Եհովան հոգ է տանում հասարակ մարդկանց մասին
ԱՐԴՅՈ՞Ք պետք է արտասովոր կամ որևէ առումով ուշագրավ անձնավորություն լինենք՝ Աստծո կողմից նկատվելու համար։ «Տերը նախընտրում է հասարակ մարդկանց։ Դա է պատճառը, որ նրանք այդքան շատ են»։ Այս խոսքերը պատկանում են Միացյալ Նահանգների 16–րդ նախագահ Աբրահամ Լինկոլնին։ Շատերն իրենց համարում են հասարակ մարդիկ, որոնք չունեն աչքի ընկնող որևէ հատկություն։ «Հասարակ» բառը կարող է ունենալ «աղքատ», «ստորադաս» իմաստը։ Նմանապես, «Արդի հայերենի բացատրական բառարանում» «սովորական» բառը բացատրվում է այսպես՝ «ոչնչով աչքի չընկնող, ոչ արտասովոր, ոչ արտակարգ»։ Ինչպիսի՞ մարդկանցով ես նախընտրում շրջապատված լինել. գոռո՞զ, ինքնավստա՞հ, հպա՞րտ։ Չէի՞ր ցանկանա շրջապատված լինել սիրալիր, խոնարհ, պարզ մարդկանցով, ովքեր անկեղծ և ջերմ հետաքրքրություն են ցուցաբերում ուրիշների հանդեպ։
Քանի որ այս աշխարհում սովորական բան են վիրավորանքներն ու ծաղրանքը, ոմանք դժվարանում են հավատալ, որ Աստված իսկապես հետաքրքրվում է իրենցով։ Այս պարբերագիրը ընթերցողներից մեկը գրել է. «Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ գրեթե սեր չի եղել։ Ինձ նվաստացնում էին, ծաղրուծանակի ենթարկում ու վրաս ծիծաղում։ Այսպիսով, կյանքիս վաղ տարիներից ինձ անարժեք էի զգում։ Իմ մեջ անցյալից արմատացել են զգացումներ, որոնց պատճառով վհատությամբ եմ լցվում, երբ ծանր իրավիճակներում եմ հայտնվում»։ Մինչդեռ հիմքեր կան հավատալու, որ Աստված հետաքրքրվում է հասարակ մարդկանցով անհատապես։
Աստված հետաքրքրվում է հասարակ մարդկանցով
«Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ. եւ նորա մեծութեանը չափ չ’կայ»,— գրել է Դավիթ թագավորը (Սաղմոս 145։3)։ Բայց չնայած դրան՝ Եհովան սիրով և կարեկցանքով լի հոգատարություն է դրսևորում մեր հանդեպ (Ա Պետրոս 5։7)։ Օրինակ՝ սաղմոսերգուն ասել է. «Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմոս 34։18)։
Այն, ինչը որ գրավում է աշխարհիկ մարդկանց ուշադրությունը՝ արտաքին գեղեցկությունը, հեղինակությունը կամ հարստությունը, Աստված կարևոր չի համարում։ Աստծո կողմից Իսրայելին տրված Օրենքը ցույց էր տալիս, որ նա կարեկցանքով լի հետաքրքրվածություն է դրսևորում աղքատների, որբերի, այրիների և օտարականների հանդեպ։ Իսրայելացիներին, որ հենց իրենք էին դաժան վերաբերմունքի արժանացել Եգիպտոսում, Աստված պատվիրել էր. «Օտարականին մի չարչարիր, եւ նորան մի նեղիր.... Ոչ մի որբեւայրի եւ որբ բնաւ մի չարչարէք։ Եթէ նորան չարչարես, նա ինձ բողոքէ, անպատճառ պիտի լսեմ նորա աղաղակը» (Ելից 22։21–24)։ Բացի այդ, Եսայիա մարգարեն իր վստահությունն արտահայտեց, որ Աստված խոնարհ մարդկանց մասին հոգ է տանում. «Դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ չքաւորին նորա նեղութեան մէջ, ապաւէն՝ փոթորիկից, հովանի՝ տաքութիւնից. որովհետեւ զօրաւորների կատաղութիւնը պատ քանդող փոթորիկի նման է» (Եսայիա 25։4)։
Իր ծառայությամբ Հիսուս Քրիստոսը, որ Աստծո «ճշգրիտ պատկեր[ն]» է, հասարակ մարդկանց հանդեպ անկեղծ հետաքրքրություն դրսևորելու մեջ օրինակ եղավ իր աշակերտներին (Եբրայեցիս 1։3, ԱՆԹ)։ Տեսնելով մարդկանց բազմությունը, որ «յոգնած եւ ցիրուցան եղած էին, ինչպէս ոչխարներ որ հովիւ չ’ունին»՝ Հիսուսը «գթաց նորանց» (Մատթէոս 9։36)։
Ուշադրություն դարձրու նաև, թե ինչպիսի մարդկանց Հիսուսն ընտրեց որպես իր առաքյալներ. նրանք Աստվածաշնչում նկարագրվում են որպես «պարզ և անուս մարդիկ» (Գործք 4։13, ԱՆԹ)։ Հիսուսի մահից հետո նրա հետևորդները սկսեցին հրավիրել ամեն տեսակ մարդկանց՝ Աստծո Խոսքը լսելու։ Պողոս առաքյալը գրեց, որ ցանկացած «անհաւատ կամ տգետ [«հասարակ, ՆԱ»]» մարդ կարող էր գալ քրիստոնեական ժողով և դառնալ հավատացյալ (Ա Կորնթացիս 14։24, 25)։ Աստված չընտրեց այնպիսի մարդկանց, որոնք, ըստ աշխարհի չափանիշների, հիասքանչ են համարվում, այլ իրեն ծառայելու համար ընտրեց բազմաթիվ հասարակ ու պարզ մարդկանց։ «Ձեր կոչումին մտիկ արէք, եղբայրներ,— գրեց Պողոսը,— որ ոչ թէ շատ իմաստուններ մարմնի կողմանէ, եւ ոչ թէ շատ զօրաւորներ, եւ ոչ թէ շատ ազնուականներ. Այլ այս աշխարհքի յիմարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ իմաստուններին. եւ աշխարհքիս տկարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ զօրաւորներին։ Եւ աշխարհքիս անտոհմներին եւ անարգուածներին Աստուած ընտրեց՝ եւ ոչինչներին, որ մի բան լինողներին ոչնչացնէ։ Որպէսզի ոչ մի մարմին չ’պարծենայ նորա առաջին» (Ա Կորնթացիս 1։26–29)։
Այսօր նույնպես Աստված անկեղծորեն հետաքրքրված է մեզանով։ Աստծո կամքն է, որ «ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան» (Ա Տիմոթէոս 2։4)։ Եթե Աստված այնքան է սիրում մարդկությանը, որ ուղարկեց իր Որդուն երկիր՝ մեռնելու մեզ համար, ուրեմն մենք մեզ չսիրված կամ անարժեք զգալու ոչ մի հիմք չունենք (Յովհաննէս 3։16)։ Հիսուս Քրիստոսն իր հետևորդներին ցույց տվեց, որ շատ կարևոր է իր հոգևոր եղբայրներից ամենաաննշանին անգամ վերաբերվել այնպես, ինչպես անձամբ իրեն կվերաբերվեին։ Նա ասաց. «Որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք» (Մատթէոս 25։40)։ Անկախ նրանից, թե աշխարհն ինչ կարծիքի է մեր մասին՝ եթե սիրում ենք ճշմարտությունը, Աստծո աչքին մենք առանձնահատուկ ենք։
Ահա թե ինչ զգացում ունեցավ Ֆրանսիսկունa՝ մի բրազիլացի անհայր տղա, երբ Աստծո հետ անձնական փոխհարաբերություններ զարգացրեց։ Նա պատմում է. «Եհովային ու նրա կազմակերպությունը ճանաչելը օգնեց ինձ հաղթահարել անապահովության զգացումը և ամաչկոտությունը։ Ես իմացա, որ Եհովան հետաքրքրված է մեզանից յուրաքանչյուրով»։ Ֆրանսիսկուի համար Եհովան, իսկապես որ, հայր դարձավ։
Հոգատարություն երիտասարդների հանդեպ
Եհովան անկեղծորեն հետաքրքրվում է երիտասարդներով ոչ միայն ընդհանրապես, այլև անհատապես։ Հնարավոր է ունենանք ունակություններ և հատկություններ, որոնք Աստված կարող է օգտագործել ապագայում։ Բայց, երիտասարդ թե տարեց՝ մենք երբեք չպետք է չափազանց մեծ կարծիք ունենանք մեր մասին։ Եհովան գիտի, թե ինչպիսի բարելավումների և ուսուցման կարիք ունենք մեր ունակությունները լավագույնս օգտագործելու համար։ Նկատի առնենք, օրինակ, «Ա Թագաւորաց» գրքի 16–րդ գլխում արձանագրված պատմությունը։ Թեպետ Սամուել մարգարեն կարծում էր, թե Իսրայելի թագավոր լինելու համար ավելի հարմար են ուրիշ թեկնածուներ, Եհովան բացատրեց, թե որ պատճառներով է Դավիթին՝ Հեսսեի փոքր որդուն, ընտրում որպես Իսրայելի ապագա թագավոր։ Նա ասաց. «Նորա երեւոյթին եւ հասակի երկայնութեանը մի նայիր, որովհետեւ նորան [Դավիթի մեծ եղբորը] անարգեցի. այն պատճառով որ այն չէ բանը որ տեսնում է մարդը. որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում» (Ա Թագաւորաց 16։7)։
Կարո՞ղ են երիտասարդներն այսօր վստահ լինել, որ Եհովան անկեղծորեն հետաքրքրվում է նրանցով։ Քննարկենք Անայի՝ մի երիտասարդ բրազիլուհու օրինակը։ Ինչպես և շատ երիտասարդներ, նա ևս անհանգստանում էր՝ իր շուրջը տեսնելով կաշառակերություն ու անարդարություն։ Անայի հայրը հետագայում սկսեց տանել նրան և նրա քույրերին քրիստոնեական հանդիպումների։ Ժամանակի ընթացքում Անան սկսեց հաճույք ստանալ այն ամենից, ինչ սովորում էր Աստծո Խոսքի մասին։ Նա սկսեց Աստվածաշունչ և քրիստոնեական հրատարակություններ կարդալ ու աղոթել Եհովա Աստծուն։ Աստիճանաբար նա մտերիմ փոխհարաբերություններ զարգացրեց Աստծո հետ։ Անան պատմում է. «Ես սիրում էի հեծանիվ քշել մեր տան մոտ գտնվող մի բլրի մոտ, որտեղից կարող էի դիտել գեղեցիկ մայրամուտները։ Ես աղոթում էի Եհովային և շնորհակալություն հայտնում նրան իր բարության ու մեծահոգության համար՝ ջանալով արտահայտել իմ մեծ սերը նրա հանդեպ։ Եհովա Աստծուն ու նրա նպատակներին ծանոթանալը հանգստության և ապահովության զգացում տվեց ինձ»։ Փորձո՞ւմ ես ժամանակ գտնել՝ խորհրդածելու Եհովայի սիրառատ հոգատարության մասին։
Ինչ խոսք, մեր անցյալը կարող է դժվարություններ առաջացնել Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու ճանապարհին։ Վերցնենք Լիդիայի օրինակը։ Երբ նա իր սիրտը բացեց հոր առջև իրեն խիստ անհանգստացնող մի հարցի հետ կապված, վերջինս հեգնանքով պատասխանեց՝ անմտություն։ Լիդիան հասկանում էր. հայրն ուզում էր, որ նա մոռանար այդ պրոբլեմի մասին, բայց նա ասում է. «Աստվածաշնչի ուսումնասիրությունը տվեց ինձ այն ամենը, ինչ ցանկանում էի և նույնիսկ՝ ավելին։ Եհովան ինձ գրավեց իր հրաշալի հատկություններով և դարձավ իմ լավագույն ընկերը։ Հիմա ես ունեմ մի Հայր, որը սիրում և հասկանում է ինձ, և որի հետ ազատորեն կարող եմ կիսվել իմ զգացմունքների և ամենախոր տագնապների մասին։ Ես կարող եմ ժամերով խոսել տիեզերքի ամենակարևոր անձնավորության հետ՝ վստահ լինելով, որ նա կլսի ինձ»։ Այնպիսի աստվածաշնչյան համարներ, ինչպիսիք են Փիլիպեցիս 4։6, 7–ը, օգնեցին նրան զգալ Եհովայի սիրառատ հոգատարությունը։ Այնտեղ ասվում է. «Ոչինչ հոգս մի անէք. այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը»։
Օգնություն՝ կարիքները հոգալու հարցում
Եհովան հոգ է տանում ինչպես համաշխարհային ժողովի մասին որպես ընդհանրության, այնպես էլ իր ծառաների՝ առանձին վերցրած։ Մենք կարող ենք երկնային Հոր հանդեպ մեր սերը ցույց տալ՝ նրա հետ խոսելուն ժամանակ տրամադրելով։ Երբեք չպետք է թեթևամտորեն վերաբերվենք նրա հետ ունեցած մեր հարաբերություններին։ Դավիթը միշտ հիշում էր Եհովայի հետ ունեցած իր փոխհարաբերությունների մասին։ Նա ասել է. «Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները։ Առաջնորդիր ինձ քո ճշմարտութիւնումը, եւ սովորեցրու ինձ, թէ դու ես իմ փրկութեան Աստուածը. քեզ եմ յոյս դրել ամեն օր» (Սաղմոս 25։4, 5)։
Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու միտքը կարող է նոր լինել քեզ համար։ Ինչպիսի պրոբլեմներ էլ որ ունենաս, միշտ կարող ես վստահ լինել, որ Բարձրյալը կկարողանա օգնել քեզ՝ ըստ իր կամքի (Ա Յովհաննէս 5։14, 15)։ Ուստի սովորիր աղոթելիս կոնկրետ լինել՝ խոսելով քո հանգամանքների ու կարիքների մասին։
Մեր կարիքները գիտակցելու կարևորությունը ընդգծված է Սողոմոն թագավորի աղոթքում, որը նա ասաց տաճարի հանդիսավոր բացման ժամանակ. «Երբոր երկրի վերայ սով լինի, ժանտախտ լինի, կամ խորշակահարութիւն, կամ դալուկ, մարախ կամ թրթուր, կամ երբոր նորանց թշնամիները նորանց նեղեն նրանց դռների երկրումը, կամ որ եւ է հարուած կամ հիւանդութիւն լինի, քո բոլոր Իսրայէլ ժողովրդից մի որ եւ է մարդ ինչ եւ է աղօթք եւ աղերսանք մատուցանելու լինի, եւ ամեն մարդ որ իր ցաւը եւ ախտը գիտէ.... Այն ժամանակ դու լսիր երկնքիցը.... եւ ներիր. եւ տուր այն մարդին իր բոլոր ճանապարհների համեմատ, որ գիտացել ես նորա սիրտը, որովհետեւ դու միայն գիտես մարդկանց որդիների սիրտը» (Բ Մնացորդաց 6։28–30)։ Իրականում միայն դու գիտես քո «ցաւը եւ ախտը»։ Ուրեմն որքա՜ն կարևոր է գիտակցել սեփական կարիքները և ցանկությունները։ Եթե դու անես դա, «[Եհովան] կ’տայ քեզ քո սրտի ուզածները» (Սաղմոս 37։4)։
Ամրացրու փոխհարաբերություններդ Եհովայի հետ
Եհովային դուր է գալիս, որ հասարակ մարդիկ իր հետ մտերիմ փոխհարաբերություններ են վայելում։ Նրա խոսքը հավաստիացնում է մեզ. «Ես ձեզ հայր կ’լինեմ. եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կ’լինիք, ասում է Ամենակարող Տէրը» (Բ Կորնթացիս 6։18)։ Եհովան ու իր Որդին իսկապես ուզում են, որ մենք հաջողության հասնենք և հավիտենական կյանք ստանանք։ Որքա՜ն քաջալերական է իմանալ, որ Եհովան կօգնի մեզ կատարելու մեր պատասխանատվությունները թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում և թե՛ քրիստոնեական ժողովում։
Այնուամենայնիվ, կրիտիկական պահեր բոլորս ենք ունենում։ Վատ առողջությունը, ընտանեկան պրոբլեմները, ցածր աշխատավարձը կամ մի ուրիշ բան կարող են մեզ ցավ պատճառել։ Մենք գուցե չգիտենք, թե ինչպես հաղթահարել տվյալ փորձությունը կամ դժվարությունը։ Աճող ճնշումները, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, բխում են չար մեղադրողի՝ Բանսարկու Սատանայի կողմից, որը Աստծո ժողովրդի դեմ հոգևոր պատերազմ է մղում։ Սակայն կա մեկը, որ հասկանում է մեզ և օգնում է լավ փոխհարաբերություններ պահպանել Եհովայի հետ։ Դա ոչ այլ ոք է, եթե ոչ Հիսուս Քրիստոսը, որը երկնային բարձր դիրք ունի։ Աստվածաշնչում կարդում ենք. «Ոչ թէ այնպիսի քահանայապետ ունինք որ չ’կարողանայ մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձուած մեր նմանութեամբ, բայց առանց մեղքի։ Ուրեմն համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու» (Եբրայեցիս 4։15, 16)։
Որքա՜ն ենք մխիթարվում՝ իմանալով, որ Աստծո բարեհաճությունը վայելելու համար կարիք չունենք հանրաճանաչ կամ հարուստ լինելու։ Ծանր իրավիճակներում անգամ եղիր սաղմոսերգուի պես, որն աղոթում էր. «Ես խեղճ եմ եւ աղքատ. Տէրը հոգս է անում ինձ համար. իմ օգնութիւնն ու փրկութիւնը դու ես» (Սաղմոս 31։9–14; 40։17)։ Համոզվա՛ծ եղիր. Եհովան սիրում է խոնարհ, հասարակ մարդկանց։ Իրոք, ‘մենք կարող ենք գցել մեր բոլոր հոգսերը նրա վրա, քանի որ նա հոգ է տանում մեր մասին’ (Ա Պետրոս 5։7)։
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։
[նկարներ 29–րդ էջի վրա]
Հիսուսի հետևորդներից շատերը հասարակ և անուս մարդիկ էին
[նկար 30–րդ էջի վրա]
Քրիստոնյաները պայքարում են ամուր հավատի համար
[նկարներ 31–րդ էջի վրա]
Մենք կարիք չունենք աչքի ընկնող անձնավորություն լինելու՝ Աստծո բարեհաճությունը վայելելու համար