Նրանք պատրաստակամորեն տրամադրեցին իրենց
«ՔՈ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ... յօժար կամքով պատրաստ կ’լինի» (Սաղմոս 110։3)։ Այս խոսքերը հատուկ նշանակություն ունեին «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 118–րդ դասարանի 46 ուսանողների համար։ Ինչպե՞ս էին նրանք նախապատրաստվել այդ դպրոցին, որի շրջանավարտները միսիոներական ծառայություն են կատարում օտար երկրներում՝ բավարարելով մարդկանց հոգևոր կարիքները։ Ահա թե ինչ են ասում 118–րդ դասարանի ուսանողներ Մայքն ու Ստասին. «Մենք պարզ կյանք վարելու որոշում կայացրեցինք, որը նվազեցրեց մեր նշանակետից շեղվելու հավանականությունը և օգնեց ուշադրության կենտրոնում պահել հոգևորը։ Նաև վճռեցինք թույլ չտալ, որ բիզնեսի աշխարհում մեր ունեցած հաջողությունները ստվեր գցեն հոգևոր նպատակների վրա»։ Մայքի ու Ստասիի նման՝ այս դասարանի մյուս ուսանողները նույնպես պատրաստակամորեն իրենց տրամադրել են միսիոներական ծառայությանը և այժմ Թագավորության լուրը հռչակում են չորս մայրցամաքներում։
2005 թ. մարտի 12–ին՝ շաբաթ օրը, ավարտականին հավաքված 6 843 ունկնդիրները մեծ ուրախությամբ լսեցին ծրագիրը, որի նախագահողն էր Եհովայի վկաների կառավարիչ մարմնի անդամ Թեոդոր Յարաչը։ 28 տարբեր երկրներից եկած հյուրերին ջերմորեն ողջունելուց հետո նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, թե որքան արժեքավոր է աստվածաշնչյան կրթությունը։ Մեջբերելով ամերիկացի մանկավարժ Ուիլյամ Ֆելփսի խոսքերը՝ եղբայր Յարաչն ասաց. «Կրթված կարող է կոչվել այն մարդը, որը խոր գիտելիքներ ունի Աստվածաշնչից»։ Որքան էլ օգտակար լինի աշխարհիկ կրթությունը, աստվածաշնչայինը գերազանց է։ Այն օգնում է մարդկանց ձեռք բերել Աստծու մասին գիտությունը, որն առաջնորդում է հավիտենական կյանքի (Յովհաննէս 17։3)։ Եղբայր Յարաչը գովեց շրջանավարտներին այն բանի համար, որ նրանք պատրաստ են ավելի մեծ մասնակցություն ունենալ Աստվածաշնչի համաշխարհային կրթական գործում։ Այսօր այն կատարվում է աշխարհով մեկ՝ Եհովայի վկաների ավելի քան 98 000 ժողովներում։
Ժամանակահարմար քաջալերանք՝ շրջանավարտներին
Նախագահողի բացման խոսքերից հետո Ուիլյամ Սեմյուելսոնը ելույթ ունեցավ «Ինչպես կարող եք նմանվել կանաչած ձիթենու» թեմայով, որը հիմնված էր Սաղմոս 52։8–ի վրա։ Նա նշեց, որ Աստվածաշնչում ձիթենու ծառը պտղաբերության, գեղեցկության ու վեհության խորհրդանիշ է (Երեմիա 11։16)։ Ուսանողներին ձիթենու հետ համեմատելով՝ հռետորն ասաց. «Եհովան ձեզ գեղեցիկ ու վեհ կհամարի, եթե շարունակեք հավատարմորեն քարոզել Թագավորության մասին այն վայրերում, որտեղ կնշանակվեք որպես միսիոներներ»։ Ինչպես որ ձիթենին հզոր արմատների կարիք ունի երաշտին դիմանալու համար, այնպես էլ ուսանողները պետք է ամրացնեն իրենց հոգևոր արմատները, որպեսզի կարողանան դիմանալ անտարբերությանը, հակառակությանը և այլ փորձությունների, որոնց հնարավոր է բախվեն օտարերկյա ծառայության մեջ (Մատթէոս 13։21; Կողոսացիս 2։6, 7)։
Ծրագրի մասնակիցներից երեքը Կառավարիչ մարմնի անդամ էին։ Նրանցից մեկը՝ Ջոն Բարը, հանդես եկավ «Դուք երկրի աղն եք» ելույթով (Մատթէոս 5։13)։ Նա նշեց, որ ինչպես սովորական աղն է պահպանում սնունդը քայքայումից, այնպես էլ Աստծու Թագավորության մասին միսիոներների հաղորդած պատգամը կպահպանի այն անհատների կյանքը, ովքեր կլսեն այդ լուրը, և կպաշտպանի նրանց բարոյական ու հոգևոր քայքայումից։ Ապա եղբայր Բարը հայրական ջերմությամբ հորդորեց շրջանավարտներին ‘խաղաղություն անել’ ուրիշների հետ (Մարկոս 9։49)։ «Մշակեք ոգու պտուղը և ջանք թափեք միշտ խոսել և գործել բարյացակամորեն ու նրբանկատորեն»,— քաջալերեց հռետորը։
«Մնացեք նավի վրա՝ խորունկ ջրերում». այս թեման ներկայացրեց «Գաղաադի» ուսուցիչ Ուոլաս Լիվերանսը։ Ինչպես որ նավը կարող է խորունկ ջրերում շարժվել ճիշտ ուղղությամբ, այնպես էլ մարդը կարող է հոգևորապես առաջադիմել՝ հասկանալով «Աստուծոյ խորունկ բաներ[ը]» (ԱԱ)՝ ճշմարտությունները նրա նպատակների ու դրանց իրականացման մասին (Ա Կորնթացիս 2։10)։ Հոգևոր ջրերի «ծանծաղուտում» մնալը, այսինքն՝ «Աստուծոյ խօսքերի առաջին նշանագիրներ[ով]» բավարարվելը, խոչընդոտում է մեր առաջադիմությունը և կարող է նույնիսկ հանգեցնել ‘հավատի նավակոծության’ (Եբրայեցիս 5։12, 13; Ա Տիմոթէոս 1։19)։ Եղբայր Լիվերանսն իր ելույթը եզրափակեց հետևյալ խոսքերով. «Թող որ «Աստուծոյ մեծութեան եւ իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը» նեցուկ լինի ձեզ միսիոներական ծառայության մեջ» (Հռովմայեցիս 11։33)։
«Գաղաադի» մեկ ուրիշ ուսուցիչ Մարկ Նումարը ելույթ ունեցավ «Ձեր ժառանգությանը վայել կվարվե՞ք» թեմայով։ Ավելի քան 60 տարի առաջ հիմնված «Գաղաադ» դպրոցը փայլուն հեղինակություն է ձեռք բերել իր շրջանավարտների «դիզած» բարի վկայության շնորհիվ։ Այս ժառանգությունը փոխանցվել է 118–րդ դասարանի սաներին։ Եղբայր Նումարը քաջալերեց ուսանողներին ընդօրինակել Նեեմիայի օրերում ապրող թեկուացիներին և խոնարհաբար համագործակցել տեղի ժողովի, ինչպես նաև մյուս միսիոներների հետ։ Նա հորդորեց շրջանավարտներին խուսափել հպարտ ‘երևելիների’ մտայնությունից և իրենց ծառայությունը կատարելիս լինել համեստ ու մնալ ստվերում (Նէեմիա 3։5)։
Ուսանելի դեպքեր և հարցազրույցներ
Ծրագրի հաջորդ մասն ուներ «Աստուծոյ խօսքը աճում էր» խորագիրը (Գործք 6։7)։ «Գաղաադի» ուսուցիչ Լորենս Բոուենի նախաձեռնությամբ ուսանողները բեմականացրին հետաքրքիր դեպքեր քարոզչական ծառայությունից, որ տեղի էին ունեցել դասերի ընթացքում։ Այդ դեպքերը ցույց տվեցին, որ շրջանավարտները Աստծու Խոսքը հռչակել են եռանդորեն, և որ Եհովան առատորեն օրհնել է նրանց ջանքերը։
Ռիչարդ Աշը հարցազրույց անցկացրեց Բեթելի ընտանիքի այն անդամների հետ, որոնց աշխատանքը սերտորեն առնչվում է դպրոցի գործունեությանը։ Նրանց պատմածն օգնեց ավելի լավ պատկերացնել, թե ինչպես է Բեթելի ընտանիքն աջակցում «Գաղաադի» ուսանողներին, որպեսզի նրանք դասընթացներից քաղեն առավելագույն օգուտները։ Ապա Ջեֆրի Ջեքսոնը հարցազրույց անցկացրեց «Գաղաադի» նախկին շրջանավարտներից մի քանիսի հետ։ Վերջիններս խոսեցին Եհովային փառք և պատիվ բերելու այն բազմաթիվ հնարավորությունների մասին, որ ընձեռում է միսիոներական ծառայությունը։ Նրանցից մեկն ասաց. «Մարդիկ նկատում են միսիոների յուրաքանչյուր քայլը։ Նրանք լսում են, տեսնում են, հիշում են»։ Ուստի եղբայրը քաջալերեց ուսանողներին միշտ հիշել ամեն բանում լավ օրինակ թողնելու կարևորության մասին։ Այս ողջամիտ խորհուրդն, անշուշտ, օգտակար կլինի նրանց։
Կառավարիչ մարմնի անդամ Ստիվեն Լեթը ներկայացրեց եզրափակիչ ելույթը, որի վերնագիրն էր՝ «Առաջ ընթացեք՝ որպես ‘կենդանի ջրերը’ մատակարարողներ» (Յովհաննէս 7։38)։ Նա նշեց, որ վերջին հինգ ամիսների ընթացքում ուսանողները անսահման օգուտներ են քաղել՝ Աստծու Խոսքի ճշմարտության ջրերից առատորեն խմելով։ Սակայն նոր միսիոներները ինչպե՞ս կօգտագործեն իրենց ստացած գիտելիքները։ Եղբայր Լեթը խրախուսեց նրանց առատաձեռնորեն մյուսներին տալ այդ հոգևոր ջրերը, որպեսզի նրանք նույնպես իրենց մեջ «ջրի աղբիւր [ունենան], որ յաւիտենական կեանքի համար կ’բղխէ» (Յովհաննէս 4։14)։ Ապա հռետորն ասաց. «Երբեք մի մոռացեք փառք ու պատիվ տալ Եհովային՝ ‘կենաց ջրի աղբյուրին’, քանի որ նա արժանի է դրան։ Համբերատարություն ցույց տվեք այն մարդկանց ուսուցանելիս, ովքեր դուրս են գալիս Մեծ Բաբելոնի ծարավուտ երկրից» (Երեմիա 2։13)։ Ավարտելով իր ելույթը՝ եղբայր Լեթը քաջալերեց ուսանողներին մեծ եռանդով ընդօրինակել ‘ոգուն և հարսին’ ու ասել. «Եկ. եւ լսողն ասէ, Եկ. եւ նա որ ծարաւ է՝ թող գայ, եւ նա որ կամենում է՝ թող առնէ կեանքի ջուրը ձրի» (Յայտնութիւն 22։17)։
Ծրագրի վերջում եղբայր Յարաչը փոխանցեց տարբեր երկրներից ուղարկված բարևները։ Այնուհետև ուսանողներից մեկը կարդաց ավարտական դասարանի շնորհակալական նամակը։
Կարո՞ղ ես քեզ տրամադրել ծառայելու այնտեղ, ուր քարոզիչների կարիքը մեծ է։ Եթե այո, ապա հոգևոր նպատակներ դիր և ձգտիր հասնել դրանց, ինչպես որ «Գաղաադի» այս շրջանավարտները։ Վայելիր այն ուրախությունն ու բավականությունը, որ մարդը ստանում է, երբ պատրաստակամորեն տրամադրում է իրեն սուրբ ծառայությանը՝ անկախ այն բանից միսիոներ է օտար երկրում, թե քարոզիչ՝ իր բնակավայրում։
[շրջանակ 13–րդ էջի վրա]
ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ներկայացված երկրների թիվը՝ 8
Նշանակման երկրները՝ 19
Ուսանողների թիվը՝ 46
Միջին տարիքը՝ 33,0
Ճշմարտության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 16,5
Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 12,9
[նկար 15–րդ էջի վրա]
«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 118–րդ դասարանի շրջանավարտները
Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ.
1) Բրոքմայեր Ա., Մոլոնի Ս., Սիմոնդս Ն., Լոպես Յ., Հովարդ Ք., 2) Յաստրեբսկի Տ., Բրաուն Դ., Հերնանդես Հ., Մալագոն Ի., Ջոնս Ա., Քոնել Լ., 3) Հովարդ Ջ., Լարու Է., Շամս Բ., Հայես Ս., Բրաուն Օ., 4) Բարել Ջ., Համեր Մ., Մեյեր Ա., Կիմ Կ., Սթենլի Ռ., Ռեյնի Ռ., 5) Յաստրեբսկի Պ., Զիլավեց Կ., Ֆերիս Շ., Տորես Բ., Տորես Ֆ., 6) Քոնել Ջ., Հերնանդես Ռ., Մոլոնի Մ., Մալագոն Ջ., Շամս Ռ., Հայես Ջ., 7) Ֆերիս Ա., Համեր Ջ., Սթենլի Գ., Կիմ Չ., Սիմոնդս Ս., Լոպես Դ., Բարել Դ., 8) Բրոքմայեր Դ., Մեյեր Յ., Ռեյնի Շ., Զիլավեց Ս., Ջոնս Ռ., Լարու Ջ.։