Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 10/15 էջ 3–7
  • Օգուտ քաղեք հոգևոր արժեքներից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգուտ քաղեք հոգևոր արժեքներից
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հոգևոր արժեքների առավելությունը
  • Աստվածաշունչը ուսուցանում է ամենավեհ արժեքները
  • Հոգևոր արժեքները վարձատրություն են բերում
  • Իրո՞ք օգտակար են
  • Ձգտեք մնայուն հարստության
  • Կյանքն իսկապես հարստացնող բարոյական արժեքներ
    2013 Արթնացե՛ք
  • Անանց արժեքներ
    2007 Դիտարան
  • Իսկական բարեկեցություն Աստծու նոր աշխարհում
    2006 Դիտարան
2004 Դիտարան
w04 10/15 էջ 3–7

Օգուտ քաղեք հոգևոր արժեքներից

«Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ, եւ ոչ էլ հարստութիւն սիրողը՝ եկամուտից» (Ժողովող 5։10)։

ՉԱՓԻՑ շատ աշխատելով՝ մարդը կարող է ընկնել սթրեսի մեջ, իսկ սթրեսը կարող է առողջական խնդիրներ առաջ բերել ու երբեմն էլ հասցնել մահվան։ Շատ երկրներում ընտանիքներ են քայքայվում, և հաճախ այդ ողբերգությունների պատճառը նյութականով չափից ավելի մտահոգվելն է։ Իրենց ունեցածը վայելելու փոխարեն՝ կուտակելու ցանկությամբ համակված անհատները անվերջ նորանոր բաների են ձգտում, ինչ գնով էլ որ դա լինի։ Ահա թե ինչ է գրված մի գրքում, որտեղ խոսվում է ինքնակատարելագործման մասին. «Մեր ազգի թերությունն է մրցել հարևանի հետ, նույնիսկ եթե վերջինս գործամոլ է և 43 տարեկանում, ամենայն հավանականությամբ, ինֆարկտի շեմին կկանգնի»։

Ավելին ունենալու ձգտումը կարող է վերածվել անհագ մոլուցքի՝ զրկելով մարդուն այն ուրախությունից, որ նա այլապես կունենար։ Մարդկային այս թուլությունը հաճախ բորբոքվում է զորեղ մի ուժի միջոցով՝ գովազդի։ Հեռուստատեսությունը ողողող գովազդային տեսահոլովակները խրախուսում են ձեռք բերել այնպիսի իրեր, որոնց կարիքը թերևս չունեք, և որոնք նույնիսկ ի վիճակի էլ չեք գնելու։ Այս ամենը կարող է շատ վնասակար լինել։

Սեփական քմահաճույքներով առաջնորդվելու անսանձ ցանկությունը աննկատ կարող է կործանարար ազդեցություն գործել մեզ վրա թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես։ Սողոմոն թագավորը գրեց. «Մարմնին կեանք է.... հանդարտ սիրտը» (Առակաց 14։30)։ Հակառակ դրան՝ գերլարվածությունը, մտահոգությունը և հարստություն կուտակելու տենչը կարող են քայքայել մեր առողջությունը և երջանկության կորստի պատճառ դառնալ։ Եթե նյութապաշտական նպատակները իշխեն մեզ վրա, կտուժեն նաև ուրիշների հետ մեր փոխհարաբերությունները։ Իսկ երբ մարդու հարաբերությունները ընտանիքի անդամների կամ մյուս անհատների հետ վատանում են, դա անդրադառնում է նրա ամբողջ կենսակերպի վրա։

Հոգևոր արժեքների առավելությունը

«Մի կերպարանուիք այս աշխարհքի կերպարանքովը»,— դարեր առաջ հորդորեց Պողոս առաքյալը (Հռովմայեցիս 12։2)։ Աշխարհը սիրում է նրանց, ովքեր ընդունում են իր արժեքները (Յովհաննէս 15։19)։ Այն ձգտում է հաճելի լինել ձեր աչքերին, ականջներին, ինչպես նաև համի, հոտառության և շոշափելիքի զգայարաններին։ Այո՛, աշխարհն ուզում է, որ որդեգրեք նրա ապրելակերպը։ Այն շեշտ է դնում ‘աչքերի ցանկության’ վրա, որպեսզի դուք, և ընդհանրապես բոլորը, նյութապաշտական ձգտումներ ունենաք (Ա Յովհաննէս 2։15–17)։

Սակայն գոյություն ունեն արժեքներ, որ շատ ավելի կարևոր են, քան փողը, հարստությունը և բարձր դիրքը։ Ահա մի օրինակ. Սողոմոն թագավորին, որ ապրել է հարյուրամյակներ առաջ, հաջողվել էր ձեռք բերել այն ամենը, ինչ նյութական առումով կարող է առաջարկել աշխարհը։ Նա կառուցել էր տներ և տնկել այգիներ։ Սողոմոնը ուներ բազմաթիվ անասուններ, ծառաներ, երգիչներ ու երգչուհիներ, ինչպես նաև մեծ քանակությամբ ոսկի և արծաթ։ Ունեցվածքով նա անհամեմատ գերազանցել էր իր նախորդներին։ Քիչ է ասել, որ նա հարուստ էր. Սողոմոնն ըստ էության ուներ այն ամենը, ինչ մարդ կարող է ցանկանալ։ Այնուամենայնիվ, իր հաջողությունների մասին նա ասել էր. «Բոլորն ունայն էր եւ քամիի աշխատանք» (Ժողովող 2։1–11)։

Օժտված լինելով գերազանց իմաստությամբ՝ Սողոմոնը գիտեր, որ մեծագույն ձեռքբերումը հոգևոր արժեքներն են։ Նա գրեց. «Բոլոր խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար» (Ժողովող 12։13)։

Ոսկուց և արծաթից առավել արժեքավոր է այն գանձը, որ կարելի է գտնել Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի էջերում (Առակաց 16։16)։ Այդ գրքում թաքնված են խորիմաստ ճշմարտություններ, որ նման են մարգարիտների։ Կփնտրե՞ք արդյոք այդ գանձերը, «կփորե՞ք» արդյոք Սուրբ Գրությունները՝ դրանք գտնելու համար (Առակաց 2։1–6)։ Մեր Արարիչը՝ ճշմարիտ արժեքների Աղբյուրը, քաջալերում է այդպես վարվել, և նա ձեզ օգնություն ցույց կտա այդ հարցում։ Ինչպե՞ս։

Մարգարտանման ճշմարտությունները Եհովան հայտնում է իր Խոսքի, ոգու և կազմակերպության միջոցով (Սաղմոս 1։1–3; Եսայիա 48։17, 18; Մատթէոս 24։45–47; Ա Կորնթացիս 2։10)։ Այս հազվագյուտ, անգին գանձերի ուսումնասիրությունը հնարավորություն կտա ձեզ գիտակցաբար ընտրելու կյանքի ամենալավ և վարձահատույց ուղին։ Եվ դա դժվար չի լինի, քանի որ Եհովան՝ մեր Արարիչը, գիտի, թե ինչի կարիք ունենք իսկական երջանկության հասնելու համար։

Աստվածաշունչը ուսուցանում է ամենավեհ արժեքները

Աստվածաշնչում տրվող ողջամիտ խորհուրդները գործնական են և իրենց հավասարը չունեն։ Բարոյական չափանիշները, որոնց թիկունք է կանգնում այդ գիրքը, անգերազանցելի են։ Աստվածաշնչյան խորհուրդները միշտ օգտակար են։ Դրանց ճշմարտացիությունը ժամանակն է ապացուցել։ Գրությունները ողջամտորեն խորհուրդ են տալիս ջանադրաբար աշխատել, ազնիվ լինել, դրամը ճիշտ ծախսել, չծուլանալ և այլն (Առակաց 6։6–8; 20։23; 31։16)։

Ի հավելումն այս ամենի՝ Հիսուսը ասաց. «Ձեզ համար գանձեր մի դիզէք երկրիս վերայ. ուր որ ցեցն եւ ժանկն ապականում են, եւ ուր որ գողերը պատը ծակում են եւ գողանում։ Բայց ձեզ համար գանձեր դիզեցէք երկնքումը, ուր ո՛չ ցեց եւ ո՛չ ժանկ չեն ապականում, եւ ուր գողերը պատը չեն ծակում եւ չեն գողանում» (Մատթէոս 6։19, 20)։

Այս պատեհաժամ հորդորը մեր օրերում նույնքան կիրառելի է, որքան 2 000 տարի առաջ։ Հարստանալու ձգտումով տարվելու փոխարեն՝ մենք կարող ենք քայլել կյանքի ավելի վեհ ճանապարհով. մի բան, որ օգուտ կբերի արդեն հիմա։ Դա նշանակում է, որ պետք է հոգևոր գանձեր կուտակենք, ինչը իսկական երջանկություն և բավականություն կպատճառի։ Ինչպե՞ս կարող ենք անել այդ։ Կարդալով Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, և կիրառելով այնտեղ տրվող խորհուրդները։

Հոգևոր արժեքները վարձատրություն են բերում

Ճիշտ կիրառվելու դեպքում հոգևոր արժեքները օգուտ են բերում ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր առումներով։ Ինչպես որ օզոնի շերտն է պաշտպանում երկիրը արևի վնասակար ճառագայթներից, այնպես էլ ողջամիտ բարոյական սկզբունքներն են պաշտպանում մեզ՝ ակնհայտ դարձնելով նյութապաշտության վնասակար հետևանքները։ Պողոս առաքյալը գրեց. «Նորանք որ կամենում են հարստանալ փորձութեան եւ որոգայթի եւ շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ են ընկնում. որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կորուստի մէջ։ Որովհետեւ արծաթսիրութիւնը ամեն չարիքների արմատն է. որին մի քանիսը անձնատուր լինելով հաւատքիցը մոլորուեցան, եւ իրանց անձերը շատ ցաւերով խոցեցին» (Ա Տիմոթէոս 6։9, 10)։

Հարստության հանդեպ սերը դրդում է ավելի շատ ունեցվածք կուտակել, ձգտել ավելի բարձր դիրքի, ավելի մեծ իշխանության։ Հաճախ մարդիկ այս նպատակներին հասնում են՝ նենգ ու խարդախ միջոցներ գործի դնելով։ Նյութականը շատացնելու փափագը մարդուց ժամանակ, եռանդ և ջանքեր է խլում, նույնիսկ զրկում է հանգիստ քնելու հնարավորությունից (Ժողովող 5։12)։ Միանշանակ է, որ ավելին ունենալու ձգտումը կանգնեցնում է հոգևոր առաջընթացը։ Հիսուս Քրիստոսը՝ երբևէ ապրած մեծագույն մարդը, պարզ ցույց տվեց, թե որն է կյանքի ավելի վեհ ուղին։ Նա երջանիկ անվանեց այն անհատներին, «ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթէոս 5։3, ՆԱ)։ Հիսուսը գիտեր, որ հոգևոր հարստությունը մնայուն վարձատրություն է բերում և անհամեմատ ավելի կարևոր է, քան անցողիկ նյութական ձեռքբերումը (Ղուկաս 12։13–31)։

Իրո՞ք օգտակար են

«Ծնողներս ջանք չէին խնայում, որպեսզի համոզեին ինձ, թե հոգևոր արժեքները գործնական որևէ օգուտ չեն բերում,— պատմում է Գրեգը։— Սակայն հոգևոր նպատակներ հետապնդելով՝ ես ներքին մեծ խաղաղություն գտա, քանի որ ազատվեցի այն սթրեսից, որը առաջ է գալիս հարստության ետևից ընկնելուց»։

Բացի այդ, հոգևոր արժեքները նպաստում են փոխհարաբերությունների բարելավմանը։ Ճշմարիտ ընկերներին գրավում է ոչ թե մարդու ունեցվածքը, այլ նրա բնավորությունը։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Իմաստունների հետ վարուողը [«ընկերակցողը», ԷԹ] իմաստուն կ’դառնայ» (Առակաց 13։20)։ Նմանապես, ընտանիքի երջանկության նախապայմանը նյութական հարստությունը չէ, այլ իմաստությունն է և սերը (Եփեսացիս 5։22–6։4)։

Արժեքները մեզ ի ծնե չեն տրվում։ Մենք պետք է ձեռք բերենք դրանք կա՛մ մեզ նման մարդկանցից, կա՛մ էլ ավելի վեհ աղբյուրից։ Ահա թե ինչու աստվածաշնչյան կրթությունը կարող է ամբողջությամբ փոխել մեր վերաբերմունքը նյութականի հանդեպ։ «Ինձ օգնեցին վերանայել իմ արժեքները, և ես սովորեցի բավարարվել անհրաժեշտ բաներով»,— ասում է Դոնը, որ նախկինում բանկիր է եղել։

Ձգտեք մնայուն հարստության

Հոգևոր արժեքները հարատև վարձատրություն են բերում, և ոչ թե կարճաժամկետ գոհացում։ Պողոսը գրում է. «Երեւողները [նյութականը] ժամանակաւոր են, իսկ չերեւողները [հոգևորը] յաւիտենական» (Բ Կորնթացիս 4։18)։ Ինչ խոսք, հարուստ լինելով՝ կարող ենք գոհացում տալ մեր ցանկացած քմահաճույքին, սակայն ագահությունը ապագա չունի։ Մինչդեռ հոգևոր արժեքները հավիտենական են (Առակաց 11։4; Ա Կորնթացիս 6։9, 10)։

Նյութականը ուշադրության կենտրոնում պահելը դատապարտվում է Աստվածաշնչում, այնինչ այդ երևույթը մեր օրերում շատ տարածված է։ Աստծո Խոսքը ուսուցանում է սանձել եսասիրական հակումները և աչքը պարզ պահել՝ կենտրոնացած ‘ավելի կարևոր բանի’՝ հոգևոր հարստության վրա (Փիլիպպեցիս 1։10, ՆԱ)։ Գրությունները պարզ ցույց են տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում ագահությունը. դա եսապաշտություն է։ Կիրառելով Աստծո Խոսքից սովորած ճշմարտությունները՝ ավելի մեծ երջանկություն ենք գտնում։ Փոխանակ մտածելու, թե ինչ կարող ենք ստանալ ուրիշներից՝ մենք սկսում ենք խորհել տալու մասին։ Սա մի հզոր ուժ է, որ մղում է մեզ եսասիրական ցանկությունները փոխարինել հոգևոր արժեքներով։

Ինչ խոսք, փողը որոշ չափով կարող է պաշտպանություն լինել (Ժողովող 7։12)։ Սակայն Աստվածաշունչը իրատեսորեն հայտնում է, որ հարստությունը «ոչինչ է [«իսկոյն կը չքանայ», ԷԹ] ....իրան համար անշուշտ թեւեր կ’շինէ, արծիւի պէս երկինքը կ’թռչի» (Առակաց 23։5)։ Նյութապաշտության զոհասեղանին մարդիկ շատ բաներ են նվիրաբերել՝ իրենց առողջությունը, ընտանիքը ու նույնիսկ մաքուր խիճը, և քաղել են դառը պտուղներ։ Մինչդեռ հոգևոր տրամադրվածությունը կօգնի, որ բավարարենք մեր ամենագլխավոր կարիքները՝ սիրելու և սիրված լինելու, կյանքում նպատակ ունենալու և հոգատար Աստված Եհովային երկրպագելու։ Նման տրամադրվածության շնորհիվ մենք կքայլենք այն ճանապարհով, որը կառաջնորդի դեպի հավիտենական կատարյալ կյանք դրախտ–երկրի վրա։ Այսպիսի հեռանկար է Աստված մեզ տալիս։

Շատ շուտով մարդկանց երազանքը բարօրության հասնելու վերաբերյալ ամբողջովին կիրագործվի Աստծո նոր աշխարհում (Սաղմոս 145։16)։ Ողջ երկիրը կլցվի «Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը» (Եսայիա 11։9)։ Ամենուր կտիրեն հոգևոր արժեքները, իսկ նյութապաշտությունն ու նրա հասցրած վնասները անհետ կկորչեն (Բ Պետրոս 3։13)։ Այդ ժամանակ կյանքին անսահմանորեն ավելի մեծ իմաստ հաղորդող բաները՝ կատարյալ առողջությունը, գոհացուցիչ աշխատանքը, թարմացուցիչ հանգիստը, ջերմ ընտանեկան փոխհարաբերությունները և անխզելի ընկերական կապը Աստծո հետ, մարդկանց իսկական երջանկություն կպարգևեն հավիտենապես։

[Շրջանակ 6–րդ էջի վրա]

Դրամը ճի՛շտ օգտագործեք

Որոշեք ձեր կարիքները։ Հիսուսը սովորեցրել է աղոթել. «Մեր ամեն օրուայ հացը օրէցօր տուր մեզ» (Ղուկաս 11։3)։ Թույլ մի տվեք, որ այսօրվա քմահաճույքը վաղը անհրաժեշտություն դառնա։ Հիշեք, որ ձեր կյանքը կախված չէ ունեցվածքից (Ղուկաս 12։16–21)։

Պլանավորեք ձեր բյուջեն։ Զգացումի թելադրանքով գնումներ մի՛ կատարեք։ Աստվածաշունչը ասում է. «Աշխատասէրի մտածողութիւնները միայն դէպի առատութիւն են. բայց ամեն աճապարող [շտապող]՝ միայն դէպի կարօտութիւն է դիմում» (Առակաց 21։5)։ Հիսուսը խորհուրդ տվեց իր ունկնդիրներին հաշվել ծախսերը ֆինանսական ներդրում պահանջող որևէ գործ նախաձեռնելուց առաջ (Ղուկաս 14։28–30)։

Անտեղի պարտքեր մի՛ արեք։ Եթե ցանկանում եք որևէ բան գնել, հնարավորության սահմաններում գումարը հավաքեք, և ոչ թե պարտք վերցրեք։ Աստվածաշնչյան առակներից մեկում սա արտահայտվում է հետևյալ կերպ. «Փոխ առնողը ծառայ կ’լինի փոխ տուողին» (Առակաց 22։7)։ Ինքնատիրապետում ցուցաբերելով և ծախսերը ձեր հնարավորության սահմաններում կատարելով՝ դուք կկարողանանք հաջողությամբ պլանավորել նույնիսկ այն գնումները, որ շատ գումար են պահանջում։

Խուսափեք անհարկի ծախսերից։ Ձեր ունեցած իրերը խնամքով օգտագործեք, որպեսզի դրանք երկար ծառայեն։ Այդպես դուք կկրճատեք ծախսերը։ Հիսուսը լավ օրինակ է թողել իր ունեցածին խնայողաբար վերաբերվելու հարցում (Յովհաննէս 6։10–13)։

Առաջին տեղը հատկացրեք առաջնահերթ բաներին։ Խելամիտ անհատը ‘գնում է ժամանակը’՝ ավելի կարևոր նպատակների հասնելու համար (Եփեսացիս 5։15, 16)։

[Շրջանակ 7–րդ էջի վրա]

Անձնական փորձից սովորելուց ավելի լավ ուղի գոյություն ունի

Անձնական փորձից՝ լինի դա լավ թե վատ, կարող ենք արժեքավոր դասեր քաղել։ Բայց արդյոք ճշմարի՞տ է այն տեսակետը, որ անձնական փորձը ամենալավ ուսուցիչն է, ինչպես ասվում է մի առածում։ Ո՛չ, կա առաջնորդության մի գերազանց աղբյուր։ Սաղմոսերգուի աղոթքից մենք տեղեկանում ենք, թե որն է այդ աղբյուրը. «Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119։105)։

Ինչո՞ւ է Աստծո Խոսքից սովորելը շատ ավելի լավ ուղի, քան սեփական փորձից սովորելը։ Պատճառներից մեկն այն է, որ միայն անձնական փորձից սովորելու, այսինքն՝ փորձ ու փորձանքի միջոցով սովորելու դիմաց կարող ենք և՛ թանկ վճարել, և՛ ցավ զգալ։ Իսկ դրանից կարելի է խուսափել։ «Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին,— ասաց Աստված վաղեմի իսրայելացիներին,— այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս» (Եսայիա 48։18)։

Պատճառներից մեկը, թե ինչո՛ւ է Աստծո Խոսքը ուսուցման գերազանց աղբյուր, այն է, որ Աստվածաշունչը կյանքի փորձի վերաբերյալ հնագույն և ամենավստահելի հաղորդագրություններն է պարունակում։ Հավանաբար կհամաձայնեք, որ ուրիշների հաջողություններից ու ձախողումներից սովորելը, ընդ որում առանց ցավ զգալու, ավելի լավ է, քան նրանց սխալները կրկնելը (Ա Կորնթացիս 10։6–11)։ Ավելի կարևորն այն է, որ Աստվածաշնչի միջոցով Աստված մեզ այնպիսի վեհ օրենքներ ու առաջնորդող սկզբունքներ է տալիս, որոնք վստահելիության հարցում իրենց հավասարը չունեն։ «Տիրոջ օրէնքը անարատ է, հանգստացնում է հոգիին. Տիրոջ վկայութիւնը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին [կամ՝ անփորձին]» (Սաղմոս 19։7)։ Ինչ խոսք, մեր սիրառատ Արարչի իմաստությունից սովորելը բոլոր ուղիներից լավագույնն է։

[նկարներ 4–րդ էջի վրա]

Աշխարհն ուզում է, որ որդեգրեք նրա նյութապաշտական ապրելակերպը

[նկար 5–րդ էջի վրա]

Ոսկուց և արծաթից ավելի արժեքավոր է այն գանձը, որ կարելի է գտնել Աստվածաշնչում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը