Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 7/15 էջ 14–16
  • «Եհովայի ու Գեդեոնի սուրը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Եհովայի ու Գեդեոնի սուրը»
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Զգուշավոր գյուղացի՞, թե՞ «զօրաւոր կտրիճ»
  • «Թող Բահաղն իր իրաւունքը պաշտպանէ»
  • Մարտական գործողությունների նախապատրաստություն
  • Մարտավարություն
  • Դասեր մեզ համար
  • Գեդեոնը հաղթում է մադիանացիներին
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Գեդեոնն ու իր 300 ռազմիկները
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Երեցնե՛ր, սովորեք Գեդեոնից
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան մեր լավագույն Ընկերն է
    2014 Դիտարան
Ավելին
2005 Դիտարան
w05 7/15 էջ 14–16

«Եհովայի ու Գեդեոնի սուրը»

ՆՐԱՆՔ մորեխների պես անհամար են և արգավանդ դաշտերը անպտուղ են դարձնում։ Իսրայելում դատավորների կառավարման ժամանակներն են։ Ժողովուրդը հուսահատ վիճակում է։ Յոթ տարի շարունակ, հենց որ իսրայելացիների ցանած սերմը բուսնում է, մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի բնակիչները ուղտերով ներխուժում են երկիր։ Կողոպտիչների հոտերը, դաշտերով մեկ տարածվելով, խժռում են ամբողջ բուսականությունը։ Իսրայելացիները ո՛չ էշ ունեն, ո՛չ ցուլ, ո՛չ էլ ոչխար։ Մադիանացիների ահասարսուռ տիրապետությունն այնքան դաժան է, որ աղքատացած իսրայելացիները ստիպված են լեռներում փորել ստորերկրյա պահեստարաններ, քարայրներ և թաքնվել դժվարամատչելի վայրերում։

Ինչո՞ւ են նրանք այսպիսի դրության մեջ ընկել։ Հավատուրաց Իսրայելը կեղծ աստվածների է երկրպագում։ Այդ իսկ պատճառով Եհովան լքել է նրանց՝ անպաշտպան թողնելով թշնամիների առաջ։ Իսրայելի որդիները, այլևս չկարողանալով տանել թշնամական լուծը, Եհովային օգնության են կանչում։ Կլսի՞ արդյոք նա։ Ի՞նչ կարող ենք սովորել իսրայելացիների հետ տեղի ունեցած դեպքերից (Դատաւորաց 6։1–6)։

Զգուշավոր գյուղացի՞, թե՞ «զօրաւոր կտրիճ»

Իսրայելացիները սովորաբար ցորենը կալսում են եզան ու կամնասայլի միջոցով բաց տեղանքում, որպեսզի թեթև քամին կարողանա թեփը քշելով առանձնացնել հացահատիկը։ Բայց նրանք չեն կարող այդպես հացահատիկը կալսել, քանի որ ասպատակիչները հեշտությամբ կնկատեն։ Ուստի, մադիանացիների աչքից հեռու՝ Գեդեոնը ցորենը կալսում է հնձանում, որը, հավանաբար, իրենից ներկայացնում է ծածկ ունեցող, ժայռի մեջ փորված մի մեծ անոթ (Դատաւորաց 6։11, ԱԱ)։ Այդ անոթում հացահատիկը, ըստ երևույթին, կարելի է ծեծել փայտով, այն էլ փոքր քանակությամբ։ Տվյալ հանգամանքներում Գեդեոնն օգտվում է ձեռքի տակ եղած միջոցներից։

Պատկերացրու Գեդեոնի զարմանքը, երբ Եհովայի հրեշտակը հայտնվում է նրան ու ասում. «Ո՛վ զօրաւոր կտրիճ, Տէրը քեզի հետ է» (Դատաւորաց 6։12, ԱԱ)։ Գեդեոնը պիտի որ իրեն բոլորովին էլ կտրիճ չզգա՝ հնձանում թաքուն հացահատիկ կալսելով։ Սակայն հրեշտակի խոսքերը վկայում են, որ Աստված վստահ է՝ Գեդեոնը կարող է լինել Իսրայելի կտրիճ առաջնորդ։ Բայցևայնպես Գեդեոնը հավաստիացման կարիք է զգում։

Երբ Եհովան նրան ասում է՝ «ազատիր Իսրայելին Մադիանացիների ձեռքիցը», Գեդեոնը համեստորեն պատասխանում է. «Ոհ, Տեր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայելին, ահա իմ ազգատոհմը Մանասէի մեջ ամենից աղքատն է, եւ ես իմ հօր տան կրտսերն եմ»։ Զգուշավոր Գեդեոնը նշան է խնդրում, որ Աստված իր հետ կլինի մադիանացիներին ջարդելու մեջ։ Գեդեոնը հավաստիացման կարիք ունի, ուստի Եհովան վստահեցնում է նրան իր աջակցության մեջ։ Գեդեոնը հրեշտակին որպես նվեր ուտելիք է մատուցում. վեմից կրակ է դուրս գալիս և այրում նվիրաբերությունը։ Այն բանից հետո, երբ Եհովան Գեդեոնի սրտից վանում է վախը, վերջինս այդ վայրում զոհասեղան է շինում (Դատաւորաց 6։12–24)։

«Թող Բահաղն իր իրաւունքը պաշտպանէ»

Իսրայելացիների ամենամեծ խնդիրը ոչ թե հարստահարումն է մադիանացիների կողմից, այլ այն, որ նրանց սրտերը կապված են Բահաղին։ Եհովան «նախանձոտ Աստուած» է, ու ոչ ոք, միաժամանակ պաշտելով ուրիշ աստվածների, չի կարող ընդունելի ծառայություն մատուցել նրան (Ելից 34։14)։ Այդ պատճառով Եհովան պատվիրում է Գեդեոնին ոչնչացնել վերջինիս հոր ունեցած Բահաղի զոհասեղանը և կտրել Աստարովթը։ Վախենալով հոր և մյուսների արձագանքից՝ Գեդեոնը դա անում է ոչ թե ցերեկը, այլ գիշերը իր տասը ծառաների օգնությամբ։

Գեդեոնի զգուշավորությունը հիմնավոր է, որովհետև հայտնաբերելով նրա «սրբապղծությունը»՝ Բահաղի երկրպագուները պահանջում են նրա կյանքը։ Սակայն Գեդեոնի հայրը, անառարկելի փաստարկ բերելով, ասում է նրանց, որ եթե Բահաղը Աստված է, ապա նա պետք է ի վիճակի լիներ ինքն իրեն պաշտպանելու։ Հովասը դիպուկ կերպով իր որդուն անվանում է Հերոբաաղ, որը նշանակում է «թող Բահաղն իր իրաւունքը պաշտպանէ նորա դէմ» (Դատաւորաց 6։25–32)։

Աստված միշտ օրհնում է իր ծառաներին ճշմարիտ երկրպագությանը համարձակորեն թիկունք կանգնելու համար։ Երբ մադիանացիներն ու նրանց դաշնակիցները դարձյալ ներխուժում են իսրայելական տարածքներ, ‘Տիրոջ հոգին հանգչում է Գեդեոնի վրա’ (Դատաւորաց 6։34)։ Աստծու ոգու՝ գործուն ուժի շնորհիվ Գեդեոնը զորք է հավաքում Մանասեի, Ասերի, Զաբուղոնի և Նեփթաղիմի ցեղերից (Դատաւորաց 6։35)։

Մարտական գործողությունների նախապատրաստություն

Չնայած որ Գեդեոնն այժմ հավաքել է 32 000–անոց բանակ, նա Աստծուց նշան է խնդրում։ Եթե կալում բրդի վրա ցող նստի, իսկ գետինը չոր մնա, ապա դա կնշանակի, որ Աստված Գեդեոնի միջոցով կազատի Իսրայելին։ Եհովան այդ հրաշքը կատարում է։ Սակայն Գեդեոնը խնդրում է հրաշքը կրկնել, բայց հակառակ ձևով՝ բուրդը լինի չոր, իսկ գետինը՝ թաց։ Աստված կատարում է նրա այս խնդրանքը՝ դրանով հաստատելով, որ ինքը Գեդեոնի հետ է։ Արդյոք Գեդեոնը չափազանց զգուշությո՞ւն է դրսևորում։ Ըստ ամենայնի, ոչ, որովհետև Աստված բավարարում է նրա՝ ևս մեկ անգամ հավաստիացում ստանալու խնդրանքը (Դատաւորաց 6։36–40)։ Այսօր մենք չենք ակնկալում այդպիսի հրաշքներ։ Այնուհանդերձ, մենք Եհովայի առաջնորդությունն ու հավաստիացումները կարող ենք նրա Խոսքից ստանալ։

