Ովքե՞ր են այսօր փառք տալիս Աստծուն
«Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը» (ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ 4։11)։
1, 2. ա) Ո՞ր օրինակներն են պատկերում գիտության այն բնագավառը, որը կոչվում է բիոնիկա։ բ) Ի՞նչ հարց է առաջ գալիս, և ո՞րն է պատասխանը։
ՀԱԶԱՐ ինը հարյուր քառասունական թվականներն էին։ Շվեյցարացի ինժեներ Ժորժ դե Մեստրալը իր շան հետ մի օր գնաց զբոսնելու։ Տուն վերադառնալով՝ նա նկատեց, որ իր հագուստը, ինչպես նաև շան մորթին ծածկված էին կռատուկի փշոտ պտուղներով՝ կոծոծներով։ Նրա հետաքրքրությունը շարժվեց։ Մեստրալը մանրադիտակով ուսումնասիրեց դրանք, և նրա ուշադրությունը խիստ գրավեցին մանր կեռիկները, որոնք կպչում էին հանգույց ունեցող ցանկացած բանի։ Արդյունքում նա ստեղծեց այդ կոծոծների սինթետիկ համարժեքը («վելկրո»)։ Դե Մեստրալը միակը չէր, որ ընդօրինակեց բնության մեջ հանդիպող կառուցվածքները։ Միացյալ Նահանգներում Ռայթ եղբայրները մեծ թռչունների թռիչքը ուսումնասիրելուց հետո ստեղծեցին ինքնաթիռը։ Ֆրանսիացի ինժեներ Ալեքսանդր Գյուստավ Էյֆելը նախագծեց իր անունը կրող աշտարակը՝ օգտվելով այն հիմնական սկզբունքներից, որոնց շնորհիվ մարդու ազդրոսկրը պահում է մարմնի ծանրությունը։
2 Այս օրինակները շատ լավ պատկերում են այն, ինչ կոչվում է բիոնիկա՝ գիտության բնագավառ, որի նպատակն է ընդօրինակել բնության կենսաբանական համակարգերը։ Սակայն լիովին տրամաբանական հարց է առաջ գալիս. «Որքա՞ն հաճախ են գյուտարարներն ընդունում, որ իրենց հայտնագործությունների համար իրենք պարտական են Նրան, ով ստեղծել է կռատուկի մանր փշերը, մեծ թռչունները, մարդու ազդրոսկրը և մյուս այն բոլոր չքնաղ նախատիպերը, որոնց վրա հիմնված են մարդկանց շատ գյուտարարություններ»։ Այսօրվա աշխարհում ցավալի իրականություն է, որ մարդիկ հազվադեպ են Աստծուն տալիս այն պատիվը կամ փառքը, որին նա արժանի է։
3, 4. Ո՞րն է «փառք» բառով թարգմանված եբրայերեն բառի իմաստը, և Եհովայի նկատմամբ կիրառվելիս ի՞նչ պետք է այն արտահայտի։
3 Ոմանք գուցե զարմանքով հարցնեն. «Ինչո՞ւ է անհրաժեշտ փառք տալ Աստծուն։ Մի՞թե Աստված արդեն փառավորված չէ»։ Ճիշտ է, Եհովան ամենափառավոր Անձնավորությունն է ողջ տիեզերքում, բայց դա չի նշանակում, թե նա փառավորված է բոլոր մարդկանց աչքում։ Աստվածաշնչում «փառք» թարգմանված եբրայերեն բառի հիմնական իմաստն է «ծանրություն»։ Այդ բառով արտահայտվում է ցանկացած բան, որը անհատին ուրիշների տեսանկյունից դարձնում է ծանրակշիռ կամ կարևոր անձնավորություն։ Իսկ երբ այս բառը կիրառվում է Աստծո նկատմամբ, նրանով արտահայտվում է այն, ինչը Աստծուն տպավորիչ է դարձնում մարդկանց աչքում։
