Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 4/1 էջ 20–24
  • Լքված որբը սիրող հայր է գտնում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Լքված որբը սիրող հայր է գտնում
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Փախստական, իսկ հետո որբ
  • Աստվածաշունչը պատասխանում է հարցերիս
  • Գտնում եմ հոգատար ընտանիք
  • Հակառակությունը հակառակ արդյունք է տալիս
  • Տասը տարի ութ բանտերում
  • Ծաղկում եմ քրիստոնեական եղբայրության մեջ
  • Ես անցել եմ ծանր փորձությունների միջով
    2003 Դիտարան
  • Եհովան վարձատրում է նրանց, ովքեր քայլում են իր ուղիներով
    2005 Դիտարան
2005 Դիտարան
w05 4/1 էջ 20–24

Կենսագրություն

Լքված որբը սիրող հայր է գտնում

Պատմում է Դիմիտրիս Սիդիրոպուլոսը

«Գնա՛, վերցրո՛ւ այն հրացանը և կրակիր»,— գոռաց սպան՝ իմ դիմաց մի հրացան նետելով։ Ես հանգիստ մերժեցի։ Կողքիս կանգնած զինվորները սարսափեցին, երբ սպան սկսեց կրակոցներ արձակել դեպի իմ կողմը։ Մահն անխուսափելի թվաց։ Բարեբախտաբար, ես կենդանի մնացի, բայց առաջին անգամ չէ, որ կյանքս վտանգի տակ էր։

ԸՆՏԱՆԻՔՍ ապրել է Կայսերի կոչվող քաղաքում (Կապադովկիա, Թուրքիա) և պատկանել է ազգային փոքրամասնության։ Այս շրջանում ապրող որոշ մարդիկ քրիստոնեություն են ընդունել ամենայն հավանականությամբ մ.թ. առաջին դարում (Գործք 2։9)։ Սակայն 20–րդ դարի սկզբին ամեն բան արմատապես փոխվել էր։

Փախստական, իսկ հետո որբ

1922 թ.–ին՝ ծնվելուցս մի քանի ամիս անց, էթնիկական բախումների պատճառով ծնողներս փախան Հունաստան։ Ընկնելով սարսափահար վիճակի մեջ՝ նրանք իրենց հետ վերցրին միայն ինձ՝ իրենց մի քանի ամսական երեխային։ Անպատմելի դժվարություններ հաղթահարելուց հետո ողորմելի վիճակում նրանք հասան Կիրիա գյուղը, որը գտնվում է Դրամա քաղաքի մոտակայքում (Հունաստանի հյուսիս)։

Ես չորս տարեկան էի, երբ ծնվեց կրտսեր եղբայրս։ Կարճ ժամանակ անց հայրս մահացավ։ Թեև նա ընդամենը 27 տարեկան էր, սակայն այն սարսափելի ժամանակները արդեն ուժասպառ էին արել նրան։ Մայրս ահավոր զրկանքներ կրեց և շուտով նույնպես հեռացավ կյանքից։ Ես ու եղբայրս հայտնվեցինք շատ կարիքավոր վիճակում։ Մեզ ուղարկում էին որբանոցից–​որբանոց, և 12 տարեկանում ես հայտնվեցի Թեսաղոնիկեի որբանոցներից մեկում։ Այնտեղ սկսեցի աշակերտել մեխանիկի մոտ։

Մինչ մեծանում էի որբանոցների սառը և անհյուրընկալ պատերի մեջ, մտածում էի, թե ինչու են որոշ մարդիկ այսքան շատ տառապանք կրում ու անարդարության բախվում։ Ես ինքս ինձ հարցնում էի, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ այսպիսի ցավալի իրավիճակներ գոյություն ունենան։ Կրոնի դասերի ընթացքում մեզ սովորեցնում էին, որ Աստված ամենակարող է, սակայն խելքին մոտ ոչ մի բացատրություն չէին տալիս այն մասին, թե ինչու այսքան չարություն կա աշխարհում։ Հունարեն մի հայտնի ասացվածք ասում է, որ հունական ուղղափառ եկեղեցին ամենալավ կրոնն է։ Երբ հարցնում էի՝ եթե ուղղափառությունը ամենալավ կրոնն է, ապա ինչո՞ւ բոլորը ուղղափառ չեն, ոչ ոք գոհացուցիչ պատասխան չէր տալիս ինձ։

Այնուամենայնիվ, մեր ուսուցիչը խոր հարգանք ուներ Աստվածաշնչի հանդեպ և մեզ ներշնչել էր, որ այն Սուրբ գիրք է։ Որբանոցի տնօրենը նույն կարծիքին էր, սակայն ինչ–​ինչ պատճառներով, նա չէր մասնակցում կրոնական ծիսակատարություններին։ Ես հետաքրքրվեցի և իմացա, որ նախկինում նա Աստվածաշունչ է ուսումնասիրել Եհովայի վկաների՝ ինձ անհայտ մի կրոնական կազմակերպության անդամների հետ։

Երբ Թեսաղոնիկեի որբանոցում կրթությունս ավարտեցի, 17 տարեկան էի։ Սկսվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հունաստանը գտնվում էր նացիստների տիրապետության տակ։ Մարդիկ փողոցներում սովից մահանում էին։ Վերապրելու համար փախա գյուղ՝ չնչին վարձատրությամբ աշխատելու դաշտերում։

Աստվածաշունչը պատասխանում է հարցերիս

Երբ 1945 թ. ապրիլին վերադարձա Թեսաղոնիկե, մանկության ընկերներիցս մեկի քույրը եկավ ինձ այցելության։ Նրա եղբոր հետ ես ապրել էի մի շարք որբանոցներում։ Պասկալիան ինձ ասաց, որ ընկերս անհետացել է և հարցրեց, թե արդյոք գիտեմ նրա տեղը։ Զրույցի ընթացքում նա ասաց, որ Եհովայի վկա է և նշեց, որ Աստված հետաքրքրվում է մարդկանցով։

Ես դառնացած էի, ուստի առարկեցի նրա ասածներին ու հարցրի. «Ինչո՞ւ ես պետք է տառապեմ մանկությունիցս ի վեր։ Ինչո՞ւ եմ որբացել։ Որտե՞ղ է լինում Աստված, երբ մենք նրա կարիքն ենք ունենում»։ Պասկալիան պատասխանեց. «Համոզվա՞ծ ես, որ այդ ամենի համար Աստված է պատասխանատու»։ Օգտվելով իր Աստվածաշնչից՝ նա ցույց տվեց, որ Աստված տառապանք չի պատճառում մարդկանց։ Նա ինձ օգնեց հասկանալ, որ Արարիչը սիրում է մարդկանց և շուտով ամեն բան կբարելավի։ Նա նաև Եսայիա 35։5–7 և Յայտնութիւն 21։3, 4 համարների միջոցով ցույց տվեց, որ շուտով երկրի վրայից կվերանան պատերազմները, երկպառակությունները, հիվանդությունները, մահը, ու հավատարիմ մարդիկ հավիտյան կապրեն երկրի վրա։

Գտնում եմ հոգատար ընտանիք

Ես իմացա, որ Պասկալիայի եղբայրը սպանվել էր պարտիզանական կռիվներից մեկի ժամանակ։ Գնացի նրանց ընտանիքին մխիթարելու, սակայն փոխարենը նրանք ինձ սուրբգրային մխիթարություն տվեցին։ Ես կրկին այցելեցի նրանց՝ Աստվածաշնչից ավելի շատ մխիթարական մտքեր լսելու ու շուտով դարձա Եհովայի վկաների մի փոքրիկ խմբի անդամ։ Այդ խումբը գաղտնի էր հավաքվում՝ Աստվածաշունչ ուսումնասիրելու և Աստծուն երկրպագելու։ Թեև հասարակությունը հալածում էր Վկաներին, ես վճռել էի ընկերակցել նրանց հետ։

Այդ խոնարհ քրիստոնյաների խմբում ես գտա այն ջերմ, սիրով լի ընտանեկան մթնոլորտը, որին մանկուց կարոտ էի մնացել։ Նրանք ինձ տվեցին այն հոգևոր աջակցությունը, որի կարիքը խիստ զգում էի։ Հանձինս նրանց՝ ես գտա անձնազոհ և հոգատար ընկերներ, որոնք պատրաստ էին և ցանկանում էին օգնել ու մխիթարել ինձ (Բ Կորնթացիս 7։5–7)։ Ամենակարևորն այն է, որ նրանց շնորհիվ ես մոտեցա Եհովային, ու հասկացա, որ նա իմ սիրառատ երկնային Հայրն է։ Ինձ շատ գրավեց Նրա սերը, կարեկցանքը և մեծ հոգատարությունը (Սաղմոս 23։1–6)։ Վերջապես ես գտա հոգևոր ընտանիք և սիրող Հայր։ Դա մինչև սրտիս խորքը ինձ հուզել էր։ Շուտով նվիրվեցի Եհովային և 1945 թ. սեպտեմբերին մկրտվեցի։

Քրիստոնեական հանդիպումներին հաճախելու շնորհիվ ոչ միայն իմ գիտելիքներն ավելացան, այլև հավատս ամրապնդվեց։ Գյուղում տրանսպորտ չկար, ուստի մեզանից շատերը հինգ կիլոմետր քայլում էին մինչև ժողովի վայրը, և այդ ընթացքում մենք հոգևոր թեմաներով անմոռանալի զրույցներ էինք ունենում։ 1945 թ. վերջին իմացա, որ հնարավոր է լիաժամ ծառայել ու ռահվիրայություն սկսեցի։ Ինձ անհրաժեշտ էր ունենալ ամուր փոխհարաբերություններ Եհովայի հետ, քանի որ շուտով հավատս ու անարատությունս փորձվելու էին մինչև վերջ։

Հակառակությունը հակառակ արդյունք է տալիս

Ոստիկանները հաճախ մեր հանդիպումների վայրն էին գալիս հրացաններով։ Հունաստանում ռազմական դրություն էր մտցված, քանի որ երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ էր։ Հակառակորդ խմբավորումները կատաղի հարձակումներ էին գործում միմյանց վրա։ Առիթից օգտվելով՝ հոգևորականները իշխանություններին հավատացրին, թե մենք՝ Եհովայի վկաներս, կոմունիստներ ենք և դրդեցին նրանց դաժանորեն հալածել մեզ։

Երկու տարվա ընթացքում մենք բազմիցս ձերբակալվեցինք և վեց անգամ չորս ամսով ազատազրկման դատապարտվեցինք, սակայն քանի որ բանտերն արդեն լի էին քաղբանտարկյալներով, մեզ ազատ արձակեցին։ Այդ ազատության շնորհիվ շարունակեցինք քարոզել, սակայն մի որոշ ժամանակ անց մեզ կրկին ձերբակալեցին. միևնույն շաբաթվա մեջ երեք անգամ։ Մենք գիտեինք, որ շատ եղբայրներ աքսորվել էին անմարդաբնակ կղզիներ։ Արդյո՞ք բավականաչափ ամուր հավատ ունեի՝ բախվելու այդպիսի փորձության։

Իրավիճակը շատ բարդացավ, երբ ես դարձա պայմանական ազատություն ունեցող դատապարտյալ։ Իշխանություններն ինձ ուղարկեցին Էվոսմոս (գյուղ Թեսաղոնիկեի մոտակայքում), որտեղ ոստիկանատուն կար, որպեսզի մշտական հսկողության տակ լինեի։ Ես մի սենյակ վարձեցի ու դրամ վաստակելու համար սկսեցի աշխատել որպես շրջիկ արհեստավոր. փայլեցնում էի պղնձե կաթսաներն ու թավաները։ Այս արհեստի շնորհիվ առանց դժվարության մտնում էի մարդկանց տները՝ ոստիկանների մեջ կասկածներ չհարուցելով։ Այդպես ռահվիրայություն էի անում շրջակայքի գյուղերում։ Արդյունքում որոշ մարդիկ լսեցին բարի լուրը և դրականորեն արձագանքեցին։ Նրանցից ավելի քան տասը ի վերջո դարձան Եհովային նվիրված երկրպագուներ։

