Քա՛ջ եղիր Երեմիայի պես
«Սպասիր [կամ՝ հուսա] Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զօրաւոր լինի. եւ սպասիր Տիրոջը» (Սաղմոս 27։14)։
1. Ի՞նչ առատ օրհնություններ են վայելում Եհովայի վկաները։
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ հոգևոր դրախտում են ապրում (Եսայիա 11։6–9)։ Այս անչափ անհանգիստ աշխարհում նրանք ապրում են մի եզակի հոգևոր միջավայրում և խաղաղություն են վայելում ինչպես Եհովա Աստծո, այնպես էլ միմյանց հետ (Սաղմոս 29։11; Եսայիա 54։13)։ Ընդ որում, նրանց հոգևոր դրախտը բարգավաճում է։ Նրանք, ովքեր «Աստուծոյ կամքն են անում սրտանց», նպաստում են այդ դրախտի ընդարձակմանը (Եփեսացիս 6։6)։ Ինչպե՞ս։ Ապրելով Աստվածաշնչի սկզբունքներով և ուրիշներին ուսուցանելով նույնը անել՝ այդպիսով հրավիրելով նրանց նույնպես վայելել այդ դրախտի առատ օրհնությունները (Մատթէոս 28։19, 20; Յովհաննէս 15։8)։
2, 3. Ինչերի՞ պետք է ճշմարիտ քրիստոնյաները տոկան։
2 Բայցևայնպես, այն, որ ապրում ենք հոգևոր դրախտում, չի նշանակում, թե փորձություններ չենք ունենա։ Մենք դեռևս անկատար ենք, ուստի տառապում ենք հիվանդությունից, կրում ենք ծերության դժվարությունները և ի վերջո մահանում ենք։ Բացի այդ, մեր օրերում իրականանում են ‘հետի օրերի’ վերաբերյալ մարգարեությունները (Բ Տիմոթէոս 3։1)։ Պատերազմները, հանցագործությունները, հիվանդությունները, սովը և այլ դժբախտություններ հարվածում են բոլոր մարդկանց, ու այս հարցում Եհովայի վկաները բացառություն չեն (Մարկոս 13։3–10; Ղուկաս 21։10, 11)։
3 Բայց սրանք դեռ բոլորը չեն։ Մենք շատ լավ գիտենք, որ մեր տաքուկ հոգևոր դրախտի սահմաններից դուրս փչում են հակառակության սառը քամիները։ Հիսուսն իր հետևորդներին նախազգուշացրեց. «Որովհետեւ աշխարհքիցը չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը, նորա համար աշխարհքն ատում է ձեզ։ Յիշեցէք այն խօսքն, որ ես ասեցի ձեզ թէ ծառան իր Տէրիցը մեծ չէ. եթէ ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու» (Յովհաննէս 15։18–21)։ Նույնը տեղի է ունենում այսօր։ Մարդկանց մեծամասնությունը չի հասկանում կամ չի գնահատում Աստծուն մատուցվող մեր երկրպագությունը։ Ոմանք քննադատում, ծաղրում և նույնիսկ, ինչպես Հիսուսն ասաց, ատում են մեզ (Մատթէոս 10։22)։ Հաճախ մեր մասին լրատվական միջոցներով սխալ տեղեկություններ են տարածում կամ չարամիտ պրոպագանդա ծավալում (Սաղմոս 109։1–3)։ Այո՛, բոլորս էլ ծանր իրավիճակներ ենք դիմագրավում, և մեզանից ոմանք միգուցե սկսեն կորցնել իրենց արիությունը։ Ինչպե՞ս կարող ենք տոկալ։
4. Մենք ումի՞ց ենք օգնություն ակնկալում։
4 Եհովան կօգնի մեզ։ Սաղմոսերգուն Աստծո ներշնչանքով գրեց. «Շատ են արդարի նեղութիւնները, բայց Տէրն այն ամենիցը փրկում է նորան» (Սաղմոս 34։19; Ա Կորնթացիս 10։13)։ Մեզանից շատերը կարող են հաստատել, որ երբ ամբողջությամբ վստահում ենք Եհովային, նա զորություն է տալիս, որ դիմանանք ցանկացած դժվարության։ Սերը նրա հանդեպ և այն ուրախությունը, որ դրված է մեր առջև, օգնում են մեզ հաղթահարել հուսահատությունն ու վախը (Եբրայեցիս 12։2)։ Այսպիսով, չնայած դժվարություններին՝ մենք շարունակում ենք տոկուն մնալ։
Աստծո Խոսքը զորացրեց Երեմիային
5, 6. ա) Ի՞նչ օրինակներ ունենք Աստծո ճշմարիտ երկրպագուների, որոնք կարողացել են դիմանալ դժվարություններին։ բ) Ինչպե՞ս Երեմիան արձագանքեց որպես մարգարե ծառայելու հրավերին։
5 Ամբողջ պատմության ընթացքում Եհովայի հավատարիմ ծառաները, չնայած ծանր հանգամանքներին, շարունակել են ուրախ մնալ։ Նրանցից ոմանք ապրել են այն ժամանակներում, երբ Եհովան, դատաստան իրագործելով, իր ցասումն է թափել անհավատարիմ մարդկանց վրա։ Այդ հավատարիմ երկրպագուներից էին Երեմիան, նրա մի քանի ժամանակակիցներ, ինչպես նաև առաջին դարի քրիստոնյաները։ Այդ պատմական դեպքերը արձանագրված են Աստվածաշնչում մեր քաջալերանքի համար, ու դրանք ուսումնասիրելով՝ կարող ենք շատ բան սովորել (Հռովմայեցիս 15։4)։ Քննենք, օրինակ, Երեմիայի դեպքը։
6 Պատանի հասակում Երեմիան կանչվեց ծառայելու որպես մարգարե Հուդայում։ Դա հեշտ հանձնարարություն չէր։ Շատերը սուտ աստվածների էին երկրպագում։ Թեպետ Հովսիան, որի թագավորման օրոք Երեմիան սկսել էր իր ծառայությունը, հավատարիմ էր, հաջորդ բոլոր թագավորները անհավատարիմ գտնվեցին, և մարգարեների ու քահանաների մեծ մասը, որ պատասխանատվություն ուներ ուսուցանելու ժողովրդին, ճշմարտության կողմը չէր (Երեմիա 1։1, 2; 6։13; 23։11)։ Ի՞նչ զգաց Երեմիան, երբ Եհովան կանչեց իրեն մարգարե լինելու։ Վա՛խ (Երեմիա 1։8, 17)։ Երեմիան նշում է, թե սկզբում ինչպես էր արձագանքել. «Ես ասեցի. Ոհ, ով Տէր Եհովայ, ահա ես խօսել չ’գիտեմ, որովհետեւ ես մանուկ եմ» (Երեմիա 1։6)։
7. Ինչպիսի՞ն էր մարդկանց վերաբերմունքը Երեմիայի բերած պատգամի հանդեպ, և ինչպե՞ս մարգարեն արձագանքեց։
7 Այն տարածքում, որտեղ Երեմիան քարոզում էր, մարդիկ հիմնականում անտարբեր էին, իսկ հաճախ էլ խիստ հակառակություն էին ցույց տալիս։ Մի անգամ քահանա Փասուրը հարվածեց Երեմիային ու կոճղի մեջ դրեց։ Երեմիան գրել է, թե ինչ զգացումներ ուներ այդ ժամանակ. «Ես ասեցի. Նորան [Եհովային] չ’յիշեմ, եւ չ’խօսեմ այլ եւս նորա անունովը»։ Հավանաբար, երբեմն դու էլ նույն զգացումն ես ունենում՝ ուզում ես հանձնվել։ Ուշադրություն դարձրու, թե ինչն օգնեց Երեմիային տոկալու։ Նա ասաց. «Այն ժամանակ [Աստծո խոսքը, կամ՝ պատգամը] սրտիս մէջ վառուած կրակի պէս դարձաւ՝ ոսկորներումս պահուած, եւ ես յոգնեցի կրելուցը, եւ չ’կարողացայ [«ա՛լ չեմ կրնար դիմանալ», ԱԱ]» (Երեմիա 20։9)։ Ունե՞ն Աստծո խոսքերը նման ազդեցություն քեզ վրա։
Երեմիայի ընկերակիցները
8, 9. ա) Ի՞նչ սխալ կատարեց Ուրիա մարգարեն, և հետևանքն ի՞նչ եղավ։ բ) Ինչո՞ւ էր Բարուքը վհատվել, և ի՞նչ օգնություն նա ստացավ։
8 Երեմիան մենակ չէր իր՝ մարգարեի ծառայության մեջ։ Նա ընկերակիցներ ուներ, և այս հանգամանքը, ըստ ամենայնի, քաջալերում էր նրան։ Բայց երբեմն նրա ընկերները խոհեմությամբ չէին գործում։ Օրինակ՝ Ուրիան, որ նույնպես մարգարե էր, նախազգուշացումներ էր տալիս Երուսաղեմին ու Հուդային «Երեմիայի բոլոր խօսքերին պէս»։ Սակայն երբ Հովակիմ թագավորը հրաման տվեց սպանել Ուրիային, վերջինս վախեցած փախավ Եգիպտոս։ Բայց դա չփրկեց նրան։ Թագավորի մարդիկ հետապնդեցին նրան, բռնեցին ու ետ բերեցին Երուսաղեմ, որտեղ էլ նա սպանվեց։ Որքա՜ն էր Երեմիան, ըստ ամենայնի, ազդվել այդ դեպքից (Երեմիա 26։20–23)։
9 Երեմիայի մյուս ընկերակիցը Բարուքն էր՝ նրա գրագիրը։ Բարուքը մեծ աջակցություն էր ցույց տալիս Երեմիային, բայց մի դեպքում նրա հոգևոր տեսողությունը նույնպես աղոտացավ։ Նա սկսեց գանգատվել՝ ասելով. «Ոհ վայ ինձ, որ Տէրը տրտմութիւն է աւելացրել իմ ցաւի վերայ, ես վաստակել եմ հեծելուցս, եւ հանգստութիւն չեմ գտնում»։ Համակված լինելով վհատությամբ՝ Բարուքը սկսեց չգնահատել հոգևոր բաները։ Այնուամենայնիվ, Եհովան, բարությամբ վարվելով, Բարուքին մի իմաստուն խորհուրդ տվեց, և վերջինս ուղղեց իր մտածելակերպը։ Նրան հավաստիացում տրվեց, որ կվերապրի Երուսաղեմի կործանումից (Երեմիա 45։1–5)։ Որքա՜ն պետք է որ քաջալերված լիներ Երեմիան, երբ Բարուքը վերստին հոգևորապես հավասարակշիռ անձնավորություն դարձավ։
Եհովան նեցուկ եղավ իր մարգարեին
10. Երեմիային նեցուկ լինելու վերաբերյալ ի՞նչ խոստում տվեց Եհովան։
10 Ամենակարևորն այն էր, որ Եհովան չլքեց Երեմիային։ Նա հասկանում էր իր մարգարեի զգացումները և զորացրեց ու նեցուկ եղավ նրան, ինչի կարիքը վերջինս զգում էր։ Օրինակ՝ Երեմիայի ծառայության սկզբում, երբ նա կասկածներ հայտնեց, թե արդյոք համապատասխանում է իր նշանակմանը, Եհովան նրան ասաց. «Մի վախենար նորանց երեսիցը, որովհետեւ ես քեզ հետ եմ որ քեզ ազատեմ, ասում է Տէրը»։ Հետո, իր մարգարեին տեղեկացնելով նրա հանձնարարության մասին, Եհովան ասաց. «Նորանք կ’պատերազմեն քեզ դէմ, բայց քեզ չեն յաղթիլ, որովհետեւ ես քեզ հետ եմ, ասում է Տէրը, որ քեզ փրկեմ» (Երեմիա 1։8, 19)։ Որքա՜ն մխիթարական էր այս խոստումը։ Եվ իսկապես, Եհովան պահեց իր խոսքը։
11. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան պահեց իր խոստումը Երեմիային նեցուկ լինելու վերաբերյալ։
11 Դա է պատճառը, որ Երեմիան կոճղի մեջ դրված լինելուց ու հասարակության ծաղրուծանակին արժանանալուց հետո վստահ ասաց. «Տէրը ինձ հետ է զօրաւոր ախոյեանի պէս, դորա համար իմ հալածողները պիտի գլորուին եւ պիտի չ’յաղթեն.... պէտք է շատ ամաչեն» (Երեմիա 20։11)։ Հետագա տարիներին, երբ փորձեր արվեցին սպանելու Երեմիային, Եհովան շարունակեց նրան թիկունք կանգնել, և Երեմիան, ինչպես Բարուքը, փրկվեց Երուսաղեմի կործանումից ու չգերվեց, մինչդեռ նրա հալածիչները և նրանք, ովքեր արհամարհել էին նրա նախազգուշացումները, կա՛մ սպանվեցին, կա՛մ գերության տարվեցին Բաբելոն։
12. Չնայած այն բանին, որ ինչ–ինչ պատճառներով գուցե վհատվենք՝ ի՞նչ պետք է միշտ հիշենք։
12 Երեմիայի պես՝ այսօր Եհովայի վկաներից շատերը նեղություններ են կրում։ Ինչպես նշվեց վերևում, դրանցից որոշները մեր իսկ անկատարության պատճառով են, մյուսները՝ աշխարհում տիրող քաոսի, իսկ երրորդները՝ մեր հակառակորդների։ Այդ դժվարությունները կարող են վհատության մեջ գցել մեզ։ Ինչպես Երեմիան, մենք նույնպես գուցե սկսենք կասկածել, թե կարող ենք շարունակել մեր ծառայությունը։ Ինչ խոսք, կարելի է ակնկալել, որ երբեմն վհատության զգացում կունենանք։ Վհատության պահերին փորձվում է Եհովայի հանդեպ մեր սիրո խորությունը։ Ուրեմն եկեք վճռենք թույլ չտալ, որ վհատության զգացումը ստիպի մեզ ետ նահանջել Եհովայի ծառայությունից, ինչպես որ Ուրիան արեց։ Փոխարենը՝ եկեք ընդօրինակենք Երեմիային ու վստահ լինենք Եհովայի աջակցության մեջ։
Ինչպե՞ս պայքարել վհատության դեմ
13. Ինչպե՞ս կարող ենք հետևել Երեմիայի ու Դավիթի օրինակին։
13 Երեմիան կանոնավորաբար հաղորդակցվում էր Եհովա Աստծո հետ՝ պատմելով նրան իր նվիրական զգացումները ու աղաչելով նրան զորություն տալ իրեն։ Սա հրաշալի օրինակ է մեզ համար։ Դավիթը, որ ապրել է աստվածաշնչյան ժամանակներում և օգնություն էր հայցում զորության այդ նույն Աղբյուրից, գրեց. «Տէր, ականջ դիր իմ խօսքերին, եւ միտքդ առ իմ աղաղակը։ Միտքդ դիր իմ աղաղակի ձայնին, ով իմ Թագաւոր եւ իմ Աստուած. որովհետեւ դէպի քեզ եմ աղաչում» (Սաղմոս 5։1, 2)։ Դավիթի կյանքը վկայում է, որ Եհովան բազմիցս պատասխանել է օգնության համար ասված նրա աղոթքներին (Սաղմոս 18։1, 2; 21։1–5)։ Նման ձևով, երբ ճնշումները ծանր են լինում կամ մեր խնդիրները անհաղթահարելի են թվում, անչափ մխիթարական է աղոթքով դիմել Եհովային ու մեր սիրտը բացել նրա առաջ (Փիլիպպեցիս 4։6, 7; Ա Թեսաղոնիկեցիս 5։16–18)։ Եհովան չի մերժում լսել մեզ։ Ավելին, նա վստահեցնում է, որ ‘հոգս է անում մեզ համար’ (Ա Պետրոս 5։6, 7)։ Այդուհանդերձ, ճիշտ չէր լինի աղոթել Եհովային ու հետո չլսել, թե ինչ է նա ասում, այդպես չէ՞։
14. Ի՞նչ ազդեցություն թողեցին Եհովայի խոսքերը Երեմիայի վրա։
14 Ինչպե՞ս է Եհովան խոսում մեզ հետ։ Դարձյալ քննենք Երեմիայի դեպքը։ Քանի որ Երեմիան մարգարե էր, Եհովան ուղղակիորեն նրա հետ էր հաղորդակցվում։ Երեմիան նկարագրում է, թե ինչ ազդեցություն էին թողել Աստծո խոսքերը իր վրա. «Քո խօսքերը գտնուեցան, եւ ես կերայ նորանց, եւ քո խօսքն ինձ համար սրտիս ցնծութիւն եւ ուրախութիւն եղաւ. որովհետեւ քո անունը կանչուած է ինձ վերայ, ով Եհովայ Զօրաց Աստուած» (Երեմիա 15։16)։ Այո՛, Երեմիային հաճելի էր, որ Աստծո անունը «կանչուած» է իր վրա, և Նրա խոսքերը թանկ էին մարգարեի համար։ Ուստի, Պողոս առաքյալի նման, Երեմիան փափագում էր հռչակել իրեն վստահված պատգամը (Հռովմայեցիս 1։15, 16)։
15. Ինչպե՞ս կարող ենք Եհովայի խոսքերը արմատավորել մեր սրտում, և ինչի՞ մասին խորհրդածելը կմղի մեզ լուռ չմնալ։
15 Եհովան այսօր ուղղակի ձևով ոչ մեկի հետ չի հաղորդակցվում։ Սակայն մենք նրա խոսքերը ունենք Աստվածաշնչի էջերում։ Հետևաբար, եթե լրջորեն մոտենանք Աստվածաշնչի ուսումնասիրությանը և խորապես մտածենք ստացած գիտելիքների շուրջ, ապա Աստծո խոսքերը «ցնծութիւն եւ ուրախութիւն» կդառնան մեր սրտի համար ևս։ Բացի այդ, անչափ հուզիչ է այն փաստը, որ մենք այդ խոսքերը ուրիշներին հայտնելիս մարդկանց ներկայանում ենք որպես Եհովայի անունը կրողներ։ Եկեք երբեք չմոռանանք, որ այսօր աշխարհում ոչ մի ուրիշ ժողովուրդ չի հռչակում Եհովայի անունը։ Միայն նրա Վկաներն են Աստծո՝ արդեն հաստատված Թագավորության բարի լուրը տարածում և հեզ անհատներին ուսուցանում, որ նրանք դառնան Հիսուս Քրիստոսի աշակերտներ (Մատթէոս 28։19, 20)։ Որքա՜ն օրհնված ենք մենք։ Եթե հաշվի առնենք, թե Եհովան սիրով ինչ է վստահել մեզ, ապա ինչպե՞ս կարող ենք լուռ մնալ։
Եկեք զգույշ լինենք մեր ընկերակցությունների առնչությամբ
16, 17. Ի՞նչ տեսակետ ուներ Երեմիան ընկերակցությունների վերաբերյալ, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։
16 Երեմիան տեղեկացնում է մեկ այլ բանի մասին ևս, որն իրեն օգնել է քաջ լինել։ Նա ասաց. «Ես չ’նստեցի ծիծաղողների ժողովքումը եւ չ’զուարճացայ. քո ձեռքի պատճառով առանձին նստեցի, որովհետեւ բարկութեամբ լցրել էիր ինձ» (Երեմիա 15։17)։ Երեմիան գերադասում էր միայնակ մնալ, քան այլասերվել չար ընկերակցության կողմից։ Այսօր մենք նույն վերաբերմունքն ունենք։ Մենք երբեք չենք մոռանում Պողոս առաքյալի այն նախազգուշացումը, որ «չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը [«օգտակար սովորությունները», ՆԱ]», նույնիսկ այն օգտակար սովորությունները, որոնք ունեցել ենք տարիներ շարունակ (Ա Կորնթացիս 15։33)։
17 Եթե չար ընկերակցություններ ունենանք, ապա աշխարհի ոգին կարող է աղտոտել մեր միտքը (Ա Կորնթացիս 2։12; Եփեսացիս 2։2; Յակոբոս 4։4)։ Ուրեմն եկեք մարզենք մեր «զգայարանները»՝ ըմբռնողականությունը, որպեսզի կարողանանք վնասաբեր ընկերակցությունը նշմարել ու լիովին դրանից հրաժարվել (Եբրայեցիս 5։14)։ Եթե Պողոսն այսօր կենդանի լիներ, ըստ քեզ՝ ի՞նչ կասեր նա այն քրիստոնյային, որը դիտում է անբարոյությամբ ու բռնությամբ լի ֆիլմեր կամ այնպիսի մարզախաղեր, որտեղ առկա է բռնության տարրը։ Ի՞նչ խորհուրդ նա կտար այն եղբորը, որը Ինտերնետի միջոցով փորձում է ընկերություն հաստատել բոլորովին անծանոթ մարդկանց հետ։ Ի՞նչ նա կմտածեր այն քրիստոնյայի մասին, որը ժամերով տեսախաղեր է խաղում, հեռուստացույց է դիտում, բայց չունի լավ սովորություններ՝ կապված անձնական ուսումնասիրություն անելու հետ (Բ Կորնթացիս 6։14բ; Եփեսացիս 5։3–5, 15, 16)։
Շարունակիր մնալ հոգևոր դրախտում
18. Ի՞նչը կօգնի մեզ հոգևորապես ամուր մնալ։
18 Մենք թանկ ենք գնահատում մեր հոգևոր դրախտը։ Այս աշխարհում չկա մի այնպիսի բան, որը թեկուզ մի փոքր նման լինի նրան։ Նույնիսկ անհավատ մարդիկ են դրականորեն արտահայտվում այն սիրո, ուշադրության ու բարության մասին, որ քրիստոնյաները ցուցաբերում են միմյանց հանդեպ (Եփեսացիս 4։31, 32)։ Այժմ, առավել քան երբևէ, կարիք ունենք պայքարելու վհատության դեմ։ Լավ ընկերակցությունները, աղոթքը և ուսումնասիրության հետ կապված լավ սովորություններ ունենալը կարող են օգնել մեզ հոգևորապես ամուր մնալ։ Դրանք կզորացնեն մեզ, ու մենք, լիովին վստահելով Եհովային, կդիմագրավենք ցանկացած փորձություն (Բ Կորնթացիս 4։7, 8)։
19, 20. ա) Ի՞նչը կօգնի մեզ տոկալ։ բ) Ո՞ւմ է հասցեագրված հաջորդ հոդվածը, ու նաև ո՞ւմ կհետաքրքրի այն։
19 Երբեք չպետք է թույլ տանք, որ նրանք, ովքեր ատում են մեր աստվածաշնչյան պատգամը, ահաբեկեն մեզ ու ստիպեն, որ հրաժարվենք մեր հավատից։ Ինչպես և Երեմիայի թշնամիները, որոնք նրան հալածում էին, այն մարդիկ, ովքեր կռվում են մեր դեմ, իրականում կռվում են Աստծո դեմ։ Սակայն նրանք հաջողության չեն հասնի։ Եհովան, որ անհամեմատ ավելի զորավոր է մեր հակառակորդներից, ասում է մեզ. «Սպասիր [կամ՝ հուսա] Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զօրաւոր լինի. եւ սպասիր Տիրոջը» (Սաղմոս 27։14)։ Մենք մեր հույսը դնում ենք Եհովայի վրա, ու թող որ այդ հույսը խոր արմատներ գցի մեր սրտում և մեզ վճռականություն հաղորդի, որ «չը ձանձրանանք բարին գործելուցը»։ Թող որ վստահ լինենք, որ Երեմիայի ու Բարուքի պես մենք էլ «կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք» (Գաղատացիս 6։9)։
20 Շատ քրիստոնյաների համար վհատության դեմ պայքարը մշտական պայքար է։ Պատանի քրիստոնյաները, այնուամենայնիվ, յուրօրինակ դժվարությունների են բախվում։ Սակայն նրանք նաև մեծ հնարավորություններ ունեն։ Հաջորդ հոդվածը հասցեագրված է հենց նրանց։ Այն հետաքրքրական կլինի նաև ծնողների ու ժողովի բոլոր նվիրված անդամների համար, ովքեր խոսքով, օրինակով ու անմիջական աջակցությամբ կարող են օգնել ժողովի պատանիներին։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչո՞ւ կարող ենք ակնկալել, որ վհատեցուցիչ հանգամանքներ կլինեն, և ո՞ւմ պետք է դիմենք օգնության համար։
• Ինչպե՞ս Երեմիան հաղթահարեց վհատությունը, չնայած որ իրեն դժվար հանձնարարություն էր տրվել։
• Ի՞նչը մեր սրտի համար «ցնծութիւն եւ ուրախութիւն» կլինի նույնիսկ դժվարությունների ժամանակ։
[նկար 9–րդ էջի վրա]
Երեմիան կարծում էր, թե ինքը դեռ շատ երիտասարդ ու անփորձ է որպես մարգարե ծառայելու համար
[նկար 10–րդ էջի վրա]
Նույնիսկ հալածանքի ժամանակ Երեմիան գիտեր, որ Եհովան իր հետ է «զօրաւոր ախոյեանի պէս»