Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 1/15 էջ 10–15
  • Իսկապե՞ս հավատում ես բարի լուրին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Իսկապե՞ս հավատում ես բարի լուրին
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մենք հավատի կարիք ունենք
  • Խիստ կարևոր է հավատ ունենալ Աստծո Խոսքի հանդեպ
  • Հավատը և ապրուստի միջոցները
  • Հավատն օգնում է մեզ, որ դիմանանք վշտին
  • Հավատը զորացնում է ընկճվածներին
  • Հավատը և մյուս փորձությունները
  • Շարունակենք հավատալ Աստծո Խոսքին
  • Հավատ դրսևորիր Եհովայի խոստումների հանդեպ
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Ավելացրու մեր հավատը»
    2015 Դիտարան
  • Հավատ. ամուր մնալու գրավական
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Որքանո՞վ է ամուր քո հավատը
    2003 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 1/15 էջ 10–15

Իսկապե՞ս հավատում ես բարի լուրին

«Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցել է. ապաշխարեցէք, եւ հաւատացէք աւետարանին» (ՄԱՐԿՈՍ 1։15)։

1, 2. Ինչպե՞ս կբացատրեիր Մարկոս 1։14, 15–ը։

ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅԱՆ 30 թվականն էր։ Հիսուս Քրիստոսը մեծ քարոզչական ծառայություն էր ձեռնարկել Գալիլեայում։ Նա քարոզում էր «Աստուծոյ թագաւորութեան աւետարանը [բարի լուրը]». բազմաթիվ գալիլեացիներ սրտանց ընդունել էին նրա հետևյալ խոսքերը. «Ժամանակը կատարուել է [«լրացած է», Արևմտ. Աստ.], եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցել է. ապաշխարեցէք, եւ հաւատացէք աւետարանին» (Մարկոս 1։14, 15)։

2 «Ժամանակը» հասել էր, որ Հիսուսը սկսեր իր ծառայությունը, իսկ մարդիկ՝ Աստծո հավանությանն արժանացող որոշում ընդունեին (Ղուկաս 12։54–56)։ «Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցել [էր]», քանի որ Հիսուսը՝ որպես ապագա Թագավոր, մարդկանց մեջ էր գտնվում։ Նա իր քարոզչությամբ ճիշտ տրամադրվածություն ունեցող մարդկանց մղում էր ‘ապաշխարելու’՝ զղջալու իրենց մեղքերի համար։ Բայց ինչպե՞ս նրանք ցույց տվեցին, որ ‘հավատում են ավետարանին’, և ինչպե՞ս մենք կարող ենք անել դա։

3. Ի՞նչ անելով են մարդիկ ցույց տալիս, որ հավատում են բարի լուրին։

3 Պետրոս առաքյալն էլ, Հիսուսի պես, մարդկանց հորդորում էր զղջալ։ Մ.թ. 33–ի Պենտեկոստեին, դիմելով Երուսաղեմում հավաքված հրեաներին, նա ասաց. «Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողության համար, եւ սուրբ Հոգու պարգեւը կ’ընդունիք»։ Հազարավոր մարդիկ ‘ապաշխարեցին’, մկրտվեցին ու դարձան Հիսուսի հետևորդներ (Գործք 2։38, 41; 4։4)։ Մ.թ. 36–ին նման քայլեր ձեռնարկեցին ոչ հրեաներից նրանք, ովքեր զղջացին իրենց մեղքերի համար (Գործք 10։1–48)։ Մեր օրերում բարի լուրի հանդեպ հավատը հազարավոր մարդկանց է մղում զղջալու իրենց մեղքերի համար, նվիրվելու Աստծուն և մկրտվելու։ Նրանք ընդունում են փրկության բարի լուրը և հավատ են ընծայում Հիսուսի քավիչ զոհաբերությանը։ Նրանք նաև արդարություն են գործում ու Աստծո Թագավորության կողմն են կանգնում։

4. Ի՞նչ է հավատը։

4 Բայց ի՞նչ է հավատը։ Պողոս առաքյալը հետևյալն է գրել. «Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չ’երեւացող բաների ապացոյցն է» (Եբրայեցիս 11։1)։ Մեր հավատը վստահեցնում է մեզ, որ ինչ որ Աստված խոստանում է իր Խոսքում, կարելի է արդեն կատարված համարել։ Դա նման է այնպիսի փաստաթուղթ ունենալուն, որն ապացուցում է մեր՝ որոշակի սեփականության տեր լինելը։ Հավատը նաև «չ’երեւացող բաների ապացոյցն» է, կամ այլ կերպ ասած՝ այն, ինչը վկայում է, որ անհատը համոզված է անտեսանելի բաների գոյության մեջ։ Մեր միտքը և երախտագիտությամբ լեցուն սիրտը մեզ համոզում են, որ դրանք իրոք գոյություն ունեն, չնայած որ չենք տեսնում (Բ Կորնթացիս 5։7; Եփեսացիս 1։18)։

Մենք հավատի կարիք ունենք

5. Ինչո՞ւ հավատ ունենալն այդքան կարևոր է։

5 Մենք ծնվում ենք հոգևոր կարիքներով, բայց նույնը չի կարելի ասել հավատի մասին։ Այո, «բոլորը չէ, որ հաւատ ունեն» (Բ Թեսաղոնիկեցիս 3։2, ԷԹ)։ Սակայն քրիստոնյաները պետք է հավատ ունենան, որպեսզի ժառանգեն Աստծո խոստումները (Եբրայեցիս 6։12)։ Պողոսը հավատի տեր մարդկանց բազում օրինակներ բերելուց հետո գրեց. «Մենք էլ որ վկաների այսքան բազմութիւն ունինք մեզ շրջապատած, դէն գցենք ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը. եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը. Մտիկ տանք հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին» (Եբրայեցիս 12։1, 2)։ Ի՞նչ է «մեզ դիւրաւ պաշարող մեղքը»։ Դա հավատի պակասն է, նույնիսկ մի ժամանակ ունեցած հավատը կորցնելը։ Ամուր հավատ ունենալու համար մենք պետք է ‘մտիկ տանք Հիսուսին’ ու հետևենք նրա օրինակին։ Նաև պետք է մերժենք անբարոյականությունը, պայքարենք մարմնի գործերի դեմ և խուսափենք նյութապաշտությունից, փիլիսոփայությունից և Սուրբ Գրություններին հակասող ավանդություններից (Գաղատացիս 5։19–21; Կողոսացիս 2։8; Ա Տիմոթէոս 6։9, 10; Յուդա 3, 4)։ Եվ բացի այս, մենք պետք է հավատանք, որ Աստված մեզ հետ է, և որ իր Խոսքում գրված խորհուրդներն իսկապես գործնական են։

6, 7. Ինչո՞ւ տեղին է աղոթել հավատի համար։

6 Մենք չենք կարող մեր կամքի ուժով ինքներս մեր մեջ հավատ կերտել։ Հավատը Աստծո գործուն ուժի՝ սուրբ ոգու պտղի մասերից է (Գաղատացիս 5։22, 23)։ Ի՞նչ պիտի անենք, եթե զգում ենք, որ մեր հավատը զորացնելու կարիք կա։ Հիսուսն ասաց. «Եթէ դուք.... գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից» (Ղուկաս 11։13)։ Այո՛, եկեք Աստծուց աղոթքով խնդրենք սուրբ ոգին, քանզի այն կարող է մեր մեջ հավատ առաջացնել. իսկ հավատը կօգնի, որ Աստծո կամքը կատարենք նույնիսկ ամենածանր հանգամանքներում (Եփեսացիս 3։20)։

7 Հավատը զորացնելու համար Աստծուն աղոթելը միանգամայն տեղին է։ Երբ Հիսուսը պատրաստվում էր մի երեխայից դևը հանելու, տղայի հայրը թախանձագին խնդրեց նրան. «Հավատում եմ. օգնի՛ր, որ հավատս զորանա» (Մարկոս 9։24, ԱՆԹ [ԱԹ–ում՝ 9։23])։ «Մեր հաւատքն աւելացրու»,— ասացին Հիսուսի աշակերտները (Ղուկաս 17։5)։ Ուստի եկեք աղոթենք ավելի շատ հավատ ունենալու համար՝ վստահ լինելով, որ Աստված կպատասխանի (Ա Յովհաննէս 5։14)։

Խիստ կարևոր է հավատ ունենալ Աստծո Խոսքի հանդեպ

8. Հավատն Աստծո Խոսքի հանդեպ ինչպե՞ս կարող է օգնել մեզ։

8 Իր զոհագործական մահվանից կարճ ժամանակ առաջ Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Ձեր սիրտերը թող չ’խռովին. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք» (Յովհաննէս 14։1)։ Որպես քրիստոնյաներ՝ մենք հավատում ենք Աստծուն և նրա Որդուն։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստծո Խոսքին հավատալու մասին։ Աստծո Խոսքը զորավոր է և կարող է նշանակալի օգուտներ բերել մեզ, եթե ուսումնասիրենք ու կիրառենք նրա խորհուրդները՝ ամբողջ սրտով հավատալով, որ դրանք լավագույն առաջնորդությունն են մեզ համար (Եբրայեցիս 4։12)։

9, 10. Ինչպե՞ս կբացատրեիր հավատի վերաբերյալ այն միտքը, որ գրված է Յակոբոս 1։5–8-ում։

9 Մենք անկատար մարդիկ ենք, և մեր կյանքը լի է անհանգստություններով, բայց հավատը Աստծո Խոսքի հանդեպ իսկապես կարող է օգնել մեզ (Յոբ 14։1)։ Ենթադրենք՝ մենք չգիտենք ինչպես վարվել մի որևէ կոնկրետ իրավիճակում։ Աստծո Խոսքը մեզ հետևյալ խորհուրդն է տալիս. «Եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան։ Միայն թէ թող հաւատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին։ Այն մարդը թող չ’կարծէ, որ Տէրիցը մի բան կ’առնէ։ Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը» (Յակոբոս 1։5–8)։

10 Եհովա Աստված չի նախատի մեզ, որ իմաստության պակաս ունենք և աղոթում ենք դրա համար։ Դրա փոխարեն՝ նա կօգնի մեզ փորձությանը ճիշտ տեսանկյունից նայել։ Հնարավոր է՝ մեր հավատակիցների կամ Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով տեղեկանանք սուրբգրային այնպիսի համարների, որոնք կարող են օգնել մեզ այդ հարցում։ Կամ գուցե Եհովայի սուրբ ոգին այլ կերպ մեզ առաջնորդություն ցույց տա։ Մեր երկնային Հայրը փորձությունների դեմ պայքարելու համար իմաստություն կտա մեզ, եթե ‘հավատով խնդրենք առանց երկմտելու’։ Իսկ եթե նմանվենք ծովի հողմակոծված ալիքի, չենք կարող Աստծուց որևէ բան ակնկալել։ Ինչո՞ւ։ Քանի որ դա կնշանակի, որ երկմտում ենք, «անհաստատ» ենք աղոթելու կամ այլ բաների մեջ, այո՛, նույնիսկ գուցե Աստծո հանդեպ հավատ ցուցաբերելու մեջ։ Հետևաբար պետք է ամուր հավատ ունենանք Աստծո Խոսքի ու վերջինիս տված առաջնորդության հանդեպ։ Եկեք քննարկենք մի քանի օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Աստծո Խոսքը մեզ օգնություն և առաջնորդություն ցույց տալիս։

Հավատը և ապրուստի միջոցները

11. Եթե հավատում ենք Աստծո Խոսքին, ապա ամենօրյա կարիքների հարցում ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ։

11 Ի՞նչ կարող ենք անել, եթե կարիքի մեջ ենք։ Հավատ ընծայելով Աստծո Խոսքի հանդեպ՝ կարող ենք հաստատապես համոզված լինել, որ Եհովան կհոգա մեր ամենօրյա կարիքները և բոլոր իրեն սիրողներին նյութապես առատորեն կօրհնի իրերի նոր համակարգի մեջ (Սաղմոս 72։16; Ղուկաս 11։2, 3)։ Մեզ շատ կոգևորի խորհրդածելն այն մասին, թե ինչպես Եհովան սովի ժամանակ սննդով ապահովեց իր մարգարե Եղիային։ Ավելի ուշ Աստված, հրաշք անելով, ալյուրով և յուղով ապահովեց մի կնոջ, նրա որդուն և Եղիային, ինչի շնորհիվ նրանք կենդանի մնացին (Գ Թագաւորաց 17։2–16)։ Նույն ձևով Եհովան Երեմիա մարգարեի կարիքները հոգաց Երուսաղեմի՝ բաբելոնացիների կողմից պաշարման ժամանակ (Երեմիա 37։21)։ Ճիշտ է, Երեմիայի ու Եղիայի ուտելիքը քիչ էր, բայց Եհովան նրանց մասին հոգ էր տանում։ Մեր օրերում էլ նա նույնը անում է նրանց համար, ովքեր հավատ են ընծայում իրեն (Մատթէոս 6։11, 25–34)։

12. Ինչպե՞ս հավատը կարող է օգնել, որ մեր սեղանին միշտ լինի օրվա հացը։

12 Աստծո Խոսքի հանդեպ հավատ ունենալը և այդ Խոսքի սկզբունքներով առաջնորդվելը, իհարկե, մեզ չի հարստացնի նյութական առումով, բայց այնուամենայնիվ մեր օրվա հացը միշտ սեղանին կլինի։ Պարզաբանենք։ Աստվածաշունչը մեզ խորհուրդ է տալիս լինել ազնիվ, շնորհալի և աշխատասեր (Առակաց 22։29, Արևմտ. Աստ.; Ժողովող 5։18, 19; Բ Կորնթացիս 8։21)։ Մենք երբեք չպետք է թերագնահատենք լավ աշխատողի հեղինակություն ունենալու արժեքը։ Նույնիսկ այն տեղերում, որտեղ դժվար է գտնել լավ վարձատրվող աշխատանք, ազնիվ, հմուտ և աշխատասեր մարդիկ մյուսներից ավելի բարձր են գնահատվում։ Չնայած այսպիսի հատկությունների տեր մարդիկ գուցեև քիչ նյութական բարիքներ ունենան, նրանք սովորաբար ունենում են առաջին անհրաժեշտության միջոցները և բավականություն են ստանում՝ ‘իրենց [վաստակած] հացն ուտելով’ (Բ Թեսաղոնիկեցիս 3։11, 12)։

Հավատն օգնում է մեզ, որ դիմանանք վշտին

13, 14. Ինչպե՞ս է հավատն օգնում մեզ դիմանալ վշտին։

13 Աստծո Խոսքը միանգամայն ռեալ ձևով ցույց է տալիս, որ բնական է, երբ մարդը վիշտ է ապրում իր սիրելի անձնավորության մահվան պատճառով։ Հավատարիմ նահապետ Աբրահամը ողբաց իր սիրելի կնոջ՝ Սարրայի մահը (Ծննդոց 23։2)։ Դավիթը մեծ վիշտ ապրեց, երբ լսեց իր որդի Աբիսողոմի մահվան լուրը (Բ Թագաւորաց 18։33)։ Նույնիսկ Հիսուսը՝ կատարյալ մարդը, լաց եղավ՝ լսելով իր ընկեր Ղազարոսի մահվան լուրը (Յովհաննէս 11։35, 36)։ Երբ մեր սիրելի անձնավորությունը մահանում է, գուցե մեր վիշտն այնքան մեծ լինի, որ հազիվ կարողանանք տանել, բայց հավատը Աստծո Խոսքում գրված խոստումների հանդեպ կարող է օգնել մեզ դիմանալու այդ ցավին։

14 Պողոս առաքյալն այսպիսի խոսքեր ասաց. «Յուսալով.... Աստուծուն.... թէ արդարների եւ մեղաւորների յարութիւն պիտի լինի» (Գործք 24։15)։ Մենք պետք է հավատանք, որ Աստված բազմաթիվ մահացած մարդկանց կրկին կյանքի է վերադարձնելու (Յովհաննէս 5։28, 29)։ Նրանց թվում են լինելու Աբրահամն ու Սարրան, Իսահակն ու Ռեբեկան, Հակոբն ու Լիան, որոնք այժմ քնած են մահվան քնով ու հարություն կառնեն Աստծո նոր աշխարհում (Ծննդոց 49։29–32)։ Ի՜նչ ուրախություն է լինելու, երբ մեր սիրելի անձնավորությունները արթնանան մահվան քնից ու սկսեն ապրել երկրի վրա (Յայտնութիւն 20։11–15)։ Քանի դեռ այդ ժամանակները չեն եկել, հավատը թեև լիովին չի ամոքի վիշտը, բայց մեզ կօգնի մոտ լինել Աստծուն, որն ուժ է տալիս մեզ դիմանալու ծանր կորստին (Սաղմոս 121։1–3; Բ Կորնթացիս 1։3)։

Հավատը զորացնում է ընկճվածներին

15, 16. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ միայն մեր օրերում չէ, որ հավատի տեր անհատները երբեմն ընկճվածություն են զգում։ բ) Ի՞նչ կարելի է անել ընկճվածության դեմ պայքարելու համար։

15 Աստծո Խոսքը նաև ցույց է տալիս, որ նույնիսկ նրանք, ովքեր հավատում են Աստծուն, հնարավոր է, որ ընկճվածություն ապրեն։ Հոբը, ծանր փորձության մեջ ընկնելով, կարծեց, թե Աստված լքել է իրեն (Յոբ 29։2–5)։ Նեեմիան նույնպես հուսահատություն ապրեց՝ տեսնելով Երուսաղեմի ու նրա պարիսպների անմխիթար վիճակը (Նէեմիա 2։1–3)։ Իսկ Պետրոսն այն աստիճան վհատվեց Հիսուսին ուրանալու համար, որ «դառնապէս լացաւ» (Ղուկաս 22։62)։ Պողոսը հորդորեց թեսաղոնիկեցի քրիստոնյաներին, որ նրանք ‘հուսադրեն վհատվածներին’ (Ա Թեսաղոնիկեցիս 5։14, ԱՆԹ)։ Այս օրինակները ցույց են տալիս, որ հավատի տեր մարդիկ ոչ միայն այսօր, այլև անցյալում էլ ընկճվածություն են ապրել։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի պայքարենք այդ զգացումի դեմ։

16 Մենք հնարավոր է ընկճվենք մի քանի լուրջ խնդիրների պատճառով։ Սակայն եթե այդ խնդիրները չդիտենք որպես մեկ մեծ խնդիր, ապա գուցե կարողանանք դրանք առանձին–​առանձին լուծել՝ կիրառելով աստվածաշնչային սկզբունքները։ Այսպես վարվելը կնպաստի, որ ընկճվածությունը որոշ չափով անցնի։ Չափավոր ֆիզիկական ակտիվությունն ու բավականաչափ հանգիստը նույնպես կարող են օգտակար լինել։ Մի բան պարզ է. Աստծո և նրա Խոսքի հանդեպ հավատը օգնում է մեզ հոգևոր լավ առողջություն ունենալ, քանի որ այն զորացնում է մեր համոզվածությունն այն բանում, որ Աստված իսկապես հոգ է տանում մեր մասին։

17. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան հոգ է տանում մեր մասին։

17 Պետրոսն իր մխիթարական խոսքերով մեզ հավաստիացնում է. «Խոնարհ[վ]եցէք Աստուծոյ հզօր ձեռի տակ, որ ձեզ բարձրացնէ ժամանակ[ին]։ Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5։6, 7)։ Իսկ սաղմոսերգուն երգեց. «Տէրը հաստատում է ընկածներին, եւ կանգնեցնում է ամեն կռացածներին» (Սաղմոս 145։14)։ Մենք պետք է հավատանք բոլոր այս խոսքերին, քանզի դրանք Աստվածաշնչից են վերցված։ Ընկճվածությունը գուցեև չանցնի, սակայն որքա՜ն կզորանա մեր հավատը այն բանի գիտակցումից, որ կարող ենք մեր բոլոր հոգսերը գցել մեր սիրառատ երկնային Հոր վրա։

Հավատը և մյուս փորձությունները

18, 19. Ինչպե՞ս է հավատն օգնում մեզ պայքարելու հիվանդության դեմ և մխիթարելու հիվանդ հավատակիցներին։

18 Մեր հավատը հնարավոր է մեծ փորձության ենթարկվի, երբ մեր սիրելի անձնավորությունը կամ մենք ծանր հիվանդությամբ ենք տառապում։ Թեև Աստվածաշունչը չի ասում, թե քրիստոնյաներ Եպափրոդիտոսը, Տիմոթեոսը և Տրոփիմոսը հրաշքի միջոցով բուժվեցին, բայց Եհովան, անկասկած, օգնել էր նրանց դիմանալու իրենց ցավին (Փիլիպպեցիս 2։25–30; Ա Տիմոթէոս 5։23; Բ Տիմոթէոս 4։20)։ Բացի այդ, սաղմոսերգուն ‘աղքատի [խեղճի] համար հոգս անող’ մարդու վերաբերյալ հետևյալն է ասում. «Տէրը կ’մխիթարէ նորան տկարութեան անկողնում. դու նորա բոլոր անկողինը կ’փոխես իր հիւանդութեան ժամանակումը» (Սաղմոս 41։1–3)։ Ինչպե՞ս կարող են սաղմոսերգուի խոսքերն օգնել մեզ, որ մխիթարենք մեր վատառողջ հավատակիցներին։

19 Հոգևոր օժանդակություն ցույց տալու միջոցներից մեկը նրանց համար աղոթելն է։ Մենք կարող ենք աղոթել նաև նրանց հետ միասին։ Թեև այսօր Աստծուց չենք խնդրում, որ հրաշքով բուժումներ կատարի, մենք կարող ենք նրան խնդրել, որ մեր հիվանդ եղբորը կամ քրոջը ոգու արիություն և հոգևոր զորություն տա տկարությունը տանելու համար։ Եհովան օգնություն ցույց կտա, և նրանց հավատը կզորանա, եթե նրանք իրենց հայացքը ուղղեն դեպի այն ժամանակները, երբ ոչ մի մարդ «չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24)։ Որքա՜ն ենք մխիթարվում՝ իմանալով, որ հնազանդ մարդիկ հարություն առած Հիսուս Քրիստոսի ու Աստծո Թագավորության միջոցով մշտապես կազատվեն մեղքից, հիվանդությունից և մահից։ Այս չքնաղ հեռանկարի համար մենք երախտապարտ ենք Եհովային, որը ‘կբժշկի մեր բոլոր ցավերը’ (Սաղմոս 103։1–3; Յայտնութիւն 21։1–5)։

20. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ հավատն օգնում է մեզ դիմագրավելու տարիքի բերած «թշուառութեան օրերը»։

20 Հավատը կարող է նաև օգնել մեզ դիմագրավելու տարիքի բերած «թշուառութեան օրերը», երբ մեր առողջությունն ու ուժերը գնալով թուլանում են (Ժողովող 12։1–7)։ Տարեց անհատները կարող են աղոթել տարիքն առած սաղմոսերգուի ասած խոսքերի պես. «Դու ես իմ ապաւէնը, ով Տէր Եհովայ.... Իմ ծերութեան ժամանակումը դէն մի գցիր ինձ. զօրութիւնս պակասուելիս մի թողիր ինձ» (Սաղմոս 71։5, 9)։ Սաղմոսերգուն Եհովայի աջակցության կարիքն էր զգում։ Մեր հավատակիցներից շատերը, ովքեր երկար տարիներ անց են կացրել Աստծո ծառայության մեջ և այժմ ծերացել են, նույնպես Եհովայի աջակցության կարիքն են զգում։ Քանի որ նրանք հավատ են ընծայում Աստծուն, ուրեմն կարող են լիովին վստահ լինել նրա ‘հավիտենական բազուկների’ օգնության մեջ (Բ Օրինաց 33։27)։

Շարունակենք հավատալ Աստծո Խոսքին

21, 22. Հավատն ինչպե՞ս է ազդում Աստծո հետ մեր հարաբերությունների վրա։

21 Հավատը բարի լուրի և ամբողջ Աստվածաշնչի հանդեպ օգնում է մեզ ավելի ու ավելի մոտենալ Եհովային (Յակոբոս 4։8)։ Այո՛, նա մեր Գերիշխան Տերն է, բայց նա նաև մեր Ստեղծիչը և Հայրն է (Եսայիա 64։8; Մատթէոս 6։9; Ա Մնացորդաց 29։11)։ «Դու ես իմ Հայրը, ով իմ Աստուած եւ իմ փրկութեան Վէմ»,— երգեց սաղմոսերգուն (Սաղմոս 89։26)։ Եթե հավատ ցուցաբերենք Եհովայի ու նրա Խոսքի հանդեպ, ապա մենք նույնպես կարող ենք նրան համարել ‘մեր փրկության Վեմ’։ Ինչպիսի՜ պատիվ։

22 Եհովան ոգով օծված քրիստոնյաների և նրանց երկրային հույս ունեցող ընկերակիցների Հայրն է (Հռովմայեցիս 8։15)։ Մեր երկնային Հոր հանդեպ հավատը երբեք չի տանում հիասթափության։ Դավիթն ասաց. «Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ» (Սաղմոս 27։10)։ Եվ բացի այդ, մենք հետևյալ հավաստիացումն ունենք. «Տէրը իր մեծ անունի համար՝ իր ժողովրդին չի թողիլ» (Ա Թագաւորաց 12։22)։

23. Ի՞նչ է պահանջվում մեզանից՝ Եհովայի հետ ամեն ժամանակ լավ հարաբերությունների մեջ լինելու համար։

23 Անշուշտ, Եհովայի հետ ամեն ժամանակ լավ հարաբերությունների մեջ լինելու համար մենք պետք է հավատ ընծայենք բարի լուրին և Գրությունները համարենք, «ինչպէս որ ճշմարիտ է», որպես Աստծո Խոսք (Ա Թեսաղոնիկեցիս 2։13)։ Մենք պետք է լիակատար հավատ ցուցաբերենք Եհովայի հանդեպ ու թույլ տանք, որ իր Խոսքը լուսավորի մեր ճանապարհը (Սաղմոս 119։105; Առակաց 3։5, 6)։ Մեր հավատը կմեծանա, եթե Աստծուն աղոթելիս վստահ լինենք, որ նա մեզ կօգնի և մեր հանդեպ կցուցաբերի կարեկցանք ու ողորմություն։

24. Ի՞նչ մխիթարական միտք ենք կարդում Հռովմայեցիս 14։8–ում։

24 Հավատը մղում է մեզ հավիտյան նվիրվել Աստծուն։ Ամուր հավատ ունենալով, եթե անգամ մեռնելու էլ լինենք՝ մենք Աստծո համար կմնանք որպես իրեն նվիրված ծառաներ, որոնք կարող են հարության հույս ունենալ։ Այո՛, «թէ ապրենք եւ թէ մեռնենք՝ Տիրոջն ենք» (Հռովմայեցիս 14։8)։ Եկեք այս մխիթարական միտքը միշտ մեր սրտում պահենք՝ ամեն ժամանակ ապավինելով Աստծո Խոսքին և շարունակելով հավատալ բարի լուրին։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Ի՞նչ է հավատը, և ինչո՞ւ մենք դրա կարիքն ունենք։

• Ինչո՞ւ խիստ կարևոր է հավատ ունենալ բարի լուրի և ամբողջ Աստվածաշնչի հանդեպ։

• Ինչպե՞ս է հավատն օգնում մեզ դիմագրավելու տարբեր փորձություններ։

• Ի՞նչը կօգնի մեզ պահպանելու մեր հավատը։

[նկարներ 12–րդ էջի վրա]

Եհովան հոգաց Երեմիայի ու Եղիայի նյութական կարիքները, քանի որ նրանք հավատ ունեին

[նկարներ 13–րդ էջի վրա]

Հոբը, Պետրոսը, Նեեմիան ամուր հավատ ունեին

[նկարներ 15–րդ էջի վրա]

Եհովայի հետ ամեն ժամանակ լավ հարաբերությունների մեջ լինելու համար պետք է հավատանք բարի լուրին

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը