ բախվելիս։ Ահա թե ինչու է այդքան կարևոր «աւելի եւս ուշադիր լինե[լ]» հավաքույթների և Աստծո Խոսքի անձնական ուսումնասիրություն կատարելու ժամանակ։ Այն գիտելիքները, որ ձեռք ենք բերում, իմաստություն կտան մեզ ու կօգնեն, որ ճիշտ որոշումներ կայացնենք՝ այդպիսով հաճեցնելով Եհովային և ուրախացնելով նրա սիրտը (Առակաց 27։11; Եսայիա 48։17)։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր ուշադրությունը ժողովների ժամանակ կամ անձնական ուսումնասիրություն կատարելիս, որպեսզի հնարավորին չափ մեծ օգուտ քաղենք Աստծո կողմից տրվող հոգևոր սնուցումից։
Ինչպես ավելի ուշադիր լինել ժողովի ժամանակ
11. Ինչո՞ւ է երբեմն դժվար լինում կենտրոնացած մնալ քրիստոնեական հանդիպումների ժամանակ։
11 Երբեմն ժողովների ժամանակ դժվար է լինում կենտրոնացած մնալ։ Երեխայի լացը, իր համար տեղ փնտրող ուշացած անհատը հեշտությամբ կարող են շեղել մեր ուշադրությունը։ Գուցե պարզապես հոգնած ենք երկար աշխատանքային օրվանից հետո։ Հնարավոր է նաև, որ բեմահարթակից ելույթ ունեցողը այնքան էլ հետաքրքիր չի խոսում։ Մենք չենք էլ հասցնում նկատել, թե ինչպես ենք ընկնում երազանքների գիրկը, կամ էլ նույնիսկ սկսում ննջել։ Այն բանի գիտակցումը, որ ժողովում ներկայացվող նյութը կենսական կարևորություն ունի, կմղի մեզ, որ ջանք թափենք հանդիպումների ժամանակ ավելի ուշադիր լինելու։ Իսկ ինչպե՞ս կարող ենք անել այդ։
12. Ի՞նչը կօգնի, որ ուշադիր լինենք ժողովի ժամանակ։
12 Եթե հանդիպմանը լավ նախապատրաստվենք, հեշտությամբ կպահպանենք մեր ուշադրությունը։ Չարժե՞ ուրեմն ժամանակ հատկացնել քննարկվելիք նյութին ծանոթանալու։ Ամեն օր մեզանից ընդամենը մի քանի րոպե կպահանջվի, որպեսզի կարողանանք կարդալ Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության համար նախատեսված հատվածը։ Եթե պլանավորենք մեր գործերը, ժամանակ կգտնենք նաև Գրքի ուսումնասիրությանն ու «Դիտարանի» հանդիպմանը պատրաստվելու։ Գործերը կարող ենք պլանավորել ցանկացած ձևով։ Կարևորն այն է, որ նախապատրաստվենք, քանզի դա կօգնի, որ ուշադրությամբ լսենք ժողովի ժամանակ քննարկվող նյութը։
13. Ի՞նչը կարող է օգնել մեզ հանդիպումների ժամանակ կենտրոնացած մնալ։
13 Բացի դրանից, ոմանք նկատել են, որ ավելի ուշադիր են, երբ նստում են սրահի առաջին շարքերում։ Հռետորին հայացքով հետևելը, մեջբերվող աստվածաշնչյան համարները բացելը և գրառումներ կատարելը նույնպես օգնում են կենտրոնացած մնալ։ Սակայն ամենակարևորը մեր սիրտը նախապատրաստելն է։ Հարկավոր է հասկանալ, թե ինչ նպատակով ենք հավաքվում։ Նախ՝ հավատակիցների հետ հանդիպում ենք Եհովային երկրպագելու նպատակով (Սաղմոս 26։12; Ղուկաս 2։36, 37)։ Բացի այդ, հանդիպումները հոգևորապես սնվելու կարևոր միջոց են (Մատթէոս 24։45–47)։ Դրանք նաև հնարավորություն են տալիս «միմեանց՝ սիրոյ և բարի գործերի յորդորել[ու]» (Եբրայեցիս 10։24, 25, ԷԹ)։
14. Ի՞նչն է իսկապես նպաստում ժողովի հանդիպման հաջողությանը։
14 Ոմանք հակված են ժողովի հանդիպումը այս կամ այն կերպ որակելու՝ ելնելով ելույթ ունեցողների ուսուցանելու հմտությունից։ Եթե ելույթ ունեցողը լավ հռետոր է, ժողովի հանդիպումն էլ է համարվում լավ։ Իսկ եթե հռետորը ուսուցման արդյունավետ մեթոդներ կարծես չի օգտագործում, ապա հանդիպման մասին կազմվում է հակառակ կարծիքը։ Ինչ խոսք, ծրագիրն անցկացնողները պետք է լավագույնն անեն, որպեսզի կարողանան գործի դնել ուսուցանելու արվեստը և, որ ավելի կարևոր է, իրենց խոսքը հասցնեն մարդկանց սրտին (Ա Տիմոթէոս 4։16)։ Այնուամենայնիվ, մենք՝ լսողներս, չպետք է քննադատաբար մոտենանք այդ հարցին։ Թեև ելույթ ունեցողների ուսուցանելու հմտությունը կարևոր է, դա հանդիպման հաջողությանը նպաստող միակ գործոնը չէ։ Համաձայն չէ՞ք, որ մենք պետք է մտածենք ոչ թե այն մասին, թե հռետորը ինչպես է ներկայացնում իր ելույթը, այլ՝ թե մենք ինչպես ենք լսում նրան։ Ժողովներ այցելելով և այնտեղ քննարկվող նյութը ուշադրությամբ լսելով՝ մենք երկրպագում ենք Աստծուն՝ գործելով իր կամքին ներդաշնակ։ Հենց դա է այն գլխավոր գործոնը, որը նպաստում է հանդիպման հաջողությանը։ Եթե մեր նպատակը Աստծո գիտությունը ստանալը լինի, ժողովի հանդիպումներից օգուտ կքաղենք՝ անկախ այն բանից, թե հռետորը ինչ ընդունակությունների տեր է (Առակաց 2։1–5)։ Ուրեմն՝ եկեք բոլոր դեպքերում «աւելի եւս ուշադիր լինենք» ժողովների ժամանակ։
Լիարժեք օգուտ քաղել անձնական ուսումնասիրությունից
15. Ի՞նչ օգուտ կարող ենք քաղել անձնական ուսումնասիրությունից ու կարդացածի շուրջ խորհրդածելուց։
15 Մենք մեծ օգուտներ կքաղենք, եթե «աւելի եւս ուշադիր լինենք» անձնական ուսումնասիրություն կատարելիս և ձեռք բերած գիտելիքների շուրջ խորհրդածելիս։ Կարդալով Աստվածաշունչն ու քրիստոնեական հրատարակությունները և խորհրդածելով կարդացածի շուրջ՝ աստվածաշնչյան ճշմարտությունը խորապես կտպավորենք մեր սրտում։ Դա, իր հերթին, մեծ ազդեցություն կթողնի մեր մտածելակերպի ու գործելակերպի վրա, և կօգնի, որ Եհովայի կամքը կատարելու մեջ ուրախություն գտնենք (Սաղմոս 1։2; 40։8)։ Ուստի՝ մեր ուսումնասիրությունից օգուտ քաղելու համար հարկավոր է ջանքեր գործադրել, որպեսզի կարողանանք կենտրոնացած մնալ։ Շեղվելը չափազանց հեշտ է։ Մեր ուշադրությունը կարող է շեղվել շատ փոքր բաներից, օրինակ՝ հեռախոսազանգի կամ ինչ–որ աղմուկի պատճառով։ Կամ գուցե մենք չենք կարող երկար ժամանակ կենտրոնացած մնալ։ Գուցե հոգևորապես սնվելու ցանկությամբ լի՝ նստում ենք, որպեսզի ուսումնասիրենք, սակայն կարճ ժամանակ անց մեր միտքը սկսում է թափառել։ Ինչպե՞ս կարող ենք «աւելի եւս ուշադիր լինե[լ]» Աստծո Խոսքի անձնական ուսումնասիրություն կատարելիս։
16. ա) Ինչո՞ւ է կարևոր գրաֆիկ կազմել և ժամանակ հատկացնել անձնական ուսումնասիրությանը։ բ) Ինչպե՞ս ես դու կարողանում ժամանակ գտնել Աստծո Խոսքն ուսումնասիրելու համար։
16 Շատ օգտակար կլինի գրաֆիկ կազմել և որոշել, թե որն է ուսումնասիրության համար ամենահարմար ժամանակը։ Մեծամասամբ այդքան էլ հեշտ չէ ազատ ժամանակ գտնել և առանձնանալ։ Գուցե այնքան ծանրաբեռնված ենք առօրյա հոգսերով, որ ասես հորձանուտի մեջ ընկած փոքրիկ ոստ լինենք։ Սակայն անհրաժեշտ է գնալ «հոսանքին» հակառակ և ժամանակ գտնել ուսումնասիրության համար։ Ուսումնասիրելու հնարավորությունը ինքնիրեն չի ստեղծվի։ Հարկավոր է նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնել և գտնել այդ ժամանակը (Եփեսացիս 5։15, 16)։ Ոմանք, օրինակ, կարճ ժամանակով ուսումնասիրություն են անցկացնում առավոտյան, երբ խանգարող բաները քիչ են։ Ուրիշներին ավելի հարմար են երեկոյան ժամերը։ Գլխավորն այն է, որ չանտեսենք Աստծո ու նրա Որդու մասին գիտելիքներ ստանալու անհրաժեշտությունը (Հովհաննէս 17։3)։ Եկեք ուրեմն նախապես պլանավորենք, թե երբ ենք անձնական ուսումնասիրություն կատարելու, և հետո անենք այնպես, ինչպես պլանավորել էինք։
17. Ի՞նչ է խորհրդածելն ու ի՞նչ օգուտ կարող է տալ մեզ։
17 Անգնահատելի է խորհրդածելու՝ սովորածի շուրջ մտածելու արժեքը։ Դա օգնում է մեզ Աստծո մտքերը տպագիր էջերից մեր սրտում «տպելու» և տեսնելու, թե ինչպես կարելի է կիրառել Աստվածաշնչի խորհուրդը՝ դառնալով «խօսքը անող[ներ], եւ ոչ միայն լսողներ» (Յակոբոս 1։22–25)։ Բացի այդ, դա նպաստում է Եհովայի հետ ավելի ու ավելի մտերմանալուն, քանզի օգնում է մեզ արտացոլել նրա հատկությունները ու տեսնել, թե ինչպես են դրանք ընդգծվում այն նյութում, որն ուսումնասիրում ենք։
18. Ի՞նչ պայմաններ են հարկավոր, որպեսզի կարողանանք խորհրդածելուց լիարժեք օգուտ ստանալ։
18 Ուսումնասիրությունից ու խորհրդածությունից լիարժեք օգուտ ստանալու համար հարկավոր է հետևել, որ մեր միտքը չշեղվի։ Որպեսզի կարողանանք մարսել այն նոր տեղեկությունները, որ ձեռք ենք բերել, պիտի աշխատենք զերծ մնալ ուշադրությունը շեղող բաներից։ Ու թեև դրա համար հարկավոր է որոշակի ժամանակ գտնել և առանձնանալ, սակայն որքա՜ն կթարմանանք՝ ընդունելով Աստծո Խոսքում պարունակվող հոգևոր սնունդն ու ճշմարտության ջուրը։
19. ա) Ի՞նչն է օգնել ոմանց ավելի երկար ուշադիր մնալ ուսումնասիրություն կատարելիս։ բ) Ի՞նչ վերաբերմունք պետք է ունենանք ուսումնասիրության հանդեպ և ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել դրանից։