Այժմ Աստված ասում է, որ Գեդեոնի բանակը չափազանց մեծ է։ Եթե իսրայելացիները հաղթեն թշնամուն, ապա գուցե պարծենան, թե սեփական ուժերով են դա արել։ Բայց Եհովայի՛ն պետք է տրվի ապագա հաղթանակի պատիվը։ Ուստի ի՞նչ է հարկավոր անել։ Գեդեոնը պետք է կիրառի Մովսիսական օրենքում նշված մի կետ, համաձայն որի՝ վախկոտներին առաջարկվում է դուրս գալ զորքից։ 22 000 մարդ ետ է դառնում, և մնում է 10 000 հոգի (Բ Օրինաց 20։8; Դատաւորաց 7։2, 3)։

Բայց Աստծու տեսակետից՝ մարդկանց թիվը դեռևս չափազանց մեծ է։ Նա Գեդեոնին պատվիրում է նրանց իջեցնել ջրի մոտ։ Հրեա պատմաբան Հովսեպոսն ասում է, որ Աստված Գեդեոնին հրամայեց, որ զորքը գետի մոտ տանի օրվա շոգ ժամի։ Ինչևէ, Գեդեոնը դիտում է, թե մարդիկ ինչպես են ջուր խմում։ Նրանցից միայն 300 հոգի են մեկ ձեռքով ջուր վերցնում խմելու և այդ ընթացքում նայում շուրջ բոլորը, թե արդյոք թշնամի չկա։ Միայն այդ 300 աչալուրջները կգնան Գեդեոնի հետ (Դատաւորաց 7։4–8)։ Պատկերացրու քեզ նրանց տեղում։ Քանի որ թշնամու թիվը հասնում է 135 000–ի, դու, անշուշտ, կեզրակացնես, որ այդ բանակին կարելի է հաղթել միմիայն Եհովայի զորությամբ ու ոչ սեփական ուժով։

Աստված Գեդեոնին առաջարկում է իր հետ վերցնել մի ծառայի և հետախուզել մադիանացիների ճամբարը։ Այստեղ Գեդեոնը լսում է, թե ինչպես է մի մարդ իր տեսած երազը պատմում ընկերոջը, իսկ վերջինս համոզված մեկնաբանում է այն՝ ասելով, թե դա նշանակում է, որ Աստված որոշել է Մադիանին տալ Գեդեոնի ձեռքը։ Վերջինիս հենց դա է պետք լսել։ Այժմ Գեդեոնը համոզված է, որ Եհովան իրեն ու իր 300 մարտիկներին հաղթանակ կտա մադիանացիների նկատմամբ (Դատաւորաց 7։9–15)։

Մարտավարություն

300 ռազմիկները բաժանվում են երեք խմբի՝ յուրաքանչյուրում 100 հոգի։ Ամեն մարդու տրվում է մեկ փող և դատարկ սափոր։ Սափորներից յուրաքանչյուրում մեկ ջահ է դրվում։ Գեդեոնի առաջին հրամանը հետևյալն է. «Նայեք ինձ ու ինչպես որ ես կանեմ, այնպես էլ դուք արեք։ Երբ փողը հնչեցնեմ, դուք էլ հնչեցրեք ձեր փողերը և բղավեցեք. «Եհովայի ու Գեդեոնի սուրը»» (Դատաւորաց 7։16–18, 20)։

300 իսրայելացիները գաղտագողի մոտենում են թշնամու ճամբարի եզրին։ Մոտավորապես երեկոյան ժամը տասն է՝ հենց այն ժամանակ, երբ պահակները փոխվում են։ Թերևս սա հակառակորդին հարվածելու պատեհ ժամանակ է, որովհետև որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որ պահակների աչքերը հարմարվեն մթությանը։

Ինչպիսի՜ սարսափ է պատում այժմ մադիանացիներին։ Բոլորովին անսպասելիորեն անդորրը խախտվում է. 300 սափորները ջարդվում են, հնչեցվում են 300 փողերը և լսվում են 300 մարդկանց գոչյունները։ Այս ամենից ու հատկապես «Եհովայի ու Գեդեոնի սուրը» բացականչությունից շշմած՝ մադիանացիները նույնպես սկսում են բղավել՝ աղմուկն ավելի ուժգնացնելով։ Ստեղծված քաոսային իրավիճակում նրանք ի վիճակի չեն յուրայինին տարբերել հակառակորդից։ 300 մարտիկները կանգնած են մնում իրենց նշանակված տեղերում, մինչ Աստված այնպես է անում, որ թշնամու զինվորները սրով միմյանց սպանեն։ Բանակը խուճապահար փախուստի է դիմում, բայց փախչել հնարավոր չէ։ Իսրայելացիները, ոչ մի ջանք չխնայելով, հետապնդում են թշնամուն ու գլխովին ջախջախում նրան՝ վերջնականապես վերացնելով մադիանական սպառնալիքը։ Երկարատև ու կործանարար տիրապետությանը վերջ է տրվում (Դատաւորաց 7։19–25; 8։10–12, 28)։

Նույնիսկ այսպիսի հաղթանակից հետո Գեդեոնը շարունակում է համեստ լինել։ Նա մեղմորեն է խոսում եփրեմյանների հետ, երբ նրանք սկսում են վիճել նրա հետ՝ ըստ ամենայնի, իրենց վիրավորված զգալով, որ չեն հրավիրվել կռվին մասնակցելու։ Գեդեոնի մեղմ պատասխանը իջեցնում է եփրեմյանների զայրույթը և հանդարտեցնում նրանց սիրտը (Դատաւորաց 8։1–3; Առակաց 15։1)։

Այժմ, երբ խաղաղություն է հաստատվել, իսրայելացիները Գեդեոնին խրախուսում են դառնալ իրենց թագավորը։ Ինչպիսի՜ գայթակղություն։ Բայց Գեդեոնը մերժում է նրանց առաջարկը։ Նա չի մոռացել, թե ո՛վ հաղթանակ տարավ Մադիանի նկատմամբ։ «Ես ձեզ վերայ չ’եմ թագաւորիլ, ոչ էլ իմ որդին ձեզ վերայ կ’թագաւորէ,— հայտարարում է Գեդեոնը,— Եհովան թագաւորէ ձեզ վերայ» (Դատաւորաց 8։23)։

Սակայն անկատար լինելով՝ Գեդեոնը միշտ չէ, որ սթափ դատողություն է դրսևորում։ Ինչ–​որ անհայտ պատճառով նա ռազմական ավարից եփուդ է շինում և դնում իր քաղաքում։ Աստվածաշունչն ասում է, որ ամբողջ Իսրայելը ‘եփուդին հետևելով պոռնկանում է’։ Մարդիկ երկրպագում են եփուդին, և այն որոգայթ է դառնում նույնիսկ Գեդեոնի ու նրա տան համար։ Սակայն Գեդեոնը ամբողջապես չի դառնում կռապաշտ, քանի որ Գրություններում նա հիշատակվում է որպես Եհովայի հանդեպ հավատ դրսևորած անձնավորություն (Դատաւորաց 8։27; Եբրայեցիս 11։32–34)։

Դասեր մեզ համար

Գեդեոնի մասին պատմությունը պարունակում է և՛ նախազգուշացում, և՛ քաջալերանք։ Այս պատմությունից մենք հասկանում ենք, որ եթե համառորեն սխալ ճանապարհով գնանք, ու այդ պատճառով Եհովան իր ոգին ու օրհնությունը հեռացնի մեզանից, ապա մեր հոգևոր վիճակը կնմանվի մորեխների պատճառով աղքատության մեջ ընկած երկրի բնակիչների վիճակին։ Մենք ապրում ենք դժվար ժամանակներում ու երբեք չպետք է մոռանանք, որ Եհովայի «օրհնութիւնն է, որ հարստութիւն կու տայ ու [նա այդ օրհնության] հետ տրտմութիւն չի խառներ» (Առակաց 10։22, ԱԱ)։ Մենք վայելում ենք Աստծու օրհնությունները, որովհետև ծառայում ենք նրան «կատարեալ սրտով եւ յօժար կամքով»։ Եթե այդպես չանենք, նա կթողնի մեզ (Ա Մնացորդաց 28։9)։

Գեդեոնի մասին պատմությունը նաև քաջալերում է մեզ, որովհետև փաստում է, որ Եհովան կարող է իր ժողովրդին ազատել ցանկացած վտանգից, ու նա դա կարող է անել նույնիսկ թույլ կամ անօգնական թվացող անձնավորությունների միջոցով։ Այն, որ Գեդեոնն ու նրա 300 մարդիկ ի վիճակի եղան ջախջախելու 135 000–անոց մադիանական բանակը, վկայում է Աստծու անսահման զորության մասին։ Հնարավոր է մենք հայտնվենք անչափ ծանր կացության մեջ ու մեզ թվա, թե թշնամին թվով այնքան է գերազանցում մեզ, որ փրկության հույս չկա։ Սակայն Գեդեոնի մասին սուրբգրային պատմությունը խրախուսում է բոլորիս վստահել Եհովային, որը կօրհնի ու կազատի յուրաքանչյուր անհատի, ով հավատ կընծայի իրեն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը