Երիտասարդնե՛ր, առաջադիմու՞մ եք հոգևորապես
«ԹԵՊԵՏ ես հաճախում էի քրիստոնեական հանդիպումների, բայց մեծ ցանկություն չունեի Եհովային ծառայելու,— պատմում է Հիդեոն՝ հիշելով իր դպրոցական տարիները։— Հաճախ ինձ պատկերացնում էի որպես դասարանցիներիս շրջանում ճանաչված տղա, որն ընկերուհու հետ ինքնագոհ քայլում է փողոցով։ Չունեի ո՛չ կոնկրետ նպատակ, ո՛չ էլ հոգևորապես առաջադիմելու ցանկություն»։ Հիդեոյի նման՝ շատ երիտասարդներ, թվում է, պարզապես աննպատակ ապրում են և չեն ձգտում որևէ ձևով առաջադիմել։
Եթե երիտասարդ ես, հավանաբար քեզ բավականություն է պատճառում սպորտը կամ սիրած զբաղմունքը։ Բայց երբ հերթը հասնում է հոգևոր գործերին, միգուցե նման զգացումներ չես ունենում։ Հնարավո՞ր է ուրախանալ հոգևոր նպատակներով։ Մտածիր սաղմոսերգուի հետևյալ խոսքերի շուրջ. «Տիրոջ վկայութիւնը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին։ .... Տիրոջ հրամանները մաքուր են, լուսաւորում են աչքերը» (Սաղմոս 19։7, 8)։ Աստծո Խոսքը կարող է օգնել փորձ չունեցողին իմաստությամբ վարվել՝ ‘լուսավորելով նրա աչքերը’։ Այո՛, հոգևոր բաները կարող են ցնծություն պատճառել քեզ։ Բայց ի՞նչ պիտի անես նման զգացում ունենալու համար։ Ինչի՞ց պետք է սկսես։
Աստծուն ծառայելու մղում ունեցիր
Առաջին հերթին դու պիտի Աստծուն ծառայելու մղում ունենաս։ Քննենք Հուդայի երիտասարդ թագավոր Հովսիայի օրինակը։ Երբ տաճարում գտան Եհովայի Օրենքի գիրքը, Հովսիան կարդալ տվեց այն և խորապես տպավորվեց իր լսածով։ Որպես արդյունք՝ «Յովսիան հեռացրեց բոլոր գարշութիւններն Իսրայէլի որդկանց բոլոր երկիրներիցը» (Բ Մնացորդաց 34։14–21, 33)։ Աստծո Խոսքի ընթերցանությունը մղեց Հովսիային ավելին անել ճշմարիտ երկրպագությանը աջակցելու ուղղությամբ։
Դու նույնպես կարող ես Եհովային ծառայելու ցանկություն զարգացնել, եթե կանոնավորաբար կարդաս Աստվածաշունչը և խորհրդածես քո կարդացածի մասին։ Դա էր, որ մղիչ ուժ հանդիսացավ Հիդեոյի համար։ Նա սկսեց սերտորեն շփվել տարիքով իրենից մեծ մի ռահվիրայի՝ Եհովայի վկաների լիաժամ ծառայողի հետ։ Այդ ռահվիրան ջանասիրաբար ուսումնասիրում էր Աստվածաշունչը և աշխատում էր կյանքում կիրառել սովորածը։ Ռահվիրայի օրինակից մեծապես քաջալերված՝ Հիդեոն սկսեց նույնը անել, և նրա մեջ Աստծուն ու մարդկանց ծառայելու ուժեղ ցանկություն զարգացավ։ Նրա հոգևոր առաջադիմությունը հանգեցրեց իմաստալից կյանքի։
Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը կարող է մղիչ ուժ լինել երիտասարդների համար։ Տակահիրոն պատմում է. «Երբ պառկում էի քնելու և հետո հիշում, որ այդ օրը Աստվածաշունչ չեմ կարդացել, վեր էի կենում և ընթերցում այն։ Արդյունքում՝ զգացի Եհովայի առաջնորդությունը։ Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը մեծապես նպաստեց իմ հոգևոր առաջադիմությանը։ Վճռելով ավելի շատ ծառայել Եհովային՝ դպրոցն ավարտելուց կարճ ժամանակ անց սկսեցի ծառայել որպես ընդհանուր ռահվիրա։ Ես մեծ բավականություն եմ ստանում դրանից»։
Բացի Աստվածաշնչի ընթերցանությունից՝ էլ ի՞նչը կարող է օգնել քեզ Եհովային փառաբանելու ցանկությունդ ուժեղացնել։ Թեև Տոմոհիրոյին աստվածաշնչյան ճշմարտությունը սովորեցրել էր իր մայրը, սակայն նա ասում է. «Եհովայի սերն ու Հիսուսի քավիչ զոհաբերությունը խորապես տպավորեցին ինձ միայն այն ժամանակ, երբ ինքս 19 տարեկանում հիմնովին ուսումնասիրեցի «Կյանքը ունի՛ իմաստ» գիրքը։ Երախտագիտությունը Եհովայի սիրո հանդեպ մղեց ինձ ավելի շատ ծառայել նրան» (Բ Կորնթացիս 5։14, 15)։ Ինչպես և Տոմոհիրոն, շատ երիտասարդներ մղվում են հոգևորապես առաջադիմելու, երբ Աստվածաշունչը ջանասիրաբար ուսումնասիրելը սովորություն են դարձնում։
Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքում, եթե նույնիսկ այս ամենից հետո դու դեռ ի սրտե չես ցանկանում ծառայել Եհովային։ Կա՞ արդյոք որևէ մեկը, որին կարող ես դիմել օգնության համար։ Պողոս առաքյալը գրել է. «Վասն զի Աստուած է՝ որ ներգործում է ձեզանում կամենալն էլ՝ անելն էլ» (Փիլիպպեցիս 2։13)։ Եթե աղոթքով Եհովայից օգնություն խնդրես, նա առատորեն կտա իր սուրբ ոգին, որը կօգնի քեզ ոչ միայն ‘անել’, այլ նաև ‘կամենալ’։ Սա նշանակում է, որ Աստծո սուրբ ոգին կուժեղացնի Եհովայի ծառայության մեջ լավագույնը անելու քո ցանկությունը և կօգնի քեզ հոգևորապես աճել։ Վստահի՛ր Եհովայի զորությանը և ամրացրո՛ւ սիրտդ։
Դու ի՛նքդ նպատակներ դիր
Եթե որոշել ես Եհովային ավելի լիարժեք ծառայել, դու պետք է դնես քո առջև նպատակներ՝ հոգևորապես առաջադիմելու համար։ Մանան՝ մի երիտասարդ քրիստոնյա աղջիկ, պատմում է. «Նպատակներ դնելը մեծ օգնություն հանդիսացավ ինձ համար։ Ետ գնալու փոխարեն՝ ես կարողացա համարձակությամբ առաջադիմել։ Մտքումս վառ պահելով իմ նպատակները՝ ես ջերմեռանդորեն աղոթում էի Եհովային՝ նրանից առաջնորդություն խնդրելով, ու դա օգնեց, որ անշեղորեն առաջ ընթանամ»։
Քո նպատակները պետք է ռեալ և հասանելի լինեն։ Ամեն օր Աստվածաշնչից մի գլուխ կարդալը իրագործելի նպատակ է։ Կարող ես նաև սկսել հետազոտություններ կատարել։ Օրինակ՝ կարող ես ուսումնասիրել Եհովայի հատկությունները, որ թվարկվում են ««Դիտարանի» հրատարակությունների ցանկում» (ռուս., անգլ.)՝ «Եհովա» անվան տակ գտնվող «Հատկություններ՝ առանձին վերցված» ենթավերնագրի տակ։ Այնտեղ ներկայացված են մոտ 40 (ռուսերենում՝ 16) հատկություններ։ Այդ հետազոտությունը, անկասկած, կօգնի քեզ ավելի մոտենալ Եհովային և կմղի, որ ավելին անես նրա համար։ Հասանելի նպատակներ են նաև՝ առնվազն մի մեկնաբանություն տալը ունկնդիրների մասնակցությամբ անցկացվող յուրաքանչյուր հանդիպման ընթացքում, լավ ծանոթանալը ժողովի անդամներից մեկի հետ ամեն հանդիպման հաճախելիս, թույլ չտալը, որ առանց Եհովային աղոթելու անցնի նույնիսկ մի օր, ինչպես նաև ուրիշների հետ Աստծո մասին զրուցելը։
Եթե դեռ չես ցուցակագրվել Աստվածապետական ծառայության դպրոցին, դա անելը կարող է լավ նպատակ լինել քեզ համար։ Մասնակցու՞մ ես քարոզչական ծառայությանը։ Եթե ոչ, ապա կարող ես ջանք թափել՝ դառնալու չմկրտված քարոզիչ։ Բնական է՝ հաջորդ քայլը Եհովայի հետ ունեցած քո փոխհարաբերությունների շուրջ լրջորեն խորհրդածելն ու նրան նվիրվելն է։ Շատ երիտասարդներ, ջանալով ապրել իրենց նվիրման համաձայն, ձգտում են ծառայել լիաժամ։
Կյանքում նպատակներ ունենալը լավ է, բայց զգույշ եղիր, որ քո մեջ մրցակցության ոգի չզարգանա։ Դու ավելի շատ ուրախություն կգտնես, եթե որևէ բան անելիս քեզ չհամեմատես ուրիշների հետ (Գաղատացիս 5։26; 6։4)։
Հնարավոր է՝ քեզ անփորձ ես զգում և դժվարանում ես խելամիտ նպատակներ դնել։ Եթե այդպես է, հետևիր Աստվածաշնչի խորհրդին. «Ծռիր ականջդ եւ լսիր իմաստունների խօսքերը» (Առակաց 22։17)։ Դիմիր ծնողներիդ կամ այլ հասուն քրիստոնյաների օգնությանը։ Վերջիններս, իհարկե, պետք է խոհեմ լինեն և քաջալերեն երիտասարդներին այս հարցում։ Բայց եթե երիտասարդը իրեն ճնշված զգա այն պատճառով, որ ստիպված է ուրիշների դրած նպատակներին հասնել, ապա դա կարող է զրկել նրան ուրախությունից և նույնիսկ կոտրել նրա մեջ նպատակներ դնելու ձգտումը։ Հենց դա պատահեց մի աղջկա հետ։ Նա պատմում է. «Ծնողներս շատ նպատակներ էին դրել իմ առջև. ինչպես օրինակ՝ Աստվածապետական ծառայության դպրոցին ցուցակագրվելը, քարոզչական ծառայությանը մասնակցելը, մկրտվելը և ռահվիրա դառնալը։ Դրանցից յուրաքանչյուրին հասնելը ինձանից բավականին մեծ ջանքեր էր պահանջում։ Երբ հասնում էի մի նպատակի, ինձ գովելու փոխարեն՝ ծնողներս մեկ այլ նպատակ էին դնում իմ առջև։ Դրա հետևանքով միշտ այնպիսի զգացողություն ունեի, թե ինձ ստիպում են նպատակների հասնել։ Ես ուժասպառ էի լինում և բավարարվածություն չէի զգում»։ Ի՞նչն էր այստեղ սխալ։ Բոլոր նպատակներն էլ լավն էին, բայց դրանք իրե՛նը չէին։ Հաջողության հասնելու համար դու ինքդ պետք է մղված լինես քո առջև նպատակներ դնելու։
Խորհիր Հիսուս Քրիստոսի մասին։ Երբ նա երկիր եկավ, գիտեր, թե իրենից ինչ է սպասում իր Հայրը՝ Եհովան։ Եհովայի կամքը կատարելը Հիսուսի համար պարզապես նպատակ չէր, այլ առաքելություն։ Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում իր այդ հանձնարարությանը։ Նա ասաց. «Իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ, եւ նորա գործը կատարեմ» (Յովհաննէս 4։34)։ Հիսուսը հաճույք էր ստանում Եհովայի կամքը կատարելուց։ Եվ նա արդարացրեց իր Հոր սպասելիքները։ Դա Հիսուսի համար նման էր կերակուրի. նա հաճույք էր ստանում և բավարարվածություն էր զգում իրենից սպասված աշխատանքը ավարտին հասցնելուց (Եբրայեցիս 10։5–10)։ Դու նույնպես կարող ես հաճույք ստանալ, երբ ինչպես հարկն է մղված լինես անելու այն, ինչ ծնողներդ են քաջալերում։
Բարին գործելուց մի ձանձրացիր
Եթե նպատակ ես դրել քո առջև, ջանք արա, որ հասնես դրան։ Գաղատացիս 6։9–ում ասվում է. «Չը ձանձրանանք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք»։ Մի՛ վստահիր միայն քո սեփական ուժերին և կարողություններին։ Շատ հավանական է, որ խոչընդոտների բախվես և ժամանակ առ ժամանակ նույնիսկ անհաջողության զգացում ունենաս։ Բայց Աստվածաշունչը հավաստիացնում է մեզ. «Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր [Աստծուն], եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։6)։ Եհովան կօգնի քեզ, քանի դեռ ջանք ես թափում հասնել քո հոգևոր նպատակներին։
Այո՛, զարգացնելով Եհովային ծառայելու ցանկություն և հասնելով հոգևոր նպատակների՝ դու կկարողանաս ‘քո առաջադիմությունը հայտնի անել բոլորին’ (Ա Տիմոթէոս 4։15)։ Այդ դեպքում դու իմաստալից կյանք կվայելես՝ Աստծուն ծառայելու գործին նվիրված։
[նկար 9–րդ էջի վրա]
Աստվածաշունչ կարդալը և կարդացածի մասին խորհրդածելը կմղի քեզ ծառայել Եհովային
[նկար 10–րդ էջի վրա]
Հիսուսը արդարացրեց իր Հոր սպասելիքները