Ինչպե՞ս կարող եք կայացնել իմաստուն որոշումներ
«ԹՈՂ լսէ իմաստունը եւ աւելացնէ ուսումը»,— ասել է հին Իսրայելի թագավոր Սողոմոնը։ Մեծամասնությունս ժամանակ առ ժամանակ ոչ խելամիտ որոշումներ է կայացրել զուտ այն պատճառով, որ մերժել է խորհուրդը (Առակաց 1։5)։
Ավելի ուշ Սողոմոնի այս խոսքերը նրա կազմած ‘երեք հազար առակների’ որոշ մասի հետ միասին իրենց տեղը գտան Աստվածաշնչում (Գ Թագաւորաց 4։32)։ Կարո՞ղ ենք արդյոք օգուտներ քաղել՝ տեղեկանալով նրա իմաստուն ասացվածներին և դրանց ականջ դնելով։ Այո։ Դրանք կօգնեն մեզ «իմաստութիւն եւ խրատ գիտենալու համար, հանճարի խօսքերը հասկանալու համար. իմաստութեան խրատն ընդունելու համար, այսինքն արդարութիւն, իրաւունք եւ ուղղութիւն» (Առակաց 1։2, 3)։ Եկեք քննենք Աստվածաշնչի վրա հիմնված հինգ խորհուրդներ, որոնք կարող են օգնել մեզ խելամիտ որոշումներ կայացնելու։
Հաշվի առեք այն հետևանքները, որ դեռ երկար ժամանակ իրենց զգացնել կտան
Կան որոշումներ, որոնք լուրջ հետևանքներ կունենան։ Ուստի ձգտեք նախօրոք իմանալ, թե ինչ կլինեն դրանք։ Զգուշացեք, որ կարճատև օգուտների փայլը չկուրացնի ձեզ տեսնելու այն հավանական հետևանքները, որոնք դեռ երկար ժամանակ իրենց զգացնել կտան։ «Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում եւ վնասվում»,— ահա այսպիսի նախազգուշական խոսքեր են գրված Առակաց 22։3–ում։
Գուցե լավ կլիներ թղթի վրա գրել, թե տվյալ որոշման արդյունքում, մի կողմից՝ ինչ կարճատև արդյունքներ կլինեն, և մյուս կողմից՝ ինչ հետևանքներ կլինեն, որ դեռ երկար ժամանակ իրենց զգացնել կտան։ Օրինակ՝ որևէ աշխատանք ընտրելու կարճատև արդյունքը կարող է լինել լավ աշխատավարձը և հաճելի գործը։ Սակայն հնարավո՞ր է, որ այդ աշխատանքի «երկարաժամկետ» հետևանքներից մեկը լինի նրա հեռանկար չունենալը։ Արդյունքում կպահանջվի՞, որ մեկ ուրիշ վայր տեղափոխվեք ապրելու, թերևս հեռու ընկերներից ու ընտանիքից։ Միգուցե վատ շրջապատի մեջ ընկնե՞ք կամ աշխատանքն այնքան անհետաքրքիր դառնա, որ խորապես հուսալքվե՞ք։ Կշռեք այդ աշխատանքի թեր և դեմ կողմերը ու հետո որոշեք, թե ինչին նախապատվություն տալ։
Բավարար ժամանակ տրամադրեք
Հեշտությամբ կարող է այնպես լինել, որ հապճեպորեն կայացրած որոշումներն ի վերջո դառնան անխոհեմ որոշումներ։ Առակաց 21։5–ն ասում է. «Աշխատասէրի մտածողութիւնները միայն դէպի առատութիւն են. բայց ամեն աճապարող՝ միայն դէպի կարօտութիւն է դիմում» (Առակաց 21։5)։ Օրինակ՝ լավ կլիներ, որ բուռն սիրահարություն ապրող պատանիները մի քիչ սպասեն նախքան ամուսնանալու որոշում կայացնելը։ Այլապես նրանք իրենց վրա կզգան 18–րդ դարի սկզբներին ապրած անգլիացի դրամատուրգ Ուիլյամ Քոնգրիվի խոսքերի ճշմարտացիությունը. «Ամուսնացար շտապելով, թերևս զղջաս առանց շտապելու»։
Այնուհանդերձ, որոշում կայացնելուն բավարար ժամանակ տրամադրել չի նշանակում ձգձգել որոշման կայացումը։ Կան որոշումներ, որոնք այնքան կարևոր են, որ իմաստությունը պահանջում է որքան հնարավոր է շուտ կայացնել դրանք։ Անհարկի հապաղելը կարող է թանկ նստել և՛ մեզ, և՛ մյուսների վրա։ Որոշման կայացումը ձգձգելը կարող է ինքնին նշանակել որոշում, և գուցե՝ անխոհեմ։
Ընդունեք խորհուրդը
Քանի որ երկու ճշգրտորեն իրար նման իրավիճակներ չեն լինում, երկու անձնավորություններ գուցե միշտ նույն որոշմանը չգան, երբ բախվում են նմանատիպ խնդիրների։ Բայցևայնպես օգտակար կլինի իմանալ, թե ինչպես են ուրիշները որոշել այն հարցերը, որոնք նման են մեր ունեցած խնդիրներին։ Հարցրեք նրանց, թե ինչ կարծիքի են իրենց կայացրած որոշման վերաբերյալ։ Արհեստ ընտրելիս, օրինակ, այդ գործում հմուտ մարդկանց խնդրեք պատմել դրա լավ և վատ կողմերի մասին։ Ի՞նչ օգուտներ են նրանք ստացել իրենց կատարած ընտրության արդյունքում, և ինչպիսի՞ խնդիրներ ու հնարավոր վտանգներ են եղել։
«Դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չ’լինելիս, բայց խորհրդականների շատութիւնովը հաստատվում են»,— ասվում է Առակաց 15։22–ում։ Ինչ խոսք, խորհուրդ փնտրելիս և ուրիշների փորձից սովորելիս մենք պետք է լիովին գիտակցենք, որ վերջնական որոշումն ինքներս պետք է կայացնենք ու նաև ինքներս պետք է պատասխան տանք այդ որոշման (Գաղատացիս 6։4, 5)։
Լսեցեք, թե ինչ է ասում լավ մարզված խիղճը
Խիղճը կարող է օգնել մեզ որոշումներ կայացնելու այն հիմնական սկզբունքների համաձայն, որոնցով ապրում ենք։ Քրիստոնյայի համար սա նշանակում է այնպես կրթել իր խիղճը, որ այն առաջնորդվի Աստծո մտքերով (Հռովմայեցիս 2։14, 15)։ Աստծո Խոսքը մեզ պատվիրում է. «Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։6)։ Ինչ խոսք, որոշ հարցերում երկու մարդիկ, որոնց խիղճը լավ մարզված է, գուցե տարբեր եզրակացություններ անեն ու այդպիսով տարբեր որոշումներ կայացնեն։
Սակայն լավ դաստիարակված խիղճը թույլ չի տա նման ազատություն, երբ անհատը որոշում է այնպիսի գործեր կատարել, որոնք ուղղակիորեն դատապարտվում են Աստծո Խոսքում։ Օրինակ՝ ոչ աստվածաշնչյան սկզբունքներով դաստիարակված խիղճը միգուցե թույլ տա, որ տղամարդն ու կինը նախքան ամուսնանալը համատեղ ապրելով փորձեն, թե արդյոք համապատասխանում են միմյանց։ Նրանք գուցե կարծեն, թե իրենք իմաստուն որոշում են կայացրել՝ դա հիմնավորելով նրանով, որ այդպիսով կկանխեն անխոհեմ ամուսնությունը։ Գուցե նրանց խիղճը իրենց չի դատապարտում։ Բայց այն մարդը, որը սեքսի և ամուսնության վերաբերյալ ունի Աստծո տեսակետը, կմերժի նման ժամանակավոր, անբարո կյանքով ապրելը (Ա Կորնթացիս 6։18; 7։1, 2; Եբրայեցիս 13։4)։
Ինչպես են ձեր որոշումներն ազդում ուրիշների վրա
Ձեր կայացրած որոշումները հաճախ կարող են ազդել ուրիշների վրա։ Ուստի երբեք գիտակցաբար անխոհեմ, նույնիսկ կարելի է ասել՝ հիմար, որոշումներ մի՛ կայացրեք. որոշումներ, որ կարող են վտանգի ենթարկել ընկերների, հարազատների և, որ ամենակարևորն է, Աստծո հետ թանկագին հարաբերությունները։ Առակաց 10։1–ում նշվում է. «Իմաստուն որդին կ’ուրախացնէ իր հօրը, եւ յիմար որդին իր մօր տրտմութիւնն է»։
Մյուս կողմից՝ պետք է գիտակցել, որ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է ընտրություն անել ընկերների միջև։ Օրինակ՝ դուք գուցե որոշեք մերժել ձեր նախկին կրոնական հայացքները, որոնք, ինչպես հիմա գիտեք, դեմ են Սուրբ Գրություններին։ Կամ գուցե որոշեք մեծ փոփոխություններ անել, որովհետև կամենում եք Աստծո չափանիշներով ապրել։ Ձեր որոշումը հնարավոր է հաճելի չլինի ձեր որոշ ընկերների ու ազգականների, սակայն հիշեք, որ ցանկացած որոշում, որը հաճելի է Աստծուն, իմաստուն որոշում է։
Իմաստնորեն կայացրեք ամենակարևոր որոշումը
Ընդհանուր առմամբ մարդիկ չգիտեն, որ յուրաքանչյուրն այսօր կանգնած է մի այնպիսի որոշման առջև, որի արդյունքը կարող է կա՛մ կյանք, կա՛մ մահ լինել։ Համանման իրավիճակում հայտնվեցին հին իսրայելացիները, որոնք մ.թ.ա. 1473 թ.–ին բանակ էին դրել Ավետյաց երկրի սահմանի մոտ։ Խոսելով Աստծո անունից՝ Մովսեսն ասաց նրանց. «Կեանքն ու մահը, օրհնութիւնն ու անէծքը ձեր առաջը դրի. ուրեմն կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը. որ քո Եհովայ Աստուծուն սիրես՝ նորա ձայնին լսես, եւ նորան յարես, որովհետեւ նա է քո կեանքը եւ քո օրերի երկայնութիւնը, որ բնակուես այն երկրի վերայ, որ Եհովան քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արաւ նորանց տալու համար» (Բ Օրինաց 30։19, 20)։
Աստվածաշնչի մարգարեությունները և ժամանակագրությունը ցույց են տալիս, որ ապրում ենք ‘հետին օրերի չար ժամանակներում’, և որ «այս աշխարհի կերպարանքն անցնում [«փոխվում», ՆԱ] է» (Բ Տիմոթէոս 3։1; Ա Կորնթացիս 7։31)։ Այն փոփոխությունը, որի մասին մարգարեացվել էր, իր գագաթնակետին կհասնի այս քայքայված հասարակարգի կործանումով, որին կփոխարինի Աստծո արդար նոր աշխարհը։
Մենք գտնվում ենք այդ նոր աշխարհի շեմին։ Կմտնե՞ք այնտեղ՝ վայելելու համար հավիտենական կյանքը Աստծո Թագավորության իշխանության ներքո, թե՞ կհեռացվեք երկրից Սատանայի համակարգի կործանման ժամանակ (Սաղմոս 37։9–11; Առակաց 2։21, 22)։ Ի՞նչ ընթացք բռնել. որոշումը ձերն է, և իսկապես դա մի այնպիսի որոշում է, որի արդյունքը կարող է լինել կա՛մ կյանք, կա՛մ մահ։ Եթե ձեզ օգնություն առաջարկվեր ճիշտ՝ իմաստուն որոշում կայացնելու հարցում, կընդունեի՞ք։
Որպեսզի կարողանաք ընտրել կյանքը, նախևառաջ պետք է սովորեք Աստծո պահանջների մասին։ Եկեղեցիները հիմնականում թերացել են այդ պահանջները ճշգրիտ ձևով փոխանցել։ Նրանց առաջնորդները հաճախ մոլորեցրել են մարդկանց՝ դավանելով ստություններ ու անելով գործեր, որոնք տհաճ են Աստծո աչքին։ Նրանք զլացել են բացատրել, որ անհատը կարիք ունի ինքնուրույն որոշում կայացնելու Աստծուն երկրպագել «հոգով եւ ճշմարտութիւնով» (Յովհաննէս 4։24)։ Ահա թե ինչու մարդկանց մեծ մասը այդպես չի վարվում։ Բայց ուշադրություն դարձրեք, թե Հիսուսն ինչ ասաց. «Ով որ ինձ հետ չէ, ինձ հակառակ է. եւ ով որ ինձ հետ չէ ժողովում՝ ցրվում է» (Մատթէոս 12։30)։
Եհովայի վկաները ուրախությամբ օգնում են մարդկանց Աստծո Խոսքից ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելու։ Նրանք կանոնավորաբար սուրբգրային քննարկումներ են անցկացնում առանձին անհատի կամ մարդկանց խմբի հետ նրանց հարմար ժամանակին ու հարմար վայրում։ Նրանք, ովքեր ցանկանում են օգուտներ ստանալ դրանցից, պետք է կամ կապվեն տեղի Վկաների հետ, կամ գրեն «Դիտարան» պարբերագրի հրատարակչությանը։
Իհարկե, ոմանք գուցե արդեն ունեն հիմնական գիտելիքներ Աստծո պահանջների մասին։ Նրանք, հնարավոր է, նույնիսկ արդեն համոզվել են, որ Աստվածաշնչում ճշմարտությունն է գրված ու կարելի է վստահել նրա բովանդակությանը։ Այնուհանդերձ, նրանցից ոմանք հապաղում են որոշում կայացնել՝ իրենց անձը Աստծուն նվիրելու հարցում։ Ինչո՞ւ։ Մի քանի պատճառներ կարող են լինել։
Հավանական է, որ նրանք տեղյակ չեն այդ հարցի կարևորությանը։ Հիսուսը պարզ ասաց. «Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է» (Մատթէոս 7։21)։ Միայն աստվածաշնչյան գիտելիքները բավարար չեն. գործե՛ր են հարկավոր։ Վաղ քրիստոնեական ժողովը օրինակ է մեզ համար։ Առաջին դարում ապրած մի քանի անձանց մասին կարդում ենք. «Երբոր հաւատացին Փիլիպպոսին, որ աւետարանում էր Աստուծոյ արքայութեան եւ Յիսուսի Քրիստոսի անունի բաները, ամենքն էլ մկրտվում էին՝ թէ մարդիկ եւ թէ կանայք» (Գործք 2։41; 8։12)։ Հետևաբար եթե անհատը սրտանց ընդունել է Աստծո Խոսքը, հավատում է նրան ու իր կյանքը ներդաշնակեցրել է Աստծո չափանիշներին, ապա ի՞նչն է խանգարում նրան իր կյանքը ջրի մկրտությամբ նվիրելու Աստծուն (Գործք 8։34–38)։ Անշուշտ, Աստծո կողմից ընդունելի դառնալու համար նա պետք է այս քայլը կատարի կամավոր և ուրախ սրտով (Բ Կորնթացիս 9։7)։
Ոմանք միգուցե կարծում են, թե բավականաչափ գիտելիքները չունեն, որպեսզի կարողանան նվիրվել Աստծուն։ Բայց կյանքի նոր ուղի բռնած ամեն մարդ էլ սահմանափակ գիտելիքներ ունի։ Ո՞ր պրոֆեսորը կպնդի, թե իր կարիերայի սկզբում ունեցել է այն բոլոր գիտելիքները, որոնց տիրապետում է այժմ։ Աստծուն ծառայելու որոշում կայացնելու համար ընդամենը պահանջվում է ունենալ Աստվածաշնչի հիմնական ուսուցումների և սկզբունքների մասին գիտելիքներ, ինչպես նաև անկեղծ ցանկություն՝ ապրելու դրանց համապատասխան։
Արդյո՞ք ոմանք հետաձգում են իրենց որոշումը՝ վախենալով, որ գուցե չկարողանան ապրել այդ որոշման համաձայն։ Կան շատ պարտականություններ, որոնք ստանձնելով՝ մարդիկ որոշակի անհանգստություններ են ունենում, և դա տրամաբանական է։ Օրինակ՝ այն մարդը, որ որոշում է ամուսնանալ ու ընտանիք կազմել, գուցե որոշակի անհանգստություն զգա, սակայն պարտավորություն վերցնելը նրա համար ծառայում է որպես խթան ձեռքից եկած լավագույնն անելու։ Նմանապես երիտասարդը, որ նոր է ստացել վարորդական իրավունքի վկայական, գուցե մի փոքր մտավախություն ունենա վթարի մեջ ընկնելու, հատկապես եթե տեղյակ է, որ ըստ վիճակագրության՝ երիտասարդ վարորդներն ավելի շատ են ենթակա վթարային իրավիճակների մեջ ընկնելու, քան տարեցները։ Սակայն այդ տեղեկությունները կարող են օգնել նրան մեքենան վարելու ավելի մեծ զգուշությամբ։ Վարորդական իրավունքից խուսափելը ամենևին էլ ելք չէ։
Ընտրեք կյա՛նքը
Աստվածաշունչը հայտնում է, որ ներկա համաշխարհային քաղաքական, տնտեսական ու կրոնական համակարգը շուտով կվերանա երկրի վրայից, ինչպես նաև նրանք, ովքեր թիկունք են կանգնում դրան։ Այո, այն մարդիկ, ովքեր իմաստնորեն որոշել են կյանքը ընտրել ու գործել այդ որոշման համաձայն, կմնան։ Նրանք, կազմելով նոր աշխարհի հասարակության կորիզը, կմասնակցեն Աստծո նպատակի իրագործմանը՝ երկրի վրա հաստատել այն դրախտային պայմանները, որ Աստված սկզբնապես նախատեսել էր։ Կցանկանայի՞ք Աստծո առաջնորդության ներքո այդ ուրախ գործի մեջ ձեր մասնակցությունն ունենալ։
Եթե այո, ապա որոշե՛ք ուսումնասիրել Աստծո խոսքը։ Որոշե՛ք սովորել Աստծո պահանջները՝ նրան հաճեցնելու համար։ Որոշե՛ք համապատասխանել դրանց։ Իսկ ամենակարևորը, վճռե՛ք ձեր որոշմանը հավատարիմ մնալ մինչև վերջ։ Մի խոսքով՝ ընտրեք կյա՛նքը։
[նկարներ 4–րդ էջի վրա]
Բավարար ժամանակ տրամադրեք կարևոր որոշումները կայացնելու համար
[նկար 5–րդ էջի վրա]
Մասնագիտություն ընտրելիս ընդունեք տրված խորհուրդը
[նկարներ 7–րդ էջի վրա]
Նրանք, ովքեր որոշեն ծառայել Աստծուն այսօր, կմասնակցեն երկիրը դրախտի վերածելու գործին