4 Այսօր քչերն են նկատում, թե ինչն է Աստծուն տպավորիչ դարձնում (Սաղմոս 10։4; 14։1)։ Իրականությունն այն է, որ հասարակության անվանի մարդիկ, որոնք եթե առհասարակ հավատում էլ են Աստծուն, հաճախ այնպիսի ազդեցություն են գործում մարդկանց վրա, որ վերջիններս ոչ հարգալից ձևով են վերաբերվում տիեզերքի փառավոր Արարչին։ Ի՞նչ ձևերով են նրանք դա անում։
‘Արդարացում չունեն’
5. Շատ գիտնականներ ինչո՞վ են փորձում բացատրել արարչագործության հրաշքների գոյությունը։
5 Շատ գիտնականներ պնդում են, թե Աստված գոյություն չունի։ Այդ դեպքում ինչո՞վ են նրանք բացատրում արարչագործության հրաշքների, այդ թվում նաև մարդու գոյությունը։ Այդ հրաշքները նրանք վերագրում են էվոլյուցիային՝ պատահականության վրա հիմնված կույր ուժին։ Էվոլյուցիոնիստ Սթիվեն Ջեյ Գուլդը գրել է. «Մենք այստեղ ենք այն պատճառով, որ ձկների մի տարօրինակ խումբ ունեցել է լողաթևերի արտասովոր կառուցվածք, ինչը հնարավորություն է ստեղծել, որ դրանք վերափոխվեն ցամաքային կենդանու ոտքերի .... Մենք գուցե փափագում ենք «ավելի վեհ» պատասխան ստանալ. բայց այդպիսի պատասխան չկա»։ Նմանապես՝ Ռիչարդ Լիկեյն ու Ռոջեր Լուինը գրել են. «Մարդկային ցեղը թերևս հսկայական կենսաբանական սխալի արդյունք է»։ Նույնիսկ որոշ գիտնականներ, որոնք գովաբանում են բնության կենսաբանական կառուցվածքներն ու գեղեցկությունը, թերանում են այդ ամենի գոյության համար պատիվը Աստծուն վերագրել։
6. Ի՞նչն է մարդկանց ետ պահում Աստծուն՝ որպես Արարչի, փառք տալուց։
6 Երբ գիտակ անհատները պնդում են, թե էվոլյուցիան փաստ է, նրանք դրանով ուզում են ասել, որ միայն տգետ մարդիկ են մերժում դա։ Ինչպե՞ս են շատերը արձագանքում այդ պնդմանը։ Էվոլյուցիոն տեսությունը շատ լավ իմացող մի մարդ տարիներ առաջ հարցազրույց անցկացրեց այդ տեսությունն ընդունողների շրջանում։ Նա ասաց. «Ես հայտնաբերեցի, որ էվոլյուցիան ընդունողների մեծ մասն այդ տեսությունն ընդունում է այն պատճառով, որ նրանց ասվել է, թե բոլոր խելացի մարդիկ հավատում են դրան»։ Այո, երբ կրթություն ստացած անձնավորությունները արտահայտում են իրենց աթեիստական հայացքները, մարդիկ մտափոխվում են և այլևս փառք չեն տալիս Աստծուն՝ որպես Արարչի (Առակաց 14։15, 18)։
7. Ըստ Հռովմայեցիս 1։20–ի՝ տեսանելի ստեղծագործության միջոցով ի՞նչ է հնարավոր հստակ տեսնել, և ինչո՞ւ։
7 Արդյո՞ք գիտնականները նման եզրակացությունների են եկել այն պատճառով, որ դրանց թիկունք կանգնող փաստեր և ապացույցներ ունեն։ Իհարկե ոչ։ Մեզ շրջապատող ամեն ինչ վկայում է Արարչի գոյության մասին։ Պողոս առաքյալը գրեց. «Աշխարհի [մարդկության] ստեղծումից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը իմացվում և տեսնվում են ստեղծագործության միջոցով, և սա նրա համար, որպեսզի մարդիկ [անհավատները] որևէ արդարացում չունենան» (Հռովմայեցիս 1։20, ԱՆԹ)։ Արարիչը իր դրոշմն է թողել իր ձեռքի գործերի վրա։ Այս խոսքերով Պողոսն ուզում էր ասել, որ մարդկության գոյության սկզբից ի վեր մարդկանց համար հնարավոր է եղել տեսանելի ստեղծագործության միջոցով ‘իմանալ’՝ ըմբռնել Աստծո գոյությունն ապացուցող փաստերը։ Իսկ ի՞նչ փաստեր կան։
8. ա) Ինչպե՞ս է ֆիզիկական երկինքը վկայում Աստծո զորության և իմաստության մասին։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ տիեզերքը Սկզբնապատճառ է ունեցել։
8 Աստծո գոյության փաստը մենք տեսնում ենք՝ նայելով աստղազարդ երկնքին։ «Երկինքները պատմում են Աստուծոյ փառքը»,— գրված է Սաղմոս 19։1–ում։ «Երկինքները»՝ արևը, լուսինը և աստղերը, վկայում են Աստծո զորության ու իմաստության մասին։ Հենց միայն աստղերի թիվը ակնածանք է ներշնչում։ Բոլոր այս երկնային մարմինները տիեզերքում շարժվում են ոչ թե աննպատակ, այլ համաձայն ճշգրիտ ֆիզիկական օրենքների (Եսայիա 40։26)։a Մի՞թե խելամիտ է այսպիսի կարգուկանոնը վերագրել կույր պատահականության։ Հատկանշական է շատ գիտնականների այն կարծիքը, որ տիեզերքը հանկարծակի է սկիզբ առել։ Բացատրելով այս տեսակետի էությունը՝ մի պրոֆեսոր գրեց. «Հավիտենապես գոյություն ունեցող տիեզերքի գաղափարը շատ ավելի հարազատ է աթեիստներին կամ ագնոստիկներին։ Մյուս կողմից, սկիզբ ունեցող տիեզերքի գաղափարը ենթադրում է սկզբնապատճառ. ո՞վ կարող է պատկերացնել այդպիսի հետևանք առանց պատճառի»։
9. Ինչպե՞ս է Եհովայի իմաստությունը ակնհայտորեն արտացոլված կենդանական աշխարհում։
9 Աստծո գոյության փաստը մենք տեսնում ենք նաև երկրի վրա։ Սաղմոսերգուն բացականչում է. «Ո՜րքան մեծ են քո գործերը, ով Տէր. նորանց բոլորն իմաստութիւնով ես արել. երկիրը լիքն է քո ստեղծուածներովը» (Սաղմոս 104։24)։ Եհովայի ‘ստեղծվածները’, այդ թվում կենդանիները արտացոլում են նրա իմաստությունը։ Ինչպես նշվեց հոդվածի սկզբում, կենդանի էակների կառուցվածքն այն աստիճան հրաշալի է, որ գիտնականները հաճախ ձգտում են ընդօրինակել դրանք։ Դիտարկենք ևս մի քանի օրինակ։ Գիտնականները եղնիկի եղջյուրն ուսումնասիրում են այն նպատակով, որ ավելի ամուր սաղավարտներ պատրաստեն, հետազոտում են սուր լսողություն ունեցող ճանճի մի տեսակ, որպեսզի բարելավեն լսողական ապարատները, ուսումնասիրում են բուի թևերի փետուրները՝ ցանկանալով կատարելագործել աներևույթ ինքնաթիռները (որոնք ռադարի կողմից չեն որսվում)։ Բայց ինչքան էլ մարդը ջանքեր թափի, չի կարող ճշգրտորեն ընդօրինակել բնության մեջ հանդիպող կատարյալ նախատիպերը։ Բիոնիկային նվիրված մի գրքում ասվում է. «Կենդանի էակները արդեն արել են այն բոլոր բաները, ինչ մենք ենք ցանկանում անել, ընդ որում նրանք ագահորեն չեն սպառում հանածո վառելիքը, չեն ապականում մոլորակը և չեն վտանգում իրենց ապագան» («Biomimicry—Innovation Inspired by Nature»)։ Ինչպիսի՜ իմաստություն։
10. Ինչո՞ւ է անտրամաբանական Մեծ Ստեղծիչի գոյությունը ժխտելը։ Պարզաբանեք օրինակով։
10 Անկախ այն բանից՝ նայում ենք երկնքին, թե ուշադիր զննում այստեղ՝ երկրի վրա եղած ստեղծագործությունները՝ Արարչի գոյության փաստն ակնհայտ է (Երեմիա 10։12)։ Մենք պետք է ամբողջ սրտով համաձայնվենք այն երկնային արարածների հետ, որոնք բացականչում են. «Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները» (Յայտնութիւն 4։11)։ Սակայն շատ գիտնականներ թերանում են տեսնել այդ փաստը ‘իրենց սրտի աչքերով’, նույնիսկ եթե զմայլվում են այն կառուցվածքներով, որոնք տեսնում են իրենց ֆիզիկական աչքերով (Եփեսացիս 1։18)։ Պարզաբանենք օրինակով։ Բնության գեղեցկությամբ և կենսաբանական կառուցվածքներով սքանչանալը և միևնույն ժամանակ Մեծ Ստեղծիչի գոյությունը ժխտելը նույնքան անտրամաբանական է, որքան անչափ գեղեցիկ նկարով սքանչանալը և միևնույն ժամանակ ժխտելը այն նկարչի գոյությունը, որը դատարկ կտավը վերածել է գլուխգործոցի։ Ուստի զարմանալի չէ, որ ովքեր հրաժարվում են հավատալ Աստծուն, ‘արդարացում չունեն’։
‘Կույր առաջնորդները’ շատերին են մոլորեցնում
11, 12. Նախասահմանության ուսմունքը ի՞նչ ենթադրության վրա է հիմնված, և ի՞նչն է ցույց տալիս, որ այդ ուսմունքը փառք չի բերում Աստծուն։
11 Շատ կրոնասեր մարդիկ անկեղծորեն հավատում են, որ իրենց երկրպագելու ձևը փառք է բերում Աստծուն (Հռովմայեցիս 10։2, 3)։ Այնուհանդերձ, կրոնը, լինելով մարդկային հասարակության տարրերից մեկը, իրականում խոչընդոտում է միլիոնավոր մարդկանց, որ չփառաբանեն Աստծուն։ Ի՞նչ կերպերով։ Քննենք դրանցից երկուսը։
12 Առաջին՝ կրոնները ստվեր են գցում Աստծո փառքի վրա կեղծ ուսմունքների միջոցով։ Որպես օրինակ վերցնենք նախասահմանության ուսմունքը։ Այս ուսմունքը հիմնված է այն ենթադրության վրա, որ եթե Աստված ունակ է իմանալ ապագան, ապա նա, անշուշտ, նախապես գիտի ամեն ինչի ելքը։ Ըստ նախասահմանության ուսմունքի՝ Աստված վաղուց ի վեր կանխորոշել է յուրաքանչյուր անհատի ապագան՝ լինի լավ, թե վատ։ Փաստորեն, դուրս է գալիս, որ ներկա աշխարհում տիրող ամբողջ տառապանքի և չարության համար Աստված է մեղավոր։ Ինչ խոսք, դա փառք չի բերում Աստծուն, որը մեղադրվում է մի բանի մեջ, ինչի համար իրականում նրա գլխավոր Թշնամին՝ Սատանան է մեղավոր, որին Աստվածաշունչն անվանում է «այս աշխարհքի իշխանը» (Յովհաննէս 14։30; Ա Յովհաննէս 5։19)։
13. Ինչո՞ւ անմտություն կլինի խորհել, թե Աստված չի կարող ապագան իմանալու իր ունակության վրա տիրապետել։ Լուսաբանեք։
13 Նախասահմանությունը Աստծուն զրպարտող հակասուրբգրային ուսմունք է։ Այդ ուսմունքը շփոթություն է ստեղծում այն հարցում, թե ինչ է Աստված կարող անել և թե ինչ է իրականում անում։ Աստվածաշունչը հստակորեն ասում է, որ նա ունակ է նախապես իմանալու, թե ի՛նչ կարող է տեղի ունենալ (Եսայիա 46։9, 10)։ Սակայն, անտրամաբանական է խորհել, թե նա չի կարող ապագան նախապես իմանալու իր ունակության վրա տիրապետել, կամ թե նա պատասխանատու է ամեն մի պատահած դեպքի համար։ Լուսաբանենք։ Ենթադրենք դուք մեծ ֆիզիկական ուժ ունեք։ Մի՞թե կցանկանայիք բարձրացնել ձեր աչքին երևացած ամեն մի ծանրություն։ Անշուշտ ոչ։ Նման կերպով՝ ապագան իմանալու ունակությունը չի ստիպում Աստծուն նախապես իմանալու կամ կանխորոշելու ամեն ինչ։ Նա ընտրողաբար և սեփական հայեցողությամբ է գործի դնում կանխապես գիտենալու իր ունակությունը։b Միանգամայն պարզ է, որ կեղծ ուսմունքները, այդ թվում նախասահմանությունը չեն փառաբանում Աստծուն։
14. Ի՞նչ ձևով են պաշտոնապես հաստատված կրոնները անարգել Աստծուն։
14 Երկրորդ՝ պաշտոնապես հաստատված կրոնները անարգում են Աստծուն իրենց հետևորդների դրսևորած վարքով։ Քրիստոնյաներից ակնկալվում է հետևել Հիսուսի ուսուցումներին։ Հիսուսը իր հետևորդներին այլ բաների թվում նաև սովորեցրեց ‘իրար սիրել’ և ‘աշխարհից չլինել’ (Յովհաննէս 15։12; 17։14–16)։ Ի՞նչ կարելի է ասել քրիստոնեական աշխարհի հոգևոր դասի անդամների մասին։ Իսկապե՞ս նրանք հետևել են այդ ուսուցումներին։
15. ա) Ինչպե՞ս է հոգևորականությունը իրեն դրսևորել պատերազմների ժամանակ։ բ) Ի՞նչ ազդեցություն է թողել հոգևորականության վարքը միլիոնավոր մարդկանց վրա։
15 Տեսնենք, թե ինչպես են հոգևորականները իրենց դրսևորել պատերազմների ժամանակ։ Նրանք տարբեր ազգերի միջև տեղի ունեցած բազմաթիվ պատերազմներին մատների արանքով են նայել, թիկունք են կանգնել և նույնիսկ առաջնորդություն են վերցրել դրանցում։ Նրանք օրհնել են զորքերը և արդարացրել են սպանությունը։ Անհնար է, որ հարց չառաջանա. «Մի՞թե այդ հոգևորականների մտքով երբեք չի անցել, որ իրենց կրոնի մյուս հոգևորականները նույն բանն են անում հակառակ կողմում» (տե՛ս «Ո՞ւմ կողմն է Աստված» շրջանակը)։ Հոգևորականները փառք չեն բերում Աստծուն, երբ պնդում են, թե Աստված իրենց կողմն է արյունահեղ պատերազմներում։ Նրանք նաև փառք չեն բերում նրան, երբ աստվածաշնչյան չափանիշները հնացած են հայտարարում և հանդուրժում են սեռական անբարոյության ցանկացած ձև։ Որքա՜ն են այդ մարդիկ մեզ հիշեցնում այն կրոնական առաջնորդներին, որոնց Հիսուսը անվանեց «անօրէնութիւն գործողներ» և «կոյր առաջնորդներ» (Մատթէոս 7։15–23; 15։14)։ Ուստի հոգևորականության վարքը պատճառ է եղել, որ միլիոնավոր մարդկանց սերն Աստծո հանդեպ սառչի (Մատթէոս 24։12)։
Ովքե՞ր են իսկապես փառք տալիս Աստծուն
16. Ինչո՞ւ պետք է դիմենք Աստվածաշնչին, որպեսզի պատասխանենք այն հարցին, թե ովքեր են իսկապես փառք տալիս Աստծուն։
16 Եթե աշխարհի նշանավոր ու ազդեցիկ մարդիկ ընդհանուր առմամբ թերանում են փառք տալ Աստծուն, ապա ովքե՞ր են իսկապես դա անում։ Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է դիմենք Աստվածաշնչին։ Ի վերջո, Աստված իրավունք ունի՛ ասելու, թե ինչպես է հարկավոր իրեն փառաբանել, և նա դրա վերաբերյալ չափանիշները սահմանել է իր Խոսքում՝ Աստվածաշնչում (Եսայիա 42։8)։ Եկեք քննենք Աստծուն փառք տալու երեք ձև՝ յուրաքանչյուր դեպքում շոշափելով այն հարցը, թե ովքեր են իսկապես դա անում։
17. Ինչպե՞ս Եհովան անձամբ ցույց տվեց, որ իր անվան փառաբանությունը իր կամքի կարևոր երեսակներից է, և ովքե՞ր են այսօր աշխարհով մեկ գովաբանում Աստծո անունը։
17 Առաջին՝ մենք կարող ենք փառք տալ Աստծուն՝ գովաբանելով նրա անունը։ Այն, որ այդպես անելը Աստծո կամքի կարևոր երեսակներից է, երևում է Եհովայի՝ Հիսուսին ասած խոսքերից։ Իր մահվանից մի քանի օր առաջ Հիսուսը աղոթեց. «Հայր, փառաւորիր քո անունը»։ Հետո երկնքից մի ձայն պատասխանեց. «Փառաւորեցի էլ եւ դարձեալ կ’փառաւորեմ» (Յովհաննէս 12։28)։ Կասկած չկա, որ խոսողը ինքը Եհովան էր։ Նրա պատասխանից միանգամայն պարզ է դառնում, որ Աստված կարևոր է համարում իր անվան փառաբանությունը։ Ուրեմն, ովքե՞ր են այսօր փառք տալիս Եհովային՝ հռչակելով նրա անունը ու աշխարհով մեկ այն գովաբանելով։ Եհովայի վկաները. նրանք դա անում են աշխարհի 235 երկրներում (Սաղմոս 86։11, 12)։
18. Ինչպե՞ս կարող ենք ճանաչել նրանց, ովքեր երկրպագում են Աստծուն «ճշմարտութիւնով», և ո՞ր խումբն է ուսուցանում աստվածաշնչյան ճշմարտությունը ավելի քան հարյուր տարի։
18 Երկրորդ՝ մենք կարող ենք փառք տալ Աստծուն՝ նրա մասին ճշմարտությունը սովորեցնելով։ Հիսուսն ասաց, որ ճշմարիտ երկրպագուները պետք է «ճշմարտութիւնով երկրպագեն» Աստծուն (Յովհաննէս 4։24)։ Ինչպե՞ս կարող ենք ճանաչել նրանց, ովքեր Աստծուն երկրպագում են «ճշմարտութիւնով»։ Ճշմարիտ երկրպագուները պետք է մերժեն այն ուսմունքները, որոնք հիմնված չեն Աստվածաշնչի վրա ու կեղծ լույսի ներքո են ներկայացնում Աստծուն և նրա կամքը։ Նրանք պետք է ուսուցանեն Աստծո Խոսքի անարատ ճշմարտությունները։ Դրանցից են՝ Եհովան Բարձրյալ Աստված է, և այդ դիրքի փառքը միայն նրան է պատկանում (Սաղմոս 83։18), Հիսուսը Աստծո Որդին է, և նա նշանակված է Աստծո Մեսիական Թագավորության Կառավարիչ (Ա Կորնթացիս 15։27, 28), Աստծո Թագավորությունը սրբացնելու է Եհովայի անունը և իրագործելու է նրա նպատակը երկրի ու մարդկանց առնչությամբ (Մատթէոս 6։9, 10), այս Թագավորության մասին բարի լուրը պետք է քարոզվի ամբողջ երկրագնդով մեկ (Մատթէոս 24։14)։ Արդեն ավելի քան հարյուր տարի է, ինչ այդ թանկագին ճշմարտությունները հավատարմորեն ուսուցանում է միայն մեկ խումբ՝ Եհովայի վկաները։
19, 20. ա) Քրիստոնյայի բարի վարքը ինչո՞ւ կարող է փառք բերել Աստծուն։ բ) Ո՞ր հարցերը կարող են մեզ օգնել որոշելու, թե ովքեր են այսօր փառք տալիս Աստծուն՝ բարի վարք պահելով։
19 Երրորդ՝ մենք կարող ենք փառք տալ Աստծուն՝ ապրելով նրա չափանիշներին ներդաշնակ։ Պետրոս առաքյալը գրեց. «Ձեր վարքը հեթանոսների մէջ բարի պահեցէք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պէս բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառաւորեն Աստուծուն այցելութեան օրումը» (Ա Պետրոս 2։12)։ Քրիստոնյայի վարքը արտացոլում է նրա հավատը։ Երբ ուրիշները նկատում են այդ կապը, այսինքն՝ երբ նրանք տեսնում են, որ քրիստոնյայի բարի վարքը իր հավատի անմիջական դրսևորումն է, ապա դա փառք է բերում Աստծուն։
20 Ովքե՞ր են այսօր փառաբանում Աստծուն՝ բարի վարք պահելով։ Ո՞ր կրոնական խումբն է գովասանքի արժանացել շատ կառավարությունների կողմից այն բանի համար, որ նրա անդամները խաղաղարար, օրինապահ քաղաքացիներ են և վճարում են հարկերը (Հռովմայեցիս 13։1, 3, 6, 7)։ Ո՞ր ժողովուրդն է հայտնի իր կրոնական միասնականությամբ, միասնականություն, որը չի ճանաչում ռասայական, ազգային և էթնիկական տարբերություններ (Սաղմոս 133։1; Գործք 10։34, 35)։ Ո՞ր խումբն է աշխարհով մեկ ճանաչված իր աստվածաշնչային կրթական գործունեությամբ, որը խրախուսում է մարդկանց հարգել օրենքը, ընտանեկան բարձր արժեքները և Աստվածաշնչի բարոյականությունը։ Կա միայն մեկ խումբ, որի անդամների վարքը այս և մյուս բնագավառներում խոսում է իրենց փոխարեն։ Այդ խումբը Եհովայի վկաներն են։
Իսկ դու փառք տալի՞ս ես Աստծուն
21. Ինչո՞ւ պետք է խորհենք այն մասին, թե արդյոք անձամբ փառք բերում ենք Եհովային։
21 Լավ կլինի, որ յուրաքանչյուրս հարց տա ինքն իրեն. «Անձամբ ես փառք տալի՞ս եմ Եհովային»։ 148–րդ սաղմոսում ասվում է, որ ստեղծագործության մեծ մասը փառաբանում է Աստծուն։ Հրեշտակները, երկինքները, երկիրն ու կենդանական աշխարհը՝ բոլորը գովաբանում են Եհովային (1–10 համարներ)։ Որքա՜ն ցավալի է, որ մարդկանց մեծամասնությունը դա չի անում։ Աստծուն փառք բերող կյանք վարելով՝ դու նույնպես միանում ես մնացած արարչագործությանը, որը գովաբանում է Եհովային (11–13 համարներ)։ Սրանից ավելի լավ ապրելակերպ չկա։
22. Եթե Եհովային փառք տաս, ի՞նչ օրհնություններ կստանաս, և ի՞նչ պետք է վճռես անել։
22 Եթե փառք տաս Եհովային, ապա կօրհնվես շատ առումներով։ Քրիստոսի քավիչ զոհաբերությանը հավատ ընծայելով՝ դու հաշտություն կգտնես, ինչպես նաև խաղաղ ու բավականություն պատճառող հարաբերություններ կվայելես քո երկնային Հոր հետ (Հռովմայեցիս 5։10)։ Ամեն ժամանակ Աստծուն փառք տալու հիմքեր փնտրելով՝ դու ավելի լավատեսորեն կնայես իրերին, ավելի երախտագետ անձնավորություն կդառնաս (Երեմիա 31։12)։ Եվ այդժամ դու հնարավորություն կունենաս օգնելու մարդկանց, որ ապրեն երջանիկ ու գոհացուցիչ կյանքով, և սա կնպաստի, որ ինքդ էլ ավելի մեծ երջանկություն ստանաս (Գործք 20։35)։ Թող որ դու լինես նրանց թվում, ովքեր հաստատ վճռել են փառք տալ Աստծուն այժմ և հավիտյան։
[ծանոթագրություններ]
a Ավելի մանրամասն, թե ինչպես է ֆիզիկական երկինքը արտացոլում Աստծո իմաստությունն ու զորությունը, կարող եք իմանալ «Մոտեցիր Եհովային» գրքից (գլուխ 5 և 17)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Տե՛ս «Գրությունների ըմբռնում», հատոր 1, էջ 853, անգլ։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ գիտնականները ընդհանուր առմամբ չեն օգնում մարդկանց փառք տալու Աստծուն։
• Ո՞ր երկու կերպերով են պաշտոնապես հաստատված կրոնները խոչընդոտել մարդկանց փառք տալու Աստծուն։
• Ի՞նչ ձևերով կարող ենք փառաբանել Աստծուն։
• Ինչո՞ւ պետք է ինքդ քեզ հարց տաս, թե արդյոք անձամբ փառք տալիս ես Եհովային։
[շրջանակ 12–րդ էջի վրա]
«Ո՞ւմ կողմն է Աստված»
Մի մարդ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է գերմանական ռազմաօդային ուժերում, բայց հետագայում դարձել է Եհովայի վկա, հիշում է.
«Պատերազմի տարիներին ինձ առավել անհանգստացնում էր այն, որ .... տեսնում էի, թե ինչպես են գրեթե բոլոր կրոնների հոգևորականները՝ կաթոլիկ, լյութերական, եպիսկոպոսական և այլն, օրհնում օդանավերը և նրանց անձնակազմը, նախքան նրանք օդ կբարձրանային իրենց մահաբեր ուղեբեռը նետելու առաքելությամբ։ Հաճախ էի մտածում. «Ո՞ւմ կողմն է Աստված»։
Գերմանացի զինվորները գոտիներ էին կրում, որոնց ճարմանդների վրա գրված էր հետևյալ մակագրությունը՝ «Gott mit uns» («Աստված մեզ հետ է»)։ Բայց ես ինքս ինձ հարց էի տալիս. «Ինչո՞ւ Աստված չպիտի լիներ ռազմաճակատի մյուս կողմում գտնվող զինվորների հետ, որոնք նույն կրոնն էին դավանում և նույն Աստծուն էին աղոթում»»։
[նկար 10–րդ էջի վրա]
Ամբողջ աշխարհով մեկ Եհովայի վկաները իսկապես փառք են տալիս Աստծուն