19 Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքում, եթե չենք կարողանում երկար ժամանակ կենտրոնացած մնալ, և ուսումնասիրությունը սկսելուց կարճ ժամանակ անց մեր միտքը սկսում է թափառել։ Ոմանք կարողացել են ավելի երկար պահպանել իրենց ուշադրությունը՝ սկզբում ուսումնասիրությանը կարճ ժամանակ հատկացնելով, իսկ հետո աստիճանաբար այդ ժամանակը երկարացնելով։ Մեր նպատակը պետք է լինի խորությամբ ուսումնասիրելը, և ոչ թե մակերեսորեն կարդալ–անցնելը։ Իսկ դրա համար հարկավոր է հետաքրքրություն զարգացնել այն թեմայի հանդեպ, որն ուսումնասիրում ենք։ Կարելի է նաև այդ թեմային վերաբերող լրացուցիչ տեղեկություններ փնտրել հավատարիմ և իմաստուն ծառայի կողմից տրված նյութերում, որ բավական շատ են։ «Աստուծոյ խորունկ բաներ[ի]» մեջ ներթափանցելը անգնահատելի մի բան է (Ա Կորնթացիս 2։10, Արևմտ. Աստ.)։ Այդպես վարվելով՝ կավելացնենք Աստծո մասին մեր գիտելիքները ու կզարգացնենք մեր հասկացողությունը (Եբրայեցիս 5։14)։ Ջանասիրաբար ուսումնասիրելով Աստծո Խոսքը՝ մենք էլ մեր հերթին ‘կարող կլինենք ուրիշներին սովորեցնելու’ (Բ Տիմոթէոս 2։2)։
20. Ինչպե՞ս կարող ենք սերտ հարաբերություններ զարգացնել Եհովայի հետ ու պահպանել դրանք։
20 Քրիստոնեական ժողովներն այցելելն ու անձնական ուսումնասիրություն կատարելը մեծապես կօգնի, որ սերտ հարաբերություններ զարգացնենք Եհովայի հետ ու պահպանենք դրանք։ Ըստ երևույթին, դա էր մղել սաղմոսերգուին ասելու. «Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը» (Սաղմոս 119։97)։ Եկեք ուրեմն վճռենք բաց չթողնել ժողովի ոչ մի հանդիպում և ոչ մի համաժողով ու ժամանակ «գնենք» Աստվածաշունչն ուսումնասիրելու և նրա շուրջ խորհրդածելու։ Մենք մեծապես կպարգևատրվենք Աստծո Խոսքի հանդեպ «աւելի եւս ուշադիր լինե[լու]» համար։
[ծանոթագրություն]
a Եբրայեցիներին ուղղված նամակը ամենայն հավանականությամբ գրվել է մ.թ. 61 թ.–ին։ Իսկ դա նշանակում է, որ հինգ տարի էր մնացել այն իրադարձությանը, երբ Կեստիոս Գալլոսի զորքերը շրջապատեցին Երուսաղեմը։ Կարճ ժամանակ անց, սակայն, այդ զորքերը հեռացան, ինչը զգոն քրիստոնյաներին փախչելու հնարավորություն ընձեռեց։ Չորս տարի հետո հռոմեական զորքերը Տիտոսի գլխավորությամբ ավերեցին քաղաքը։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ էին որոշ եբրայեցի քրիստոնյաներ սկսել հեռանալ ճշմարիտ հավատից։
• Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր ուշադրությունը քրիստոնեական ժողովների ժամանակ։
• Ի՞նչը կնպաստի, որ օգուտ քաղենք Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունից ու սովորածի շուրջ խորհրդածելուց։
[նկար 11–րդ էջի վրա]
Եբրայեցի քրիստոնյաները պետք է արթուն մնային՝ սպասելով Երուսաղեմի անխուսափելի կործանմանը
[նկար 13–րդ էջի վրա]
Ծնողները կարող են օգնել երեխաներին օգուտ քաղել քրիստոնեական հանդիպումներից