Եհովայի զորությամբ Սամսոնը հաղթանակ է տանում
ՈԽԱԿԱԼ գերեվարները հանում են նրա աչքերը և պարտադրում ծանր աշխատանք կատարել։ Այնուհետև բանտից նրան բերում են հեթանոսական տաճար՝ մարդկանց զվարճացնելու։ Հրապարակայնորեն ցուցադրում են նրան հազարավոր ականատեսների ու ծաղրուծանակի ենթարկում։ Սակայն բանտարկյալը ո՛չ հանցագործ է, ո՛չ էլ թշնամու բանակի հրամանատար։ Նա Եհովայի երկրպագու է և Իսրայելում 20 տարի ծառայել է որպես դատավոր։
Ինչպե՞ս Սամսոնը՝ երբևէ ապրած ամենաուժեղ տղամարդը, հայտնվեց այդ նվաստացուցիչ իրավիճակում։ Արդյո՞ք արտասովոր զորությունը կփրկի նրան։ Ո՞րն էր Սամսոնի զորության գաղտնիքը։ Կարո՞ղ ենք ինչ–որ բան սովորել նրա կյանքի պատմությունից։
«Նա սկսելու է Իսրայելին ազատել»
Իսրայելացիները իրենց ողջ պատմության ընթացքում անընդհատ երես են թեքել ճշմարիտ երկրպագությունից։ Հետևաբար երբ նրանք «շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու.... Տերը նորանց քառասուն տարի Փղշտացիների ձեռքը մատնեց» (Դատաւորաց 13։1)։
Սամսոնի պատմությունը սկսվեց այն բանից, երբ Եհովայի հրեշտակը հայտնվեց Մանուե անունով մի իսրայելացի տղամարդու կնոջը, որը ամուլ էր, և հայտնեց, որ նա պետք է երեխա ունենա։ «Նորա գլխի վերայ ածելի պիտի չ’գայ.— ասաց հրեշտակը,— նորա համար որ այն տղան արգանդից Աստուծոյ ուխտաւորը պիտի լինի, եւ նա սկսելու է Իսրայէլին ազատել Փղշտացիների ձեռքիցը» (Դատաւորաց 13։2–5)։ Նախքան Սամսոնի ծնվելը Եհովան արդեն վճռել էր, որ նա առանձնահատուկ նշանակում է ունենալու։ Ծննդյան պահից ի վեր Սամսոնը պետք է ուխտավոր լիներ՝ մեկը, որն ընտրված էր հատուկ սուրբ ծառայություն կատարելու համար։
Նա «իմ աչքերին հաճելի է»
Մինչ Սամսոնը մեծանում էր, ‘Տերը օրհնում էր նրան’ (Դատաւորաց 13։24)։ Մի օր Սամսոնը եկավ իր հոր և մոր մոտ ու ասաց. «Թամնաթայումը Փղշտացիների աղջիկներիցը մի կին տեսայ. եւ հիմա ինձ համար կին առէք նորան» (Դատաւորաց 14։2)։ Պատկերացրեք, թե ծնողները որքան զարմացան։ Փոխանակ իսրայելացիներին ազատելու կեղեքիչների ձեռքից՝ իրենց որդին ցանկանում էր ամուսնության դաշինք կնքել նրանց հետ։ Հեթանոս աստվածների երկրպագող կնոջ հետ ամուսնանալը դեմ էր Աստծու օրենքին (Ելից 34։11–16)։ Ուստի ծնողներն առարկեցին. «Մի՞ թե քո եղբայրների աղջիկներումը եւ իմ բոլոր ժողովրդի մէջ կին չ’կայ, որ դու գնաս անթլփատ Փղշտացիներիցը կին առնես»։ Սակայն Սամսոնը համառեց և ասեց հորը. «Նորան առ ինձ համար, որովհետեւ իմ աչքերին հաճելի է» (Դատաւորաց 14։3)։
Իսկ ի՞նչ առումով էր այդ փղշտացի կինը «հաճելի» Սամսոնի աչքին։ Ըստ «Մըքքլինթոքի և Սթրոնգի հանրագիտարանի»՝ պատճառն այն չէր, որ նա «գեղեցիկ և հրապուրիչ» էր, այլ այն, որ «նա անմիջականորեն կապ ուներ ինչ–որ նպատակի հետ»։ Իսկ ի՞նչ նպատակի։ Դատաւորաց 14։4 համարում ասվում է, որ Սամսոնը «Փղշտացիներիցը մէկ առիթ էր որոնում»։ Հենց այս նպատակով էր նա հետաքրքրություն ցուցաբերում այդ կնոջ հանդեպ։ Երբ Սամսոնը չափահաս դարձավ, «Տիրոջ Հոգին սկսեց նորա վերայ գալ»՝ մղեց նրան գործերի (Դատաւորաց 13։25)։ Այսպիսով, Եհովայի սուրբ ոգին առաջնորդեց Սամսոնին անելու այս ոչ սովորական առաջարկությունը, ինչպես որ առաջնորդել էր նրան իր ողջ կյանքում՝ որպես Իսրայելի դատավորի։ Արդյո՞ք Սամսոնը հասավ իր նպատակին։ Եկեք նախ ուշադրություն դարձնենք, թե ինչպես Եհովան վստահեցրեց, որ կաջակցի նրան։
Սամսոնը ուղևորվեց Թամնաթա՝ իր ապագա հարսնացուի քաղաքը։ Երբ «եկան մինչեւ Թամնաթայի այգիները.— նշվում է Գրություններում,— ահա մի առիւծի կորիւն մռնչելով նորան դիմաւորեց։ Եւ Տիրոջ Հոգին նորա վերայ եկաւ, եւ նա նորան պատառեց»։ Սամսոնը այսպիսի ակնառու զորություն ստացավ, երբ մենակ էր։ Այնտեղ ականատեսներ չկային։ Արդյո՞ք Եհովան այս կերպով վստահեցրեց Սամսոնին, որ որպես ուխտավոր, նա կարող է կատարել Աստծու տված հանձնարարությունը։ Աստվածաշնչում չի նշվում այս մասին, սակայն Սամսոնը ակներևաբար հասկացավ, որ այդ գերբնական զորությունը իրենից չէր։ Դա պետք է որ Աստծուց լիներ։ Նա կարող էր հուսալ, որ Եհովան կաջակցի իրեն՝ առաջիկա նպատակը իրականացնելու համար։ Առյուծի հետ տեղի ունեցած միջադեպից զորություն ստանալով՝ Սամսոնը «իջաւ ու այն կնկան հետ խօսեց. եւ կինը Սամփսոնի աչքերին հաճելի էր» (Դատաւորաց 14։5–7)։
Ավելի ուշ, երբ Սամսոնը ետ վերադարձավ՝ այդ կնոջը տանելու իր տուն, «առիւծի դիակը տեսնելու համար ծռուեց ճանապարհիցը. եւ ահա առիւծի դիակի մէջ մեղուների գունդ եւ մեղր կար»։ Վերհիշելով այս դեպքը՝ Սամսոնը իր հարսանիքի ժամանակ մի հանելուկ ներկայացրեց 30 փղշտացի խաչեղբայրների. «Կերողիցը կերակուր դուրս եկաւ եւ հզօրիցն անոյշ ելաւ»։ Եթե նրանք բացատրեին հանելուկի նշանակությունը, Սամսոնը պետք է «երեսուն շապիկ եւ երեսուն փոխելու հանդերձ» տար նրանց։ Իսկ եթե չկարողանային կռահել այն, ապա նրանք պետք է տային Սամսոնին այդ ամենը։ Փղշտացիները երեք օր չէին կարողանում լուծել այդ հանելուկը։ Չորրորդ օրը նրանք սկսեցին սպառնալ Սամսոնի կնոջը. «Մարդիդ խաբիր որ հանելուկը մեզ բացատրէ, որ մի գուցէ քեզ եւ քո հօր տունը կրակով այրենք»։ Ինչպիսի՜ դաժանություն։ Եթե փղշտացիները իրենց ազգակիցների հետ էին այսպես վարվում, կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում էին գտնվում հարստահարված իսրայելացիները (Դատաւորաց 14։8–15)։
Այդ սպառնալիքից վախեցած՝ Սամսոնի կինը ստիպեց նրան հայտնելու իրեն հանելուկի պատասխանը։ Քանի որ բավականաչափ սեր և նվիրվածություն չուներ Սամսոնի հանդեպ, նա պատասխանը անմիջապես ասաց խաչեղբայրներին։ Նրանք բացատրեցին հանելուկի նշանակությունը Սամսոնին, սակայն վերջինս արդեն գիտեր, թե ինչպես են նրանք դա իմացել։ Նա ասաց. «Եթե դուք իմ երինջովը չ’հերկէիք, իմ հանելուկը չէիք գտնիլ»։ Այն առիթը, որին Սամսոնը սպասում էր, ընձեռվեց նրան։ «Տիրոջ Հոգին նորա վերայ եկաւ, եւ նա իջաւ Ասկաղոն եւ նորանցից երեսուն մարդ մեռցրեց, եւ նորանց հանդերձներն առաւ եւ տուաւ հանելուկը բացատրողներին» (Դատաւորաց 14։18, 19)։
Արդյո՞ք Սամսոնը վրեժխնդրությունից դրդված դիմեց այդ քայլին։ Ո՛չ։ Դա Աստծու առաջնորդությունն էր իր ընտրյալ ազատարարի ձեռքով։ Սամսոնի միջոցով Եհովան միջոցներ ձեռք առավ իր ժողովրդի դաժան հարստահարիչների դեմ պատերազմելու համար։ Այս պայքարը դեռ շարունակվելու էր։ Հաջորդ առիթը ստեղծվեց, երբ Սամսոնը այցելության գնաց իր կնոջը։
Պատերազմում է մենակ
Վերադառնալով Թամնաթա՝ Սամսոնը տեսավ, որ իր աները, մտածելով, թե Սամսոնը հիասթափվել է իր աղջկանից, նրան ամուսնացրել է մեկ ուրիշի հետ։ Նա ձևացրեց, թե այդ արարքից վիրավորվել է։ Սամսոնը 300 աղվես բռնեց, նրանց պոչերն իրար կապեց և ջահեր դրեց դրանց մեջ։ Ազատ արձակվելով՝ աղվեսներն այրեցին փղշտացիների ապրելու բոլոր միջոցները՝ դաշտերը, խաղողի և ձիթենիների այգիները։ Բարկացած փղշտացիները դաժան քայլի դիմեցին։ Նրանք Սամսոնի կնոջն ու աներոջը մեղադրեցին այդ հարցում և երկուսին էլ այրեցին։ Նրանց կատաղի վրեժը առիթ եղավ, որ Սամսոնն իրականացնի իր նպատակը։ Նա հարձակվեց փղշտացիների վրա ու կոտորեց նրանց (Դատաւորաց 15։1–8)։
Արդյո՞ք իսրայելացիները հասկացան, որ Եհովա Աստված օրհնել է Սամսոնին, և միացա՞ն նրան՝ փղշտացիների տիրապետության տակից դուրս գալու համար։ Ո՛չ։ Խնդիրներից խուսափելու համար Հուդայի մարդիկ 3 000 հոգի ուղարկեցին Աստծու ընտրյալ առաջնորդին ձերբակալելու և թշնամու ձեռքը մատնելու համար։ Այնուհանդերձ, իսրայելացիների այս անհավատարիմ արարքը հնարավորություն տվեց Սամսոնին կրկին պատժել իր թշնամիներին։ Երբ նրան արդեն պատրաստվում էին հանձնել փղշտացիների ձեռքը, «Տիրոջ Հոգին նորա վերայ եկաւ եւ նորա կռների վերայ եղող չուանները կրակով այրուած քթանի պես եղան, եւ կապերը ձեռքերիցը լուծուեցան»։ Եվ մի էշի ծնոտ վերցրեց և դրանով հազար մարդ սպանեց (Դատաւորաց 15։10–15)։
Սամսոնը աղերսեց Եհովային. «Դու քո ծառայի ձեռքովը յաջողեցիր այս մեծ փրկութիւնը, եւ հիմա ծարաւով մեռնեմ, եւ անթլփատների ձե՞ռքն ընկնեմ»։ Եհովան լսեց նրա աղոթքը և պատասխանեց։ Կարդում ենք. «Աստուած.... փոսը բացաւ, եւ նորանից ջուր ելաւ. եւ նա խմեց, եւ ոգին իր մօտը դառաւ, եւ կենդանացաւ» (Դատաւորաց 15։18, 19)։
Սամսոնը ուշադրությունն ամբողջովին կենտրոնացրել էր իր նպատակի վրա, այն է՝ պատերազմել փղշտացիների դեմ։ Հենց դրա համար էլ նա մնաց Գազայում՝ մի պոռնիկ կնոջ տանը։ Սամսոնին ընդամենը գիշերելու տեղ էր հարկավոր թշնամու քաղաքում, և նա մնաց այնտեղ։ Իրականում Սամսոնը ոչ մի անբարո նպատակ չէր հետապնդում։ Կեսգիշերին նա դուրս եկավ այդ կնոջ տանից, վերցրեց քաղաքի դարպասները իրենց երկու սեմերով և տարավ Քեբրոնի մոտակայքում գտնվող մի լեռան գագաթը, որը մոտ 60 կիլոմետր հեռու է Գազայից։ Սա տեղի ունեցավ Աստծու հավանությամբ և Նրա զորությամբ (Դատաւորաց 16։1–3)։
Եթե հաշվի առնենք արտառոց հանգամանքները, ապա կարելի է ասել, որ սուրբ ոգին Սամսոնի պարագայում յուրահատուկ ձևով է գործել։ Աստծու հավատարիմ ծառաները այսօր նույնպես կարող են վստահ լինել, որ սուրբ ոգին իրենց կզորացնի։ Հիսուսը վստահեցրեց իր հետևորդներին, որ Եհովան «Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից» (Ղուկաս 11։13)։
Ինչո՞ւ Եհովան ‘գնաց Սամսոնից’
Սամսոնը սիրահարվեց Դալիլա անունով մի կնոջ։ Հինգ փղշտացի նախարարներ այնքան էին ուզում կործանել Սամսոնին, որ դիմեցին Դալիլայի օգնությանը։ Նրանք գնացին Դալիլայի մոտ և ասացին. «Նորան խաբիր եւ տես, թէ նորա մեծ զօրութիւնը ինչումն է, թէ ինչով կ’կարողանանք նորան յաղթել»։ Որպես կաշառք այդ հինգ նախարարներից յուրաքանչյուրը նրան առաջարկեց «հազար հարիւր արծաթ» (Դատաւորաց 16։4, 5)։
Եթե արծաթե դրամներից յուրաքանչյուրը կշռում էր մեկ սիկղ, ուրեմն 5 500 սիկղ արծաթը բավական մեծ կաշառք էր։ Օրինակ՝ Աբրահամը 400 սիկղ արծաթ վճարեց, որպեսզի իր կնոջ գերեզմանի համար տարածք գնի, իսկ 30 սիկղ արծաթով հնարավոր էր մի ստրուկ գնել (Ծննդոց 23։14–20; Ելից 21։32)։ Այն փաստը, որ փղշտացիների հինգ քաղաք–պետությունների նախարարները գրգռեցին Դալիլայի ագահությունը և ոչ թե նրա մեջ ազգային նվիրվածություն արթնացրին, ցույց է տալիս, որ Դալիլան հավանաբար իսրայելուհի էր։ Ամեն դեպքում, Դալիլան ընդունեց նրանց առաջարկը։
Երեք անգամ Սամսոնը Դալիլային ճիշտը չասաց, և երեք անգամ էլ Դալիլան մատնեց Սամսոնին՝ փորձելով հանձնել նրան թշնամու ձեռքը։ Բայց քանի որ «ամեն օր իր խօսքերովը նորան [Սամսոնին] նեղում էր եւ նորան բռնադատում էր, այն ժամանակ նորա սիրտը նեղացաւ մինչեւ մահ»։ Ի վերջո Սամսոնը հայտնեց ճշմարտությունը. իր մազերը երբեք չէին կտրվել։ Եթե դրանք կտրվեին, ապա նա իր ուժը կկորցներ և կդառնար սովորական մարդ (Դատաւորաց 16։6–17)։
Հենց դա էլ կործանեց Սամսոնին։ Դալիլան խորամանկությամբ նրան ծուղակը գցեց և կտրեց մազերը։ Սակայն իրականում Սամսոնի ուժը մազերի մեջ չէր։ Դրանք խորհրդանշում էին այն առանձնահատուկ փոխհարաբերությունները, որ նա ուներ Աստծու հետ՝ լինելով ուխտավոր։ Երբ Սամսոնը իր ձեռքով ինքն իրեն գցեց այնպիսի վիճակի մեջ, որն անմիջական ազդեցություն ունեցավ նրա ուխտավորության վրա, ‘Եհովան գնաց իրենից’։ Փղշտացիները կարողացան հաղթել Սամսոնին, կուրացրին ու բանտը գցեցին նրան (Դատաւորաց 16։18–21)։
Ի՜նչ ազդեցիկ դաս մեզ համար։ Չպե՞տք է արդյոք անչափ թանկ գնահատենք Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Եթե որպես քրիստոնյա փոխզիջումների գնանք, ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ Աստված կշարունակի օրհնել մեզ։
«Իմ անձն էլ Փղշտացիների հետ թող մեռնի»
Ցնծության մեջ գտնվող փղշտացիները շնորհակալություն հայտնեցին իրենց Դագոն աստծուն Սամսոնին հաղթելու համար։ Հաղթանակի տոնախմբության ժամանակ նրանք Սամսոնին բերեցին Դագոնի տաճարը։ Իրականում Սամսոնը գիտեր իր կործանման իսկական պատճառը։ Նա հասկացել էր, թե Եհովան ինչու է թողել իրեն և զղջում էր։ Բանտում եղած ժամանակ նրա մազերը սկսել էին առատորեն աճել։ Ի՞նչ էր նա պատրաստվում անել այժմ, երբ կանգնած էր հազարավոր փղշտացիների առաջ։
«Ով Տեր Եհովայ,— աղոթեց Սամսոնը,— աղաչում եմ յիշիր ինձ, ով Աստուած, եւ միայն այս անգամ էլ ինձ ուժովացրու որ Փղշտացիներից իմ երկու աչքերի վրէժը մէկ անգամով առնեմ»։ Ապա նա հենվեց այդ շինության մեջտեղում գտնվող երկու սյուներին և ‘ուժովը ծռեց’։ Արդյո՞ւնքը։ «Տունը վայր ընկաւ նախարարների վերայ եւ միջումն եղող ժողովուրդի վերայ. եւ իր մեռնելովը մեռցրածները իր կենդանութեան ժամանակ մեռցրածներիցն աւելի էին» (Դատաւորաց 16։22–30)։
Ֆիզիկական ուժի առումով Սամսոնին հավասարը չկար։ Իրոք, նրա գործերը զորավոր էին։ Սակայն ամենակարևորն այն է, որ Աստվածաշնչում Սամսոնը հիշատակվում է ամուր հավատ ունեցողների թվում (Եբրայեցիս 11։32–34)։
[նկար 26–րդ էջի վրա]
Ո՞րն էր Սամսոնի ուժի գաղտնիքը