Աստվածաշնչյան ճշմարտությունը պտուղներ բերո՞ւմ է նրանց մեջ, ում ուսուցանում ես
ԵՐԲ պատանի Էրիկը հայտարարեց, որ այլևս չի ուզում լինել Եհովայի վկա, այդ նորությունը մեծ վիշտ պատճառեց նրա ծնողներին։ Նրանք չէին նկատել այն փոփոխությունը, որ աստիճանաբար տեղի էր ունեցել Էրիկի մեջ։ Նա միշտ մասնակցել էր Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրությանը, հաճախել էր ժողովի հանդիպումներին և ժողովի անդամների հետ գնացել ծառայության։ Թվում էր, թե նա ճշմարտության մեջ է։ Սակայն այժմ, երբ նա թողեց ճշմարտությունը, ծնողները հասկացան, որ աստվածաշնչյան ճշմարտությունները չէին դարձել նրա սեփական համոզմունքները։ Եվ այս բանի գիտակցումը երկուսին էլ մեծապես ցնցեց և հիասթափության մեջ գցեց։
Հավանաբար որոշ քրիստոնյաներ կորստի այսպիսի զգացում են ունեցել, երբ անհատը անսպասելիորեն դադարեցրել է Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Նման դեպքերում նրանք հարց են տալիս. «Ինչպե՞ս չնկատեցի, որ նման բան կարող է տեղի ունենալ»։ Սակայն նախքան հոգևոր աղետ տեղի ունենալը հնարավո՞ր է արդյոք նկատել, թե ճշմարտությունը պտուղներ բերո՞ւմ է նրանց մեջ, ում քարոզում ենք։ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ ճշմարտությունը ներգործում է ինչպես մեր, այնպես էլ նրանց վրա, ում սովորեցնում ենք։ Սերմնացանի մասին իր հայտնի առակում Հիսուսը բացատրեց, թե ինչպես կարող ենք գտնել այս հարցերի պատասխանները։
Ճշմարտությունը պետք է սրտին հասնի
«Սերմը Աստուծոյ խօսքն է,— բացատրեց Հիսուսը,— բայց այն պարարտ երկրի միջինը, նորանք են, որ բարի եւ յոժար սրտով խօսքը լսում եւ ընդունում են, եւ համբերութիւնով պտուղ են տալիս» (Ղուկաս 8։11, 15)։ Հետևաբար, որպեսզի ճշմարտությունը պտուղներ բերի ուսումնասիրողների մեջ, նախևառաջ այն պետք է արմատներ գցի նրանց փոխաբերական սրտում։ Հիսուսը հավաստիացրեց, որ ինչպես պարարտ հողի մեջ լավ սերմը, այնպես էլ աստվածային ճշմարտությունը, հասնելով ‘լավ’ սրտին՝ անմիջապես ներգործում է նրա վրա և պտուղներ տալիս։ Իսկ ի՞նչ պտուղներ պետք է ակնկալենք։
Մենք պետք է ուշադրություն դարձնենք անհատի սրտի վիճակին և ոչ թե արտաքին երևույթներին։ Իրականում երկրպագությանը վերաբերող բոլոր միջոցառումներին մասնակցելը միշտ չէ, որ ցույց է տալիս, թե ինչ է կատարվում անհատի սրտում (Երեմիա 17։9, 10; Մատթէոս 15։7–9)։ Հարկավոր է խորաթափանց լինել։ Անհատի ցանկությունների, շարժառիթների, ինչպես նաև առաջնահերթությունների մեջ պետք է ակնհայտ լինեն որոշակի փոփոխություններ։ Անհատը պետք է իր մեջ զարգացնի նոր մարդը, որը համապատասխանում է Աստծու կամքին (Եփեսացիս 4։20–24)։ Բերենք օրինակ. երբ թեսաղոնիկեցիները լսեցին բարի լուրը, Պողոսն ասաց, որ նրանք պատրաստակամորեն ընդունեցին այն որպես Աստծու խոսք։ Սակայն հետագայում նրանց ցուցաբերած տոկունությունը, հավատարմությունը և սերն էր, որ Պողոսին հավաստիացրին, թե ճշմարտությունը իրոք ‘ներգործում էր’ նրանց վրա (Ա Թեսաղոնիկեցիս 2։13, 14; 3։6)։
Իհարկե, այն, ինչ կա ուսումնասիրողի սրտում, վաղ թե ուշ երևան կգա, ինչպես ցույց է տալիս Էրիկի օրինակը (Մարկոս 7։21, 22; Յակոբոս 1։14, 15)։ Ցավոք, հնարավոր է, որ երբ այդ վատ գծերը ակնհայտ դառնան անհատի վարքագծում, արդեն շատ ուշ լինի։ Ուստի խնդիրն այն է, որ ձգտենք նկատել որոշ թերի կողմեր, նախքան դրանք հոգևորապես սայթաքելու պատճառ կդառնան։ Հարկավոր է ձգտել ներթափանցելու անհատի փոխաբերական սրտի մեջ։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։
Սովորենք Հիսուսից
Անշուշտ, Հիսուսը կարողանում էր առանց սխալվելու կարդալ մարդկանց սրտերը (Մատթէոս 12։25)։ Իսկ մենք չենք կարող։ Այնուհանդերձ, Հիսուսը ցույց տվեց, որ մենք կարող ենք նկատել անհատի ցանկությունները, շարժառիթները, նաև, թե նա իր կյանքում ինչն է առաջնահերթ համարում։ Ինչպես որ բարձր որակավորում ունեցող բժիշկն է տարբեր ախտորոշիչ միջոցներ օգտագործում՝ պարզելու հիվանդի սրտի վիճակը, այնպես էլ Հիսուսն օգտագործեց Աստծու Խոսքը, որպեսզի «հանէ» և բացահայտի «սրտի մտքերը եւ խորհուրդները», նույնիսկ եթե դրանք թաքնված են և դժվար նկատելի (Առակաց 20։5; Եբրայեցիս 4։12)։
Օրինակ՝ մի անգամ Հիսուսն օգնեց Պետրոսին իմանալու իր հոգևոր տկարության մասին, որն ավելի ուշ գայթակղության քար դարձավ հենց նրա համար։ Հիսուսը գիտեր, որ Պետրոսը սիրում է իրեն։ Իրականում, Հիսուսը կարճ ժամանակ առաջ վստահել էր նրան «արքայութեան բանալիները» (Մատթէոս 16։13–19)։ Հիսուսը նաև գիտեր, որ Սատանան առաքյալներին իր թիրախն էր դարձրել։ Դեռ առջևում էին այն օրերը, երբ նրանք ընկնելու էին փոխզիջումների գնալու ուժեղ ճնշման տակ։ Հիսուսն ակներևաբար նկատել էր, որ իր աշակերտներից ոմանք թույլ հավատ ունեին։ Ուստի նա չվարանեց կոնկրետ ասել, թե նրանք ինչի վրա պետք է աշխատեին։ Ուշադրություն դարձրեք, թե Հիսուսն ինչպես սկսեց քննարկել այս հարցը։
Մատթէոս 16։21–ում (ԱԱ) ասվում է. «Անկէ յետոյ Յիսուս իր աշակերտներուն ցուցուց թէ՝ պէտք է.... շատ չարչարանքներ կրէ.... եւ սպաննուի»։ Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսը «ցուցուց» և ոչ միայն ասաց նրանց, թե ինչ էր պատահելու իր հետ։ Շատ հավանական է, որ Հիսուսն օգտագործեց աստվածաշնչյան այնպիսի համարներ, ինչպիսիք են Սաղմոս 22։14–18-ը կամ Եսայիա 53։10–12-ը, որոնցում կոնկրետ նշվում է, որ Մեսիան պետք է չարչարվեր և ապա մահանար։ Փաստորեն, կարդալով կամ մեջբերելով անմիջապես Գրություններից՝ Հիսուսը Պետրոսին և մյուս աշակերտներին հնարավորություն տվեց արտահայտելու իրենց սրտում եղածը։ Ի՞նչ էին նրանք մտածում հալածանքների առնչությամբ։
Զարմանալի է, բայց Պետրոսի նման համարձակ և նախանձախնդիր անձնավորությունը իր չմտածված պատասխանով ցույց տվեց, որ լուրջ սխալ կա իր մտածելակերպի մեջ։ «Քաւ լիցի քեզ Տէ՛ր,— ասաց նա,— այդ չ’լինի քեզ»։ Հստակ է ուրեմն՝ Պետրոսը սխալ էր մտածում, այդ պատճառով էլ Հիսուսն ասաց, որ նա ‘միտք էր անում ոչ թե Աստծու, այլ մարդկանց բաները’. լուրջ թերություն, որը կարող էր ծանր հետևանքներ ունենալ։ Ի՞նչ արեց Հիսուսը։ Պետրոսին հանդիմանելուց հետո Հիսուսը դիմեց նրան և մյուս աշակերտներին՝ ասելով. «Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գայ»։ Օգտագործելով Սաղմոս 49։8 և 62։12 համարներում արձանագրված մտքերը՝ Հիսուսը բարյացակամորեն հիշեցրեց, որ նրանց հավիտենական կյանքի հեռանկարը կախված է ոչ թե մարդկանցից, որոնք չեն կարող փրկություն բերել, այլ Աստծուց (Մատթէոս 16։22–28)։
Եվ չնայած հետագայում Պետրոսը տեղի տվեց մարդավախությանը և երեք անգամ ուրացավ Հիսուսին, այնուհանդերձ, այս և մյուս քննարկումներն անշուշտ օգնեցին նրան հոգևորապես արագ վերականգնվելու (Յովհաննէս 21։15–19)։ Ընդամենը 50 օր անց Երուսաղեմում Պետրոսը համարձակորեն կանգնեց ամբոխի առաջ և վկայություն տվեց Հիսուսի հարության մասին։ Հետագա շաբաթների, ամիսների, տարիների ընթացքում նրան բազմիցս ձերբակալեցին, ծեծեցին, բանտարկեցին. փորձություններ, որոնց նա խիզախորեն դիմացավ՝ քաջության ակնառու օրինակ թողնելով մեզ (Գործք 2։14–36; 4։18–21; 5։29–32, 40–42; 12։3–5)։
Ի՞նչ ենք սովորում այս ամենից։ Նկատեցի՞ք, թե ինչ արեց Հիսուսը Պետրոսի սրտում եղածը դուրս հանելու և բացահայտելու համար։ Նախ՝ նա ընտրեց համապատասխան աստվածաշնչյան համարներ՝ Պետրոսի ուշադրությունը հրավիրելով նրան վերաբերող թեմայի վրա։ Այնուհետև Հիսուսը հնարավորություն տվեց Պետրոսին արտահայտելու իր սրտում եղածը։ Եվ վերջապես, Հիսուսն աստվածաշնչյան խորհուրդ տվեց՝ այդպիսով օգնելով Պետրոսին ստուգելու իր մտքերն ու զգացմունքները։ Գուցե մտածեք, որ նման ձևով ուսուցանելը ձեր կարողություններից վեր է, սակայն եկեք քննարկենք երկու օրինակ, որոնք ցույց են տալիս, թե նախօրոք պատրաստվելն ու Եհովային ապավինելը ինչպես է օգնում մեզանից յուրաքանչյուրին՝ հետևելու Հիսուսի օրինակին։
Դուրս հանեք սրտում եղածը
Երբ մի քրիստոնյա հայր իմացավ, որ առաջին և երկրորդ դասարաններում սովորող իր տղաները ուսուցչուհու սեղանից կոնֆետներ էին վերցրել, նստեց և այդ հարցի շուրջ զրուցեց նրանց հետ։ Հայրը չմտածեց, որ այդ արարքը ընդամենը մանկական անվնաս չարաճճիություն է։ Նա պատմում է. «Ես փորձեցի պարզել, թե ինչն էր նրանց դրդել անելու այդ վատ բանը»։
Հայրը հիշեցրեց երեխաներին, թե ինչ պատահեց Աքարին, որի մասին նշվում է «Յեսու» գրքի 7–րդ գլխում։ Տղաներն անմիջապես հասկացան և ընդունեցին իրենց սխալը։ Նրանց խիղճը արդեն սկսել էր անհանգստացնել իրենց։ Ապա հայրը նրանց համար կարդաց Եփեսացիս 4։28–ը, որտեղ գրված է. «Նա որ գողանում էր, թող էլ չ’գողանայ, այլ մանաւանդ աշխատէ իր ձեռներովը.... որ ունենայ տալու՝ պէտք ունեցողին»։ Այնուհետև նա օգնեց երեխաներին կոնֆետներ գնել ու նվիրել ուսուցչուհուն և այդ արարքով աստվածաշնչյան այս խորհուրդը արմատավորեց նրանց սրտում։
«Երբ վատ գծեր էինք նկատում երեխաների մեջ, մենք անմիջապես ձգտում էինք դրանք արմատախիլ անել նրանց միջից,— ասում է հայրը,— և զրույցների միջոցով սերմանել լավ ու մաքուր մղումներ»։ Իրենց երեխաներին կրթելու հարցում ընդօրինակելով Հիսուսին՝ այս ծնողներն, անշուշտ լավ արդյունքների հասան։ Նրանց երկու որդիներն էլ հրավիրվեցին Բրուքլինի մասնաճյուղում ծառայելու, որտեղ նրանցից մեկը ծառայում է արդեն 25 տարի։
Քննարկենք մեկ ուրիշ օրինակ այն մասին, թե մի քրիստոնյա քույր ինչպես է օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողին։ Այդ ուսումնասիրողը հաճախում էր ժողովի հանդիպումներին, մասնակցում էր ծառայությանը և արդեն մկրտվելու ցանկություն էր հայտնել։ Սակայն երևում էր, որ նա ավելի շատ վստահում էր իրեն, քան Եհովային։ «Լինելով միայնակ կին՝ նա դարձել էր ավելի անկախ, քան ինքն իրականում կարծում էր,— պատմում է քրիստոնյա քույրը,— ես անհանգստանում էի՝ մտածելով, որ նա կամ նյարդային խանգարում կստանա, կամ էլ հոգևորապես կթուլանա»։
Ուստի քույրը նախաձեռնություն վերցրեց և այդ ուսումնասիրողի հետ քննարկեց Մատթէոս 6։33 համարը ու հորդորեց նրան որոշել, թե իր կյանքում ինչն է առաջնայինը, նաև առաջին տեղում դնել Թագավորությունը և հարցերի լուծումը թողնել Եհովային։ Այնուհետև քույրը անկեղծորեն հարցրեց նրան. «Արդյոք միայնակ ապրելու պատճառով երբեմն դժվարանո՞ւմ ես վստահել ուրիշներին, այդ թվում նաև Եհովային»։ Կինը խոստովանեց, որ գրեթե դադարել էր աղոթել։ Այնուհետև քույրը հորդորեց նրան ուշադրություն դարձնել Սաղմոս 55։22 համարում տրված խորհրդին և հոգսը ամբողջությամբ գցել Եհովայի վրա, քանի որ Ա Պետրոս 5։7 համարը հավաստիացնում է. «Նա հոգս է անում ձեզ համար»։ Այս խոսքերը մեծապես հուզեցին կնոջը։ Քույրը նշում է. «Դա այն եզակի դեպքերից մեկն էր, երբ տեսա նրան արտասվելուց»։
Թող որ ճշմարտությունը ներգործի ձեր վրա
Տեսնելով, թե ինչպես են արձագանքում ճշմարտությանը այն անհատները, որոնց հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում՝ մենք անչափ ուրախանում ենք։ Եթե ցանկանում ենք, որ ուրիշներին օգնելու մեր ջանքերը հաջողությամբ պսակվեն, մենք ինքներս պետք է լավ օրինակ թողնենք (Յուդա 22, 23)։ Բոլորս էլ պետք է ‘ահով եւ դողով [մեր] փրկության համար աշխատենք’ (Փիլիպպեցիս 2։12, ԷԹ)։ Դա նշանակում է թույլ տանք, որ Գրությունների լույսը ճրագի նման շարունակ լուսավորի մեր սրտերը, որպեսզի տեսնենք, թե մեր ցանկությունների, հակումների և ձգտումների մեջ ինչ շտկումներ անելու կարիք ունենք (Բ Պետրոս 1։19)։
Վերջերս ծառայության մեջ քո եռանդը պակասե՞լ է։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկը կարող է լինել սեփական անձիդ չափից շատ վստահելը։ Ինչպե՞ս կարող ես իմանալ՝ դա այդպես է, թե՝ ոչ։ Կարդա Անգէ 1։2–11 համարները և անկեղծորեն խորհիր այն հարցերի շուրջ, որ Եհովան ուղղեց հայրենադարձ հրեաներին։ Այնուհետև հարցրու ինքդ քեզ. «Արդյո՞ք չափից ավել չեմ մտահոգվում ֆինանսական ապահովվածությամբ և նյութական բարեկեցությամբ։ Իսկապես վստա՞հ եմ, որ Եհովան հոգ կտանի ընտանիքիս մասին, եթե հոգևորը առաջին տեղում դնեմ։ Թե՞ մտածում եմ, որ ես ինքս պետք է հոգ տանեմ ինձ»։ Եթե քո մտածելակերպի ու զգացողությունների մեջ փոփոխություններ անելու կարիք է զգացվում, մի՛ վարանիր այդ փոփոխություններն անել։ Աստվածաշնչյան այն խորհուրդները, որոնք արձանագրված են Մատթէոս 6։25–33, Ղուկաս 12։13–21 և Ա Տիմոթէոս 6։6–12 համարներում, կարող են օգնել ձեռք բերելու հավասարակշռված տեսակետ նյութական կարիքների և ունեցվածքի վերաբերյալ, որը կերաշխավորի Եհովայի մշտական օրհնությունները (Մաղաքիա 3։10)։
Այսպիսի անկեղծ ինքնաքննությունը կարող է քեզ սթափեցնել։ Երբ քեզ ասում են որոշ թերություններիդ մասին, հնարավոր է այդ բանի գիտակցումից էմոցիոնալ խորը ցավ զգաս։ Այնուհանդերձ, եթե դու սիրով նախաձեռնություն ես վերցնում օգնելու քո երեխային, Աստվածաշունչ ուսումնասիրողին կամ նույնիսկ ինքդ քեզ, անկախ այն բանից, թե որքան նուրբ կամ անձնական բնույթի է խնդիրը, գուցե դրանով առաջին քայլն ես անում՝ փրկելու նրա կամ քո կյանքը (Գաղատացիս 6։1)։
Իսկ ի՞նչ անել, երբ թվում է, թե ջանքերդ քիչ արդյունքներ են բերում։ Մի՛ շտապիր հանձնվել։ Անկատար սիրտը շտկելը կարող է մեզանից շատ ժամանակ խլել, պահանջել նրբանկատություն, երբեմն էլ հուսահատության հասցնող ջանքեր։ Բայց այդպես վարվելը կարող է նաև վարձատրություններ բերել։
Պատանի Էրիկը, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, ի վերջո սթափվեց և սկսեց նորից ‘ճշմարտությունով գնալ’ (Բ Յովհաննէս 4)։ Նա ասում է. «Ես վերադարձա դեպի Եհովան միայն այն ժամանակ, երբ հասկացա, թե ինչ եմ կորցրել»։ Իր ծնողների օգնությամբ Էրիկն այժմ հավատարմորեն ծառայում է Աստծուն։ Եվ չնայած մի ժամանակ նրան վրդովեցնում էր այն, որ ծնողներն անդադար ջանքեր էին գործադրում, որպեսզի նրան մղեին ինքնաքննություն կատարելու, հիմա նա խորապես գնահատում է այդ ջանքերը։ «Ես հրաշալի ծնողներ ունեմ,— ասում է նա,— նրանք երբեք չդադարեցին ինձ սիրելուց»։
Օգնելով, որ Աստծու խոսքի լույսը լուսավորի այն մարդկանց սրտերը, որոնց ուսուցանում ենք՝ մենք սիրառատ բարություն ենք դրսևորում (Սաղմոս 141։5)։ Շարունակիր քննել երեխայիդ, ինչպես նաև Աստվածաշունչ ուսումնասիրողի սիրտը, որպեսզի հավաստիանաս, որ նրանց մեջ քրիստոնյա անձնավորություն է ձևավորվում։ ‘Ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարելու’ միջոցով թույլ տուր, որ ճշմարտությունը գործի թե՛ ուրիշների և թե քո մեջ (Բ Տիմոթէոս 2։15)։
[նկար 29–րդ էջի վրա]
Հիսուսի խոսքերը բացահայտեցին Պետրոսի թույլ կողմը
[նկար 31–րդ էջի վրա]
Օգտագործիր Աստվածաշունչը՝ մարդկանց սրտում եղածը հանելու համար