Տասը տարի ութ բանտերում

Ես մնացի ոստիկանների հսկողության տակ մինչև 1949 թ. վերջը, այնուհետև վերադարձա Թեսաղոնիկե՝ լիաժամ ծառայությունս շարունակելու ցանկությամբ։ Հենց այն ժամանակ, երբ կարծում էի, թե փորձություններն ավարտվել են, 1950 թ. անսպասելիորեն հրաման ստացա միանալու բանակին։ Սակայն ես վճռել էի չեզոք դիրքորոշում ունենալ՝ ‘չվարժվել պատերազմի’ (Եսայիա 2։4)։ Այսպես ինձ համար սկսվեց մի երկար ու տանջալից ճանապարհորդություն դեպի Հունաստանի վատահամբավ բանտերը։

Նախ ինձ տարան Դրամա քաղաք։ Առաջին մի քանի շաբաթների ընթացքում նոր զորակոչված զինվորները սովորում էին նշան բռնել թիրախին։ Մի օր ինձ տարան հրաձգարան։ Սպաներից մեկը մի հրացան նետեց իմ առաջ ու հրամայեց կրակել։ Երբ մերժեցի, նա սկսեց կրակել ինձ վրա։ Տեսնելով, որ փոխզիջումների չեմ գնում՝ մյուս սպաները սկսեցին դաժանորեն բռնցքահարել ինձ։ Նրանք ծխախոտ էին վառում ու հետո դրանք հանգցնում ափերիս մեջ։ Այնուհետև ինձ գցեցին մենախուց, որտեղ մնացի երեք օր։ Ծխախոտի այրվածքներից ստացած ցավն ուղղակի անտանելի էր, և դրանց հետևանքով ձեռքերիս վրա երկար տարիներ սպիներ էին մնացել։

Նախքան զինվորական դատարանի առջև կանգնելը ինձ տեղափոխեցին Իրակլիոնի (Կրետե) զինվորական ճամբարներից մեկը։ Այնտեղ նրանք ինձ դաժանորեն ծեծում էին՝ ստիպելով հրաժարվել իմ բռնած դիրքից։ Ես ջերմեռանդորեն աղոթեցի Եհովային՝ խնդրելով, որ զորացնի ինձ և օգնի փոխզիջումների չգնալ։ Այդ պահին հանկարծ հիշեցի Երեմիա 1։19–ի խոսքերը. «Նորանք կ’պատերազմեն քեզ դէմ, բայց քեզ չեն յաղթիլ, որովհետեւ ես քեզ հետ եմ, ասում է Տէրը, որ քեզ փրկեմ»։ «Աստուծոյ խաղաղութիւնը» հանգստացրեց ինձ, և ես հասկացա, թե որքան խելամիտ է անվերապահորեն վստահել Եհովային (Փիլիպպեցիս 4։6, 7; Առակաց 3։5)։

Հաջորդ դատավարության ժամանակ ինձ դատապարտեցին ցմահ ազատազրկման։ Եհովայի վկաներին համարում էին «պետության թշնամիներ»։ Ինձ տարան Իցեդինի բանտը (Կանեայից դուրս) ու մենախուց գցեցին։ Իցեդինը նախկինում ամրոց է եղել։ Իմ խուցն ուղղակի վխտում էր առնետներով։ Ես ոտքից գլուխ փաթաթվում էի մի հին պատառոտված վերմակի մեջ, որպեսզի առնետները չկպնեին մարմնիս, երբ վազում էին վրայովս։ Շուտով հիվանդացա թոքերի բորբոքումով, և բժիշկն ասաց, որ պետք է արևի լույս շատ տեսնեմ։ Այդպիսով ես կարողացա բանտի բակում զրուցել բազմաթիվ բանտարկյալների հետ։ Սակայն վիճակս գնալով վատանում էր, և այն բանից հետո, երբ թոքերիցս սկսեց առատ արյուն հոսել, ինձ տարան Իրակլիոնի հիվանդանոցը։

Եվ նորից հոգևոր ընտանիքս հասավ ինձ օգնության (Կողոսացիս 4։11)։ Իրակլիոնում եղբայրներն ինձ կանոնավորաբար այցելում էին, քաջալերում ու մխիթարում։ Ես նրանց ասացի, որ Աստվածաշնչով հետաքրքրվող անհատներին վկայություն տալու համար ինձ գրականություն է անհրաժեշտ։ Նրանք կրկնակի հատակ ունեցող մի ճամպրուկ բերեցին, որտեղ ես ապահով կարող էի գրականություն թաքցնել։ Որքա՜ն երջանիկ եմ, որ այդ բանտերում մնալու ընթացքում վեց անհատների օգնեցի դառնալ ճշմարիտ քրիստոնյաներ։

Որոշ ժամանակ անց քաղաքացիական պատերազմն ավարտվեց, իսկ ցմահ բանտարկության դատավճիռը փոխարինվեց տասը տարվա ազատազրկմամբ, որի մնացած մասն անցկացրի Ռետիմնո, Յեդի Քուլ և Կասանդրա բանտերում։ Մոտ տասը տարի ութ բանտերում անցկացնելուց հետո ես ազատ արձակվեցի և վերադարձա Թեսաղոնիկե, որտեղ իմ սիրելի քրիստոնյա եղբայրները գրկաբաց ընդունեցին ինձ։

Ծաղկում եմ քրիստոնեական եղբայրության մեջ

Այն ժամանակներում Հունաստանում ապրող Վկաները երկրպագության հարցում հարաբերական ազատություն ունեին։ Ես անմիջապես շարունակեցի լիաժամ ծառայությունս։ Շուտով Եհովան ինձ մեկ ուրիշ կերպ օրհնեց. ես ծանոթացա Կատինայի՝ մի հավատարիմ քրիստոնյա քրոջ հետ, որը սիրում էր Եհովային և շատ ակտիվ էր քարոզչական գործում։ 1959 թ. հոկտեմբերին մենք ամուսնացանք։ Աղջկաս՝ Ագապիի լույս աշխարհ գալը և քրիստոնեական ընտանիք ունենալը ամոքեցին որբ ժամանակ ստացած վերքերս։ Ամենակարևորն այն է, որ մեր ընտանիքը գոհ էր՝ ծառայելով մեր սիրառատ երկնային Հոր՝ Եհովայի հզոր ձեռքի տակ (Սաղմոս 5։11)։

Հանգամանքների բերումով ստիպված էի դադարեցնել ռահվիրայական ծառայությունս, սակայն աջակցում էի կնոջս լիաժամ ծառայության մեջ։ Իմ քրիստոնեական կյանքում շատ կարևոր իրադարձություն էր 1969 թ. Եհովայի վկաների միջազգային համաժողովը, որը տեղի ունեցավ Նյուրնբերգում (Գերմանիա)։ Ես պատրաստվում էի մասնակցել այդ համաժողովին, ուստի դիմեցի տեղի իշխանություններին՝ անձնագիր ստանալու համար։ Երբ կինս գնացել էր ոստիկանատուն՝ հարցնելու, թե ինչու նրանք արդեն երկու ամիս է՝ չեն տալիս անձնագիրս, մի սպա իր դարակից մեծ կապոցով թղթեր էր հանել ու ասել. «Դուք ուզում եք, որ այս անհատը անձնագիր ստանա, որպեսզի Գերմանիայի բնակիչների՞ն էլ պրոզելիտ դարձնի։ Ո՛չ մի դեպքում։ Նա շատ վտանգավոր է»։

Սակայն երբ իմ դիմումը մի խումբ Վկաների դիմումների հետ միասին ներկայացվեց, ինձ անձնագիր տվեցին, ու ես կարողացա գնալ այդ հրաշալի համաժողովին, իհարկե, Եհովայի և եղբայրների շնորհիվ։ Ներկաների բարձրագույն թիվը կազմեց ավելի քան 150 000, և ես հստակ տեսա, որ Եհովայի սուրբ ոգին առաջնորդում ու միավորում է այս միջազգային հոգևոր ընտանիքը։ Հետագայում ես ավելի շատ էի գնահատելու քրիստոնեական եղբայրությունը։

1977 թ.–ին իմ սիրելի կինը՝ հավատարիմ ծառայակիցս, մահացավ։ Ես ձեռքիցս եկած ամեն բան արեցի, որպեսզի աղջկաս մեծացնեմ աստվածաշնչյան սկզբունքների համաձայն։ Բարեբախտաբար մենակ չէի։ Ինձ կրկին օգնության հասավ հոգևոր ընտանիքս։ Ես միշտ երախտապարտ կլինեմ եղբայրներին ու քույրերին այն բանի համար, որ այդ դժվար ժամանակներում ինձ աջակցել են։ Նրանցից ոմանք որոշ ժամանակով նույնիսկ տեղափոխվում էին մեր տուն՝ աղջկաս հոգ տանելու։ Երբեք չեմ մոռանա նրանց անձնազոհությունն ու սերը (Յովհաննէս 13։34, 35)։

Հետագայում Ագապին ամուսնացավ մի եղբոր՝ Էլիասի հետ։ Նրանք չորս որդի ունեն, և բոլորն էլ ճշմարտության մեջ են։ Վերջին տարիներին մի քանի անգամ կաթված եմ ստացել, և առողջությունս զգալիորեն վատացել է։ Աղջիկս իր ընտանիքի հետ միասին լավ հոգ է տանում իմ մասին։ Չնայած վատ առողջությանս՝ ես ուրախանալու դեռ շատ պատճառներ ունեմ։ Հիշում եմ այն ժամանակները, երբ ամբողջ Թեսաղոնիկեում մոտ հարյուր եղբայր կար, որոնք գաղտնի հավաքվում էին տներում։ Այժմ այդ շրջանում մոտ հինգ հազար եռանդուն Վկաներ կան (Եսայիա 60։22)։ Համաժողովների ժամանակ երիտասարդ եղբայրներ են ինձ մոտենում ու հարցնում. «Հիշո՞ւմ ես, որ պարբերագրեր էիր բերում մեր տուն»։ Թեև նրանց ծնողները գուցե չէին ընթերցում դրանք, սակայն երեխաները կարդացել ու հոգևորապես առաջադիմել էին։

Երբ տեսնում եմ, թե ինչպես է աճել Եհովայի կազմակերպությունը, զգում եմ, որ արժեր տոկալ բոլոր փորձություններին։ Թե՛ թոռներիս և թե՛ այլ երիտասարդների միշտ ասում եմ, որ երիտասարդության տարիներին հիշեն իրենց երկնային Հորը, և Նա երբեք չի լքի նրանց (Ժողովող 12։1)։ Եհովան իր խոսքի տերն եղավ՝ ինձ համար դառնալով «որբերի հայր» (Սաղմոս 68։5)։ Թեև կյանքիս արշալույսին ես մի լքված որբ էի, սակայն ի վերջո գտա սիրող Հայր։

[նկար 22–րդ էջի վրա]

Դրամայի բանտում խոհարար աշխատելիս

[նկար 23–րդ էջի վրա]

Կատինայի հետ մեր ամուսնության օրը՝ 1959 թ.

[նկար 23–րդ էջի վրա]

Համաժողով Թեսաղոնիկեի մոտ գտնվող անտառներից մեկում, 1960–​ականների վերջին

[նկար 24–րդ էջի վրա]

Մեր դստեր հետ 1967 թ.

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը